Եվա Խեչոյանի բոլոր հրապարակումները

Այգեձորյան օրագիր. մաս 3

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Այգեձորն իր գերբնական գեղեցկության ու բերքառատության հետ մեկտեղ ունի խնդիրներ, որոնք տարիներ շարունակ անլուծելի են մնացել: 1970-ական թվականներին Այգեձորում հիմնադրվել է թատրոնի շենք, որը Սովետական Միության փլուզումից հետո կորցրել է իր երբեմնի շքեղությունն ու այժմ շունչ է առնում առիթից առիթ: Թատրոնի շենքն իր առաջ լայն հնարավորություններ ունի, բայց բավականին անմխիթար վիճակում է: Ներս մտնելուն պես նկատեցի մի կնոջ, ով ավլում էր դահլիճը:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

-Էհ, էն ա մաքրըմ եմ դահլիճը, վեր վաղը մարդիկ դեն կյալ Երևանիցը, տենան վիճակը վենց ա, միջոցներ տրամադրեն՝ վերանորոգենք:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Այգեձորը չունի իր սեփական թատերական խումբը: Թատերական ներկայացումները կամ այլ միջոցառումները կազմակերպվում են Երևանից կամ այլ քաղաքներից այցելող թատերախմբերի կողմից:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

-Էն ա Երևանիցը կյալիս են, աֆիշնին խփում դռանը, մերոնք ալ կյալիս էն, վեր նայեն: Էհ… Չիդեմ, բալա ջան… Չիդեմ:

Հուսով եմ՝ մի օր թատրոնի հսկայական շենքը կվերածնվի՝ նոր շունչ հաղորդելով գյուղին:

Այգեձորյան օրագիր (մաս 2)

Այգեձորյան տների գեղեցկությունը մանրուքների մեջ է: Տան անդամներից յուրաքանչյուրը գիտի իր իրերի գտնվելու տեղը, ու այս խիստ դասավորվածությունը տանը յուրահատուկ տեսք է տալիս: Տան պատերի վրա կախված յուրաքանչյուր դետալը հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի: Այգեձորում համակարգվածության ու գեղեցիկի համադրությունն ամենուր է:

Այգեձորյան օրագիր (Մաս 1)

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Նորից աչքերիս առաջ մեր հին ու հարազատ Այգեձորի անտառներն են: Սահմանամերձ գոտու՝ Շամշադինի շրջանում գտնվող այս հրաշագեղ գյուղը հայտնի է իր ջերմ հյուրընկալությամբ:

Ահա մոտենում ենք այն ծանոթ տանը, որի պատերը ջերմություն են շնչում: Մեզ դիմավորում է Գյոզալ տատը: Իհարկե, երկար-բարակ բացատրելու կարիք չկա, Գյոզալ տատի անունն իր մեջ ամփոփում է այս կնոջ ընդհանուր բնութագիրը: Ժամանակները փոխվում են, իսկ նա միշտ նույնն է՝ ծաղկավոր գլխաշոր, երկար ծամ, չարչարված ձեռքեր ու հոգատար հայացք: Նրա ամուսինը՝ Յուրիկ պապը, իր կնոջ բացարձակ հակապատկերն է՝ տաքարյուն ու ըմբոստ տղամարդ, և գուցե հենց այս հակադրությունն է նրանց փոխըմբռնման ու բազմամյա միության գլխավոր գրավականը:

Գյուղը փոխում է էությունդ, կենսակերպդ և անգամ մտքերիդ ուղղությունը: Ի տարբերություն քաղաքի՝ գյուղն իր կյանքը սկսում է լուսաբացի հետ, և առավոտյան ժամը 5-ին արթնանալն իրենից բացարձակ դժվարություն չի ներկայացնում:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Առավոտյան արթնանալուն պես վազում եմ այգի, քաղում սիրածս ամառային խնձորներից, ու խնձորները ձեռքիս, իջնում գետի ափը: Սա առավոտը սկսելու լավագույն տարբերակներից է:

Երբ վերադառնում եմ՝ Գյոզալ տատն արդեն սեղան է գցում: Հողամասից բերված թարմ կանաչու բույրը տարածվում է սենյակում, տատը կտրում է տնական պանիրը, սեղանին դնում նոր թխած հացն ու իր ձեռքով հավաքած ուրցի թեյը: Բացվում է Այգեձորյան առավոտը:

Բարև, մենք մի ընտանիքից ենք

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Իմ քաղաքում՝ Չարենցավանում, հաճախ են էլեկտրաէներգիան անջատում: Համընդհանուր դժգոհություն առաջացնող այս երևույթն իրականում իր հետ բազմաթիվ դրական հետևանքներ է բերում: Հիմա բացատրեմ:

Լույսերն անջատելուն պես մեզանից յուրաքանչյուրը հարցական երանգով կանչում է նրան, ով մոտակայքում է և կարող է օգնել: Իմ դեպքում՝ «մա՞մ» կանչելուց և մորս հանգստացնող «ջան»-ը լսելուց հետո սկսում եմ քայլեր ձեռնարկել: Պարզվում է, որ այդ պահին ինձ ամենից մոտ գտնվողը եղբայրս է: Անվստահ քայլերով, մթության մեջ ոտքը սեղանին խփելով կամ գետնին ընկած մատիտի վրա սայթաքելով՝ հասնում ենք իրար, ու սովորական օրերին մեր միջև եղած լարված «քաղաքական իրավիճակը» մոռացվում է, քանի որ երկուսս էլ օգնության կարիք ունենք: Այժմ, երբ երկուսը գտան իրար, անհրաժեշտ է կողմնորոշվել տեղանքում և գտնել չորսի հանդիպման կետը: Մայրս վառում է մոմի լույսը, ու մենք չորսով վերջապես հանդիպում ենք: Հեռուստացույց չկա, ինտերնետ չկա, աշխարհից ու տնից կտրվելու բոլոր հնարավոր ճանապարհները փակ են: Միակ բանը, որ կարող ենք անել՝ հավաքվել սեղանի շուրջը, մոմի լույսի տակ հեքիաթ կարդալ կամ ուղղակի զրուցել:

Երբեմն այնքան ենք հեռանում ընտանիքի անդամներից, որ լույսերի անջատումն ի ուրախություն բոլորիս է լինում: Քանի որ «լույսերը տարել են»՝ ցանկացած քայլ իրենից օգնության կարիք է ենթադրում, անգամ լվացվելու համար պետք է մեկը, ով համբերատար կկանգնի կողքիդ ու կպահի մոմը:

Լույսերի անջատումը տևում է մեկ ժամից ոչ ավելի, բայց բոլորս ուզում ենք, որ այս անգամ այն ավելի երկար տևի: Սակայն լույսերը շուտով միանում են, մոմը հանգչում է, 4-ի հանդիպման կետը ցրվում է, ամենքս վազում ենք մեր հեռախոսի կամ համակարգչի մոտ:

Իսկ լույսերը… Լույսերն անջատվում են հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում քաղաքի բոլոր բնակիչներին հիշեցնել իրենց ընտանիքի մյուս անդամների գոյության մասին:

Անձրևը

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

-Եվիկ, ինչի՞ ես տխուր:

-Որովհետև անձրև ա գալիս:

-Բայց անձրևն ի՞նչ կապ ունի:

-Մամ, իմ տրամադրությունը անձրևի ժամանակ ընկնում ա, չեմ սիրում անձրև:

-Բայց ինչի՞: Անձրևն աշխարհի ամենասիրուն բաներից ա:

-Էէէէ, մամ….

Նորից անձրև է մեր Չարենցավան քաղաքում… Անտարբեր դեմքով մոտենում եմ փակելու պատուհանը, ու հանկարծ, կայծակնային արագությամբ մտքովս անցնում է. «Բայց սիրուն ա»…

Ախր, իրոք սիրուն ա: Անձրևաջրերի առուները, ծառերից թափվող հազարավոր ծաղկաթերթերը, կայծակը, շենքի դիմացը նստած դժգոհ դեմքով, թրջված կատուն, անակնկալի եկած տղան, որ հեծանիվով մնացել է անձրևի տակ, կողքի շենքից այն տարօրինակ կինը, որ օրեկան մի քանի անգամ լվացք է փռում (այն էլ՝ նույն լվացքը): Սիրուն ա էն 90-ականների մեքենան, որ արդեն մի քանի տարի տեղից չի շարժվել: Սիրուն ա «Ջանիկ կլուբը»: Կհարցնես՝ էդ ո՞րն ա: Էդ մեր թաղամասի ամենահայտնի դեմքի՝ Ջանիկ պապի ավտոտնակն ա, որտեղ հավաքվում են մեծերը՝ նարդի ու շախմատ խաղալու: Սիրուն են մեր շենքի հինգերորդ հարկում բույն դրած ճնճղուկները: Սիրուն ա կողքի շենքի ծառը, որի պտուղները երբեք չեն հասնում, քանի որ ծառը կրում է «6-րդ թաղի ցոգոլի ծառ» պատվանունը: Ու շատ ու շատ սիրուն մանրուքներ, որոնք նկատելու համար պետք է ուղղակի նկատել:

Ինչ որ մեկն այս վայրկյանին իր կեսի հետ քայլում է անձրևի տակ՝ թրջված, խառնված մազերով ու թաց հագուստով: Քայլում է ու մտածում, որ պետք է մինչև վերջ թրջվել, որովհետև այս անձրևը եզակի է, չկրկնվող: Մեկ ուրիշը, կոստյումը մինչև վերջին կոճակը կոճկած, փողկապն ուղղելով քայլում է փողոցով ու անիծում անձրևը՝ իր պլանները խանգարելու համար: Շտապում է, քայլում այնպես, որ չթրջվի: Իսկ անձրևը նույնն է, նույնն է ամենուր, աշխարհի որ ծայրին էլ լինես՝ քո անձրևը չի փոխի իր էությունը:

Հ.Գ. Նյութս բաց պատուհանի մոտ եմ գրում: Հիմա կհարցնես՝ «Չե՞ս մրսում», իսկ ես կասեմ՝ «Չեմ մրսում, ուղղակի խառնվում եմ անձրևի շշուկին»:

Աղվերանի մեդիա ճամբար. Սև թիթեռը

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

-Էրեխե՛ք, իմ հոգում երեք հատ թիթեռ են ապրում՝ կանաչ, կարմիր, մեկ էլ…

-Մեկ էլ սև,- ենթադրեցի ես:

-Չէ, մեկ էլ կապույտ, ու գիտե՞ք ինչն ա հետաքրքիր. իրանց թևերը ապակուց են: Էս վերջերս կապույտի թևը կոտրվել էր, մի կերպ կպցրի։

«Կոտրված թևով թիթեռնիկը,- մտածեցի,- տեսնես ո՞վ ա կոտրել»։ Բայց հետո հասկացա, որ կոտրված թևի մասին հարցնելով՝ կապույտ թիթեռին չեմ օգնի, ու լռեցի:

Կարինեի հոգում ապրում են երեք թիթեռներ, որոնց գոյության մասին իմացա ընդամենը երկու օր առաջ: Բուռն երևակայությունս նույն վայրկյանին նկարեց թիթեռներին՝ արծաթափայլ փոշով պատված, թափանցիկ, ապակե թևերով:

Անպատասխան մնացած հարցերի մի ամբողջ պաշարով վերադարձա տուն ու սկսեցի մտածել: Մտածմունքներիս գլխավոր առարկան սև թիթեռն էր, որին փորձել էի բնակեցնել Կարինեի հոգում: Անսովոր հանգստությամբ էի մտածում սև թիթեռի մասին, ինչպես մտածում են հին օրերի լավ ընկերոջ մասին: Սև թիթեռի հանդեպ հետաքրքրությունս գնալով մեծանում էր, ու ինձ տանում այն համոզմունքին, որ նրա բնակության վայրը հենց իմ հոգին էր:

Որոշեցի ուշադիր զննել թևերը, վերջիվերջո հանդիպել էի հոգուս թիթեռին, այն էլ՝ պատահական, մտածմունքների ճանապարհին: Քանի որ փոքր տարիքից սովորել էի, որ թիթեռների թևերին ձեռք տալ չի կարելի, սպասեցի, մինչև կանգ առնի հոգուս մի անկյունում: Թևը կոտրված էր: Վերջերս էր կոտրվել, բայց, չգիտես ինչու, չէի նկատել: Ուզում էի զանգել Կարինեին, հարցնել հոգու թիթեռներին բուժելու մեթոդները, բայց, ախր, Կարինեինը կապույտ էր։

Ի՞նչ լցնեմ թևին։ Ինչո՞վ կպցնեմ…

-Կար, կներես տարօրինակ հարցի համար, թիթեռիդ թևն ինչո՞վ ես կպցրել:

-Կախարդական սոսինձով:

-Բաղադրատոմսն ունե՞ս:

-Հա, սերը խառնում ես հոգատարության հետ:

Կարինեի բաղադրատոմսը արդարացրեց սպասումներս: Սերը խառնում ես հոգատարության հետ, ստանում ես երջանկության համասեռ զանգված, լցնում ես թիթեռի թևի վրա ու շշնջում, որ ամեն ինչ լավ կլինի: Ճիշտ է՝ սոսինձը ստանալու համար երկար ժամանակ կպահանջվի, բայց կարևորը՝ սև թիթեռս արդեն հույսի կաթիլներ է սփռում հոգուս մութ անկյուններում:

«Հարկավոր է միայն ազատ կամք»

Հարցազրույց Բջնիի հոգևոր առաջնորդ, Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Արիստակես քահանա Բաղալյանի հետ: 

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

-Ինչու՞ որոշեցիք դառնալ հոգևորական: 

-Դպրոցական տարիքում երեխաները իրենց առջև դնում են մի հարց. ի՞նչ դառնալ: Ու հետաքրքիրն այն է, որ առաջին մասնագիտությունը, որը գրավում է երեխաներին, լինում է ուսուցչի մասնագիտությունը: Իսկ երեխաների մյուս մասի համար օրինակ են լինում իրենց ծնողները: Իմ ծնողները նույնպես մեծ ազդեցություն ունեցան իմ ընտրության հարցում: Իմ ընտանիքի բոլոր անդամները քրիստոնյա մարդիկ էին, ու մենք հաճախ էինք գնում եկեղեցի, Պատարագի էինք մասնակցում ու երբեմն էլ մատաղ էինք անում: Էդ ամեն ինչը նպաստեց իմ մեջ հոգևորական դառնալու ցանկության առաջացմանը: Սակայն իմ որոշումը դեռևս հաստատ չէր, մինչև չծանոթացա ու չընկերացա ճեմարանում սովորող տղաների հետ: Այդ ժամանակ կամքս վերջնական հաստատվեց: Ինձ գրավեցին նրանց գիտելիքները, հաստատակամությունը, աշխարհընկալումն ու Աստվածճանաչողությունը. դա ավելի ամրապնդեց իմ ցանկությունը: Քննություններ հանձնելուց հետո դարձա ճեմարանի սան:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ դուք ծառայում եք եկեղեցուն: 

-Սկզբում ծառայել եմ Մայր Աթոռում, որպես սարկավագ, հետո որպես քահանա: Իսկ յոթ տարի առաջ տեղափոխվել եմ Բջնի:

-Ի՞նչ կպատմեք ձեր գյուղի ու եկեղեցու մասին: 

-Գյուղը կոչվում է Բջնի, եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին: Գյուղում կա բերդ, որը Բջնին երկու մասի է բաժանում ՝ Մեծ Բջնի ու Փոքր Բջնի: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մեծ Բջնիում: Այն կառուցվել է 1031 թվականին: Սկզբում եղել է վանք, հետո դարձել է եկեղեցի: Բջնին հայտնի է իր խաչքարերի ու եկեղեցիների բազմազանությամբ, սակայն այստեղ գտվող երեսունից ավելի եկեղեցիներից գործող է միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երբ եկեղեցին վանական համալիր էր, նրա ձայնը որոշիչ էր կաթողիկոսական ընտրությունների ժամանակ:

Կա մի պատմություն, որ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ եկեղեցում փակված ժողովուրդը գաղտնուղու միջով անցնելով, հասել է բերդի մոտ ու փրկվել: Մենք գիտենք, որ եկեղեցին ծառայում է որպես հոգու փրկության միջոց, սակայն որոշ դեպքերում ծառայում է նաև մարմնական փրկության համար:

«Քարից հաց քամող» արտահայտությունն էլ լիարժեք ներկայացնում է բջնեցուն:

-Ի՞նչ եք կարծում, հավատացյալների թիվը գնալով քչանո՞ւմ է: 

-Յուրաքանչյուր մարդ, անկախ ամեն ինչից, հավատում է Աստծո գոյությանը, անգամ աթեիստը գիտակցում է, որ կա մի գերբնական ուժ ՝ ամենակարող Աստված, որին հավատում են շատ մարդիկ, իսկ ինքը ՝ իրեն բացառություն համարելով, հերքում է նրա գոյությունը:

-Իսկ տարիքային ո՞ր խմբի ներկայացուցիչներն են ավելի հաճախ գալիս եկեղեցի՝ Պատարագի: 

-Տարիքային բոլոր խմբերից էլ մարդիկ են գալիս. թե՛ փոքրերը, և թե մեծերը: Մարդիկ գալիս են այն դեպքում, երբ ունեն դրա կարիքն ու պահանջը:

-Ի՞նչ է անհրաժեշտ հավատացյալ մարդուն, որպեսզի նա շփվի Աստծո հետ: 

-Դրա համար հարկավոր է միայն ազատ կամք: Իսկ շփման միջոցը աղոթքն է:

Եթե մենք մի որևէ տեղից անընդհատ մի բան ենք վերցնում, այն սպառվում է, իսկ Աստծո օրհնությունը անսպառ է:

Կյանքը մարդուն մի անգամ է տրվում: Այն պետք է օգտագործել արդյունավետ: Եվ այնպես ապրել, որ երբեք չզղջաս քո որևէ քայլի համար: Մարդիկ ձգտում են բարեկեցության և կատարելության, իսկ լիարժեք կատարելության կարելի է հասնել միայն Աստծո ներկայությամբ:

Հարցազրույցը վարեցին Եվա Խեչոյանը և Ասպրամ Փարսադանյանը

eva khechoyan

Ակնոցը միշտ մեր քթին էր

«Եթե երբևէ՝ հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին»:
Հենրի Շոու

Ինչո՞ւ հոդվածս սկսեցի այս խոսքերով: Պառավը, ով շարունակ փնտրում է իր ակնոցը, Հայաստանն է, որը դարեր շարունակ փնտրում է իր երջանկությունն ու իր դժբախտությունների մեղավորներին, մինչդեռ նրա բոլոր դժբախտությունների պատճառն առաջին հայացքից աննշան թվացող փաստերն են: Հիմա ինքներդ կհամոզվեք:

Սպիտակ, կապույտ, կարմիր… Ռուսաստանի դրոշը, որում սպիտակ գույնը խորհրդանշում է ազգի առատաձեռնությունն ու անկեղծությունը, կապույտը՝ հավատարմությունը, ազնվությունն ու կատարելությունը, իսկ կարմիրը՝ քաջությունն ու սերը: Երկրի խորհրդանիշ է ընտրվել դրոշ, որը խորհրդանշում է բարձր բարոյական արժեքներ:

Արգենտինայի դրոշը` երկնագույն ու սպիտակ զոլեր, իսկ կենտրոնում՝ արև: Համաձայն առավել տարածված տեսակետի՝ ամպերի, երկնքի և արևի մարմնավորում:

Կանադայի դրոշը`կարմիր ու սպիտակ գույներ՝ կենտրոնում թխկու տերևով: Խորհրդանշում է  Կանադայի ափերը ողողող երկու օվկիանոսները և նրանց միջև տեղակայված պետությունը: Թխկու տերևը խորհրդանշում է ազգի միասնությունը:

Հունաստանի դրոշը` 9 հորիզոնական զոլեր՝ կապույտ և սպիտակ: Դրոշի վերին ձախ անկյունում սպիտակ խաչ: 9 զոլերը նույնացվում են ազգային կարգախոսի («Ազատություն կամ մահ») 9 վանկերի հետ, իսկ խաչը խորհրդանշում է պետական կրոնը՝ քրիստոնեությունը:

Իսկ այժմ վերլուծենք Հայաստանի դրոշը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Վաղ տարիքից սովորում ենք, որ կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը՝  խաղաղ երկինքը, իսկ ծիրանագույնը՝ աշխատանքը: Այս դեպքում ի՞նչ խորհուրդ ունի գույների այս դասավորությունը: Ինչու՞ են խաղաղ երկինքն ու աշխատանքը խորհրդանշող գույները  իրենց տեղը զիջում արյան խորհրդանիշ կարմիր գույնին: Ինչո՞ւ դրոշի նախագծողները հաշվի չեն առել այն պարզ հանգամանքը, որ ազգի գլխավերևում պետք է լինի խաղաղ երկինքը և ոչ թե նրա թափած արյունը:

Իսկ այժմ վերլուծենք մի քանի երկրների օրհներգերը:

Մարսելիեզ՝ Ֆրանսիայի ազգային օրհներգը։ Հեղինակն է ֆրանսիացի պոետ և կոմպոզիտոր Ռուժե դը Լիլը։ Մարսելցիները այդ երգը երգելով Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ օգնության հասան Փարիզին։ Պատերազմական հիմն է, որը կոչ է անում կռվի դուրս գալ ժողովրդի և հայրենիքի թշնամիների դեմ։

Ուկրաինայի օրհներգի բառերի հեղինակն է Պավել Չուբինսկին: Դառնալով հանրահայտ Արևմտյան Ուկրաինայում՝ հայրենասիրական ոտանավորը աննկատ չանցավ ժամանակի կրոնական գործիչների ուշադրությունից։ Նրանցից մեկը՝  հայր Միխայլո Միխայլովիչ Վերբիցկին, որն իր ժամանակի հայտնի երգահաններից էր, Չուբինսկու ոտանավորով ոգեշնչված, երաժշտություն գրեց նրա համար: Արդեն 1917 թվականին երգը սկսեց օգտագործվել որպես պետական օրհներգ։

Շվեյցարիայի օրհներգը նույնիսկ ներառված է երկրի կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների աղոթագրքերում: Սա բոլորովին զարմանալի չէ, քանի որ օրհներգում կան նման տողեր.

«Երբ շառագունում են Ալպերը, աղոթեք, ազատ շվեյցարացիներ, աղոթեք»:

Հիմա հիշենք Հայաստանի օրհներգի պատմությունը: Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, որը սկսվում է հետևյալ տողերով.

«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ կանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»

Ի՞նչ սկզբունքով է ընտրվել մեր երկրի հիմնը, և մի՞թե ժամանակի մտավորականությունը չկարողացավ ավելի նպատակահարմար տարբերակ ընտրել: Մի՞թե հնարավոր չէր երկրի խորհրդանիշի հիմքում ներդնել ավելի վեհ գաղափարներ: Միգուցե այս «աննշան» հանգամանքերն էլ ինչ-որ տեղ ազդեցություն են թողնում մեր երկրի ճակատագրի վրա ու փոխում բոլորիս կյանքի ընթացքը:

Տասը օր

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Ձմեռային արձակուրդներն ավարտվեցին: Իրականում տասը օրն էլ քիչ բան չի: Տասը օրում սովորություն է դառնում ամեն երեկո, կազմածդ ցուցակում՝ ֆիլմերի անվանումների դիմաց, «պլյուսներ» դնելը: Տասը օրվա ընթացքում վերջապես ձեռքդ ես վերցնում այն գիրքը, որ ամիսներ առաջ հանել էիր գրադարակից՝ հույսով, որ կհասցնես կարդալ: Տասը օրում սովորություն է դառնում մինչև ժամը տասը քնելն ու ամեն օր, պարտաճանաչ կերպով «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը հեռուստացույցի տարբեր ալիքներով վերանայելը: Տասը օրում սովորություն է դառնում ամեն առավոտ հյուրասենյակում տոնածառ տեսնելը:

-Ի՞նչ անենք, էրեխեք, չհավաքե՞նք տոնածառը:

Հախվերդյանի «Ձյուն»-ն ենք լսում… Հայրիկիս առաջարկն արձագանք չի ունենում: Տոնածառն արդեն մեր տան մի մասն է, որն ապահովում է մեր ջերմ ամանորյա տրամադրությունը: Տոնածառի խաղալիներից յուրաքանչյուրի վրա ամանորյա տրամադրության մի կաթիլ կա: Տոնածառի հեռանալուց հետո տնից հեռանում են տանը թևածող կապույտ երազներից պոկված վերջին արծաթե թիթեռնիկները: Իսկ նրանց հետ հեռանում է մեր քաղաքի երազկոտ կտուրներին իջած ճերմակ հանդարտությանը: