Ազատ տարածք խորագրի արխիվներ

Nare Hovhannisyan

Որոնե՞նք արևդ

Վերջերս գլխումս մի արտահայտություն է հայտնվել, մի նախադասություն, որն անընդհատ վերլուծում եմ, բայց այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու հենց դա լսեցի ականջներումս։ Զարմանում եմ, գիտե՞ս։ Ախր ես ականջակելներս խրել էի ականջներս, որ չլսեի այդ վարորդի վեհ մտքերը կյանքի մասին ու հանկարծ երաժշտության փոխարեն սա լսեցի․

«Արևդ գողանա՞մ, մնաս առանց արև»։ Ես չհասկացա՝ դա ասաց ինչ-որ մեկը, թե ուղղակի ականջներս լցված լինելով կյանքի մասին ճահճացած խոսքերով՝ արդեն իրենք իրենց մտածում են։
Ես անընդհատ մտածում եմ, թե որն է այդ մտքի էությունը, բայց այդպես էլ չեմ հասկանում։ Ես կարծում եմ, որ ես շատ եմ ճանաչում այնպիսի մարդկանց, ովքեր մնացել են առանց իրենց արևի, դու երևի կարծում ես, որ այն հենց մեր լուսատուն է, բայց չէ՜։ Արի՛ այլ կերպ մտածենք, օրինակ՝ այսպես. էս աշխարհում մի կտոր երջանկությունն անգամ չափազանց թանկ արժեք ունի, և չնայած այդ ամենին՝ մենք ունեցածն էլ չենք գնահատում։ Գիտե՞ս մեկին, ով արդեն ամեն բան իր կյանքում կորցրել է, ով ոչինչ չունի, բացի մի շիշ ռոմից ու սև հացից, նրան անգամ, եթե հարցնես՝ երջանկության գինն ի՞նչ է, ապա հաստատ քեզ կասի… Մարդիկ տարբեր են. մեկի համար երջանկությունը սահմանափակվում է նոր ու թանկ հեռախոսով, մյուսի համար դա մի հոյակապ դետեկտիվ գրականությունն է, կամ շոկոլադե պաղպաղակը, մի տուփ քաղցր մաստակը, մյուսի համար՝ լիքը փողն ու կարիերան, մյուսն էլ միայն մենակության մեջ է ձգտում գտնել այն։ Ես, ե՜ս չգիտեմ, երևի ինձ համար էլ երջանկությունը շատ ու շատ կետեր ունի, բայց ես երջանկությանը սահմանների մեջ չեմ առել, ես այն տեսնում եմ ամենուր, այնտեղ, որտեղ քո միտքը չի էլ հասնի, ես նրան տեսնում եմ անգամ 41-ի բարկացած վարորդի աչքերում, բարկացած կնոջ, որը հենց նոր մեզ կոչեց «մումիաներ»՝ չնայած նրան, որ ես այդպես էլ իր դեմքը չտեսա, բայց պատկերացրի։ Պատկերացնո՞ւմ ես, ես անգամ երջանկություն եմ գտնում իմ հետևից մեկ ժամ քայլող անծանոթ շան մեջ, որը երևի երջանիկ էր իմ անմիջական ու սովորական բարևից։
Ես երջանիկ եմ անգամ այն ժամանակ, երբ դու կարող ես աշխարհում միայն սևը տեսնել։ Թող չթվա, որ տխրելու առիթ չունեմ, ու չկա մի բան, որն իմ հոգում սև առաջացնի, ուղղակի ես սովորություն չունեմ աշխարհը լցնելու իմ խնդիրներով, դիմացինը ի՞նչ մեղք ունի, որ ես այդ օրը որոշել եմ սպանել ավտոբուսի վարորդին, որն ինչպես միշտ հեռախոսը մոռացել էր ականջախեցիում՝ ավտոբուսը լցնելով իր բարոյախրատական խոսակցությամբ։
Ոչ ոք երբեք էլ չի հասկանա, որ երջանկության հետ մենք միշտ մի խաղ ենք խաղում, որում միշտ էլ նա է հաղթում։ Տե՛ս, այսպես. մենք փակում ենք մեր աչքերը, հաշվում մինչև տասն ու բարձր բղավում.
-Ես արդեն փնտրում եմ քեզ, հե՜յ։
Այն տեղում, ուր նա է թաքնված, մենք չենք տեսնում, ուղղակի որոնում ենք այնտեղ, որտեղ նա երբեք էլ չի եղել։ Իսկ շատ դեպքերում մենք գտնում ենք նրան՝ մեր երջանկությանը, ու կրկին բաց թողնում, ու ոչ թե նրա համար, որ մեզ այն անհրաժեշտ չէ, ուղղակի մենք էդպես էլ այդ խաղի իմաստը չսովորեցինք ու նրա հետ չկարողացանք խաղալ այնպես, ինչպես հարկն էր…
-Ես հաշվում եմ։ 1, 2, 3, 4… չմոռանաս, Նարե, որ ես քեզ մի՜շտ գտնում եմ, տես, այս անգամ չսխալվես… 5, 6, 7, 8, 9, 10։
Հավանեցի՞ր, սա իհարկե առաջինն էր, ինչը մտքիս եկավ։ Դե, ինչպես հասկացար, ես արևը համեմատեցի երջանկության հետ։ Կարծում եմ՝ այնուամենայնիվ կապ ունեն, գուցե դու այլ միտք ունես, բայց ես հստակ մի բան գիտեմ. աշխարհիս երեսին երջանիկ է նա, ով ապրում է հանգիստ խղճով, ով ճիշտ է իր խոսքում, ով մաքուր է իր մտքերում, ով անիմաստ չի խոսում, չի բողոքում ու վերջապես նա, ով լի՜քը գրքեր ունի, դե ուրեմն ես կարող եմ ասել, որ երջանիկ լինելու համար մի աստղ արդեն ունեմ՝ գրքերս։
-Հանգիստ ապրիր, թույլ չեմ տա, որ արևդ գողանան, ես դրանք ամո՜ւր քողարկել եմ։
-Օ՜, շնորհակալ եմ, բարի մարդ։

margarita ghazaryan

Նոր տարի, նոր երազանքներ

Ամանորը միշտ իր հետ բերում է նոր հույսեր, երազանքներ ու սպասելիքներ, և երբ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցած տարին, հասկանում եմ, որ շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ ողջ տարվան, դրա համար այն պետք է բաժանել տարբեր ժամանակահատվածների և այնուհետև փորձել հասկանալ, թե ինչպիսին է եղել այդ ժամանակահատվածը մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Կրկին անդրադառնալով քաղաքականությանը՝ անհրաժեշտ եմ համարում ասել, որ 2019 թվականը շրջադարձային էր ողջ հայության համար, չէ՞ որ Հայաստանի կառավարումը ժողովրդի ընտրությամբ կենտրոնացավ նոր քաղաքական ուժի ձեռքերում: Ճիշտ է՝ շատերը ինձ հետ համակարծիք չեն լինի, բայց ցանկանում եմ ասել, որ, իսկապես, հեղափոխությունը առաջ բերեց իր դրական հետևանքները, գուցե կարողանանք գտնել նաև բացասական կողմեր, բայց ավելի լավ է կենտրոնանանք դրականի վրա: Նախ ասենք, որ գրեթե բոլոր ոլորտներում թեկուզ աննշան, բայց հեղափոխության շունչը, այնուամենայնիվ, զգացվում է: Նաև չմոռանանք, որ հեղափոխությունը շարունակական գործընթաց է, և այն դեռ երկար է շարունակվելու: Այստեղից հետևություն` 2020 թվականից ևս մեծ սպասելիքներ ունենք մեր հայրենիքի բարգավաճման և առաջընթացի համար: Ինչևէ, անցնենք առաջ: Ամանորն ամենից շատ ուրախություն է պարգևում երեխաներին, քանի որ հենց նրանք են ամբողջ սրտով հավատում ամանորյա հրաշքներով լի հեքիաթի գոյությանը։ Հավատում են, որ Ձմեռ պապը Լապլանդիայից կգա և նվերներ կբերի իրենց համար, եթե, իհարկե, այդ տարի իրենց լավ են պահել։ Ես էլ ժամանակին հավատում էի, սակայն մի օր եղբորս հետ Շերլոք Հոլմս դարձած՝ բացահայտեցինք ճշմարտությունը։

2019 թվականը ինձ համար կարևոր էր նաև նրանով, որ շատ արժեքների սկսեցի նայել լրիվ այլ տեսանկյունից: Հասկացա, որ կյանքում ամենից կարևորը քեզ անկեղծ մարդկանցով շրջապատելն է, և որ ընկերությունը իրենից ներկայացնում է ավելի մեծ արժեք, քան մեզնից շատերը մինչ այս պատկերացրել ենք: Անկեղծ ընկերությունը մեր կյանքի լուսատուներից է, և բախտավոր է այն մարդը, ով իսկապես ունի իրական և հավատարիմ ընկերներ:

Ես այն մարդկանցից եմ, որ ավելի շատ գերադասում է նպատակ դնել և հասնել դրան, քան պահել երազանք, նստել բազմոցին և հավատալ, որ ինչ-որ հրաշքով երազանքը կկատարվի: Դրա համար ցանկանում եմ ասել, որ մենք ենք մեր կյանքի Ձմեռ պապը: Գուցե ծիծաղելի է հնչում, բայց իսկապես, մեր ձեռքերում են մեր կյանքը, երազանքներն ու նպատակները:

Ամանորն այն ժամանակահատվածն է, երբ բոլորիս սրտերում՝ անկախ մեր տարիքից, սեռից, ազգությունից ծնվում են մեծ հույսեր և սպասելիքներ: Սակայն ես կողմ եմ այն գաղափարին, որ այդ մեր հույսերը պետք է կապել ոչ թե տարվա, այլ ինքներս մեզ հետ: Ի վերջո` ցանկանում եմ, որ բոլորս այս տարի կարողանանք հասնել մեր անիրականանալի թվացող նպատակներին, գնահատենք ամեն մի ակնթարթը և լինենք ուրախ ու երջանիկ: Վերցնենք վրձինը, որը հենց սերն ու բարությունն է, և գունավորենք մեր և ուրիշների կյանքը: Հետ բերենք այն ամենը, ինչը կորցրել ենք, բայց մեզ համար թանկ էր, իսկ հետ բերելը՝ հնարավորին: Ունենանք այն ամենը, ինչին միշտ ձգտել ենք մեր հոգու երազելու ողջ կարողությամբ: Եվ պահպանենք այն ամենը, ինչը սիրում և գնահատում ենք:

Շնորհավոր Ամանոր եվ Սուրբ Ծնունդ։

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

17․am-ը շնորհավորում է բոլորի Նոր Տարին։ Թող որ 2020 թվականը լինի նպատակների իրականացման, զարգացման և հաջողությունների տարի։ Եղե՛ք շատ առողջ, միշտ շրջապատված ձեր սիրելի մարդկանցով և երջանիկ։

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Իսկ մեր թղթակիցներին մաղթում ենք ստեղծագործական հաջողություններ և միշտ հոդվածներ գրելու, ֆոտոներ անելու ու ֆիլմեր նկարելու անսպառ գաղափարներ։

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Այս տարի մի՛ խուսափեք ծանրաբեռնվածություններից և հիշե՛ք, որ ինչքան շատ և տարբեր գործեր եք հանձն առնում, այնքան ավելի եք զարգանում որպես ուժեղ ու խելացի անձնավորություն։

Շնորհավոր Նոր Տարի։

elen suqiasyan erevan

Սիրե՛ք և եղե՛ք սիրված

Նոր տարի։ Նոր մտքեր, նոր երազանքներ ու նոր հնարավորություններ։ Այս ամենի հետ ենք կապում բոլորս Նոր տարին։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու պիտի մենք սպասենք Նոր տարվան մեր երազանքներն ու նպատակներն իրագործելու համար, մի՞թե ինչ-որ բանի հասնելու համար պետք է սպասել։ Կարծում եմ, որ մենք ուղղակի փորձում ենք շատ դեպքերում խուսափել պատասխանատվությունից և մեղքը գցում ենք ժամանակի վրա, որ իբր չենք հասցրել կամ ուշացել ենք որևէ բանից։ Բայց ոչ, նպատակների իրագործումը ժամանակ չունի, մենք ենք որոշում՝ գործն այսօ՞ր սկսենք, թե՞ թողնենք վաղվան։

Հետաքրքիր է, չէ՞, բոլորս մտածում ենք, որ առաջնայինը մեր պարտականություններն են կամ ծրագրերը, իսկ եթե մտածենք, որ եկող տարում ուղղակի պետք է երջանի՞կ լինել։ Մտածենք, որ Նոր տարում պետք է սիրել իրար, հարգել, անմնացորդ նվիրվել ու չցավեցնել։ Այդ ժամանակ իրոք կլիներ Նոր տարի ու նոր կյանք, իսկ մնացած ծրագրերն ակամա կիրագործվեն։

Ինքս չունեմ որևէ լուրջ երազանք, որով ապրում եմ, բայց երբ նայում եմ, շուրջս այնքան լուսավոր մարդկանց եմ հանդիպում, ովքեր ուղղակի սիրում են կյանքը, երազների աշխարհը տեղափոխել են իրական կյանք և ապրում են այնտեղ։ Մարդիկ այնքան տարբեր են երազում, որ չես կարող գտնել նմանություններ այդ երազանքների մեջ։ Մեկը երազում է լավ կյանքի մասին, մյուսը՝ կայացած մասնագետ լինելու, իսկ երրորդն ուղղակի երազում է ամեն օր արթնանալ ու լսել, թե ինչպես է ծիծաղում իր մայրիկը։

Ուզում եմ, որ մի պահ բոլորս դուրս գանք ավանդական Նոր տարի նշելու արարողակարգից և ուղղակի վայելենք այն, ինչ ունենք ու պայքարենք ավելին ունենալու համար, ձգտենք օգնել իրար ու տաքացնենք բոլոր այն զգացմունքները, որոնք որևէ տարում սառել են։

Ուղղակի փորձենք ամեն տարի ավելի ու ավելի շատ հուշեր ձեռք բերել, հաճախ հանդիպենք մեր ընկերներին ու մտերիմներին։ Նվերներ փոխանցենք իրար առանց որևէ պատճառի կամ առիթի սպասելու, հաճախ գրկենք իրար ու լավ խոսքեր ասենք։

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, սիրե՛ք և եղե՛ք սիրված։

maria chichakyan

Երբ գալիս է ամանորը․․․

Եվ հավատա՝ ամանորին հրաշքներ կատարվում են։

Հանուն արդարության ասեմ, որ Ամանորը մյուս օրերից տարբերվում է միայն նրանով, որ մարդիկ բռնությամբ ինձ ստիպում են սիրել Ամանորը զուտ նրա համար, որ դա տարվա ընթացքում միայն մի օր է լինում, ինչպես ծննդյանս օրը։ Բոլոր տոները, որոնք շնորհավորանքներ և քաղաքավարությունից դրդված շնորհակալություններ են պարունակում, ինձ ճնշում են։ Դե, եկեք պատկերացրեք իմ բոլոր մեծ և փոքր վնասվածքները։

Ամանորի նախապատրաստական աշխատանքներից ամենատարբերվողը, կփաստենք՝ տոնածառն է։ Փայլիկներ, լույսիկներ, ավանդական «Last Christmas I gave you my heart, but the very next day you gave it away…»։ Սիրուն է, բայց ես չեմ սիրում ու ընդհանրապես պարտադիր չի, որ ես սիրեմ ձյունը, ցուրտը, թեյի շուրջ որևէ գիրք կարդալը, բլինչիկը, տոլման, աղցանները, ժողովուրդ, ես դա չեմ սիրում։ Ամանորին պարտադրված իրար տուն գնալն էլ չեմ սիրում, պարտադրված նվերները, պարտադրված ժպիտները, պարտադրված ոչինչ չեմ սիրում, պարտադրված սեղանի պարունակությունն, իմիջիայլոց, մենք լո՞ւրջ ենք, մեզ հո բան չի՞ պատահել։

Ամանորին մենք գրոհում ենք խանութներ, սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, որ հասցնենք գնել այս կամ այն ուտելիքը, որը պիտի գոհացնի․․․ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․ հյուրերին։

Իսկ հիմա կպատմեմ ամանորը նշելու, ամանանորի սիրուն, ընտանեկան հիշողություններիս մասին։

Սկզբից եկեք փաստենք, որ ամանորի սեղանի պարունակությունը ես չեմ էլ հիշում, հիշում եմ միայն մեր սովետական տոնածառը, փոքրիկ, սպիտակ տոնածառն ու փայլերը։ Հիշում եմ նաև հին, սովետական Ձյունանուշին և Ձմեռ պապին և բամբակից թվացյալ ձյունը՝ պարտադիր։

Ամանորի հեքիաթը սկսվում էր հորաքրոջս գնումներով ու տան զարդարանքներով, մորս՝ ամանորյա խմորողենի պատրաստություններով և ամանորյա ավանդական ձնառատ երեկոյով, ձնեմարդ պատրաստելով, իսկ գազարը միշտ քիթն է։ Ոտքից գլուխ ձյան մեջ մտցված հագուստով ու կեղտոտ կոշիկներով միջանցքով անցնելով ու տանեցիների՝ «Հատակը նոր էի մաքրել»-ով Ամանորս սկսեց։

Մինչ տասներկուսը աչքերի մեծ փայլով, երազանքներին հավատով գրում էի ցանկություններիս ցուցակը, շատ պարզ երեխայական ցանկություններ՝ մաման վրաս չբարկանա, գնահատականներս լավը լինեն, մինչ ուշ երեկո խաղամ բակում, մաման չհիվանդանա։ Պարզ ու մաքուր ձևով սիրում էի Ամանորը։

Մինչ սեղանի շուրջ հավաքվելը վերցնում էի գույնզգույն մատիտներս ու նկարում բացիկների վրա ու տարվա բոլոր վատ ու լավ արարքներիս մասին գրելով՝ շնորհավորում հարազատներիս Ամանորը։

Առավոտյան բարձիս տակից հանում էի նվերները ու բոլոր տեսակի համովությունները ու ծալապատիկ նստած սկսում ուտել ու դրանք ամենահամով բաներն էին, որոնք ես ուտում էի, ծնողների, հարազատների վաստակը ինձ երջանկացնելու համար։

Իսկ հիմա մենք անգամ չգիտենք, թե ինչ ու ինչու ենք նշում և ում համար։ Մենք մի քիչ ռոբոտացվել ենք, անզգացմունք ռոբոտներ ենք դարձել, ովքեր իրերին նայում են լոկ որպես իրեր, իրեր, պարտականնություններ և ոչ նպատականեր և ցանկություններ։ Ընդունելը տխուր է ու շատ։

Երբ խոսում եմ զբոսաշրջիկների հետ, իրենք հավանում են քաղաքը, բնությունը, ուտեստները, հյուրընկալությունը, բայց ասում են, որ մենք տխուր ենք, անգամ՝ երգերի մեջ։

Մենք շատ քիչ ենք ժպտում իրար, հետևաբար՝ կյանքին էլ, ու կյանքը իր բոլոր դրական կողմերով մեզնից երես է թեքում։ Կմեղադրե՞ս իրեն․․․

Ամանորն է շուտով, մի քանի ակնթարթ ու փոխվելու է տարեթիվը, ինձ համար այն բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, դրանով իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, բայց․․․

Եկե՛ք մինչ Ամանոր, մինչ այդ հեքիաթային պահը՝ ինչպես դուք եք ասում, մենք սկսենք սիրել մեզ ու շրջապատող աշխարհը և նորից մանկանանք։

Փոքրիկ երեխաների պես փայլուն աչուկներով ու մեծ երազանքներով ժպտանք իրար ու կյանքին։ Չէ՞ որ․․․

Չէ՞ որ այս կյանքը միայն մեկ անգամ է մեզ տրվում իր դրականով, նրա կողքից անբաժան՝ բացասականով։

Եկե՛ք սիրենք ու ստեղծենք դրականը միշտ ու ամեն պահի։

Ուրախ, գիտակցված, կշռադատված ու սիրով լի տոներ քեզ, ինձ ու բոլորիս։

mane. minasyan

Իմ ֆանտաստիկ 2019, մնաս բարով

Ինչպես արդեն մի քանի տարի, այս տարի ևս տարվա վերջին գիշերվա ընթացքում ուզում եմ ամփոփել տարիս, հիշել անցածն ու ավելի մեծ ուժով ու եռանդով դիմավորել նորը։

2019-ը կորստով եմ սկսել։

Պապիկս։ Իմ կյանքի կարևորագույն մարդկանցից մեկը մեզ մենակ թողեց հենց տարվա սկզբում։ Հետո արդեն օրացույցի օրերը ջնջվեցին ու բանակից տուն եկավ եղբայրս՝ իրենով լցնելով տունը։

Փետրվարն ու մարտը սովորականի պես էին, լավ, մի քիչ խառը։

Բայց եկեք ասեմ, որ ես խոյ եմ, ու իմ տարին, ըստ իս, սկսվում է մարտի 25-ից հետո։ Ու այդպես էլ եղավ։ Դե, ապրիլի 3-ին 18-ին հրաժեշտ տվեցի ու մտա 19։ 2019 թվական, 19 տարեկան։ Ինչ խոսք, հրաշալի էր։

Դեռ դպրոցական տարիքից միշտ երազում էի մեր քաղաքում՝ Վեդիում ունենալ որևէ երիտասարդական նախաձեռնություն, սիրուն բաներ անել ու Վեդիում օրս անցկացնելու հետաքրքիր տարբերակներ գտնել։ Շատ պատահական հանդիպելով ընկերներիցս մեկին՝ որոշեցինք, որ Վեդիում մեզ նման բան է հարկավոր։ Որոշեցինք, հավաքվեցինք, հանդիպեցինք, քննարկեցինք ու արդյունքում համայնքապետարանից ստացանք տարածք՝ երազանքն իրագործելու համար։ Դրամական, մարդկային ու նյութական օգնություններից զատ՝ այս ամենը մեզ տվեց մեծ ընտանիք։ Ընտանիք, որը կարող է հավաքվել ընդամենը 5 րոպեում ու գաղափարներ կիսել։ Երազանքս կատարվում է, արդեն ոչ ֆորմալ կրթության շարք ենք սկսել, մի քանի սիրուն դասընթացներ արել ու ասեմ ավելին՝ հուսով եմ, որ 2020-ին մեր ստացած տարածքում արդեն կգործի մեր «Անտիկաֆեն», որը մեծ հնարավորությունների հարթակ է դառնալու։

Հետո եկավ ամառն ու ինչպես միշտ իմ կյանքում սկսվեց ակտիվ ու բազմաբովանդակ ժամանակաշրջանը։

Կրթական ճամբարներ, դրամաշնորհային ծրագրեր գրելու ու դրանք հաջողելու առաջին փորձեր, այց Ջավախք, ներառական ճամբարում ջոկատավար, պրակտիկա ու էլի շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան իմ կյանքում։ Ամռանը գտա ընկերներ ամբողջ կյանքիս համար։ Ամռանը գտա մարդկանց, ովքեր նոր իմաստ բերեցին իմ կյանք։

Հետո եկավ իմ սիրելի աշունը։ Դասեր, քննություններ ու հետո շատ պատահական մասնագիտական պրակտիկա, որը բերեց մի նոր ու շատ մեծ հաջողության։ Տարեվերջին ես արդեն Մանեն եմ, ով վարում է հեռուստահաղորդում, ինչի մասին մանուկ հասակում երազում էր։

2019-ի վերջին օրերն անգամ ինձ համար հաջողված էին։ Այն, որ ամռանը սովորել էի դրամաշնորհային ծրագրեր գրել, վերջին օրերին մի հաջողություն էլ բերեցին։ Բայց դրանից զատ՝ տարվա վերջին օրերին ես գտա մարդկանց, ովքեր վստահ եմ, որ դեռ երկար են մնալու իմ կյանքում։

Ես մեկ բառով կվերնագրեմ իմ 2019-ը։ Այն ֆանտաստիկ էր։

Շնորհակալ եմ, մարդիկ, որ եղաք իմ կողքին այս ամբողջ ընթացքում, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր ուժ ու էներգիա են տվել։

Ես ուղղակի ուզում եմ, որ 2020-ը նման լինի 2019-ին ու կատարելագործվի։

Բարով մնա 2019, բարի գալուստ 2020։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Meline Hayrapetyan

Խաղաղ առավոտների պատրանքը

Լույսն անշտապ բացվում էր այնպիսի խաղաղությամբ, ասես աշխարհում ամեն բան իր տեղում էր, կարծես բոլոր շունչ ունեցողներն ու դրանից զրկվածները այդ առավոտ արթնանալու էին երջանիկ թեթևությամբ։

Այնքան համոզիչ էր պատկերը, որ ես կատարյալ մոռացության էի տվել այն փաստը, որ այսպիսի մի վարակիչ խաղաղությամբ էր րոպե առ րոպե բացվել նաև, օրինակ, 1889թ.-ի ապրիլի 20-ը, երբ Վերին Ավստրիայի մի անիծյալ անկյունում՝ աշխարհում հարյուր հազարավոր ուրիշ մանուկների պես իր աչքերը բացեց Ադոլֆ անունով ու չարագուշակ ազգանունով այդ ժամանակ դեռ իր կարճատև անմեղությունը ապրող մեկը։ Երևի այդ առավոտ ինձ նման մի երազող խաղաղության մասին նույն հեքիաթն էր ներշնչել իրեն՝ գաղափար իսկ չունենալով, որ հենց այդ պահին բացված զույգ անմեղ աչքերը անթարթ հաճույքով դիտելու էին հեղինակային մի կոտորած։ Հետո շղթայակապ օրենքով նման խաղաղություններ էլի շատ կրկնվեցին, ասենք՝ 1914 թ. հուլիսի 28-ին։ Այդ առավոտ ոչ մի մարգարե չէր կռահում, որ ամառային գեղեցիկ օրը հետո, պատմության մեջ մտնելով, սերունդների մոտ սարսուռ է առաջացնելու՝ իբրև առաջին «համամարդկային խաղի» սկիզբ։ Հետո գարնանային նոր կյանք ազդարարող հանգստությամբ բացվելու էր 1915թ․ ապրիլի վերջին տասնօրյակի չորրորդ օրը՝ նորից ոչ ոք չէր կարող երևակայել անգամ, որ այդ հանդարտ առավոտվա երկինքը ժամեր անց ականջ է դնելու հազարների ճիչերին։ 1937թ․, 1939թ․, 1945թ․․․․ Շարքը շարունակելը ցավալիորեն երկար կտևի։ Մոլորակի պատմության բոլոր արյունոտ ամսաթվերին նախորդել են խաղաղ ու գեղեցիկ առավոտները։ Այդ օրը, այդ պահին, սակայն, ես այսքանի մասին չէի մտածել ու ոչ մի առավոտ էլ չեմ մտածել, հակառակ դեպքում վեր կենալու ու օրը ապրելու ցանկությունը իսկույն կմեռներ։

Արդեն կատարյալ լուսացել էր։ Խաղաղության մասին մտքերով քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Այն բացելու ու խաղաղությունը ներս խոթելու մի անդիմադրելի ձգտում ունեի։ Դեռ չգիտեի, որ գալու է մի ժամանակ, երբ ամեն եկող օրվա հետ ես ցանկանալու եմ ավելացնել դռների քանակը՝ դրանք երբեք չբացելու երազանքով։ Դա այն ժամանակ էր լինելու, երբ ես լիարժեք ճանաչելու էի աշխարհը ու նրա կեղտից պատսպարվելու հուսահատ փորձեր էի մտածելու։

Դուռը բացելուց հետո, անմիջապես, ուշադրությունս գրավեց անսովոր մի ձայն։ Կանգնած իմ պատրանքների խաղաղության մեջ՝ հայացքով սկսեցի փնտրել դրա հեղինակին, ու կարճատև որոնումներս հայացքս ուղղեցին դեպի բակի խորքը, որտեղ անհիշելի ժամանակներից բանտված մի բարեկամ ունեինք՝ սպիտակ ու մեծ շունը։

Երկաթե շղթան կոկորդին ամրացված՝ նա աղերսագին իր զույգ աչքերով ուտում էր խիղճս։ Երկար ժամանակ բթացած իմ պատասխան հայացքն էլ կանգ էր առել նրա վրա։ Հետո միայն հասկացա, որ հայացքի ու անսովոր իր լացի հետևում ազատության հույսն էր պահել։

Ո՞վ գիտե, երևի ամեն առավոտ ինձ ու բոլորիս նույն այս անօգնական կերպարանքով էր դիմավորել, բայց մենք, խաղաղ աշխարհի պատրանքով տարված, նրա առաջ խղճուկ 2 կտոր հաց էինք դրել՝ ազատության ճիչը խլացնելու անմիտ ցանկությամբ։

Կույր է մարդը իր զույգ գունավոր աչքերով։ Այնքան կույր, որ վայրկյաններ առաջ կարծել էր, թե աշխարհն իր երջանկության րոպեներն է վայելում։ Բայց ինչպե՞ս է նման բան հնարավոր, երբ նրա բնակիչներից թեկուզ մեկին երկաթե շղթան արգելում է շնչել։

Նայում էի պատկերին ու չէի կարողանում ներել ինձ ու բոլորին, ովքեր ազատ ապրել էին մեկի քթի տակ, ով զրկված էր դրանից։

Հիմա, երբ խեղճ այդ էակը գրավել էր ուշադրությունս, պարզորոշ նկատում էի, թե որքան էր մեծանում աչքերի թախիծը, երբ տեսադաշտում հայտնվում էր ուրիշ մի շուն՝ առանց կոկորդ ցավեցնող շղթայի։

Նայում էի աչքերին ու դրանցում տեսնում աշխարհի բոլոր բանտվածների խտացված վիշտը։

-Պապ, ինչի՞ բաց չենք թողնում էս խեղճին,- հայացքով շանը ցույց տալով սկսում եմ,- թող մի քիչ էլ ազատ ֆռֆռա։

-Իրա համար կապված ա, էլի,- անթաքույց անտարբերությամբ պատասխանում է հայրս, որին պատկանում էին շան պաշտպանի, դատավորի ու դատախազի միաժամանկյա դերերը։ Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով նա էր վճռել, որ խեղճն իրավունք չունի ազատ ապրելու։

-Բայց ընդհանրապես տրամաբանական չի, չէ՞, պա՛պ, բոլոր հարևանների շները ազատ են, ինչի՞ ա հենց մեր Դանին բացառություն (շանը Դանիել անունն էինք տվել, չնայած՝ հետո շոկային բացահայտում եղավ ու պարզվեց Դանիի՝ իգական սեռին պատկանելը, բայց շնորհիվ Մաշտոցի՝ այդ հարցը լուծվեց նրա անվանը վերջից ընդամենը ա տառն ավելացնելով… և վերջ, Դանիելլան կնքված էր)։

-Ինչի՞ ես խորացել, հենց Դանին ա բացառություն, որովհետև հենց ինքն էր մի քանի ամիս առաջ հարևանի էրեխու վրա հարձակվել։ Վտանգավոր ա։

Դանին չարություն էր արել ու մարդկային օրենքներով պատժվելով՝ զրկվել ազատությունից։ Բայց կա արդյոք գոնե մեկ երաշխիք, որ մյուս ազատ շները ինչ-որ մի օր չեն անի չարություն, կա՛մ արդեն չեն արել, կա՛մ հենց այս պահին չեն անում։ Այդ դեպքում թող բոլորը իրենց շների վզին նման մի ծանրաքաշ շղթա փաթաթեն ու ինձ ազատեն հոգի հանող այդ անհավասար տեսարանից, Դանիին ազատեն իր ու իր նմանի ծայրահեղ տարբեր կենսաձևերից։

-Պա՛պ, արի ազատենք, հա՞, Դանիին։ Հաստատ էլ վատ բաներ չի անի։

-Ի՞նքն ա ասել, որ չի անի,- լուրջ դեմքով հարցնում ա պապան էնպիսի տոնով, ասես րոպե առաջ իր համար իմաստ չստացած էդ խոսակցությունից ազատվել է ուզում։

-Խոսք ա տվել, Դանին էլ իրա խոսքի տեր տղա ա,- հակահարված եմ տալիս ես՝ Դանիի աղջիկ լինելու հետ էդպես էլ չհամակերպված տոնով։

-Լավ,- իր բնավորության համաձայն չի կարողանում ինձ մերժել հայրս ու հետո ավելացնում ժպտալով,- բայց եթե քեզ հոշոտի՝ էլ չեմ խառնվելու, որովհետև Դանին իրա խոսքի տեր տղա ա։

Շուտով սկսվեց Դանիի արդարացման ու ազատման գործողությունը։ Ինձ թվում էր, որ մոլորակը իր ծնունդից մինչև այդ պահը երբեք նման գեղեցիկ տեսարանի ականատեսը չէր եղել։

Շղթաներից ազատվելուն պես անբնական մի ցատկով դուրս պրծավ իրեն տհաճ պահեր պատճառած օթևանից։ Հետո էլ երբեք չտեսա նրան այդ կողմերում։ Անձրև, ձյուն, անտանելի շոգ․․․ Կարևոր չէր, բնության ոչ մի ճնշում նրան չտարավ իր նախկին տունը։ Գերադասում էր թրջված ու արևահարված իր ազատությունը։

Մի օր էլ այն պահին դուրս եկա տնից, երբ Դանին բակի անկյունում իր սպիտակ թաթերով հողն էր փորում։ Երկար հետևեցի տեսնելու համար, թե ինչ կա մտքին..․ և ինչ՝ փորած հողի կողմն էր քարշ տալիս շղթաները, որով կապված էր եղել երկար ժամանակ։ Հետո տեղավորեց դրանք հողի տակ ու արագ-արագ ծածկեց հողը։

Դանին թաղեց անազատության իր կապանքները, որ էլ ոչ ոք չկարողանա բանտել իրեն։

Հիմա նա ազատ է ու թեև ամեն օր իր բարձր թռիչքով օդից պոկում է մորս փռած լվացքն ու աստվածային անեծքների է արժանանում, բայց մենք բոլորս ուրախ ենք, որ Դանին էլ ազատ է մեզ պես, որ մենք չենք ամաչում նրա մոտ մեր ազատության համար։ Չարություններ անելիս էլ անգամ մեզնից ոչ ոքի մտքով չի անցնում, որ կարելի է նրան նորից զրկել ազատությունից։

Մի միտք խելագար պտույտով տակնուվրա է անում գլուխս։ Մտածում եմ՝ որքան հրաշալի կլիներ ամեն բան, եթե մոլորակի վրա գտնվող բոլոր բանտված էակները վերստին գտնեին իրենց ազատությունը նույնքան հեշտությամբ, որքան Դանին։

Պաշտպանները համոզեին դատավորին, որ մեղադրյալն էլ երբեք չարություն չի անի (ինչպես ես էի համոզում) դատավորը հավատար դրան ու մեղադրյալի ձեռքերը ազատեր երկաթե շղթաներից (հորս նման), իսկ մեղադրյալն էլ՝ պահելով խոստումը, իսկապես էլ երբեք չարություն չաներ (ինչպես Դանին)։ Անգամ լվացք չպոկեր։

Այդ ժամանակ միգուցե առավոտները բացվեին ոչ թվացյալ երջանկությամբ։

maria chichakyan

Համալսարանական խրոնիկոն

Ներկայանալու համար չեմ գրի ՝ «Ե՞ս՝ աղջիկ»։ Ընդամենը կասեմ, որ կյանքիս վերջին երեք տարիներին՝ «Ե՞ս՝ ուսանող»։

Ուսանող դառնալուս որոշումը երևի ուղիղ համեմատական է  ձեր շնչելուն ու արտաշնչելուն, այսինքն՝ միանշանակ բնական է։ Համալսարան ընդունվելուց մեզնից մեծ մասը կրկնուսույցների է դիմում, որ մեկ կամ երկու տարվա ընթացքում մեզ պատրաստեն բուհին, ահավոր վախենալու, լրջմիտ մի շինության։

Սեպտեմբերի 15, 2015, Երևան, Պուշկին փողոց, լուսապայծառ մի օր։

-Մարիա ջան, գրքեր կարդալ սիրո՞ւմ ես։

-Հա, իհարկե, բայց ոչ ցանկի միջի գրականությունը։

-Վերջին կարդացածդ գիրքը ո՞րն է։

- «Հիսուն օր իմ ինքնասպանությունից առաջ», բայց չեմ հավանել։

-Ինչի՞, Մարիա ջան։

-Սպասում էի, որ ինքնասպան կլինի ու չեղավ․․․

Հարգանքներիս հավաստիքը, ընկեր Ղուկասյան, որ դիմացել ու բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով ինձ մոտիվացրել եք: Կներեք, որ անտրամաբանական վերջաբանների դեպքում շրջվում ու ինձնից գոհ հարցնում էի. «Բա Սահականույշը Երկաթից ինչի՞ չբաժանվեց»։

2017, հուլիսի 10, Երևան, Թումանյանի արձան։

-Ընդունվել եմ Բրյուսով, կարողացա։

Իրականում աշխարհը չէի գրավել, հրեշների աշխարհն անգամ  չէի գրավել, բայց ինձ  էնպես էի զգում, ոնց որ մեծ բան էի արել։

2017, սեպտեմբերի 1, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան։

Կեդերով, ջինսով աղջնակ, իսկ կողքին՝ մեյք ափ, շորիկներ, երջանկություն, իսկ ինձ համար՝ վերջացնեմ ու գործի գնամ։

Ընդունվել էի որպես մանկավարժ, Հայոց երկրի հպարտ մանկավարժ։

Առաջին կուրսում թռի-վռի ճպուռս մի կերպ, հազիվ, աշխատանքի ու դասերի մեջտեղում անլիկվիդ ավարտեցի առաջին ուսումնական տարին բակալավրիատում։

2018, սեպտեմբերի 1, ԵՊԼՀ, Թարգմանչական ֆակուլտետի դեկանատ։

Վերջին տարվա ընթացքում ֆակուլտետս դարձել  էր «Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ», իսկ որտեղ տեղափոխվել էի ուզում՝ «Թարգմանչական  և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ»: Համաձայնեք՝ անունն արդեն վստահություն էր ներշնչում։

Տարբերության քննությունս հանձնեցի ու արդեն թարգմանիչ էի, էնպես չէր, որ իմ ցանկությամբ էի ընդունվել բուհ, բայց լավագույն տարբերակը դա էր։

Երկրորդ տարում, բացակայություններիս պատճառով դեկանս համալսարանից հեռացնել էր ուզում:

2019, մեր օրեր…

Հեռացման վտանգի տակ չեմ, դեկանս ինձնով հպարտ է, գնահատականներս ուղղվել են, ամեն բան ուղղվել է, սկսած ինձնից։

Բայց․․․

Տեքստը  կարող էր լինել ուղղված նրան, որ աշխարհը ցուրտ է, կյանքը՝ խաբուսիկ, մենք էլ՝ դժբախտ, որ ստիպված ենք սովորել։

Նյութերի ճնշող մեծամասնությունը բուհերի մասին բողոք է, վատ կրթական համակարգ, դասախոսներ, կաշառք, նախանձ կուրսընկերներ ու անվերջ արդարացումներ։

Ես չեմ արդարանում։

Աշխարհում մի հստակ բան կա՝ ուզում և անում եմ, և չեմ ուզում ու չեմ անում: Այլ բան, ցավոք, չկա։

Տարիներ առաջ ես հարգել եմ և ուզել իմ կամքին հակառակ ընդունվել բուհ։ Ես հեռացման դիմում չեմ ներկայացրել։ Ես համարվել եմ բուհի սան։

Իսկ ի՞նչ պետք էի անեի բացի ինքս ինձ փոխելուց: Ինքս ինձ խղճալը իմը չէր, կներեք։

Կյանքում էլ է նույն մեխանիզմը ու նույն օրենքները՝ ինքդ քեզ երեխայի պես չվերաբերվել ու լինել պատասխանատու քո քայլերի համար։ Եթե որևէ բան չես հավանում ՝ փոխիր այն։

Բայց, ի վերջո․

We don’t need no education

We don’t need no thought control

No dark sarcasm in the classroom

Teacher, leave them kids alone

Hey! Teacher, leave them kids alone …