Ազատ տարածք խորագրի արխիվներ

hayk sargsyan

Մշակութային շոկի զոհերը

-Սամ, արդեն որոշել ես, թե ի՞նչ ես հագնելու:

-Հա, ոնց որ մտածում էի` Ջոկերի դիմակս կդնեմ:

-Իսկ ես չեմ կողմնորոշվում: Կամ կմախքի կերպար կընդունեմ կամ էլ Ջոկերի: էն էլ, որ ասում ես` Ջոկերը դու ես, ես երևի կլինեմ կմախք:

-Իսկ ես կլինեմ «մանյակ»,- սերիական մարդասպաններին բնորոշ ժպիտով մեջ մտավ Դավիթը:

-Բայց զգույշ, չափից շատ նման չլինես,- ծիծաղեցինք բոլորս:

-Որոշել ես, չէ՞, թե ում տներն  ենք մտնելու,-հարցրեց Սամվելը:

-Հա, Լիլիթի հետ պայմանավորվել եմ, իրանք լիքը լավ կոնֆետներ են գնելու,- մեծ ախորժակով պատասխանեցի ես:

-Իսկ դդո՞ւմ:

-Արմեն, մենք Ավշարում ենք ապրում, ի՞նչ դդում:

Հնչեց զանգը այդ օրը վերջին անգամ, ու բոլորս գնացինք տուն` պատրաստվելու:

Արդեն ժամը 6-ն էր, պայմանավորվածությանը համաձայն, պետք է հանդիպեինք գյուղամիջում: Ոչ ոք չէր ուշացել: Փողոցով քայլում էին մի քանի գժուկներ, որոնք նշում էին կելտական յուրօրինակ ու սարսափազդու այս տոնը: Մարդիկ մեզ նայում էին ինչպես Արմաշի հոգեբուժարանի հիվանդների, որոնք փախել էին Ավշար, որպեսզի վեհաժողով գումարեին:

-Ուրա՜խ Հելլոուին…

-Վա՜յ, էրեխեք, լեղաճաք եղա,- պատասխանեց մեր առաջին հյուրընկալը:

Սա այդ օրվա ամենատարածված ռեակցիաների Թոփ 10-ում 1-ին տեղն էր զբաղեցնում: Նրանց հաջորդում էր «Ինչ հավես ա՜, էրեխեք», «Սա սատանիստական տոն ա, այ անամոթներ, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը…» արտահայտությունները: Բայց դե մեզ ոչինչ չէր կոտրում, քանի որ մեզ միավորում էր մի մեծ տոպրակ քաղցրավենիք ու հույս, որ շուտով ուտելու ենք այդ քաղցրավենիքը:

Արդեն 8-ի կողմերն էր: Մեր բարեկամների և դասարանցիների տներն այցելելուց հետո, միտք ծագեց այցելել նաև անծանոթ մարդկանց տներ, սակայն այդ ժամանակ ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ինչի կհանգեցնի մեր այդ  միտքը:

-Եկեք դե այս տունն էլ մտնենք,- չեմ հիշում ով առաջարկեց` մատնացույց անելով այդ չարաբաստիկ տունը:

-Եկե՛ք,- համաձայնվեցինք բոլորս:

-ՈՒՐԱԽ ՀԵԼՈՈՒԻՆ…

-Աաաաա՜աաաա…,- մեզ տեսնելուց հետո մի աղջնակ ճչաց ու լացելով վազեց դեպի ծնողները` բացականչելով. «Պապ, պաա՜պ, գողերը…»

Լսելով նրա ճիչը, դժվար չէր կռահել, որ նա մեզ դրել էր գողի տեղ, ինչը մեզ համար շատ անսպասելի էր, որն էլ հանգեցրեց նրան, որ բոլորս փախանք այդ տնից:

Փախուստի ընթացքում մեր բոլոր կոնֆետները թափվեցին, մեր թանկարժեք շոկոլադե (և ոչ միայն) կոնֆետները, որոնք մենք հավաքել էինք կյանքի գնով, բայց ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե ես պատահաբար չշրջվեի ու չտեսնեի, որ մեզ հետապնդում են այդ աղջնակի հայրիկը և պապիկը: Նրանք վազում էին վագրերի նման, որոնք հետապնդում էին իրենց որսը: Նրանց հայացքում կար ատելություն, դաժանություն ու որսին ինչքան հնարավոր է շուտ հասնելու մոլուցք: Բայց ես էլ հո եղնիկ չե՞մ, որպեսզի նրանք ինձ որսան: Ես քաղաքակիրթ անհատ եմ, որը չէր ուզում փախներ:

«Հոպ, բայց ես ի՞նչ եմ արել, որ մի հատ էլ վազում եմ ինչպես «Ֆերրարի»,- մտածեցի ես, ոտքս հանեգի գազի ոտնակից:

-Մենք գողեր չենք…

-Այ, հիմարներ, էդ ո՞ւմ տուն եք մտել,-բղավելով հարձակվեց վրաս տղամարդը:

-Մի խփեք, էսօր հելլոուինն ա, մենք գողեր չենք… ,-բայց միևնույն է, նա շարունակում էր ինձ քյուֆթայի մսի տեղ դնել:

-Ի՞նչ հելլոուին, դուք գողեր եք:

-Չէ, էսօր…

-Թե՞ մտածում եք` կարաք իմ տուն մտնեք: Լավ կայնի, ո՞ւր փախան քո հանցակիցները,- այս ասելով նա բաց թողեց ինձ ու վազեց մյուսների հետևից:

Սա դեռ քիչ չէր, նրանց հաջորդեց տան պապը, ով «ծանր թաթ» էր, ում թաթի ծանրությունը անձամբ ես զգացի իմ մարմնի վրա:

-Տո, այ հիմարներ, գոնե գիտե՞ք ում տունն եք մտել:

-Մենք գողեր չենք…

Ինչպես տեսնում եք, կանգնելը ու քաղաքակիրթ մարդկանց պես խոսելը նրանց համար չէր: Նրանք ուղղակի բռնության մեծ ալիք էին բարձրացրել անչափահաս երեխաների վրա: Ու այս ամենի հետ մեկտեղ, մենք լսեցինք ոստիկանական մեքենաների շչակների ձայնը: Նրանք ոստիկանություն էին կանչել…

…Չեմ ուզում հիշել այս մղձավանջը: Այո, դա իրոք մղձավանջ էր մի խումբ երեխաների համար, որոնք ուղղակի ցանկանում էին նշել Հելլոուին  տոնը և ընկերներով ուրախանալ: Սակայն իմ ուղեղում մի քանի բան չի տեղավորվում: Ո՞ր մի գողը կգար և դուռը կթակեր բացականչելով` «Ուրախ Հելլոուին», ո՞ր մի գողը ներկված կլիներ ասես մանկական թատերական ներկայացումից փախած դերասան, և ո՞ր մի գողը զենքի տեղը կօգտագործեր մի տոպրակ կոնֆետ…

Հա, քիչ էր մնում մոռանայի` բոլորին բարություն և ցտեսություն:

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Մեր նոր զբոսայգին. Ազգային ժողով

«Ժամանակն է»

«Rec-Time» կինոընկերությունը ֆիլմարտադրության մեջ հայտնի դարձավ 2014 թվականին «Ելք չկա» ֆիլմով։ Կինոընկերության գործադիր տնօրենը և պրոդյուսերը կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանն է։ Այս տարի հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց կինոընկերության երկրորդ ֆիլմը` «Ժամանակն է»: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են նախորդ տարվա սեպտեմբերից Հունաստանում, շարունակվել Ռուսաստանում, իսկ որոշ ժամանակ դադարից հետո վերսկվել են Հայաստանում։ Ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար նկարահանումներ են տեղի ունեցել Վրաստանում և Թուրքիայում։

-Ֆիլմը հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջերի մասին է, որոնցում ցույց ենք տալիս, որ մենք չենք մոռացել և չենք մոռանալու մեր անցյալը, հպարտ առաջ ենք գնալու և անկոտրում ենք լինելու ավելի, քան կանք,- ասաց Կամո Ունանյանը։
Նա նաև նշեց, որ փորձել են լավ որակի ֆիլմ ստանալ, որտեղ ցույց կտային հայի ուժն ու ոգին։
Ֆիլմի փակ պրեմիերայից առաջ տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին լրագրողներ, լուսանկարիչներ, դերասաններ, Կամո Ունանյանի հարազատները, ընկերները։ «Ժամանակն է» Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, պրոդյուսերը` Կամո Ունանյանը, դերասանական կազմը բաղկացած է հետևյալ թիմից` Կամո Ունանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ժաննա Բուտուլյան, Արսեն Լևոնյան, Անատի Սաքանյան, Ադրիանա Գալստյան, Նարեկ «Մեծ Հայք» Պետրոսյան, Մարիամ Մելիքյան, Արմեն Մարգարյան և այլք։
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, որը ֆիլմում մարմնավորում է Հասանի կերպարը, նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր դերասանական երիտասարդ կազմի հետ աշխատելը։

-Երբեք թուրքի կերպար չեմ մարմնավորել։ Բայց մտածեցի, որ հայը թուրքին ավելի լավ է ճանաչում, քան հենց իրենք իրենց։ Եվ մտածեցի՝ ինչո՞ւ հայը չներկայացնի թուրքին,- նշեց Ալեքսանդր Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ ֆիլմի գնահատողը հանդիսատեսն է։

-Հուսով եմ, որ ֆիլմը դուր կգա հանդիսատեսին, և մեր արած աշխատանքը զուր չի լինի։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր և պետքական թեմա է, որը միշտ հուզել է բոլորիս,- ավելացրեց Ալեքսանդր Խաչատրյանը։
Անատի Սաքանյանը, որը մարմնավորում է Հասանի դստերը, նկատեց, որ այս կերպարը շատ է տարբերվում իր խաղացած մյուս դերերից։ Պրեմիերային ընդառաջ նա բավականին անհանգիստ ու լարված էր, սրտի թրթիռով էր հետևում ֆիլմին, քանի որ առաջին անգամ էր դիտում այն։ Գեղարվեստական ֆիլմում ներկայանալու փորձ Անատին ունեցել է փոքրիկ դերերով, սակայն առաջին անգամ է ներկայանում գլխավոր դերով, ինչի պատճառով շատ ոգևորված էր։
Դերասան Խորեն Աբրահամյանի թոռը` դերասան Արսեն Լևոնյանը, մարմնավորել է Հասանի որդու կերպարը։ Նրա համոզմամբ՝ դերասանը պետք է կարողանա ցանկացած դեր խաղալ՝ առյուծից մինչև թուրք։

Ժաննա Բուտուլյանն ասաց, որ իր կերտած յուրաքանչյուր կերպար ունի հետաքրքրություն, քանի որ նկարահանման հրապարակում միշտ սովորում է։

-Ես առաջին անգամ նկարահանվել եմ «Դժվար ապրուստում», որի ռեժիսորը Վահե Սայանն էր։ Հետագայում տարիներ շարունակ աշխատել ենք, և հաճույքով եմ աշխատում իր հետ։ Կամո Ունանյանի հետ հետաքրքիր է աշխատելը, քանի որ շատ մեծ էնտուզիազմով է անում իր աշխատանքը, և դա փոխանցվում է քեզ։ Նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր էր։ Տեսարաններից մեկում մեքենա եմ վարում։ Այդ օրը կարող էր էքստրեմալ լինել, քանի որ նման հզոր շարժիչով մեքենա վարելու փորձ չունեմ, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ,- ասաց Ժաննա Բուտուլյանը։
Ֆիլմի երաժշտությունը պատկանում է Play Beck ընկերությանը, ի դեմս Նարեկ «Մեծ Հայք»-ին։
Ֆիլմի ավարտին հնչեցին հանդիսատեսի ծափահարությունները, ներկաները մոտենում և շնորհավորում էին դերասանական կազմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և նոր բարձունքներ։

Մանկական վախերի մասին

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ես` ապագա հոգեբանս, ուզում եմ ներկայացնել մի հետաքրքիր նյութ «Մանկական վախերի» հետ կապվաՎերջերս մասնակցեցի երկօրյա թրեյնինգի «Մանկական վախերը և դրանց կառավարումը» թեմայով, որը անգնահատելի դարձավ ինձ համար: Թրեյնինգի մասնակիցներին հրավերներ եկան Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից նույնը դպրոցներում և մանկապարտեզներում մանկավարժների հետ անցկացնելու համար: Մենք, դասախոսի օգնությամբ, կազմեցինք խմբեր` 5 հոգանոց, և օր նշանակեցինք: Ես, Ֆենյան, Գայանեն, Ստելլան և Հրանուշը գնացինք Արմավիր` Բամբակաշատի միջնակարգ դպրոց: Դպրոցի ընդունելությունը հրաշալի էր: Մենք ցանկություն հայտնեցինք, որ թրեյնինգին, բացի մանկավարժներից, նաև 12-րդ դասարանի աշակերտներ մասնակցեն մասնագիտական կողմնորոշման համար:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Սկզբում ներկայացրինք, թե ինչ է իրենից ներկայացնում վախը. վախը ներքին վիճակ է, որը լինում է իրական և երևակայական: Խոսեցինք կպչուն վախերի` ֆոբիաների և դրա տեսակների մասին: Մեր թրեյնինգը ոչ միայն տեսական մաս էր պարունակում, այլ նաև գործնական: Մենք բազմաթիվ տեխնիկաներ միասին օգտագործեցինք մինչև 11 տարեկան երեխայի վախերը հաղթահարելու համար:

Առաջին տեխնիկան տիկնիկաթերապիան էր։ Լվացքի ամրակներով, գունավոր թելերով և մարկերով պատրաստում ենք տիկնիկ, մասնակիցներին բացատրում էինք, որ այն պաշտպանող տիկնիկ է երեխայի համար: Երեխան ինքն իր ձեռքով պետք է պատրաստի տիկնիկը, նրան պատմի` ինչից է վախենում, տիկնիկը վախերը թաքցնի իր հագուստի տակ, և վերջ։ Երեխան գիշերը տիկնիկը դնում է բարձի տակ, իսկ գիշերը մայրը տիկնիկին վերցնում է` առավոտյան ասելով, որ վերջինս իր վախերը վերցրել և գնացել է: Չկա մի երեխա, որը չհավատա։

Մյուսը Պյուսի հեքիաթն է, որը պարզում է՝ երեխան իրականում ինչից է վախենում: Երեխային պատմում ենք հեքիաթ և խնդրում, որ նա շարունակի այն. «Լինում է, չի լինում մի տղա/աղջիկ է լինում: Նա վախենում էր… Ինչի՞ց էր վախենում տղան/աղջիկը»: Երեխան անգիտակցորեն ասում է այն, ինչից իրականում ինքը վախենում է: Օրինակ՝ թրեյնինգի ժամանակ աղջիկ երեխայի հետ իրականացրինք այս տեխնիկան, և նա ասաց՝ գողերից է վախենում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Իրականում ես շատ-շատ կարող եմ խոսել այս տեխնիկաների կատարման մասին, բայց եկեք ամենահետաքրքիր տեխնիկան ներկայացնեմ, որը կոչվում է էբրու:

4 տարեկանից սկսած՝ երեխաները սովորաբար վախենում են ջրից և այդ վախի հաղթահարման համար իրականացնում ենք էբրու: Երեխային տալիս ենք ափսեի մեջ լցված կաթ կամ կրախմալով ջուր և ջրաներկ։ Հրահանգը հետևյալն է` նկարել տղա/աղջիկ (ըստ իր սեռային պատկանելության), ով լողում է ջրում և չի վախենում խեղդվելուց։ Իրենք իրենց են նկարում և իրենց ինքնավստահ են զգում:

Եվս մեկը. երեխաները սովորաբար վախենում են կենդանիներից, հոգիներից, երևակայական հրեշներից: Երեխային տալիս ենք փուչիկ և ասում, որ փչելով փուչիկը` ինքն իր վախերը լցնում է փուչիկի մեջ: Փչելուց հետո նա մարկերով վրան նկարում է իր վախը և սուր փայտիկով պայթեցնում այն՝ պայթեցնելով իր վախերը: Այս ամենը մենք բոլոր մասնակիցների հետ կատարեցինք:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Եթե երեխան վախենում է որևէ կենդանուց, նրան տալիս ենք պլաստիլին և ասում՝ պատրաստի իր վախը, այնուհետև սուր փայտիկները խրում է վախի մեջ՝ «արժեզրկելով» այն:

Ես և իմ թիմի անդամները բոլոր մայրիկներին, որոնք ունեն մինչև 11 տարեկան երեխա, խորհուրդ ենք տալիս կիրառել այս տեխնիկաները, և ամենակարևորը, իրենց վախերը չփոխանցել իրենց երեխաներին։ Եթե մայրիկը շնից վախենում է, թող իր երեխայի ճանապարհը չթեքի իր հետ, որ շան կողքով չանցնեն, երեխան հենց այդ պահից սկսելու է վախենալ, բայց մինչ այդ չէր վախենում: Դուք այլ մարդ եք, ձեր երեխան` այլ:

Թրեյնինգի վերջում մասնակիցներին տրամադրեցինք մանկական վախերի վերաբերյալ փաթեթ:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Երեխան վախեր է ձեռք բերում դեռևս ներարգանդային զարգացման շրջանից, երբ տագնապի և վախի, տխրության և անընդհատ տագնապի ժամանակ արտադրվում են համապատասխանաբար` վազոպրեսին, մելատոնին և ադրենալին հորմոնները: Հղի կանայք պետք է փորձեն հղիության ընթացքում լաց չլինել, մաքսիմալ հանգիստ հոգեվիճակ պահպանել, քանի որ այդ պահերին երեխային թթվածին չի մատակարարվում:

Հ.Գ. Այս մասին այստեղ պատմեցի, որովհետև, նախ գուցե դու էլ մանկական վախեր ես ունեցել, կամ նկատել ես, որ քո փոքր քույրը կամ եղբայրն է հիմա վախենում, փորձիր այս եղանակներով ձերբազատվել դրանցից: Եվ հետո, գուցե քեզ էլ հետաքրքրեց հոգեբանի մասնագիտությունը: Մտածիր այս մասին, քանի դեռ հնարավորություն ունես ճիշտ կողմնորոշվելու:

hayk Sargsyan

Լավատեսության հազար ու մի պատճառ

Օրս սկսվեց ինչպես իմ կյանքի 5844 (16*365+4 նահանջ տարիները, իմ մաթեմատիկական հաշվարկներում չեք կարող սխալ գտնել) օրերից մեկը. օպտիմիստ տրամադրվածությամբ, պայծառ ժպիտով, բաց չակրաներով (չակրա բառը ես սովորել եմ երկու տարի առաջ)։ Մի խոսքով՝ սովորական օր, սովորական Հայկ։

Օրենքին համաձայն՝ ես ու իմ դասընկերները երկուշաբթի օրերը գնում ենք Թումո, բայց քանի որ ավտոբուսի ժամերը չեն համընկնում մեր դասերին, մենք վարձում ենք տաքսի։ Այդ օրը բացառություն չէր, սակայն տուն գալու ճանապարհին դեպքերը ստանում են այլ ընթացք.

-Սուսեք, տղեք, ոնց որ մեքենայից ձայն է գալիս,- ասաց վարորդը։

-Ինչ-որ հոտ չե՞ք առնում։

-Հը՞, կարո՞ղ է շմոլ գազ է, -տագնապալի ձայնով հարցրի ես։

-Ընկեր Վարդանյանին որ կանչենք, ինքը հաստատ կասի։

-Արմեն, ընկեր Վարդանյանը որ գար, կշնչեր ու կմահանար, -պատասխանում է Դավիթը, ինչին հաջորդում է բոլորիս ծիծաղը։

-Ծուխ է հելնում, -բացականչեցինք բոլորս…

Է՛լ վարորդը, է՛լ տղաները, ջանք չէին խնայում վերականգնելու փչացած մեքենան։ Թարսի պես մեքենան փչացել էր ինչ-որ ռեստորանի առջև, որտեղ կարծես պատրաստվում էին ընթրել նախկին իշխանավորները։ Շատ ախորժալի էր բուրում։

Մինչ բոլորը նստած «Գույն տրամադրության` սևն» էին լսում, ես նախընտրում էի the neighborhood-ի R.I.P. to my youth-ը, քանի որ արդեն ժամը ինն էր, ու մենք դեռ Երևանում էինք։ Ինչևէ, չենք մոռանում, որ ես օպտիմիստ եմ, ու դրանք զուտ խոսքեր չեն։ Սրա մեջ լավ կողմ էլ կար։ Մենք չենք ասի վաղվա գրականության անգիրը։ Յե՜հ։ Ես անկեղծ էլ ուժ չունեի սովորելու Թումանյանի «Հայոց լեռներում» անգիրը։ Սա մենք կարող էինք օգտագործել որպես արդարացում, ու քանի որ մենք յոթով էինք, մեր՝ «երկուս» ստանալու շանսերը քչանում էին։ Առաջ ընկնելով ասեմ, որ մենք պարտացուցակի մեջ ենք, ու վաղ թե ուշ ասելու ենք այդ անգիրը։

Հետո բոլորս նկատեցինք, որ դեպի մեզ է սլանում մի էվակուատոր։ Մենք փրկված էինք։ Այնպիսի զգացողություն էր, ասես մեր ինքնաթիռը ընկել էր ամայի կղզի, և մի քանի տասնամյակ այնտեղ գոյատևելուց հետո վերջապես գտել էր փրկության նավը։ Իսկ այ, էվակուատորով մեր ճանապարհորդությունը այլ պատմություն է, որը չգիտեմ՝ ինչի ես, ձեզ չեմ պատմի։

nare hovhannisyan

Համակարգը չաշխատեց

Բարև, գիտեմ, որ դու էլ ինձ նման տխուր նստած ես, չափում ես սենյակի լայնությունը, հետո ոտքերդ ուղղում ու հիմա արդեն որերորդ անգամ շրջանագծով քայլում սենյակում։ Հաշվում ես գցած քայլերդ ու նորից տեղավորվում աթոռին՝ նորից սենյակում դեգերելու մտքով լցված։

Գիշերվա կեսին կարևոր չէ, թե աշխարհում ինչ է կատարվում, կարևոր չէ, որ մարդիկ երջանիկ են, սիրված, կարևոր չէ, որ 21-րդ դար է, ու դրան տեխնիկայի դար են կոչում, կարևոր չէ, թե վաղն ինչ եղանակ է սպասվելու, կարևոր չէ…

Կարևորները միայն թղթին են գրում ու ամպագոռգոռ արտահայտություններ կազմած օդում հնչեցնում, իրականում սրանք էլ կարևոր չեն։ Կարևորները մենք հեռվում ենք թողնում, կամ ծալում, դնում մեր սիրած գրքի վերջին էջերում, ինչպես աշնան չորացած տերևը կդնենք։ Հետո մի օր բացում ու համարում կարևոր հնություն՝ չորացած, անէացած, բայց աչքին սիրելի։

Միևնույնն է, չենք տարբերում, աշխարհում ամեն բանի անուն ենք կպցնում՝ կարևոր է, անկարևոր։ Կարևորները պահարանի առաջին դարակում ենք խցկում, երկրորդ դարակում կարևորների երկրորդ աստիճանն է, սրանք մեկ-մեկ ենք հիշում, վերցնում, թերթում այն հույսով, որ մի օր պետք կգա։ Դե, իսկ երրորդն էլ լցված է ցաքուցրիվ անկարևորներով՝ առանց դասավորելու, ուղղակի մատնված մոռացության։ Չնայած՝ մեկ-մեկ մոտենալու և դասակարգելու հույսը մտքներումս պահած։

Ու նորից, կրկին իջնում ես քո չոր աթոռից ու մտքումդ քայլերիդ թիվը մոռացած՝ փորձում ես սենյակիդ այս պատից մյուս պատն ընկած հեռավորությունը չափել, բայց փոշմանում ես ձեռքիդ տակ համապատասխան չափիչ սարք չունենալու պատճառով։ Այնուամենայնիվ, դու չես ընկճվում, ի վերջո 21-րդ դար է, և որ վաղը հեռուստացույցը միացնես, հաստատ կտեսնես, որ մի նոր չափիչ սարք են հորինել։ Գիտեմ՝ դու էլ սպասում ես, որ մի օր, երբ հեռուստացույցը միացնես, զիլ ձայնով մի տղամարդ կհաղորդի. «Բրիտանացի, կորեացի և ճապոնացի գիտնականների համատեղ ուժերով ստեղծվել է կարոտը չափելու սարք»։ «Ա՜յ քեզ գյուտ»,- կմտածես դու ու վազքով կփնտրես քո արխիվներում պահած, վաղուցվանից հավաքած գրոշները այն հույսով, որ դու էլ ձեռք բերես այդ սարքից։ Չնայած, այն դժվար վաճառեն մահկանացուներին։ Այդ միտքը գլխումդ՝ գրոշները հետ կշպրտես տեղը, թող մնան, մի օր պետք կգան։ Կգամվես հեռուստացույցի առաջ, ուշադիր կլսես զիլ ձայնով տղամարդուն, որն արդեն հազար անգամ կկրկնի, թե սարքը ձեռք բերել կարող են միայն չափահասները։ Դե, իսկ դու, ցավոք, դեռ տասնյոթ ես։

Տեսնես` ինչպե՞ս են օգտագործում սարքը, ո՞նց են ստեղծել։ Հա՜, երևի մարդկանց հոգին առանձնացրել են սրտից, տեղափոխել հարմար տարրայի մեջ և զննել, թե հոգին ինչ է զգում ամեն անգամ «կարոտ» բառն արտաբերելիս։ Հոգին, բառը լսելուն պես, կծկվել է և փոքրացել… Այն ցավ է զգացել, անասելի ցավ։ Հոգին չի խաբում, ցավ ես զգում, որովհետև գիտես, որ չես կարող անցնել այդ պատնեշը, չես կարող շրջանցել, քանդել։ Ա՜յ, էդպիսին է կարոտը։ Չգիտեմ՝ ինչպես են չափում այդ գիտնականները կարոտը, բայց, ըստ իս, անհնար է չափել տիեզերքը, անհնար է չափել սերն ու կապվածությունը դեպի ամենաթանկ մարդը։ Ճիշտ է, այն սկիզբ ունի, բայց ոչ երբեք ավարտ, այն միշտ ցավեցնում է հոգիդ, այն միշտ ստիպում է հիշել ու կորչել հիշողությունների քարտեզում։ Փակի՛ր այդ քարտեզը, արդեն շա՜տ ուշ է…

Ու դու նորից հազարերորդ անգամ կդեգերես սենյակումդ, կչափես լայնությունն ու հեռավորությունը, իսկ զիլ ձայնով տղամարդը կասի, որ կարոտ չափող սարքը փչացել է, իսկ գիտնականների Նոբելյան մրցանակը հետ են վերցրել…

 

valentina chilingaryn

Հազար ու մեկ գիշերներից

Շատ ուշ էր, երբ ծնողներիս հետ վերադառնում էի տուն:

-Դու ինձ չսովորեցրիր մեքենա վարել: Էս անտերը շատ կարևոր է: Ինչի՞ վատ կլիներ, որ վարել իմանայի: Առևտուրն էլ կանեի, ըըը… Առևտուրն է․․․ Ըըը․․․ Առևտուրն էլ:

Պապան լուռ էր:

-Ես չեմ հասկանում, էս մեքենայի եղածն ի՞նչ է, որ չսովորեցի: Ախր, սա էնքան հեշտ է: Մի կոճակ ես սեղմում, մի ղեկ ես թեքում, մեկ-մեկ էլ էստեղ ես սեղմում, որ ուզում ես կանգնես: Վերջ: Իսկ դու մի օր ժամանակ չգտար, որ ինձ սովորեցնես:

Պապան էլի լուռ էր: Գրողը տանի, ոնց եմ հասկանում նրան:

-Հեսա վաղը դու կգնաս աշխատանքի, ես կփորձեմ վարել քո մեքենան: Էսպես չի կարող շարունակվել, կամ էլ վարորդական դասեր կվերցնեմ ու կգնամ սովորելու: Ես էլ եմ ուզում մեքենա վարել իմանալ, ես էլ եմ ուզում առևտուր անել:

Հանկարծ հայրս անջատեց շարժիչը: Սկզբում ոչինչ չհասկացա, ու նաև` թե ինչի կանգնեցինք, որովհետև շատ հեռու էինք տնից, իսկ մոտակայքում կանգնելու որևէ առիթ չկար:

-Իջի՛ր,- ասաց հայրս մեքենայից իջնելով:

-Ո՞ւր,- հարցրեց մայրս:

-Հենց հիմա սկսում ենք դասերը: Հենց հիմա էդ մի կոճակը սեղմիր, մի ղեկը թեքիր ու մի սեղմակը սեղմիր, երբ ուզես կանգնել: Հենց հիմա:

Ես էլի չէի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, ու էն սերիալի դերասանների պես ուզում էի անընդհատ ասել. «Ոնց որ կինոյում լինենք» կամ «Ոնց որ կյանքս կինո լինի»:

-Հիմա ես պատրաստ չեմ,- լսվեց մամայի արդեն ցածր ձայնը:

-Ի՞նչ է պետք մի կոճակ սեղմելու համար: Դա հեշտ է, սկսիր:

Ես շարունակում էի ծիծաղել, որովհետև երբեք ծնողներիս նման իրավիճակում չէի տեսել: Ու ամենաանսպասելին այն էր, որ մայրս մոտեցավ ղեկին:

-Գոնե գուգլի որոնումների պատմությունը ջնջեի,- բարձր մտածում էի ես,- հեռախոսս ինձ հետ կդնեք, նոթբուքս, գրքերս ու թերմոսս ոչ մեկին չտաք: Հա՜, գրպանիս էն 230 դրամն էլ կտաք ձրիակեր եղբորս, որ վաղը առավոտ չարթնանա ու ամբողջ տան մեջ գոռա, թե հաց ուտելու փող է պետք: Գոնե վաղը թողնի մարդավարի արթնանանք, ը՜, բայց ինչպես միջին վիճակագրական դիակ:

-Վա՜յ դե,- արձագանքեց մայրս:

-Կոճակը չես սեղմո՞ւմ՝ գնանք:

-Պապ, մաման կատակ էր անում: Ախպերական, քշի գնանք, ես փոշմանեցի, էն 230 դրամն էլ չարժի էդ ձրիակերին տալ:

-Չէ, ես կսպասեմ,- պատասխանեց հայրս:

Մաման նստեց ղեկին, հայրս արագ մյուս կողմից նստեց կողքը: Գրողը տանի, 230 դրամս:

-Գնո՞ւմ ենք,- հարցրի ես:

-Ոչ, սկզբից պետք է կապենք ամրագոտին,- սկսեց ժամանակ շահել մայրս:

-Կապեցինք,- պատասխանեց հայրս:

-Ես էլ կապե՞մ,- հետևի նստարանին նստած՝ կրկին հարցրի ես:

-Դու էլ կապիր, նոր կգնանք,- ասաց մայրս կրկին ժամանակ շահելու ցանկությամբ:

Ինձ համար ամեն ինչ ավելի բարդ էր թվում, քան կյանքը սերիալի դերասանների համար: Մայրս, ով կյանքում լվացքի մեքենայից բացի ուրիշ ոչինչ չէր վարել, հիմա նստած էր ավտոմեքենայի ղեկին, ու մեզ պատրաստվում էր տուն հասցնել: Անցյալում մնացին բոլոր տնայինները, որոնք րոպեներ առաջ հանձնարարեց դասախոսս: Կարծես մորս ներշնչած լիներ Պաուլո Կոելյոն, ով ասել էր՝ եթե մի բան ես ուզում, ողջ տիեզերքն է նպաստում ցանկությանդ իրականացմանը: Բայց էս անգամ ոչ տիեզերքն էր մայրիկին փրկելու, ոչ էլ ալքիմիկոսը, որովհետև ոչ մի կոճակ էլ չկար:

-Բա չես սեղմո՞ւմ՝ գնանք:

-Չէ:

Ողջ ճանապարհին մտածում էի՝ ինչքան խենթ են ծնողներս, ինչքան սիրուն ու ինչքան հետաքրքիր: Մտքերս հօդս ցնդեցին, երբ տուն հասնելուն պես նկատեցի նոր դրամահավաք սկսած փոքրիկ եղբորս:

-Հիմա ի՞նչ ես անում:

-Դու փակվիր, կասեմ:

Փոքրիկ աբորիգենը ուշադիր նայում էր մայրիկի ու հայրիկի հոգնած ու մտազբաղ դեմքերին.

-Ես մի բան եմ հասկացել:

-Ի՞նչ,- միաձայն հարցրին ծնողներս:

-Թե ով է ձեզանից շատ աշխատում:

-Ո՞ւ,- հարցրի ես:

-Պապան ամեն օր աշխատավայրում իր համար հանգիստ նստած աշխատում է, իսկ մաման տանը ամբողջ օրը գործ է անում, բայց ոչ մի վարձատրություն չի ստանում: Չնայած, ասում է, որ իր վարձատրությունը մեր սերն ու ջերմությունն է: Մաման ավելի շատ է աշխատում, քան պապան:

-Ո՞ւ- էլի հարցրի ես:

-Ու դրա համար էսօր միայն պապան կտա վաղվա հաց ուտելու գումարը:

-Միայն այսօ՞ր,- ոգևորված հարցրեց մայրս:

-Մեր կազմակերպությունը միայն այսօրվա համար է հաշվարկներ անում, վաղվա օրը այլ հաշվարկ է,- խիստ գործնական տոնով պատասխանեց փոքրամարմին աբորիգենը:

Իսկ Մարկեսը պատուհանից նայելով լուռ ժպտում էր, ասելով.

-Սեր եմ ասել, է…

Լոռու մարզի Վահագնի գյուղում ընտրություններ էին

Լուսանկարը` Արևիկ Սարգսյանի

Լուսանկարը` Արևիկ Սարգսյանի

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվում էին ՏԻՄ (Տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններ։ Լոռու մարզի Վահագնի գյուղում ևս ընտրություններ էին։

Գյուղապետի թեկնածուներ էին` Մերի Մուրադյանը, aԿառլեն Օհանյանը,

Սուրեն Կոստանդյանը, Սուրեն Վարդումյանը, Լևոն Օհանյանը:

Գյուղում տեղի է  ունեցել նախընտրական քարոզաշարվ, որով թեկնածուները  գյուղացիներին տեղեկացրել  են իրեց ծրագրերի մասին:

Նրանք նշեցին, որ այս ընտրություները տարբերվում են մնացած ընտրություններից թե՛ ազնվության, թե՛ անկողմնակալության և թե՛ գյուղացիների հետաքրքրվածության առումով:

Թեկնածուներից խոսեցինք գյուղապետի պաշտոնակատարի` Կառլեն  Օհանյանի հետ, որը նշեց, որ կան խնդրներ, որոնք այս 4-5 ամսվա ընթացում լուծվել են։ Գյուղում տեղադրվել են լուսավորման համակարգեր, ասֆալտապատ ճանապարհները վերանորոգվել են, վերանորոգվել է նաև ոռոգման համակարգը։ Նա հավելեց նաև, որ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ որոնք դեռ լուծման կարիք ունեն:

-Այդ իսկ պատճառով ընտրություններին ներկայացրել եմ իմ թեկնածությունը` ցանկանալով սկսած  աշխատանքները ավարտին հասցնել և գյուղի համար էլ ավելի բարեկարգ կյանք ապահովել,-ասաց նա:

Հարցազրույց ունեցանք նաև Մերի Մուրադյանի հետ, որը նույնպես ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը. հողատարածքների վերականգնում և օգտագործում, անասնաբուժական կենտրոնի ստեղծում, հուշարձանի և եկեղեցու  վերանորոգում:

Նաև խոսեցինք Լևոն Օհանյանի հետ: Համայնքապետի այս թեկնածուն նշեց, որ ընտրվելու դեպքում առաջինը կլուծի ասֆալտապատման խնդիրը, կստեղծի աշխատատեղեր: Գյուղում անցկացվեցին նաև հարցումներ:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ գյուղացիների 50%-ը  հստակ որոշել են իրենց ձայնը տալ և քվեարկել Սուրեն Կոստանդյանի օգտին։

Բնակչության 45%-ը` Կառլեն  Օհանյանի օգտին:

Գյուղացիների կարծիքով  այս ընտրությունները շատ բարդ են  լինելու, քանի որ բոլոր թեկնածուները հավասարազոր են և շատ բանիմաց։

Հիշեցնեք, որ` ընտրությունների արդյունքները ամփոփվեցին հոկտեմբերի 21-ին ժամը 21:00-ին:

Սուրեն Կոստանդյանը 299 ձայնով ընտրվել է Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավար։

Ընտրությանը մասնակցել են 536 ընտրող, որոնցից 299 ձայնը Սուրեն Կոստանդյանի օգտին էր։

Համայնքապետի մյուս թեկնածուները ստացել են հետևյալ քվեները՝ Կառլեն Օհանյան` 133, Լևոն Օհանյան` 73, Մերի Մուրադյան` 9, Սուրեն Վարդումյան` 10։

Անվավեր է համարվել 12 քվեաթերթիկ:

ella mnacakanyan yerevan

Վերջին հիշողություններ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ավարտվել է, ու քաղաքը վերադարձել է իր հին, սովորական ռիթմին: Չգիտեմ՝ գուցե շատերի համար նախկին ռիթմը չէր էլ փոխվել, պարզապես նախորդ շաբաթը 2 ավել ոչ աշխատանքային օր ուներ, բայց իմ աչքերում քաղաքը բոլորովին ուրիշ էր. այն շնչում ու արտաշնչում էր ֆրանսերեն: Ու երևի դա է պատճառը, որ արդեն մեկ շաբաթ է, քաղաքի նույն՝ ծանոթ ու սովոր փողոցները, որոնցով երթևեկելը նույնքան սովորական է, որքան, ասենք, ամեն առավոտ արթնանալը, ուրիշ գույներով են ներկվել՝ հիշողությունների գույներով: Ու դա է պատճառը նաև, որ ես չեմ դադարում ժպտալ ամեն անգամ, երբ հայտնվում եմ այդ փողոցներում, հետևաբար նաև՝ նախորդող շաբաթվանից մնացած հիշողություններում, որոնց մի քանի պատառիկներով պիտի կիսվեմ հիմա, թե չէ վախենում եմ՝ կմոռանամ շուտով: Էս համալսարանի ձեռքը հիշողությունդ անգամ իր տեղում չի մնում: Ի դեպ, հենց հիշողությանս առնչվող պատմությունից էլ սկսենք:

***

Մինչ ես ոգևորված ցույց էի տալիս Հայաստանի պատմության թանգարանի շենքն ու պատմում դրա մասին, մոտեցող ոտնաձայներն ուշադրությունս շեղեցին.
-Էդ ո՞ւր եք գնում առանց պայուսակի,- այն սրճարանի մատուցողն էր, որտեղ քիչ առաջ պիցցա էինք ուտում ես ու իմ ուղեկցությանը վստահված պատվիրակության մինուճար, սոված անդամը, որովհետև վերջինս այնքան էր տարվել նախարարական խորհրդի նիստով, որ մոռացել էր սահմանված ժամին դուրս գալ ընդմիջման կամ գուցե դիտավորյալ էլ սպասել էր, որպեսզի դրսում՝ քաղաքի իսկական միջավայրում մի բան ճաշակի:
-Վա՜յ, մոռացե՞լ էի,- ես ժպտում եմ ու վերցնում ինձ մեկնված պայուսակս,- մերսի,- պատվիրակիս դեմքի արտահայտությունից հասկանում եմ, որ արտասանածս վերջին բառը գոնե հասկացավ. ժպտաց:
-Ա՜յ, ա՜յ, ա՜յ, լավ չի, որ այս տարիքում արդեն մոռանում եք,- ասում է իրեն բնորոշ կատակի տոնով:
-Դե՜,- ես փորձում եմ «արդարանալ»,- կարծես հիշողությանս հետ մի բան այն չի:
-Բայց Ձեր տարիքի համար դեռ շատ վաղ է, օրիո՛րդ,- կես կատակ, կես լուրջ ասում է մսյո Սգարբին ու դրա իրավունքն ունի, իր հիշողությունն իսկապես լավն է:
Ես պատասխանի փոխարեն ժպտում եմ, որովհետև դե արի՛ ու այս պարոնին բացատրի՛ր, որ մոռանալուդ պատճառը իր առավոտյան հայտնած ցանկությունն է՝ տեսնել Ուրուգվայի հրապարակը:
-Էստեղ Ուրուգվայի հրապարակ կա՞ ինչի,- անմիջապես հարցրի վարորդին՝ այդ մասին լսելուց հետո:
-Կա՞,- վարորդը զարմացավ նույնքան, որքան ես,- որտե՞ղ ա:
-Ես էլ եմ էդ ուզում իմանալ,- ծիծաղեցի,- Դուք քարտեզով նայեք, մինչև մենք գանք, էլի,- դուրս եկա մեքենայից,- կգտնեք, չէ՞ :
-Հա, հա, Էլլա ջան,- վարորդը պատասխանեց նույն վստահությամբ, որով ամեն անգամ սխալ փողոց է թեքվում՝ երկարեցնելով ճանապարհը կամ հայտնվելով անտանելի խցանման մեջ:
Ու, հա՛, պայուսակս սրճարանում էի մոռացել ոչ թե վատ հիշողությանս պատճառով, այլ որովհետև արդեն մի քանի ժամ էր՝ մտածում էի, թե ինչպես ենք գտնելու այդ հրապարակը:
Ի վերջո, վարորդը, ի զարմանս ինձ, թեքվեց ճիշտ փողոց, ու վերջապես գտանք այն, որը ոչ այլ ինչ էր, քան սովորական «կոլցեվոյ»՝ կենտրոնում անհասկանալի արձանիկով ու «Plaza de Uruguay – Ուրուգվայի հրապարակ» գրառմամբ, որի միջոցով միայն կարողացանք պատվիրակիս՝ Ուրուգվայի խիստ հիասթափված դեսպանին համոզել, որ իսկապես ճիշտ հասցեով ենք եկել:
-Պետք է զբաղվել այս հարցով,- ակնհայտ դժգոհությամբ մրթմրթաց քթի տակ, ապա շարունակեց,- գնանք հյուրանոց, հոգնել եմ:

***

-Պարո՛ն դեսպան,- ես փորձում եմ գրավել ինձ վստահված պատվիրակության միակ ներկայացուցչի՝ Ուրուգվայի դեսպանի ուշադրությունը, ով, եթե անկեղծ, այդքան էլ տարված չէ համերգով (խոսքը հոկտեմբերի 11-ի տոնական համերգի մասին է Հրապարակում), և կարողանում եմ. նա շրջվում է:
-Օ՜, այստե՞ղ եք: Այո՞:
-Ահա պետական ընթրիքի Ձեր հրավիրատոմսը,- ես ժպիտով մեկնում եմ նրան ծրարը, որի համար և ստիպված եմ եղել առավոտյան ժամը 7-ին հասնել ԱԳՆ ու անիմաստ սպասել:
-Ա՜հ, շնորհակալություն:
Նա բացում է ծրարը, որում, փաստորեն, ոչ թե 1, այլ 5 հրավիրատոմս կար, գտնում է իր անունովը, վերցնում այն ու ծալելով դնում գրպանը:
-Վերցրե՛ք,- նա ինձ է վերադարձնում ծրարը՝ մնացած 4 հրավիրատոմսերով,- կարող եք անել ինչ ուզում եք,- ապա ծիծաղելով ավելացնում,- ես հաստատ 5 հոգու փոխարեն չեմ ուտի:
Համերգի ավարտից հետո ուղևորվում ենք պետական ընթրիքի, որտեղ, հասցնելով պատվիրակիս իր սեղանի մոտ ու համոզվելով, որ ամեն բան կարգին է, թեթևացած շունչ եմ քաշում. «Ըհն, մնաց սպասեմ, մինչև էս ընթրիքն էլ ավարտվի, տանեմ հյուրանոց, ու, վե՜րջ, ես էլ գնամ տուն»: Բայց ինչպես հենց ինքը՝ պարոն դեսպանն էր ասում՝ սպասելն ամենաձանձրալի բանն է աշխարհում: Ուրեմն, ինչո՞ւ սպասել, եթե մոտդ հրավիրատոմս կա: Նույնիսկ հրավիրատոմսեր: Գտնում ես քեզ նման հոգնած, սոված ու կամավոր մեկին, դարձնում հանցակիցդ, որ չձանձրանաս բարձրաստիճան պաշտոնյաների մեջ, հանում կամավորի բեյջդ ու դեմքի վստահ արտահայտությամբ մտնում ներս: Աշխատող պլան է: Փորձել եմ: Ու մինչ ներքևում հանցակից չդարձած կամավորները ձանձրանում էին ու փորձում կշտանալ լանչբոքսային ուտելիքով, իսկ սրահի կենտրոնում բոլորը տեսանկարահանում էին, թե ինչպես են Հայաստանի ու ֆրանկոֆոն աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաները «տժժում» (բառը վերցված է հայկական լրատվամիջոցների վերնագրերից), մենք՝ հանցակիցներս, լիարժեքորեն օգտվում էինք հրավիրատոմսի «կախարդանքից» ու վայելում «պաշտոնյա լինելու» համեղ հաճույքը:

Չէ՜, շատ լավ բան է Ֆրանկոֆոնիան…

Lilit tovmasyan

Նոր տեսքով

-Լիլիթ, ինչո՞ւ մեզ կտրեցիր: Լա՞վ էր, որ մեր շնորհիվ քեզ բոլորը նկատում էին:

-Հանգի՛ստ թողեք ինձ: Ես ընդhանրապես չեմ փոշմանել:

Առավոտյան ժամը 8-ին զարթուցիչս զնգաց ու ընդհատեց մազերիս հետ իմ ճակատամարտը:

Մազերս մինչև վերջերս մղձավանջ էին ինձ համար: 17 տարի մերոնք արգելում էին կտրել մազերս: Իմ մեկ մետրանոց «ընկերները» բեռ էին ինձ համար: Հիմա մազերս կտրել եմ, բայց երազները ինձ հանգիստ չեն տալիս: Երևի մազերս նեղացել են ու վրեժ են լուծում:

Գնացի դպրոց՝ հույս ունենալով, որ կմոռանամ երազիս մասին: Մուտքի մոտ տեսա ընկերուհուս՝ Սյուզիին: Սյուզին սովորական, առանց ձևերի աղջիկ է (ինձ նման). սիրում է գրքեր կարդալ ու ինձ հետ փիլիսոփայլել, բայց նա տառապում է «պրիչոսկամանիայով»: Ես միամտաբար մոռացել էի դրա մասին, ու լայն ժպիտով մոտեցա նրան:

-Լիլ, լավ ա՝ եկար: Մի հատ ասա՝ մազերս շա՞տ թափած ա:

-Սյուզ, բայց դու քո մազերը էսօր փռել ես: Շատ սիրուն ես, քո գանգուրներից էս աշխարհում ոչ մեկը չունի: Դե, պատմի, ինչ կա-չկա:

-Լիլ, բա մազերս շա՞տ գզգզված ա:

-Սյուզ, չէ, ընդհանրապես:

-Բա մեջտեղից սիրո՞ւն ա բացած:

-Ուռա՜, զանգը տվեց,- կյանքում դեռ զանգի ձայնից չէի ուրախացել:

-Լի՜լ, սպասի, մի հատ հայելիդ տուր:

-Սյուզ, չեմ բերել,- ստեցի:

Երևի պիտի չկտրեի մազերս ու հանգիստ ապրեի: Հիմա էլ Սյուզիի մազերի հետ կռվեցի: Հաստատ գիշերը նոր ճակատամարտ է լինելու:

Հոգուս խորքում մի քիչ փոշմանել եմ, որ կտրել եմ, բայց զգուշացնում եմ՝ հանկարծ մազերիս չասեք, թե չէ` ինձ երբեք հանգիստ չեն թողնի: