Անի Ղուլինյանի բոլոր հրապարակումները

Ani Ghulinyan

Ռուսաստան 2018. քիչ մնաց

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությանը մնաց մի տարուց էլ քիչ ժամանակ, ու ինչքան օրերը մոտենում են, այնքան սպասելը դառնում է դժվար: Ֆուտբոլ սկսել եմ սիրել հավաքականների խաղերի ժամանակ՝ նախորդ աշխարհի առաջնությունից, որը, թվում է, բոլորովին վերջերս էր, բայց արդեն երեք տարի է անցել:

Ֆուտբոլային այս ողջ կրքերի արանքում ամենաշատը ռուսների բախտն է բերում: Դժվար թե առաջնությունը մեկ այլ երկրում անցկացնելու պարագայում նրանց հավաքականը խմբային փուլից այն կողմ անցներ, էլ չեմ ասում, որ մի ամիս վայելելու են այնպիսի աստղերի խաղեր, ինչպիսիք են՝ Մեսսին, Ռոնալդուն, Բուֆոնը, Ինիեստան:
Կատարյալ երջանկությունը ինձ համար այն օրը կլինի, երբ մեր հավաքականն էլ այլ թիմերի հաղթի ու վերջապես դուրս գա եզրափակիչ փուլ, երբ ներքին որակյալ առաջնություն կունենա, լավ կազմ, արդյունավետ տակտիկա, կայուն խաղ ու լավագույն հայ ֆուտբոլիստներին հրավիրելու հնարավորություն:

Հրաշալի է, երբ առաջին խաղում դրամատիկ վերջաբանով հաղթում ենք մեզնից ուժեղ թիմի, ուրախանում ենք, բայց ամեն անգամ մեկ-երկու ստացված խաղով միավորներ չես վաստակի: Իհարկե, այս շրջափուլը մեր հավաքականի համար բոլոր հնարավոր ու անհնար ձևերով ձախողված էր, խնդիրների ու սխալների մասին ժամերով կարելի է խոսել, բայց ամեն խաղից առաջ ինչ-որ բան ինձ միշտ ստիպում է հավատալ հաղթանակին:
Դեռ այսօր էլ շարունակվում է պայքարը «Մունդիալ-2018»-ի ուղեգրեր նվաճելու համար: Հավաքականների մեծամասնությունն արդեն ճամպրուկներն է հավաքում Ռուսաստան մեկնելու համար: Բայց մինչ այդ, երբ դեռ պարզ չէր Պորտուգալիան ու Արգենտինան կանցնե՞ն արդյոք հաջորդ փուլ, թե՞ ոչ, սոցցանցերում շատ էի հանդիպում ռեալ-բարսայական հակամարտության ևս մեկ ձևի, որտեղ մի մասը այն խորին համոզմունքին էր, որ Մեսսին պետք է դուրս մնա առաջնությունից, մյուս մասն էլ՝ հակառակը: Իրականում թե՛ առանց Մեսսիի, թե՛ առանց Ռոնալդուի դժվար է պատկերացնել ուժեղագույնների առաջնությունը: Վերջիվերջո, չորս տարի չենք սպասում, որ տեսնենք, թե ինչպես է մի ուժեղ թիմ ջախջախում մնացածներին, մեզ մրցակցություն է պետք, պայքար, իսկական, դիտարժան ֆուտբոլ:
Ռուսաստանը Բրազիլիան չէ, ոչ էլ երկրպագուներն են նման, բայց հուսով եմ՝ այն, ինչ կլինի հաջորդ տարի, ոչնչով չի զիջի 4 տարի առաջ եղածին:

Մնում է սպասել, իսկ ամռանը թեժ է լինելու:

Ani Ghulinyan

Իսկ ո՞րն է տարվա իմ եղանակը

Տարվա իմ եղանակին քամին իր հետ «Pink Floyd» է բերում ու խառնում մազերս:

Ու այդ նույն քամին արագ-արագ թերթում է բացված գրքիս էջերը, իսկ գրքիս մեջ երբեք էջանիշեր չկան:
Տարվա իմ եղանակին, ծառի տակ պառկած, գլխիս միառժամանակ խնձոր ու հոն է ընկնում, ու էդպես էլ չեմ հասկանում՝ հիմա ես Նյուտո՞նն եմ, թե՞ չէ:
Տարվա իմ եղանակին ամեն ինչ կանաչ է, բայց ծառերի վրա չորացած տերևներ էլ կան:
Իմ եղանակից մարդիկ չեն բողոքում ու գոհ են իրարից:
Ցերեկները երկար են, բայց գիշերներն՝ ավելի:
Այս եղանակում միշտ երազելու ժամանակ կա, ու կա մեկը, ով ճիշտ պահին ասում է, թե երբ պիտի դադարեցնես երազելը:
Մայրամուտները գեղեցիկ են, բայց արևածագերն՝ ավելի:
Կարոտ գոյություն չունի, որովհետև մարդիկ երբեք չեն հեռանում:
Այստեղ անձրևին Հախվերդյան են լսում, տաք եղանակին՝ «Imagine Dragons», իսկ ընդմիջումներին՝ «The Beatles»:
Այս եղանակին ոչ ոք չի շտապում, ժամանակը հերիքում է:
Ժամանակ կա այնքան, որ ասվեն չասված բառերը, գրվեն չգրված գրքերն ու պատասխանվեն անպատասխան մնացած ու վայրկյանով սպասված նամակները:
Այս եղանակը երազելու եղանակ է, անվերջ, անսահման երազելու, լավագույն գաղափարներն իրագործելու, ամենալավ խոստովանություններն անելու, հարազատ մարդկանց ու ինքդ քեզ վայելելու ժամանակն է:

Լավ է, երբ Դսեղում աշխուժություն է

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Այսօր գյուղիս փողոցները նորից մարդաշատ էին, իսկ մեր գյուղում մարդաշատ լինում է, երբ այլ տեղից հյուրեր ենք ունենում: Հավանաբար կհիշեք, որ ամիսներ առաջ խոսվում էր բարերար Արմեն Տիգրանյանի և Մշակույթի նախարարության համագործակցության մասին, որը ուղղված էր Դսեղում` Թումանյանի թանգարանի բակում և հրապարակում թեմատիկ արձաններ ստեղծելուն: Այսօր այն ոչ թե ծրագիր է, այլ իրականություն: Ամռանը, մեկ ամսվա ընթացքում երիտասարդ քանդակագործները Դսեղում տուֆից կերտում էին Թումանյանի ստեղծագործությունների հերոսներին, որոնց կարող եք տեսնել, երբ տուն-թանգարան գալիս լինեք: Իսկ թանգարանի բակում հերոսները ոչ թե տուֆից են, այլ փայտից: Ծրագրի շրջանակներում այցելուների համար բակում նաև տաղավար է կառուցվել:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Այսօր արդեն կատարած աշխատանքը ամփոփելու ժամանակն էր: Այդ առիթով Դսեղում էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ամերիկահայ երաժիշտ, բարեգործ Աշոտ Տիգրանյանը և այլոք: Վերջիններս թանգարանի բակում մեկական ծառ տնկեցին, կատարեցին տաղավարի ու քանդակների բացումը ու նշեցին, որ Դսեղում անցկացվող միջոցառումներն ու ծրագրերը այսքանով չեն ավարտվում: Այս ամենին հաջորդեց փոքրիկ համերգ Դսեղի պարային համույթի, ասմունքողների և թատերական խմբակի մասնակցությամբ: Վերջում էլ հյուրերը շրջեցին հրապարակով ` մոտիկից ծանոթանալու քանդակներին:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

 

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Նշեմ նաև, որ օրեր առաջ Դսեղում տեղի ունեցավ ամենամյա տիկնիկային փառատոնի բացումը, որը նախկինում մեկից երկու շաբաթ տևողությամբ հյուրընկալում էր Դսեղը, իսկ այսօր այն շրջում է Հայաստանի մարզերով, և մեզ մոտ հատուկենտ ներկայացումներ են լինում:

Ani Ghulinyan

Երբ ինքդ քեզնից շատ բան չես հասկանում

Նախկինում, երբ գյուղից հաճախ չէի դուրս գալիս, մտածում էի, որ եթե գնամ, երբեք չեմ կարոտի:  Սկսում էի ձանձրանալ, որովհետև ամեն մի ծառն ու թուփն անգիր գիտեի: Իսկ երբ արձակուրդներին  տան երես չէի տեսնում, տեսած ժամանակ էլ միշտ շտապելով, միշտ ինչ-որ բանից ուշանալով, նկատել եմ, որ անգիր իմացածս ծառերը կտրված են, իսկ դրանց տեղում նոր` լրիվ անծանոթ թփեր են աճել: Ինձ ծանոթ մարդկանից շատերն էլ այլևս չկան: Սկզբից նրանց գնալը տարօրինակ է, հետո գնալուն էլ ես սովորում,  հրաժեշտները դառնում են առօրեական  ու առանց ավելորդ արցունքների:
Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկը խնդրում էր օգնել, որ իմ տեսանկյունից սահմանեմ «կարոտ» բառը, այն ժամանակ հիմարաբար ասացի, որ երբեք իրական կարոտ չեմ զգացել, հետևաբար այն սահմանել չեմ կարող: Դրա պատճառը իմ կարճաժամկետ հիշողությունն է, որ տարածվում է ոչ միայն իրադարձությունների, այլև զգացողությունների վրա: Մոռացել եմ, թե ինչքան ուժգին էի կարոտում հորս, երբ նա մի քանի ամսով բացակայում էր: Հիմա այդ կարոտը ինչ-որ հեռավոր բան է թվում, որովհետև նա կողքիս է: Հիմա մենք լրացնում ենք «կարոտի ժամանակների» բացը:
Այս անտեր կարոտը (ինչպես ամեն վատ բան) գալիս է այն ժամանակ, երբ ամենից քիչն ես դրան սպասում:
Մեկ-մեկ ես կարոտում եմ գյուղիս պարապությունը, երբ կարող ես ժամերով պառկել ճոճի վրա ու ոչինչ չանել: Այդ ոչինչ չանելը շատ բան անելուց հետո այնքան հաճելի է:
Կարոտում եմ նաև ութերորդ դասարանի աշխարհագրությունը իր քարտեզներով, գրականությունը` միայն իմ սիրելի գրողներով, ու երկրաչափությունը` դեռևս հեշտ ու պարզ խնդիրներով: Կարոտում  եմ և ինձ` տասներկու տարեկան Անիին, որի միակ մտահոգությունը օրագրի մեջ «ութ» չստանալն էր, որի համար մասնագիտական ընտրության խնդիրն ու դպրոցն ավարտելու ժամանակն այնքան հեռու էին թվում:
Մեկ-մեկ սարսափում եմ այն մտքից, որ մի օր երեսուն տարեկան եմ լինելու: Ինձ համար երեսունը երիտասարդությունը ավարտելու հետ է ասոցացվում: Մայրս ասում է, որ դեռ վաղ է նման բաների մասին մտածելու համար, իսկ ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է:

Անտեսելով հեռավորությունն ու կարծրատիպերը

Վերջին շրջանում, եթե ինչ-որ տեղ իմ անունը հանդիպած լինեք, պիտի նրա կողքին մեկ այլ անուն էլ նկատեիք՝ Մկրտչյան Անուշինը, որը շատ է սիրում իր գյուղը, ֆուտբոլ ու ապագա դիվանագետ է: Ամռան սկզբին՝ «ՖեմՔեմփին» մասնակցելիս (դրա մասին արդեն պատմել ենք), մեզ հանձնարարվեց մի ծրագիր կազմել, որը կկարողանանք իրականացնել փոքր դրամաշնորհի շրջանակներում: Սկզբում, քանի որ մասնակից մյուս խմբերը կազմված էին տարիքով ավելի մեծ ու ավելի փորձառու մարդկանցից, կարծում էինք, որ մեր ծրագիրը հեռանկարային չէ, բայց, միևնույնն է, գրում էինք: Ծրագրի վերջնաժամկետը հուլիսի վերջին էր, ու այն ներկայացնելուց հետո այնքան գործեր կուտակվեցին երկուսիս համար էլ, որ նույնիսկ իմանալով դրամաշնորհը հաղթելու մասին՝ այնքան էլ խանդավառված չէինք, բայց ինչ-որ լավ բան անելու ձգտումը միշտ ոգևորում էր:

Մեր ծրագիրը, որը կրում էր «Կինը, սպորտը և գենդերը» անվանումը, իր մեջ ներառում էր 4 դասընթաց քսան մեզ հասակակից աղջիկների համար Դսեղում և Շենիկում: Իսկ ամենահետաքրքիրը վերջում էր՝ մենք կտրեցինք մի ամբողջ չորս ժամվա ճանապարհ, որ հասնենք Շենիկ, խաղանք նրանց աղջիկների ֆուտբոլի թիմի հետ ու պարտվենք 3:0 հաշվով, վերջում էլ, ի նշան բարեկամության, օդապարիկներ թռցնենք, մենք՝ մեզ մոտ, շենիկցիներն էլ՝ իրենց: Ի սկզբանե ծրագրի նպատակն էր մեր համայնքի աղջիկներին օգնել ինքնավստահ ու նպատակասլաց դառնալ, գնալ իրենց երազանքների հետևից, այն մեծամասամբ կրում էր սպորտային բնույթ և փորձում էր ապացուցել, որ սպորտը հարթակ է երկու սեռերի համար հավասարապես: Մենք չէինք ակնկալում, որ ծրագրի վերջում ողջ Հայաստանում բոլոր ֆուտբոլասեր աղջիկները սկսելու են զբաղվել ֆուտբոլով, ու բոլոր պահպանողական ընտանիքներն էլ թույլ են տալու դա, բայց ինչպես Անուշն է նշել մի հարցազրույցում. «Ծրագրի վերջում բոլորն էլ ոգևորված էին, հատկապես՝ տղաները:
Վերջում մեզ չէին ասում, որ ֆուտբոլը աղջկա խաղ չէ, այլ հարցնում էին, թե մյուս խաղը երբ է լինելու»:

Ani Ghulinyan

Ինչ էր պատմում ուղեկիցս

Մի անգամ մի մարդ, որ ինձնից շատ մեծ էր, ինձ Վանաձոր տանելիս ճանապարհին նայելով պատմում էր, թե ինչպես է Ռուսաց Նիկոլայ կայսրը հրամայել, որ կառուցեն այս ճանապարհը, որը մեր գյուղ է տանում, բայց գլխավոր ճանապարհը չէ: Ասում էր՝ եթե նա իմանար, որ մի օր այստեղով մեքենաներ են անցնելու, հաստատ ավելի լայն կկառուցեր:

Պատմում էր նաև, թե ինչքան շատ մարդ կար մեր գյուղում Հովհաննես Թումանյանի 100-ամյակին, որ այդ օրվանից 48 տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում է, թե ինչպես էր իր ընկերների հետ առաջին շարքերում կանգնած դիտում, թե ոնց են Խորհրդային Միության հայտնի դեմքերն անցնում Դսեղի փողոցներով: Պատմում էր նաև, որ Հովհաննես Բաղրամյանը մի տան շեմքին հաց ուտելուց հետո բարձրաձայն ասել է, որ դսեղեցիք իր տեսած ամենահյուրընկալ ժողովուրդն են: Այդ օրերին մեր գյուղում ասեղ գցելու տեղ չի եղել, բոլոր ճանապարհները փակված են եղել, բոլոր տներում՝ հյուրեր: Ասում են, որ 150-ամյակին էլ մի այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, բայց նախորդ տարեդարձներին եկած մարդկանց թիվն ընդհանրապես հուսադրող չէ:
Տարիքով բավականին մեծ այդ մարդը, որի հետ ես ճանապարհ էի գնում, ասում էր, որ ամեն օր ցանկություն է պահում, որ մի օր էլ այդ նույն ճանապարհով Դսեղ գա՝ Թումանյանի հարյուր հիսուն ամյակին, ու նոր մեռնի:

Մեծերից այնքան հետաքրքիր պատմություններ կարելի է լսել, մանավանդ՝ նախորդ դարի կեսերի պատմություններ, պարզապես պետք է ականջ դնել ու հետաքրքրվել, նրանք հաստատ կուզենան պատմել իրենց երիտասարդական հիշողություններից, որովհետև ասում են՝ երիտասարդ տարիներիդ մասին ուրիշներին պատմելով՝ կարող ես մտովի հետ բերել քո երիտասարդությունը:

Սահմանից այս ու այն կողմ

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Միշտ ցանկացել եմ մի օր դուրս գալ երկրից, որովհետև վախենում էի ու հիմա էլ վախենում եմ, որ աշխարհի այն բոլոր հողակտորները, որոնց մասին ես այդպես երազում եմ, ինձ ձեռքով կանեն միայն համակարգչի էկրանից:

Այս տարի դուրս եկա, թեկուզ՝ միայն հարևան երկիր, թեկուզ՝ կարճ ժամանակով, բայց ամեն ինչ փոքր քայլերից է սկսվում: Ճանապարհորդելու իմ ցանկության գլխավոր շարժառիթը նոր զգացողություններ գտնելն է, իմ երկրում ես համարյա թե սպառել եմ դրանք:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Կյանքիդ առաջին անձնագրի մեջ դրվող առաջին կնիքի ձայնը, որ ականջներիցդ հասնում է սրտիդ ու ստիպում թրթռալ, ոչնչի հետ չես փոխարինի, ոչ էլ ծովի ափին գիրք կարդալը կամ ալիքները, որոնց հետ միշտ ուզում ես խաղալ: Չորս տարերքներից իմը միշտ էլ ջուրն է եղել:
Ու հարևան երկրում առաջին անգամ ես զգացի, թե ինչքան վատ է լեզու չիմանալը: Դասարանում նստած 10 տարի ռուսերեն սովորելը, միևնույնն է, չի օգնում պարզ շփվել:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Իմ ամառային մեկշաբաթյա ծովային հանգստի մեջ ինձ ամենաշատը անսահմանափակությունն է գրավում: Այն մարդիկ, որոնց հետ դու շփվում ես, ֆուտբոլ նայում, վոլեյբոլ խաղում, այն զգացողությունները, որ ունենում ես, այլևս քեզ հետ չեն վերադառնալիս: Այդ ամենը մնում է մեկ շաբաթվա յոթ օրերի արանքում, դրանք նման են ծովի ափին ավազով գրված բառերին՝ ժամանակավոր են:

Ani Ghulinyan

Լռակյաց կամ շատախոս

Տեղից տեղ տեղափոխվելու գլխավոր առավելությունն ինձ համար նոր մարդկանց տեսնելն է, ուղղակի տեսնելը, անգամ եթե մի քանի օրից նրանց այլևս չես հիշելու, իսկ եթե հիշելու ես՝ ավելի լավ:

Երբ ինչ-որ անծանոթ մեկի հետ ճանապարհ ես գնում ու ցանկանում ես քիչ խոսել՝ ցույց տալու համար, որ լուրջ մարդ ես ու տեղի-անտեղի չես խոսում, որոշ ժամանակ անց արդեն ծանոթ դարձած ծառերն ու ճանապարհի եզրային արգելապատնեշները ձանձրացնում են, ու ինքդ ես խոսակցության թեմա փնտրում:
Վերջերս սովորականից շատ եմ այստեղ-այնտեղ գնում, ու ավելի հաճախ՝ մենակ: Մենակ տաքսիով կամ ինչ-որ այլ մեքենայով երթևեկելը ազատ զրուցելու հնարավորություն է տալիս: Երբ վարորդի հետ զրուցում ես քեզ համար բարդ հարցերի շուրջ, քննարկում ես, բանավիճում, վերջում ամեն բան մնում է մեքենայի դռների արանքում, դու նրա համար հերթական հաճախորդ ես, իսկ նա քեզ համար հերթական տաքսիստ, ու հավանականությունը, որ դուք մի օր էլի կհանդիպեք, փոքր է:

Տաքսու վարորդները շատ հետաքրքիր մարդիկ են, նրանցից ոչ ոք մանկուց տաքսիստ դառնալ չի երազել: Մեկին՝ անհաջող բիզնեսը, մեկին՝ երկարաժամկետ գործազրկությունը, մյուսին էլ՝ վարկերն են ստիպել աշխատել: Գուցե կան նաև այս գործով հաճույքով զբաղվողներ, ուղղակի ես չգիտեմ:

Իմ երազանքները երբեք յուրահատուկ չեն եղել, ես չեմ ցանկացել տրոլեյբուսի վարորդ կամ մետրոյում ժետոն վաճառող լինել: Երազանքներս դասական էին՝ սկզբում՝ բժիշկ, հետո՝ ուսուցիչ, լրագրող, իսկ հիմա այդպես էլ չեմ հասկանում՝ վերջիվերջո ինչ եմ երազում, այնպես որ, եթե ինչ-որ մեկի երազանքը տաքսիստ լինելն է եղել, ես դրանից միայն ուրախ եմ:
Իհարկե, կարելի է մեկ ժամ ճանապարհ գնալիս դնել ականջակալները, մի հաճելի երաժշտություն միացնել, գլուխը հենել մեքենայի պատուհանին ու շարժվող օբյեկտներին նայելով՝ ինչ-որ բանի մասին երազել, բայց ինձ համար միշտ էլ ավելի հաճելի կլինի ինչ-որ մեկի հետ զրուցել, որովհետև եթե անընդհատ երազում ես, բոլոր օրերը նման են լինում, իսկ երբ զրուցում ես, օրերը սկսում են տարբերվել:

Միասին, բազմազան ու համերաշխ

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Հուլիսի 27-ին «Հասարակություն առանց Բռնության» ՀԿ-ն իր ամենամյա իրազեկող միջոցառումն էր անց կացնում, այս անգամ Արմավիր քաղաքում ` «Միասին, բազմազան ու համերաշխ» անունով: Ամենամյա միջոցառումը ամեն տարի անց է կացվում տարբեր մարզերում, որը նպատակ ունի կանանց իրավունքների մասին տեղեկատվությունը տարածել երկրի տարբեր մասերում:

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Սկզբում Արմավիրի քաղաքացիների վրա իրենց ուշադրությունը հրավիրելու համար աղջիկներից մի քանիսը ներկայացրեցին իրենց պատրաստած մանիֆեստները, որոնք իրենց մեջ ներառում էին կոչ` ուղղված հասարակության մեջ կնոջ դերը գիտակցելուն ու բռնություններից խուսափելուն: Կանանցից ոմանք գալիս, մի քանի րոպե կանգնում էին, լսում, հետո հեռանում` իրենց հետ որոշակի տեղեկատվություն, ու մինչև այժմ ապրած կյանքի մասին մտորումներ տանելով, ոմանք, երբ լսում էին, որ խոսքը իրենց այդպես էլ չիմացած իրավունքների մասին է, մոտ չէին գալիս, բայց կային և այնպիսիները (և բարաբախտաբար մեծամասնությունը), որ գալիս էին, լսում, կարծիք հայտնում, մասնակցում քննարկումներին:

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Եկող-գնացողները կարում էին նաև կանանց համերաշխության վերմակը, ամենատարբեր ու գունավոր կտորներից, որը հենց խորհրդանշում է կանաց բազմազանությունը, բայց միևնույն ժամանակ, միասնականությունը: Հետագայում վերմակը հանձնվելու է ժամանակակից արվեստի թանգարանին:

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Ամեն մի կայացած այսպիսի միջոցառում թեկուզ և մեկ կնոջ օգնում է արժեվորել իրեն, դառնալ ավելի ինքնավստահ ու կայացած: Բայց և այնպես, մեկ միջոցառումը հրաշք չի գործելու` տղամարդկանցից ոմանք չեն դադարելու ծեծել իրենց կանաց, կանայք էլ չեն բողոքելու, աղջիկներից մեկ-երկուսին գուցե այդպես էլ թույլ չտան կարատեիստ ու ֆուտբոլիստ դառնալ, ու նրանք էլ չպայքարեն դրա համար, բայց ծովը կազմված է կաթիլներից, ու ցանկացած լավ արդյունք իրենից հետևողական աշխատանք է ենթադրում, իսկ իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն է:

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Լուսանկարը՝ Հասարակություն առանց բռնության ՀԿ

Ani Ghulinyan

Հոդվածի հետքերով

Ամիսներ առաջ Վահե Ստեփանյանը մի նյութ էր գրել Դեն Բրաունի ու նրա չորս ամենահայտնի գրքերի մասին: Եթե նա իր նյութը այսօր գրած լիներ, ես իրոք «հետ կընկնեի բազկաթոռիս մեջ ու կժպտայի», բայց այն ժամանակ փորփրեցի համացանցն ու էլեկտրոնային տարբերակով հայերեն գտա Դեն Բրաուն անունով քեռու չորս գրքերից միայն մեկը` «Հրեշտակներ և հրեշներ»: Դե, բնականաբար, շատ արագ կարդացվեց, ու մոտ մեկ ամիս ես գրքի ազդեցության տակ էի: Ֆիլմը բավականին զիջում է գրքին, մյուս երկու ֆիլմերի մասին բան չունեմ ասելու, որովհետև չեմ կարդացել դրանց գրքերը, բայց էս մեկը հաստատ հաջողված չէր: Պրոֆեսոր Լենգդոնի դերը Թոմ Հենքսը, ինչ խոսք, լավ է խաղում, բայց ֆիլմից հանված էին որոշ դետալներ, որոնք ֆիլմը ավելի անկանխատեսելի կդարձնեին:

Ամենահաճելին գրքում պատմական փաստերի առկայությունն է: Ինչքան էլ մտածես, որ հեղինակը զարկ է տվել երևակայությանն ու անհավատալի բաներ գրել, պատմական փաստերին չհավատալ չես կարող: Չնայած՝ պիտի խոստովանեմ, որ մի պահ գրքի ամբողջ բովանդակությունն ինձ համար անքննելի ճշմարտություն էր դարձել, կամ, գուցե այդպես է, ո՞վ է գլուխ հանում: Մեկ էլ լատիներեն տերմիններն ու դարձվածքներն են լավը, ու պատմական, մազերը բիզ-բիզ կանգնելու չափ հետաքրքիր փաստերը, մանավանդ՝ կաթոլիկ եկեղեցու մասին: Դե, եթե Վատիկան, ուրեմն՝ ինտրիգներ, գաղտնիքներ ու առասպելներ: Դեն Բրաունը շատ ճիշտ տեղից է բռնել, զարմանալի չէ, որ եկեղեցին այնքան էլ կողմ չէ նրա գրքերի տարածմանը: