Մարգարիտա Դիլբարյանի բոլոր հրապարակումները

margarita dilbaryan

Պատիվ ունեմ

-Վա՜յ, տղերք, էս ի՞նչ օրն ա ընկել մեր բանակը:

Չգիտես` հումորով, թե լուրջ ասված այս խոսքերը հասցեատեր ունեին:

Նման «ջերմ» ընդունելության արժանացանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ոտք դրած աղջիկներս:

Շուրջ 25-30 տղաներ ակնդետ հայացքով նայում էին այն մի քանի աղջիկներիս, որոնք համարձակվել էին խախտել իրենց «տղայական» տարածքը:

Երբ միասնական քննություն ես տալիս քո մարզում, քո ծանոթ ընկերների միջավայրում, չես զգում անհարմարություն, բայց լրիվ միայնակ, համալսարանի դարպասներից ներս տված քննության ժամանակ արդեն անծանոթ մի զգացողություն է պարուրում քեզ, սկսում են աչքիդ առջևով գնալ ընկեր-ընկերուհիներդ, ովքեր արդեն մեկ ամիս է, գոնե մոտավոր գիտեն՝ ուր են ընդունվել: Իսկ մենք, որ մի «անհանգստության» դպրոց անցանք «գեներալնայա կամիսիա» կոչված բուժզննումից հետո, հիմա էլ մի շարք նորմատիվներ ենք հանձնելու ֆիզիկակական պատրաստվածությունից, ու դեռ հուլիսի 28-ին էլ մանդատային հանձնաժողովը որոշելու է «այո»-ն ու «ոչ»-ը:

Մինչև այդ օրը ամեն պահ մտածում ես՝ մասնագիտությունդ ճի՞շտ էր ընտրած, թե՝ ոչ:

Հա՜, ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ հարցը ճիշտն ու սխալը չէ: Միանշանակ, ես ճիշտ եմ ընտրել, պարզապես եթե հանկարծ չընդունվեմ, ընկերներիս նման այլ տեղ չեմ կարող սովորել, որովհետև ոչ մի այլ հայտ էլ չեմ ներկայացրել, չկա իմ մասնագիտության այլընտրանքային տարբերակը:

Հայրենիքին ծառայելը այլընտրանք չի կարող ունենալ:

margarita dilbaryan

Իմ դպրոցը

Դպրոցը դպրոց է, էլի. երկհարկանի, սովորական դպրոց, նման շատ ու շատ այլ դպրոցների: Բայց իսկական հրաշքը սկսվում է, երբ ոտք ես դնում շենքից ներս: Ուրախ ու ժպտադեմ պահակը՝ Գարուշ պապը, անկախ եղանակից, միշտ ժպտալով դիմավորում է քեզ:

Դասարանը դասարան է, էլի. քսանմեկ աշակերտանոց դասարան, նման դպրոցի մնացած շատ ու շատ դասարաններին: Ստեպ-ստեպ առօրյան հետաքրքիր դարձնելու համար տղաներից ոմանք դասի չեն նստում, ինչը որակվում է որպես «փախուստ դասից»: Գալիս է փոխտնօրենը, մի քիչ զայրանում, մի երկուսին ծիծաղելի որակումներ տալիս, ինչից մենք շատ ենք ուրախանում:

Տնօրենը… Ինձ միշտ էլ դուր է եկել կոնֆլիկտները հարթելու նրա գործելաոճը՝ արագ ու առանց ավելորդությունների:

Ոստիկանը, դե այլ ոստիկանների հետ չեմ շփվել, բայց երբ նայում եմ՝ ինչպես են զինվորների մայրերին մի մայթից մյուսը քարշ տալիս՝ ձեռքերից ու ոտքերից բռնած, կամ ինչպես են սեփական ժողովրդի վրա կրակում, մեր դպրոցինը անմեղ հրեշտակ է թվում:

Գրադարա՜նը: Մի այլ կարգի բացահայտում է: Չէ, սա նման չէ ուրիշ դպրոցների գրադարաններին, որտեղ գրական երեկոներ են կազմակերպվում, տարբեր գրողների տարելիցներ են նշում: Մեր դպրոցինը ուրիշ է, մեր գրադարանը այլ առաքելություն էլ ունի (շնորհիվ գրադարանավարուհու). հնարավորինս կուշտ ու կուռ կերակրել ողջ ուսուցչական կազմին ու աշակերտությանը, թույլ չտալ շատ օգտվել բուֆետից:

Իսկ, այ բուֆե՜տը, դա երազանքների իրականացման վայր է, ինչը շատ ու շատ աշակերտների ստիպում է դպրոց հաճախել: Սա այն վայրն է, որտեղ միախառնվում են աշակերտների երազանքներն ու գաստրոնոմիական ցանկությունները, սա դպրոցի ամենանվիրական ու ցանկալի վայրն է՝ Վիկտոր «տոտայով», իրար հրմշտող աշակերտերով, իրար գլխի վրայով փող փոխանցող ձեռքերով…

Մի քանի ամսից կավարտեմ դպրոցս, ու բազմաթիվ հուշերից ամենագունեղը բուֆետին նվիրվածը կլինի:

Օ՜ֆ, հոգնեցի:

margarita dilbaryan

Ինչ են կարոտով հիշում մեր ծնողները

Լուրը, որ հայտնեց տնօրենը, կայծակի արագությամբ տարածվեց դպրոցի երկրորդ հարկում, որտեղ միայն 8-10-րդ դասարանցիներն էին. «Ճակնդեղ»:

Իմ սերնդին ոչինչ չասող կամ ընդամենը բանջարանոցային մշակաբույսի անուն:  Բայց այդ հրաշագործ բառը որքան իմաստ ուներ տասնյակ տարիներ առաջ: Դա նշանակում էր՝ դասերից ազատում առնվազն 2 շաբաթով, նշանակում էր նոր հոգեվիճակ: Դաշտային աշխատանքներ՝ տեղի շաքարի գործարանին անհրաժեշտ բերքը ցրտահարությունից փրկելու համար: Ու այդ հայրենանվեր գործին լծվում էին բոլոր դպրոցների կոլեկտիվները, կարի ֆաբրիկայի բանվորները, բուժաշխատողները:

Գյուղատնտեսները աշխատանքին օժանդակում, բազմաթիվ խորհուրդներ էին տալիս: Ամենասպասվածը ընդմիջման ժամն էր, երբ դասարանի տղաները, «քյոզի» պատրաստությունն ավարտած, սպասում էին աղջիկներին, որ սեղանը բացեն ու նստեն հացի: Իսկ «քյոզը» կամ «փուռը», աթարի մեջ խորոված շուրջ կես պարկ կարտոֆիլն էր՝ համեղ, բուրավետ, զգլխիչ:

Ու այսպես ամեն ձմեռնամուտին՝ վերահաս ցրտահարությունից առաջ, ճակնդեղի դաշտում ավելի էին ջերմանում դասընկերների վերաբերմունքը միմյանց նկատմամբ, երբեմն անգամ սիրահարվում էին, խռովում, նորից հաշտվում:

Այս մասին ինձ ծնողներս են պատմել: Ներկայիս սերնդին համընդհանուր գործին նվիրվելու, համախմբվելու հենց այս գործոնն է պակասում, իսկ Սպիտակին՝ շաքարի գործարանի ու ճակնդեղի մշակման վերսկսումը: