Մարգարիտա Ղազարյանի բոլոր հրապարակումները

margarita ghazaryan

Շրջանավարտ 2020

Հարցազրույց Ճոճկանի Գոռ Խուդինյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտներ, ապագա բանասերներ Ժենյա Անդրեասյանի և Ազնիվ Խուդինյանի հետ:

-Ինչպե՞ս անցկացրիք ձեր դպրոցական կյանքի վերջին տարին:

Ժենյա- Բավականին հետաքրքիր։ Դպրոցական վերջին տարին հարուստ էր իրադարձություններով, լավ հիշողություններով, սակայն տարվա վերջում, ինչպես գիտենք, համավարակը խանգարեց դասերի բնականոն ընթացքին և ավարտական միջոցառմանը։ Դա իհարկե տխրեցրեց մեզ, բայց ամեն դեպքում փորձում եմ լավատեսորեն տրամադրվել:

Ազնիվ -Դպրոցական կյանքիս վերջին տարին առանձնահատուկ էր ու տարբերվող։ Առաջին կիսամյակը անցավ այնպես, ինչպես սովորաբար լինում է ավարտական դասարաններում, ինչը չէի ասի երկրորդ կիսամյակի մասին։ Այն լի էր բազում փորձություններով և անակնկալներով։ Այն, ինչ ծրագրել էինք՝ կապված դպրոցական վերջին զանգի հետ, տեղի չունեցավ, որը մեզ բոլորիս համար ծանր հարված էր։ Եվ կարծես թե ամեն ինչ դասավորվեց այնպես, որ մենք, այսպես ասած, նոր կյանք մուտք գործեցինք շա՜տ դժվարությամբ։ Սակայն, անկախ ամեն ինչից՝ մեզանից և ոչ ոք հուսախաբ չեղավ և չկորցրեց հավատը ապագայի հանդեպ։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և ստիպված չենք լինի ապրել այնպես, ինչպես թելադրում է համաճարակը։

-Ո՞րն է ձեր դպրոցական կյանքի ամենավառ հիշողությունը, որը երբեք չեք կարող մոռանալ:

Ժենյա -Դպրոցական կյանքը լի է վառ ու գունեղ հիշողություններով: Դասարանի երեխաներով միշտ շատ մտերիմ և կապված ենք եղել։ Հիշում եմ, թե Թավշյա հեղափոխությունից առաջ՝ ցույցերի ժամանակ, ինչպես էինք դասից փախչելու ու ցուցարարներին միանալու ծրագրեր մշակում։ Մեր մշակած ծրագիրը հաջողությամբ իրականացրինք՝ դասարանով փախչելով և միանալով ցուցարաներին: Դա շա՜տ գեղեցիկ հուշ է՝ մնացած դպրոցական կյանքից։ Շատ չարություններ ենք արել, որոնք հիմա հիշում ենք ժպիտով ու մի փոքր ափսոսանքով, քանի որ հասկանում ենք, որ մանկությունն ավարտվում է, և այդ պահերն այլևս չեն կրկնվելու:

Ազնիվ- Հիշողությունները շատ են՝ կապված իմ դպրոցի, իմ դասարանի հետ։ Ու դրանք բոլորն էլ անմոռանալի են… Բայց ինձ թվում է՝ ես երբեք չեմ մոռանա մեր «վերջին զանգը», որն այդպես էլ չկայացավ։ Փոխարենը՝ փորձեցինք այնպես անել, որ այդ օրը մեզ համար անցնի շա՜տ ուրախ ու հուզումնառատ… Եվ ասեմ, որ հաջողվեց։

-Ի՞նչ նպատակներ ունեիք վերջին զանգի հետ կապված, ինչպիսի՞ն էիք այն պատկերացնում։

Ժենյա –Այո՛, վերջին զանգը տեղի չունեցավ այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում։ Արդեն պատրաստ էր միջոցառման ծրագիրը,այն շատ հետաքրքիր էր և զվարճալի։ Ուզում էինք մեծ շուքով նշել այդքան կարևոր օրը, և այս իրադարձությունների պատճառով հիասթափություն ապրեցինք: Բայց հասկացանք, որ պետք չէ տխրել: Պետք է չհուսահատվենք, կարողանանք ավելի դրական հայացքով նայել այս ամենին։ Մենք յուրահատուկ կերպով այն նշեցինք, թող այս օրն էլ այդպես հիշվի։ Ամեն դեպքում պետք է վատի մեջ էլ մարդ կարողանա լավը տեսնել, և մենք հենց այդպես էլ տրամադրվեցինք։

Ազնիվ- Դեռ մանկուց միշտ երազել ու մտովի պատկերացրել եմ վերջին զանգս։ Երազում էի այդ օրը շա՜տ ծաղիկներ ստանալ: Իսկ այս տարի արդեն պլանավորել էինք, թե ինչպես ենք անցկացնելու այն։ Նույնիսկ սցենարից որոշ հատվածներ էինք գրի առել, որպեսզի հասցնենք պատրաստվել։ Ընտրել էինք մեր հագուստների գույները, որոշել էինք միանման հագնվել. աղջիկներս՝ բաց վարդագույն շրջազգեստ, իսկ տղաները՝ սև կոստյում՝ վարդագույն փողկապով։ Բազմաթիվ հումորներ էինք մտածել՝ կապված թե՛ մեր, թե՛ ուսուցիչների հետ։ Բեմում կանգնելու դասավորությունը նույնպես որոշված էր։ Այդպես շատ օրինակներ կարող եմ բերել, սակայն, ցավոք, այդ ամեն ինչը մնաց երազանք, որն իրականացնելու հնարավորություն այլևս չենք ունենա…

-Այնուամենայնիվ, շատ ավարտական դասարաններ փորձել են ինչ-որ չափով գոնե լրացնել վերջին զանգի պակասը: Իսկ դուք ինչպե՞ս հրաժեշտ տվեցիք դպրոցին:

Ժենյա- Ասեմ, որ բավականին հետաքրքիր և անակնկալներով լի օր ունեցանք: Շատերը մեզ անակնկալներ մատուցեցին՝ փորձելով բարձրացնել մեր տրամադրությունը և լցնել վերջին զանգի պակասը: Մեր սիրելի դասղեկը օնլայն տարբերակով իր սրտի խոսքն ասաց և բարեմաղթանքներ հղեց մեզ, նաև բանաստեղծական տողերով ներկայացրեց յուրաքանչյուրիս բնութագիրը։ Դա շա՜տ հաճելի էր, և մեր օրն իսկապես տոն դարձավ։ Մեր դասարանի տղաներն էլ էին անակնկալ պատրաստել: Փոքրիկ խնջույք էին կազմակերպել, որի ընթացքում հիշեցինք դպրոցական կյանքի քաղցր հուշերը, մեր սրտի խոսքը հղեցինք միմյանց, նաև կարդացինք փոքր տարիքում մեր՝ ձմեռ պապիկին գրած նամակները և այլ զվարճալի ու անմոռաց հուշեր։ Այդ օրն իսկապես տոն էր: Վերջին զանգը մենք նշեցինք յուրովի, բայց շատ հետաքրքիր ձևով, և ես այն համարում եմ կայացած։

Ազնիվ- Մենք ևս հրաժեշտ տվեցինք դպրոցին շատ համեստ ու հասարակ ձևով, ինչպես, վստահ եմ, շատ շրջանավարտներ։ Սակայն դա չխանգարեց, որ այդ օրը մեզ համար տոն դառնա։ Դասընկերներիս, դասղեկիս և տնօրենիս հետ կարողացանք լցնել մեր օրը վառ ու լուսավոր հուշերով: Մեր դասարանի տղաները անակնկալ էին պատրաստել մեզ համար։ Մենք մեր առաջին և վերջին ուսուցիչներին ծաղիկներ նվիրեցինք՝ որպես շնորհակալություն այն ամենի համար, ինչ նրանք այսքան տարիների ընթացքում տվել են մեզ։ Ի վերջո, մեր հարազատ ու թանկ դպրոցին մենք հրաժեշտ տվեցինք երգ ու պարով, ինչը մեծ ոգևորության առիթ դարձավ մեզ համար։

-Իսկ արտակարգ դրության պայմաններում դպրոցն ավարտելը ի՞նչ դրական կողմեր ուներ:

Ժենյա- Դե, դրական կարելի է համարել այն, որ չեղարկվեցին դպրոցական քննությունները, և շրջանավարտները հնարավորություն ստացան ավելի մեծ ուշադրություն ու ժամանակ տրամադրել այն առարկային, որը իրենց պետք է բուհ ընդունվելու, մասնագիտություն ձեռք բերելու համար։ Բայց, այնուամենայնիվ, քննությունները մեզ պետք էին: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե ամեն ինչ իր բնականոն հունով ընթանար:

Ազնիվ- Ճիշտն ասած, շատ դժվար է արտակարգ դրության պայմաններում դպրոցն ավարտելու մեջ որևէ դրական կողմ գտնելը։ Համադպրոցական քննությունների չեղարկման վերաբերյալ ուրախ եմ այնքանով, որ դա հնարավորություն տվեց կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնք հարկավոր են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար։ Հիմա ավելի հանգիստ եմ, քանի որ բուհ ընդունվելու համար միայն մեկ գրավոր քննություն պետք է տամ, այն էլ հուլիսի սկզբին։ Ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ հայոց լեզու և գրականություն առարկաների վրա, որպեսզի սովորելու ընթացքում էլ շատ դժվարությունների առջև չկանգնեմ։ Ի վերջո, ամեն ինչի մեջ պետք է փորձել միայն ու միայն դրականը տեսնել, հակառակ դեպքում՝ հուսահատությունը վատ բաների կարող է հանգեցնել։

-Ի՞նչ նպատակներ ունեք ապագայի հետ կապված: Շուտով ընդունելության քննություններն են, ինչպե՞ս եք տրամադրված:

Ժենյա -Որոշել եմ բանասեր դառնալ: Բանասիրությունն իմ էության մեջ է, և հույս ունեմ, որ այդ ասպարեզում պիտանի մարդ կդառնամ: Քննություններին պատրաստվում եմ ինքնուսուցմամբ: Լավ եմ տրամադրված, պետք է լավատես լինել, լավատեությունը միշտ էլ դրական ազդեցություն է ունենում:

Ազնիվ- Նպատակս է՝ բանասեր դառնալ։ Այն առարկաները, որոնք կապված են այդ մասնագիտության հետ, անչափ հոգեհարազատ են ինձ։ Ես դեռ դպրոց հաճախելու սկզբից էլ առանձնակի ուշադրություն եմ դարձրել այդ առարկաներին։ Դա նաև իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Չիլինգարյանի շնորհիվ է։ Ինձ այլ բնագավառում գրեթե չեմ պատկերացնում։ Ընդունելության հետ կապված տրամադրվածությունս ինձ դուր է գալիս. մեծ հույսեր ունեմ, որ կընդունվեմ։

-Ասում են, որ հնարավոր է ուսումնական գործընթացը սեպտեմբերից նույնպես շարունակվի օնլայն տարբերակով, ի՞նչ կասեք օնլայն ուսանող լինելու մասին:

Ժենյա- Կասեմ՝ հույս ունեմ, որ վիրուսը շուտով կնահանջի, և ամեն ինչ կվերադառնա իր բնականոն ընթացքին։ Չեմ կարծում, որ օնլայն դասընթացները կարող են նույն արդյունավետությունը ունենալ:

Ազնիվ- Այդ միտքը փոքր-ինչ վախեցնում է ինձ, որովհետև ուսանողական կյանքի հետ կապված դեռևս անփորձ եմ։ Մտավախություններ ունեմ, որ առցանց տարբերակով ուսումնական գործընթացը իմ պարագայում այնքան էլ հաջող չի լինի և բազում խոչընդոտների պատճառ կհանդիսանա։ Անկախ ամեն ինչից՝ հույս ունեմ, որ լավ կլինի, և մտավախություններս իրենց չեն արդարացնի։ Իսկ այս արտակարգ իրավիճակն էլ շուտով իր տեղը կզիջի մեր բնականոն կյանքին…

«Մարդկության պատմությունը կհավասարվեր զրոյի, եթե չլիներ գրականությունը»

Իմ զրուցակիցը երիտասարդ գրող, թարգմանիչ, երգահան Էլիզա Մխիթարյանն է:

-Քանի՞ տարեկանից եք սկսել ստեղծագործել:

-Ստեղծագործում եմ շատ վաղուց, առաջին անգամ տպագրվել եմ առաջին դասարանում։ Թերևս անկեղծ մի գաղտնիք բացեմ, անգամ ատամհատիկ կոչվող ավանդական արարողությանը, երբ պիտի պարզ դառնա երեխայի ապագա մասնագիտությունը, ես միանգամից վերցրել եմ գրիչ։

-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր գրական-ստեղծագործական ուղին:

-Առաջին դասարանում «Մենք» ամսագրում տպագրվելուց հետո շատ երկար դադար էր ինձ մոտ, և գրական-ստեղծագործական ուղիս շարունակվեց միայն 17 տարեկանում, երբ ընդունվել էի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ։ Այդ ժամանակ ես սկսեցի թղթակցել «Թիվի Ալիք» շաբաթաթերթի «Շավիղ» գրական էջին, սկսեցի պարբերաբար տպագրվել, տարիների ընթացքում այնքան բան սովորեցի իմ խմբագրից, որ բառերով նկարագրելու չէ, այն խմբագրից, ով նաև հետագայում դարձավ իմ գրքի խմբագիրը՝ Սերգեյ Հարությունյանը։ Այդ ժամանակ նաև մի գրական մրցույթում իմ «Դժոխքից 50 մետր հեռու» պատմվածքը ճանաչվեց լավագույն արձակ գործ, որը հետագայում մի շարք ամսագրերում ու թերթերում տպագրվեց։ 17 տարեկանից սկսվեց հիմնական ուղիս, բազմաթիվ թերթերից, ամսագրերից առաջարկներ ստացա, կայքերից առաջարկներ ստացա, համահավաք ժողովածուներում տպագրվելու առաջարկներ և այդպես մտա մի աշխարհ, որի անունն է «Գրականություն»։

-Ի՞նչ է Ձեզ համար գրականությունը:

-Մարդկության պատմությունը կհավասարվեր զրոյի, եթե չլիներ գրականությունը։ Գիրքը մարդկության պատմությունն է, եկեք մի պահ պատկերացնենք, որ աշխարհում ոչ մի գիրք չգրվեր, այսօր մենք ոչինչ չէինք իմանա մեր պատմության մասին, պատկերացնենք, որ աշխարհում ոչ մի գրող ծնված չլիներ, ոչ ոք չգրեր մարդկային հույզերի մասին, ոչ ոք չպատմեր իր ժամանակաշրջանի մասին, ոչ մի պատմավեպ չգրվեր և այդպես շարունակ։ Կլիներ աղետ։ Այնպես որ, բարձր գրականությունը ոչ միայն իմ, այլև ամբողջ մարդկության պատմությունն է և սա բացարձակ ու անքննելի ճշմարտություն է։

-Հատկապես ո՞ր ժանրով եք ստեղծագործում:

-Նախընտրում եմ գրել կարճ պատմվածքներ, նորավեպեր, որոնք ունեն անսպասելի ավարտ և ընթերցողի համար ապահովում են լարված ընթացք: Ունեմ պատմվածքներ, որտեղ պատմական դրվագներ են նկարագրված։ Ինքս աբսուրդ, էքզիստենցիալ գրականության սիրահար եմ, իմ գրականության մեջ ակամա կան նաև այդ դրսևորումները, մասնավորապես՝ մարդկային գոյության, կեցության խնդրի որոնումները, աբսուրդային դրվագներ և այլն:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ո՞ր ժանրի ստեղծագործություններն են առավել հետաքրքրում ժամանակակից հայ երիտասարդությանը:

-Ժամանակակից հայ երիտասարդության հետաքրքրությունները շատ տարբեր են, չեմ կարող ասել՝ ո՞ր ժանրն է ավելի հետաքրքրում, բայց հաստատ կարող եմ ասել, որ պաթետիկ բովանդակությամբ գրքերը շատ քչերին են այլևս ձգում։ Ժամանակակից մարդն առհասարակ ձգտում է կարճ գրքերի, կարճ, բայց բովանդակալից խոսքի, եթե օրինակով խոսեմ, ապա անցած դարում, եթե որևէ հեղափոխության ժամանակ մարդը պատրաստ էր իր հետ աթոռ վերցնելու և լսելու հրապարակախոսական երկարաշունչ ճառեր, ապա այսօրվա երիտասարդը դա հաստատ չի անի։

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, որը խորհուրդ կտաք բոլորին կարդալ:

-Սիրելի գրքեր շատ ունեմ, բայց ամենասիրելի գրքերը ամենասիրելի գրողի կողմից գրվածներն են։ Խոսքը Ֆրանց Կաֆկայի մասին է, ով ինձ համար եղել և մնում է համաշխարհային աբսուրդ, էքզիստենցիալ գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը։ Խորհուրդ եմ տալիս կարդալ նրա բոլոր գրքերը, մասնավորապես՝ «Դատավարություն», «Կերպարանափոխություն» և «Դղյակը» ստեղծագործությունները։

-Ձեր գիրքը` «Ռոմանտիղմը», շատ հետաքրքիր է և՛ իր շապիկով, և՛ վերնագրով: Կարո՞ղ եք մեկնաբանել այն:

-Հետաքրքիր է «Ռոմանտիղմը», թե ոչ, ընթերցողը կասի և այս ընթացքում որքան որ լսել եմ կարծիքներ, դրանք եղել են դրական։ «Ռոմանտիղմն» իմ առաջին ձեռքբերումն է, առաջին հաստատուն քայլը, ես երջանիկ եմ, որ իմ առաջին գիրքը տպագրելու համար ոչ թե փորձել եմ հովանավոր գտնել, կամ դիմել տարբեր հրատարակչությունների, այլ հակառակն է տեղի ունեցել։ Ես երջանիկ եմ, որ իմ գրականությունը նկատել են և գնահատել։ Գրքում ներառված են կարճ պատմվածքներ, թեմաները շատ տարբեր են, բայց գրքի գլխավոր ուղեգիծն այն է, որ այս արդի աշխարհի խելահեղ շրջապտույտում մարդը նույնն է, նրա հույզերը նույնն են և նա միշտ ձգտում է դեպի հասարակը, դեպի սկիզբը, ինչպես գրքի առաջաբանում ասել է Մարգարետ Ասլանյանը՝ մարդը ձգտում է դեպի միակ կատարյալը, դեպի հասարակը՝ զբանս սկզբի։

-«Հիասթափությունը զարհուրելի հիվանդություն է»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր այս խոսքերը: Դուք հիասթափություն ապրե՞լ եք:

-Ցույց տվեք ինձ աշխարհում գեթ մեկ մարդու, ով չի ապրել հիասթափություն և ես կասեմ, որ գրել եմ բառեր ոչնչի մասին։ Անգամ փոքրիկ երեխաները, որ երազում են հեծանիվ ունենալ և ինչ-ինչ պատճառներով չեն ունենում՝ ապրում են հիասթափություն։ Ես էլ իմ կյանքում ունեցել եմ և վստահ եմ, որ դեռ շատ կունենամ հիասթափություններ, որովհետև սա կյանք է և վերջ։ Եվ այո, հիասթափությունը զարհուրելի հիվանդություն է, և ոչ մեկս ապահովագրված չենք այդ հիվանդությամբ վարակվելուց:

-Ձեր ձեռքբերումները որոշակի են նաև գեղարվեստական թարգմանության ոլորտում. բուն ստեղծագործական վիճակն ինչպե՞ս եք զուգորդում թարգմանական գործին:

-Ես «Երևանյան Էսքիզ» գրական, մշակութային հարթակի համահիմնադիրն եմ և հանրային կապերի ղեկավարը, ի սկզբանե թարգմանություններս սկսել եմ հրապարակել այդ հարթակում, իսկ հետագայում պահանջը մեծացել է և նաև այլ հարթակներում են սկսել հրապարակվել և հրատարակվել, մասնավորապես՝ այս պահին նաև թղթակցում եմ «Մշակութային հրապարակ» ամսաթերթին՝ տրամադրելով գեղարվեստական թարգմանություններ, որոնք անում եմ արաբերենից, քանի որ մասանգիտությամբ արաբագետ եմ։ Գեղարվեստական թարգմանությունը ոչ միայն չի խոչընդոտում, այլև օգնում է գրողական գործունեությանը։ Ասեմ, որ շատ բարդ է թարգմանել պոեզիա, հնարավոր չէ կատարել բառացի թարգմանություն, որովհետև այդ դեպքում ուղղակի կստացվի մտքերի մի կույտ, որը քո լեզվով ոչինչ չի տա ընթերցողին։ Գեղարվեստական թարգմանությունը շատ պատասխանատու աշխատանք է, կասեմ, որ թարգմանությունը կրկնակի հաջողված է, եթե այն կատարում է հենց գրողը, որովհետև գրողը կարողանում է տեսնել մեկ այլ գրողի պատկերները և որսալ դրա հայերեն տարբերակն այնպես, որ փոխանցի այն նույն շքեղությունը, ինչը բնագրում է։

-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

-Վերջին տասը տարիների ընթացքում կյանքիս կարգախոսը Հեմինգուեյի խոսքերն են․ «Երբեք մի՛ շփոթիր շարժումը գործողության հետ»։

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ գրողին, ինչի՞ն պետք է առավել ուշադրություն դարձնել և ինչի՞ց խուսափել:

-Սկսնակ գրողին խորհուրդ կտամ շատ կարդալ և լինել գերակտիվ՝ փնտրելով հարթակներ սեփական գրականությունը մատուցելու համար։ Խորհուրդ կտամ լսել փորձառու կամ որոշակի ճանապարհ անցած գրողների կարծիքը իր գրականության վերաբերյալ և ընդունել առողջ քննադատությունը, իսկ լավ խոսեքրից չմեծամտանալ, այլ շարունակել հղկել սեփական գրիչը։

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված:

-Ապագայի հետ կապված պլաններ շատ կան, որոնց մասին կնախընտրեմ լռել։ Կասեմ միայն այն, որ իմ ողջ ներուժը դրվելու է որակյալ, բարձր մշակույթի ստեղծման և պահպանման գործում։

margarita ghazaryan

Հուշեր մի խորհրդավոր կնոջ կյանքից

Գիշեր էր, լռություն: Գյուղական մի տան անկյունում մոմի լույսի շնորհիվ մի դեմք էր նկատվում: Խորհրդավոր կերպարանք էր: Հազիվ նշմարվող աչքերի մեջ մի ողջ ճակատագիր կարելի էր կարդալ: Փակեց աչքերը, ո՛չ, չքնեց, ուղղակի փակեց այնպես, ինչպես փակում ենք մեր աչքերը, երբ ցանկանում ենք ինչ-որ մի բան հիշել և կամ հակառակը` անջատել սեփական միտքն ու չհիշել և չմտածել ոչինչ: Ժապավենի նման աչքերի առաջ էին գալիս իր ողջ մանկությունը, իր կյանքի լավ ու վատ պահերը: Հուշերի մի ողջ շղթա էր պարուրել այդ կնոջը գիշերային խավարի մեջ: Թվում էր, թե իր հուշերում ապրող բոլոր մարդիկ կենդանացել են, իր կողքին են՝ գիշերային այս լռությանն ընկերակից:

Կարելի է ասել, որ հաճելի հուշեր գրեթե չեն լինում, բավական է թեկուզ միայն այն, որ այդ լավ ու հաճելի պահերը դարձել են հուշ ու էլ չեն կրկնվի, այլևս երբեք… Բայց գոնե դեմքիդ վայրկյանական ժպիտ է հայտնվում, երբ հիշում ես այն, ինչը ժամանակին քեզ ուրախություն է պատճառել: Բայց այդ կնոջը պատած հուշերը այդ հաճելիներից չէին, նրա կյանքում միշտ լավ իրադարձությունների պակաս է եղել:

Հիշում էր իր ծնողներին, չնայած նրան, որ արդեն այդ էլ նորմալ հիշել չէր կարողանում, մեծացել էր ինքը և դրան հավասարազոր հեռացել էր իր ծնողների հետ ունեցած հիշողություններից: Շատ աղոտ էր հիշում նրանց դեմքերը, միայն ինչ-որ դիմագծեր, որոնք էլ գնալով ավելի մռայլվում էին իր հիշողության մեջ:

Այդ կինը ուներ քույր և եղբայր, բայց ճակատագիրը հերթական անակնկալն էր պատրաստել, ընտանիքին պետք է միանար 4-րդ երեխան` աղջիկ: Բայց չշտապեք մտովի մի երջանիկ ընտանիք պատկերացնել, իրականությունն այլ էր: Հայրը հաշմանդամ էր, իսկ մայրն էլ ո՞ր մի զավակի հոգսերը պետք է կարողանար տանել: Այդ խորհրդավոր կինն էր ընտանիքի մեծ երեխան, գոնե որոշ չափով մոր հոգսերը կիսողը: Բայց ամեն ինչ փոխվեց 4-րդ երեխայի ծնունդով: Ճակատագրի հերթական խաղն էր: Երեխան ծնվեց, բայց մայրը վատառողջ էր: Հիվանդությունը ավելի ազդու եղավ, հաղթեց ոչ միայն այդ կնոջը, այլ մի ողջ ընտանիքի: Մահացավ…

Հիվանդանոցի բուժաշխատողներն էլ խելք-խելքի տալով եկան այն որոշմանը, որ պետք է նորածին փոքրիկին տան մեկ ուրիշ ընտանիքի՝ ավելի ապահով: Դե, մի հաշմանդամ հոր խնամակալության տակ էին երեք երեխաներ, և այլն էլ դժվար տարիներին, երբ մի կտոր հացն էլ որոշիչ էր: Եվ այլևս երբեք և ոչինչ չիմացան այդ երեխայի մասին, միայն ընտանիքի մեծ երեխան՝ խորհրդավոր կինը (եկեք պայմանականորեն նրան այդպես կոչենք), իմացել էր, որ երեխային տվել են Վրաստանում ապրող մի ընտանիքի: Անցավ մի որոշ շրջան, հայրը կրկին ամուսնացավ, իսկ նրա երեխաների խնամակալությունը անցավ հարազատներին: Տղային իրենց տատը սկսեց խնամել, իսկ երկու աղջիկներին՝ հորաքույրը:

Մի պահ բացեց աչքերը, հիշողությունները կանգ առան կարծես, կամ գուցե ինքն էր ցանկանում մոռանալ ամենը: Հայացքը հառեց մոմի վրա, այն գրեթե մինչև վերջ այրվել էր ու հալվել: Փչեց ու հանգցրեց մոմի լույսը: Դանդաղ քայլերով մոտեցավ լուսամուտին։ Լույսը բացվում էր արդեն, բայց իր մտքերն այդպես էլ կանգ չառան, չթողեցին հանգստանալ, գոնե մի քանի ժամով քուն մտնել: Լուսամուտից նայում էր արդեն բացվող արևին և կրկին ընկնում հիշողությունների գիրկը: Ա՜խ, գոնե լուսաբացի հետ իր հոգում էլ լուսաբաց լիներ, մտքերն ու հիշողություններն էլ լուսավոր լինեին: Բայց կան հիշողություններ, որոնք, անկախ լավ կամ վատ լինելուց, մեզ հետ են շաբաթը 7 օր և օրը 24 ժամ: Հիշողությունները նոր թափ առան: Հիշեց հորաքրոջ հարկի տակ անցկացրած տարիները: Հորաքույրն ավելի սեր ու ջերմություն էր տածում փոքր աղջկա հանդեպ, և ինքն էլ զրկված էր մայր լինելու բախտավորությունից, իսկ եղբոր աղջիկների ներկայությունը պետք է ավելի գունավորեր իր մենակյաց կյանքը:

Խորհրդավոր կինը մի պահ հանկարծակի դողաց ողջ մարմնով՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչ կատարվեց իր հետ: Հիշողության անիվը իր ականջներին կրկին լսելի էր դարձրել հորաքրոջ բարկացած ձայնն ու նախատինքները: Իսկ հետո կարծես ողջ մարմնով սկսեց զգալ այն ցավերը, որոնք փոքր ժամանակ ստացել էր հորաքրոջ հարվածներից: Հետո միանգամից շրջադարձ կատարվեց իր հիշողությունների մեջ, և այս անգամ էլ հիշեց հորաքրոջ իր ծնողական ժողովից վերադարձած հպարտ, երջանիկ և աչքերն արցունքներով լցված դեմքը: Որքա՜ն հպարտ էր նա իր եղբոր դստրով: Որոշ ժամանակ անց աղջիկների խնամակալությունը կրկին անցավ իրենց հորն ու արդեն խորթ մորը: Բայց մի՞թե այդ կինը կարող էր փոխարինել իրենց մորը: Խորը շունչ քաշեց ու հեռանալով լուսամոտի մոտից՝ դուրս եկավ բակ, նստեց մի ծառի տակ ու կրկին հայացքը հառեց անորոշ ուղղությամբ: Որքան ժամանակ էր անցել այդ տարիներից, ինքն արդեն բավականին մեծ է, ծերությունն էլ կամաց-կամաց իր գիրկն է առնում իրեն: Հիշեց խորթ մորը, ումից այդպես էլ ոչ մի մայրական ջերմություն չզգաց: Տատն էլ տեսնելով, որ երեխաները այդ պայմաններում չեն կարող ապրել, կրկին իր վրա վերցրեց նրանց խնամելու պատասխանատվությունը: Մի քանի տարի էլ այդպես ապրելուց հետո մեր խորհրդավոր կինը տեղափոխվեց քաղաք` ուսում ստանալու: Նա այդ ճանապարհին էլ մենակ էր, և այդ ճանապարհն էլ՝ դժվարանցանելի: Իր ուժերով ընդունվեց, ինչը իր ընկերներից շատերի մոտ բորբոքեց նախանձը, քանի որ շատերը, իրենց հետևում հզոր թիկունք ունենալով, չկարողացան ընդունվել, իսկ ինքը, որ միայնակ էր, չուներ ոչ մի օգնող ձեռք, իր գիտելիքների շնորհիվ կարողացավ ընդունվել, չնայած, որ իր վաղեմի երազանքն էր երգչուհի դառնալ, այլ ոչ թե բուժքույր: Բայց հետևեց իր ուսուցիչների խորհրդին, ովքեր երգչուհու մասնագիտությունը մի մենակ ու երիտասարդ աղջկա համար շատ ավելի բարդ ու դժվար էին համարում: Ընդունվեց և տեղափոխվեց իր տատի քրոջ տուն:

Իսկ հետո հայտնվեց մի տղա, որի հետ էլ կապեց իր կյանքը: Ուսանողական կյանքին հաջորդեց ամուսնականը: Գուցե դա այս պատմության համար մի գեղեցիկ ավարտ լիներ, վերջում էլ երևի երկնքից երեք խնձոր կընկներ՝ մեկը գրողին, մյուսը՝ կարդացողին, մեկ էլ՝ հենց հերոսուհուն: Բայց, ցավոք, կյանքում ամեն ինչ այդպես հեքիաթային չէ, բոլոր պատմությունները չէ, որ հեքիաթների նման լավ ու դրական ավարտ են ունենում: Սա իրականությունն է, այստեղ շատ արժեքներ անհավասարաչափ են բաժանված մարդկանց, մեկն ամեն ինչ ունի (խոսքը նյութականի մասին չէ, չնայած դա էլ կարող ենք ընդունել), մյուսն էլ զրկված է բոլոր կյանքն իմաստավորող աղբյուրներից:

Արցունքներն ավելի ուժգին սկսեցին հոսել, իսկ հուշերն էլ կարծես արթնացել էին այլևս չքնելու պայմանով: Հիշեց ամուսնուն: Որքա՜ն էր սիրում նրան, որքա՜ն հույսեր ուներ նրա հետ կապված, ինքը, զրկված լինելով երջանիկ ընտանեկան պայմաններում ապրելու հնարավորությունից, հույս ուներ, որ գոնե իր երեխաների համար մի երջանիկ ապագա կստեղծի, բայց…

Երկու երեխա ունեցան` տղա և աղջիկ: Աղջիկը դեռ չէր ծնվել, երբ ամուսինը մեկնեց օտար երկիր՝ աշխատելու: Երբեմն գալիս էր, կարոտը առնում ու կրկին հեռանում, բայց այդ այցերն էլ գնալով դարձան հազվադեպ: Մի քանի տարի անց վերադարձավ կարճ ժամանակով, բայց ոչ մենակ: Արդեն նոր ընտանիք ուներ՝ կին, երեխա: Խորհրդավոր կնոջ համար դա արդեն չափազանց էր: Որքան էլ ուժեղ բնավորություն ունենա մարդը, միևնույնն է, լինում են հանգամանքներ, որոնք վերջնական տապալում և ուժասպառ են անում նրան: Բայց նա մայր էր, երեխաներ ուներ, որոնք իր կյանքի միակ լուսավոր կետերն էին, և ինքը պետք է ապրեր նրանց համար: Ամուսնու նոր ընտանիքին տեսնելն էլ հերթական հարվածն էր նրա համար: Երեխաների համար էլ խորթ էր իրենց հայրը, ուղղակի մի մարդ, ով երբեմն գալիս էր, ու ասում էին, որ իրենց հայրն է: Խորհրդավոր կնոջ ամուսնու ծնողներն էին այդ երեխաների թև ու թիկունքը: Տատն ու պապն էլ այնքան ջերմություն էին տալիս նրանց, որի համար թե՛ երեխաները, թե՛ այդ կինը անասելի սիրով էին լցված այդ մարդկանց հանդեպ: Նրանք անգամ իրենց հարսին առաջարկեցին նորից ամուսնանալ, իրենք երեխաներին կխնամեին, միայն թե ինքը հետո մենակ չմնար, իրենցից հետո տուն ու ընտանիք ունենար: Բայց մեր խորհրդավոր կինը մայրերի այդ տեսակին չէր պատկանում: Ինքը, զուրկ լինելով մայրական սիրուց ու ջերմությունից, ամեն ինչ անում էր իր երեխաների համար, օր ու գիշեր աշխատում էր, միայն թե նրանք որևէ բանի կարոտ չլինեն: Այդպիսի մայր ունեցողները ի ծնե բախտավոր են:

Հիմա էլ հիշեց երեխաներին, որոնք մեծացել էին, ընտանիք կազմել ու իրեն էլ տատիկ դարձրել: Կրկին հոսեցին արցունքները, խորը շունչ քաշեց ու ոտքի ելավ, երկինքը վաղուց արդեն լուսացել էր, իսկ ինքը դեռ այգում ոչ մի գործ չէր արել: Արագ քայլերով գնաց և սկսեց աշխատել…

 

margarita ghazaryan

#ԿարանտինTime կամ սուրճը կորոնայի օրերում

Այս մի հոդվածս էլ ի պատասխան այն հարևաններիս, ովքեր միշտ հարցնում էին, թե երբ եմ վերջապես իրենց մասին էլ գրելու։

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ արտակարգ դրության մեջ ենք։ Շատերի համար երևի թե ոչ մի տարբերություն չկա՝ կարանտին է, թե սովորական և բնականոն կյանք, որովհետև կան մարդիկ, ովքեր սովոր են մեկուսացված ապրել։ Շատերի համար դա նորմալ է և իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում։ Շատերի համար, բայց ոչ մեր թաղի…

Արդեն սովորություն է դարձել առավոտյան արթնանալ կա՛մ հայրիկիս միացրած երաժշտության ձայնից, կա՛մ էլ հարևանների բուռն խոսակցությունների հետևանքով։ Ճիշտ է՝ ես ակտիվ չեմ մասնակցում մեր թաղի հավաքույթներին, քանի որ օրս հագեցած է օնլայն դասերով, իմ նախասիրություններով և այլն, բայց ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր թաղի կարանտինից ունեցած իմ կարծիքով։ Մի քիչ ուրիշ է մեր թաղը։ Որքան էլ որ փորձեցին պահպանել տանը նստելու կարգավիճակը, միևնույնն է, մեր թաղում մեկն առանց մյուսի չի կարող։ Ուրիշ է սրճի համը, երբ հարևաններիդ հետ ես խմում։ Դրա համար էլ երկար իրարից բաժանվել չկարողացան։ Ախր, էլ ի՞նչ սուրճ, եթե հարևանիդ հետ ինչ-որ բան քննարկելու հնարավորություն չունես։ Բայց այնպես չէ, որ մենք չենք հետևում կանոններին. երբեք մեր հավաքույթները չեն գերազանցում քսան հոգին, պահպանում ենք իրարից մեկ մետր հեռավորությունը, դրսից հյուրեր չենք ընդունում, դե, իսկ ալկոգելն էլ անպակաս է։ Եթե ուրիշները իրենց ընտանիքներով են մեկուսացած, ապա մենք էլ մեր թաղով ենք մեկուսացել։

-Ասում են՝ սուրճը կորոնայի դեմ օգնում ա, հա՞։

Մեր թաղի հավաքույթները միշտ լեցուն են բազմաթիվ թեմաներով, և թեմաների պակաս երբեք չի զգացվում։ Սակայն արտակարգ դրության պայմաններում քննարկման գլխավոր թեման հենց կորոնան է.

-Հը՞ն, լուրեր չե՞ք տեսել, ի՞նչ են ասում։

-Քանի՞ վարակակիր ա ավելացել։

-Պարետն ի՞նչ ա ասում։

-Վարչապետն էլ լայվ չի՞ մտել, ի՞նչ ա ասում, չգիտե՞ք։

Դե, մենք մենակ վարչապետի ասածին ենք հավատում։ Հարևաններս ժպիտով ասում են, որ եթե հանկարծ իրենցից մեկին տանեն մեկուսացնելու՝ ողջ թաղին էլ հետը պետք է տանեն։ Սա ընդունենք մեր թաղի կարանտինի մասին կես լուրջ, կես կատակ, զգոնությունը մենք երբեք չենք կորցնում։ Իսկ իմ կարանտինի ժամանակ գրեթե ամեն օր պատահող ծիծաղելի իրավիճակն այն է, որ հաճախ մոռանալով խոսափողի անջատված լինելու մասին՝ պատասխանում եմ ուսուցիչների հարցերին և սթափվում եմ միայն այն ժամանակ, երբ իմ անունն են տալիս, և հասկանում եմ, որ ինձ չեն լսել։ Դե, արի ու նույնը կրկնիր…

margarita ghazaryan

Թեթև տար

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է, և կանգնած ենք անդունդի եզրին: Եվ իրականում շատ հաճախ դա միայն թվում է մեզ: Անցնում է ժամանակ, և հետ նայելով հասկանում ես՝ դա այնքան փոքր խնդիր է եղել, որ անգամ անիմաստ և ծիծաղելի է թվում այն ժամանակը, որը կորցրել ես անհիմն մտորումների, կասկածների և վախերի վրա: Շատ հաճախ հենց մենք ենք մեր խնդիրները, հոգսերն ու վախերը բարդացնում և վերածում կատարյալ քաոսի: Բայց ինչո՞ւ: Երևի թե պատճառը այն է, որ հաճախ բախվելով որևէ խոչընդոտի՝ մոռանում ենք խնդիրները ռեալ դատելու և վերլուծելու մեր կարողության մասին, սակայն դա հենց այն է, ինչը մեզ պետք է ցանկացած պարագայում: Մենք սովոր ենք ինքներս բարդացնել մեր խնդիրները (իհարկե, ոչ բոլոր) և հետո դժգոհել ամեն ինչից՝ կյանքից, ճակատագրից, մարդկանցից, հանգամանքներից: Ըստ իս՝ ավելի հեշտ և ճիշտ ապրելու համար մենք պետք է հասնենք գիտակցության այն մակարդակին, երբ մեր կյանքում կատարվող բոլոր իրադարձությունները կհամարենք բնական և կմտածենք, որ հենց այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ այսօրվա շատ խնդիրներ մեզ կօգնեն վաղվա խնդիրները ավելի հեշտ հաղթահարել: Կարելի է ասել, որ իմունիտետ ենք ձեռք բերում և սկսում այլ կերպ մոտենալ մեր խնդիրներին:

Եթե չենք կարողանում փոխել իրավիճակը, ապա պետք է փոխենք իրավիճակի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը: Կյանքն իրականում այնպիսին է, ինչպիսին մենք ենք ընդունում այն: Այդպիսին են նաև մեր խնդիրները: Եթե կարողանանք ինքներս մեզ պարտադրել, որ այդ խնդիրը պետք է բաց թողնենք և պարզապես ազատվենք դրանից, ապա այդ խնդիրը կդադարի մեզ անհանգստացնել: Իհարկե, կան այնպիսի դեպքեր, երբ իսկապես հայտնվում ենք անելանելի դրության մեջ և հետդարձի ճանապարհ չկա: Պետք է սովորենք միշտ առաջ քայլել, ժպիտով հաղթարել բոլոր խոչընդոտները և գլուխը միշտ բարձր պահել: Մենք երկու տարբերակ ունենք. կա՛մ թույլ տալ, որ կյանքը մեզ փոխի, կա՛մ ինքներս փոխել մեր կյանքը: Ընտրությունը մերն է:

IMG-f45201db32a9587b828126539f21f4d6-V (1)

Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս

Գարունն իր գեղեցկությամբ, թարմ շնչով, բնության զարթոնքով միշտ հիացրել է ինձ: Գարունը իր ջերմ արևով, մեղմ անձրևով և երբեմն ձմեռվա՝ չնահանջելու ապացույց դարձած ձյունով կարծես տարվա բոլոր եղանակների միախառնումը լինի, բայց արդեն ավելի գեղեցիկ, հաճելի և ուրախ: Գարունը արժե սիրել թեկուզ միայն ծաղիկների համար, որքա՜ն հաճելի է, երբ բակ դուրս գալով հանդիպում ես ծաղիկներին և նոր ծաղկած ծառերին։ Այս մտքի հետ ավելի շատ համակարծիք կլինեն նրանք, ովքեր ապրել են, ապրում են կամ գոնե մի գարնանային օր կարողացել են վայելել գյուղական միջավայրում:

Իհարկե, գարնան հետ Հայաստան ներխուժեց նաև մարդկանց խուճապը, որին չեմ ցանկանում շատ անդրադառնալ, առանց այդ էլ ողջ տեղեկատվական համակարգը խոսում է միայն կորանավիրուսի մասին: Կարծում եմ՝ սա էլ է անհրաժեշտ մարդկությանը, որպեսզի սովորենք գնահատել մեր մտերիմների հետ անցկացրած պահերը, ջերմ ձեռքսեղմումներն ու գրկախառնությունները, երանի տանք այն պահին, թե երբ կկարողանանք ազատ քայլել փողոցում և վայելել մաքուր օդը առանց որևէ վախի:

Եկե՛ք գնահատենք ու վայելենք այս խենթ ու կամակոր գարունը…

Margarita Khazaryan new

«ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՔ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ». Գոռ Խուդինյան

Հայ ազգը առաջին հերթին կանգուն է իր քաջ, անպարտ ու անմահ նվիրյալներով: Նրանք այն մարդիկ են, ովքեր համազգայինը բարձր են դասում անձնականից: Այդպիսի մի հերոս է նաև Գոռ Խուդինյանը, որի մասին անկարելի է խոսել անցյալ ժամանակով:

Պատիվ ունեմ այսօր գրել այն մարդու մասին,որի անունն է կրում իմ հարազատ կրթօջախը` Ճոճկանի Գոռ Խուդինյանի անվան միջնակարգ դպրոցը:

Գոռ Խուդինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 7-ին, ՀՀ Լոռու մարզի Ճոճկան գյուղում:1997 թվականին ընդունվել է Ճոճկանի միջնակարգ դպրոց և այնտեղ սովորել մինչև 2002 թվականը: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր և տեղի  Վ. Տերյանի անվան դպրոցում շարունակել է ուսումը: 2007 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտել է գերազանցության դիպլոմով, ինչի շնորհիվ 2011 թվականին իր ընտրությամբ անցել է ծառայության «Եղնիկներ» զորամասում որպես հետախուզական դասակի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով: Երկու տարի անց ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 2015 թվականին նշանակվել է որպես հետախուզական վաշտի հրամանատար, ստացել է կապիտանի կոչում: Այնուհետև նույն թվականին տեղափոխվել է Ստեփանակերտ (ՑՕՐ կոչվող զորամաս)՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար: 2016 թվականին նորից տեղափոխվել է «Եղնիկներ» որպես գումարտակի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ: 2015 թվականին ամուսնացել է և ունի մեկ դուստր՝ Անահիտը, ով կրում է հերոս հայրիկի հերոս մոր անունը:

Գոռը միշտ աչքի է ընկել իր հայրենասեր, բարի, անվախ և ազնիվ, անսահման նվիրված, հոգատար բնավորությամբ, ինչի շնորհիվ էլ միշտ վայելել է շրջապատի մեծ սերն ու հարգանքը: Գոռը միշտ ասել է, որ իր զինվորը պետք է լինի զգոն և հպարտ: Եվ այսօր ոչ միայն իր զինվորները, այլ բոլոր այն մարդիկ, ովքեր լսում են իր մասին, զգում են անսահման հպարտություն: Հենց այդ հպարտությունն է այժմ խոսում իմ փոխարեն…

Կապիտան Գոռ Խուդինյանը իր արիության ու հայրենասիրության համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով:

2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու ժամանակ մահացու վիրավորում է ստացել և անմահացել…

Ամփոփված է հայրենի գյուղում` Ճոճկանում:

Հերոսն ասել էր. «Ուս-ուսի պետք է պահենք էս պոստերը, որ հակառակորդը չկարողանա իր նպատակին հասնել: Եթե էս պոստերն անառիկ պահենք, իմացեք՝ մեր տունն էլ է անառիկ մնալու…»:

Հերոսի մասին կարելի է խոսել անդադար, քանի որ վերը նշված տեղեկությունները նրա հերոսական կյանքի միայն հակիրճ պատմությունն է:

Անսահման հպարտությամբ և երախտագիտությամբ խոնարհվում ենք  Ձեր առջև, Հերո՛ս Գոռ, Հերոս ծնած և դաստիարակած ծնողնե՛ր, Հերոսի գործը շարունակող հա՛յ քաջեր:

margarita ghazaryan

Հայոց բանակն իմ ընտանիքն է

Մենք հայ քաջ զինվորին ենք պարտական մեր ամեն բացվող առավոտի համար, ապրելու,  արարելու, երազելու, հույսով դեպի ապագան նայելու, մեր պատմությունը կերտելու համար:

Այժմ բանակում ծառայող երկու եղբայր ունեմ ` Միքայելը և Խաչատուրը: Ավագ եղբայրս` Միքայելը, գտնվում է ծառայության 18-րդ ամսում, իսկ կրտսեր եղբայրս` Խաչատուրը, 6 ամսվա ծառայող է: Ներսումս  անասանելի հպարտություն կա, որը բառերով անկարող եմ նկարագրել: Իմ հոգատար եղբայրները` մանկության ամենամտերիմ ընկերներս, արդեն մեծ տղաներ են, հայրենի արժանի պաշտպաններ, կա՞ սրանից ավելի մեծ հպարտություն: Նրանք երկուսն էլ իմ լավագույն ընկերներն են, այն մարդիկ են, որոնց կարող եմ վստահել և չվախենալ: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ վիճել եմ, նեղացել, սակայն երբեք երկար չի տևել, քանի որ ես լավ գիտեմ.  որքան էլ վիճենք, միևնույնն է, նրանք միշտ իմ կողքին են, հարկ եղած ժամանակ հենց նրանք են ինձ պաշտպանելու, հուսադրելու, օգնելու, որ առաջ քայլեմ, հաջողություններ ունենամ, երջանիկ լինեմ:

Եղբայրներս երկուսն էլ բնավորությամբ հանգիստ են և լի հային բնորոշ հումորով: Փոքր ժամանակվա խաղալիք զենքերին այժմ փոխարինել են իրականները: Ավագ եղբայրս հենց այս պահին էլ գտնվում է սահմանին, զենքը ձեռքին: Այսքան ժամանակ եղբայրներիցս երբեք չեմ լսել հուսահատ խոսքեր: Նրանք, եթե նույնիսկ դժվարությունների առջև են կանգնում, միևնույնն է, միշտ էլ ասում են, որ լավ են, և ամեն ինչ կարգին է: Այստեղ է հայ զինվորի ուժը…

Հայոց բանակն արդեն իր 28-րդ տարեդարձն է նշում: Հունվարի 28-ը նաև հայրիկիս` Մայիս Ղազարյանի վերածննդի օրն է, քանի որ իր պարտքը հայրենիքին տալիս` 1994 թվականի հունվարի 28-ին Քարվաճառի ազատագրման ժամանակ նա վիրավորվել է, որին անդրադարձել եմ նաև մեկ այլ հոդվածով: Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, պա՛պ ջան: Դու  ինձ համար հայրենասեր մարդու առաջին օրինակն ես: Շնորհավոր ձեր տոնը, հա՛յ զինվորներ, իմ քա՛ջ եղբայրներ, թող բարօրությունն ու խաղաղությունն իշխեն հայոց աշխարհում: Անհուն երախտագիտությամբ խոնարհվում ենք ձեր առջև, հա՛յ զինվորներ, զինվոր ծնած մայրե՛ր, զինվորին ուժ ու կորով տվող հրամանատարնե՛ր: Փա՛ռք քեզ, Հայո՛ց բանակ:

margarita ghazaryan

Նոր տարի, նոր երազանքներ

Ամանորը միշտ իր հետ բերում է նոր հույսեր, երազանքներ ու սպասելիքներ, և երբ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցած տարին, հասկանում եմ, որ շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ ողջ տարվան, դրա համար այն պետք է բաժանել տարբեր ժամանակահատվածների և այնուհետև փորձել հասկանալ, թե ինչպիսին է եղել այդ ժամանակահատվածը մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Կրկին անդրադառնալով քաղաքականությանը՝ անհրաժեշտ եմ համարում ասել, որ 2019 թվականը շրջադարձային էր ողջ հայության համար, չէ՞ որ Հայաստանի կառավարումը ժողովրդի ընտրությամբ կենտրոնացավ նոր քաղաքական ուժի ձեռքերում: Ճիշտ է՝ շատերը ինձ հետ համակարծիք չեն լինի, բայց ցանկանում եմ ասել, որ, իսկապես, հեղափոխությունը առաջ բերեց իր դրական հետևանքները, գուցե կարողանանք գտնել նաև բացասական կողմեր, բայց ավելի լավ է կենտրոնանանք դրականի վրա: Նախ ասենք, որ գրեթե բոլոր ոլորտներում թեկուզ աննշան, բայց հեղափոխության շունչը, այնուամենայնիվ, զգացվում է: Նաև չմոռանանք, որ հեղափոխությունը շարունակական գործընթաց է, և այն դեռ երկար է շարունակվելու: Այստեղից հետևություն` 2020 թվականից ևս մեծ սպասելիքներ ունենք մեր հայրենիքի բարգավաճման և առաջընթացի համար: Ինչևէ, անցնենք առաջ: Ամանորն ամենից շատ ուրախություն է պարգևում երեխաներին, քանի որ հենց նրանք են ամբողջ սրտով հավատում ամանորյա հրաշքներով լի հեքիաթի գոյությանը։ Հավատում են, որ Ձմեռ պապը Լապլանդիայից կգա և նվերներ կբերի իրենց համար, եթե, իհարկե, այդ տարի իրենց լավ են պահել։ Ես էլ ժամանակին հավատում էի, սակայն մի օր եղբորս հետ Շերլոք Հոլմս դարձած՝ բացահայտեցինք ճշմարտությունը։

2019 թվականը ինձ համար կարևոր էր նաև նրանով, որ շատ արժեքների սկսեցի նայել լրիվ այլ տեսանկյունից: Հասկացա, որ կյանքում ամենից կարևորը քեզ անկեղծ մարդկանցով շրջապատելն է, և որ ընկերությունը իրենից ներկայացնում է ավելի մեծ արժեք, քան մեզնից շատերը մինչ այս պատկերացրել ենք: Անկեղծ ընկերությունը մեր կյանքի լուսատուներից է, և բախտավոր է այն մարդը, ով իսկապես ունի իրական և հավատարիմ ընկերներ:

Ես այն մարդկանցից եմ, որ ավելի շատ գերադասում է նպատակ դնել և հասնել դրան, քան պահել երազանք, նստել բազմոցին և հավատալ, որ ինչ-որ հրաշքով երազանքը կկատարվի: Դրա համար ցանկանում եմ ասել, որ մենք ենք մեր կյանքի Ձմեռ պապը: Գուցե ծիծաղելի է հնչում, բայց իսկապես, մեր ձեռքերում են մեր կյանքը, երազանքներն ու նպատակները:

Ամանորն այն ժամանակահատվածն է, երբ բոլորիս սրտերում՝ անկախ մեր տարիքից, սեռից, ազգությունից ծնվում են մեծ հույսեր և սպասելիքներ: Սակայն ես կողմ եմ այն գաղափարին, որ այդ մեր հույսերը պետք է կապել ոչ թե տարվա, այլ ինքներս մեզ հետ: Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր անիրականանալի թվացող նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ: Վերցնենք վրձինը, որը հենց սերն ու բարությունն է, և գունավորենք մեր և ուրիշների կյանքը: Հետ բերենք այն ամենը, ինչը կորցրել ենք, բայց մեզ համար թանկ էր, իսկ հետ բերելը՝ հնարավորին: Ունենանք այն ամենը, ինչին միշտ ձգտել ենք մեր հոգու երազելու ողջ կարողությամբ: Եվ պահպանենք այն ամենը, ինչը սիրում և գնահատում ենք:

Շնորհավոր Ամանոր եվ Սուրբ Ծնունդ։