Անի Ղուլինյանի բոլոր հրապարակումները

Ani Ghulinyan

Չծխե՛լ

Շատերդ լսած կլինեք հասարակական վայրերում ծխելն արգելելու օրենքի մասին, ու մինչև վեցերորդ գումարման Ազգային ժողովը կհասցներ օրենքը քննարկման դնել, այն բուռն արձագանք գտավ հասարակության մեջ:

Տարբեր առիթներով այս տարի սովորականից ավելի մեծ թվով ծխող մարդկանց հետ ծանոթացա, ու եթե առիթ էր լինում, հարցնում էի, թե ինչ կարծիք ունեն նոր օրենքի մասին: Ծխողների մի մասը դեմ չէր դրան, սեփական իրավունքների ոչ մի ոտնահարում չէր տեսնում, դեռ ավելին՝ մեկն էլ ասաց, որ շուտ պիտի նման օրենք ընդունեին:
Սա գործի լուսավոր կողմն է: Մարդկանց մի խումբ էլ կա, որոնք այն կարծիքին են, որ չարժե չծխողների առողջությանը չվնասելու համար որևէ նեղություն կրել և ծխել հատուկ սահմանված վայրերում:
Ես ինքս ծխախոտի ու ծխողների հանդեպ ոչինչ չունեմ. սեփական օրգանիզմը թունավորելը ամեն մարդու անձնական խնդիրն է, դրանից հաճույք ստանալ կամ չստանալն էլ՝ սեփական իրավունքը, բայց երբ այդ իրավունքը հակասում է մեկ այլ մարդու առողջ ապրելու իրավունքին, դիմացինի մոտ ծխելը նրա հանդեպ դառնում է հանցագործություն:
Ղեկին ծխելն արգելվում է, չէ՞: Բայց մեզանից քանի՞սն են տեսել երթուղային տաքսու վարորդին ծխելիս. երևի բոլորս, իսկ քանի՞սն են բողոքել նրա դեմ մեր առողջությունը վնասելու համար. ոչ ոք:
Նախորդ ամիսներին այս առիթվ շատ կարծիքների էի հանդիպում. մի մասն ասում էր, որ նման փորձ կիրառել են նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, բայց դրանից ծխողների քանակը չի պակասել, այլ «արգելված պտուղն ավելի քաղցր է» ձևաչափով ավելի է շատացել: Բայց այն փաստը, որ եվրոպական մի շարք երկրներում փողոցով քայլելիս դիմացինդ դեմքիդ չի արտաշնչի այդ թույնը, ավելի հուսադրող է: Նպատակը ոչ թե ծխողների քանակի կրճատումն է, այլ չծխողների առողջության պահպանումը, որովհետև մեկ-մեկ պասիվ ծխողների թոքերն ավելի աղտոտված են, քան հենց ծխողներինը:

ՖեմՔեմփ

Մեզ համար կարևոր բաների մասին խոսելը միշտ էլ ամենադժվարն է, դրա համար մի կերպ եմ հաղթահարում «ՖեմՔեմփ»-ի մասին չպատմելու ցանկությունս: Մի տեսակ՝ իմ ունեցածը ուրիշին տալու վախ կա մեջս, բայց լավ, կպատմեմ:

Ես մեկն եմ 209 համարի աղջիկներից, որը հայտնվել էր ֆեմինիստական ֆորումում: Հանգստացի՛ր: Այս բարդ բառն ունի շատ պարզ բացատրություն: Ֆեմինիզմը գաղափարախոսություն է, որի նպատակը կանանց իրավունքների հավասարության սահմանումն է:

Այո, Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում ու պայքարում են կանանց իրավունքների համար: Այդ մարդկանց մի հաճելի խումբ աշխատում է «Հասարակությունն առանց բռնության» կազմակերպությունում: Հենց այդ մարդկանց «թեթև ձեռքով» էի ընտրվել որպես ֆորումի մասնակից:

Ճամբարի ընթացքում տեղի են ունենում բանախոսություններ՝ գենդերային անհավասարությունների, կանանց իրավունքների, մեդիայում սեքսիզմի առկայության, կանանց և գիտության, կանանց և քաղաքականության թեմաներով: Անչափ հետաքրքիր թեմաներով լի դասընթացներն ուղեկցվում են հաճելի ու ընկերական տաք միջավայրով:

Եվ ամենահաճելիի մասին. բախտի բերմամբ իմ կյանքի բոլոր ուրախ պահերին իմ կողքին է վաստակավոր 17-ցի Անի Ղուլինյանը, ում հետ մենք ճամբարի միակ 15 տարեկաններն էինք: Ափսոս, որ մենք քույրեր չենք, որովհետև բոլորն այդպես էին կարծում:

Գրում էի, ու որքան էլ ինձ ստիպում էի զգացմունքային չլինել, պիտի ասեմ: Ես արդեն կարոտում եմ բոլորին: Ես զգում եմ, որ ֆեմինիզմի մի մասնիկ իմ մեջ բնակություն է հաստատել, ու ես կօգնեմ նրան մեծ տուն կառուցել, որը կբավականացնի բոլոր կանանց՝ ապրելու իրենց իրավունքների գիտակցմամբ ու պաշտպանությամբ:

Անուշ Մկրտչյան

Մեծերի միջավայրում

Ոչ մի անգամ ինձանից մեծերի շրջապատում ինձ այնքան լավ չէի զգացել, որքան «ՖեմՔեմփ 2017»-ում: Ճամբարի հայտի մեջ տարիքային սահմանափակում կար, բայց չէի պատկերացնի, որ առաջին անգամ իմ գնացած ճամբարներից որևէ մեկում ես ամենափոքրը կլինեմ: Ինչպես հետո նշեցին կազմակերպիչները՝ 15 տարեկաններին ֆորումում ներառել չէին պատրաստվում, բայց իմ ու Անուշ Մկրտչյանի հայտերը հավանել են և որոշել հրավիրել:
Դե, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ բախտս բերեց, ու ֆորումը շատ հետաքրքիր էր: Այնտեղ ես ինձ մեծ էի զգում, բայց և ուրախ էի, որ մեծ չեմ:
Ինձ հետ էր նաև արդեն սովորություն դարձած անտեղյակությունը՝ սպասվելիք լավ բաների նկատմամբ: Այդ անտեղյակությունն ինձ հետ էր, երբ առաջին անգամ «Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացին էի գնում: Ամեն անգամ, երբ մի լավ ճամբարի հայտ եմ լրացնում, միշտ այդպես է լինում: Երևի կյանքը շատ է սիրում ինձ անակնկալներ մատուցել, կամ էլ՝ ես ինքս ինձ:
Ֆորումում օգտակար տեղեկատվություն ստանալուց բացի ինձ համար նոր մարդկանց բացահայտեցի: Մեկին, ով բոլորին լսում, բայց շատ քիչ էր խոսում, մեկին, ում տեսնելով՝ բոլորը մտածում են, որ էլի են տեսել, մեկին, ում հանգստությանը նախանձել կարելի էր միայն: Բացահայտեցի նաև ինձ:
Արդեն զգում եմ, որ պատանեկությունս կամաց-կամաց անցնում է՝ տեղը զիջելով երիտասարդությանը, բայց ասեմ՝ շատ լավ է անցնում:

Անի Ղուլինյան

Ճամփորդել երազողի ճանապարհային մտորումներից

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Հայտնի կամ անհայտ մարդկանցից մեկը, որի անունը մնացած կարևոր բաների հետ չեմ հիշում, ասել է, որ ճամփորդելու ու աշխարհը ճանաչելու համար բավական է ցատկել մի մեքենայի մեջ ու անընդհատ շարժվել, և ես իմ հնարավորությունների չափով հետևում եմ նրա խորհրդին:
Ճանապարհները միակ բանն են, որոնցից ես չեմ հոգնի, Հայաստանից էլ, գրքերից, մարդկանցից էլ, ու երևի այն բոլոր բաներից, որոնց մեջ դեռ բացահայտելու ինչ որ բան է մնացել:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Երբ քեզ թվում է, որ համարյա վերջացրել ես Հայաստանի բացահայտման գործընթացը, հայտնվում են մեկը մեկից մեկուսի, մեկը մեկից հետաքրքիր վայրեր, որտեղ չայցելելը հանցանք է: Եվ անընդհատ քո երկրով կամ առհասարակ շրջելու մեջ միայն մի վատ բան կա, որ գոյություն ունեն վայրեր, որոնցից այդպես էլ «հավեսդ» չես հանում: Այ օրինակ, Գյումրին` քաղաք, ուր միշտ ուզում ես վերադառնալ: Կամ Արագած լեռ` չնայած ճնշման նվազմանը, հիվանդացնող ցրտին ու վտանգավոր ճանապարհին, բարձունքը միշտ ձգում է, որովհետև իր մեջ թաքցնում է ամեն ինչին վերևից նայելու հաճույքը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ընկերներիցս մեկն ասում է, որ մեր աչքը արդեն սովորել է մեր մոտի՝ Լոռու բնությանը, դրա համար ուրիշ տեղերինը ավելի հետաքրքիր է թվում: Դե էդպես է` բոլորն էլ ձգտում են նրան, ինչը չունեն:
Երբ սեփական հարմարավետության շրջանակից դուրս գալու համարձակություն ես ունենում, ու թողնում ես այն, ինչ արդեն սովորական է, ամեն նոր տերև սկսում է այլ կերպ խշշալ, քամին այլ կերպ է փչում, երկինքը ավելի կապույտ է դառնում:
Մի ամբողջ կյանքը այդպես էլ չի հերիքի բացահայտելու աշխարհիս ամեն անկյունը, չնայած մի կյանքն ինչ է` հազիվ մեկ դար, մարդկության ստեղծումից մինչև այսօրն ընկած ժամանակն էլ չէր հերիքի:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Եթե ինձ մնար, այսօր ևեթ մի հեծանիվ ու անձնագիր ձեռք կբերեի, Վրաստանով կանցնեի Սև ծով, այնտեղից՝ Եվրոպա, իսկ հետո դեպի օվկիանոս, դեպի Լատինական Ամերիկա, դեպի երազանք:

Իսկ առայժմ, երբ ամեն ինչ ինձ չի մնում, կարելի է և սահմանափակվել մեր 29.8 հազարով, պոկել պատանեկությունից բոլոր լավ բաները ու վայելել հարազատ մարդկանց հետ անցկացրած ժամանակը:

Աղջիկները խաղում են ֆուտբոլ

Երեկ ավարտվեց Լոռու մարզի աղջիկների ֆուտբոլի գարնանային առաջնությունը: Ոչ առաջնության, ոչ էլ ավարտի մասին համոզված եմ տեղյակ չեք, որովհետև հեռուստատեսությամբ այդ մասին չեն խոսում, երևի թե անկարևոր թեմա են համարում: Չէ որ նշանավոր ֆուտբոլիստների անձնական կյանքի մանրամասները հանրությանը տեղեկացնելը ավելի առաջնային ու հետաքրքիր է:

Բայց առաջնությունից պատմեմ: Մասնակցում էին ութ թիմեր, երկուսը՝ Տավուշի, մնացածը՝ Լոռու մարզից: Բոլոր թիմերն էլ պայքարել են հաղթանակի համար, ու մինչև վերջին վայրկյանը հաղթողի անվան վերաբերյալ ինտրիգը պահպանվում էր: Վերջին որոշիչ խաղն էլ անցավ դրամատիկ ու անզիջում պայքարում: Հավաստիացնում եմ, այս խաղը դիտելով էլ երբեք չէիք ասի, որ աղջիկները ֆուտբոլ խաղալ չգիտեն: Ի վերջո մեկ միավորի տարբերությամբ հաղթեց Ալավերդու առաջին թիմը:
Թե հաղթողներին, թե մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ խորհրդանշական հավաքականում ընդգրկվածներին` լավագույն հարձակվող, դարպասապահ և այլն, հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:
Հետևելով վերջին օրվա զարգացումներին, զրուցեցի մարզիչների, կազմակերպիչների ու երեխաների հետ:
Օրինակ, Մանեն արժանացավ լավագույն դարպասապահի մրցանակին:

-Ողջույն, Մանե, կարո՞ղ ես մի քիչ պատմել քո մասին:
-Ես Այդինյան Մանեն եմ, խաղում եմ Ալավերդի 1 թիմում որպես դարպասապահ:

-Դու ֆուտբոլում ընտրել ես դարպասապահի դիրքը, ի՞նչն է քեզ գրավում այդ դիրքում:
-Կարծում եմ, որ դարպասապահը կատարում է գլխավոր դերը թիմում, և շատ դեպքերում լավ դարպասապահը ստացված խաղի հիմնական գրավականն է: Եթե դարպասապահ չլինեի, պաշտպանի դիրքում կխաղայի:

-Ո՞րն է ձեր թիմի հաջողության գրավականը:
-Թիմային աշխատանքը, համարձակությունը և նպատակին հասնելու ձգտումը:

- Ի՞նչ տվեց քեզ այս առաջնությունը:
-Նախ և առաջ, գիտելիքներ մինի ֆուտբոլի մասին, կանոններ, որոնց մասին մինչ այդ անտեղյակ էի:

-Ի՞նչ անձնային հատկանիշներ են պետք մարդուն լավ դարպասապահ լինելու համար:
-Կատարյալ ուշադրություն, ինքնավստահություն և ճարպկություն:

-Մեծ ֆուտբոլում ո՞ր դարպասապահն է քեզ ոգեշնչում:
- Ջանլուիջի Բուֆոնը:

Իսկ Հասմիկը և իր խաղընկեր Նելլին առաջնության ամենաակտիվ խաղացողներ ճանաչվեցին:

-Բարև ձեզ: Ես Հասմիկ Ղազարյանն եմ՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղից, և խաղում եմ համանուն ֆուտբոլի թիմում:

- Հասմիկ, ի՞նչ տվեց քեզ ֆուտբոլը և, մասնավորապես, այս առաջնությունը:
- Այն ինձ սովորեցրեց, որ երբեք պետք չէ հուսահատվել, ստիպեց մտածել, որ ես կարող եմ խաղալ ֆուտբոլ, և որ երբեք ուշ չէ սիրած գործով զբաղվելու համար: Սովորեցի համագործակցել թիմի հետ, միշտ նրանց կողքին լինել ու պայքարել երազանքի համար:

-Իսկ ի՞նչ ես կարծում, ինչո՞վ է առանձնանում աղջիկների ֆուտբոլը տղաների ֆուտբոլից:
- Միայն նրանով, որ մարդիկ չեն հավատում, որ աղջիկները կարող են ֆուտբոլ խաղալ տղաներին հավասար, դեռ մի բան էլ ավելի: Այսօր Հայաստանում աղջիկներին պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու համար պետք է հաղթահարել մի շարք կարծրատիպեր, իսկ այս առաջնությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում նրանց:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր ցանկություն ունեն սպորտով զբաղվելու, բայց կոմպլեքսավորվում են:
-Խորհուրդ կտամ հաշվի նստել միայն սեփական կարծիքի հետ, ամեն գնով հասնել դրված նպատակին: Ոչ մի նշանակություն չունի, եթե ասեն, թե իբր աղջիկը սպորտի համար չէ, կամ աղջիկը ֆուտբոլի համար չէ:

Աղջիկներին մարզելու դժվարությունների մասին զրուցեցի նաև Ալավերդի 2-ի մարզիչ`Վարուժան Մկրտչյանի հետ:

- Որքան գիտեմ, մարզել եք նաև տղաներին: Ի՞նչ տարբերություն եք տեսնում նրանց մարզելու միջև. որքանով է հեշտ կամ դժվար աղջիկներին մարզելը:
-Զուտ ընկալման հարցն է: Ես համարում եմ ֆուտբոլը տղաների սպորտաձև, այս հարցով աղջիկներին սովորեցնելը մի փոքր ավելի դժվար է ստացվում, քան տղաներին:

- Իսկ ինչո՞վ է առանձնահատուկ աղջիկների ֆուտբոլը:
-Գեղեցիկ սեռն է ֆուտբոլ խաղում:

-Գեղագիտական հաճո՞ւյք:
-Իհարկե:

-Ըստ ձեզ, ի՞նչ հատկանիշներ են հարկավոր աղջկան ֆուտբոլային կարիերա ստեղծելու և այս ասպարեզում առաջ գնալու համար:
-Նախ, ֆիզիկապես պատրաստ լինել, հետո չլինել կաշկանդված: Մեր աղջիկների մի մասը շատ է «ռամկաների» մեջ, ավելի անկաշկանդ լինելը չէր խանգարի, որին հասնելու համար և՛ մենք, և՛ ծնողները մեծ աշխատանք ունենք կատարելու:

-Ֆուտբոլի մեջ ձեր կարծիքով կարևոր է շատ գոլեր խփելն ու հաղթելը, թե՞ որակյալ ու դիտարժան խաղ ցուցադրելը:
-Ինձ համար՝ որակյալ խաղը, իսկ երկուսը միասին ուղղակի կատարյալ կլինի:

- Ինքներդ ֆուտբոլով զբաղվե՞լ եք:
-Ես բասկետբոլով եմ զբաղվել 20 տարի, բայց ֆուտբոլի մեծ սիրահար եմ` Բարսելոնայի, Հենրիխ Մխիթարյանի, մեր ազգային հավաքականի:

-Եթե խաղայիք ֆուտբոլ, ո՞ր դիրքում կփորձեիք ձեր ուժերը: Եվ ո՞վ է այդ դիրքում աշխարհում լավագույնը:
-Կենտրոնական պաշտպան և, միանշանակ, Պույոլ:

Նախաձեռնության մասին խոսեցի նաև պատասխանատուներից մեկի՝ Բրայան Լեոպոլդի հետ:

-Ո՞ր կազմակերպություններն են հովանավորում առաջնության անցկացումը, և արդյո՞ք այն լինելու է շարունակական:
-COAF-ը և GOALS-ը: Առաջնությունը անց է կացվում երեք մարզերում` Սյունիք (Գորիս), Տավուշ (Իջևան), Լոռի (Ալավերդի): Մտադրություն ունենք շարունակել աշնանային մրցաշրջանով:

-Ի՞նչ է սպասվում առաջնություններում առաջին տեղ գրավածներին:
- Նրանք այլցելելու են Երևան` ԱՄՆ դեսպանատուն, ու մրցելու են միմյանց հետ:

- Ո՞րն է առաջնության անցկացման նպատակը:
- Ցանկանում ենք զարգացնել աղջիկների ֆուտբոլը Հայաստանում, մանավանդ որ, այն քիչ տարածում ունի մարզերում: Ու նաև ցույց տալ, որ աղջիկները ունակ են տղաներին հավասար ֆուտբոլ խաղալու:

-Որևէ տարբերություն նկատո՞ւմ եք երեխաների մեջ:
-Իհարկե, նրանք սկսել են ավելի լավ խաղալ, քան առաջ, նոր ընկերներ են ձեռք բերել ու ավելի ինքնավստահ են դարձել:

Լիգայի խաղերին հետևելով կարող եմ ասել, որ այնտեղ տիրում էր ընտանեկան մթնոլորտ: Բոլորը ընկերացել էին և հակառակորդներ էին բացառապես միայն խաղադաշտում:

Իսկ եթե դու մինչև հիմա կարծում ես, որ ֆուտբոլը միայն տղաների սպորտաձև է, ուրեմն… Ես չգիտեմ, ուղղակի չգիտեմ…

IMG_4056-2

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողները

Երրորդ մրցանակ 

«Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրեր»:
Հայաստանի Հանրապետության օրենսգիրք. Երեխայի իրավունքները. Գլուխ 2, հոդված 5:

Մեր հանրապետությանը, որն իր կարճատև կյանքի ընթացքում տեսել է երկրաշարժ ու միշտ գտնվել պատերազմական իրավիճակների կենտրոնում, օդի ու ջրի պես անհրաժեշտ են օրենքների ճշգրիտ կատարումը և թերացման բացառումը դրանց կատարման գործում: Կաշառակերությունն այսօր իր ցանցի մեջ է առել բոլոր ոլոտները, այդ թվում և առողջապահությունը: Սպասարկման մեջ թերացումները բացառելու համար միշտ էլ օգնության են գալիս բուժքույրերի գրպանները մտնող հազար դրամանոցներն ու հիվանդասենյակների անկյուններում թողած կոնյակները:

Հիշենք, որ մինչև 7 տարեկան բոլոր երեխաները և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան երեխաներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնության իրավունք:
Համայնքներում տրվող պետպատվերների ամբողջական ու անվճար իրականացումը մարզկենտրոնների կամ խոշոր քաղաքների պոլիկլինիկաներում մեծ մասամբ չի վերահսկվում պետական մարմինների կողմից:
Պատասխանատվությունը պետական մարմինների վրայից փոքր-ինչ վերցնելով՝ կարելի է այն գցել նաև այն մարդկանց ուսերին, որոնք ամեն անգամ բժշկական հաստատություններում օրենքով իրենց տրված անվճար ծառայություններից օգտվելու և սեփական իրավունքները պաշտպանելու փոխարեն նախընտրում են դառնալ կաշառակերության շղթայի մասնիկը: Հաճախ սեփական առողջությունը կաշառքով գնելու պատճառը ոչ այլ ինչ է, քան անտեղյակությունը: Դրա համար, ըստ իս, դպրոցական տարիքի երեխաներին պետք է ավելի հաճախ տեղյակ պահել իրենց իրավունքների մասին, «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում «Երեխաների իրավունքներ» թեմային հատկացնել ավելի մեծ բաժին, քան մյուսներին, հետևողական լինել դրանց յուրացման գործում, անցկացնել այդ թեմայով առանձին դասընթացներ ուսումնական հաստատություններում:
Առաջադեմ հասարակության մեջ պետք է արմատացած լինի այն միտքը, որ որակյալ առողջապահական համակարգից օգտվել կարելի է նաև սեփական իրավունքների գիտակցման և դրանց պահպանմանն ուղղված համապատասխան հետևողական քայլերի դիմելով: Անարդարության բախվելիս պետք է ոչ թե արագ հանձնվել ու դիմել հեշտ մեթոդների, այլ մինչև վերջ առաջ գնալ, որ հետագայում մյուս սերունդները նման խնդիրների չբախվեն:
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Անի Ղուլինյան, 16տ., Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոց, Լոռու մարզ

Ani Ghulinyan

Վախերը

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում երբևէ ինչ-որ վախ է ապրում, և դա բնական է: Ֆոբիա բառը ունի լատինական ծագում և թարգմանաբար նշանակում է` վախ: Բայց ֆոբիան վախի ավելի սրված և հաճախ նաև հոգեական խանգարման հանգեցնող վիճակն է: Ֆոբիաներով տառապող մարդիկ որոշ իրավիճակներում կորցնում են ինքնատիրապետումը:
Այսօր եթե նույնիսկ աշխարհի վրա մեկ մարդ է տառապում ինչ-որ վախով, միանգամից հորինում են նրա մասնագիտական տերմինը:

Օրինակ, գոյություն ունի վախ անհաջողությունից` ստիխիֆոբիա, վախ սեփական արտաքինից` դիսմորֆոֆոբիա, ընթերցածի իմաստը չընկալելուց վախ` ակրիբոֆոբիա, վախ վախենալուց`  քաունթերֆոբիա, վախ Հռոմի Պապից` պապաֆոբիա ու այլ նման անհեթեթ վախեր, որոնց անունները դժվար է մտապահել, չնայած դրանցով տառապողների համար դժվար թե դրանք անհեթեթ թվան:
Ես ուշաթափվելու աստիճան վախենում եմ օձերից, վախենում եմ նրանց մասին պատկերացնելիս անգամ, գրքի մեջ կամ հեռուստացույցով տեսնելիս:
Ամենատարածված վախերն են` վախը փակ տարածությունից, ատամնաբույժներից ու սարդերից:
Ամեն դեպքում որքան էլ տարբեր մարդկանց տարօրինակ վախերը կարող են մեզ ծիծաղելի թվալ, իրականում պետք է հարգանքով վերաբերվել, որովհետև դրանք իսկապես դժվար է հաղթահարել, եթե իհարկե, այն վախ է, այլ ոչ թե ֆոբիա:

Ես իմ բոլոր կատակասեր ընկերներին նախապես զգուշացրել եմ, որ ոչ մի դեպքում չհամարձակվեն իմ հետ չար կատակներ անել օձերի հետ կապված ու, բախտի բերմամբ, մինչև այսօր հետևում են ասածիս:

Ani Ghulinyan

Հին ու նոր ընկերները

Ասում են, եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան կյանքի մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Լավ ու հավատարիմ ընկերների պակաս ես երբեք չեմ ունեցել, ուրեմն կյանքը առանձնապես բարեհաճ է ինձ հետ:

Եթե մեկը ձեզ ասի, որ հեռավորությունը կարող է ցանկացած ընկերություն կամաց-կամաց քանդել, նրան կասեք, որ խնդիրը երևի իր մեջ է:
Երկու-երեք տարի առաջ իմ ընկերների աշխարհագրությունը ավելի սահմանափակ ու փոքր էր, քան այսօր: Այն ընդլայնել են հազար ու մի դասընթացները, սեմինարները, ճամբարներն ու իհարկե, 17-ը:
Ճամբարներից ու երկարատև դասընթացներից հետո ֆեյսբուքում ընկերների թվի պրոգրեսիվ աճ է նկատվում, հետո ոմանք սկսում են այլևս չգրել, կամ դու չես գրում, ոմանք հեռանում են այնպես, ինչպես եկել էին`արագ ու աննկատ, շատերն էլ միշտ ներկա են, բայց միայն ֆեյսբուքի պատին: Հետո մնում են միայն նրանք, ովքեր երբեք չեն հավանում քո նոր սանրվածքը, երկրպագում են քո չսիրած ֆուտբոլային թիմին, զանգում են ամենաանհարմար պահերին, որոնց նեղանալու պատճառը երբեք հայտնի չի լինում: Դա այն մարդն է, ով միշտ քեզնից նոր պատմվածներ է պահանջում, և նա, ով երբեք mail-ով ժամանակին չի ուղարկում նկարները:
Ընկերները գալիս ու գնում են, փոխվում են միջավայրները, մարդիկ, մտածելակերպերը, հին ընկերները ուրիշ նոր ընկերներ են գտնում, բայց ով հաստատ որոշել է մնալ, քշես էլ՝ չի գնա:
Իմ ոչ մի ընկերության համար ես չեմ զղջացել, չէ որ մեր կյանքում եղած բոլոր մարդկանցից մի նոր բան կարելի է սովորել, ամեն մարդու հետ անցկացրած ժամերը դպրոց են, այն էլ ամենալավ` կյանքի դպրոցը:
Ընկերություն ասվածին ես մի քիչ այլ կերպ եմ նայում, ինձ համար լավ ընկերությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ հասուն մարդիկ իրար հետ շփվելուց հաճույք են ստանում, ունենում են ընդհանուր շատ քիչ գծեր, բայց կարևորը, հասկանում են իրար ու նաև իրար փոխելու ձգտումներ չունեն:
Ասում են նաև, որ լավ ընկեր ունենալու համար նախ ինքդ պիտի լավը լինես: Ես չգիտեմ՝ ինչպես են լավ ընկեր լինում, բայց իմ բոլոր ընկերները անշուշտ շատ լավ գիտեն:

Իմ գյուղամեջ-հրապարակը

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Չնայած մշտական բողոքներիս, թե մեր գյուղում զբաղմունք չկա, որ կարող էր ավելի լավը լինել, ես այն շատ եմ սիրում, ինչպես բոլոր մարդիկ սիրում են իրենց գյուղերն ու քաղաքները:

Մինչև մեր հարևան գյուղեր գնալը, որ ասում էին` մեր գյուղամեջը, պատկերացնում էի մի շրջանաձև կամ օվալաձև ընդարձակ տարածություն, որտեղ միշտ շատ մարդիկ են լինում, բայց հետո տեսա ու պարզվեց, որ հրապարակ կոչվածը ընդամենը իրենց գյուղի ամենալայն փողոցն է:
Գլուխ գովել չլինի, բայց ախր, մերն ուրիշ է: Մեր Դսեղի հրապարակից մտնում ու դուրս են գալիս հինգ փողոցներ, այնտեղ միշտ մարդաշատ է` Ամանորի գիշերը, հարսանիքների ժամանակ, Վերջին զանգին: Իսկ թե հանկարծ մարդ էլ չի լինում, Մեծ լոռեցին անքուն հսկիչի նման միշտ ներկա է, գյուղամիջի ամենատեսանելի վայրում կանգնած`Դսեղ եկողներին բարի գալուստ մաղթելու ու «Դբա լավը» ճանապարհելու:
Մեր հրապարակի կենտրոնում երկու ծառեր կան, մյուսներից կտրված, որոնք, ինչ ինձ հիշում եմ, ամեն ձմեռ տոնածառ են դառնում: Մյուս ծայրին էլ «եռանկյունին» է, ուր ես ժամերով սպասում եմ իմ մշտապես ուշացող ընկերուհուն. այն հանդիպման ու բաժանման վայր է դպրոցից գալիս ու գնալիս, այսօր արդեն համարյա 10 տարի:
Մի ուրիշ ծայրին էլ երկաթե վագոն կա, որի վրա դեռ պահպանվում են անցած ընտրություններից մնացած թեկնածուների նկարները, որ մեկ էլ հինգ տարի հետո են պոկելու, այն էլ նորերը փակցնելու համար:
Այնտեղ կանգառ էլ կա, որը անհիշելի ժամանակներից ոչ մի փոխադրամիջոցի երես չի տեսել:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ես գյուղս շատ եմ սիրում, համարյա այդքան սիրում եմ նաև հրապարակը` իր կիսադատարկ լողավազանով, միակ շատրվանով, ծառերի տակ զրուցող ծերերով ու Մշակույթի տան դիմաց հերթապահող իմ համագյուղացիներով :
Հիմա ուրիշ գյուղացիներ կասեն. «Ի՞նչ ասեցիր որ, էն ո՞վ գյուղամեջ չունի»: Ախր, մերն ուրիշ է: Ձերը`գյուղամեջ է, մերը` հրապարակ:

Ani Ghulinyan

Դյուման և ամառային արձակուրդները

Արտասահամնյան գրականությունից ես ավելի շատ սիրում եմ ֆրանսիականը, չնայած ֆրանսիացի գրողներից միայն Դյումայի գործերն եմ ուսումնասիրել:

Շատ մարդկանց համար պատմական գրականությունը կարող է անհետաքրքիր ու ձանձրալի թվալ, բայց ոչ երբեք Ալեքսանդր Դյումայի հետ:
Համաշխարհային պատմության գրքերում ֆրանսիական Վալուա արքայատոհմի մասին մեկ նախադասությունից ավելի ոչինչ չեն գրում: Դյուման վերցրել ու մի ամբողջ երեք հաստափոր գիրք է գրել այդ արքայատոհմի միայն մեկ թագավորի մասին: Եթե նրա պատմական թեմաներով գրքերից գոնե մեկը կարդացել եք, ասենք՝ «Մարգո թագուհին», ապա անպայման կտեսնեք, որ այնտեղ երբեք չի ներկայացվում ինչ-որ պատմական իրադարձության չոր ու ցամաք նկարագրությունը, այլ ուշադրություն է հրավիրում այնպիսի աննշան փաստերի վրա, որոնք կարող են հետաքրքրություն հաղորդել ձանձրալի թվացող պատմությանը:

Նրա գրքերից անպակաս են դժբախտ սիրո պատմությունները, պալատական ինտրիգները, թագավորները` իրենց բոլոր թերություններով ու առավելություններով, մարդիկ, որոնց ոչ ոք չի ճանաչում, բայց որոնցից ժամանակին ժողովուրդների ապագա է կախված եղել: «Երեք հրացանակիրների» մեջ դ’Արտանյանը մի առիթով ասում է. «Զարմանալի է, թե երբեմն տասնյակ հազարավոր մարդկանց կամ մեծ ժողովուրդների ճակատագրերը ինչ անտեսանելի թելերից են կախված լինում»: Հենց այդ անտեսանելի թելերն է, որ Դյուման ներկայացրել է իր գործերում`մարդիկ,  իրադարձություններ , որոնք անընդհատ փոփոխվող պատմության մեջ վրիպում են պատմագիրների աչքից:

Դյումայի գրքերը կարդալիս գուցե չհայտնաբերեք ամենաճշգրիտ պատմական փաստերը, բայց կգտնեք մի քիչ հումոր, մի քիչ դրամա , ու նաև հաստատ կավելացնեք պատմության ձեր գիտելիքները:
«Մարգո թագուհին», «Կոմսուհի դը Մոնսորոն» ու «45»-ը անգնահատելի պատմական գրքեր են, մի շնչով կարդացվող, կամ հնարավոր ,է միայն տվյալ ժամանակաշրջանով հետաքրքրվողների համար: Պատմականները մի կողմ, բայց  «Կոմս Մոնտե Քրիստոն» չկարդալը մեծ մեղք է:
Դե ինչ, եթե Դյումայից ոչինչ չեք կարդացել, վերցրեք  թվարկածներիցս ցանկացած մեկը ու սկսեք կարդալ, հավաստիացնում եմ. այս գրքերի բովանդակությունը լիովին  արդարացնում է այն հնարավոր ժամանակի կորուստը, որ կարող եք ունենալ դրանք կարդալիս:

Նամանավանդ արձակուրդներն սկսել են:

Թանգարանների գիշերը Դսեղում

Եթե մեր գյուղի երիտասարդների շրջանում հարցում անցկացնեք, հարցնելով, թե որն է տարվա ընթացքում իրենց ամենասիրած իրադարձությունը, ծննդյան օրվան ու Նոր տարվան գուցե հաջորդի «Թանգարանների գիշեր»-ը: Նախ, մի քիչ պատմեմ միջոցառման մասին. 2005 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

1977 թվականից ի վեր այն իր շուրջն է համախմբում  5 մայրցամաքների 30 հազար թանգարանների և կոչ անում  ամեն տարվա ընտրված խորագրով իրականացնել միջոցառումներ: Այդ օրը թանգարանները բաց են լինում մինչև կեսգիշեր, իսկ 18:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում մուտքն անվճար է: Այս տարի խորագիրը կրում էր «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» վերնագիրը, Դսեղի Թումանյանի տուն-թանգարանն էլ որպես թեմա գրողի տասներկու անդամից բաղկացած ընտանիքն էր ընտրել (նրա 4 տղաներն էլ շուտ են մահացել, մեկը կորել է Վանում, մյուսները դարձել Խորհրդային Միության ռեժիմի զոհը):
Կատարվող միջոցառումների էությունը երեխաների միմյանց հետ շփումն է, Թումանյանի մասին գիտելիքների ավելացումը, հին խաղերի վերհիշումն ու նոր խաղերը՝ հինը հիշեցնելով, ներկայացնելը: Եվ որ ամենակարևորն է, կարելի է մինչև ուշ երեկո մնալ թանագարանում  ու նրա բակում: Ես էլ ամենավերջինն եմ տուն գնում, դե թանագարանին մոտ ապրելն էլ իր առավելությունն ունի: Համաեվրոպական այս միջոցառման մեջ լավ է նաև այն, որ գործում է Եվրոպայի բոլոր հետաքրքիր թանգարաններում:

Եթե դեռ չեք եղել Դսեղում, ու չգիտեք՝ երբ գալ, ապա խորհուրդ եմ տալիս առանց մտածելու այցելության օր ընտրել «Թանգարանների գիշերը»: