Ուսումնական տարին սկսելուն պես առարկայական ցանկում հաստատվեց «Ձեռնարկատիրություն» առարկան: Բոլորի շրջանում մեծ ոգևորություն մտցրեց, սկսեցին մեծ սիրով սովորել և ուսումնասիրել ձեռնարկատիրական արժեքները: Հենց սեպտեմբերից հիմնեցինք աշակերտական գործարար ընկերություն՝ ԱԳԸ: Դեռ ամենասկզբից կատարեցինք ընտրություններ: Նախ ընտրեցինք «Ագը» նախագահ, քվեարկության արդյունքում նախագահ դարձավ Լարիսա Գալստյանը: Մարքեթինգի գծով նախագահ ընտրվեցի ես՝ Աննա Մխիթարյանս, ֆինանսների նախարար՝ Իրա Քոչարյանը, արտադրության գծով նախարար՝ Վահե Հմայակյանը, կադրերի գծով նախարար՝ Մարիամ Կարապետյանը: Աշակերտական գործարար ընկերության կազմը ձևավորելուց հետո միանգամից անցանք մի քանի քայլերի կատարմանը՝ շուկայի հետազոտություն, պարտականությունների պարզեցում, վերջնական թիմի ձևավորում: Նպատակը մեկն էր` թողարկել այնպիսի արտադրանք, որ բոլորին հաճելի լինի: Դե ինչպես միշտ, ամեն բան կատարյալ ստացվեց: Ընդամենը 3 շաբաթում արդեն ունեինք հիմնական արտադրանքը և այլ աքսեսուարներ: Եվ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Աշոցքի միջնակարգ դպրոցում առավոտից եռուզեռ էր: Բոլորս պատրաստվում էինք տոնավաճառի, վերջապես կստանայինք այլոց կարծիքները:
-Աննա՛, բեր շուտ էրա, տիա` էկան մարդիկ:
-Էրեխեք, ո՞վ մանր ունի…
-Մեկդ հետս եկեք` էրթանք համայնքապետարան, տեսնինք` ով գուկա…
-Երեխե՛ք, մեկդ մոտեցեք, ընդեղ մարդ կա…
Ու այսպես շարունակ կարող եմ թվարկել, թե ինչ հասցրեցի լսել այս օրվա ընթացքում: Առաջինը տոնավաճառի հարթակին մոտեցավ մեր տնօրենը: Շատ մեծ ոգևորությամբ ընդունեց մեր աշխատանքերը: Տնօրենից հետո ողջ ուսումնական կոլեկտիվը մոտեցավ, և սկսվեց իրական տոնական տոնավաճառը, գեղեցիկի, նուրբ աշխատանքի վերաբերյալ խոսակցությունները հասան մինչև գյուղամեջ: Այցելեց նաև գյուղապետը և այլ աշխատակիցներ:
Ամեն ինչ այնքան ջերմ մթնոլորտում ընթացավ, որ մոռացել էինք ժամանակի գոյության մասին: Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ընկեր Դանիելյանին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հաջողության մեջ: Սպասենք հաջորդ տոնի անակնկալներին:
Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում դեկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը: Այն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Առաջին օրվա ընթացքում դպրոցի «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Նաիրա Բարիկյանը մի քանի աշակերտների հետ բաժանեց ուղեցույց-գրքույկներ տարբեր դասարաններում, իրազեկեց աշակերտներին գալիք ընտրությունների, դրանց ընթացակարգի և որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացի դրսևորվելու կարևորության մասին: Թեկնածուները մշակեցին իրենց ծրագրերը, ընտրեցին վստահված անձանց:
Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 4-ը, պատասխանատու և որոշիչ օր էր թեկնածուների համար, քանի որ նրանք պետք է անցկացնեին քարոզարշավ և ընտրողներին ներկայացնեին իրենց ծրագրերը: Նրանք դպրոցի պատերին փակցրին իրենց ծրագրերը, անցան դասարաններով, խոսեցին իրենց կողմից բարձրացված հարցերի և դրանց տրված լուծումների մասին, պատասխանեցին առաջացած հարցերին: Քարոզարշավից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիսը, որի ընթացքում թեկնածուներն արդեն ավելի մանրամասն ներկայացրին իրենց ծրագրերը, ինչին հետևեց բուռն հարց-պատասխանի շրջանը:
Լրագրողները և հետաքրքրված ընտրողներն ուղղում էին ամենատարբեր բովանդակություն ունեցող հարցեր՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, վերջացրած ՀՀ բյուջեին վերաբերող հարցերով: Հարցերը նաև տեղիք տվեցին հետաքրքիր ու սուր բանավեճերի և քննարկումների թեկնածուների միջև: Երրորդ և ամենասպասված օրվա ընթացքում աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, հանձնաժողովի անդամները հաշվեցին ձայներն ու հայտարարեցին հաղթողին, որը 2019թ.-ի փետրվարին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների հետ: 






