Ազատ տարածք խորագրի արխիվներ

Anna Andreasyan

Հիպիների պատմությունը

Հոգնած օրվա դասերից՝ քայլերս ուղղում եմ դեպի հաջորդ դասը՝ յոթերորդը: Եթե նույնիսկ օրվա հոգնածությունից չնայեի՝ ուր եմ գնում, երաժշտության հնչյունները ինձ կտանեին այդ դասարան: Ահա և ներս եմ մտնում, զբաղեցնում իմ տեղը, մի քանի վայրկյանից  ուսիս զգում եմ իմ իտալացի ընկերուհու ձեռքը, ինչն ազդարարում էր՝ ինքն արդեն դասարանում է: Նրա անունը Լեա է, ինչպես արդեն նկատեցիր, կողքս է նստում, փոխանակման աշակերտ էր՝ Իտալիայից: Մի բան ասեմ թեմայից դուրս՝ փոխանակման աշակերտները, որ երկրից էլ որ լինեն, միշտ գտնում են իրար ու ամեն հարցում հասկանում են իրար շատ ավելի լավ, քան ուրիշ մեկը երբևիցե կարող էր:

Լավ, շարունակեմ սկսածս թեման մի շատ յուրահատուկ դասաժամի մասին, որ իմ ամենասիրելին էր: Երբ նոր էի սկսել անցնել այդ առարկան, մի տեսակ այնքան էլ գոհ չէի, բայց հիմա հասկանում եմ, թե ինչքան տարբերվող էր այն ամեն ինչով: Խոսքս պատմություն առարկայի մասին է: Բայց ոչ սովորական պատմություն, որ մեր դպրոցներում ենք անցնում: Այն 60-70-80-ակաների պատմությունն էր, որ բոլորս անվանում էինք «հիպիների պատմություն»: Նախ ասեմ, որ երբեք հետաքրքրված չեմ եղել նրանց պատմությամբ ու երաժշտությամբ: Իսկ թե ինչպես էի հայտնվել այդ դասին, պատասխանը պարզ է՝ դպրոցում խորհրդատուս վստահեցրեց, որ ուրախ և բոլորի կողմից սիրված դասաժամ է:

Հիմա կասես՝ այսքան խոսեց, վերջը չասաց, ինչն էր այդքան յուրահատուկ այդ դասաժամի հետ կապված: Հիմա ասեմ՝ ամեն ինչը: Այն մթնոլորտը, որ այդ դասարանում էր ուրիշ ոչ մի տեղ չէիր գտնի: Ուսուցչիս մշտական սրախոսությունները ու աշակերտների՝ իրենց սիրելի երաժշտության ժամանակաշրջանով հետաքրքրված լինելը, այն հաճելի էր դարձնում: Մի տեսակ, ասես, դաս չլիներ, այլ նույն հետաքրքրություններով ու իրար հասկացող մարդկանց խումբ, որոնք ուսումնասիրում էին իրենց սիրելի թեման ու լսում իրենց սիրելի երաժշտությունը: Այդ դասաժամը ասես բոլորիս համար փախուստ լիներ օրվա ծանրաբեռնված ու անընդհատ լարված ռեժիմից:

Իմ ամենասիրելի հիշողություններից մեկն այն էր, երբ ուսուցիչս՝ իրեն հատուկ դերասանական տաղանդով, պատմում էր, թե ինչպես էր հայտնի հիպիներից մեկի ճամպրուկները տարել հյուրանոցի համար, երբ այնտեղ էր աշխատում: Պետք է ուղղակի ներկա լինեիք մեր ուրբաթներին, այդ օրերին ամբողջ ժամին երաժշտություն էինք լսում և իրենց հետ հավասար ու ավելի բարձր մենք էլ էինք երգում: Ամբողջ միջանցքում լսվում էր մեր երաժշտությունը, մեր ուրախ դասի հնչյունները:

Այս ամենը պատմելուց հետո մի գաղտնիք բացեմ, հիմա նոր եմ հասկանում, թե իրականում ինչքան շատ էի սիրում այդ դասաժամը, ու ինչքան հարազատ էր դարձել այն ինձ համար: Հիմա, հենց այդ ժամանակաշրջանի երգերը լսում եմ, հիշում եմ իմ սիրելի դասաժամը իր բոլոր ուրախ հիշողություններով:

Հ.Գ. Իհարկե, մենք այդ ժամին դաս էլ էինք անում, ուղղակի դասը հենց այս ամենն էր, ինչի մասին պատմում էի:

lilit vardanyan

Ամառային արձակուրդներ

Ձմեռ էր:

-Էս տարի ինչ լավ ձմեռ ա անում: Մնում ա՝ ամառն էլ սենց լավ լինի,- ասում էր տատիկը:

Ամառվա սկիզբ:

-Մի կողմից լավ ա, որ անձրև ա գալիս: Էս տարի բերքը շատ կլինի:

Հունիսի երկրորդ շաբաթ:

-Հոգնեցինք անձրևներից, ե՞րբ ա գալու ամառը:

Հունիսի վերջ:

-Ասում են՝ էսօր քառասուն աստիճան ա լինելու: Ամառվա շոգերը էկան,- ասում է պապիկը՝ հովհարը ձեռքին:

Մեծահասակների սիրելի ամառը եկավ: Այս տարի բերքը շատ է: Կարևորը՝ ձյուն չկա: Ամառային անձրևները դադարել են: Ոչինչ, շոգին մի կերպ կդիմանանք: Պաղպաղակ կա: Կարելի է սառը ջրով լողանալ: Ձմերուկն էլ քիչ-քիչ շատանում է: Իսկ ֆուտբոլասերերին շոգը չի խանգարի հաճելի ամառ ունենալուն:

-Համ էն ենք ուզում, համ՝ էն,- ասում է տատիկը,- ո՞նց կարա համ լավ ձմեռ լինի, համ էլ՝ լավ ամառ:

Իսկ իմ կարծիքով՝ ամառը բոլոր դեպքերում էլ լավը չի (բացի անձրևային շրջանից): Քառասուն աստիճան շոգ: Մոծակների թագավորության վերադարձ: Ալերգիա համարյա ամեն ինչից (արևից, փոշուց, ծխից, ելակից, սուր հոտերից): Չնայած՝ գարունը մնում է իմ ամենաչսիրած եղանակը, բայց ամառն էլ ունի իրեն չսիրելու պատճառներ:

Մարդիկ լավ են մտածել: Ամառային արձակուրդներին դաս անելը շատ դժվար կլիներ: Օրինակ՝ ես թմրած վիճակից դուրս եմ գալիս միայն երեկոյան ժամը տասին: Դե, քանի որ շատ շոգ է, օրը սկսվում է թմրած վիճակից դուրս գալու ջանքերով: Ամեն առավոտ ես արթնանում եմ ժամը 9-ին և անկողնուց դուրս եմ գալիս 10:30:

Իմ ամառային նախաճաշի տեսականին այնքան էլ մեծ չէ. հաց-պանիր, յոգուրտ, լոլիկ և թեյ: Բայց էլ ի՞նչ կարելի էր ուտել, եթե ձու տանել չես կարողանում: Եվ ընդհանրապես, ի՞նչ ուտելու մասին է խոսքը, եթե ամառ է: Բոլորին հայտնի է իմ լավ ախորժակը, բայց ամռան շոգին ախորժակս չի գալիս: Ստիպված եմ լինում օրվա ընթացքում երկու անգամ պաղպաղակ ուտել, որպեսզի լրացնեմ իմ օրաբաժինը:

Ամառվա վատ կողմերի մասին շատ խոսեցի, բայց խոստովանում եմ, որ ամառը ունի նաև լավ կողմեր: Խոսքը ամառային առատ բերքի մասին է: Իհարկե, չկան իմ սիրած ցիտրուսները, որոնցից, ի դեպ, ալերգիա ունեմ: Փոխարենը կան կանաչ խնձոր, կեռաս և հատապտուղներ:

Եկեք փորձենք գտնել միջոցներ ամառը ոչ այնքան անտանելի դարձնելու համար: Շոգ է: Դրա համար կան լուծումներ:

1. Գնալ լողավազան: Չնայած՝ ես ժամանակ չունեմ լողավազան գնալու, բայց դա լավ միջոց է ամառվա շոգից ազատվելու և օրվա ընթացքում սթափ զգալու համար:

2. Լոգանք ընդունել: Սա էլ նրանց համար, ովքեր լողավազան գնալու ժամանակ չունեն:

3. Պաղպաղակ ուտել: Երբեմն աշխատում է:

4. Օրվա ընթացքում սառը ջուր խմել: Դե, այս կետը անիմաստ էր, որովհետև բոլորն էլ դա անում են: Բայց ես միշտ էլ շատ քիչ եմ ջուր խմել: Այնպես որ, այս կետը հատուկ ինձ համար է:

Իսկ հիմա անցնենք ամենաամառային հարցին: Մոծակները: Բոլորն էլ պայքարում են մոծակների դեմ, բայց արթնանում են մոծակի կծած տեղի քորը զգալով: Ամռանը միայն մոծակները չեն անցնում հարձակման. կան նաև այլ միջատներ: Ծնողներիս սենյակի պատուհանին ցանց է ամրացված: Բայց նույնիսկ այդ ցանցը չի խանգարում փոքրիկ կլոր միջատների ներխուժմանը, որոնք ամեն օր երեկոյան հետապնդում են ինձ, երբ ես գիրք եմ կարդում:

Իսկ մեր սենյակի պատուհանին ցանց չկա: Պապիկն էլ միշտ պատուհանը բաց է թողնում: Դրա համար էլ ժամը հինգին սենյակով մեկ շուրջպար է բռնում ճանճերի 20 հոգանոց հոտը: Գիշերն էլ գործի են անցնում մոծակները:

«Լավ, այս պայմաններում ինչպե՞ս ամառային արձակուրդը դարձնել հետաքրքիր»,- մտածեցի ես:

Կարելի է գիրք կարդալ: Ես քանդեցի գրապահարանի բոլոր դարակները և հասկացա, որ չգիտեմ ինչ գիրք կարդալ: Վերջին կարդացած գրքից հետո ես քննությունների էի: Այդ ընթացքում չէի մտածել՝ ինչ տիպի գիրք կկարդամ հետո: «Քանի որ ամառային արձակուրդներ են, ուզում եմ թեթև և զվարճալի պատմություններ կարդալ»,- որոշեցի ես և սկսեցի կարդալ ամերիկյան պատմվածքներ:

Բայց բացի գիրք կարդալուց՝ կարելի է անգլերեն պարապել: «Երբեք բաց չեմ թողնում անգլերենս լավացնելու համար ժամանակը»,- որոշում եմ ես ամռանը: Սկզբում ոգևորված պարապում եմ, հետո հոգնում, իսկ ամառվա վերջում էլի պարապում:

Երեկոյան հալամուլաները ամենահավես բանն են ամռանը: Ամենահավեսը, եթե արդեն «մեծ» չես դրա համար: Դե ես ինձ այդպիսին չեմ համարում, բայց մեր բակի մեծամասնությունը կազմում են 1-12 տարեկան երեխաներ. ո՞ւմ հետ խաղամ (փաստորեն «մեծ» եմ): Մնում է մի տարբերակ՝ հեծանիվ կամ անվաչմուշկ քշել: Եթե իհարկե եղբայրս հավես ունենա նկուղից հանել կամ ես հավես ունենամ քշել հեծանիվը: Իսկ անվաչմուշկներս 5 տարվա վաղեմություն ունեն: Կարճ ասած՝ անվաչմուշկիս ակները այլևս չկան:

«Ուրեմն պետք է ուրիշ զբաղմունք գտնել»,- մտածեցի ես և գնացի «Ոսկե ծիրանի» գրասենյակ: Երկու շաբաթ է, ինչ «Ոսկե ծիրանում» կամավոր եմ: Ցերեկվա շոգին աշխատելը այդքան էլ հաճելի չէ, բայց հետաքրքիր է:

Վերջ: Երևի իմ բոլոր ամառային պատմությունները պատմեցի, բացի նրանից, որ միջանցիկ քամիների պատճառով կոկորդս կարմրել է: Մնում է դիմանալ այս շոգին և վայելել արձակուրդները:

tatev tamrazyan erevan

Մինչ հանդիպում

-Մա՛մ, կարմիր գրիչս ո՞ւր ես դրել:

Օրն անցավ: Խաչը դրվեց թվի վրա: Ի՜նչ շատ են էս օրերը, ամեն օր ջնջում եմ, չեն վերջանում: Ինքնասիրություն չունեն էս թվերը։ Ինձ էսքան ջնջեին, ամոթից փախել էի, քեզ էլ վերադարձրել տուն:

Կատակներիցդ նեղանալն ու աղջկական լացուկոծներն էլ հաշիվ չեն: Երեխեքի պահմտոցու պես: «Պաժառ ա»: Դո՛ւրս արի: Ինչքան վաղուց պահմտոցի չենք խաղացել: Ինչքան չեմ լացել ու նեղացել, որ էլի դու հաղթեցիր: Դու արագ ես վազում: Դե, հիմա էլ վազի՛ր ու տուն արի, արագ:

Հիշո՞ւմ ես բակի խաղողենին: Ամոթ էլ չունեինք, տարիքն առած ծառ էր՝ ծերունի, մենք կախվում էինք ոսկորներից ու ճոճվում: Չէ, դու էիր ճոճվում, իսկ իմ ձեռքերի վրա ուժ չկար: Գիտես, ինձ երբեք պետք չեկավ էդ ուժը ո՛չ ճոճվելու համար, ո՛չ էլ խնդիրներս ինքնուրույն լուծելու: Երևի ուժերս պարտքով քեզ եմ տվել, հավաքել եմ բոլոր «ուժեղներից», բերել, լցրել եմ գրպաններդ, որ դիմանաս մեզնից հեռու, ինչպես փոքր թաթիկներովս կոնֆետներ էի տալիս քեզ: Հետախո՜ւյզ: Դու կգտնես այն, ինչ թաքցրել են: Վստահ եմ: Կգտնես այն, ինչը պետք էլ չի, դու կլռես, երբ հարկավոր է ու կխոսես, երբ պահը գա: Դե, եթե կարող ես, մտիր սիրտս ու հետախուզիր բոլոր անկյունները ու գտիր քեզ համար պահված կոնֆետները: Ես վստա՜հ եմ քո արժանապատվության, ճշտապահության, ընկերասիրության ու մնացած բոլոր արժեքներիդ վրա: Ինձ պետք չի քեզ ամեն օր տեսնել, քո ձայնը իմ ականջներում լսվում է՝ որպես ամենաանուշ երգ: Ու քո ծիծաղը զրնգում է որպես կարոտի օրհներգ, որի ժամանակ ոտքի են կանգնում: Ոտքի են ելել սրտիս մեջ ապրող բոլոր զգացումները:

-Բանակում էն իմ տեսած ֆիլմի պե՞ս է:

-Մուլտֆիլմ ես տեսել:

Ուրեմն ես էլ չեմ սիրում մուլտֆիլմերը, եթե էնտեղ պիտի քեզ կարոտենք: Եթե պիտի նկարդ լինի ձեռքիս տակ: Ուզում եմ ես լինել ձեռքիդ տակ:

Հիշում եմ, որ ինձ չէր կարելի գալ էն տեղը, անունը էդպես էլ չսովորեցի, էնտեղ շատ տղաներ կային, իմ տեղը չէր: Ձեր բառերով եմ մտածում ու խոսում, ու եթե մի ժամանակ պիտի կասկածեի ասածիդ ճիշտ լինելու մեջ ու իմ առջև դրված արգելքները կասկածի տակ առնեի, հիմա գիտեմ, հաստատ գիտեմ, իմ մտածելակերպն է դարձել, դու ես էդպես ասել:

Անունդ գրել եմ ուզում, բայց ոչ մեկը չգիտի ժպիտդ՝ աչքերով ժպիտդ: Անունդ չեմ գրի, թող չիմանան ոնց ես ժպտում: Ես գիտեմ:

Մինչ նոր հանդիպում, եղբայր:

jenya tonakanyan

Լույսի առավոտ

Ամեն մարդու հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է ստեղծվել այն բնակավայրը, որտեղ ապրել են իր ազգի մեծերը։ Մի անգամ մայրս պատմեց, թե ինչպես է մի քարքարոտ ու անմարդաբնակ տարածք դարձել իր պապերի բնօրրանը։

1915 թվականին թուրքի թնդանոթներից մի կերպ փախած հայերը վերջին անգամ հետ շրջվեցին՝ տեսնելու իրենց որբացած հայրենիքը՝ Թերջանը, լսելու մարդկային լեզու առած բնության աղաղակը. «Մի՛ թողեք ինձ անտեր»։

Կոտորածից փրկված ավելի քան 1000 թերջանցիներ հետ շրջվեցին՝ հիշելու իրենց տաքուկ կարոտները, շենշող երազները, ցավերն ու տառապանքները, առքերն ու տուրքերը…

Հաջորդ օրը բեկված ու բզկտված գաղթականների քարավանը այլևս ուժ չուներ առաջ գնալու. հանգրվանեց անջուր ու ամայի սարերի գրկում, կծկվեց նրա քարերի տակ, սնվեց սինձով և շուշանով։

Բայց արդեն քանի օր է, ինչ նրանք ջուր չէին խմել, նրանց վշտից ու ծարավից խամրած աչքերը նայում էին երկնքին՝ փնտրելու անձրևաբեր ամպի մի պատառիկ, լռության մեջ փորձում էին որսալ անձրևի կաթիլների ոտնաձայները։ Տղամարդիկ չէին կարողանում սառնասրտորեն նայել, թե ինչպես է մայրը իր ցող-արցունքը նեկտարի նման հավաքում աչքերից, հպում մանկական շուրթին և աղոթում.

-Տե՜ր ամենակալ, Աստվա՛ծ, Արարի՛չ, երկնքից թող հորդ անձրևը անվերջ թափվի ցած։

Բնությունը առատաձեռն է, այսքան փափուկ ու սևահող վայրում պետք է, որ մի տեղ օազիս լիներ։ Տղամարդիկ գործի են անցնում՝ ձեռքի տակ ընկած քար ու փայտերով։

Անաստղ ու անլուսին մի ողջ գիշեր նրանք կռվում էին բնության հետ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ պատրաստ են ամեն կերպ հաղթահարելու իրենց գոյատևման փորձությունը։

Առավոտ էր։ Արեգակի լուսաշող ճառագայթներից այդ օրը կարծես ուրախություն էր ծորում՝ մեղրի պես քաղցր, լուսաբացի պես հանդիսավոր։ Մարդկանցից մեկը, որը կռացել էր փոսի մեջ, ձեռքերով հանում էր ծանր քարերը, հանկարծ ձեռքերով տարօրինակ սառնություն զգաց, ձեռքը հանեց փոսից, մյուս ձեռքով շոշափեց և ամբողջ ուժով գոռաց՝ ջո՜ւր, ջո՜ւր…

Լույսի, կյանքի ու հույսի առավոտ էր այդ առավոտը։ Կյանք պահպանելու զորությունը նրանք գտան երկրի ընդերքից բխող պարզ, զուլալ ու կենսատու ջրերում։ Այդ ջրով է ոռոգվում հանդ ու անդաստան, այդ ջրերում են լողանում և զորություն առնում նրանց երեխաները, այդ ջրով են իրար շաղախում կիրն ու ավազը, քարը քարին դնում, երկիր շենացնում։

mari simonyan

Մեղրի կճուճներն ու նպատակին հասնելու ձգտումը

Ո՞վ չգիտի մեր արևահամ ծիրանի ու նրա արևաշող տեսքի մասին: Երևի այն ավստրալացին չգիտեր, որ հեծանիվով 10 օրում Թբիլիսիից հասել էր Տաթև ու մեզ հետ սեղան էր նստել: Բայց նա էլ արդեն գիտի, ու վստահ եմ՝ իրենց երկրում մեծ խանդավառությամբ է ներկայացնելու այդ արևի կտոր հիշեցնող մրգի համն ու հոտը: Ինչևէ, ավստրալացուն հանգիստ թողնենք։ Երեկոյան նստած եմ բազմոցին ու իմ սիրած ֆիլմերից մեկն եմ դիտում։

-Մարի՜, Մա՜ր, արի գնանք ծիրան հավաքենք, արդեն հասել է,- առաջին հարկից լսում եմ մայրիկիս ձայնը:

-Մա՜մ, էսօր չէ, էլի, իմ սիրած ֆիլմն են ցույց տալիս,- պատասխանում եմ հոգնած ձայնով:

-Ֆիլմը հետո էլ կնայես, արի գնանք, ծիրանը չի սպասի:

Ինչպես միշտ, համառությունս հյուր է գալիս․

-Չէ՛, չեմ գալիս, և վերջ:

Հինգ րոպե հետո արդեն լսում եմ մեքենայի ձայնը, ու ես երեք վայրկյանից շնչակտուր կանգնած եմ մեքենայի դիմաց։

Հոնքերս կիտած ասում եմ․

-Սպասե՛ք, ես էլ եմ գալիս։

-Հինգ րոպե առաջ չէիր գալիս, քո սիրած ֆիլմն էին ցույց տալիս,- ժպտալով ասում է մայրս:

-Ֆիլմը հետո էլ կնայեմ, ծիրանը չի սպասի,- կրկնում եմ իր խոսքերը:

Արդեն այգում ենք:

Միշտ էլ սիրել եմ բնությունը, խոտի բույրը (ափսոս, ալերգիա ունեմ), արևավառ ծիրանների բույրը: Մի ակնթարթ աչքերս փակում եմ, խորը շունչ քաշում, զգում բնությունը, հետո արտաշնչում եմ ու նորից հոնքերս կիտում, բարձրանում ծառը: Սկսում եմ հավաքել ծիրանները, չէ՜, ինչ ծիրան, «մեղրի կճուճները»։ Մեկ էլ ծայրին՝ ամենավերևում, մի մե՜ծ

մեղրի կճուճ է օրորվում: «Պիտի քաղեմ, ինչ գնով էլ լինի»,- անընդհատ կրկնում եմ մտքումս:

Ներքևից լսում եմ մորս ձայնը․

-Մարի՜, հերի՛ք է, իջիր ցած, շատ բարձր է:

Բայց տարերքիս մեջ եմ, ուշադրություն չեմ դարձնում նրան ու բարձրանում եմ: Քամի միշտ էլ սիրում եմ, մանավանդ, երբ մազերս արձակած են ու խաղում են քամու հետ: Բայց սա այդ դեպքը չէր, մազերս էլ հավաքած էին: Ես բարձրանում եմ ծառի ամենաբարձր ճյուղերից մեկին, իսկ քամին այս անգամ ճյուղերի հետ է խաղում: Երևի ամենաուժեղ ատրակցիոնը այդքան վախենալու չէ, ինչքան այդ ծառի բարակ, օրորվող ճյուղը: Եվ ահա ձեռքս

պարզում եմ, ներքևից մորս ձայնն է գալիս, ինձ եմ պատկերացնում՝ ձեռքերս ու ոտքերս գիպսի մեջ, մեկ էլ՝ մեղրի կճուճը ձեռքումս է:

Մայրս հոգոց է հանում, ու ես ինձնից գոհ իջնում եմ ծառից, ժպտալով, կարծես մի մեծ գործ էի արել աշխարհի համար: Ոտքերիս դողից հազիվ քայլելով վերջապես նստեցի գետնին:

-Այդ մեկը այստեղից էլ կարող էիր քաղել, ո՜նց վախեցրիր,- նախատում է մայրս՝ ինձնից շատ վախեցած, ու ջուրն է մեկնում ինձ:

-Է՜, մամ, սա ուրիշ դեպք է, հարցը ծիրանը չէր,- ասում եմ ես՝ վերջապես դեմքիս հայտնված ժպիտով, մտքումս ինձնով հպարտանալով:

Երբեմն մարդն ինքն իր առաջ պետք է նպատակներ դնի ու իրականացնի դրանք: Գուցե մի ծիրանն օգնեց ինձ, որ ուրախանամ իմ նպատակին հասնելու համար: Մեջբերեմ Լ. Տոլստոյի հայտի խոսքերից մեկը. «Վատ է, մեռնել»։

Հ. Գ. Ֆիլմն այդպես էլ չդիտեցի:

100-ամյակն առանց նրա

Լուսանկարը՝ «Զանգեզուր» թերթից

Լուսանկարը՝ «Զանգեզուր» թերթից

Հուլիսի 1-ին լրանում է «Զանգեզուր» թերթի խմբագիր Սերյոժա Ղազարյանի 100-ամյակը:

Իմանալով պարոն Սերյոժայի մասին, որոշեցի նրա թոռնուհու՝ Ռուզաննա Ղազարյանի հետ հարցազրույց վարել: Տիկին Ռուզաննան ասում է.

-Պապիկս՝ Սերյոժա Ղազարյանը, ծնվել է 1918թ.-ին, Գորիսի շրջանի Ակներ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է մանկավարժական ինստիտուտ, դրա հետ մեկտեղ Քարաշեն և Քարահունջ գյուղերում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

Երբ Հայրենական մեծ պատերազմը սկսվեց, նա 3-րդ կուրսում էր սովորում և 1941թ.-ի հունիսի 24-ին գնում է ռազմաճակատ: Այնպես է ստացվում, որ պապս ռազմաճակատում վիրավորվում է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնում է ռազմաճակատ: Չմոռանամ նշել, որ 1944թ.-ին նշանակվել է Խոտ գյուղի դպրոցի տնօրեն, իսկ 1945թ.-ին՝ պատասխանատու քարտուղար «Զանգեզուր» թերթում: Արդեն 1963թ.-ից 26 տարի աշխատել է «Զանգեզուր» թերթի խմբագիր: Նրա խոսքերից շատերն են մեջբերումներ անում, ես էլ ուզում եմ մի մեջբերում անել: Երբ լրագրողները խճճված խոսքերով էին հոդվածներ գրում, պապս ասում էր. «Այ ընկեր/ընկերուհի, պարզ գրիր, Թումանյանի մեծությունը, տաղանդի ուժը նրա ստեղծագործությունների պարզության մեջ է»:

Մի դեպք ևս պատմեմ: Մի անգամ երկու լրագրողների, ովքեր հարբած վիճակում ուշացել էին, երկուսն էլ երկու ժամով, տարբեր պատժամիջոցներ է կիրառում, մեկին՝ ուղղակի նկատողություն, մյուսին՝ խիստ նկատողություն, և երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է այդպես պատժում, չէ՞ որ երկուսն էլ նույն իրավիճակում էին հայտնվել, նա ասում է, որ մյուսը գումար չունի մոտը, խմիչքը երկրորդն է գնել:

Շատ բաներ կարելի է պատմել պապիս մասին, վերջերս «Զանգեզուր» թերթը պապիս մասին

հոդվածներ էր հրատարակել, հոդվածներից մեկում, որի հեղինակը Ալվարդ Մեսրոպյանն էր,

հետաքրքիր միջադեպ էր պատմել, հիմա մի հատված կարդամ:

«Հերթապահությունս ավարտելու հաճույքը դեռ չվայելած, զանգեց՝ արի այստեղ: Գնացի:

-Այս նախադասության մեջ ստորակետ չես դրել:

-Դրել եմ:

-Ո՞ւր է, դե հանի աչքս կոխի (այս բառակապակցությունը նրա ամենասիրելի բառակապակցությունն էր և այն հաճախ էր օգտագործում առիթի դեպքում):

Ես նրան ցույց տվեցի իմ դրած ստորակետը: Նա խոշորացույցը հանեց, նայեց, տեսավ ես ճիշտ եմ:

-Գյուլնազարյան Լենան (նա մեր սրբագրիչն էր) գիտե՞ս ինչ խոշոր ստորակետ է դնում:

-Ամեն մարդ իր չափսի է դնում կետադրական նշանը,-ասացի ես:

Նա մեղմորեն ժպտաց, որը կարելի է այսպես «թարգմանել»՝ «Մեղքս ընդունում եմ»:

Իմ հուշերով կիսվելուց հետո, ուզում եմ, հենց պապիկիս մասնագիտական ձեռագրով էլ շնորհավորել նրան: Ճիշտ է, նա 2007թ.-ին է մահացել, բայց կարելի է անվերջ խոսել պապիս մասին, որովհետև նա միշտ մեզ հետ է: Որովհետև նա միշտ ապրում է:

Չեմ կարող հպարտությանս ու հուզմունքիս չափը բառերով նկարագրել: Ուղղակի կցանկանայի այսօր գրկել, համբուրել ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Կուզեի ասել, թե որքան եմ սիրում ու հպարտանում նրանով: Նա Զանգեզուրի մեծ մարդկանցից է, ում համեստությունն ու աշխատելաոճը միշտ տարբերվել է: Պապիկս մեր ողջ գերդաստանի գլուխն է, ում մահից հետո անգամ, ոչինչ չի փոխվել: Մարդ մահանում է այն ժամանակ, երբ նրան այլևս չեն հիշում: Իսկ պապիկս այն լույսն է, որ միշտ վառ է մնալու, նրան միշտ հիշելու ենք: Շնորհավոր ծնունդդ, հայ մարդ, Մեծ մարդ, Պապ ջան:

Anushik Mkrtchyan

Էդ էն ժամանակն էր…

Հեղափոխության հետ կապված ցույցերը, բողոքի ակցիաները, երթերը ավարտվեցին: Ի վերջո, մենք հասանք մեր նպատակին: Երևան գնալ չկարողացա, թեպետ շատ էի ուզում: Չէի խոսի էս դեպքերի մասին, եթե ես էլ ինչ-որ դեր չունենայի: Գյուղում շատ պատանիներ համախմբվեցին և կազմակերպեցին բողոքի ակցիաներ մեր գյուղում, երբեմն էլ մյուս գյուղերում:

Ապրիլի 23-ին առաջին անգամ արեցինք երթը: Գյուղն ունի երկու դպրոց՝ իր ազատություն ցանկացող պատանիներով: Չնայած այն բանին, որ այն դպրոցում, որտեղ ես եմ սովորում, միայն ես ու քույրս էինք մասնակցում ցույցերին, այնուամենայնիվ, մենք համառորեն մյուս դպրոցի աշակերտների հետ գնացինք: Դպրոցում որոշ խնդիրներ առաջացան իմ՝ ցույցերին մասնակցելու հետ կապված: Նույն օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ու էդ նորությունից հետո էն մարդիկ, ովքեր ինձ արգելում էին մասնակցել, մեղմացան ու իրենք էլ մասնակցեցին:

Մենք ոտքով 3 կմ գնում էինք, 3կմ հետ էինք գալիս: Մենք մտածում ու պլակատի վրա էնպիսի տողեր էինք գրում, որ մարդկանց մեջ եռանդ էր մտցնում: «Քանի որ կա Ապարանը, չի վախենա Փաշինյանը», «Keep calm and love Nikol» ու նմանատիպ այլ նախադասություններ:

Գիտեք, որ գյուղը սիրում է բամբասել, քննադատել, հետևից խոսել, «անուն կպցնել»:

Էդ էն ժամանակն էր, երբ դու գետնին կարող էիր հանգիստ նստել, որովհետև չէին ասի. «Էս մարդու աղջիկը չի ամաչել, գետնին ա նստել կամ պառկել»:

Էդ էն ժամանակն էր, երբ դու ճանապարհի մեջտեղում պարում էիր, չէին ասում. «Հլը էսինչ մարդու աղջկան նայի, չի էլ ամաչում, ճամփի մեջտեղը պարում ա»:

Էդ էն ժամանակն էր, երբ դու արդեն տուն ես գնում ու ինչ-որ բարի մարդ ուզում է իր մեքենայով տանել տուն, չէին ասի. «Էս աղջիկը ինչ վատ աղջիկ ա, չամաչե՞ց՝ անծանոթ մարդու ավտոն նստեց»:

Ու այսպես էդ օրերին գյուղում հավես հեղափոխություն եղավ: Որոշ մարդկանց մասին մեր կարծիքը փոխվեց, որոշ մարդկանց հետ էլ ավելի մտերմացանք: Սովորեցինք մեր ազատության, մեր բարեկեցիկ կյանքի համար պայքարել, գլուխ բարձրացնել: Ու գալիք սերունդներին շատ ավելին սովորեցնել:

iza Astsatryan

Միացիր Գոռին

Ողջույն, այսօր ուզում եմ մի հետաքրքիր մարդու մասին խոսել: Գոռ Պապերտյանի մասին պետք է պատմեմ, ով տարիքով մի փոքր մեծ, բայց հոգով երիտասարդ է: Նախքան պատմելը, մի փոքր ներկայացնեմ, թե որտեղից եմ ճանաչում նրան:

Առավոտ էր, արթնացա հեռախոսի զանգից։ Քույրս էր, պատասխանեցի և նա ասաց, որ մի մարդ կա, ով ուզում է գնալ հին գյուղ, սակայն տեղանքին այդքան էլ ծանոթ չէ, գուցե ես ուղեկցե՞մ նրան: Դե, ես համաձայն էի, զանգեցի Գոհարին, որ միասին գնանք: Նա էլ համաձայնեց:

Շուտով տեսանք Գոռին և նրա հետ ճանապարհ ընկանք: Այդ ընթացքում պատմում էինք թե՛ մեր նոր գյուղի, թե՛ հին գյուղի մասին: Իսկ հետո սկսեցինք մեր «հարցաքննությունը»: Դե, նա էլ մեծ հաճույքով պատասխանում էր:

Գոռը Հայաստանի տարբեր վայրերով էր շրջել, լուսանկարել էր եկեղեցիներ, խաչքարեր, այն ամենը, ինչը վկայում է, որ այդտեղ մենք՝ հայերս ենք եղել: Նա ասում էր, որ օնլայն քարտեզների վրա հայկական մի շարք վայրեր նշված են որպես ադրբեջանական տարածքներ: Նա նաև ասում էր, որ Ադրբեջանը միլիոններ է ծախսում կեղծ գրքեր

տպագրելու համար, սակայն եթե ինքը լուսանկարի, մի փոքր պատմություն գրի, և տեղադրեն տարբեր տուրիստական կազմակերպությունների էջերում, բոլորը կիմանան, որ դա մերն է, ոչ թե Ադրբեջանինը:

Ինտերնետում շատ ճշգրիտ տեղեկություններ կան Հայաստանի հնագույն եկեղեցիների մասին և նրանց մասին, որոնց մասին շատերը չգիտեն, որոնք դժվար վայրերում են:

Նա Ռուսաստանում է բնակվում և եկել է Հայաստան հենց այդ աշխատանքը կատարելու համար: Ասում էր, որ եթե միայն Ռուսաստանում էլ կարդան, դա հսկայական աշխատանք կլինի:

Երբ հարցրինք՝ միայնակ է աշխատում, թե թիմ ունի, նա պատասխանեց, որ մենակ է աշխատում, սակայն առաջիկայում նախատեսում է լուսանկարիչների թիմ հավաքել, որովհետև այնքան պատմամշակույթային կոթողներ ունենք, որ ինքը մենակ չի հասցնի:

Նաև մտածում էր Հայաստանի տարբեր վայրերից երեխաներին տանել ուրիշ համայնքներ և ծանոթացնել այնտեղի պատմությանը, եկեղեցիների և մեր ազգայինը պահող ամեն ինչի հետ:

Նրա գաղափարը հրաշալի էր, մենք մեծ ոգևորությամբ էինք լսում, հարցեր տալիս:

Շուտով հասանք հին գյուղ, այնտեղ համայնքաբնակները թութ էին թափ տալիս, գնացինք դա էլ նրան ներկայացնելու:

Երբ արդեն հետ էինք գալիս, ես չեմ հիշում վերջին ոլորանները ոնց հաղթահարեցի, բայց հիշում եմ, որ հետներս ջուր չէինք վերցրել, ես էլ ծարավից «մեռնում» էի: Հետո հրաժեշտ տվեցինք Գոռին և վերադարձանք տուն:

Հ. Գ. Առաջարկում եմ՝ եթե կան լուսանկարիչներ, ովքեր պատրաստ են օգնելու, թող միանան Գոռին, կարծում եմ, հետաքրքիր նախաձեռնություն է իրականացնում: Եվ ուրեմն՝ քայլ արա, միացիր Գոռին:

Արի՛ Հայաստան