Մերի Անտոնյանի բոլոր հրապարակումները

meri antonyan

Ինքն ունի իր արևները…

Դո՞ւք էլ եք մեկ-մեկ առանց առիթի տխրում։ Հա՜, ես էլ… 

Ես մտածել եմ. գուցե դա նրանից է, որ ինչ-որ մեկին կարոտել ենք կամ էլ ինչ-որ մեկը իրենից անկախ մեզ մի քիչ նեղացրել է, օրինակ՝ չի զանգել կամ էլ վերջին անգամ հետներս շատ քիչ է խոսել։ Նույնն է. կարոտում ենք։

Կամ, միգուցե, մեզ մենակ ենք զգում, պակասել է մեկի ներկայությունը։ Դե, վերջին հաշվով՝ էլի կարոտում ենք։

Կարոտը մեզ իր ձեռքերի մեջ գնդում, մի բուռ է դարձնում։ Ինչքան էլ կողքից հպարտ, ինքնավստահ երևանք, կարոտի առաջ շա՜տ ենք խեղճանում։ Բա որ հանկարծ լինում է այնպես, որ գիտակցում ենք, որ կարոտներս առնելու հնարավորություն էլ չենք ունենալու, պա՜հ… Իսկ եթե նույնիսկ ունենանք էլ, գուցե կարոտներս չառնենք, հը՞ն։

Հիմա պատմեմ, տեսեք՝ դո՞ւք էլ եք զգացել։

Պատուհաններիցդ այն կողմ ամառվա շոգ օր է, իսկ ներսումդ մի քանի օրով (նույնիսկ շաբաթով) բույն է դրել աշունը։ Մտքումդ քեզ պատկերացնում ես տաք ծածկոցով փաթաթված, բազմոցի մի անկյունում կծկված, տաք թեյի բաժակը ձեռքիդ, թեյի երեսին էլ՝ լողացող կիսալուսնաձև լիմոն. ոնց որ հատուկ այդպես կտրված լինի, որ լուսնի տակ գիշերվա մենակությունը հիշեցնի։ Դե, ֆիլմի լինել-չլինելն էլ՝ ձեր ճաշակով։ Հա, հոգու պատուհաններից այն կողմի անձրևն էլ մոռացա։ Իհարկե, անձրևի «պատասխանատու» ամպերն էլ հավաքվում ու կոկորդդ են սեղմում։

Նկատել եմ նաև, որ տխուր ժամանակ շատ ենք մրսում։ Երևի մեր ներսի «ես»-ը մտածում է, որ եթե կարոտել է, ուրեմն կորցրել է իր արևին և ուրեմն պարտավոր է մրսել։

Մյուս կողմից, երբ որ ձմռան ամենացրտին էլ լինում ենք մեր «կարոտի» կողքին, ցուրտը չենք զգում կամ քիչ ենք զգում։ Ոնց հասկացա, մեր ներքին «ես»-ը հաշվի չի նստում դրսի արևի հետ, ինքն ունի իր արևները, իր մոտ մի ուրիշ կլիմա է, եղանակային օրենքներն էլ այստեղ չեն գործում։ Սրտիդ արևը խավարելիս ոնց որ սիրտդ բռնեն ու երկու ձեռքով քամեն, ճիշտ այնպես, ինչպես, եթե մանկությունիցդ դեռ հիշում ես, մայրիկներն էին լվացքը ջրից հանելուց հետո քամում։

Խավարումն ավարտվում է, ու թվում է, թե ուր որ է՝ սիրտդ կհանդարտվի, արևը դուրս կգա, ու եղանակը կտաքանա, բայց դե իր արևին նորից հանդիպելով՝ հիմա էլ, քիչ է մնում, դուրս թռչի տեղից։

Բան չեմ հասկանում էս «սիրտ-հոգի-տրամադրություն» եռյակից. շատ խառն են։

#ԴբաԲարքեմփ

Լուսանկարը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի

Լուսանկարը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի

Ըհըն, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը պաշտոնապես բացվեց, հիմա էլ հայությանը հիացնելու ու նրանց մեջ Վանաձոր գալու ցանկություն առաջացնելու ժամանակն է։ Ոնց կարելի է դա անե՞լ։ Իհարկե՝ ամենալավ միջոցառումները Վանաձոր բերելով։

Ա՛յ, ամենաթարմ օրինակը՝ Բարքեմփ Վանաձորը, որը տեղի ունեցավ ընդամենը երկու օր առաջ՝ 2016 թվականի նոյեմբերի 6-ին։ Հարց. ի՞նչ է բարքեմփը։ Սխալ բաներ չասելու համար ես միշտ նախընտրում եմ մեջբերել. «ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Այդ կոնֆերանսներն իրենցից ներկայացնում են «մասնակցային» աշխատանքային սեմինար-միջոցառումներ, որոնք բաց են բոլոր ցանկացողների համար։ Սա ամենամասնակցային ֆորմատի միջոցառումներից է. մասնակիցներն են նախաձեռնում, կազմակերպում ու անցկացնում միջոցառումը, մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք են զեկուցումներն անում ու քննարկում դրանք։ Ելույթները կատարվում են բաց ու անկաշկանդ միջավայրում։ Հիմնական կարգախոսներից մեկն էլ այն է, որ չկան հանդիսատեսներ, բոլորը մասնակից են: Մասնակիցները «քվեարկում են ոտքերով»: Այսինքն, եթե թեման հետաքրքրական չէ, նրանք ազատ կարող են լքել այդ լսարանն ու տեղափոխվել այլ սրահ՝ լսելու զուգահեռ ընթացող մեկ այլ ելույթ:»

Իմ կարծիքով՝ բարքեմփը հրաշալի միջոց էր մի քանի ժամվա ընթացքում ծանոթանալ մեկը մեկից սարուձորով տարբերվող շատ թեմաների հետ, ծանոթ թեմայով «պրեզենտացիայի» ժամանակ ստանալ քունդ փախցրած, գիշեր-ցերեկ հանգիստ չտվող բոլոր հարցերի պատասխանները, կամ էլ՝ ինչու չէ, շփվել, ծանոթանալ ու մտերմանալ վերջապես քունդ քեզ վերադարձրած բանախոսների հետ։

Լուսանկարը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի

Լուսանկարը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի

Բարքեմփի ժամանակ, ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր մասնակից ունեցավ իր նախընտրելի բանախոսին ու թեման։ Ես առավոտվանից ժամատախտակների վրա փնտրում էի Սամվել Մարտիրոսյանի «Մռայլ ապագայի մասին» ելույթը։ Ինձ համար շատ հետաքրքիր, հագեցած, հաճելի ու երկար ծափահարությունները արժանի վաստակած ելույթ էր։ Խորհուրդ կտամ՝ դիտեք, համացանցում անպայման կլինի, վերնագրից չվախենաք. շատ ուրախ հանդիպում էր։

Ես ելույթի ավարտին սրտանց ուզում էի, որ այն շարունակվեր գոնե էլի մի հիսուն րոպե, որովհետև մի հիսուն րոպեն, ինձ թվաց, չբավականացրեց թեմայից «հոգնելու» համար։ Իմ մասնակցած չորս ելույթներից միայն այս մեկն էր, որ հասավ 5 անգամ ժամանակի ավարտի վերաբերյալ նկատողությունների, ընթացավ ամենամեծ դահլիճում ու անընդհատ փորձեց իր մեջ տեղավորել մինչև վերջին րոպեն ավելացող մասնակիցներին։

Թեմայի վերաբերյալ շատ կխոսեի, բայց իրականում նյութի բուն էությունը դրանում չէ։ Ես ուզում էի ասել, որ այսուհետ Վանաձորն էլ լինելու է լավ քաղաք՝ անկախ ընտրություններից (մենք, համենայն դեպս, ուզում ենք, մի քիչ էլ՝ փորձում)։

Մի խոսքով, մենք՝ վանաձորցիներս, շատ հաճախ լավագույն իրադարձություններին մասնակցած լինելու համար ստիպված ենք եղել հասնել Երևան կամ Գյումրի, իսկ հիմա որոշել ենք, որ այս անգամ Երևանն ու Գյումրին են հավաքվելու ու արշավելու #ԴբաԼավը։

Պա՜հ, տեսար դու

2015 թվականի օգոստոս ամսից սկսվեց և այս տարի մոտավորապես նույն ժամանակ ավարտվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը։ Ի ուրախություն մեզ՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներիս, մեր համալսարանն ու ՎՏԿ-ն իրարից բաժանված են միայն մի պատով, իսկ եթե պատի մեջ մի դուռ էլ բացենք, էլ բաժանված չեն լինի։ Իսկ մինչ նոր շենքի շինարարությունը կավարտվեր, ՎՏԿ-ն գործում էր մեր լսարաններում։ Մի խոսքով՝ ՎՏԿ-ն ծնվեց մեր աչքի առաջ, ու մենք եղանք դասընթացների ամենաառաջին շրջանավարտները։

Այսօր՝ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը։ Ես էլ, որպես ամենաառաջին շրջանավարտներից մեկը, ներկա էի։ Նրանց համար, ովքեր գուցե բազմիցս լսել են, բայց դեռևս ամբողջական պատկերացում չունեն կենտրոնի վերաբերյալ, մեջբերում եմ. «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: ՎՏԿ-ի առաքելությունն է` Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:»

Հիմա չգիտեմ էլ նյութս որ ուղղությամբ տանեմ. նախագահի այցի՞ց պատմեմ, բացման արարողությունի՞ց, մարդկանց շրջանում տարածված իրարանցումի՞ց, թե՞ քաղաքի զգաստ տրամադրությունից։

Ցավում եմ, որ Վանաձորում շատերը չգիտեն, նույնիսկ տեղյակ չեն իրենց համար ստեղծված նոր հնարավորությունների մասին, ու իրենց համար առավել ուշագրավ է ոչ թե հենց կենտրոնի գործունեությունն ու բացման արարողությունը, այլ ավելի շատ՝ նախագահի այցը։ 

Բացման արարողությունից հետո քայլում եմ փողոցում, երկու հոգի իրար հանդիպեցին ու առանց գոնե իրար բարևելու.

-Ասըմ են նախագահն ստե ա։

-Լա՜վ է՞։

Ու շարունակեցին իրենց ճանապարհները։ Քիչ էր մնում՝ շրջվեի, ասեի. «Հա՜, հա, բարևում էր»։ Տո՛, դուք ձեր նոր աշխատատեղերի համար ուրախացեք ու էդպես հուզվեք, թե չէ` նախագահի այցից ի՞նչ օգուտ ունեք, նախագահն եկավ, մտավ ՎՏԿ սիրուն շենքը, նա ոչ ձեր կարգավիճակը տեսավ, ոչ էլ ձեր քարուքանդ փողոցներով քայլեց։ Նախագահի այցից ձեր հոգսերը չթեթևացան, ընդհակառակը՝ մի քանի փակ փողոցներ ավելացան, բջջային կապերը կորան, շրջակայքի շենքերի խաղաղ բնակչությունն անհանգստացավ «սրտացավ» ոստիկանների աշխատանքից։ Իհարկե՝ այս ամենը զուտ անվտանգության համար… Չգիտեմ՝ ո՞ւմ։

Մի տեսնեիք՝ ինչ օրինապահ ենք մենք։ Ամեն փողոցում կարգով սահմանված ոստիկանների քանակ, ճիշտ է՝ միայն մի քանի ժամով, երեկվանից՝ մաքրություն բոլոր փողոցներում։

Տուն գալիս կամրջի վրա ավտովթարի հանդիպեցի։ Էնքան մարդ էր հավաքվել, որ պարոն նախագահի «թիկնազորից» երկար շարասյուն էր կազմվել։ Մտածեցի՝ երևի նախագահն է անցել, ուշքները տվել են նրան ու էդպես իրար հետևից շարվել։

Չէ, ես իմ քաղաքի չուզողը չեմ, ես կուզեմ, որ նախագահը շատ հաճախ աշխատանքային այց կատարի, որ միշտ լավ առիթներով գա, միշտ նոր օգտակար կառույցների բացումը շնորհավորի։ Բայց, ախր, կուզեմ, որ մեր քաղաքն անկախ ամեն ինչից մաքուր, կարգապահ ու «կոստյումավոր» լինի, ես կուզեմ, որ իմ ժողովուրդը իր հարազատ քաղաքի կարևոր փոփոխությունների մասին նախագահի այցով չտեղեկանա, ու ինձ մոտ տպավորություն չստեղծվի, որ եթե նախագահը չգար, քաղաքը ՎՏԿ-ի մասին չէր էլ իմանա։

Ես ուզում եմ, որ մենք սկսենք գիտակցել մեր շահը, օգուտ քաղենք մեզ ընձեռված լավ հնարավորություններից ու չդառնանք մենակ ընտրություններով, միջոցառումներով ու «մեծ» մարդկանց գալով մեր քաղաքը սիրող, խնամող քաղաքացիներ, մենք չլինենք այսպիսին.

-Էսինչ երգիչն եկավ Վանաձոր, իմացա՞ր։

-Յա՜, տես է՞։

Քաղաքի կյանքը բարելավող մի բան եղավ.

-Պա՜հ, տեսա՞ր դու, էդ ի՞նչ ա որ։

Լուսանկարները՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

meri antonyan

Մի պատառ սեր

-Տղա: Բարև իմ տիեզերական անսահմանություն, կարոտել եմ քեզ, ո՞նց ենք անելու։

-Աղջիկ։ Մինչև հիմա ո՞նց ես ապրել, էլի կդիմանաս։

-Մինչև հիմա չգիտեի, որ դու կաս։

-Լավ էր, չէ՞։

(1 տարի անց)

-Աղջիկ։ Չգիտեմ՝ ոնց մտար կյանքս ու ոնց ստիպեցիր ինձ մինչ այժմ չտեսնված ուժով քեզ սիրել։

-Տղա։ Ես էլ չգիտեմ, այ։ Ուղղակի սիրում եմ քեզ։ Սիրում եմ, երբ ժպտում ես դեմքդ դեպի արևը շրջած կամ էլ՝ ինքդ արև դարձած։ Սիրում եմ, երբ իրար հետ նույն բանի վրա ենք ծիծաղում, ծիծա՛ղդ եմ շատ սիրում։ Սիրում եմ քո աչքերը, էդ խոշոր աննման աչքերդ, գզգզված մազերդ ու էն պահը, որ փորձում ես մազերդ կարգի բերել, որ հավաքես։

-Իմ աչքերը` հեչ։ Ա՛յ, քո՜նը՝ մե՜ծ ու կանաչո՜ւկ։ Քո՝ ինձ նայելը, քո սիրելի հայացքը, ը՜մմմ….

-Քո մտածողությունն եմ սիրում, քո խելագարությունը, քո դաստիարակությունը, քո հմայքը, քո կանացիությունը, քո սիրելու ձևն եմ սիրում։ Զգում եմ, որ աշխարհն իմն է, երբ դու կողքիս ծիծաղում ես։ Սիրում եմ քեզ խելագարի նման, երևի դա միակ բանն է, որ անթերի է ստացվում։

-Ես էլ չեմ պատկերացնում ինձ առանց քեզ, էդպիսի բան հնարավոր չի, ես էլ չեմ լինի։ Դու «ներաճել» ես իմ առօրյայի մեջ, դարձել ես հոգիս, անհոգի ապրել չեմ կարող ու չեմ ուզում։

-Քեզ նայելով՝ իմ ապագայի արտացոլանքն եմ տեսնում շատ պարզ, շատ լուսավոր, որովհետև դու արդեն դարձել ես իմ ընտանիքի մի մասնիկը, ու եթե հանկարծ կորցնեմ իմ աստղին՝ քեզ, լույսս կխամրի։ Սիրում եմ քեզ 65կգ քաշովս, 1.81 բոյովս։ Սիրում եմ քեզ լիարժեք, անբացատրելի ու նախանձելի սիրով։

-Քո մեջ էնքա՜ն հարազատություն կա։ Օր-օրի զգում եմ, որ քո ներկայությունը երազանքներիս իրականացման համար է, որովհետև դու ինքդ էլ երազանք ես եղել, դու, քո սիրելը, վերաբերմունքդ ու շատ ու շատ, առաջին հայացքից՝ մանր-մունր բաներ, որ էլի կապված են քեզ հետ։ Ինձ կորցրել եմ քո մեջ։ Քեզնից հոգատարություն է ճառագում, քո կողքին կարողանում եմ ինձ փոքր զգալ, իսկ դա վստահության գերագույն աստիճանն է։ Սիրտս քեզ ունի, բայց հենց գիտի, թե մայրցամաքներ ու օվկիանոսներ է հայտնագործել։ Հիմա չեմ զսպում ինձ, որ ասեմ, որ դու աշխարհում իմ թանկությունն ես, ու հենց ինքը՝ աշխարհն ես։ Արի մնանք հավերժ սիրահարված։

-Ինչի քեզ չսիրել կլինի՞…

meri antonyan

35 տարի առաջ

-Տատի, դու ինչ-որ հետաքրքիր պատմություններ գիտե՞ս, կարա՞ս մի բան պատմես։

-Հա, էս պատմության մասին պապդ էր մի 35 տարի առաջ հոդված գրել, տենց գիտեմ։ Ստեփանավանըմ մի ռուս կնիկ ա ապրելուց էղել։ Իրա սաղ էրեխեքը, արդեն չորրորդն էր, մահանըմ էին, ու իրան խորհուրդ են տալիս, որ միակ ձևը մի ուրիշ առողջ կնոջ էրեխու հետ իրա էրեխուն փոխելն ա։ Ու էնա, տենց էլ անըմ են։  Ռուսի էրեխեն փոխըմ են մի հայ կնոջ էրեխու հետ, բայց էս հայն զգըմ ա, որ սա իրա մյուս էրեխեքին հեչ նման չի։

Հայ ընտանիքի էրեխեն, որ մեծանըմ ա, մանկապարտեզըմ անընդհատ ճնշըմ են, ասըմ են. «Ռսի ես նման, ռսի ճուտ ես, քու մերը քեզ թողել ա գնացել»։ Դե, փոքր քաղաք ա, ոչ մի բան գաղտնի չի մնըմ, համ էլ հո՞ էդ մի հոգու ձեռով չի արվել։ Էրեխեն էլ գալիս, տանը ազդված ասըմ ա. «Մամա, էդ ճի՞շտ ա, որ ինձ ուրիշի հետ են փոխել», մերն էլ ասըմ ա. «Չէ, ճիշտ չի, ուղղակի դու յուրահատուկ ես, ախպերներիդ նման չես, դրա համար են տենց ասըմ»։ Բայց էս կինն էլ ա կասկածըմ, հիշըմ ա, որ ծնվելու օրը հետը մի ռուս էլ ա էղել, ու որ մանկապարտեզըմ տենըմ ա էն ռուս ընտանիքի էրեխուն, տենըմ  ա, որ նա ավելի շատ ա իրան ու իրա էրեխեքին նման, երկար նայըմ ա, մանկապարտեզի ճաղերի արանքով էրեխու թաթիկը բռնըմ ա, սիրըմ. մոր սրտով զգըմ ա, էլի։ Էն ռուս կնիկը, որ իմանըմ ա, արգելըմ ա, հետո էլ էնա հավաքվըմ են, գնըմ Ռուսաստան։

Էս հայ ընտանիքի տղեն, որ մեծանըմ ա, արդեն բանակ գնալուց առաջ վայենկոմատըմ հետաքրքրվըմ ա, իմանըմ ա, որ իրա ծնվելու շրջանըմ ըտեղ մի ռուս զինվորական ա էղել։ Հասցեն իմանըմ ա, ու որ ծառայըմ-վերջացնըմ ա ու գալիս ա տուն, որոշըմ ա էդ հասցեով գնա, տենա՝ տենց մարդ կա, թե չէ։

Գնըմ ա, դուռը ծեծըմ, իրա իսկական մերն ա բացըմ, հենց տենըմ ա տղուն, հասկանըմ ա, թե ով ա, ոնց որ  խուճապի ա մատնվըմ էլի, ասըմ ա. «У меня кроме Анатолика другого сына нет!», ու դուռը փակըմ։ Էս տղեն էլ արդեն հասկանըմ ա, որ իրոք էդ իրա մերն էր, բայց թողըմ գալիս ա Հայաստան։

Ռուս կնիկը էդ ներվային ցնցումից ծանր հիվանդանըմ ա ու մեռնըմ։ Բայց մեռնելուց առաջ իրա տղին կանչըմ ա, սաղ խոստովանըմ։

Էդ դեպքից 7 տարի ա անցած ըլնըմ, ռուս ընտանիքի տղեն՝ Անատոլիկը, գալիս ա Հայաստան, էդ վախտ արդեն 25 տարեկան ա էղնըմ։ Հարցնըմ ա Դոլմազյանների ընտանիքին, ասըմ են, որ հա, կա, նշանավոր ընտանիք ա։ Գալիս ա, գտնըմ ա տունը։ Իրա իսկական ընտանիքըմ իրանց կորած տղուն քեֆ-ուրախությունով ընդունըմ են, էս հայ ընտանիքի տղեն էլ իրան վատ ա զգըմ, որ իրա մերն իրան վատ ընդունեց, հլը հայը ոնց ա իրա կորած էրեխուն դիմավորըմ։ Ասըմ ա. «Ուրեմն ես իմ մորը պետք չեմ էլ էղել»…

Նախընտրական Վանաձորը

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Հոկտեմբերի երկուսին Վանաձորի բնակչությունը պատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, իսկ ապագա ՏԻ մարմիններն էլ ջանք չեն խնայում ժողովրդին իրենց կողմը գրավելու համար ու քաղաքը վերածում են տոնախմբության թեժ կետի: Վանաձորի ամեն անկյունը դառնում է բեմ ու պարահրապարակ։ Արդյունքում շահում է երիտասարդությունը, ով վաղուց կարոտել է համերգներին, ու հավասար եռանդով ու աշխուժությամբ մասնակցում է բոլոր միջոցառումներին՝ առանց հաշվի առնելու կազմակերպչի կուսակցական պատկանելությունն ու ընտրություններին նրան նախապատվություն տալ-չտալը։ Ուղղակի այս օրերին անհամեմատ շատանում են տնից դուրս գալու, ընկերներով հավաքվելու, ուրախանալու առիթները, որից էլ երիտասարդներն անթերի օգտվում են։

Հայտնիներին Վանաձորում հյուրընկալելը դարձավ սովորություն, աչքներս էլ արդեն սովորեց, էնքան, որ շատ քչերը վերջին օրերին նկարվեցին մեր հյուրերի հետ, որովհետև համացանցում այդ տիպի նկարներն արդեն «շաբլոն» են դարձել, բոլորի հեռախոսների մեջ էլ հաստատ մի որևէ հյուրից մի նորաթուխ կարճամետրաժ ֆիլմ կլինի։

Մի քանի օրվա մեջ մեր քաղաքում հյուրընկալեցինք վիտամինցի տղաներին, լիքը դիջեյների, The Beautified Project խմբին ու «Ռոք ֆեստ»-ի մասնակից այլ ռոք խմբերի, իսկ օրվա խոսակցության թեման էր Ռուբեն Հախվերդյանի այցն ու համերգը Հայքի հրապարակում։

Սեպտեմբերի 25-ին Հայքի հրապարակի բեմ բարձրացավ հայտնի և սիրված երգիչ ու երգահան Ռուբեն Հախվերդյանն ու լցրեց ցուրտ օրը իր ջերմ երգ-նվագով։ Սկզբից մի երգ երգեց, հետո մրսեց, գնաց գլխարկ դնելու ու հետ եկավ արդեն տաք-տաք՝ մեզ էլ իրենով տաքացնելու։ Երգեց իր առաջին երգը, որ գրել է տասնվեց տարեկանում.

Եթե իմանայի՜ր, որքան եմ լաց եղել ես քո գնալուց հետո….

Մինչև հիմա այդ երգը լսելիս ես իմ զգացմունքներն էի վառում հոգումս, բայց եթե դուք էլ տեսնեիք, թե արդեն հասուն այդ մարդը ինչպես էր հուզվել պատանու նման, ու թե ինչպես հավաքվածներին նկատելի կերպով սրբեց արցունքները, այդուհետ դուք էլ, ձեր սերն ու արցունքները մոռացած, ամեն անգամ աչքի առաջ կունենայիք նրան՝ հուզումը զսպելու համար աչքերը փակ երգելիս ու ավարտելուց հետո թաշկինակով աչքերը սրբելիս։

Թեև ասաց, որ սիրո մասին շատ քիչ է գրում, բայց զգացի, որ իր համար երևի ամենակարևորը հենց այդ քչերն են, երբ մի երեկոյի ընթացքում երկու անգամ կատարեց «Մեր սիրո աշունը», որն, իր խոսքով, երգում է արդեն 50 տարի։ Ու հենց այդ քչերը երգելիս էր աչքերը փակում. երևի ինքն էլ վաղուց գլխի է ընկել, որ ամենալավ պահերը հոգով ենք զգում, փակ աչքերով։

Եթե որևէ հրաշքով դեռ չեք լսել այդ երգը, շտապեք, հենց հիմա լսեք ու հետևեք, թե ինչպես է երաժշտությունը գնում ու կպչում ձեր սրտերի նուրբ լարերին։ Բախտ ունեցեք ու ձեր կյանքում մի անգամ լսեք հենց Հախվերդյանի նվագը կիթառով, նրա երգը՝ խռպոտ ձայնի, յուրահատուկ երկար, ռոմանտիկ ու, ասես, ներսից եկող «ը՜մմմ» -ի ու երգեցիկ ձայնի հաջորդումներով։

Հախվերդյանի նվագից մեր երկինքն էլ էր ոնց որ թե հուզվել, ամպերը նրբացել, փունջ-փունջ կախվել՝ ունկնդրում էին։ Կարծում եմ՝ ոչ այնքան նվագը, որքան երգչի, իմ, սիրահարների ու մեր նման շատ մարդկանց սրտերի միջինը (երևի հենց սերը) հասել էր երկինք ու ամպերին «դիվադադար» արել։

Ես շատ կուզեմ, որ Վանաձորը միշտ տոնական տրամադրությամբ լինի, մենք միշտ ուրախանալու առիթներ ունենանք, լավ հյուրերի կարոտ էլ չմնանք։

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

Լուսանկարը՝ Մերի Անտոնյանի

meri antonyan

Տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց

Երբ բոլորիս, ինչո՞ւ չէ՝ նաև իմ ներկայությամբ խոսում են ինժեներների, ծրագրավորողների, ֆիզիկ-մաթեմատիկոսների ու նման այլ մասնագիտությունների տեր մարդկանց մասին (շատերը, սրանք լսելով, ուզում են գլուխներն առնել, փախչել, որովհետև հիշում են իրենց մաթեմատիկայի ու ֆիզիկայի դասերը, թեորեմների ու օրենքների վրա գլուխ ջարդելն ու էլի արդյունքի չհասնելը), միանգամից ենթագիտակցության խորքերից դուրս է ցատկում գրքերի ու համակարգիչների մեջ թաղված, ամբողջ օրերով աշխատասենյակում փակված, դեմքի անկենդան արտահայտությամբ մի մարդու կերպար, որի ոչ մի ասած խոսքը թվում է, թե չենք հասկանալու։ Անկեղծանամ. փոքր տարիքում ես հենց այսպիսի պատկերացում ունեի:

Գիտե՞ք, վերոնշյալ մարդիկ էլ մեր նման ունեն երազանքներ, զգացմունքներ, նախասիրություններ, ու դրանք կարող են բնավ էլ կապված չլինել քիչ առաջ նշածս «գլուխ առնել – փախնելու» բաների հետ։ Իրենք էլ կարող են լինել ռոմանտիկ, երբեմն՝ շատ ավելի, քան մենք, դուք։ Իրենց սենյակի պատերն էլ կարող են ներկված լինել «աղջկական» վառ գույներով, մահճակալի վրա կարող է Թեդի դրված լինել, սեղանին էլ՝ ինքնուրույն պատրաստած սիրուն բաներ, իրենք էլ կարող են լինել արվեստասեր։

Տեսնես՝ քանի՞ հոգի հավատաց։ Բայց հավատացեք, ճիշտ եմ ասում, համենայն դեպս՝ որպես ապացույց իմ օրինակն ունեմ աչքիս առաջ։ Ես էլ եմ ստանում տեխնիկական կրթություն, երբեք չեմ բողոքել էն «վախենալու» առարկաներից, խնդիր լուծելն էլ շատ լավ է ստացվել, բայց ամբողջ կյանքումս երազել եմ արվեստի հետ կապված մարդ լինել։ Բառերով նկարագրելու չի, թե ինչքան եմ ուզեցել երգել թեկուզ մի երգ, նվագել որևէ երաժշտական գործիքի վրա. դաշնամուր, ջութակ, քանոն, լա՜վ, գոնե դհոլ… Երևի ամբողջ հոգով ուզելն էլ դա է. միշտ թվացել է, թե ահա հոգիս մեջիցս դուրս կգա ներքին մեծ ձգտումից։ Ծնողներս երկուսն էլ երաժշտական կրթություն ունեն. մայրս դաշնամուր է նվագում, հայրս՝ ջութակ, դաշնամուր ու էլի չգիտեմ ինչեր։ Երկուսն էլ իրենց կամքին հակառակ են գնացել երաժշտական դպրոց, դրա համար էլ ինձ ու քրոջս երաժշտական կրթության չեն տվել։ Երկուսն էլ լավ երաժշտական լսողություն ունեն, քիչ-միչ էլ երգում են։ Մեր տանն ունեցել ենք ջութակ, ակորդեոն, դհոլ, ԵՐԿՈՒ դաշնամուր, բայց ոչ մեկով նվագել չեմ իմացել, միայն կարողացել եմ տխրախառն հիանալ գործիքներով։ Միշտ ասել եմ. «Թող ես փոքր ժամանակ չուզեի նվագել, թող չեմուչում անեի, բայց ստիպեի՛ք, հիմա գոնե մի բան նվագել կիմանայի, մեջներիդ ամենաանտաղանդը ես չէի լինի, կմեծանայի, ձեզ էլ շնորհակալություն կասեի»։

Դեռ փոքր հասակից ուղեղումս տպվել է Բեթհովենի «Für Elise»-ի նվագը մայրիկիս կատարմամբ, որ իմ ամենա-ամենասիրածն է։ Մինչև հիմա էլ երազում եմ այն նվագել այնպես, ինչպես մայրս։ Լինում են, չէ՞, հեքիաթներ, որ երեխա ժամանակ շատ ենք հավանում ու ամեն անգամ քնելուց առաջ խնդրում ենք հենց դա պատմել։ Լինում են… Սա էլ իմ հեքիաթն էր, որ խնդրում էի մայրս նվագեր անընդհատ, որ չդադարեցներ։

Մեծացա, էլի բան չփոխվեց։ Երեկ նորից, մի քանի տարվա ընդմիջումից հետո, նույն երգը «պատվիրեցի»։ Երաժշտությունից բան չեմ հասկանում, երևի ակորդը, նոտան ու օկտավան, բեմոլն ու դիեզը իրարից չեմ տարբերում, չեմ էլ հասկանում՝ Բեթհովենն ինչ է ուզեցել երաժշտությամբ փոխանցել, բայց նվագը լսելիս երեկ զգացի, որ մեջս ոնց որ մի բան հալվեց, փորումս թիթեռնիկներ թռվռացին, հուզվեցի։ Ինքս ինձ հետ պայմանագիր կնքեցի, որ ամեն գնով սովորելու եմ նվագել, գոնե միայն այս մեկը։ Այսօր առավոտյան առաջին անգամ նվագեցի դաշնամուրով։ Նվագեցի Բեթհովենի «Für Elise»-ը… Բայց առայժմ միայն աջ ձեռքով։

Մի քանի ժամ եմ տանջվել, որ երբեք-երբեք չնվագած մատներս հարմարացնեմ դաշնամուրի ստեղների վրա ու մի մատով չնվագեմ։ Տանջանքներիս թեժ պահին մեկ էլ հայրս թե.

-Ազիզ ջան, իսկ արժի՞, որ դրա վրա ժամանակ ծախսես։ Ավելի լավ չի՞ մասնագիտական ուղղությամբ պարապես։

Բան չպատասխանեցի, նորից անցա տանջանքներիս։ Ախր, «տանջանք» բառն էլ տեղին չի է՜, դա ուղղակի … Քա՛ղցր տանջանք էր։ Մի քիչ սովորեցի թե չէ, զանգեցի մայրիկիս (աշխատանքի էր).

-Մամ, մի հատ լսի։

Մոտեցրել էի հեռախոսը դաշնամուրին ու նվագո՜ւմ էի։

-Էդ դո՞ւ ես նվագում, կյանք ջան։

-Հա՜, բա էլ ո՞վ։

Գնացի տատիկիս տուն.

-Տա՜տ, նվագել եմ սովորել։

Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ, որ պատկերացնեք իրար խառնված ոգևորությունս, ուրախությունս ու խանդավառությունս։ Ներսումս տիրող հաճելի անհանգստությունը հասկացա՞ք։ Դեմս դուրս եկած ամեն մեկին ուզում եմ հրավիրել նվագելս լսելու։ Ա՜հ, երևի գժվել եմ կամ էլ շատ շուտով կգժվեմ։

Աբովյանական ոճով ասված՝ տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց։

Երիցուկը

Ես ձեզ խոստացել էի, չէ՞, որ կճշտեմ, թե ինչու հենց «Երիցուկ»։ Հա՜ , հա։ Ուրեմն ձեզ ենք ներկայացնում  մեր հարցազրույցը Թամարա Մանուկյանի հետ, ով ֆեյսբուքահայությանը ծանոթ է որպես «Երիցուկի օրագիրը» էջի ադմին կամ ուղղակի Երիցուկ։  

-Մի փոքր կխոսե՞ս քո մանկությունից, ինչպե՞ս ես այն հիշում, ինչ-որ հետաքրքի՞ր դեպքեր եղե՞լ են։

-Հիշում եմ, որ ընկերներ չեմ ունեցել։ Ես մենակ եմ եղել մանկությունից, մինչև հիմա էլ, իմ բնավորությունն է։ Սիրել եմ գրքերի նկարներ նայել։ Մինչև հիմա ես գնդակով խաղալ չգիտեմ։ Մի խոսքով, ես այդքան էլ հասարակական մարդ չեմ, կարելի է ասել, նույնիսկ՝ սոցիոպաթ եմ։ Դա իմ բնույթն է, ես սիրում եմ ինձնից ավելի մեծերի հետ շփվել։-Ուրա՞խ ես, որ ընկերներ չես ունեցել։

-Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ, որ ավելի լավ էր՝ ունենայի, որովհետև շատ մեծ բաց է մնացել այսօր, ես այսօր էլ, կարելի է ասել, ընկերներ չունեմ։ Հա, շատ ծանոթներ ունեմ, ում հետ կարելի է զրուցել, բայց «ունիվերսալ» ընկերներ, որ կարելի է ամեն ինչից խոսել, կիսվել՝ չէ, չունեմ։ Այդ բացը մնացել է, ու մինչև այսօր էլ չեմ կարողանում լրացնել։

-Որտե՞ղ է զգացվում այդ «բացը»։

-Հիմնականում գաղափարակիցներ չկան։ Ու ես ինքս սովորել եմ  արդեն. իմ բոլոր խնդիրները լուծողը ես եմ։ Կրողն էլ եմ ես, լուծողն էլ… Ու ստեղծողն էլ եմ ես։

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչ երազանքներ ես ունեցել։

-Փոքր ժամանակ երազում էի  փոքր տուն ունենայի, որ ես մենակ ապրեի, մինչև հիմա էլ ուզում եմ։ Ես մարդ եմ տուփի մեջ, ես բաց տարածություն չեմ սիրում, ինձ միշտ չորս պատ է պետք։ Փոքր ժամանակվանից զգացել եմ դա։ Մինչև հիմա էլ ես մարդկանց հետ շփվելու լիմիտ ունեմ, լիմիտը երբ որ սպառվում է, ես էլ չեմ կարողանում մարդկանց շրջապատում մնալ, ինձ մենակություն է պետք։ Մարդիկ կան, ում հետ կարող եմ մի ժամ շփվել, մարդիկ էլ կան, հիմնականում, ում ես ընտրել եմ, որ կյանքում ինձ հետ պետք է քայլեն, իրենց հետ շփման լիմիտը չի սպառվում։

-Որտե՞ղ ես սովորել, ի՞նչ մասնագիտություն ունես։

-Սկզբում ավարտեցի միջնակարգ դպրոցը, հետո վարժարանի ռուսական հոսքը, ապա խոհարարական դպրոցում սովորեցի։ Դրանից հետո «Ցանցերի կառավարում և անվտանգություն» սովորեցի, «Թվային ազդանշաններ», «Национальный открытый университет»-ում էլ եմ սովորել։

-Աշխատո՞ւմ ես կամ երբևէ աշխատած կա՞ս։ Աշխատանքային ի՞նչ հետաքրքիր դրվագներ կհիշես։

-Այս պահին չեմ աշխատում, բայց աշխատել եմ։ Ֆրեշների ու  բելգիական վաֆլիների կետում էի աշխատում հենց առաջին մասնագիտությամբս։

-Որտեղի՞ց կամ ինչպե՞ս է առաջացել խոհարարական ձիրքդ։

-Որ ասեմ` փոքր ժամանակ խառնվող եմ եղել մամայի կամ տատիկի գործերին՝ չէ, ուղղակի ես զգում եմ, որ եթե կարողանում եմ ինչ-որ բան պատրաստել, դա ինձ հաճույք է պատճառում, ու ես պատրաստ եմ տանն այդ բոլոր գործերն ինձ վրա վերցնել։

-Գիտենք, որ ֆեյսբուքում ունես «Երիցուկի օրագիրը» էջը։ Ուզում ենք իմանալ, թե ինչ նպատակով է ստեղծվել էջը, որտեղից է առաջացել «Երիցուկ» կեղծանունը։

-Մի ընկեր ունեի, չափից դուրս անկեղծ այն մարդկանցից մեկը, ով մարդուն կարող էր ասել, որ, օրինակ, այս բանը լավը չի քո մեջ, դու պետք է փոխես, ինքն ինձ ասում էր. «Դու երիցուկի ես նման. շատ պարզ «մեխանիզմ» ա քո մոտ, շատ մանկական բան կա քո մեջ»։ «Երիցուկը» տպվել էր ուղեղիս մեջ, ու երբ որ սկսեցի օրագիր գրել մի երկու-երեք տարի առաջ, մտածեցի, որ կարելի է օրագիրն ինչ-որ կերպ հանրայնացնել, որ մարդիկ տեսնեն, բայց իրականում չիմանան, թե ով է դա գրում. կարիք չկար անձնական կյանքս ի ցույց դնելու։ Բայց ընթացքում պահանջարկը շատացավ, ես զարմացա, թե ոնց կարող էր երկու հազար հոգի դա կարդար, ո՞ւմ մտքով էր անցնում դա կարդալ, ո՞ւմ ինչին էր պետք, թե Երիցուկն ինչ է գրում առհասարակ, ինչ է ինքը այսօր կերել կամ ինչ է մտածում այս կամ այն երևույթի մասին։ Ընթացքում ինձ նամակներ էին գալիս. «Ո՞վ ես դու իրականում, կուզենք քեզ ճանաչել, տեսնել քեզ», արդեն փոստով ինձ նվերներ էին գալիս։ Զգացի, որ մարդիկ ուզում են իմանալ, թե ով է իրենց դիմաց, ով է գրում։

-Իսկ, ըստ քեզ, ի՞նչն էր այդ հետաքրքրության պատճառը:

-Ես երևույթներն ավելի պարզ եմ մեկնաբանում, քան մարդիկ սիրում են դա անել։ Այսինքն՝ սերը վեհ չեմ ներկայացնում, սերը դա բնական բան է, ինչը կա ու կարող է պատահել բոլորիս հետ։ Ու այդպես ամեն ինչը կարելի է շատ պարզ մեկնաբանել։ Հենց երիցուկի մետաֆորան էլ պատահական չի, երիցուկն ամենապարզ ծաղիկն է։

-«Երիցուկի օրագիրը» էջում նկատեցինք, որ շատ գրառումներ կային օծանելիքների վերաբերյալ։ Չե՞ս կարծում, որ դա կարող է որպես գովազդ ընդունվել, կամ, միգուցե, զբաղվո՞ւմ ես օծանելիքի վաճառքով։

-Գովա՞զդ, չէ, ոչ մի գովազդ, ոչ մի վաճառք։ Ես ուղղակի օծանելիքի մանիա ունեմ։ Իմ շրջապատում շատ անգամ չեն գտնվել այնպիսի մարդիկ, որոնց հետ ես կխոսեի այդ թեմայով, ես որոշել եմ լսարանի հետ խոսել, ում որ կհետաքրքրի։

Ես այնպիսի բրենդների մասին եմ խոսել, որոնք, հավատացեք, իմ գովազդի կարիքը չունեն։ Ես խոսել եմ համաշխարհային բրենդների մասին, որ, կարծում եմ, ամեն երկրորդը տեղյակ է դրանց մասին։ Գովազդի առաջարկներ եղել են էջի հետ կապված, բայց չեմ համաձայնվել. ես գովազդ չեմ անում, էջը չի ստեղծվել կոմերցիոն նպատակով, էջն ստեղծվել է զուտ կիսվելու, գաղափարակից լսարան հավաքելու համար։-Իսկ եթե ֆինանսական կարիք լինի, այդ դեպքում գովազդ կտեղադրե՞ս։

-Եթե գովազդն իր կոնտեքստով համապատասխանի էջին, հնարավոր է։ Չգիտեմ, միգուցե ֆինանսապես չեմ պատկերացնում, թե ինչ գումարների մասին է խոսք գնում, բայց հաստատ փոքր գումարներով չի արվի, չարժի։

Միգուցե մեծ գումարների դեպքում գովազդեմ, բայց այդ ոլորտում Հայաստանում մեծ գումարներ չեն լինում։

-Այն փաստը, որ շատ մարդիկ քեզ լսում են ու շատերն էլ ընդունում կամ քո խորհուրդներով առաջ են շարժվում, քեզ առիթ տալի՞ս է մտածելու, որ դու ինչ-որ մեկից թեկուզ մի փոքր առավել ես։

-Չէ, դա ինձ առիթ է տալիս մտածելու, որ ես իմը գտել եմ։ Ես ուրախանում եմ, ես ընկերներ եմ գտնում, որ չեմ ունեցել։ Ես գտել եմ տարբերակ իրական գաղափարակիցներ գտնելու համար։ Ես գտնում եմ, որ այն մարդիկ, որոնք ինձ հետևում են, իմ ընկերներն են, ես էլ իրենցից եմ շատ անգամ խորհուրդներ լսում։

-Ներկա պահին կա՞ ինչ-որ մեկը, որին կարող ես քեզ մրցակից համարել։

-Չէ, այն ուղղությունը, որ ես եմ վերցրել, Հայաստանում չկա։ Այսինքն՝ մարդիկ կան, ովքեր գրում են պատմվածքներ, ստեղծագործում են, մարդիկ կան, ում մոտ դա իրոք լավ է ստացվում, բայց օրագրային ուղղությանը, օրագրային ժանրին ես երբեք չեմ հանդիպել Հայաստանում։ Որ լիներ՝ ավելի լավ կլիներ, մեկս մյուսին նայելով՝ կփորձեինք ավելի զարգացնել մեր ուղղությունը։ Ես, կոնկրետ, տեղում դոփում եմ։ Եթե իմ կողքին ավելի լավը լիներ, ես կփորձեի այնպես անել, որ մենք լավ մրցակիցներ լինեինք։

-Բացի օրագրից ուրիշ գրվածքներ էլ ունե՞ս։

-Հա, ժամանակին մի մեծ վիպակ էի գրել, որ ինձ էլ տային՝ չէի կարդա, այդքան մեծ, պատմվածքներ էլ ունեմ։ Բլոգ էլ եմ ունեցել, հիմա էլ կա, ուղղակի արդեն մեկ-երկու տարի կլինի, որ չեմ թարմացնում։ Ուղղակի զգացի, որ ես ավելի շատ եմ սիրում օրագրային գրառումներ անել ու իմ մասին գրել։ Ես իմ մասին էի ուզում գրել՝ առանց կեղծանունների, արդեն բոլորը գիտեին, թե ում մասին է խոսքը օրագրում։

Հիմնականում բոլոր պատմվածքներս կյանքում մենակ մարդկանց մասին են, մի հատ էլ մենակ կատվի մասին ունեմ։ Ունեի մի քանի բանաստեղծություններ, բայց զգացի, որ ես ինձ արձակի մեջ եմ սիրում։

-Հիմնականում բոլորին հետաքրքրում է այն փաստը, որ այդքան շուտ ես ամուսնացել (18 տարեկանում)։ Ինչպե՞ս կայացրեցիր այդ որոշումը և արդյո՞ք դրա հետ մեկտեղ քո կյանքում դժվարություններ չառաջացան։

-Այն մարդու հետ, ում հետ ես ամուսնացած եմ, մենք նախ և առաջ լավ ընկերներ ենք։ Մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ուղղակի անհնար է գնալ ու միասին ապրել, դրա համար մենք ամուսնացանք, որից հետո, կարելի է ասել, ոչինչ չփոխվեց։ Այսինքն՝ այն ֆորմալ պատկերացումը, որ մարդ ամուսնացած է, արդեն տան կին է, ու իրեն ավելի ծանր է պահում, քան իրականում կա, ինձ մոտ այդ խնդիրը չկա։ Իմ առօրյան, կարելի է ասել, դրանից չի փոխվել, ես նույնիսկ հիմա ավելի ազատ եմ, քան մինչ ամուսնանալս, որովհետև ես ընտրել եմ այն մարդուն, ով առհասարակ ինձ չի սահմանափակել իմ գործողությունների մեջ։ Ինչն էլ  որ սահմանափակվել է, սահմանափակել եմ ես՝ ինքս, առանց ինչ-որ միջամտության։ Ինձ մոտ միայն մի բան է փոխվել. պատասխանատվության զգացումն է ավելի մեծացել։ Ես գտնում եմ, որ հիմա ես միայն ինձ համար չեմ պատասխանատու, իսկ դա շատ հաճելի զգացողություն է։

-Եթե կարելի է իմանալ, ինչպե՞ս ես ամուսնուդ հետ ծանոթացել։

Ընդհանուր ընկեր ունեինք, ով մեզ երկուսիս էլ հրավիրել էր թեյ խմելու։ Դրանից հետո մենք ամեն օր իրար տեսանք, ամեն օր։ Ես չէի պատկերացնում մի մարդում, ում ես ամեն օր կտեսնեի ու չէի հոգնի իրենից, բայց սա այդ դեպքը չէր։ Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ես ուզում եմ իր հետ ապրել։

-Ըստ քեզ՝ քո հասակակից մյուս աղջիկներից ինչ-որ բանով տարբերվո՞ւմ ես։

-Իմ կարծիքով, մենք բոլորս ենք տարբերվում իրարից, որովհետև ոչ մեկս մյուսից առավել կամ պակաս չենք, ուղղակի խնդիրը մեր բնույթների մեջ է։ Մեր նյութը նույնն է, մեր բոլորիս նախնական բջիջը նույնն է, դրանից հետո՝ թե մենք ինչ ենք ավելացնում բջջի վրա, այ, դա՛ ենք մենք։

-Այդ դեպքում ո՞րն է քո հիմնական տարբերությունը, որ դու ավելացրել ես նախնական բջջիդ վրա։

-Ես իրոք հավատում եմ, որ բարությունն է փրկելու ամեն ինչ։ Գեղեցկությունը չէ, բարությունը, որովհետև հենց բարությունն է գեղեցիկ, իսկ շատ դեպքերում գեղեցիկը բարի չէ։

-Կարելի՞ է համարել, որ դա քո նշանաբանն է, թե՞ կա մեկ ուրիշը։

-Իմ կյանքի նշանաբանը երևի կարելի է համարել այն, որ ես երբեք ոչ մի նշանաբան մի տարուց ավել իմը չեմ համարում, որովհետև իրավիճակի հետ ինձ մոտ ամեն ինչ փոխվում է։ Ես ընդունում եմ, որ մարդն ամեն ինչի ընդունակ է. թե՛ լավ, թե՝ վատ։

-Դու քեզ համարո՞ւմ ես երջանիկ մարդ։ Եթե այո, ապա ի՞նչն էր քեզ պակասում, որն ունենալուց հետո քեզ սկսեցիր երջանիկ համարել։

Հա։ Երևի ինձ հենարանն էր պակասում, որ ես զգայի, որ մարդ կա, ում վրա ես կարող եմ հենվել ցանկացած իրավիճակում։ Ես գտել եմ այդպիսի մարդու։ Այն ամենն, ինչ հիմա ինձ պակասում է ավելի երջանիկ լինելու համար, ես կարող եմ ինքս ստեղծել։

-Որո՞նք են եղել քո կյանքի ամենաերջանիկ ու ամենատխուր օրերը։

-Ամենատխուր օրը. երբ ես ինչ-որ մրցույթի էի մասնակցում, հաղթողը պետք է Հնդկաստան գնար։ Ես արդեն, կոպիտ ասած, հավաքվել էի, մտովի ամեն ինչ պատկերացնում էի։ Ու ես չգնացի… Իմ փոխարեն ուրիշ մարդ գնաց։ Ու դա ոչ թե ամենատխուր, այլ երևի ամենա հիասթափությամբ լի օրն էր։ Ես այդ օրը հասկացա, որ իրականում պետք չի նախօրոք որևէ բան պլանավորել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա չի օգնում։

Ամենաերջանիկ օրը. երբ որ ամուսնացանք, գնացինք Վրաստան։ Առանց  որևէ նախնական պայմանավորվածության։ Այսօր որոշեցինք, գնացքի տոմսերը գնեցինք, գնացինք Վրաստան։ Առանց տուն գտնելու, առանց որևէ բանի։ Դա ամենաերջանիկ պահն էր. նախնական ոչ մի պայմանավորվածություն չկա, դու կարողանում ես այդ երջանկությունը ձեռք բերել։ Ու այդ պահին դու ոչ ուզում ես նկարվել, ոչ ինչ-որ մեկին դրա մասին պատմել, որովհետև դու երջանիկ ես ու չես ուզում կիսել երջանկությունդ։

-Ինչո՞ւ էիր համոզված, որ քիչ առաջ նշածդ մրցույթում հենց դու պետք է հաղթեիր։ Դո՞ւ էիր ամենալավ մասնակիցը, թե՞ կարծում էիր, որ մնացածն արժանի չէին հաղթանակի։

-Մոտ երեք-չորս հարյուր հոգի էին մասնակցում, ինչ-որ առաջադրանքներ էինք ստանում, դրանք կատարում, ներկայացնում։ Այդպես՝ յոթ առաջադրանք։ Ես գտնում էի, որ կամ ես պետք է հաղթեմ, կամ մի ուրիշ աղջիկ, որովհետև ես իր աշխատանքները շատ էի գնահատում, գտնում էի, որ մրցակցությունն իմ ու իր մեջ է։ Ու ինքը հաղթեց։ Ինձ համար ամենաահավորն այն էր, որ ես զգացի, որ ինքն այդ պահին ինձնից լավն էր։ Բայց մի պահ ուրախացա, որ ինքը հաղթեց, որովհետև եթե ինչ-որ անարժան մարդ հաղթեր, ես իրոք կհիասթափվեի։ Լավ էր՝ ինձնից ուժեղը հաղթեց։ Լավ էր, որ ես զգացի իմ սխալները։

-Կա՞ մի քայլ կամ ասված խոսք, որի համար զղջում ես ու հնարավորության դեպքում կուղղեիր այն։

-Իմ կարծիքով, ցանկացած միջանձնային հարաբերությունների մեջ սահման կա, որ մարդիկ չպետք է անցնեն, որովհետև եթե այդ սահմանն անցնում ես, հետո դժվար է նորից վստահելը։ Այդպես եղել է հենց իմ ու իմ սիրած մարդու մեջ։ Մենք սահմանն անցել ենք, այսինքն՝ իրար բաներ ենք ասել, որ չպետք է ասեինք (վատ բառերի մասին չի խոսքը), հիմա մենք վերականգնել ենք սահմանը, ու ես գիտեմ, որ այդպես չի կարելի։

-Այս պահին ի՞նչն ես համարում քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

-Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես սիրելով ու սիրվելով հանդերձ իմ ազատ որոշումներ կայացնելու ունակությունը չեմ կորցրել։

-Ապագայի համար ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունես։

-Ուզում եմ սեփական սրճարան ունենալ։ Ամեն ինչն արդեն որոշել եմ. սեղանների սփռոցների գույնից սկսած, ջահերով, ճաշացանկով վերջացրած ամեն ինչ որոշել եմ։

-Ինչ-որ բան կցանկանա՞ս փոխանցել ընթերցողներին ու քո լսարանին։

-Կուզեմ ասել առհասարակ բոլոր մարդկանց, որ իրականում ամեն հանճարեղ բան շատ պարզ է, ու ոչ մի բարդության մեջ հանճարեղ ոչինչ չկա։ Պարզությունն է հանճար ծնում։

Meri Antonyan

Փոփոխությունը մենք ենք

Ես փոքր տարիքում շատ էի սիրում մեր քաղաքի այն խանութները, որտեղ գնումները հաճախորդին էին հանձնում թղթե տոպրակներում։ Երևի դուք էլ եք, չէ՞, սիրում թղթե տոպրակներ։ Բայց այդպիսի խանութների քանակն անհամեմատ քիչ էր, հիմա, չգիտեմ էլ՝ այդպիսի խանութներ կա՞ն մեր քաղաքում, թե՞ ոչ։ Անկեղծ ասած՝ շատ «նախանձեցի» անցած դարի մարդկանց, երբ մայրս ասաց, որ առաջներում բոլորն էին թղթե տոպրակներով գնումներ անում, որովհետև պլաստիկ տոպրակներ դեռևս չկային։

Ես մեծացա, բայց այս հարցում նախասիրություններս չփոխվեցին։ Ու պատկերացրեք, թե ինչքան երջանիկ ինձ զգացի, երբ իմացա, որ ես ինքս հնարավորություն կունենամ Վանաձորում տարածել թղթե տոպրակներ ու հորդորել մարդկանց հրաժարվելու պլաստիկ տոպրակներից։ Այնպես ստացվեց, որ գերմանական «Միտոստ» (“MitOst”) ընկերությունը դրամաշնորհի միջոցով վանաձորցի մի խումբ երիտասարդների հնարավորություն տվեց այս տարվա հուլիս – օգոստոս ամիսներին իրականացնել «Անտիպլաստիկ» ծրագիրը։ Ծրագրի ընթացքում մենք՝ երիտասարդներս, մեր ձեռքերով պիտի պատրաստեինք թղթե տոպրակներ ու տարածեինք քաղաքի որոշ վաճառակետերում՝ առաջարկելով հաճախորդներին տրամադրել թղթե տոպրակներ պլաստիկի փոխարեն։ Նախատեսվածի շրջանակներից դուրս մենք որոշեցինք յուրաքանչյուր տոպրակի հետ կցել նաև նամակ՝ ծրարների վրա «Նամակ Երկիր մոլորակից՝ քեզ» մակագրությամբ.

«Ի՛մ սիրելի բնակիչ, եթե մտահոգված ես քո Երկիր մոլորակի՝ իմ վիճակի մասին, ցանկանում ես ինչ-որ կերպով օգնել ինձ և խթան չհանդիսանալ իմ մահվանը, ապա փորձիր հետևել հետևյալ կանոններին.

1. Փորձիր օրվա ընթացքում պակասեցնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, չէ՞ որ ամեն տարի դրանց պատճառով 100000 ծովային կենդանիներ են մահանում։

2. Փորձի՛ր օգտագործել վերամշակված և թղթե պայուսակներ։

3. Եվ ամենակարևորը․ ուշադի՛ր եղիր՝ որտեղ ես թափում աղբը։

Սիրով քո տուն՝ Երկիր մոլորակ»։

Ծրագրի նպատակն էր` հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը առկա էկոլոգիական խնդիրների վերաբերյալ, մեր ներդրումն ունենալ այդ խնդիրների լուծման, ապա նաև՝ վերացմանն ուղղված գործողություններում, խրախուսել մարդկանց էկոլոգիապես անվտանգ գործունեությունը։

Մենք մեր նախաձեռնությունը համարում ենք հաջողված ու պատրաստ ենք աջակցել ու համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան շարունակել մեր առաջին փոքր-փոքր քայլերը։

Հաճելի էր հեռվից դիտել, թե ինչպես են մարդիկ իրենց հետ տուն տանում քո ձեռքի բարի գործը։ Վանաձորին բնորոշ ամպամած օրվա մեջ ասես մի-մի լույսեր էին պտտվում քաղաքում։ Հետաքրքիր է, երբ պատճառ ես դառնում քաղաքիդ թեկուզ ամենափոքր փոփոխությանը, երբ ինքդ դառնում ես փոփոխություն։

Meri Antonyan

Փնտրեք ձեզ իմ պատմության մեջ

Մեդիա ճամբարի առավոտս սկսվեց ժամը յոթին՝ հեռախոսի զանգից, դիլիջանյան խիտ անտառների ծոցում։ Հազիվ որոշել էի մի քիչ ավել քնել, էն էլ չստացվեց։ Հինգ ժամ եմ քնել, կամ էլ էդ էլ չէ։ Բայց սպասածիս հակառակ՝ օրս լավ էլ աշխույժ անցավ, նույնիսկ քունս չտարավ։

Ֆիլմերի գաղափարների քննարկումից հետո, մինչ մի խումբը կուղևորվեր թարմ ֆիլմի հետքերով, մյուսներս մեզ դրեցինք հիշողությունների թևերին ու հերթով գնացինք մեր մանկության գիրկը՝ ընթացքն ընդհատելով միայն հետաքրքիր պատմությունների կանգառներում:

-Ես մեր տան ավագ երեխան էի ու տանը մենակ էի, էդ ժամանակ տատիենց տանն էինք մնում գյուղում։ Ես սաղին ասում էի, որ իրանք իմ բալեքն են. «Բալես, արի հաց ուտելու», «Բալես, էս արա, բալես, էն արա»։

-Մի անգամ, մի շուն կար մեր բակում, էդ շանը որոշել էի պաղպաղակ տալ մեր խանութից: Ուզում էի սառնարանից վերցնել ու ընկա սառնարանի մեջ. կախվել էի։ Ու էդ օրվանից ես զզվում եմ շներից։

-Էջմիածնում մի ատամնաբույժ կա, մինչև հիմա աշխատում ա, սենց ա փորը (ձեռքերով ցույց է տալիս մի մե՜ծ փոր), փոքր ժամանակ պապան տարավ, որ ատամս քաշի, իրեն տեսա, վախեցա: Էկավ, էդ փորը սենց դեմ տվեց, լխճվա (ծիծաղում է): էնքան էի վախեցել էդ իր ջղային դեմքից։ Միանգամից հելա, վազելով գնացի պապայի մոտ, լացում էի։ Ասացի. «Պապ, կոնֆետ եմ ուզում»: Տարավ խանութ, ինչքան քաղցր ուզեցի, առավ, նորից բերեց ատամնաբուժարան, ասի. «Պապա, ցավն անցել ա»։

-Երբ փոքր էի, 1-3 տարեկան, մանկապարտեզ դեռ չէի գնում, ինձ մի «տոտա» էր պահում, անունը Նառա էր: Էդ ժամանակից մինչև հիմա իրեն «Նառա մամա» եմ ասում։ Ինքը որ կարուձև էր անում, իր մոտից մի օր, որ գնացել էի տուն, ասել էի. «Ծակն ու թելը տվեք» (թել ու ասեղ), չէին հասկանում` ինչ եմ ուզում, ես էլ բարկանում էի։

-Մի անգամ մանկապարտեզում մի սիրուն աղջկա էի հավանել, պապան տարել էր մեզ այգի` խաղալու, մեկ էլ ընկա գետնին, թևեր-մևեր ճղեցի, մի գրամ չեմ լացել։ Ուրեմն գնացել ենք տուն, ասում եմ. «Պապ, էն աղջիկը հո չտեսա՞վ, որ ընկա» (ծիծաղում է):

Մանկության ուրախ հիշողությունները մեզ համար ամենաթանկն են ու կյանքի բոլոր շրջաններում այցի են գալիս մեզ, որպեսզի ստիպեն ևս մեկ անգամ ժպտալ։

Ամեն պատմություն «խոստովանելու» ընթացքում մենք իրար հետ կապվեցինք մտերմության ևս մեկ թելով։

Չհասցրի բոլորից պատմություններ կորզել։ Բայց գոնե գրառված մի քանի ուրախ հիշողությունները կմնան մեզ հետ՝ մեզ միշտ հիշեցնելու մեր ճամբարի անմիջական, անկեղծ և ուրախ մթնոլորտը։

Այ հիմա, երբ կարոտել եմ ձեզ, կարդացի նորից, և տեսա ինձ արդեն հարազատ դարձած ձեր ժպիտներն այս պատմությունները պատմելիս: