Ազատ տարածք խորագրի արխիվներ

Anna Sargsyan ashtarak

Զրույց տարածությունից դուրս

Գիտեմ, հիմա ծառայակից ընկերներիդ հետ Նոր տարին ես նշում, ուրախանում ես անշուշտ, բայց դեմքիդ ժպիտը լիարժեք չի: Մեզ մոտ յոթ հարյուր կիլոմետր է բաժանում։ Ինչ ասես կտայի, որ կողքիս լինեիր ու ժամացույցի զանգերին զուգահեռ առաջին գրկախառնությունս քեզ հետ լիներ։ Ինձնից հեռու՜ եղիր, բայց թող միտքդ խաղաղվի ու անկե՜ղծ ժպտա, սեղանի կողքին տեղդ մտովի բաց ենք թողել։ Քո սիրած աղցաններն են, թխվածքները ու լիքը կոնֆետ, բայց առանց քեզ կուլ չեն գնում, կարոտի պես կանգնում են կոկորդիս։ Գուցե մտքով ինձ հետ ես, ու դա է պատճառը, որ կենացիդ մեջ հոգոց եմ լսում, բայց չտխրես, ինչպես ես եմ փորձում (խոսք եմ տվել): Եթե երբևէ ինչ-որ ձայն կրակոցների նմանեցնես, թող որ պարզես` հրավառություն է,  ինչպես որ հիմա իմ շուրջն է` տարբեր տներից, հրապարակից։ Գիտեմ, գրածս չես կարդում, փոխարենը զինակիցներիդ շնորհավորանքներն են չորս կողմից, բայց մտքով տանն ես, կողքիս նստած կոնֆետներից լավագույնն ենք ընտրում` մա՛մ, մի հատ էլ ու վերջ։ Վաղը «Տանը մենակ»-ը կնայենք մի ոգևորությամբ, ասես առաջին անգամն է, մի քիչ էլ հեռախոսների մեջ կմտնենք, կկարոտենք, հետո կգրկենք իրար։ Կյանքիս տասնվեց տարիները բավարար չեղան քեզ այնքան արժևորելու համար, ինչքան որ արժևորեցի հրաժեշտի պահին. հինգ ամիս առաջ էր։ Տունը առանց քեզ դատարկ է, դռանը երկար նայում եմ ու սպասում, որ պիտի այդ դռնից ներս մտնես, քո կապույտ աչքերով նայես ինձ, մի ուրախ բան պատմես օրվանիցդ, լիաթոք ծիծաղեմ ու ես էլ մի չստացված հումոր անեմ։ Երազանքների գիրկն ընկա: Գիշերվա ժամը երեքն է, գլուխդ շատ չցավեցնեմ, առանց այն էլ լարված օրդ չծանրաբեռնեմ։ Բայց ուզում եմ մի բան հստակ իմանաս` ես քեզ շնորհակալ եմ ամենի համար, որ արել ու չես արել, գոյությանդ, տվածդ խորհուրդների ու խաղաղ գիշերներիս համար։ Ու չտխրե՛ս, ժպտա՜, անկե՜ղծ ժպտա, սեղանի կողքին տեղդ մտովի բաց ենք թողել…

Ներկայացնում է Գագարինի «Կանթեղ» գրական խմբակը

luiza gagarin

Երազանքի առաջնորդությամբ

Ամանորը պատշաճ առիթ է՝ երազելու, նոր անելիքներ ծրագրելու համար: Երազելը անհրաժեշտություն է, որովհետև երազանքից է սկսվում ամեն-ամեն ինչ: Երազանքները կարող են փոխել աշխարհը: Կարևոր է, որ մարդը երբեք չկորցնի երազելու ունակությունը:

Ես Լուիզան եմ: Ինչպես բոլորը՝ ես էլ ունեմ երազանքներ ու նպատակներ: Իններորդ դասարանցի եմ: Ես հաստատ վճռել եմ, որ իրավաբան դառնալու իմ երազանքն իրականանալու է:

Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչպես կայացվեց այդ որոշումը: Վերջերս համադասարանցիներով հաճախ ենք խոսում մեր երազանքների ու անելիքների մասին: Քանի որ մենք հիմնականում երազում ենք մեր ապագա մասնագիտության մասին, ուստի զարմանալի չէ, որ մեր զրույցը հիմնականում դրա շուրջն է ծավալվում: Մեր մեջ ասած, կարգին աղմկում ենք, ամեն կողմից լսվում են ճիչեր ու առարկություններ: Ոմանք համակարծիք են, ոմանք էլ աղմուկից ուղղակի լռում են:

Օրինակ՝ մեկնումեկն ասում է.

-Ես ուզում եմ դառնալ ուսոուցչուհի, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եմ:

Թեր և դեմ կարծիքներ են հնչում, քննարկումը թեժանում է:

Ահա հերթն ինձ հասավ.

-Լուիզա՛, դու լսեցիր բոլորիս, դե հիմա դու՛ էլ ասա:

-Դե… Ես էլ երազում եմ դառնալ կամ դերասանուհի, կամ էլ իրավաբան: Ի՞նչ եք կարծում, ո՞րը…

-Երևի… իրավաբան:

-Չէ՛, դերասանուհի՛…

-Իսկ դու ինքդ ի՞նչ ես ուզում:

-Իրավաբա՛ն,-ինքս ինձ համար էլ անսպասելի վճռականությամբ ասացի ես:

…Այո՛, ես միշտ ապավինել եմ մտերիմներիս խորհուրդներին: Իմ ուսուցչուհի ընկեր Ղարիբյանն ասում է, որ ես կարող եմ դառնալ հրաշալի բժշկուհի, իսկ ընկեր Բրագինան կարծում է, որ ես կարող եմ նաև լավ լրագրող լինել: Ուսուցչուհիներիցս բացի՝ տատիկս ու մայրիկս էլ են տարակարծիք: Ըստ տատիկիս՝ ես կարող եմ դառնալ խիստ ուսուցչուհի, իսկ մայրիկս ասում է.

-Հաշվապահը լավ մասնագիտություն է, կարող ես մտածել նաև այդ ուղղությամբ:

Ես կարևորում եմ նրանց կարծիքները, սակայն որոշել եմ անվարան լինել ու հիանալի իրավաբան դառնալ:

Դա է իմ որոշումը, քանի որ ես ուզում եմ, որ իմ երկրում կայուն և հզոր լինի արդարությունը: Այն չպետք է վաճառվի կամ գնվի: Մարդկային հասարակությունում չպետք է տեղ ունենա «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» տեսակետը: Բոլոր մարդիկ պետք է ունենան հավասար իրավունքներ, անկախ նրանից՝ հարուստ են, թե աղքատ, ֆիզիկապես ուժեղ են, թե թույլ: Երբ ես մեծանամ ու դառնամ իրավաբան, այս աշխարհի անարդարությունը կպակասի:

Լուիզա Սարգսյան, իններորդ դասարան

Իմ գրադարանավարը

Դպրոցում ուսանելուս առաջին տարուց ի վեր ես ամեն օր այցելում եմ մեր դպրոցական գրադարան: Այո՛, ես դպրոցի գրադարանի «հիմնական բնակիչներից» եմ՝ գրքերից ու տատիկիցս հետո: Շուրջ երեսունվեց տարի է, ինչ տատիկս աշխատում է որպես գրադարանավար: Նա բյուրավոր գրքերը դասավորել է այբբենական հերթականությամբ, և արդեն ես էլ ստույգ գիտեմ, թե որը որտեղ է:

Երբ ամառային արձակուրդների ընթացքում տատիկիս հարցնում եմ, թե ինչ կարդամ, նա այնքան հայ ու արտասահմանյան գրողների անուններ ու ստեղծագործությունների վերնագրեր է ասում, որ ես չեմ կողմնորոշվում, թե որն ընտրեմ: Այս տարի գրադարանավարների օրվա առթիվ մենք տատիկիս համար անակնկալ էինք պատրաստել: Դա նրա համար լիովին անսպասելի էր, և նա ի սրտե ուրախացավ:

Գիտե՞ք, գրադարանավարի աշխատանքը ևս հեշտ չէ, բայց տատիկս սիրով ու պատասխանատվությամբ է կատարում այն: Տատիկս իմ մանկության անբաժան մասն է, նա միշտ իմ կողքին է: Ի դեպ, ես նրա առաջին թոռնուհին եմ: Նա սիրում է պատմել, թե ինչպես է օրորոցայիններ երգել ինձ համար, ինչպես եմ ես սկսել քայլել ու խոսել:

Նա ինձ միշտ քաջալերել է: Պատահել է՝ ես այնքան էլ լավ չեմ սովորել կամ սխալներ եմ արել, բայց նա շարունակել է ինձ սիրել: Ես ու տատիկս շատ ենք զրուցում տարբեր գրքերից ու բանաստեղծություններից. Օրինակ՝ ինչու՞ է գրողն ընտրել հենց ա՛յս վերնագիրը, ինչու՞ է այս ավարտն ընտրված ու բավականին շատ ինչուներ:

Ինչպես գրադարանում՝ տանը նույնպես մեր գրքերը կոկիկ դասավորված են, տատիկս հոգ է տանում, որ մենք չխառնենք հերթականությունը, գրքի էջերը ծալելու փոխարեն էջանիշներ գործածենք: Նա պատմում է, որ երբ մեր տարիքին է եղել, շատ գրքեր է կարդացել և մինչ օրս հիշում է դրանց բովանդակությունը, հաճախ է անգիր մեջբերումներ անում:

Թող աշխարհի բոլոր երեխաները տատիկ ունենան: Հավատացե՛ք, տատիկ ունենալը իսկական հարստություն է:

Այնքա՜ն եմ ուզում, որ մռայլությունը երբեք չթակի նրա հոգու դուռը: Երբ նա ժպտում ու ծիծաղում է, շրջապատն ասես լուսավորվում ու զարդարվում է: Այդ պահին նա գարնան արևի պես պայծառ է:

-Լսու՞մ ես, տա՛տ, ես սիրում եմ քեզ, ժպտա՜…

Սյուզան Գևորգյան, իններորդ դասարան

aniharutyunyanarm

Աստված ու Թուփաքը

- Տեսնես Աստված հիմա ի՞նչ ա անում։

- Դավ, էլի մենակ-մենակ ծխե՞լ ես։ Ի՞նչ եկել ես` անկապ խոսում ես։

- Չէ, բայց լուրջ, օրինակ՝ ի՞նչ կա երկնքում զբաղվելու։ Հաստատ Ֆրեդի Մերկուրիին ու Թուփաքին կանչել, համերգ ա լսում։

- Բայց կարող ա իրանք դրախտում չեն։

- Իրա ձեռքը չի՞։ Լյուցիֆերին կասի՝ մի քանի օրով կուղարկեն։

- Գիտես, չէ՞, որ Ֆրեդին գեյ ա եղել։ Դրա համար, երևի, դժոխքում ա։

- Չէ հա, Տիկ, ինձ թվում ա ինքը Բոհեմիան Ռապսոդիայի նման մի հատ երգ ստեղծելու համար ա դժոխքում։

- Չես լրջանում էլի։

- Հա, չեմ լրջանում, բայց էս կյանքի համար էդ էլ ա շատ։ Զարմանում եմ էն մարդկանց վրա, որ էս կյանքը լուրջ են ընդունում։ Ամեն ինչ ծանր են տանում։ Ես ամեն օր գնում եմ գործի, բայց անգամ էդ գործն ինձ համար լուրջ չի, որ ես ամեն օր եմ անում։

- Քանի՞ տարի ա` իրար ճանաչում ենք. հի՞նգ, վե՞ց: Հենց էդ ժամանակվանից` բանակից, ցնդածի տպավորություն էիր թողել ու ամեն անգամ համոզվում եմ, որ ճիշտ էի մտածում:

- Կարո, իսկ ի՞նչ ես մտածում` ինձ դրա՞խտ կվերցնեն, թե՞ դժոխք:

- Քո արածների համար քեզ կարող ա նորից հետ ուղարկեն Հայաստան, ախպերս:

- Ի՞նչ եմ արել: Բանակում մարդ եմ ծեծել մի անգամ ու հեչ էլ հպարտ չեմ դրանով, նախկին ընկերուհուս եմ շատ նեղացրել, որովհետև անընդհատ ասում էր` արի ստեղ նկարվենք, ընդեղ նկարվենք: Մեկ էլ մեր հարևան Աշոտի կնիկը մի անգամ աղ ա եկել ուզել, շաքար եմ տվել: Դժվար սենց բաների համար Լյուցին առանձին պատժարան զբաղեցնի:

- Հլը հետ արի դրախտից, էն Անահի՞տն ա գալիս:

- Հա, ինքն ա: Դեմքին նայի հլը, հեսա գոռալով գալու ա…

- Երեխե՜ք, բարի օր:

- Անահիտ, կլինի՞ դու մի օր գաս ու նորմալ բարևես, նենց ես գոռում, ոնց որ կամանդիրս լինես:

- Տիկո, դու էլ ոնց որ բիձա լինես, մի հատ շնորհավորի, հա՞, քննությունս գերազանց եմ ստացել:

- Ինչ հեշտ ա քեզ երջանկացնելը: Գնամ դասախոսներիդ հետ խոսեմ` թող քեզ միշտ գերազանց նշանակեն:

- Ինձ էդ թվանշանը պետք չի, հասկանու՞մ ես, այլ էն, որ իմ տանջանքը գնահատվում ա, արդյունք ա տալիս: …Մեզ 3 բաժակ գարեջուր բերեք:

- Ան, դո՞ւ էլ ես մտածել, որ ինձ հետ մի բան էն չի, երբ առաջին անգամ տեսել ես ինձ:

- Հա, Դավ, մտածում էի, թե ո՞վ ա դասական համերգի սպարտիվկայով գալիս: Դրա համար էլ մտերմացա քեզ հետ:

- Բա ի՞մ:

- Քեզ հետ էլ, դե, որովհետև Դավոյի նման աննորմալի ընկերն էիր: Հաստատ քո մեջ էլ մի բան կլիներ:

- Ճիշտ ա, Ան, մի քիչ ցնդած մարդկանց հետ էս կյանքն ավելի հեշտ ա: Երանի ես էլ Դավոյի նման կարողանայի մտածել: Մերոնք փոքրուց թողնեին, որ ես ընտրեի` ի՞նչ եմ ուզում լսեմ, կարդամ, նայեմ, սովորեմ, ի՞նչ մասնագետ եմ ուզում դառնալ: Մինչև հասկացա, արդեն ուշ էր, դրա համար հիմա չսիրած գործով զբաղվելը սպանում ա ինձ:

- Տիկո, գնա ու սովորի էն, ինչ սիրում ես: Էլի բարդացնում ես ամեն ինչ: Կարելի ա ընդամենը նորից սկսել` առանց վախենալու:

- Իմ տարիքում էլ ի՞նչ: …Մեզ էլի գարեջուր:

- Եկեք գործի չգնանք էսօր:

- Բա ի՞նչ անենք, Դավ:

- Գնանք Թուփաքի մասին կինոն նայենք, տեսնենք` ինքը ինչի՞ պետք ա դժոխքում լինի: Ի՞նչ կասես, Տիկ:

- Ինձ թվում ա` ժամանակից շուտ մեռնելու համար:

- Անահիտ, խի՞ դու ինձ չես սիրահարվում, քանի ապրում ենք:

- Էդ կանաչ սպարտիվկեդ դուրս չի գալիս, Դավո:

- Իսկ եթե էլ չհագնե՞մ:

- Դրանից էությունդ չի փոխվում: Համ էլ` սիրահարվելը հո որոշելո՞վ չի:

- Ան, եթե Դավոյին չսիրահարվես, դժոխք ես գնալու դրա համար:

- Գոնե Թուփաքին կտեսնեմ: Դավոյից մի օգուտ կա էլի:

- Հիվանդանոցից են գրել: Կանչ ա շտապ: Գնամ, երևի էդ մարդը Թուփաքին չի սիրում, փրկեմ շուտ մեռնելուց ու իրա մոտ գնալուց: Կխոսենք, Դավ:

valentina

Ինչպես ստանալ վարորդական իրավունք

Եթե քո հայրը, քավորը կամ քավորի քավորը ցանկություն չունի քեզ նվիրելու վարորդական իրավունք, ուրեմն դու պարտավոր ես պատրաստվել վարորդական իրավունք ստանալու քննություններին՝ հանգիստ խղճով երթևեկելու համար։

Ինչի՞ց սկսել

Վարորդական իրավունք ստանալու համար, դու պետք է հանձնես տեսական թեստ և գործնական քննություն։ Բայց քննությանը պատրաստվելու համար առաջին քայլը տեսական թեստերն ամենևին անգիր անելը չէ։ Սկզբից մտնում ենք գուգլ, գրում ենք bmw sport cars և ամենայն ուշադրությամբ սկսում ենք զննել յուրաքանչյուր հրաշքին այն պատկերացմամբ, որ վարորդական իրավունք ստանալուց այդ հրաշքներից մեկը կարող ես օրինականորեն «չլել»։ Եթե ունես ավելի մեծ մոտիվացիայի կարիք, ընտրում ես այդ հրաշքներից մեկի նկարը, ներբեռնում հեռախոսիդ մեջ և դնում հեռախոսիդ էկրանի գլխավոր նկար։ Հենց այդպես ամեն րոպե այդ լուսանկարը կարող է մոտիվացնել քեզ և հիշեցնել, որ հեչ էլ ձանձրալի չէ 63 թեստը անգիր անելը։

Բայց արժի՞ թեստերն անգիր անել։

Իրականում, չարժի, որովհետև կլինեն տարօրինակ հասկացությունների անուններ, որոնց իմաստներին չտիրապետելը հետագայում կհանգեցնի գործնական քննությունը տապալելուն։ Նման իրավիճակից խուսափելու համար պետք է թեստերից առաջ նայել  վարորդական վիդեոդասեր, որոնք հայերեն լեզվով հասանելի են մի քանի կայքերում։

Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի վիդեոդասերը սերտելու և հարցաշարը սովորելու համար։

Եթե էն իմ ասած լուսանկարը հեռախոսիդ էկրանին է, հավատա, 2-3 օրը քեզ լրիվ բավական է վիդեոդասերը սերտելու համար։ Իսկ վիդեոդասերը սերտելուց հետո, հարցաշարն անգիր անելու կարիք չկա, որովհետև տրամաբանությամբ և ունեցած գիտելիքով կարող ես արագ անցնել բոլոր հարցերի վրայով։

Ինչո՞ւ չդիմել հայրիկի, ընկերոջ կամ եղբոր օգնությանը գործնական պարապմունքների համար։

Առաջին. գործնական պարապմունքների ժամանակ անխուսափելի են բախումներն ու  հասարակ սխալները, և նրանց գոռոցները միայն կարող են դեմոտիվացնել քեզ, մանավանդ, երբ դու շատ փխրուն արարած ես։ Հետո էլ, թող շատ սեքսիստական չհնչի, բայց շատ տղամարդիկ իրոք կանոնավոր վարել չգիտեն։ Ու հա, մեքենան տեղից պոկելը դեռ կանոններով վարել չի նշանակում։ Այդ պատճառով, նեգատիվ մուննաթները գեղեցիկ շրջանցելու համար, կարող ես գտնել մի մասնագետի, ամեն դասի համար վճարել նրան 5000 դրամ և 12-13 դաս օրինականորեն ուտել նրա նյարդերը։

Ո՞րն է միակ բանը, որ կարելի է անել տեսական քննության նախորդ օրը։

Պետք է պայմանավորվել վարսահարդարի ու կոսմետոլոգի հետ, քանի որ դու տեսական քննությունից առաջ նկարվելու ես, և վարորդական իրավունքի տգեղ լուսանկար ունենալը խստորեն արգելված է։ Միայն թույլատրվում է ունենալ գեղեցիկ լուսանկար, որ հետո ոստիկանին ցույց տալուց չամաչես անձնագրի լուսանկարի պատմության նման։

Ինչո՞ւ կոնյակ ու շոկոլադ չտանել գործնական քննության ժամանակ։

Որովհետև դու արդեն տեսական քննության համար վճարել ես 3000 դրամ, գործնական քննության համար պետք է վճարես 13400 դրամ, իսկ ամենավերջում, երբ բարեհաջող անցնես այս երկու փուլերը, պետք է 12․000 դրամ պետական վճարում անես։ Ու էսքան գումարից հետո, ինչո՞ւ կոնյակ ու շոկոլադ տանել, այ քեզ բան։

Ի՞նչ անել վարորդական իրավունք ստանալուց հետո։

Իհարկե, հպարտ հայացքով գնալ հայրիկի մոտ, պահանջել սիրածդ մեքենան և անել առաջին մանևրը, յուհու՜… Իսկ եթե լուրջ, միշտ նպատակային օգտագործել մեքենան, վարել ըստ կանոնների և երբեք արագ չքշել, որովհետև բալը թանկացել է, «աղջիկ-պարոն»։

shushanhakobyan

Վատ բան չկա

Էս վերջերս անընդհատ մի հոլովակ է աչքովս ընկնում, նայում եմ ու հասկանում, որ հոլովակի 2016 թվականին նկարված լինելը դեռ ոչինչ չի նշանակում, ու որ էս թեման քանի գնում, այնքան ավելի է թարմանում։

Հոլովակում մի մարդու մասին էին պատմում՝ Գեղամի, ում ծնողները մահացել են, կինը դավաճանել է, իսկ որդին չի էլ ցանկանում հոր հետ կապ ունենալ։ Հարցնում են. «Ու՞ր է տղադ հիմա»։ Նյարդայնանում է, ասում. «Նա ինձ ի՞նչ տղա։ Ե՛ս եմ իմ տղան, ե՛ս եմ իմ աշխարհաչափը, ե՛ս եմ իմ ծովն ու ցամաքը»… Նապաստակներ է պահել, որ վաճառի, որ գոնե դեղամիջոցների ու ապրուստի մասին հոգա, բայց չի հասցրել վաճառել… Գողացել են։

Ասում է` բան չեմ ուզում, մենակ դեղերիս գումարը լինի ու վերջ։ Անիծում է պապուն, որ ինքը հայ է ծնվել, իսկ մե՞նք։ Մենք ի՞նչ ենք անում։

Ունեցած մի կտոր, մի փոքր լավը մեզ համար դարձնում ենք մուգ գույնի, անթափանց կտոր, վերցնում ենք, կապում մեր աչքերին ու ձևացնում, իբր վատը չենք տեսնում, իբր վատը չկա։ Բայց կա, չէ՞։ Դրանից հո իրականությունը չի՞ փոխվում։ Ուղղակի էդպես հեշտ է, ուղղակի մարդը երբ չի կարողանում իր առջև ծառացած որևէ խնդիր լուծել, նախընտրում է առավել հեշտ տարբերակ. ձևացնել, իբր ամեն ինչ կարգին է, իբր խնդիր ամենևին էլ չկա։ Ու կեսից մոռանում է նրա մասին, որ ինքը պարզապես ձևացնում էր, որ խնդիր չկա, ու սկսում է քիչ-քիչ հերքել խնդրի` վատի գոյությունը։ Վա՞տ, ի՞նչ վատ, վատ բան չկա։

Կա, ու մենք ենք էդ վատը, մեզնից յուրաքանչյուրը, որ իրեն իդեալական է համարում, ամեն մեկը, որ իր թերությունները շտկելու փոխարեն ծածկում է այն, իսկ ինչն էլ չի կարողանում քողարկել, ներկայացնում է իբրև առավելություն` իրեն «ազատ մարդ»  ու «ժամանակի հետ քայլող» համարելով…

Վատն ենք, ու ինքներս մեզնով հպարտանալու բան շատ քիչ ունենք, քանի դեռ էս տեսակ մարդիկ են ապրում մեր հարևանությամբ, ում չնկատելու ենք տալիս։

 Վա՞տ, ի՞նչ վատ, վատ բան չկա։

 

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Տոներն ավարտվում են

armine karapetyan

Ամանորյա միապաղաղություն

Նոր Տարիները գնալով միապաղաղ են դառնում: Չէ, ես նկատի չունեմ ողջ տարին, այլ հենց այդ մեկ օրը, որին միշտ հրաշքներ ենք վերագրել:

Մեր դպրոցի ամանորյա միջոցառումների ժամանակ ես լսում կամ ասում էի, որ 12-ի զարկելուն պես պիտի երազանք պահես, այն ամենանվիրականը, ու ամբողջ սրտով հավատաս, որ կիրականանա:

Նոր Տարին սովորական տոն դարձավ, երբ մենք դադարեցինք հավատալ Ձմեռ պապիկի գոյությանը, սովորական դարձավ, երբ հասկացանք, որ մարդիկ իրար բարին կամենալու փոխարեն հաշվում են սեղանին դրված ուտելիքների քանակը: Ամանորը դադարեց լինել արտասովոր տոն, երբ սկսեցինք երազանքներ չպահել, որովհետև դադարեցինք հավատալ: Մի՞թե մեծացել ենք, բայց չէ՞ որ երազանքները տարիք չեն ճանաչում, ու մենք միշտ հնարավորություն ունենք երազելու…

Ամանորը ողջ իմաստով տարին նորովի սկսելու ու մաքուր էջ բացելու հնարավորություն է, բարության, երջանկության, սիրո ու ներման հիանալի առիթ, այլ ոչ թե տասներկուսին հինգ պակաս կիսաթաց մազերով տանեցիներ, ճոխ սեղան՝ բոլորին զարմացնելու համար, հոգնած մամա ու որևէ մարդու տուն գնալու պարտավորվածություն՝ իբր չնեղացնելու համար: Ու այս չակերտավոր Ամանորից մենք ոչինչ չենք ստանում, մեր սրտերի ջերմությունը գոնե մի քիչ չի ավելանում, որ այս սաստիկ ձմռանը դիմանանք: Մենք օրերն ավարտում ենք, հոգնում, բարկանում… Ու մեզ էլի ոչինչ չի մնում, բացի թթված տարատեսակ աղցաններից ու այն երշիկ-բաստուրմայից, որ պատրաստվում են ձվածեղ դառնալ:

Ամանորի իմաստը այդ ամենի մեջ չէ: Ես երբեք չեմ փոխի ոչնչի հետ այն զգացումը, որն ունենում եմ, երբ հետհաշվարկ ենք անում ու սպասում զանգերի ղողանջներին:

Հուսամ այս ամենը տարիների ընթացքում իր դիրքերը կզիջի ու մենք ամանորին երջանիկ կզգանք ոչ թե նրա համար, որ մեր սեղաններին ասեղ գցելու տեղ չկա, այլ նրանից, որ մեր հոգիների ջերմությունը կտարածվի ամենուր ու սեր կճառագի բոլորիս սրտերից:

Շնորհավո՜ր Նոր Տարի, իմ սրտաբաց, հյուրասեր հայ ազգ, թող քո երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ ամանորներդ՝ միշտ երջանիկ։

Սուրբ Ծնունդը Մովսեսում

Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի պատարագ է:

Պատարագիչ քահանան` Տեր Աբել Քարդաշյանը:

Տոնի առթիվ համայնքը որոշել է ղափամա պատրաստել:

Կարծում եմ արդեն հասկացաք, որ շատ համեղ էր: