Ազատ տարածք խորագրի արխիվներ

«Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացը

Հուլիսի 24-26-ը Գյումրիում տեղի ունեցավ «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» եռօրյա դասընթացը։ Այս դասընթացին ընտրվել էի նաև ես՝ որպես մասնակից։ Մասնակիցները նաև Շիրակի մարզից էին ընտրված։ Մի քիչ պատմեմ այս 3 օրերի մասին։

Դասընթացը կազմակերպվում է Save the children կազմակերպության, Oxygen երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից։

Ամեն առավոտ Արագածոտնի մարզի երեխաները ժամանում էին Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, և այստեղ արդեն 28 մասնակիցներ պրոֆեսիոնալ դասընթացավարների գլխավորությամբ սկսում էին դասընթացային օրակարգը։

Առաջին օրը ծանոթացանք միմյանց հետ, խոսեցինք և սովորեցինք, թե ինչ են թիմային դինամիկան, հաղորդակցման հմտությունները, անհատական ինքնաանդրադարձումը (ռեֆլեքսիան)։ Վերջինս պետք է միշտ կրկնել հասկանալու համար սեփական առաջադիմությունդ՝ նպատակներիդ, քայլերիդ մեջ։ Օրվա սկզբում լրացրեցինք թեստեր, որպեսզի վերջում տեսնեինք մեր առաջընթացը տվյալ թեմաների շուրջ։

Երբ ծանոթացանք, առաջին հերթին ինձ զարմացրեց, ուրախացրեց այն փաստը, որ մասնակցում էին ուսանող-մայրեր, ծրագիրը նախատեսված էր 16-30 տարեկանների համար, և նրանց մասնակցությունն իրոք ոգևորող էր։ Ես մտածեցի, որ մեր երկրում արդեն պակասել են նախապաշարմունքներով ապրող ընտանիքները: Հիմա հարսները կարող են հեշտ ու հանգիստ մասնակցել տարբեր ծրագրերի և երեխային թողնել տանը։

Լավ, անցնեմ առաջ։ Հաջորդ թեմաները ինձ ավելի էին հետաքրքրում, դրանք էին՝ ապագայի հետ կապված նպատակներ, սմարթ -նպատակ։ Իրոք շատ մատչելի կերպով թրեյներները մեզ սովորեցրին քայլեր, որոնք իրոք կարևոր են մեր կարիերայի համար։ Հաջորդ թեմաները վերբալ և ոչ վերբալ հաղորդակցմանն էին վերաբերում։ Երեք օրերի ընթացքում էլ մեր դասընթացը ինտերակտիվ էր. հարցեր, քննարկումներ, ինչու ոչ՝ բանավեճեր և բոլոր մասնակիցների ներգրավում։ Մասնակիցների հետ ծանոթացումը, շրջապատի ընդլայնումը իրոք հիանալի է, և այս 3 օրերը իրոք ինձ շատ ծանոթներ ու ընկերներ պարգևեցին։ Ես հանդիպեցի 17.am-ի Անիին Ավետիսյան, ավելի ճիշտ՝ նա ինձ գտավ, որովհետև ուներ մարդկանց դեմքերը նկարներից ու հոդվածներից հիշելու ավելի լավ կարողություն, քան ես։ Օրվա վերջում կատարեցինք ամփոփում թրեյնինգի վերաբերյալ։ 

Օր 2

Հուլիսի 25-ին շարունակեցինք վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության թեման։ Ընթացքում դասընթացավարները հետաքրքիր տեղեկություններ էին տալիս հայտնի գիտնականների, հետազոտողների մասին։ Տոկոսներով իմացանք, թե որ ինֆորմացիան է ավելի լավ հիշվում և այլն։ Ստեղծեցինք մեր խաղերը, որոնց իմաստը ընդհանուր նպատակ ունենալն ու դրանց հասնելն էր։ Անձնային բրենդինգի, հարցազրույցների, CV-ի մասին ստացանք արդյունավետ, կիրառելի գիտելիքներ։ Կարող եմ շատ գրել, թե ինչ սովորեցինք, բայց չեմ գրի, որ մյուս տարի դուք էլ դիմեք այս ծրագրին։

Օր 3

Երրորդ օրը սկսեցինք ռեսուրսների կառավարում թեմայով։ Կեսօրին խոսեցինք աշխատանքային էթիկայի մասին։ Յուրաքանչյուր օր ուներ իր թիմային աշխատանքը, էներջայզերը և իհարկե, համով լանչի ժամանակը։ Նաև ունեինք ընդմիջումներ, որի ժամանակ ավելի էինք մտերմանում, կիսվում մեր պլաններով։ Շարունակեցինք աշխատանքային էթիկա թեմայով։ Յուրահատուկ էր «Ինչպես սովորել սովորել» դասընթացի մասը, և ես հասկացա, որ մեր կրթական համակարգը չի ենթարկվում այս նախադասությանը, այլ հիմված է կրկնողության և լճացման վրա։

Ձեզ եմ փոխանցում մեր անմիջական միջավայրի ուրախ տրամադրությունը։

elen avetisyan

Ամենահարազատներից… կամ ուղղակի իմ սենյակը

Նախքան սկսեմ իմ սենյակը բնութագրել, հիշեմ իմ մանկության սենյակը, երբ քնում էի մայրիկի ու տատիկի մահճակալների մեջտեղում։ Մահճակալների մեջտեղում, այսինքն՝ դրանք միացրած էին իրար, իսկ ես էլ վախելանով այն բանից, որ եթե քնեմ ծայրում, ապա մի օր կընկնեմ գետնին, քնում էի մեջտեղում։ Դե, տարիքի հետ միասին փոխվեց սենյակս ու ինքնըստինքյան էլ՝ մահճակալս։ Այժմ նախկին սենյակի տերն ունի նոր սենյակ, որն էլ գրանցված է իր անունով՝ Էլենի հարազատ սենյակ։

Դե, սենյակ անվանելը մի փոքր սխալ կհնչի, քանի որ այնտեղ ունեմ ամեն ինչ։ Չէ, այս բառի տակ չհասկանաք, թե աշխարհի եղած-չեղածն իմ սենյակում եմ պահում, ուղղակի այստեղ ունեմ այն ամենը, ինչն ինձ է պատկանել ու մինչ օրս էլ պատկանում է։

Այդ «ամեն ինչ» բառի տակ թաքնվող ամենակարևոր իրերից մեկը հենց իմ նկարներն են, որոնց էլ վեր եմ դասում ամեն ինչից։ Ի՞նչն է ամենից լավ տպավորվում մարդու մեջ․ միանշանակ, նկարները, այն նկարները, որոնք դարակիս մեջ իրենց տեղն են գտել դեռ մանկուց։ Բացի դրանցից՝ շատ լավ եմ հիշում բոլոր տիկնիկներս ու խաղալիքներս։

Անցում կատարեմ հագուստներին. նույնիսկ 2 պահարանն է քիչ դրանք տեղավորելու համար։

Պատուհանի տակ՝ աջ կողմում, դարակի մեջ են գրքերս, տետրերս, պատվոգրերս, իսկ դրա կողքին իմ ամենասիրելի մասն է՝ հայելիս ու դրա առջև դրված կարևոր իրերս։

-Սենյակդ ինչո՞ւ չես հավաքել,- այս խոսքերը կարելի է լսել գրեթե շաբաթական մեկ անգամ, ոչ թե օրեկան 2-3 անգամ։

Ուղղակի ունեմ սենյակս հավաքելու, ամեն ինչ ճիշտ ձևով կարգավորելու ու դնելու սովորություն։ Չեմ կարծում, որ մայրիկին ամեն օր բարկացնելը լավ բան է, քանի որ դա էլ իմ պարտականությունն է՝ սենյակս միշտ պահել իր տիրոջ՝ Էլենի կարգադրած օրենքներով՝ մաքուր, հավաքված, առանց ավելորդ իրերի։

Բոլորի համար էլ կարևոր տեղ ու նշանակություն ունի իր սենյակը, սակայն ինձ համար իմ սենյակն ամենից կարևորն է, ես այն համարում իմ ամենահարազատներից։

#Up4Change

-Ժամը 9-ին՝ Գյումրիում։

Ժամը 9-ի՞ն։ Գյումրի՞։ Աշտարակի՞ց։ Դե, կարևորը՝ սիրում եմ երկար ճանապարհ։ Ոչինչ, որ օրը երկու անգամ։ Իսկ որ ամենակարևորն է՝ երկար ճանապարհը դեպի նպատակն է տանում։ Այն է՝ սովորել համոզիչ խոսքի, հաղորդակցության հմտություններ, աշխատանքային էթիկա և անձնական այլ հմտություններ, որոնք չեն սովորեցնում համալսարաններում ու դպրոցներում, որոնք կարևոր են ցանկացած մասնագիտություն ուսումնասիրելիս, կարիերա կերտելիս և, առհասարակ, ողջ կյանքում։ Այս հմտությունները սովորելու, յուրացնելու ու կիրառելու համար Գյումրիում եռօրյա դասընթաց էին կազմակերպել OxYGen հիմնադրամը և  Save the Children կազմակերպությունը` Եվրամիության հովանավորությամբ։

Հուլիսի 24-ից 26-ը Արագածոտնի և Շիրակի մարզերի շուրջ 30 երիտասարդներ ինտերակտիվ դասընթացների միջոցով ստացան գիտելիքներ մարդու անհատական հմտությունների զարգացման համար։ Նոր սովորած կամ էլ ավելի զարգացրած հմտությունները, ըստ դասընթացավարների, երիտասարդներին անհրաժեշտ են լինելու ողջ կյանքում։ Նույն կարծիքն ունեն  նաև մասնակցիները։

Գյումրեցի Ռիմային, օրինակ, դասընթացը տվեց  «ճիշտ արտահայտվելու, խոսքը տպավորիչ և դիպուկ դարձնելու հմտություններ, իսկ սովորածը յուրացնելուն օգնում էր դասընթացավարների։ վարպետությունը»։

Բուրաստանն էլ ասում է՝ «դասընթացի շնորհիվ ստացա այն  գիտելիքները, որոնց մասին տեղեկություններ ունեի,բայց դրանք այնքան էլ հստակ ու լիարժեք չէին։ Ձեռք բերեցի այն պատրաստվածությունը, որի շնորհիվ կարող եմ մրցունակ լինել և գործնական հաջողություններ ունենալ գործատուի հետ հարաբերություններում՝ որպես ապագա աշխատող։ Հնարավորություն ընձեռնվեց ներկայանալ լսարանին և հասկանալ՝ որքանով արդյունավետ կարող եմ կիրառել հաղորդակցման հմտություններս և ինչ միջոցներ կարող եմ կիրառել ավելի համոզիչ և նպատակային հանդես գալու համար»։

«Պահպանվում է» պետության կողմից

Վերջերս այցելել էի Կարենիսի (Գյումուշ) հանգստյան գոտի: Հանկարծ աչքովս ընկավ մոտակայքում գտնվող մի քարաշեն փոքրիկ կառույց և նրա վերևում նշմարվող մետաղե խաչ: Հետաքրքրասիրությունս զսպել չկարողացա. դժվարությամբ մոտեցա եկեղեցուն: Սարդոստայններով պատված վանդակի ճաղեր հիշեցնող փոքրիկ դուռը բացելով՝ մի պահ քարացա: Գորշ պատերը սարսուռ էին փոխանցում: Խորանի վերևի քարերը ցած էին գլորվել: Եթե դիմացի սեղանիկների վրա իրար մոտ շարված սրբապատկերները չլինեին, դժվար կլիներ կռահել, որ գտնվում եմ եկեղեցում: Սրբապատկերների կողքին դրված էր նաև Գարեգին Բ-ի լուսանկարը:

Ցավալի է: 5-րդ դարում կառուցված եկեղեցին եկել հասել է 21-րդ դար և գտնվում է անմխիթար վիճակում: Եթե անգամ մեկ բալանոց երկրաշարժ լինի տեղանքում, մոտ 1600 տարեկան եկեղեցին կհավասարվի հողին:

Պահպանվում է պետության կողմի՞ց: Իսկ ինչո՞ւ է նման սոսկալի վիճակում: Միգուցե նրա համար, որ «պահպանվում է» պետության կողմից:

gayane movsisyan erevan

Դոմինիկա

Ճիշտ է, ես Կոլումբոսը չեմ, բայց, ինչպես Կոլումբոսը կիրակի օրը հայտնաբերած կղզին անվանեց Դոմինիկա, որը նշանակում է՝ կիրակնօրյա, այնպես էլ ես որոշեցի իմ օրը այդպես անվանել՝ Դոմինիկա, քանի որ օրը կիրակի էր։

Դուրս եկա, շտապում էի խանութ, ավելի կոնկրետ՝ դեղատուն։ Դեղը վերցրի։ Շարժվեցի առաջ՝ դեպի եկեղեցի։ Դե, կիրակի էր և Սուրբ Պատարագ։ Մոմ էլ վառեցի, կողք կողքի հարմարեցրի, դրանք իմ աչքին անշարժ էին, բայց հետո չգիտեմ՝ ինչ կլինի, մոմը անդունդի եզրին կհայտնվի, թե՝ ոչ։

Եկեղեցուց դուրս եկա, վթար էր։ Ձեռքումս ջուր կար, իսկ պայուսակումս՝ դեղ։ Ջուրը նրանց թողեցի, իսկ դեղը դեռ պայուսակումս է։ Գլուխս դեպի նրանց՝ գնում էի։ Կանգ առա, դիմացս՝ մի մեծ խանութ, բայց այս անգամ պայուսակների, մտածեցի՝ կարող է պայուսակս փոխելու ժամանակն է, բայց ձեզ հավատացնում եմ, որ ոչ։

Դոմինիկան շարունակվում է։

-Բարև Ձեզ։

Բարևն Աստծունն է, բարևեք ժպտալով, այդ բառի խորհուրդը գիտակցելով, անկախ ներսի ցեխաջրերից, եթե այդ մարդը նույնիսկ ձեր ազգականը չէ։

-Բարև։

Անունը Օֆելյա էր, նրա հոր սիրած բուժքրոջ անունը, բայց մոր սիրտը շահելու համար ասում էր, թե «լյա» նոտան լսվում է, և անուն էլ հնչեղ անուն է։

Օրվա կապույտի մեջ արևի ոսկին էլ էր երևում, և մարդիկ խայտաբղետ էին աչքիս երևում։ Օֆելյային տեսնելով՝ Արևաշատին հիշեցի, երբ նրանց տունը ծմակ էր, հայրը որոշեց անունը Արևաշատ դնել, որ տունը մի քիչ լուսավորվի։

Օրս թաթախված էր դեղատան, եկեղեցու, պայուսակների, Օֆելյայի, հիշողությունների և ամենակարևորը՝ Դոմինիկայի մեջ։ Կոլումբոսի պես կղզի չհայտնաբերեցի, որ մի անուն էլ ես տայի, բայց արդեն ուշ է, պետք է քնեմ։

-Բարի լույս։

«Արևորդի 2018»

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Եթե դու սիրում ես ֆիլմեր, հետաքրքրված ես բնապահպանությամբ ու ցանկանում ես բացահայտել Հայաստանը, ուրեմն «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնը հենց քո տեղն է։ Այս տարի իր ութամյա գործունեության ընթացքում փառատոնն առաջին անգամ դուրս էր եկել Երևանի սահմաններից և հասել էր Վարդահովիտ գյուղ։

Ամեն ինչ սկսվեց այսպես. ես նստեցի մի սպիտակ ավտոբուս՝ լցված անծանոթ մարդկանցով, և ուղևորվեցի Վարդահովիտ։ Հասանք Վարդահովիտ, երբ կեսգիշերը վաղուց էր անցել, ու միանգամից քնեցինք։ Առավոտյան վաղ արթնացանք ու անցանք գործի։ Տեղադրեցինք մասնակիցների համար նախատեսված վրանները, կահավորեցինք մշակույթի տունը, ծանոթացանք գյուղի ու նրա բնակիչների հետ։ Ի դեպ, բնակիչները մեզ աջակցում էին փառատոնի ողջ ընթացքում։ Փոքրիկները տեղափոխում էին տարբեր իրեր, իսկ տատիկներն ու պապիկները սիրով տրամադրում էին իրենց ունեցած-չունեցածը։

Հաջորդ օրը փառատոնի բացման օրն էր։ Ժամանեցին մասնակիցները՝ Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից, մի քանի կամավորներ և միջազգային ժյուրիի կազմը։ Շատ արագ ծանոթացանք ու շարունակեցինք օգնել կազմակերպիչներին՝ առանց ջանք խնայելու։ Խոսում էինք անգլերեն, քանի որ միջազգային էր ոչ միայն ժյուրիի ու մասնակիցների, այլև կամավորների կազմը։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Միջոցառման երկրորդ օրն ամենածանրաբեռնվածն էր։ Տեղի ունեցան աշխատարաններ տարբեր թեմաներով, դիտեցինք մրցույթին մասնակցող ֆիլմերից մի քանիսն ու ամենակարևորը, նշեցինք Վարդավառն ըստ հին հայկական ավանդույթների։ Օրն ավարտեցինք խարույկի մոտ ուրախ երգելով ու պարելով։

Երրորդ օրվա առավոտը սկսվեց փոքրիկ թեյախմությամբ՝ ամենատարբեր թեյերով։ Հաջորդիվ սկսվեց դասընթաց, որն անցկացնում էր ժյուրիի կազմից Նինոն։ Նա բացատրեց մասնակիցներին, թե ինչ կարևոր քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել ֆիլմ նկարահանելու համար։ Պատասխանեց բոլոր հարցերին, անցկացրեց փոքրիկ հարցումներ ու ներկայացրեց հաջողության իր ուղին։ Երեկոյան տեղի ունեցավ միջոցառման փակումը։ Հանձնվեցին մրցանակներ հաղթողներին, ու ելույթ ունեցավ «Տիեզերք» բենդը՝ իր տիեզերական երաժշտությամբ։

Վերադարձա տուն սպիտակ ավտոբուսով՝ լի հարազատ մարդկանցով, գրպանումս՝ անթիվ հիշողություններ, կատակներ, քիթս ու ձեռքերս՝ արևից կարմրած։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

«Արևորդի» բնապահպանական կինոփառատոնն առաջին հերթին մի մեծ կամուրջ էր աշխարհի բոլոր մշակույթների ու ազգերի միջև։ Ես ինքս ծանոթացա գյուղական կյանքին, սովորույթներին ու, ինչու չէ, նաև կարծրատիպերին։ Փառատոնն ինձ տվեց ամենաընտիր հմտությունները, ամենաանմոռանալի փորձը և լիքը-լիքը նոր ընկերներ (մի քանիսն էլ տասնյոթցի)։

Դե ի՞նչ, սպասում եմ քեզ հաջորդ տարի «Արևորդի» բնապահպանական կինոփառատոնի Ինֆո-Տնակի մոտ կանգնած։

tina maqoyan kotayq

Ձոն մտքերի

Բարև, բարեկամս, ինչպե՞ս ես, գործերդ լա՞վ են: Նեղվա՞ծ ես, մենա՞կ ես, ընկերներդ հեռացե՞լ են, ուզում ես չարանա՞լ: Չէ, բարեկամս, ներքուստ բարի ես, չփորձես ատելությամբ լցվել:

Քեզ կասեն, որ քո կյանքը հիասքանչ է, չնայած խնդիրներիդ, որովհետև կան ավելի մեծ խնդիրներ ունեցողները, բայց նաև գիտեմ, որ դա քեզ չի մխիթարի, գիտեմ, որ սրտիդ եղածը չի թեթևանա:

Պարզապես, գիտե՞ս, լինում են պահեր, որ ուզում ես չլինել, հա, հենց չլինել:

Գիտեմ, որ տխրությունդ ցրելու համար կմիացնես սիրելի ֆիլմդ, ասենք՝ Воровка книг, ու արդեն հազարերորդ անգամ քեզ կբռնացնես էն մտքի վրա, որ տխրությունդ ավելանում է, որովհետեւ հենց առաջին պահից կզգաս, որ ժպիտի միջից հոսում են արցունքները, որովհետև ապրում ես էդ ֆիլմով, որովհետև զգում ես հերոսների ցավը՝ քոնին հավասար, կամ գուցե ավելին…

Կմիացնես սիրելի երաժշտությունդ, բայց դա նույնպես չի օգնի, որովհետև, գիտեմ, սիրելի երաժշտությունները մի թերություն ունեն՝ հիշեցնելու ուրախ պահերդ, ու նորից աչքերիցդ արցունքներ քամել…

Ամբողջ օրը հեռախոսդ ձեռքիցդ ցած չես գցի, սպասելով որևէ մեկի հաղորդագրությանը կամ զանգին, թեկուզ՝ անծանոթ մեկի, բայց հեռախոսդ անվերջ կլռի… Ու դու քեզ լքված ու անվերջ մենակ կզգաս…

Գիտե՞ս, արի պարզապես գրողի ծոցն ուղարկիր բոլորին, պարզապես մի քանի ժամով անջատիր հեռախոսդ ու գրքեր կարդա: Կապ չունի, թե ինչ, բայց կարդա…

Ասենք, կարող ես մի փոքր վան Գոգի կյանքից կարդալ, հետո՝ մի փոքր Տերյան կամ Սահյան, կարող ես հին աստվածներին ու աշխարհի վրա եղած բոլոր կրոնները ուսումնասիրել, հավատալ կամ չհավատալ աստծուն (կամ աստվածներին), կարող ես աստղագիտություն ուսումնասիրել ու ատել, ասենք՝ աշխարհագրությունը:

Նկարիր, լսել եմ՝ լավ է ստացվում, հը՞ն… Խառնիր բոլոր գույները թղթի վրա, ու տիեզերք կստացվի, կամ քո սիրելի տարօրինակ մարդկանց նկարիր՝ կարմրած այտերով ու կարմրած մատներով…

Տխրիր, բայց սիրուն… Գիտե՞ս, դա երբեմն նույնիսկ հաճելի է:

Եղիր տարօրինակ, ուրիշներից չհասկացվող, դա բնավ սարսափելի չէ: Հավատա… Հա, հավատա ինքդ քեզ, մի փակվիր սենյակումդ ու դժգոհիր կյանքիցդ, պարզապես կարողացիր կյանքից վերցնել ամենասիրունը, ամենադրականը… Ապրիր… Հա, հենց ապրիր:

Բարձրացիր տանիքներ ու աստղերին նայելով երազիր: Գիտե՞ս, ես հենց էդպես եմ անում: Ստեղծիր քո համաստեղությունները ու ոչ ոքի մի պատմիր դրանց մասին, թող քոնը լինեն, քո մասնիկը:

Ամուր գրկիր փափուկ արջուկիդ ու կարոտդ առ նրանից, ով նվիրել է քեզ արջուկը: Այ, որ մի փոքր էլ նրա օծանելիքից ցանես… Դե, էն մեկը, որ մեկնելուց առաջ թողեց սենյակումդ։

Նայիր լուսանկարներին ու կարոտիր… Դրանից սիրուն զգացմունք չկա աշխարհիս երեսին: Հետո դիր շրջանակի մեջ ու կախիր մահճակալիդ կողքին, որ ամեն անգամ քնելիս և արթնանալիս նայես ու համեմատես դիմագծերը: Ու ամեն անգամ քեզ բռնացնես էն մտքի վրա, որ չնայած արտաքնապես նման եք, բայց ներքուստ՝ ավելի: Կհիշես, որ երկուսդ էլ սիրում եք, երբ քնելիս խաղում են մազերի հետ, դու՝ իր, ինքը՝ քո: Ու էդպես էլ քնում էիք, իսկ մայրդ գալիս ու զգույշ, որպեսզի չարթնանաք՝ ծածկում էր երկուսիդ ու համբուրում…

Կնայես լուսանկարին ու կզգաս, որ աչքերը, հայացքը, ժպիտը, բոլորը նույնն են, միայն… Միայն մի փոքր մազերն են պակասել: Հա ծիծաղելի է, գիտեմ, բայց չէ՞ որ հենց էսպիսի մանրուքներով է չափվում կարոտը:

Կհիշես ու նորից կզգաս, որ թաց են աչքերդ: Քեզ նորից կասեն, որ միայն դու չէ, որ խնդիրներ ունես, իսկ դու կամաչես արցունքներիցդ: Քեզ կամաչեցնեն իրենց անտարբեր հայացքներով կամ էլ քմծիծաղով: Իսկ դու հպարտացիր զգացածովդ, ուրախացիր, որ էդպես սիրուն ու գունավոր զգալ գիտես: Մի չարացիր, պարզապես ժպտա բոլորին, մի նեղացիր, երբ անտեսում են: Չէ՞ որ ինքդ քեզ ունես, չէ՞ որ ունես նրան, ով հեռվում քեզ է կարոտում: Ով քեզ «պստլոս» է ասում: Ով ամեն անգամ հեռախոսազրույցի ավարտից հետո ավելացնում է՝ «պաչիկ եմ անում», չնայած նրան, որ արդեն մեկ տարի է՝ ֆիզիկապես դրա հնարավորությունը չունի, ու ավելացնում է՝ «Շուտ քնիր, քաղցրս»: Ու հետո ժամերով վիճում եք, թե ով պիտի առաջինը անջատի հեռախոսը: Սրանից այն կողմ էլ ի՞նչ է քեզ հարկավոր, հը՞ն, պստլո:

Դե, արագ մաքրիր արցունքներդ, հլը ժպտա՛: Մի տես, թե ինչ սիրուն ժպիտ ունես: Գրկիր արջուկիդ, նայիր լուսանկարին, մի փոքր ավելի կարոտիր, որ հանդիպելիս խեղդելու աստիճան ամուր գրկես, վզից կախվես ու բաց չթողնես: Չնայած, արդեն իրենից բոյով ես, էլ չես կարող վզից կախվել:

Երեկոյան, երբ կուզենա տանից դուրս գալ, արտիստիկ կլացես ու կխնդրես, որ մնա ու հետդ ֆիլմ նայի, դե, կամ էլ քեզ էլ իր հետ տանի, գիտեմ:

Պատրիկը

Լուսանկարը՝ Դուխիկ Ալոյանի

Լուսանկարը՝ Դուխիկ Ալոյանի

Ուզում եմ պատմել մի հիանալի մարդու մասին, որին ճանաչելու օրից մինչ այժմ տպավորված եմ: Պատրիկը իմ առաջին ճամբարի կամավորն է: Նշեմ, որ իմ առաջին ճամաբարը կոչվում է Հայկական ճամբար (Armenian camp) և գտնվում է Արտանիշ գյուղի մոտակայքում: Իսկ իմ ճամբարի անունը, որի շրջանակներում ես գտնվել եմ Հայկական ճամբարում և ծանոթացել ու ընկերացել եմ Պատրիկի հետ, կոչվում է Ready To Access Opportunities Regional Camp 2018: Պատրիկը բելգիացի է, և չնայած դրան՝ շատ է սիրում Հայաստանն ու հատկապես Սևանա լիճը: Նա Հայաստանի մասին բավականին շատ է տեղյակ: Նա Բելգիայում ունի ընտանիք՝ կին, երեխաներ և թոռներ, բայց ամեն ամառ հյուրընկալվում է Հայկական ճամբարի կողմից և կամավորություն անում: Նա այնքա՜ն բարի է, այնքա՜ն ընկերասեր, այնքա՜ն հոգատար: Նա ամենից շատ հոգատար է Սևանա լճի նկատմամբ, ինչը նկատելը շատ հուզիչ էր: Մի անգամ հարցրի նրան.

-Ինչո՞ւ եք առավոտյան արթնանալուց հետո գնում դեպի Սևան։

Նա ասաց.

-Երբ աչքերս բացում եմ և չեմ գնում դեպի ծով՝ լողալու, օրս օր չէ:

Երբ մի օր նա բոլորիս տարավ էքսկուրսիա դեպի «Կիլիկիա» նավը և պատմեց նավի պատմությունը, ես փշաքաղվեցի: Ես, հայ լինելով, չգիտեի այն պատմությունը: Նա այնքա՜ն շատ էր սիրում Սևանն ու «Կիլիկիա» նավը, որ ամեն օր քարեր էր հավաքում և փորձում էր «Կիլիկիայի» նման նավ ստանալ՝ թեկուզ փոքրիկ:

Յուրաքանչյուրը, ով կճանաչի Պատրիկին, հաստատ ինչ-որ լավ բան կվերցնի նրանից:

Անգամ եթե փաստաբանը ձեր ընկերն է

Առհասարակ մարդն իր կյանքում որոշումներ կայացնելիս պետք է լինի հաստատակամ: Հարցն առավել լուրջ է, եթե այն վերաբերում է մասնագիտության ընտրությանը:
Ավելի քան երեք տարի առաջ էր, երբ որոշեցի, որ ուզում եմ իրավաբան դառնալ, այն էլ այն դեպքում, երբ ընտանիքիս անդամները առավելապես մաթեմատիկական ուղղվածության ջատագովներ են: Ինչևէ , երեք տարի է անցել , ու իմ սերը դեպի իրավաբանություն եռապատկվել է: Ասածս լոկ խոսքեր չեն: Իմ օրը սկսվում, զարգանում ու ավարտվում է իրավաբանության հետ, անգամ երազում եմ զգում…
Դե, համալսարանում ամեն ինչ խորապես ուղղորդում է մեզ դեպի իրավաբան դառնալը ու հաստատուն գիտելիքներ ունենալը: Դասախոսություններ,  սեմինարներ, սիմուլյացիոն խաղեր, բանավեճեր: Ինչպես մեզ մոտ են ասում` եթե ուսանողի մեջ առկա է ցանկություն, կան մտավոր բավարար կարողություններ, ապա աշխատելու արդյունքում հաջողությունը իրեն երկար սպասեցնել չի տա: Համաձայն եմ, քանի որ մեր աչքի առաջ են հրաշալի մասնագետներ, ովքեր իրենց աշխատասիրության արդյունքում ձեռք են բերել ուսանողների սերն ու հարգանքը:
Դե իսկ ես` նոր ձևավորվող իրավաբանս, փորձում եմ ամեն սովորածս կիրառել առօրյայում: Գիտե՞ք ` ինչպես, օրինակ` մեր շենքի բոլոր բնակիչներին մեր նախաձեռնող հարևաններից մեկը առաջարկում էր կնքել պայմանագիր, որով մենք պարտավորվում ենք վճարել տնաձայների համակարգի համար, որը նոր պիտի տեղադրվեր մեր շենքում ` մեր իսկ անվտանգությունը ապահովելու համար: Մենք ապրում ենք երկրորդ հարկում: Ըստ կողմերի համաձայնության ` մեզ նախօրոք տեղյակ էին պահել, որ մեզ ևս այցելելու են` պայմանագիրը կնքելու համար: Հնչեց դռան զանգը: Ես բացեցի:
- Աղջիկ ջան, բարև’: Պայմանագիրը բերել եմ: Կստորագրե՞ս:
- Բարև’ Ձեզ: Մեկ վայրկյան,- ասացի ես ` ինձնից գոհ վերցնելով պայմանագիրը:
Անցավ մոտ 5-10 րոպե: Մեր հարևանը դեռ կանգնած էր մեր դռան մոտ ու,  մերթընդմերթ դժգոհության ձայնարկություններ հանելով, հետևում էր, թե ես ինչպես եմ մանրակրկիտ ուսումնասիրում վերոհիշյալ պայմանագիրը: Արդեն վերջացնում էի, երբ հարաբերական անդորրը խախտեց մեր հարևանը.
- Աղջի’կ ջան, կարո՞ղ ա դու իրավաբան ես:
- Հա’: Ի՞նչ իմացաք:
- 9- րդ հարկից մինչև 2-րդ հարկ սաղ բնակարանները հերթով մտնելով, ստորագրություն վերցնելով դուրս եկա` մենակ դու որոշեցիր, որ պետք ա կարդաս էս պայմանագիրը,- նույն դժգոհ դեմքով ասաց մեր հարևանը ու հեռացավ` իր հետ տանելով արդեն իսկ հարազատ դարձած պայմանագիրը:
Հա, բայց ես ի՞նչ անեմ, ես կիրառում եմ այն, ինչ սովորել եմ. ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել պայմանագրով նախատեսված պայմանները` անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:
Մի օր էլ հորաքրոջս հետ գնացել էինք գնումներ կատարելու: Լիքը բան էինք գնել, այդ թվում և հագուստ, և կանխատեսելի էր, որ դրանցից մեկը փոխանակելու կամ հետ վերադարձնելու կարիք կլինի: Բայց հորաքույրս խանութի աշխատակցուհու կամ մենեջերի հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չէր բերել այդ մասով: Սակայն ի՞նչ կարիք կա մտածելու, եթե կողքիդ ունես քաղաքացիական իրավունքը բոլորովին վերջերս լավ սերտած ուսանող: Մեր գնած վերնաշապիկներից մեկը հետ վերադարձնել էր հարկավոր: Մտանք խանութ: Հորաքույրս , մանկավարժին բնորոշ լավատեսությամբ ու մարդասիրությամբ, խնդրեց խանութի աշխատակցուհուն, որ հետ վերցնի վերնաշապիկը ու վերադարձնի վերջինիս համար վճարած գումարը: Խանութի աշխատակցուհին չհամաձայնեց` պատճառաբանելով, որ արդեն իսկ վերնաշապիկի կոդը ֆիքսվել է համակարգում` իբրև գնված ապրանք, և հնարավոր չէ հետ վերցնել այն:
- Հարգելիս, ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ գնորդը իրավունք ունի ապրանքը իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում փոխանակելու կամ վերադարձնելու, եթե ապրանքը չի օգտագործվել, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից գնելու անհրաժեշտ ապացույցներ:
Մի պահ խանութի աշխատակցուհու շվարած դեմքը տեսնելով` մտածեցի, որ լավ կլիներ, եթե ոչ մի բան էլ չասեի, սակայն վերջինս համաձայնեց հետ վերցնել վերնաշապիկը:
Մեկ ուրիշ դեպք էլ պատմեմ:
Անցած տարի մի գեղեցիկ լուսանկար էի արել ու տեղադրել իմ ֆեյսբուքյան էջում` նշելով, որ ես եմ նկարել այն: Տուրիստական գործակալություններից մեկը, վերցնելով իմ կողմից արված լուսանկարը, օգտագործելով այն, հեղինակել էր իր ֆիրմային նշանը և սոցիալական էջերում հանդես էր գալիս դրանով` առանց նշելու, որ լուսանկարի հեղինակը ես եմ: Դե, ի՞նչ էր մնում ինձ անելու: Իհարկե, պաշտպանել իմ հեղինակային իրավունքները:

Լավ մշակված դիրքորոշում գրելուց ու երկարատև բանակցելուց հետո ինձ հաջողվեց վերականգնել իմ խախտված իրավունքները: Բա հո էդպես չէի՞ թողնելու:
Եվ այսպես շարունակ:
Իրավաբանի մասնագիտությունը չափազանց հետաքրքիր է ու, միևնույն ժամանակ, բարդ, պետք է պարզապես սիրով համեմել յուրաքանչյուր պահը:
Մենգետին ասում էր, որ եթե անգամ փաստաբանը ձեր ընկերն է, այնուամենայնիվ հիշեք, որ նա փաստաբան է:
Իսկ ես ասեմ ավելին.հիշե’ք, որ եթե անգամ իրավաբանը Ձեր ընկերն է, այնուամենայնիվ նա իրավաբան է…