Նարե Հարությունյանի բոլոր հրապարակումները

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք

Գեղարքունիքի գավառին վերաբերող առաջին տեղեկությունը հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին. «Ամասիան Արմավիրում բնակվելով՝ տարիներ անցնելուց հետո սերում է Գեղամին: Իսկ Գեղամը տարիներ անցնելուց հետո Արմավիրում սերեց Հարամային։ Նա Հարամային թողեց Արմավիրում բնակվելու իր որդիների հետ, իսկ ինքը գնաց հյուսիս-արևելքում եղած մյուս լեռան հետևի կողմը՝ մի ծովի ափ։ Նա շենացնում է ծովակի ափը, թողնում է այնտեղ բնակիչներ և իր անունով լեռը կոչում է Գեղ, իսկ շեները՝ Գեղարքունի, որով կոչվում է նաև ծովը»։

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Գեղարքունիքի մարզում իմ հարազատ քաղաքը Մարտունին է։ Այն այդքան էլ քաղաք չէ, այլ մեծ ու շատ գեղեցիկ մի գյուղ է, որը գտնվում է կապուտաչյա Սևանի ափին և հսկվում է հավերժական պահապանների նման միշտ կանգնած Գեղամա և Վարդենիսի բարձրաբերձ լեռներով։ Գյուղի տարածքից մի փոքր հեռու բարձրանում է Արմաղան լեռը՝ սլացիկ հասակով շուք ու շնորհք հաղորդելով շրջապատին։ Լեռան խառնարանում գոյացել է հմայիչ մի լիճ՝ կողքը կառուցված եկեղեցով։

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Գյուղն ունեցել է իր հանդավայրերը, արոտավայրերը, ինչպես նաև յայլաները։ Դրանցից հայտնի են Դանիելի ձորը, Ներքին գոմերը, Հայրապետի տեղը, Վերին գոմերը։ Այդ անվանումներով արոտավայրերում աճում են փարթամ ու հյութալի խոտաբույսեր, լեռնային գույնզգույն ու բուրումնավետ ծաղիկներ ու տարբեր բանջարներ, որոնք տեղացիների խոսվածքում կոչվում են «ճավիկ, սիվտկուկ, ավելուկ, գմուկ, քեղ, սինձ, խաշխաշ, թթվարաշ, սավտուկ»։ Դրանցից մի մասը չորացվում, պահվում է, մյուս մասն էլ թթու դրվում։ Գյուղի հարավային մասի հեռավոր արոտավայրերի բարձունքներից, առանձնապես Սանգյառից, պարզ ու պայծառ երևում են Սիս ու Մասիս, որոնք նման են կապույտ տարածության մեջ ձգված սպիտակ շատրվանների։

Գյուղի բարձրադիր վայրերից սկիզբ առնող Ղարանլուղ կամ Կզնուտ գետի ջրերը գոյանում են ջինջ ու անապակ աղբյուրներից և միչև օգոստոսի վերջը տեղ-տեղ պահպանվող ձյունաշերտերից։ Որպես խմելու ջուր օգտագործվել են մաքուր ու չապականված գետակի, ինչպես նաև գյուղի հարավային մասում գտնվող աղբյուրների առատ ու սառնորակ ջրերը՝ Վանքի, Նազարի, Սագյառի, Դավուդի, Մնացի, Վերին գոմերի, Բրսեի, Կաթնաղբյուրի, Հոխանի աղբյուր։

Իմ ծննդավայրը Մարտունի է անվանվել ի պատիվ Ալեքսանդր Մյասնիկյանի, որի հեղափոխական ծածկանունն էր Մարտունի։ Հնում Մարտունին անվանվել է Մեծ կամ Ներքին Կզնուտ։ Կզնուտ բառը դեռևս ստուգաբանված չէ։ Այնուհետև Մարտունին անվանվել է Ներքին Ղարանլուղ, որը թուրքերեն բառ է և նշանակում է` մթություն։

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Լուսանկարը` Նարե Հարությունյանի

Մոտավորապես 200 տարի առաջ այսօրվա մարտունեցիների նախնիները գաղթելով Ալաշկերտի հովտից՝ պատմական Բագրևանդի Մանկասար գյուղից, իրենց հետ բերեցին բնօրրանի տոհմիկ իմաստուն բառ ու բանը, խոսքն ու զրույցը, սովորույթները։ Նրանք մինչ օրս հավատարիմ են մնում նախնիներից ժառանգած բարբառին, սովորություններին ու կենցաղին, միշտ վառ պահելով կորսված հայրենիքի հիշատակը։

Ալաշկերտը բարձր տեղ ա,

 Ջուրը խիվնդի դեղ ա․․․

 Ալաշկերտի խայու սիրտ Սևանի ջրով խովցավ։

nare harutyunyan

Մեր բակի տատիկները

Հենց օրերը տաքանում են, մեր շենքի տատիկներին հաստատ կտեսնես շենքի տակի խանութների աստիճաններին նստած կամ մի փոքր քարի վրա, որ դարձել է նրանց նստարանը:

Մեր բակի «նստարանի» տերերը երկուսն են` Ժենիկ ու Ժուլետ տատիկները: Նրանք երկուսն էլ առանձնահատուկ են, երկուսն էլ տարբերվում են միմյանցից:

Ժենիկ տատիկը մենակ է ապրում, բայց իրեն միայնակ չի զգում: Նրան ցուրտ եղանակին միշտ կտեսնես կոն հավաքելիս: Ժենիկ տատիկը չունի երեխաներ, հարազատներ, այդ պատճառով մենք և մեր հարևանները շատ ենք օգնում նրան: Մենք նրան վառելիք ենք տալիս, տոներին` ուտելիք: Նա շատ է սիրում մեզ` երեխաներիս, երբ խոսում ենք նրա հետ, նա միշտ օրհնում է:

-Բարև, Ժենիկ տատիկ: Ո՞նց ես:

-Բարև մեռնեմ քեզի` Աստծո հրեշտակ: Լավ եմ, լավ, Աստված օրհնա ձեզի:

Տատիկը հատկապես շատ է սիրում իմ եղբորը, ներկա է լինում եղբորս ծննդյան տարեդարձներին: Նա շատ է հավատում Աստծո գոյությանը և պնդում է, որ նրան տեսել է: Ես նրան հավատում եմ և սիրում:

Հիմա պատմեմ Ժուլետ տատիկի մասին: Նա նույնպես ապրում է մենակ, բայց ունի բարեկամներ: Նա Ժենիկ տատիկից տարբերվում է նրանով, որ շատ է անիծում և ինքն իրեն խոսում: Երբ մոտենում ես նրան, հետը խոսում, պատասխանում է «ջանով-ղուրբանով», իսկ երբ հեռանում ես` հետևիցդ անիծում է.

-Վա՜յ, թաղեմ քեզի, մեռնես դու:

Չեմ սիրում այդպիսի մարդկանց:

Շատերն ասում են, որ դրա պատճառը նրա մենակությունն է, բայց դա ես չեմ ընդունում. չէ՞ որ Ժենիկ տատիկն էլ է մենակ ապրում, բայց նրա պես չի անիծում: Այնուամենայնիվ, նրանք իրենց բնավորությունը չեն փոխի: Այսպիսին են մեր բակի տատիկները:

Սևան մեդիա ճամբար. Այցելություն զոհված ազատամարտիկ՝ Տիգրան Աբրահամյանի տուն

Լուսանկարը՝ Նարե Հարությունյանի

Լուսանկարը՝ Նարե Հարությունյանի

Նկարահանումների ուղևորվող մեր միկրոավտոբուսը հասավ  Մարտունի քաղաք: Բաժանվելով  խմբերի՝ մեր խումբը շարժվեց  զոհված ազատամարտիկ Տիգրան  Աբրահամյանի ծնողների տուն: Երբ մտանք տուն, միանգամից զգացվեց, որ ազատամարտիկի տուն է, որովհետև սենյակի մի անկյունում  տեղադրված էր  Տիգրան Աբրահամյանի նկարը, լուսանկարների  ֆոտոալբոմը, իրեն պատկանող ծաղկամանը, որդու լուսանկարը:

-Իմ Տիգրանը, չեմ չափազանցում, շատ խելացի էր: Մի ամսվա ընթացքում կարող էր յուրացնել մեկ լեզու, գաղափար ուներ ամեն ինչից: Գիտեր նվագել ակորդեոն, դաշնամուր, կիթառ,- պատմում  էր մայրը:

Այնուհետև մենք իմացանք, որ զավակի մահից  22 տարի հետո  ակորդեոնի տուփը չէր բացվել, բայց այսօր բացվեց: Մայրը նաև ասաց.

-Ես չեմ իմացել, որ իմ որդին  կամավոր էր գրվել և գնացել պատերազմ: Ուշացումով իմանալով, հարցրեցի  «Ա՜յ, տղա՛, ո՞ւր ես գնում»: «Ես չգնամ, դու չգնաս, նա չգնա, բա ո՞վ գնա»,- պատասխանեց որդիս:

Մենք հետաքրքրվեցինք նաև որդու ընտանիքից։

-Տղաս, որ գնաց պատերազմ, կինը 6 ամսական հղի էր: Թոռս չի տեսել իր հորը և իսկական հոր կտորն է՝  հայրենասեր, խելացի, մասնագիտությամբ էլ  բժիշկ:

Երբ մայրը չցանկացավ այլևս  խոսել և  դուրս եկավ, հայրը մեզ թաքուն պատմեց.

-Ես իմ որդուս որոշմանը միշտ համաձայն եմ եղել, թոռս էլ  լցված է վրեժխնդրությամբ, և եթե նորից պատերազմ լինի, և թոռս՝ Գոռը, ցանկանա գնալ՝  ես կթողնեմ:

Մենք շատ էինք հուզվել:

Աբրահամյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի էր հայրենասեր: Վերադարձանք ճամբար` իմաստուն մայրիկի խելացի խոսքերը մեր սրտում պահած:

Նարե Հարությունյան

***

Արդեն երրորդ օրն էր ճամբարում: Պիտի գնայինք նկարահանումների: Մի քանի ֆիլմի առաջարկներ կային: Ուզում էի քարաքոսներով աշխատող նկարչի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին լինել, բայց այնպես ստացվեց, որ հայրենասիրության ու հայրենիքին ինքնազոհ եղած Տիգրան Աբրահամյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին գնացի: Գնացել էինք Մարտունի՝ նրա ծնողների տուն: Չգիտեմ էլ անգամ ինչպես սկսել այս տխուր-ուրախ հանդիպման պատմությունը: Հիմա ուզում եմ այնպես շարել հույզերս այս պատմության շղթայի վրա, որ այն կարդացողներն էլ գոնե ինչ-որ չափով զգացածս զգան: 

Երբ հարցեր էինք կազմում, այնքան դժվար էր. պիտի փորձեինք հնարավորինս չհուզել նրանց մեր հարցերով: Երբ հասանք նրանց թաղամաս ու դռան զանգը տվեցինք, ինձ թվում էր, թե դուռը կբացեն շատ ծեր ու կյանքի հանդեպ վրեժխնդիր դարձած տատիկ-պապիկ: Մի վայրկյան հետո երկու բարի դեմք մեզ ներս հրավիրեցին: Ու ինչքան լավն էին…

Աստվա՜ծ իմ, ինչքան սեր, կուռ նվիրվածություն ու հայրենասիրություն կար իրենց փոքրիկ տան մեջ, իրենց կարոտի ու կորուստի, իրենց ափսոսանքի ու ինչ-որ տեղ հպարտության աշխարհում: Ինձ համակել է մի այնպիսի զգացում, որ գնացի, զրուցեցի ու ապրեցի այդ մի քանի ժամը նրանց հետ:

Սկսվեցին մեր հարցերը: Երբ առաջին հարցը պիտի տայի, ձայնս խզվել էր, դողում էի այն մեծ գիտակցումից, որ պատասխանատու եմ նաև պատասխանի ու արթնացող որդեկորույս վշտի համար: Դե, հա, մեր զրույցը ծանր էր: Ամեն անգամ, երբ մի նոր հարց էի տալիս, խորը շունչ էի քաշում, որ ոչ մի բառ բաց չթողնեմ, որ չսկսեմ…

Տիկին Անահիտը՝ Տիգրան Աբրահամյանի մայրը, ուժեղ, կիրթ ու հարուստ ներաշխարհի տեր այդ կինը, անընդհատ հուզվում էր, ու մեզ մեղավոր էինք զգում նրա աչքերում թախիծ արթնացնելու համար: Ինքն ու իր ամուսինը սրտիս են կապվել ամուր թելերով ու երեկվանից մտքումս են այդ ուժեղ, բայց, միաժամանակ, չափազանց փխրուն ու դյուրազգաց կերպարները: Ամբողջ ժամանակ փորձում էի ինձ պինդ պահել, բայց տիկին Անահիտի` «Սա էլ մենք ենք ամուսիններով, որ ոչինչ չմնաց մեզանից» նախադասությունը, միանգամից սիրտս լցվեց ու չդիմացա: Սենյակում անարև լռություն տիրեց, ու արցունքի կարոտով լցված կաթիլները տիկին Անահիտի քնքուշ այտերը գրկեցին: Հիմա գրում ու մտածում եմ, որ ապրումներ կան, որ մեզ հաղթում են ու մեզնից ուժեղ են, որ մեզ կիսում ու թևատում են: Երբ տիկին Անահիտն ասաց. «է՜հ, էրեխեք ջան, մենք ապրում ենք վիշտ»,-մնում էր միայն ասել. «Կյանքը թող շարունակվի»:

Եվ, իրոք, կյանքը թող շարունակվի՝ կենդանի պահելով սրտի բոլոր սերերը, կորցրած երազները՝ մեղմացնելով կորստի բոլոր ցավերը…

Շուշան Ստեփանյան

nare harutyunyan

Սևան մեդիա ճամբար. Մասնագիտության ընտրություն

Հարցազրույց Հասմիկ Վարդանյանի հետ

-Հասմիկ, ի՞նչ ես ցանկացել դառնալ մանուկ հասակում:

-Ես մանուկ հասակում լսելով, որ գյուղից ինչ–որ մեկը ընդունվում էր լրագրության ֆակուլտետ, ցանկանում էի դառնալ լրագրող: Ինը տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց` ժողգործիքների քանոնի բաժին: Հետագայում սովորելով և ուսուցչիս խորհուրդներով, որոշեցի 9-րդ դասարանն ավարտել, դուրս գալ ու շարունակել մասնագիտանալ երաժշտության ուղղությամբ, և այդ պատճառով երաժշտական դպրոցում մեկ տարի ավել եմ սովորել:

-Լավ սովորելով` համերգներ ունեցե՞լ ես:

-Այո, բայց դրանք եղել են նեղ շրջանակների համար: Դրանք երաժշտական դպրոցների հաշվետու համերգներն էին: Վերջին դասարանում տեղի է ունեցել իմ մենահամերգը: Համերգ նաև ունեցել ենք Մարտունու մշակույթի պալատում, բայց քանի որ մեր դպրոցը չուներ հովանավորներ, մեծ փառատոների չեմ մասնակցել:

-Կասե՞ս պատճառը, որ այլևս չշարունակեցիր երաժշտությամբ զբաղվել:

-Երբ 6-րդ դասարանում էի `սեպտեմբերի 1-ին գնալով դասի ,իմացա, որ իմ ուսուցչուհին մեկ ամիս կպարապի և կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգ` մշտական բնակության: Այդ ժամանակ մեծ հիասթափություն ապրեցի` իմանալով, որ իմ շատ սիրելի ուսուցչուհին չի պարապելու ինձ հետ: Ճիշտ է, այդ մեկ տարին էլ շարունակեցի սովորել, բայց ինչ նպատակներ ունեի երաժշտական բնագավառում, հօդս ցնդեց:

-Եվ, այսպես հիասթափվեցիր, հետո ի՞նչ որոշեցիր անել:

-Ես, անկեղծ ասած, դպրոցում չէի սիրում մաթեմատիկան ու միշտ մտածում էի, որ կընտրեմ այնպիսի մասնագիտություն, որը կապ չունի մաթեմատիկայի հետ:

Երկար փնտրտուքներից հետո ցանկացա դառնալ իրավաբան:

-Այսքան բարդ մարդ լինելով` դու հաստատուն մնացիր քո որոշման մեջ:

-Ոչ: Ինձ թվում էր, որ դա վերջնական ընտրություն է, բայց եկավ մի պահ, և իմ մտքերը կրկին խառնվեցին, և իմ վերջնական ընտրությունը դարձավ բժշկությունը:

-Եվ այսքան դժվար որոնումներից հետո, որոշե՞լ ես, թե որ ճյուղը կընտրես այս բնագավառի, և արդյո՞ք ևս մեկ անգամ կփոխես որոշումդ:

-Բնագավառի ընտրությունը ինձ համար ևս դժվար է, բայց այնուամենայնիվ, ինչ ոլորտ էլ ընտրեմ, կցանկանամ դառնալ լավ մասնագետ և օգնել մարդկանց, տալով նրանց ամենաթանկը`առողջությունը;

-Հասմիկ, հուսով ենք, որ էլ չեք փոխի ձեր մասնագիտական կողմնորոշումը և կդառնաք ձեր գործի իսկական վարպետ: