Գրեթե երեք ամիս է, ինչ 17.am-ի թղթակից եմ ու մի օր չներկայացա ու չպատմեցի իմ մասին: Այսօր կփորձեմ:
Ես Լիլիթն եմ Լիճքից (հպարտ եմ, որ լիճքեցի եմ),16 տարեկան եմ: Նախ ասեմ, որ ֆուտբոլ չեմ սիրում և ոչ մի ֆուտբոլային ակումբի չեմ երկրպագում: Բնավորությամբ հանգիստ մարդ եմ, փորձում եմ ինձ հեռու պահել կռիվներից և անիմաստ վեճերից: Ավելի շատ նախընտրում եմ մասնակցել բանավեճերի և պաշտպանել իմ տեսակետը:
Շատախոս չեմ, բայց որ սկսեցի խոսել, ավելի լավ կլինի չասեմ` դե շատ-շատ, կխոսեմ:
Մեկ-մեկ, երբ սկսում եմ խոսել, ընկերներս ասում են. «Դե, հերիք է փիլիսոփայես»:
Դե չէի ասի, որ փիլիսոփա եմ, բայց դե անկեղծ և ճիշտ խոսքի կողմնակից եմ: Սիրում եմ անկեղծությունը և գնահատում եմ այդ արժեքը յուրաքանչյուր մարդու մոտ: Փորձում եմ լինել գոնե մինիմալ անկեղծ, ձգտելով մաքսիմալի…
Ֆիլմեր դիտում եմ, եթե իհարկե հեռուստացույցով մի լավ ֆիլմ ցույց տան: Ռոմանտիկայի սիրահար եմ, սիրով եմ կարդում ռոմանտիկ գրքեր, արկածային գրքեր նույնպես կարդում եմ: Սիրում եմ գաղտնիքներ և անսպասելի բացահայտվող արկածներ: Դա գուցե և չհամապատասխանեց իմ հանգիստ բնավորությանը, բայց դե…
Երաժշտություն լսում եմ, այստեղ էլ հատուկ երաժշտական խումբ չունեմ, ում կառանձնացնեմ: Լսում եմ այն, ինչ հավանում եմ և համապատասխանում է տրամադրությանս:
Ռոք երաժշտություն ընդհանրապես չեմ լսում, դե երևի` չի համապատասխանում իմ խառնվածքին:
Դեռ մանկուց որոշել էի դառնալ բժիշկ, բայց եկավ մի պահ, որ միտքս փոխեցի, ու այժմ կարծում եմ, որ կընտրեմ հենց լրագրողի մասնագիտությունը: Չեմ թաքցնի, որ դրան նպաստել է «Մանանա» թիմը:
Դե, առաջ Աստված… Ամեն դեպքում անում եմ ամեն ինչ՝ երազանքիս հասնելու համար:
Վայ, մոռացա ասել, մի բան կա` երկրպագում եմ, դա շոկոլադն է: Քաղցրավենիք շատ եմ սիրում: Դե, ինչ անեմ, ես էլ այդպիսին եմ: Տանել չեմ կարողանում թթու ճաշերը, որովհետև դրանք քաղցր չեն:
Դե, քաղցր բարևներ ձեզ, մի մասն էլ հետո կպատմեմ:
«17.am»-ի թղթակիցներով գնացել էինք մեր գյուղ` Լիճք, ֆոտոարշավի:
Ֆոտոարշավի ժամանակ հասցրեցինք մասնակցել լավաշ թխելու ավանդական արարողությանը: Ճիշտ է, այժմ այդ ավանդույթը, տարատեսակ փոփոխությունների է ենթարկվել, բայց միևնույն է, լավաշը մնացել է մեր կենցաղի անբաժան մասնիկը: Ափսոս, որ քչերն են հիմա թոնրով լավաշ թխում:
Հա, ո՞ւր էի հասել: Մի փոքր լավաշ համտեսեցինք և շարունակեցինք մեր արշավը: Հանդիպեցինք շատ անհոգ երեխաների, ովքեր ժպտալով թռչկոտում էին այս ու այն կողմ: Եվ միայն այդ քաղցր ժպիտները տեսնելն արդեն մեծ հանգստություն էր: Քանի որ մեր տունը գյուղի ծայրամասում է, ինձ համար գերագույն հաՃույք էր լինել գյուղամիջում: Այնտեղ այնքան հարազատ մարդկանց հանդիպեցի, որ ուրախությունս թաքցնել չէի կարողանում:
Այդպես ուրախ գրեթե մեկ ժամ շարունակեցինք մեր ճամփան: Ճանապարհին մի տատիկի հանդիպեցինք և որոշեցինք մոտենալ: Որքան փոքրանում էր մեր և տատի միջև եղած հեռավորությունը, այնքան նշմարելի էին դառնում նրա արցունքներով հեղեղված աչքերը: Տատիկն արտասվում էր` աչքերը հառած դեպի հեռուն… Ես մոտեցա տատիկին և հարցրեցի.
Հետո գնացինք մեր գյուղի գետի մոտ: Գետը դասվում է Սևան թափվող 29 գետերի ու գետակների շարքին: Մոտեցանք և մի փոքր գերանի վրայով առաջ գնացինք: Ջրի մեջ լողում էր սագերի մի խումբ: Այնքան հաճելի էր աշնան կեսին տեսնել կանաչ բնություն: Շատ ավելի հետաքրքիր դեպքեր էլ եղան, որոնց մասին դեռ կգրեմ:

