Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ճամբար «Երիտասարդ» Ոսկեհատում

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Այս ամռան շոգերը ցրելու ու ոմանց ձանձրալի-ձանձրացնող տրամադրությունները փոխելու համար Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին բակային ճամբար։ Երիտասարդների խումբը, որ ձևավորվել է նույն գյուղի բնակչուհի Մարինե Մխիթարյանի ջանքերով, կրում է «Երիտասարդ Ոսկեհատ» անունը։ Հենց նրանք էին ճամբարի ջոկատավարները, համակարգողներն ու անվտանգությունը ապահովողները։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ճամբարը մեկ շաբաթում միավորեց գյուղի 6-17 տարեկան մոտ 90 երեխաների։ Փոքրիկները սովորեցին երգ ու պար, նկարեցին ու խաղացին։ Եվ, որ ամենակարևորն է՝ ավելի լավ ճանաչեցին սեփական գյուղն ու իրար, գուցե գտան ավելին, քան գիտելիքն է։
Իրականում ծրագրի այսպիսի տարածումը անսպասելի էր բոլորի համար, թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների ու թե՛ կազմակերպիչների համար։
Գաղափարի մասին ավելի մանրամասն պատմում է Մարինեն։
- Ոսկեհատում ճամբար կազմակերպելու գաղափարը երևի չորս-հինգ տարվա պատմություն ունի։ Սկսվեց հենց այն ժամանակ, երբ ինքս սկսեցի մասնակցել տարբեր ծրագրերի ու ճամբարների։ Մտածում էի՝ ինչո՞ւ Ոսկեհատի երեխաները չպիտի ունենան նույն հնարավորությունը։ Իսկ ծրագիրն ավելի իրատեսական դարձավ երևի երկու տարի առաջ։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ծրագրի իրատեսական լինելուն սկզբում խանգարում էր անհրաժեշտ նյութերի, ռեսուրսների պակասը․ մարզական գույք, տեխնոլոգիական աշխատանքի պարագաներ և այլն։ Փորձում էի գտնել այլընտրանքներ։ Այս տարի հանգեցի այն մտքին, որ ամենաճիշտը համայնքապետարանին դիմելն է։ Ի սկզբանե ծրագրի գաղափարին ոչ ոք չէր հավատում։ Առաջին մարդը, ով կանգնեց կողքիս, իմ համայնքից չէր, այլ համայնքի դպրոցի ուսուցչուհի Կիմա Ստեփանյանը։ Հետո համաձայնություն, աջակցություն ստացա նաև դպրոցից, տնօրենից։ Դպրոցի տարածքում էլ անցկացրեցինք ճամբարը։ Համայնքապետարանի միջոցներով ձեռք բերվեցին անհրաժեշտ նյութերն, ու սկսեցինք աշխատել։

Իհարկե, ի սկզբանե ծրագիրը նախատեսել էինք 25-30 հոգու համար։ Սակայն այնքան մեծ եղավ ոգևորությունը, որ մասնակիցների թիվը հասավ 90-ի։

Ուզում եմ անպայման նշել գյուղի այն երիտասարդներին, ովքեր համախմբվեցին՝ միասին կազմակերպելու, իրականություն դարձնելու ծրագիրը։ Առանց նրանց այն հաստատ չէր իրականանա։

Ճամբարականները բաժանվել էին չորս տարիքային խմբի։ Նրանց հետ աշխատում էին «Երիտասարդ Ոսկեհատի» կամավորները։ Ամենափոքրիկները ճամբարական մեկ շաբաթում հասցրին սովորել գունեղ մանկական երգեր, նկարել ու պատրաստել ազգային մոտիվներով տիկնիկներ։ Նրանցից շատերի համար ճամբարը փոքրիկ փորձառություն էր դպրոցական առաջին սեպտեմբերից առաջ։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Մյուս տարիքային խմբերն էլ զբաղված էին ուսումնական խաղերով, երգ ու պարով։ Իսկ արդեն ավագները, որոնց ջոկատավարը Մարինեի նշած ուսուցչուհին էր, զբաղված էր գյուղի ու դպրոցի բարեկարգման նախագծերի վրա աշխատելով ու այն իրականացնելով։  Կիմայի խմբի հետ աշխատելը ամենաբարդերից էր։ Նրանց տարիքային առանձնահատկություններին էլ ուսուցչուհուց ավելի ոչ ոք ծանոթ չէր․

-Իրենց դեպքում միշտ ամեն ինչ սկսվում է  «մենք ոչինչ չենք կարող»-ից, բայց արդյունքը լինում է ավելի լավը, քան հնարավոր էր։

Ի դեպ, հենց նրանց ջանքերով դպրոցի մուտքն ու բակը ստացել են առավել գունեղ ու լուսավոր տեսք։

Ըստ Կիմայի, ճամբարը փոքրիկներին առաջին հերթին կտա համախմբված, միասնական լինելու ունակություն։

-Այն, որ բակում նրանք իրար էին բաժանում իրենց սիրելի կոնֆետները, արդեն ինչ-որ բան ասում է։

Anna Andreasyan

Դեպի Տաթև տանող ճանապարհը

Արդեն երկար ժամանակ է, որ ուզում էի գնալ Տաթև: Անընդհատ ծրագրում էի, բայց միշտ մի խանգարող բան էր հայտնվում, և այն հետաձգվում էր: Իսկ Ամերիկայում, Հայաստանը ներկայացնելիս միշտ խոսելով Տաթևի մասին և այն ներկայացնելով՝ շատ ուզեցի գնալ: Շատ էի ուզում տեսնել վանական համալիրը և նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որով օտարերկրացիների մոտ այդքան հպարտանում էի:

Եվ այսպես, մի քանի օր առաջ վերջապես ստացվեց ընտանիքիս հետ գնալ: Հաշվի առնելով, թե ինչքան երկար էի սպասել Տաթևը տեսնելուն՝ շատ ոգևորված էի:

Առավոտյան ճանապարհ ընկանք: Նախ ասեմ, որ երբեք Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզ չէի գնացել, հետևաբար անծանոթ էի դեպի Տաթև տանող ճանապարհին: Արարատի մարզում, երբ արդեն շատ մոտ էինք սահմանին, երևում էր Արարատ լեռը: Իհարկե մեր գյուղից էլ է այն շատ գեղեցիկ երևում, բայց Արարատից շատ ավելի մոտիկ էր: Կարծում եմ, կարիք չկա ավելին ասելու, Արարատը, որտեղից էլ նայես՝ հիացմունքի արժանի լեռ է: Ավելի առաջանալով՝ աչքիս առաջ հառնեցին հայոց լեռները՝ իրենց աննկարագրելի գեղեցիկ տեսքով: Իսկ արդեն Սյունիքի բնությունը, գեղեցիկ ու բարձր սարերը՝ ամբողջովին կանաչով պատված, ճոպանուղին, հինավրուց վանական համալիրը, որին կարելի է ժամերով նայել ու հիանալ դրա գեղեցկությամբ՝ արդարացնում են այն երկար ճանապարհը, որը տանում է Տաթև:

Սա իհարկե մեր փոքրիկ ճամփորդության դրական կողմն էր: Ու այս ամենի մեջ չեմ կարող չնշել այն անհարմարությունները, որ առաջանում էին ճանապարհին: Նախ նեղ ու անբարեկարգ ճանապարհը՝ այդ 3-4 ժամը դարձնում էին ոչ այնքան հարմարավետ: Բացի ճանապարհի անբարեկարգ լինելուց, ինձ նաև շատ զարմացրեց ճոպանուղու՝ միանգամից 30 մարդ տեղափոխելը: Մարդիկ խիտ էին կանգնած ու մեջտեղում կանգնածները գրեթե ոչինչ չէին տեսնում այն գեղեցիկ տեսարանից, որ բացվում էր ճանապարհին:

Այս ամենը անհարմարություններ էին, որ ինձ մի փոքր հիասթափեցրին, բայց մի բան կար, որ ինձ խորապես տխրեցրեց: Անցնում ես այդ երկար ճանապարհով և այնքան քիչ են բնակավայրերը, շինությունները, մարդիկ: Այնքան տեղեր կան, որ ո՛չ մշակված է, ո՛չ էլ բնակեցված: Միայն դատարկ հողեր էին՝ տեղ-տեղ փոքրիկ գյուղերով ընդատված, որ ծվարել էին այս կամ այն հարթավայրի վրա: Այնքան խաղաղություն կար այդ փոքրիկ գյուղերում՝ աշխարհից կտրված, բայց և աշխարհի մի մասը:

Խառը տպավորություններով լի էր այդ ճանապարհը, բայց միանշանակ լավը գերակշռում էր: Բացահայտեցինք գեղեցկություններով լի Հայաստանիս զարդերից մեկն էլ:

Մեկնարկել է հայ-բելգիական “Exploring the world through the lens of a camera” ծրագիրը

Օր առաջին

-Իսկ դու հայերեն բառեր գիտե՞ս։ Օրինակ, դամբուլ։

Երեկ մեկնարկեց հայ-բելգիական երիտասարդական փոխանակման ծրագիրը։ Այն կրում է “Exploring the world through the lens of a camera” անունը։ Հայաստանից ծրագիրն իրականացնում է «Մանանա» կենտրոնը, Բելգիայից՝ «Թումուլտ» կազմակերպությունը։ Երկու շաբաթ շարունակ մենք՝ տասնչորս հայ ներկայացուցիչներս ութ բելգիացի պատանիների հետ անցնելու ենք լուսանկարչության, կինոյի ու լրագրության, կոնֆիլկտների տարբեր տեսակների, դրանց հաղթահարման մասին դասընթացներ։ Գրելու ենք հոդվածներ, պատրաստելու ֆոտո և վիդեո ռեպորտաժներ, համատեղ հետազոտելու ենք Հայաստանը:

Երկշաբաթյա ծրագրի առաջին օրը հիմնականում ծանոթություն էր միմյանց ու երկու կազմակերպությունների հետ։ Երկու տարբեր երկրներ ու մշակույթներ ներկայացնող երիտասարդները միմյանց տալու և իրարից վերցնելու բաներ հաստատ կունենան։

Մինչ այդ պետք է ծանոթանալ։ Միմյանց անուններն իմանալուց ու ինքներս մեզ ներկայացնելուց հետո սկսվեց իրական ծանոթությունը։ Teambuilding, սուրճի ընդմիջում, և արդեն երևում է, որ մեր օտարերկրացի ընկերները եկել են հսկայական սփյուռք ունեցող երկիր։ Նրանցից ոմանք նույնիսկ հայ ընկերներ ունեն։ Օրիենն, օրինակ, ասում էր, որ լավ կլինի տեսնել՝ ինչպես են բոլոր հայերը վերադառնում իրենց հայրենիք։

Մինչ Հայաստան գալը ծրագրի մասնակիցները որոշակիորեն ծանոթացել էին Հայաստանին, հայկական մշակույթին ու խոհանոցին։

Հաջորդող մի քանի ժամերին արդեն հայ մասնակիցները հասցրել էին նրանց հայերեն բառեր էլ սովորեցնել, դե, դամբուլից բացի։

Հետո ծանություն էր երկու կազմակերպությունների հետ։ Առաջինը ներկայացվեց բելգիական «Թումուլտ»-ը։ Այն ունի գործունեության մի քանի հիմնական ուղղություններ։ Իրենից ներկայացնում է կամավորների կազմակերպություն, որն իրականացնում է ճամբարներ ու տարատեսակ դասընթացներ երեխաների, երիտասարդների համար, կազմակերպում է երիտասարդական փոխանակման ծրագրեր։ Կազմակերպության գործունեության շեշտը հիմնականում դրված է կոնֆլիկտների, դրանց հաղթահարման վրա։

Մասնակիցների հետ դիտեցինք «Մանանա» կենտրոնի սաների նկարահանած ֆիլմերից ու անիմացիաներից, փորձեցինք քննարկել, վերլուծել դրանք։

Օրն ավարտելուց առաջ հասցրինք զբոսնել գիշերային Երևանի փողոցներով։

Առջևում երկրորդ օրն է․ սպասվում են նոր գաղափարներ ու ծրագրեր։

Հետևեք ծրագրի օրագրին 17-ի էջերում:

Անի Ավետիսյան

***

Հարցազրույց «Թումուլտ» կազմակերպության անդամ Լիո Կաեբլենի հետ:Lio

-Կպատմե՞ք «Թումուլտի» մասին։

-«Թումուլտը» երիտասարդական կազմակերպություն է Բելգիայում։ Այն իր գործունեությունը սկսել է մոտ 14 տարի առաջ։ Աշխատանքը միտված է կոնֆլիկտների, ինչպես նաև ծաղրանքի, խտրականության, նախապաշարմունքների հաղթահարմանը։

-Ինչպե՞ս որոշեցիք համագործակցել «Մանանայի» հետ։ 

-Անցյալ տարի մենք փնտրում էինք կազմակերպություն, որի հետ պետք է համագործակցեինք։ Եվ մենք գտանք «Մանանան», որը բավական հայտնի է, զբաղվում է լրագրությամբ, ֆիլմերի ստեղծմամբ և լուսանկարչությամբ։ Դա շատ հետաքրքիր էր, և մենք որոշեցինք կապվել իրենց հետ։ Մայիսին մենք նախապատրաստական այցով Երևանում էինք և ավելի լավ ծանոթացանք կազմակերպությանը։

-Ինչպե՞ս եք կատարում երկրի ընտրությունը։ Ինչո՞ւ այս տարի ընտրեցիք հենց Հայաստանը։ 

-Մենք կարևորում ենք ծրագիրը։ «Մանանան» զբաղվում է պատանեկան մեդիայով և ֆիլմերի ստեղծմամբ, ինչն էլ մեզ հետաքրքրում էր, և մենք էլ սովորելու բան կունենանք: Բացի այդ Հայաստանը կոնֆլիկտ ունի Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր չունի։ Եվ այս ամենի մասին իմանալը և ծանոթանալը իսկապես հետաքրքիր է։ Սա երկիր է, որի մասին շատ քիչ գիտենք։ Շատ կարևոր է մեզ համար նոր բան բացահայտելը։ 

-Արդեն մեկ օր անցկացրել եք Հայաստանում։ Ինչպիսի՞ն են օրվա տպավորությունները և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Մենք առայժմ Երևանի կենտրոնում ենք եղել։ Իսկապես գեղեցիկ է։ Շատ եմ ցանկանում քաղաքից հեռու վայրերում ևս լինել։ Իսկապես հետաքրքիր է, թե ինչով են դրանք տարբերվում մայրաքաղաքից։ Սա հիանալի ծրագիր է՝ միմյանց մշակույթներին ծանոթանալու և միջմշակութային հաղորդակցությունը զարգացնելու համար։

Հարցազրույցը վարեց Մարիամ Պապոյանը

***

Our experience started one day earlier because of the flight we had to take to Armenia. We gathered at Zaventem at 16:30 and we said our final goodbyes to our families. When we went to check-in, the flight was overbooked and Lio wasn’t sure of her place on the plane. Luckily we could get her on the flight because we’re travelling as a group.

It was a long flight but it was very smooth and there were no further complications. As we went to the hostel we had two taxi buses to drive us. One taxi had a small TV where the music videos of songs were played on, we were all stunned to see it. When we arrived safely at the hostel the rooms we went to sleep as fast as possible because we were all tired of the long flight.

After a goodnight rest we woke up around 10 o’clock to have a nice breakfast and get ready for the day. At 11 o’ clock we went to the supermarket and exchanged our euros for drams. When we were back at the hostel we waited for the Armenian participants to arrive. At first it was a little awkward to meet them but when we walked to Manana Center we started to talk very fast and we started to get to know each other. At Manana we did some team-building games to remember the names and to know each others’ interests. After the games we had a lunch we ate shaurma. During lunch we exchanged Instagram accounts and we took some selfies. When lunch was done we had two presentations, one about Tumult, the Belgian organisation and one about Manana Youth Center, the Armenian organisation. A long coffee break followed with a lot of cookies, coffee, tea and soda. During the coffee break we had to write down our expectations and fears. The most common expectation was meeting new friends and the most common fear was getting lost. After we discussed them we made the rules and went to the hostel to settle. Around twenty minutes to eight we started walking to the restaurant, furshet-bufet . After dinner we went to the Yerevan cascade, then we got to decide whether we went back to the hostel or we went on a city tour. After that we went to sleep.

Jitse Van Nueten

 

Shushan nersisyan

Նստարան

Մեր թաղը գտնվում էր քաղաքի ծայրում՝ ամենավերջում, դրանից հետո չգոյությունն էր: Էն, ինչ կար էդ թաղում, դրանից ոչ մի տեղ հաստատ չես գտնի: Եթե ուզենաս գտնել, պիտի փնտրես չգոյության մեջ՝ էն լեռների, որ չգիտես՝ որտեղ են խառնվում երկնքի կապույտին, էն ծաղիկների, որ կարոտ են փունջ դառնալու, էն անհունությանը, որին երբեք չհասանք, որովհետև մարդն էդտեղ հազվադեպ էր լինում… Սահմանափակվեցինք մեր թաղով, էդ մի թիքա աշխարհով, էդ աշխարհի մի թիքով…

Անձրևոտ քաղաքիս բոլոր թաղերում մի յուրահատուկ անկյուն կա, մի տեղ, ուր էդ թաղի ջահելները իրենց զգում են սեփական աշխարհում, մոլորակում, տիեզերքում, ես շատ գիտե՞մ որտեղ, մի տեղ, որից էն կողմ էլ կյանք չկա… Էդ անկյուններում սովորաբար մի նստարան ու մի սեղան է լինում, ու դրա շուրջը կյանք է պտտվում…

Մի էդ ձևի կյանքով լիքը սեղան-նստարան էլ մեր թաղում կար: Հիմա էլ կա, բայց չի շնչում, իսկ չշնչողները դադարում են գոյություն ունենալուց, մեռնում են, հոգիները մեջներից դուրս ա գալիս, կյանքն ա մեջներից դուրս գալիս, իսկ անհոգի, անկյանք մարդը, առարկան, երևույթը ու՞մ են պետք: Հարյուր տարի էլ անցնի, իրենց ոչ հիշում են, ոչ էլ…

Մեր թաղի սեղան-նստարանը կանաչ էր, կյանքիս ամենապայծառ կանաչ գույնը: էդ կանաչի մեջ խորհրդանշական բան կար: Կանաչը սկիզբ ա, թարմություն, երիտասարդություն, կյանք… Նստում էինք առավոտից իրիկուն ու երազում: Շնչում էինք առավոտվա սառը քամին, կեսօրի տաք արևը, երեկոյի աստղազարդ երկինքը, կյանքն էինք շնչում, էնքան էինք շնչում, որ շնչահեղձ լինելու աստիճան սերը շատանում էր մեր մեջ: Սեր շնչելով քանի անգամներ ենք աստղերը հաշվել, կեսից հոգնել ու տենց էլ կիսատ թողել: Սեր շնչելով էնքան էինք ծիծաղում, քրքջում, հռհռում, ձեններներս գլուխներս գցում: Սեր շնչելով իրար էինք սիրում, կյանքն էինք սիրում: Էդ նստարանին նստած, որ երկնքին էինք նայում, երկինքը միշտ կապույտ էր, անձրև էլ գար, էդտեղից երկինքը միշտ կապույտ էր: Էդ նստարանի մոտ միշտ նետված էին մեր գնդակները, պարանները, մեր թաղի միակ հեծանիվը, որ բոլորինս էր, մեր երազանքները, ժպիտները, մեր չասված բառերը: Էդ նստարանի մոտ ամեն ինչ կարող էիր գտնել, ամեն ինչ: Մենք էդտեղ երբեք մենակ չէինք: Էդ նստարանի մոտ բոլորս գրողի ծոցն էինք ուղարկում սուտը, դավաճանությունը, կեղծիքը, մեկս մեկիցս սովորում էինք իրար լսել, հաց կիսել, իսկական ընկեր լինել, ճիշտ ապրել, մեկս մեկիս սովորեցնում էինք վստահել, նվիրվել, իրար պաշտպանել, իրար համար բոլորին դեմ դուրս գալ, գողանալ, նվիրել, իրար համար կյանք տալ: Անհաջողությունը չէր համարձակվում դուռդ թակել, որովհետև գիտեր՝ մենակ չես, կողքիդ սարի պես ընկերներ ունես, էնպես հետ կուղարկեին, ճանապարհը կմոռանար: Էդ նստարանի մոտ սեր ենք խոստովանել ու հիասթափվել, իրար պինդ գրկել ենք, ամուր սեղմել մեր կրծքին, որովհետև տենց ուժեղ էինք, տենց մեզ ոչ մեկը չէր հաղթի, մեզ չէին բաժանի:

Գոռն ասում էր՝ երկնքում իր աստղն ունի, ու միշտ գտնում էր էդ աստղը: Մեզ ցույց էր տալիս, մենք էլ, հա՜, իբր տեսնում էինք: Հրաչն ասում էր՝ չհոգնեցի՞ք, եկեք ման գանք, ցուրտ ա, իրիկուն ա, հավես ա, ու բոլորս միահամուռ գոռում էինք՝ էէէ՜, Հրա՜չ, նստած ենք, էլի:

Կարենը երեկվա բաղչագողի խնձորներն էր բերում, որ բոլորով ուտենք: Մի խնձորը տասը հոգով ուտում էինք, մի բաժակ ջուրը կիսում բոլորով: Մերին խոսում էր իր երազանքներից, ասում էր՝ ընդունվելու է համալսարան, ասում էր՝ տեղափոխվելու է, գնալու է էդ մի թիքա աշխարհից: Փաստորեն մենակ Մերին չգնաց, բոլորը գնացին՝ իրենց հետ էդ աշխարհից մի պատառ պոկելով, տանելով ու հետ չբերելով, էդ տեղը հավերժ դատարկ թողնելով…

Ամեն ինչ էնքան պարզ ա վերջանում…

Չես նկատում սկիզբը, բայց վերջը տեսնում ես, ավելին՝ զգում սեփական մաշկիդ վրա: Գիտե՞ս ոնց: Մարմինդ սկսում ա մենակությունից փշաքաղվել, ձեռքերով շփում ես, բայց չի օգնում, ախր, ո՞նց օգնի: Շփելով հո մենակությունը չի՞ կորչում…

Ամենազարհուրելին էն էր, որ մի օր տեսա՝ նստարանը ներկել են, էն կանաչից հետք չի մնացել, կանաչը ծածկել էին, վերացրել՝ կանաչի հետ վերացնելով այդտեղ ապրած տարիները:

Անցնելիս նստում ես, հիշում, արցունքախառն ժպտում, հետո ժպիտը ցնդում ա հիշողությունների հետ, ու մնում ա էդ մի կաթիլ արցունքը, որի պարզության մեջ դեռ աչքիդ առաջ կանաչ գույնն ա, կողքիդ նետված հեծանիվը, ընկերներիդ ժպիտը, Կարենի բերած խնձորները, Մերիի երազանքները…

Հիշում ես, որ բոլորով կյանք եք կառուցել, ստեղծել եք, արարել: Հետո հասկանում ես, որ գնալով բոլորն իրենց հետ տարել են սարքածդ կյանքը: Քարերը խառը տեղերից հանել են, ու էդ կյանքը փլվել ա: Էդ քարերով հետո իրենք ուրիշ տեղ պիտի փորձեն մի բան կառուցել ու էդ քարերն անպայման էդ կառույցի հիմքում պիտի դնեն, որովհետև էդ քարերը իրենց էությամբ ընկերությունոտ են, տեղով նվիրվածություն, կյանք տեսած քարեր են, սեր տեսած, շնչող, ապրող քարեր են: Դրա հիմքին կառուցվող ոչ մի բան երբեք չի քանդվի, չեն քանդի…

Մերն էլ չի քանդվել, հա՜, քարերը տարել են, կեսը փլվել ա, բայց հիմքը կա, իսկ հիմքի վրա մեզնից յուրաքանչյուրը կարող է տաճարներ կառուցել, տաճարներ, որտեղ առ Աստված ընկերության համար մոմեր պիտի վառվեն:

Մի քիչ սեր

Anna MkhitaryanՏատիկս՝ Քնարիկը, իմ ամենալավ ընկերն է, կարելի է ասել` Աշոցք գյուղի ամենաճանաչված խոհարարներից է:

Աշխարհում ամենաշատը սիրում եմ տատիկիս տուն գնալ: Հա, տատիկիս, դե, մանկուց այդպես եմ սովորել: Ամենահետաքրքիր օրը կարող եմ անցկացնել միայն այնտեղ և մի լավ գիրանալ: Հենց տատիկս ինձ տեսնում է, առանց բարևելու, առաջին բանը, որ կասի, սա է.

-Հաց կերե՞լ ես, արի՛ հաց դնեմ, կեր:

Ու անգամ չի լսի պատասխանդ, միանգամից կստիպի ուտել մինչև վերջ: Նրան միշտ կգտնես կամ խոհանոցում, կամ էլ տան մի անկյունում` տեղափոխություն անելիս:

Ամեն-ամեն ինչ կնվիրի, կտա քեզ, բայց երբ քո բերանով ինչ-որ բան ուզես, որ խանութից պետք է գնի, կպատասխանի.

-Դրա փոխարեն մի պարկ ալյուր կառնեմ, հաց կթխեմ, կուտես:

Բայց դա ասելուց անմիջապես հետո կշտապի խանութ` իմ ուզածը առնելու: Հա, ու որ ամենակարևորն է` ամեն անգամ ասում է` ուշացա, բայց ամեն ինչ իր ժամանակին հասցնում է:

Ես տատիկիս փոքրիկ թոռնիկն եմ, և կարելի է ասել` իրենց տանն եմ մեծացել, տատիկս ինձ համար երկրորդ մայր է: Զգում եմ իր մեծ սերը, բայց պատմեմ մի պատմություն:

Երբ մորաքրոջս աղջիկը գալիս էր մեր տուն, տատիկիս ուշադրությունը մի փոքր շեղվում էր: Մի անգամ լացակումած ձայնով դիմեցի տատիկիս.

-Տա՞տ, որ նա գալիս է, ինձ կիսա՞տ ես սիրում:

Տատիկս ժպտաց ու պատասխանեց.

-Երկուսիդ էլ լրիվ եմ սիրում, ու լրիվի չափն էլ ձեր գեղեցկության մեջ է:

Ես էլ ժպտալով գնացի` հիշելով, որ տատս ասում էր.

-Ան, դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես:

Բոլորի տատիկներն էլ լավն են, մնում է մի գրամ սեր տալ նրանց, իսկ նրանք դա կդարձնեն հավերժություն:

Jenya Eghikyan

Արի՛ աստղերը հաշվենք, որ հաշտվենք

Ես էլ հույս ունեի, որ մի օր քո մասին մտքերս կդադարեմ հանձնել թղթին` նրանից խնդրելով, որ չպատառոտվի, որ հիշողությունս մնա ինձ հետ հավերժ։ Ինձ թվաց, թե ձեռքս կհրաժարվի գրել, բայց մտքերս այդ հարցում ինձ հետ համաձայն չեն։ Մտքերս քո հարցով շատ մտահոգ են, ոչ մի բանում ինձ հետ չեն համաձայնում, մտքերիս դարակը անօգնական վիճակում է, ինձ ոչինչ չի ասում, բայց ես հասկացել եմ՝ վերանորոգելու կարիք ունի։

Ես քո մասին նոր էջից չեմ գրում, մեր անավարտ էջերն եմ շարունակում։ Վերջակետը մեզ համար չէ, մենք բազմակետին ենք կարոտ… Մեր միջև եղած անդունդից ես էլ, դու էլ ցած ենք գլորվել, ցավոք, առանց իրար ձեռք բռնելու: Բայց ես դրա կարիքը ունեի, ձեռքիս ջերմությունը քո ձեռքին էր կարոտ, որ կարոտով էլ մնաց։ Մեզնից հետո այնքա՜ն բան մնաց անավարտ։ Աստղերը գիշերը հաշվող չկա, ոչ ոք չի կարող լուսնին այդպես նայել, ինչպես ես ու դու՝ տանիքում նստած։ Աստղերն իրենք էլ հասկացել են ու երկնքում ցաք ու ցրիվ են կանգնել, շողում են, որ իրենցից մեկին տեսնենք ու մեր երազանքը պատմենք, հետո ինքը ցած ընկնի։ Ի դեպ, մեր նստարանն էլ վաղուց քանդել են, ինքն էլ էր հասկացել, որ մի օր դադարելու ենք իր մոտ գնալ ու ժամերով զրուցել։ Ինչ լավ է, չէ՞ «մեր նստարանը»։

Ես հիշում եմ, որ ամեն բան մերն էր, երբ միասին էինք, աշխարհը մերն էր, անգամ ես էի քոնը, դու՝ իմը։ Մնացինք միայն ես ու դու` առանց նստարանի, առանց աստղերի ու տանիքի, ես կորցրի իմ լուսինը։ Ես գրում եմ՝ ամեն տողատակում քո անվան տառերը շարելով ու հետո դրանց վրա անկանոն գծեր եմ քաշում, բարկությունի՞ց, թե՞ աստղերը մենակ հաշվելուց։

Քո մեջ իմ ես-ին չփնտրես, իսկ եթե գտնես, ամուր կպահես քեզ մոտ, ես դա կզգամ։ Արի՛ գնանք աստղերը հաշվենք, այն հույսով, որ դրանցից մեկը կընկնի հենց մեր ձեռքերի մեջ։ Մոռացի՛ր հաշիվը, մենք նորից ենք սկսում։

Ենոքավան

Ութ օր Կալավանում

Մոտ տասն օր առաջ Վահե Դարբինյանի և Աննա Մելիքսեթյանի հրավերով Կալավան էր ժամանել քառասուն հոգանոց խումբ: Խմբի անդամները տարբեր երկրներից էին՝ Հայաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից և Նիդեռլանդներից: Դեռ մեկ տարի առաջ էին որոշել գալ Կալավան և անցկացնել բնապահպանական սեմինարներ:

Ութ օր շարունակ մնացին փոքրիկ ու հյուրընկալ Կալավանում: Ամեն երեկո յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր իր մշակույթն ու ավանդույթները, հյուրասիրում իրենց երկրի ուտելիքներից: Նրանք այդ ամենը ներկայացնում էին իրենց ազգային հագուստներով, նաև կազմակերպում էին հետաքրքիր խաղեր, խաղի մասնակիցներից հաղթողը ստանում էր փոքրիկ նվեր:

Հայ մասնակիցները ներկայացրին հայկական ավանդական հարսանիք: Երգով, պարով «տաշի» գոռալով ցույց տվեցին հյուրերին, թե ինչպիսին է լինում հայկական ավանդական հարսանիքը:

Նրանց վերջին օրն էր Կալավանում: Գյուղի բոլոր երեխաներին առավոտյան ժամը 10:00-ին հրավիրել էին դպրոց` թռչունների բույն պատրաստելու: Մեզ բաժանեցին խմբերի, մենք պատրաստեցինք տնակները, գունավորեցինք դրանք մեր ուզած ձևով:

Հետո հավաքվեցինք դպրոցի բակում, ներկա էին հյուրերը, գյուղի երեխաները, տնօրենը և համայնքապետը:

Բոլորն անչափ հուզված էին, արցունքները չէին կարողանում թաքցնել: Շատ էին ուրախացել, որ կատարվել էր իրենց մեկ տարվա երազանքը: Խոսեց դպրոցի տնօրենը, համայնքապետը շնորհակալություն հայտնեց: Խոսեցին նաև հյուրերը:

Նրանք դատարկաձեռն չէին եկել, նվերներ էին բերել թե դպրոցի համար, թե երեխաների:

Հետո բոլորս վերցրինք մեր տնակները ու բարձրացանք հյուրատան բակ: Հենց այնտեղի ծառերից էլ կախեցինք տնակները և հրաժեշտ տվեցինք բոլորին:

Արա Գյուլերը Եղեգնաձորում

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում: Նա այն եզակի լուսանկարիչներից է, որի նկարները 1960-ականներից սկսած տպագրվել են նշանավոր հեղինակների գրքերում և ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում: 1968 թվականին Արա Գյուլերի աշխատանքները ներկայացվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Նա նկարել է այնպիսի ճանաչված մարդկանց, ինչպիսիք են նկարիչներ Սալվադոր Դալին, Մարկ Շագալը, Պաբլո Պիկասոն, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը և շատ ուրիշներ: Գյուլերի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Եղեգնաձորի պատկերասրահում Գյուլերի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրություն էր կազմակերպված: Ցուցադրված էր Գյուլերի` հանրությանը հայտնի լուսանկարների շարքը, որը կրում էր «Ակնթարթից դեպի հավերժություն» խորագիրը: Այդ լուսանկարները նա արել է իր կյանքի տարբեր տարիներին: Ապրելով Ստամբուլում` Արա Գյուլերը կարողացել է ստեղծագործել և ունենալ այնպիսի ստեղծագործություններ, որոնցով մենք այսօր կարող ենք հիանալ: Գյուլերը նկարել և հանրությանն է ներկայացրել այն գեղեցիկը, որը հաճախ կարող է վրիպել մեր աչքից:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Ցուցահանդեսի առաջին ներկաները Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակիցներն էին, որոնք մեծ հետաքրքրությամբ զննում էին Գյուլերի աշխատանքները: Այնուհետև պատկերասրահը լցվեց տարբեր մասնագիտության, բնավորության տեր մարդկանցով: Ոմանք խորասուզվում էին նկարների մեջ ու անթարթ աչքերով նայում էին, ոմանք քննարկում էին և ուրախանում, որ Եղեգնաձորում այդպիսի աշխարհահռչակ լուսանկարչի աշխատանքներն են ցուցադրվում:
Ցուցահանդեսի ընթացքում շատերն իրենց սրտի խոսքն ասացին, և նրանցից մեկը Վայոց Ձորի մարզի լուսանկարիչ Էդուարդ Բագրատունին էր:

-Ես 1970 թվականից լուսանկարում եմ, և երազանքներիցս մեկը այս տարիների ընթացքում կատարվեց: Կուզեի նաև Մալաք Քարշին տեսնել, որովհետև ոչ մի ուրիշ նկարիչ, լուսանկարիչ այնպես չի բացահայտել Ստամբուլի դեմքը, ինչպես այդ երկու հայազգի նկարիչները: Մի օր բացեցի մի ամսագիր, տեսա Քարշի լուսանկարը, հետո` Գյուլերի և սկսեցի երազել: Մալաք Քարշին Եղեգնաձորում տեսնել չկարողացա, բայց այսօր կատարվեց մյուս երազանքս` տեսա Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրությունը Եղեգնաձորում:
Այստեղ ցուցադրված են այնպիսի լուսանկարներ, որոնց քննադատության մասին խոսք գնալ չի կարող, դա արվեստ է և վերջ:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Իսկ ավարտին Գյուլերի նկարով փոքրիկ գրքույկներ ստացան ցուցադրության բոլոր ներկաները: Գրքույկի շապիկին Գյուլերի և նրա մի քանի աշխատանքների նկարներն էին: Բացելով գրքույկը` մարդիկ ծանոթանում էին Արա Գյուլերի կենսագրությանը:

Նաև ուզում եմ ասել, որ ցուցադրությունը դեռևս բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար: Եթե սիրում ես լուսանկարել, հետաքրքրված ես լուսանկարչությամբ, բաց մի թող առիթը տեսնելու հանրահռչակ լուսանկարչի ստեղծագործությունները:

Anush margaryan

Հեքիաթ պարոն Սարդի և անվերջ սահող ժամանակի մասին

Ողջո՜ւյն… Գիտե՞ս, չես հավատա, բայց կարոտել էի այս ողջույնին, կարոտել էի այն անփութությանը, որով դու, հավանաբար, կկարդաս վերնագիրը, մի քանի վայրկյան կմտածես` արժե՞ արդյոք ժամանակ վատնել ու կարդալ սա… Հա՜, ի դեպ, այդ ընթացքում` ժամանակի կորստից վախենալիս, առանց գիտակցելու` դու կկորցնես այն…

Աշխարհում միշտ է այդպես…

Օրինակ` իմ ընկեր պարոն Սարդը այնպե՜ս էր ցանկանում տեսնել լուսնի խավարումը, մի ողջ տարի նա անդադար սպասում էր, հաշվում յուրաքանչյուր վայրկյանը, նույնիսկ իր հին ընկերների հետ զրուցելու ժամանակ չուներ, որովհետև ողջ ժամանակն օգտագործում էր ժամանակի հետևից սրընթաց վազելով… Պարոն Սարդ, հուսով եմ, որ իմ հոդվածը կհայտնվի Ձեր ֆեյսբուքյան էջում և Դուք գոնե մի փոքր ժամանակ կգտնեք այն կարդալու համար։

Եթե անկեղծ լինեմ, չգիտեմ, թե ինչից սկսել զրույցս: Ա՜խր, այնքա՜ն ժամանակ է անցել (տե՛ս, էլի՜ ժամանակ. թվում է, թե առանց նրա մասին հիշատակելու մեր կյանքը կզրկվի գույներից), այնքա՜ն շատ բան է կուտակվել հոգումս: Ինձ մի պահ թվում է, որ երբեք էլ քեզ հետ չեմ խոսել, դե՜, այսօր առաջին անգամն է, ու գրելիս ձեռքերս դողում են այն առաջին դասարանցու նման, ով առաջին անգամ վերցնում է գրիչը՝ թվաբանության առաջադրանքը կատարելու համար:

Հա՜, գիտեմ պատճառը, էլի ժամանակն է մեղավոր: Բայց գիտե՞ս, մի բան եմ հասկացել: Ժամանակի տնօրենը ինքներս ենք: Այն նման է գետի, կարող է իր հետ բերել և՛ ուրախություն, և՛ տխրություն: Ամենագլխավորն այն է, որ գետից դույլերով վերցնես երջանկությունն ու ուրախությունը և չհաշվես, թե քանի դույլ ջուր կա նրանում… Այդ գետն իր ճանապարհով հավերժ հոսում է, դու չես կարող կանգնեցնել նրան կամ ստիպել, որ քո փոքրիկ տնակի կողքով անցնի երկու անգամ: Ժամանակը թռչում է մեր կողքով ու իր հետևից թողնում ստվեր: Ինքդ ես որոշում` ստվերը նման լինի Ձյունանուշին, թե նրա խորթ մայրիկին…

Քո սեփական մոլորակում դու ինքդ պետք է ստեղծես ժամանակ երազելու, երազանքներիդ հասնելու և այդ ճանապարհին կյանքիդ ամեն վայրկյանը տոն դարձնելու համար:

Մարդիկ ստեղծել են ժամացույցը և անթիվ իրեր, որոնցով կարող ես չափել ժամանակը, հաշվում են օրերը, տարիները: Ինչո՞ւ: Հըմ, որովհետև նրանք շատ են սիրում թվեր: Նրանք սիրում են հաշվել, թե քանի օր տևեց անձրևը, բայց երբեք չեն հաշվում այն երջանկությունը, որը զգաց պատանին՝ պատուհանից այն կողմ լսելով անձրևի մեղմ ձայնը, կամ անձրևանոց վաճառող բարի տատիկը, որի սիրտը ուրախությունից թրթռում է ամեն վաճառվող անձրևանոցի հետ:

Ժամանակը թվերը չեն, այլ ակնթարթները: Եթե դու սիրում ես պարել լուսնի լույսի տակ, մի՛ մտածիր ժամանակի մասին, պարի՛ր առանց ափսոսանքի: Եթե սիրում ես դիտել տերևների վրայի ցողն առավոտյան, ապա դրսում միշտ էլ անուշ եղանակ է… Ժամանակն այն է, ինչը մենք ամենից շատն ենք ուզում, բայց ինչն ամենից վատն ենք օգտագործում:

Լսիր, ինձ թվում է` ես արդեն գնամ, ժամանակն է կյանքն ավելի հեքիաթային դարձնելու: Ի դեպ, պարոն Սարդ, եթե կարդում եք սա, Ձեզ երիցուկի թեյի հրավեր եմ ուղարկում: