
Լուսանկարը` Եվա Խեչոյանի
Ողջույն: Դուք Հրազդանի ոչ այնքան հայտնի Երևանյան 11 փողոցում եք: Այս փողոցի վրա է գտնվում Կոտայքի մարզային գրադարանի շենքը: Այստեղ՝ մի հարկի տակ, ապրում են տիկնիկային թատրոնն ու գրադարանը: Կուլիսների հետևում գրադարանավարներն են: Նրանք զրուցում են իրենց տիկնիկի հետ, զարդարում նրան, հարդարում մազերը: Քիչ հետո կսկսվի ներկայացումը:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի
-Երեխաների համար բովանդակալից ժամանց կազմակերպելու և գրքի հանդեպ հետաքրքրություն շարժելու նպատակով որոշեցինք տիկնիկային թատրոն հիմնել գրադարանում: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆինանսավորման շնորհիվ իրականություն դարձավ մեր այս նախաձեռնությունը՝ բավականին յուրօրինակ, նույնիսկ անսպասելի գրադարանի համար,-պատմում է գրադարանի տնօրենը:
Սկսվում է ներկայացումը, առաջին տիկնիկի հայտնվելու հետ երեխաների դեմքին հիացմունք ու ժպիտ է առաջանում, ու չնայած որ ես պատանի լրագրողի դատող հայացքով եմ հետևում այս ամենին, նույնպես անկախ ինձնից ժպտում եմ: Բեմադրվում է բելգիացի գրող Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչունը» պիեսը: Հեքիաթային երաժշտությունն ու գույները կախարդում են…
Ներկայացումն ավարտվում է… Ժպիտներ, ժպիտներ… Ահա և օրվա հերոսները (գրադարանավարները, ովքեր այս րոպեների ընթացքում դերասաններ էին): Նրանք խոստովանում են, որ հուզմունքին չափ չկար, ուղղակի բեմադրությունից առաջ ընդունած սրտի հաբերին հաջողվեց ծածկել այն:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի
-Ներկայացումն արդեն հասցրել են դիտել ոչ միայն Հրազդանից, այլև մարզի տարբեր համայնքներից հյուր եկած փոքրիկները: Առաջիկայում ծրագրել ենք անդրադառնալ նաև հայ գրողների ստեղծագործություններին,- ասում է գրադարանի տնօրենը:
Կոտայքցիներ, կապույտ թռչունը ձեզ է սպասում…




Բարև՛, խոսելու ժամանակ չկա, արագ հետևիր ինձ, տարածքը գնդակոծվում է… Տների կողքով մի քայլիր, հարվածը տների վրա է ուղղված: Ահա, գրեթե հասանք… Տեսնո՞ւմ ես երկհարկանի տունը… Չէ՛, իհարկե տուն չենք մտնում, այլ իջնում ենք տան նկուղը: Դե արագ, արագ, իջիր… Նկուղում ենք… Տեսնո՞ւմ ես այն հաղթանդամ տղամարդուն՝ Սարգիս պապն է, նրա կողքին՝ Նազան տատը, որդին՝ Վրեժը, Վրեժի կինը՝ Արևիկը, նրանց զավակները՝ Վարդանն ու Ռուզաննան… Սպասում են… Օր ու գիշեր սպասում են, թե երբ է Ճամբարակից ուղարկված ավտոբուսին վերջապես հաջողվելու հաղթահարել գնդակոծվող գոտին ու նրանց անվտանգ վայր տեղափոխելու: Հանկարծ մեր գլխավերևում պայթյուն է լսվում: Բացվում է նկուղի դուռը, և մի երիտասարդ բղավում է.



