Մարիամ Տոնոյանի բոլոր հրապարակումները

mariam tonoyan

Ինչպե՞ս դառնալ լրագրող

Հը՛ն, հետաքրքրե՞ց: Արի՛ վերլուծենք: Սկսենք պարզագույնից` մայրիկին պատկերացնելով լրագրողի դերում:

Պատկերացնենք, որ բակի երեխաների հետ կռվի ես բռնվել, երեխաներից մեկը հրել ու գցել է քեզ, ու դու քերծել ես թևդ: Այժմ տուն գնանք: Մայրիկն իսկույն նկատեց վնասվածքը, քանի որ ուշադիր էր: Նշանակում է, որ լրագրողները պետք է ուշադիր լինեն: Ապա, ինչպես և միշտ, սկսեց հարցուփորձ անել, թե ինչու ես վնասվել: Դա էլ լրագրողի հարցազրույց վերցնելն է: Եթե հանկարծ փորձես կեղծել պատմությունը, մայրիկն իսկույն կնկատի, ու քո բառը կօգտագործվի քո դեմ: Նա կջանա ճշմարտությունը կորզել: Նշանակում է` լրագրողը վերլուծում է ասված ցանկացած բառ և հարկ եղած դեպքում կարող է այն օգտագործել այլ հարցեր պարզաբանելու համար: Ինչպես մայրիկը, լրագրողը ևս փորձում է հնարավորինս ճշգրիտ տեղեկություններ հավաքել: Ճշմարտությունը լսելուց հետո մայրիկը, գտնելով, որ դու մեղավոր ես կոնֆլիկտի առաջացման մեջ, կսկսի վերլուծել, ինչպես դա կաներ լրագրողը: Մայրիկը կորոշի պատժել քեզ, որպեսզի դու այլևս այդ սխալը չկրկնես: Մայրիկը «կքաշի քո ականջը»: Այո՜, լրագրողներն էլ են կարողանում «ականջ քաշել»: Մայրիկը քո արարքի մասին կպատմի հայրիկին, որը լրագրության մեջ հանրությունն է: Իսկ հայրիկը արարքը կգնահատի յուրովի:

Է՜հ, ի՞նչ արած, այսքանով գործը դեռ չի վերջանում: Երեկոյան սուրճի սեղանի շուրջ մայրիկը զրույցի է բռնվում հարևանների հետ ու պատմում եղելությունը: Բայց մայրիկը երբեմն չափազանցնում է, երբեմն՝ որոշ բաներ թաքցնում, երբեմն էլ պատմում այնպես, ինչպես կա՝ կախված իրավիճակից:
Օ՜հ, իսկ անխուսափելին այն է, որ ի վերջո այդ բոլոր մայրիկները՝ թե՛ քո մայրիկը, թե՛ հարևանները, սկսում են նոր հարցերի տեղատարափ, որից, անկասկած, բոլոր երեխաներն են փորձում խուսափել:
Ա՜յ, թե ինչպիսի լրագրողներ են մայրիկները:

mariam tonoyan

Այդ ամենը ե՞ս եմ ասել

Աչքեր, որոնք տեսել են թշվառություն ու ծանր կյանք, աչքեր, որոնք թրջվել են հաճախ բախտի անարդար խաղերին չկարողանալով դիմանալ, անկեղծ ու փայլուն մանկական աչքեր, որոնք դեռ փոքր տարիքից այնքան բան են տեսել և դեռ որքա՜ն հեռուներն են ունակ տեսնելու… Ու անաղարտ մի հոգի, որն Աստված գիտե, թե որքան դժվարություններ հաղթահարելով է հաշտվել այն պայմաններին, որ տրված է ի վերուստ:

Գիտակցելով իր ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, հոր` երկրից բացակայելու փաստը, նա օգնում է ընտանիքի հոգսն իր ուսերին առած մայրիկին, հոգ տանում երկու եղբայրների մասին և հաճախ նաև երազում: Անշուշտ, պատկերացումներում կյանքն այլ գույներ ունի: Այնտեղ կյանքի վիրավորանքները փոխարինվում են հիացմունքներով: Ասում են` պատահականությունները պատահական չեն: Որքա՜ն երջանիկ եմ, որ այդպիսի պատահականություններից մեկն ինձ ականատես դարձրեց այդ պատանու երազներին:

-Իսկ եթե հանկարծ ես քաղաքապետ դառնամ…,- դպրոցական նստարանի մի կողմում նստած` ցածրաձայն մենախոսում էր նա:

-Եթե թեկնածություն առաջադրեիր, ես կընտրեի քեզ,- փորձեցի բորբոքել խոսակցությունը:

-Իրո՞ք, ճի՞շտ ես ասում,- աչքերը լայն բաց արած` զարմանքով հարցրեց մի քանի անգամ:

-Ինչո՞ւ ոչ: Դե, ուրեմն, համոզիր ինձ: Պատկերացրու, որ նախընտրական խոստումներ պետք է տաս:
Տղան զգաստացավ, ուղղեց օձիքը, կարգավորեց ձայնը, որպեսզի ավելի հնչեղ դառնա և լրջախոհ հայացք ընդունելով սկսեց.

-Իմ նախընտրական նախագիծը հետևյալն է,- որոշ թղթեր շուռումուռ տալով և ամբողջովին կերպարի մեջ մտած` ասաց նա:

Կռահելով, որ հետաքրքիր է լինելու, միացրեցի ձայնագրիչս:

-Առաջին հերթին պետք է կանխել արտագաղթը մեր քաղաքից: Ո՞ւմ է պետք քաղաքապետը, երբ քաղաքում բնակիչներ չկան:

Տղան րոպեների ընթացքում կարծես անճանաչելի էր դարձել` ճարտարախոս և ինքնավստահ: Զարմացած հայացքս նկատելով ու մի կերպ ծիծաղը զսպելով`շարունակեց.

-Հետո թանգարանը կվերանորոգենք, Արցախյան պատերազմում զոհվածների համար հուշարձան կկառուցենք, որովհետև քաղաքում չկա: Լույսեր կքաշենք ծայրամասային փողոցներում, զբոսայգիները կկանաչապատենք: Ինչո՞ւ միայն զբոսայգիները, ամբողջ քաղաքն ունի կանաչապատման կարիք: Բացի այդ, բոլոր քաղաքացիների դիմումներին, բողոքներին ու առաջարկներին արձագանք կտանք, լուծումներ կգտնենք…

Ոգևորված երկար թվարկում էր, նույնիսկ իր վրա էր վերցնում այնպիսի գործեր, որոնք քաղաքապետի պարտականությունների մեջ չէր մտնում:

-Երևի այդ ժամանակ ես էլ մի քիչ փող կունենամ,- կատակի տալով խոսեց նա,- Բայց բացի քեզնից էլ ո՞վ պիտի ընտրի ինձ: Ես ոչ մի բնագավառից տարրական գիտելիքներ չունեմ, իմը միայն երազանքներն են: Նույնիսկ գրական ու ճիշտ խոսելն է ինձ համար դժվար:

-Մի՞թե,- ասացի ես ու միացրեցի ձայնագրությունը:

-Այս բոլորը ե՞ս եմ ասել,- զարմացած ու պսպղուն աչքերով նայեց ինձ:

Ընկղմվելով ցանկությունների հորձանքի մեջ` նա նույնիսկ չէր լսել` ինչ է ասում:

Երանի նպատակասլացությունը հաղթի երազկոտությանը, և ամեն մի երազող, կոտրելով իր դեմ ծառացած պատնեշները, ի վերջո հասնի իր անհաս թվացող նպատակին:

mariam tonoyan

Հեռահաղորդակցման կապանքները

Դուռը դեռ չբացած` գիտեի, թե ով, ինչ է անում։ Անկեղծ ասած՝ ձանձրանում էի: Իրար հաջորդող 45 րոպեների ընթացքում տարբեր բնագավառների դասախոսությունները խճճել էին մտքումս հյուսված վերլուծությունները։ Այդ ամենից հոգնած՝ մտածում էի՝ որքան հնարավոր է արագ ներս մտնել ու թեկուզ ձանձրանալ:

Ներսում առաջին հայացքից ամեն ինչ սովորական էր: Հայրս հեռուստացույցի առջև նստած, ուշադրությամբ լուրեր էր լսում` երբեմն մեկնաբանություններ անելով: Ցանկացա մոտենալ ու ասել, որ լավ գնահատական եմ ստացել տնօրենական գրավորից, բայց հետո փոշմանեցի` չխանգարեմ:
Եղբայրս համակարգչով ինչ-որ անհասկանալի խաղ էր խաղում ` երբեմն ուրախ բացականչելով:
Մայրս խոհանոցում էր: Թխվածք էր պատրաստում` հեռախոսով բաղադրատոմսը ճշտելով տատիկից․ «Դե լավ, թող խոսի, հետո կպատմեմ»,- մտածեցի ես: Քույրս երևի մեր սենյակում էր:
-Արա՜քս,- կանչեցի ես:
Պատասխան չկա: Փորձեցի մի անգամ էլ։ Լռություն: Շտապեցի սենյակ մտնել:
-Ինչո՞ւ չես պատասխանում,- հարցրեցի, երբ տեսա, որ հանգիստ նստած ինչ-որ բան է խզմզում թղթի վրա: Կրկին ձայն չի հանում: Ավելի մոտեցա: Հանկարծ, նկատելով ներկայությունս, ուշադրությամբ դեմքիս նայեց ու հանեց ականջակալներն ականջից:
-Ի՞նչ է:
-Ոչի՛նչ,- ջղային պատասխանեցի ու դուրս եկա սենյակից:
Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, ու արդեն սերիալները սկսվեցին: Բոլորը հավաքվեցին հյուրասենյակում, իսկ ես, քանի որ պետք է քննություններին պատրաստվեմ, ստիպված եմ կրկին առանձնանալ սենյակումս ու պատրաստել դասերս:

mariam tonoyan

Կարդալու քո՛ հերթն է․․․

Մի անգամ Սևանի ափին, ես և ընկերուհիս` Սոնյան, ավազներով նկարչություն էինք անում, երբ ձեռքիս կտրուկ շարժումից ավազահատիկները թռան Սոնյայի աչքերի մեջ: Նա երկու ձեռքով ամուր փակեց աչքերը, ապա զայրացած ինձ նայեց: Կռահելով նրա մտադրությունը՝ արագ ոտքի կանգնեցի ու բղավեցի.

-Թե կարո՞ղ ես, բռնի՛ր:

Սոնյան, ով արդեն պատրաստվել էր վազելու, ակնթարթորեն սլացավ հետևիցս: Ես վազում էի ամբողջ ուժով, պարբերաբար հետ նայելով, որպեսզի չափեի իմ ու Սոնյայի միջև եղած տարածությունը: Երբ ևս մեկ անգամ փորձեցի հետ նայել ու հաղթական խոսքերով զայրացնել ընկերուհուս, հանկարծ՝ ոտքս ինչ-որ բանի դիպավ ու վայր ընկա՝ ավազների մեջ: Սոնյան քրքջալով ինձ մոտեցավ, մեկնեց ձեռքը, այնինչ ես, ավազների մեջ ծունկի եկած, թափ էի տալիս ավազը մազերիս ու շորերիս վրայից: Հետ նայեցի ու նկատեցի, որ Սոնյայի ձեռքին ինչ-որ գիրք կար, որը տարակուսանքով դեսուդեն էր շրջում:
-Ի՞նչ է դա,- դժգոհ հարցրեցի ես:
-Այստեղ էր ընկած, սրա պատճառով ընկար,-բացատրեց նա:

-Տո՛ւր, տեսնեմ:

Դա մի տարօրինակ գիրք էր՝ լավ պահպանված կազմով, բայց ցիրուցան եղած ու պոկված էջերով: Կազմին նկարված էր կանաչավուն դեմքի երանգով վախենալու ինչ-որ արարած` սուր ժանիքները աղջկա պարանոցը խրած: Սկզբում սարսափեցինք, հետո սկսեցինք էջերը դասավորել հերթականությամբ: Ոչ մի էջ չի պակասում: Տեսնես ո՞ւմ է պատկանել գիրքը, ինչո՞ւ էին պատռել այն… Գիրքը ռուսերենով էր գրված, իսկ վերնագիրը` «Վամպիրներ»։ Վերադարձրի Սոնյային, թող կարդա:

Արդեն Գավառ էինք վերադարձել, երբ գիրքը ձեռքին Սոնյան մեր տուն եկավ:
-Հիմա կարդալու քո հերթն է: Տարօրինակ է…
-Չլինի՞ հավատացել ես,- ծիծաղեցի ես:
Գիրքն արդեն իձ մոտ էր մնալու: Սկսել էի կարդալ: Սկզբում ամեն ինչ սովորական էր թվում, հետո փոքր ինչ լարվածություն առաջացավ, երբ գրքում ամեն օր մարդիկ էին մահանում, երբ կարդում էի կարմիր աչքերով, գունատ ու արյունով սնվող մարդկանց մասին, որոնք, ինչպես պարզվեց՝ վամպիրներ էին:

Սոնյան չսխալվեց, ես չափազանց դյուրահավատ էի դարձել, կամ էլ հեղինակն էր դիպուկ շարադրել, քանի որ իրոք սարսափում էի որոշ հատվածներ կարդալիս կամ երբ սենյակս էի մտնում ու հայացքս դիպում էր այդ գորշ գրքի կազմին: Գիրքն ավարտելուց հետո վերջապես հանդիպեցի Սոնյային.
-Չէ՛, այնքան էլ վախենալու չէր: Ես ինչ-որ բան եմ պարզել: Կարդա հեղինակի անունը:
-Բ. Օլշեվրի:
-Մեր ժամանակը վատնեցինք հեքիաթ կարդալու վրա: Նայիր, թե ինչ է նշանակում նրա կեղծանունը. «Б»-ն բարոն բառի հապավումն է: Միացնե՞նք իրար: «Болшеври» ինչպես ռուսերենով կլիներ` «Больше ври» (շատ խաբիր) արտահայտության մեջ: Սա էլ քեզ ապացույց:

Իրատեսորեն մոտենալով հարցին՝ փորձեցինք ցրել ի հայտ եկած կասկածները: Բայց, այնուամենայնիվ, չենք հասկանում այն հեղինակներին, ովքեր իրենց գրքերում գրում են երևակայական կերպարներով ամփոփված՝ սարսափազդու դիպաշար: Ի վերջո, գիրքը պետք է ընթերցողին ինչ-որ բան սովորեցնի:

mariam tonoyan

Գավառի Հացառատ թաղամասում հայտնաբերված պատմական գանձերը

Այցելել էի պապիկիս ու, ինչպես սովորաբար, սկսեցինք ժամերով զրուցել: Նրա հետ միշտ ինչ-որ հետաքրքիր զրույցի եմ բռնվում:

-Պա՛պ, այսօր ի՞նչ կպատմես:

-Դե, ի՞նչ պատմեմ,- մի պահ լռեց պապս,- լսե՞լ ես, որ մեզ մոտ՝ Հացառատում, ուրարտական դամբարան են գտել:

-Իրո՞ք,- հետաքրքրվեցի ես,- ինչպե՞ս:

-Գերեզման փորելիս:

Հետաքրքրված սկսեցի հարցուփորձ անել: Պարզվեց, որ հայտնաբերվել են կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի կտորներ, երկաթյա զենքերի բեկորներ, մարդկանց ու կենդանիների ոսկորներ: Գտել էին հասուն տարիքի մարդկանց ոսկորներ, որոնցից չորսը, ինչպես պարզվեց, տղամարդկանց ոսկորներ էին: Թաղումը հավանաբար բարձրաշխարհիկ մարդու թաղում էր, քանի որ կային նաև ինքնակամ զոհաբերություններ:

-Պա՛պ, բա դամբարանը որքա՞ն հին է:

-Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, բայց ասում էին՝ գերեզմանատան
«Բերդի գլուխ» ամրոցի շերտի տարիքի է: Նշանակում է՝ բավականին երկար ժամանակ են ուրարտացիները բնակվել այստեղ:

-Հետաքրքիր է,- որոշեցի ես,- պեղումները շարունակվո՞ւմ են:

-Ասում են, թե մարտից էլի վերսկսելու են պեղումները: Գանգերն են փորձում վերականգնել, ափսոս, փշրված են:
Որքան հաճելի է լսել, որ քո բնակավայրից գտնվել է պատմական ու մշակութային նշանակություն ունեցող մեծ ժառանգություն:

mariam tonoyan

Հեռախոսազանգ

Հեռախոսի զանգը հնչեց: Գիտեի, որ ինչպես միշտ, լսափողի մոտ ինձ են կանչելու: Տաք վառարանի կողքից ծուլորեն վեր կացա և լսափողը մոտեցրի ականջիս: Զոհրաբն էր` դասընկերս: 

-Կգա՞ս մեր տուն, միասին քննության համար հանրահաշիվ կպարապենք,-հարցրեց նա:

-Չէ՜, ես չեմ գա: Դո՛ւ արի:

-Ես էլ չեմ գա: Գիտե՞ս, որ հիվանդ եմ: Չլինի՞ անցած անգամ աչքդ վախեցել է:

-Ըհը, գուշակեցիր: Էլի ոտքս սահելու է, ու ընկնեմ ձեր ձորի փշոտ չիչխանի ծառերի մեջ:

Սկսեց ծիծաղել: Կծիծաղի, բա ո՞նց: Նրանց տունը գտնվում է մի հսկա բլրի վրա, որտեղից երևում է ամբողջ Գավառ քաղաքը, բայց… Ախ, այդ չարաբաստիկ «բայցը»: Բայց ճանապարհը շատ խորդուբորդ է ու դժվարանցանելի, հատկապես գարնանը, երբ ձյունը հալվում է, ամբողջ ճանապարհը ցեխի մեջ կորչում է, ու ջրափոսեր են առաջանում: Իսկ ձմռանը սառցակալում է, ու վեր բարձրանալը դառնում է անհնար: Որքան էլ ճիգեր ես գործադրում, պարզվում է, որ սահում ու նույն տեղում ես մնում: Իսկ սարսափելին էլ այն է, որ նեղ ճանապարհի մի կողմում՝ չիչխանի ծառերից այն կողմ, խորն ու վտանգավոր ձոր է:

-Բա ճանապարհը չե՞ն վերանորոգելու,- տրտնջացի ես:

-Որ մտադրություն լիներ, հիմա արդեն վաղուց վերանորոգած կլինեին,- դառնությամբ պատասխանեց Զոհրաբը:

Ինչ արած, Գավառի ծայրամասային համարյա բոլոր փողոցների ճանապարները խարխլված են:

-Է՜հ, բայց ի՞նչ կարող ենք անել: Գոնե ասֆալտապատեին, որ սեպտեմբերին դպրոց գնալիս, սպիտակ շորերը չփոշոտվեին: Երբ հանկարծ մեքենա է անցնում, փոշու ամպ է բարձրանում:

-Ես ցանկապատ էլ կկառուցեի,- ծիծաղեցի ես: -Գուցե դիմենք քաղաքապետի՞ն:

-Մի խումբ աշակերտների ձայնը երբեք լսելի չի դառնա: Ինչպես էլ մտածում եմ, հանգում եմ այն մտքին, որ հարստանալ է պետք:

-Այդ մե՞ր ձայնը լսելի չի դառնա: Դու միայն սպասիր…

mariam tonoyan

Մի քիչ յոդ

-Կուզեի խելագարվել,- անսպասելի հայտարարեց դասընկերուհիս տունդարձի ճանապարհին:

-Խելագարվե՞լ, ինչի՞ց,- հարցրեց մեզնից ամենաչարաճճին` Լիլիթը:

-Հը՜մ, ինչից մարդիկ սովորաբար խելագարվում են:

-Նախօրոք պարզիր, թե ինչից են մարդիկ խելագարվում,- հանդիսավոր առոգանությամբ ավարտեց Լիլիթը:

Խոսակցության ամբողջ ընթացքում լուռ էի, մտածում էի, թե ինչ թեմայով կարելի է նյութ գրել: Հանկարծ փորձեցի մտաբերել ինչ-որ տեղ կարդացած լրագրողների մասին տողեր,  թե BBC-ի լրագրողներց մեկը «կարող էր 500 մետր տարածության վրա ավելի շատ հետաքրքիր նյութ գտնել, քան որևէ այլ լրագրող: Կարելի է հայտնել փողոցի աղբի, կանգառների, խցանումների, նոր մեքենաների քանակի, մարդկանց, որոնք ծխում են սրճարաններում, որովհետև նրանց արգելել են ծխել աշխատանքի վայրում, նոր խանութների բացման կամ փակման, անօթևանների, շինարարությունների և շատ ու շատ այլ բաների մասին»: Իսկ մեկ այլ լրագրող գտնում էր, որ պետք է այնքան հետաքրքրասեր լինել, որ «սպիտակ պատ տեսնելով՝ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է այն սպիտակ»: Այո՜, կարծես թե կարելի է պարզել, թե ինչ են մտածում մարդիկ խելագարության մասին, հարցնել, թե իրենց կարծիքով, ինչը կարող է խելագարության հասցնել: Որոշեցինք հարցնել հասակակիցներին ու փողոցի անցորդներին: Այսպիսով, երիտասարդ անցորդների մեծամասնությունը անվարան պատասխանում էր, որ խելագարվել կարելի է սիրուց, երբ սերն անհաջող է: Մի մասն ասում էր, որ խելագարվում են մոտ ընկերոջ դավաճանությունից կամ որևէ մեծ կորստից: Ավելի տարեցները կարծում էին, որ խելագարության կարող է հասցնել մենակությունը կամ անհամատեղելի, մոլորված մտքերի անհաշտ պայքարը: Գտնվեցին նաև այնպիսինները, ովքեր պնդում էին, թե նրանց ոչինչ խելագարության չի բերի:

Չնայած ցուրտ եղանակին, դասընկերներս հետաքրքրությամբ հետևում էին ինձ, արտահայտում սեփական տեսակետները, մեկ-մեկ էլ բանավիճում: Մարդկանց կարծիքները միանշանակ տարբեր էին, իսկ թե ես ինչից կարող էի խելագարվել, դեռ դժվարանում եմ պատասխանել: Երբ պատկերացնում ես դժվար, անհաղթահարելի իրավիճակ և քեզ` գլխավոր տառապյալի դերում, դժվար է որևէ եզրակացություն անել: Այնուամենայնիվ, գիտե՞ք, թե ինչն է խանգարում մեզ դառնալու խելագար: Աննշան մի բան. յոդի մի փոքրիկ քանակությունը մեր վահանաձև գեղձում: Եթե որևէ վիրաբույժ բաց աներ մեր վահանաձև գեղձը և այնտեղից հեռացներ մի քիչ յոդ, մենք կվերափոխվեինք խելագարի: Մի քիչ յոդ, որը կարելի է գնել երկու հարյուր դրամով` դեղատնից: Ահա այն ամենը, ինչ գտնվում է մեր և խելագարության միջև:

mariam tonoyan

Օգտակար զրույց

-Ներս արի՛, ցուրտ է,- ասաց մայրս՝ դուրս գալով պատշգամբ:

-Մա՛մ, պատահաբար չգիտե՞ս, թե ինչ ախտորոշում են տալիս այն մարդուն, ով չի մրսում, չնայած պետք է մրսի:

-Սկսեցիր դատարկաբանե՞լ:

-Այ, օրինակ, երբ մենակ եմ կամ ինչ-որ բանի մասին եմ երկար մտածում, դրսում ես երբեք չեմ մրսում: Իմ ախտորոշմամբ, սա երևի անզգայացում է, ինչը որքան տհաճ, նույնքան էլ հաճելի է: Իսկ երբ դու իմ տարիքում էիր, քեզ հետ նման բան պատահե՞լ է:

-Ես քեզ պես երազկոտ ու ճարտարախոս չեմ եղել: Ոչ էլ՝ ժամերով, ձմեռվա կեսին բնության հրաշքիդ` մայրամուտին սպասել: Իսկ դու ցրտից ես անզգայացել: Ներս անցի՛ր,- ասաց մայրս, այժմ՝ խիստ ձայնով:

Ստիպված էի տեղի տալ:

-Գիտեմ, թե ինչու ես խիստ մեզ հետ: Դաստիարակման մեթոդ է, չէ՞,- չարաճճի ժպիտով շարունակեցի ես, երբ արդեն նստած էի տաք վառարանի կողքին ու վայելում էի նրանից դուրս թռչող հրե լեզվակների վառվռուն կարմիրները։

-Հը՞, մա՛մ, լռո՞ւմ ես:

-Իսկ ի՞նչ է, մարդուն մտածելու համար ժամանակ պետք չէ՞:

Լռեցի ու հոնքերս կիտած սկսեցի փորձել մտածել ինչ-որ բանի մասին:

-Երազանք ունենալը կարևո՞ր է,-քիչ անց սկսեցի ես:

-Երազանքը կարևոր է, երբ իրատեսական է, երբ պահանջում է աշխատասիրություն, այլ ոչ թե դատարկ անուրջներ: Եթե նստես ու երկար երազես, դրանից ոչինչ դուրս չի գա: Ավելի ճիշտ է՝ քայլեր մշակել երազանքին հասնելու համար: Ենթադրենք, ես ուզում եմ աշխատանք ունենալ որևէ ձեռնարկությունում: Եթե ես շարունակ երազեմ, արդյունքում ինձ միայն երազներ կմնան, իսկ եթե տեղեկություններ հավաքեմ ձեռնարկության մասին, փորձեմ հարմարվել աշխատանքային կանոններին, դիմեմ ձեռնարկատիրոջը աշխատանքի ընդունման համար՝ արդյունքն ակնհայտ կլինի:

-Ճիշտ է, գիտե՞ս, Էյնշտեյնը դպրոցում շատ վատ էր սովորում, բայց իր աշխատասիրության արդյունքում դարձավ հայտնի ֆիզիկոս:

-Նման մարդիկ շատ են: Աճպարար Թյորսթոնը, ով ոչ մի մոգական գիրք չէր ընթերցել, երկար տարիներ համարվում էր լավագույն աճպարարը: Աբրահամ Լինկոլնը, ով ուսում չէր ստացել, աշխատում էր նպարեղենի խանութում ու շատ աղքատ էր, մի օր 50 ցենտով գնված տակառի միջից գտնում է իրավաբանական գրքեր, դրանք ուսումնասիրելով, Սպիտակ տուն հասնում:

-Այդ դեպքում՝ դեռ հույս կա,- փայլող աչքերով հայտարարեցի ես:

-Գերմանիայում սովորելու մասի՞ն ես ակնարկում:

Գլխահակ սկսեցի մտածել: Փաստորեն երազանքիս հասնելու համար ոչ մի արգելք խոչընդոտ չի դառնա. ո՛չ ֆինանսական վիճակը, ո՛չ մարդիկ, ո՛չ կարծրատիպերը… Սակայն դեռ պետք է աշխատեմ վերացնել երազկոտությունս, իսկ հետո միայն մտածեմ այն բոլոր քայլերի մասին, որոնք հնարավոր կդարձնեն Գերմանիա հասնելու երազանքս:

mariam tonoyan

Իմ Հայաստանը մայրաքաղաքից դուրս է

-Գարնանը Հայաստան եմ գալու,- անսպասելի հաղորդագրություն ստացա գերմանացի վիրտուալ ընկերոջիցս:

-Ի՞նչ ես կորցրել Հայաստանում,- փորձեցի հետաքրքրվել:

-Ինձ շատ է հետաքրքրում ձեր երկրի մշակույթը, լեզուն, մարդիկ, այն ամենը, ինչը կապված է Հայաստանի հետ: Այս տարի որոշեցինք փոքրիկ էքսկուրսիա կազմակերպել ընտանիքիս հետ:

«Փոքրի՜կ»,-մտածեցի անմիջապես:

-Իսկ ի՞նչ գիտես Հայաստանի մասին:

-Միայն պատմությունը, բայց ոչ մանրամասնորեն:

«Տարօրինակ է, Հայաստանի ամեն ինչը նրան հետաքրքրում է, բայց երբևէ չի փորձել տեղեկություններ հավաքել»,-մտածեցի ես։

Օգնության առաջարկս սիրով ընդունեց։ Սկսեցի ուղարկել փոքրիկ տեղեկություններ մշակույթի, ժողովրդի, տեսարժան վայրերի, հայկական ավանդույթների ու սովորույթների մասին: Բռնկուն հետաքրքրասիրություն նկատեցի երիտասարդ գերմանացու մեջ, երբ սկսեց հարցեր տալ ու պատասխանները տրամաբանորեն ինքնուրույն փնտրել: Բավական ժամանակ էր անցել մեր վերջին զրույցից, երբ ստացա հերթական հաղորդագրությունը.

-Ես գիտեմ, թե որքան հայրենասեր ես: Այժմ ցույց տուր ինձ քո Հայաստանը` հայրենասերի աչքերով:

Առաջարկը շփոթեցրեց ինձ: Ես կարծում էի, որ այնքան էլ հայրենասեր չեմ, բայց Հայաստանի մասին ճիշտ պատկերացումներ ստեղծելու համար, որոշեցի խնդրին նայել հայրենասերի տեսանկյունից:

-Գիտե՞ս, ես երկար ժամանակ է, ինչ կարծում եմ, որ իմ իրական Հայաստանը Երևանից դուրս է: Այո՛, չեմ ժխտի, որ Հայաստանս թերի կլինի առանց Մատենադարանի, Ծիծեռնակաբերդի, Պատմության թանգարանի կամ մեր երկրի բազմամյա պատմությունը փաստող այլ հաստատությունների և երևանյան այլ հրաշալի վայրերի, բայց իրական Հայստանը գյուղերի ինքնաշեն դռների ու պատերի մեջ է, հյուրասեր ու անշահախնդիր մարդկանց տներում։ Երևանում մարդիկ մի փոքր այլ են` սառը և անտարբեր անծանոթների հանդեպ, ինչպես եվրոպական շատ երկրներում: Բացի այդ՝ շատ են ճնշող, բարձրահարկ նորակառույց շենքերը, որոնք չունեն պատմություն և նման են աշխարհի այլ քաղաքների շենքերին: Իսկ գյուղերում ավանդականը պահպանված է:

Որոշեցի այս կապակցությամբ ուղարկել Ռոբերտո Կել Տորեսի «Հայաստան» երգը, մի քանի հին հայկական ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Խոշոր շահումը», «Տերն ու ծառան», «01-99»-ը և այլ ֆիլմեր` Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ:

Ֆիլմերը ծառայեցին իրենց նպատակին։ Գերմանացի Շվայդերը ծանոթացավ իրական Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, իսկ ես գտա իմ մեջ թաքնված հայրենասիրությունը:

mariam tonoyan

Մի փունջ խնդիրներ

-Փող չկա, մանդր-մունդրից բացի բան չեմ առե: Ճժերին էլ հլը նվեր չեմ առե, հլը տենանք իմալ ա հլնում…

- Ես էլ որ խանութ մտնում եմ, ինչ առնում եմ, ասում եմ մեշու էժան գնով տվեք: Ի՞նչ անենք… Ո՛չ աշխատանք կա ստե, ո՛չ փող: Ռուսաստանից էլ մարդուս աշխատավարձը չեն ճամփում, որ գոնե Նոր տարի անենք:

Նախատոնական օրերին Գավառի խանութներում ամանորյա գնումներ կատարելիս կարելի էր հանդիպել նմանատիպ հարյուրավոր խոսակցությունների: Ամենուր խոսակցությունների թեման ընտանեկան բյուջեի ճեղքվածքն էր` արտահայտված նյարդային միմիկաներով ու բուռն լարվածությամբ: Ըստ երևույթին, բոլորիս ծանոթ և ցավալի երևույթ է, երբ երեխան Ձմեռ պապիկից խնդրում է այնպիսի արժեքավոր նվերներ, ինչպիսիք գնելը ծնողի համար գրեթե անհնար է դառնում` գումարի սակավության պատճառով: Ինչո՞ւ գումար չկա: Որովհետև մարդկանց մեծամասնությունը աշխատանք չունի տարբեր հասկանալի պատճառներով: Որոշ զանգված զոհաբերում է ընտանիքը` ընտանիքի հոր արտագնա աշխատանքի պատճառով: Դա դիտարկենք որպես առաջին խնդիր:

Հաջորդիվ կարելի է նշել ապրանքների բարձր գները, որոնք հատկապես բարձրանում են Ամանորը «դիմավորելու» նպատակով: Ինչո՞ւ է, որ Գերմանիայում Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ապրանքների գները հասնում են նվազագույնին և առավելագույնս յուրացվում, իսկ Հայաստանում այն ունի հակառակ պատկերը` ապրանքների գները բարձր են, իսկ սպառումները` քիչ: Դա երկրորդ խնդիրն է:

Աշխարհագրության դասերին աշակերտները սովորում են, որ ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանը «զարգացող» է: Այս դեպքում չակերտները համարում եմ տեղին, քանի որ ամեն տարի նույն համայնքային խնդիրները տեսնելով և ամբողջ հանրապետության շրջանակներում դժգոհություններ լսելով, կարելի է կարծել, որ մենք ոչ թե զարգացող, այլ տեղում դոփող երկրում ենք ապրում: Համարելով սա պետության կողմից լուծվող խնդիր, երրորդ խնդիրը թողնենք պետությանը և զինվենք համբերությամբ, մինչև…

Բայց չէ՞ որ մեր պետությունը ժողովրդավարական է: Իսկ ինչպե՞ս են սովորաբար լուծվում հասարակական խնդիրները ժողովրդավարական պետությունում. ժողովրդի կողմից շահերի պաշտպանության միջոցով: Իսկ ո՞ւր է մեր ակտիվ հասարակության զգալի հատվածը: Չհամարե՞նք սա չորրորդ խնդիր:

Հարգելի՛ ընթերցող, թեպետ մենք բոլորս էլ ունենք այլ խնդիրներ, որոնք առավել կարևոր ենք համարում, բայցևայնպես, եկեք մի քանի րոպե տրամադրենք հասարակական խնդիրների մասին մտածելուն և դրանց արդարացի լուծման համար պլանների մշակմանը: Չէ՞ որ վաղվա հասարակությունը մենք ենք: