Գարիկ Եղիազարյանի բոլոր հրապարակումները

garik eghiazaryan

Գիշերը

Գիշերը մարդկանց բաժանում է երկու խմբի՝

1. Քնող և հանգստացող մարդիկ,

2. Զբոսնող և զվարճացող մարդիկ:

Ես պատկանում եմ առաջին խմբին, քանի որ ամբողջ օրը զբաղված եմ աշխատելով, սովորելով և երեկոյան այնպես եմ հոգնում, որ քայլելու կամ փողոցի գիշերային լապտերների ու ասֆալտին քսվող լռության համար ժամանակ չի մնում:

Գիտեք, ես ինչ եմ մտածում գիշերվա մասին: Գիշերը արծաթե տանիքով տուն է, ուր անվերջ երազներ են հյուսվում այս կամ այն մարդու համար: Հրաշալի է, չէ՞, ապրել մի կյանքով, որտեղ երազներ կան ամպերից կախ, փողոցում լապտերներ կան չմարող: Հետո հասկացա, որ գիշերը մարդկանց չի բաժանում խմբերի, ու թեև դուք ինձ նման քնում եք շատ շուտ ու չեք հասցնում նայել երկնքին, միևնույն է, դուք ապրելու եք գիշերը այնպես, ինչպես ապրում են չբացահայտված մոլորակների երազները:

Ոմանք էլ սիրում են անձրևը, որն իր հետ երկիր է բերում ծիածանի գույները: Բայց ես նախըտրում եմ անձրևը գիշերով, երբ կաթիլները երկինքն են բերում երկիր: Ամբողջ երկինքը կուտակվում է հոգումդ: Ինչո՞ւ չապրել այդ երկնքով, ինչո՞ւ չժպտալ, երբ շուրջդ աստղերի բույրով գիշերն է սփռված:

Հ.Գ. Շատ ռոմանտիկ ստացվեց…

garik eghiazaryan

Ես կարող եմ

Յոթ ամիս առաջ ես մասնակցեցի մի ծրագրի, որը ինձ շատ դուր եկավ: Այն հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ, հայտնվել նոր շրջապատում, որտեղ լսելի է քո ձայնը, ու դու այդ ամենի մասնիկն ես: Խոսքը Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մասին է: Չգիտեմ ինչու, ես անսպասելի դադարեցի համագործակցելը: Պատճառը երևի այն էր, որ գնացի արտերկիր: Ինչևէ: Ես երբեք որևէ բանից հետ չեմ կանգնել ու հիմա իմ առջև նպատակ եմ դրել, որ պետք է շարունակեմ:

Այն օրերին, երբ դասընթացներ էին անցկացվում Մարտունիում, մի դեպք տեղի ունեցավ: Երբ ես, Անուշի, Հեղինեի, ընկեր Սիսակի ու Լիլիթի հետ եկա մեր գյուղ՝ ֆոտո անելու, կորցրի իմ հեռախոսը: Դա դեռ ոչինչ, ճանապարհին մի պապիկ ինձնից ժամ է հարցնում, իսկ ես համոզված ասում եմ, թե տանն եմ թողել հեռախոսս ու չգիտեմ: Գալիս եմ տուն ու այնպես ջանասիրաբար որոնում հեռախոսս, որ մի քանի օր մայրս չէր կարողանում իմ քանդուքարափ արածը խելքի բերել: Իսկ հետո զանգեց ընկերս ու իրեն հատուկ ուրախ ձայնով ասաց, որ գտել է այն: Այդքանով վերջացավ այդ խառնաշփոթ օրը:

Հիմա հիշում եմ այդ ամենը, տեսնում իմ ընկերների հաջողությունները և պատրաստ եմ համարձակ ասել, որ կարող եմ դառնալ 17-ի թղթակից, որ կարող եմ բարձրաձայնելով առկա խնդիրների մասին լուծել դրանք: Չէ որ ես Գարիկն եմ: Ոչնչից չվախեցող և ընդունակ:

garik eghiazaryan

Իսկ ի՞նչ է հարկավոր նպատակին հասնելու համար

Հարցազրույց մայրիկիս` Հասմիկ Շահինյանի հետ:

-Մամ, ինձ կպատմե՞ս քո դպրոցական տարիների մասին:

-Ի՞նչ ես ուզում իմանալ, Գարիկ ջան, շատ սովորական դպրոցական տարիներ էին, ոչ մի առանձնահատուկ բան չի եղել իմ դպրոցական կյանքում: Բացի այդ, զբաղված եմ, չե՞ս տեսնում, դասերդ սովորի:

-Մամ, գիտեմ, որ դպրոցում լավ ես սովորել, ասա, ինչո՞ւ որոշեցիր դառնալ ուսուցչուհի: 

-Որովհետև ծնվել եմ ուսուցչի ընտանիքում, և փոքր ժամանակ շատ էինք ուսուցիչ-աշակերտ խաղում: Երբ բանասեր պապիկս տուն էր բերում իր աշակերտների տետրերն ու ստուգում, այդ աշխատանքը ինձ շատ էր գրավում: Պապիկիցս գաղտնի ստուգում էի, հետո կապույտ թանաքով ուղղումներ էի անում` ինչքան որ կարողանում էի: Երևի քիչ-քիչ ինձ նախապատրաստում էի այդ կոչմանը, երբ դեռ դրա լրջությունը չէի էլ պատկերացնում:

-Իսկ հիմա սիրո՞ւմ ես քո աշխատանքը, չե՞ս փոշմանել, որ ընտրել ես այդ մասնագիտությունը: 

-Շատ եմ սիրում թե իմ աշխատանքը, թե իմ սաներին: Չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչով կարող էի զբաղվել:

-Բա ինչո՞ւ ես երբեմն շատ հոգնած ու ջղային, նույնիսկ հետդ խոսել չի լինում:

-Որովհետև չեմ կարող անտարբեր լինել: Կարևորը, երբ դասարան եմ մտնում, արդեն հանգիստ ու հավասարակշռված եմ, աշխատում եմ չջղայնանալ:

-Բայց ի՞նչն է քեզ հունից հանում:

-Շատ բան: Օրինակ այն, որ չեմ կարողանում այդ չնչին աշխատավարձով արժանապատիվ կերպով պահել ձեզ` քեզ ու զինվոր որդուս:

-Բայց դու ու պապան ինձ ու իմ եղբորը շատ արժանապատիվ եք պահում: Համ էլ, մի անհանգստացիր, ես ու եղբայրս լավ աշխատանք կունենանք ու լավ կապրենք, արդեն մեծացել ենք, չէ՞:

-Իմ ուզածն էլ դա է, որ դու ու այս սերնդի երեխաները ապրեք գոհ ու երջանիկ, իսկապես ազատ ու հզոր երկրում, ծառայեք հայրենիքին ու երբեք չմտածեք օտար երկրում մի կտոր հաց վաստակելու մասին:

-Լավ, մամ ջան, ոնց ասես: Իսկ ուրիշ ի՞նչ ցանկություն ես ունեցել:

-Երբ փոքր էի, ամեն օր երազում էի պարաշյուտով թռնելու մասին: Այնքան շատ էի ուզում, որ ինձ պատկերացնում էի օդում սավառնելիս:

-Շատ հետաքրքիր ցանկություն ես ունեցել, ափսոս չես փորձել: 

-Հենց սեփական ինքնաթիռ ունեցար, անպայման կփորձեմ:

-Կունենամ, մի անհանգստացիր: Իսկ ինչ-որ բանի հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

-Դասերը կարգին սովորել: Գարիկ, դասերդ սովորե՞լ ես:

-Բարի գիշեր, մամ:

-Բարի գիշեր, ծույլիկս: