Սոֆիա Թադևոսյանի բոլոր հրապարակումները

Sofya Tadevosyan

Պապս

Այս մարդուն չճանաչելու և միայն նրա գործերին նայելու դեպքում երբեք չեք հավատա, որ նա ունի ընդամենը մեկ ձեռք՝ ձախը, և այդ ձեռքի վրա ընդամենը չորս մատ:

Եղիազարյան Գագիկ Բալաբեկի: Իմ պապիկը: Մարդ, ում ճանաչում և հարգում են ոչ միայն Գագարինում, այլև ամբողջ Գեղարքունիքի մարզում: Ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 30-ին Դդմաշենում:

Սովորել և ավարտել է տեղի դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ: Ինչպես յուրաքանչյուր երիտասարդ, պապս էլ էր երազում ընդունվել համալսարան, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել, և ի վերջո, ընտանիք կազմել: Սակայն սկսվեց Հայրենական պատերազմը: Իսկ ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պատերազմ կիսատ է թողնում մարդկանց երազանքները: Գալիս է, որպեսզի մի հարվածով վերացնի ներկայի, անցյալի ու ապագայի սահմանը: Որպեսզի բոլոր մարդկանց կյանքը կիսի մինչ և հետպատերազմյան շրջանների:

1943 թվականն էր, և նոր դպրոցն ավարտած պապս իրենց գյուղի 28 կամավորների հետ զինվորագրվեց: Այդ թվականի հուլիսի 6-ին մեկնեցին Կուրսկի ճակատամարտ, իսկ մինչև այդ վերապատրաստվել էին Դիլիջանում, որտեղ պապս ստացել էր կրտսեր սերժանտի կոչում: Դաժան մարտեր էին մղում Կուրսկի մոտ, որտեղ որոշվում էր երկրի լինել-չլինելու հարցը:

Պապս կռվում էր Սիվաշյան-շտետինյան 15-րդ հրաձգային դիվիզիայում:

-Պապի, իսկ հիմա հիշո՞ւմ ես, թե ինչ մարտերի ես մասնակցել,- հարցնում եմ ես:

-47-րդ հրաձգային գնդի կազմում մասնակցել եմ Կուստորնոյի, Մալոարխանգելսկի, Յասնայա Պոլյանայի, Ստուդենեցի, Լոնի, Օսիպովիչի…,- անընդհատ թվարկում է նա, իսկ ես ընդհատում եմ և հարցնում պատերազմում ապրած իր ամենադժվար օրվա մասին:

Պապս հոգոց է հանում և սկսում է պատմել.

-Դնեպրի վտակ Սոժայի գետանցումը…

Պապիկս սևանցի էր, Հրազդանի ափին մեծացած մարդ, ով հաճախ կռիվներ էր վարել գետի ալիքների հետ, կռվել ու հաղթել: Դրա համար էլ իր գնդացրային ջոկին հանձնարարել էր ռադիոբարձրախոսը անցկացնել գետի մյուս ափը:

Իսկ 1944 թվականի հոկտեմբերի 15-ին Ռիգայի ծովափում ընկել էին ռմբակոծության տակ, ու հենց այդտեղ էլ պապիկս կորցրել էր աջ թևը: Մոտավորապես չորս ամիս նա անցկացրել է հոսպիտալում, հասել է մինչև հեռավոր Վլադիվոստոկի հոսպիտալը, իսկ պատերազմից հետո վերադարձել է հայրենի գյուղ:

Պատերազմն ավարտվեց, բայց աշխատել էր հարկավոր, ապրել ու նորից կառուցել այն, ինչ պատերազմը քանդել էր և վերացրել: Վերադառնալով հայրենիք` դարձավ Դդմաշենի ակումբի վարիչ: Աշխատելով մեկ տարի՝ անընդհատ մտածում էր ուսումը շարունակելու մասին: 1951 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը և այն ավարտել է 1955 թվականին: 1956 թվականին նշանակվել է նախկին Ավանի՝ ներկայիս Գագարինի դպրոցի տնօրեն և աշխատել է մինչև 2004 թվականը:

Ահա թե ով է իմ պապը:

sofya tadevosyan

Սև ծիածան

Իսկ ինչո՞վ ես զբաղվում դու գիշերը ժամը 4-ին, եթե քնած չես: Վերջերս ես սկսել եմ քիչ քնել: Հնարավոր է՝ դա կապված է եղանակի հետ, կամ էլ՝ զգացմունքների: Ավելի շուտ այդ եղանակն է ազդում զգացմունքներիս վրա: Երբ 12 տարեկան էի, ինձ պատմել են մի առակ, որն ընդմիշտ հետք է թողել իմ սրտի վրա: Միայն մեծանալով ես հասկացա, որ այն ճիշտ էր: Հենց հիմա՝ այս տարիքում եմ ես իսկապես հասկանում, որ դարձել եմ սև ծիածան: Ասում են՝ յուրաքանչյուր մարդ ծնվում է ծիածանի բոլոր գույներով: Փոքր հասակում մենք շողում ենք, ուրախանում և դառնում ավել պայծառ: Երբ մեծանում ենք, մեր ծիածանի գույների վրա սկսում են ազդել մարդիկ, որոնք մեզ շրջապատում են: Մարդկանց հետ կամ քեզ լավ ես զգում և սկսում ես շողալ ավելի պայծառ, կամ էլ նրանք կոտրում են քեզ, և դու սկսում ես հանգչել, մինչև, արդյունքում, դառնում ես մոխիր: Մոխիր, որից այլևս փյունիկ չի վերածնվի: Բայց… Միշտ կա այդ «բայցը»: Չէ՞ որ այդ «բայցի» շնորհիվ ենք մենք փորձում փոխել մեր կյանքը: Եվ հիմա, այսքան տարի հետո, ես հասկացա, որ ես սև ծիածան եմ: Եվ ինչքան էլ որ ծեծված հնչի՝ ես դժվար թե փոխվեմ: Ես սիրում եմ նրանց, ովքեր իմ կողքին են, չնայած այն բոլոր վատ արարքներին, որ գործել եմ իմ կյանքում: Իմ կողքին են միշտ այն մարդիկ, ովքեր փորձում են փոխել ինձ, դարձնել նորմալ: Բայց… Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: 18 տարվա ընթացքում իմ եսը սկսել է ինձ տանջել, դրա պատճառով ես շատերին եմ կորցրել, այնուամենայնիվ: Հիմա բոլորը փորձում են փոխել ինձ: Ես մարել եմ այն իրադարձություններից, որոնք ազդել են իմ վրա: 

Բայց սև ծիածան լինելը հետաքրքիր է, կախված նրանից, թե որ կողմից կնայես: Մենք՝ սև ծիածաններս, աշխատում ենք ապահովել բոլոր նրանց անվտանգությունը, ում սիրում ենք: Մենք պատրաստ ենք ինքներս տանջվել, միայն թե նրանց համար լավ լինի: Մենք միշտ կարող ենք թաքցնել ցավը, որը կրծում է մեզ ներսից, թաքցնել դա ժպիտի տակ: Ես պատրաստ եմ շարունակել լինել սև ծիածան: Եվ չեմ պատրաստվում փոխվել: Վերջին խոսքերը, որ տատիկս ինձ ասաց մահվանից առաջ.

-Թոռնիկս, ես գիտեմ, որ դու թաքցնելու ես ամբողջ ցավը քո մեջ, մինչև այն կսկսի քեզ կրծել ներսից: Դադարիր լինել սև ծիածան և վանել ուրիշ մարդկանց: Չէ՞ որ դու կարող ես կորցնել իսկապես լավ մարդկանց, որոնք քեզ դարձրել են այդքան պայծառ:

Խմբագրության կողմից. Իսկապես դադարիր, կյանքը բազմագույն է, իսկ դու երիտասարդ, մանավանդ, պատրաստ ես հանուն մերձավորների ամեն ինչ անել: Դե ուրեմն, հանուն մերձավորների` փոխվիր:

sofia tadevosyan

Երեք անգամ կյանքս սկսել եմ նորից

Արդեն մի քանի տարի է, մեր ընտանիքն ապրում է Սևան քաղաքում: Այս մասին ու էլի շատ բաների, ես զրուցեցի մայրիկիս՝ Զառա Թադևոսյանի հետ:

-Ե՞րբ և ինչպե՞ս առաջին անգամ հայտնվեցիք արտերկրում:

-Առաջին անգամ եղել եմ փոքր ժամանակ, 1988 թվականին, Սոչիում: Ընտանիքով գնացել էինք հանգստանալու, որովհետև այն ժամանակ ընդունված էր արձակուրդներին գնալ Սև ծով հանգստանալու: Եվ ծնողներս մեզ անակնկալ արեցին՝ անմոռանալի արձակուրդներ: Միջավայրի փոփոխությունը մեզ համար շատ ոգևորիչ էր, որովհետև առաջ երբեք գնացքով չէինք ճանապարհորդել ու մեր բնակավայրից բացի ուրիշ ոչինչ չէինք տեսել: Իսկ արդեն 2000 թվականին` երկրորդ անգամ էր: Այդ օրվանից շատ ջրեր են հոսել: 2000 թվականին ես արդեն իմ ընտանիքն ունեի՝ սիրող ամուսին, երկու հրաշալի երեխա: Ամուսինս գնաց արտերկիր աշխատելու, իսկ հետո մեզ էլ կանչեց: Ապրում էինք Մոսկվայում:

-Ինչպե՞ս փոխվեց ձեր կյանքը Մոսկվայում: 

-Մոսկվան մեծ քաղաք է: Հիմա այն համեմատում են Բաբելոնի հետ, որովհետև այնտեղ ապրում են շատ տարբեր ազգեր, լեզուներ, կրոններ, սովորույթներ: Հետաքրքիր էր, որովհետև ծանոթանում էինք նոր մարդանց հետ: Հարևանները լավն էին, ուրախ էինք ապրում: Իհարկե, կային շատ դժվարություններ, բայց մենք դրանք հաղթահարեցինք: Ոչ մի վատ հիշողություն չի մնացել, միայն լավը: Չէ որ մենք այնտեղ աշխատում ու ապրում էինք: Ես և իմ ամուսինը երազանք ունեինք` ապահովել մեր երեխաներին անհրաժեշտ ամեն ինչով, իսկ Հայաստանում աշխատելը և դա անելը անհնար էր այն ժամանակ: Մենք երազում էինք, որ մեր երեխաները ստանան լավ կրթություն և լինեն պիտանի մարդիկ: Բայց, շուտով մենք ստիպված եղանք ընդմիշտ վերադառնալ Հայաստան:

-Ինչպե՞ս փոխվեց ձեր կյանքը Հայաստան վերադառնալուց հետո:

-Մոսկվայում մենք լավ էինք ապրում, կարողանում էինք ապահովել մեր երեխաներին: Մոսկվայում մեր ցանկությունները համապատասխանում էին մեր հնարավորություններին, իսկ Հայաստանում մեր հնարավորությունները կորան: Պարզապես այստեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես Մոսկվայում: Շատ մարդիկ մտածում են, որ Ռուսաստանում մարդկանց մեծ մասը ապրում է ստրուկի նման: Բայց մեր դեպքում այդպես չէր: Մենք կորցրեցինք մեր իրավունքները մեր սեփական երկրում: Ստացվում է, որ Ռուսաստանում ապրում էինք ինչպես օտարները յուրայինների մեջ: Օհ, ոչ, ինչպես յուրայինները օտարների մեջ: Բայց տեղափոխվեցինք Հայաստան, և այնպես ստացվեց, որ ապրում ենք ինչպես օտարները յուրայինների մեջ: Չնայած երեխաները այստեղ ազատ են ապրում: Հենց այն առումով, որ այստեղ չկան սափրագլուխներ` սքինհեդներ, և ամեն քայլափոխի ոստիկաններ, որոնք փաստաթղթեր են ստուգում: Չկա նաև ազգային խտրականություն, ջարդեր ամենուր՝ շքամուտքում, բակերում: Այս երկու երևույթներն են տարբերակում Հայաստանը Ռուսաստանից:

-Ի՞նչը ձեր տեղափոխվելու պատճառ հանդիսացավ:

-Մեզ ոչ ոք չէր խանգարում: Միակ պատճառն այն էր, որ մեր տատիկը այստեղ մահացավ, իսկ պապիկը, որը մնացել էր մենակ, կտրուկ հրաժարվեց տեղափոխվել մեզ մոտ: Ահա թե ինչու մենք ամբողջ ընտանիքով հետ վերադարձանք:

-Ինչպիսի՞ն էր այդ տեղափոխությունը ձեզ համար:

-Հիմա արդեն հարմարվել ենք դրան: Այն ժամանակ շատ դժվար էր, չէ որ մենք թողել էինք մեր ընկերներին, մեր տունը: Մենք այստեղ պետք է ամեն ինչ նորից սկսեինք: Իմ ամբողջ կյանքում, ինչքան ես ինձ հիշում եմ, երեք անգամ ստիպված եմ եղել ամեն ինչ սկսել նորից, զրոյից: Այդ պատճառով այս ամենը շուտով մեզ համար սովորական դարձավ, հարմարվեցինք: Հիմա երեխաները մեծացել են, յուրաքանչյուրն ունի իր նպատակը, իր հոգսերը: Ունեմ երեք աղջիկ՝ բավականին մեծ, և վեց տարեկան տղա, որը տեղափոխվելուց հետո ծնվեց: Ամենալուսավոր բանը այստեղ տեղափոխվելուց հետո նրա ծնվելն է: