Ազատ տարածք խորագրի արխիվներ

Մասնագիտությունների օր Գորիսում

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Մայիսի 11-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում կազմակերպվել էր հանդիպում Սյունիքի մարզի տարբեր դպրոցների աշակերտների և ուսանողների հետ:

SDA աջակցությամբ, Գորիսի գյուղատնտեսական քոլեջում ստեղծվել է նոր հնարավորություն անասնաբուժություն և կաթի վերամշակում մասնագիտություններով որակյալ կրթություն ստանալու համար:

Լուսանկարը` Աշխեն Սարգսյան

Լուսանկարը` Աշխեն Սարգսյան

Լուսանկարը` Աշխեն Սարգսյան

Լուսանկարը` Աշխեն Սարգսյան

Նախքան ծանոթանալը քոլեջի դասախոսները ներկայացրեցին նոր հնարավորությունները, այնուհետև ուսանողներից շատերը, ովքեր արդեն կրթություն են ստացել և աշխատում են, կիսվեցին իրենց փորձով:
Քոլեջի գործունեությանը ծանոթանալուց հետո յուրաքանչյուր դպրոց այցելեց արտադրական ձեռնարկություններ:

Մեր կանգառը Սիսիանի կաթնամթերքի գործարանում էր, որտեղ ծանոթացանք գործարանի աշխատանքին: Ի դեպ, շատ հետաքրքիր էր:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Հանդիպման ավարտին մեզ թան հյուրասիրեցին, որն արտադրվում է հենց այնտեղ:

Ինչ խոսք, շատ հագեցած ու գիտելիքներով լի օր էր: Կուզենայինք, որ ապագա մասնագիտություն ընտրելիս անպայման հնարավորություն ունենանք նման մասնագիտական կողմնորոշման այցեր կատարել:

Արի պարի քոչարի

2018թ. սպասվող տոնակատարություններին ընդառաջ՝ Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը» հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ կազմակերպելով համահայկական ֆլեշմոբ «Արի պարի քոչարի»՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:

Նախագծի նպատակն է 2018թ. մայիսի 26-ին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող բոլոր հայերով պարել մեր հաղթական քոչարին՝ ի պատիվ մեր բոլոր հաղթանակների և ի նշան մեր միասնականության: Բաց մի թողեք աշխարհին ներկայանալու նման հնարավորությունը:

2018թ. մայիսի 26-ին մասնակցիր համահայկական ֆլեշմոբին, ուր էլ լինես՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս, անկախ սեռից, տարիքից, զբաղմունքից և պարային ունակություններից։ Անցյալում տարած և ապագայում սպասվող մեր բոլոր հաղթանակների պատվին պարում ենք հաղթական քոչարի։ Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար միացիր մեր ֆեյսբուքյան էջին, գրիր էլեկտրոնային հասցեին, այցելիր մեր ինտերնետային կայք և … ԱՐԻ ՊԱՐԻ ՔՈՉԱՐԻ։

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքից:

http://www.aripariqochari.com/

https://www.youtube.com/watch?v=GKi18kYfO_s

https://www.youtube.com/watch?v=kipcCFoqKY0

Բաց գրադարան Վանաձորում

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Գրքասե՞ր ես, սիրում ես անվերջ կարդա՞լ, գրքեր նվիրել ու ի ցույց դնել մարդկանց, որ հենց այդ զարմանահրաշ գրքե՞րն են, որ մարդուն կորով ու ամրություն են տալիս ու մի մեծ միտք…..

Դե ուրեմն, արի Վանաձոր, կամ ինքդ փորձիր անել այն, ինչ արեցին մի շարք երիտասարդներ:

Մի փոքրիկ անկյուն, հենց Վանաձորի սրտում:

Մի փոքրիկ անկյուն, բայց մի մեծ գանձարան զմրուխտյա քաղաքում:

Վանաձորի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ուսանողական ծրագրային թիմի նախաձեռնությամբ «Արցախ պուրակում» «Բաց գրադարանն» արդեն մեր աչքերի առջև է:

Ընտրման փուլն անցավ հաճելիորեն լարված, որին մասնակցում էին մի խումբ ուսանողներ իրենց ծրագրերով: Արդյունքում ժյուրիի կողմից հավանության արժանացան ընդամենը երկու ծրագիր, որոնք էլ երաշխավորվեցին ֆինանսավորման:

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Երկու ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ապրիլի 19-ին «Բաց գրադարան»-ն արդեն «Արցախ պուրակում» էր: Գրքերի հավաքման գործընթացն ընթացել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ: Տարածված հայտարարությունների արդյունքում մի շարք կամավորներ տրամադրել են բազմաթիվ գրքեր:

Ծրագրի ղեկավարը Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Շուշան Ներսիսյանն է:

Գրադարանն ունի օգտվելու կանոնակարգ, որի գլխավոր պայմանը գրադարանը երբեք դատարկ չթողնելն է: Յուրաքանչյուրն այնտեղից կարող է վերցնել կամ փոխանակել ցանկացած գիրք: Գրադարանը հնարավորություն է տալիս ծանոթանալու առկա գրականությանը, ընթերցելու այն մոտակա այգում կամ սրճարանում, վերադարձնելու գրադարանին կամ ցանկության դեպքում անվճար ձեռք բերելու այն՝ սեփական գրքերից որևէ մեկը նվիրելով գրադարանին:

Դե ինչ, գաղափարնեով լեցուն հասարակության մեջ, այլոց մնում է միայն աջակցել, և պահպանել այն, ինչ արդեն ստեղծվել է:

laura sekoyan

Կենացները քաղցրանում են

Բոլորս էլ վերջին շրջանում շատ ենք լսել անկեղծ խոստովանություններ վերջին օրերի կատարվածի մասին։ Այս հետհեղափոխական շրջանում հաճելի է գովեստի խոսքեր լսել երիտասարդների հասցեին։ Կարծում եմ կարիք չկա նորից պատմել այն մասին, թե ինչպես էին գյուղացիները ակտիվ մասնակցում հանրահավաքներին։ Այժմ բոլորի ոգևորությունը ավելի մեծ է, բոլորն իրենց բավարարված են զգում ու սպասում են նոր զարգացումների։

Տեղի ունեցած այս իրադարձություններին մեծահասակները տալիս են տարբեր բացատրություններ ու պարզաբանումներ։ Ինձ համար ամենատպավորիչ պատասխանն ու պարզաբանումը այն էր, որ մեծահասակները մեզ համարում էին ազատության սերունդ ու արգելքներ չհանդուրժող անհատներ։

Վարչապետի ընտրության օրը` երեկոյան, հավաքվել էինք փոքրիկ սեղանի շուրջ և տոնում էինք հաղթանակը։ Կենացներից մեկի ժամանակ տղամարդիկ ծավալվեցին ու մեր սերունդը համեմատեցին իրենց սերնդի հետ։ Ըստ նրանց, եթե իրենք բարձրացնեին իրենց ձայնը ու թելադրեին իրենց ուզածը, միևնույն է, արդյունքի չէին հասնի։ Երբ հարցրեցի, թե ինչու են այդ կարծիքին, պատասխանը ինձ համար մի փոքր անսովոր էր։ Նրանք ասում էին, որ իրենք վախի մեջ են ապրել, պատերազմ ու արյունահեղություն են տեսել, իրենց ծնողները վախով են պահել ու դաստիարակել իրենց։ Եվ անգամ, եթե որևէ մասշտաբային շարժում բարձրացնեին, միևնույն է, հետ էին կանգնելու իրենց ուղուց, որովհետև դա վտանգավոր է, ինչ-որ տեղ սարսափելի է ու վախով լի։

Իհարկե, ներկաներից բոլորը, ովքեր նախորդ սերնդի ներկայացուցիչներ էին, համակարծիք էին։ Պատասխանի մեջ ինձ չբավարարեց պատերազմ տեսած սերնդի տեսակետը, քանի որ մենք տեսել ենք կարճաժամկետ, բայց ահարկու ու աղմկալից Ապրիլյան։ Ինչևէ, տանեցիները մեզ համարեցին ազատության սերունդ և չէին պատկերացնում անգամ, թե սրանից հետո ինչ է լինելու այն իշխանության հետ, որը կփորձի խլել մեր ազատությունը։

Կենացները շարունակվում էին։ Մենք, որպես ազգի զավակներ մեր հասցեին հնչած կենացներ շատ էինք լսել, բայց կենացաճառի մեջ այդքան շնորհակալական խոսքեր առաջին անգամ էր, որ լսում էինք։ Սեղանակիցները այն մտքին էին, որ եթե երիտասարդները չլինեին, այս շարժումը հաջողությամբ չէր պսակվի։ Նրանք բերում էին օրինակներ պատմությունից և փաստում, որ ժամանակին տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները սկսել են երիտասարդները, և այս մեկը ևս բացառություն չէր։ Մեծերը ասում են, որ երիտասարդությունը հասարակության միջուկն է, և առանց նրանց հասարակությունը առողջ ու կատարյալ չի լինի։ Եվ իրոք, նրանք չեն սխալվում։ Գովեստի ու շնորհակալական խոսքերի ազդեցությունը բնականաբար մեծ էր մեզ վրա։ Ոգևորությունը անկառավարելի էր, իսկ սպասելիքները՝ մեծ։ Մեծ են նաև մեր հարազատների, բարեկամների, ուսուցիչների ու համագյուղացիների սպասելիքները, և հուսանք, որ նրանց այդքան խոստովանությունները իզուր չեն, ու մեզ համար արդյունքները իրոք շոշափելի կլինեն:

Նորարարություն և ստեղագործ մտածելակերպ

Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես կսիրեք այն, ինչ ստացել եք…

Ապրիլի 23-ից 24-ը և մայիսի 7-ից 8-ը «Վորլդ Վիժն» Հայաստանի Գյումրու ՏԶԾ-ն Աղվերանում կազմակերպել էր «Նորարարություն և ստեղծագործ մտածելակերպ» թեմայով թրեյնինգ։ Թրեյնինգին մասնակցում էին գյումրեցի երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին նորարարությամբ, ունեին ստեղծագործ մտածելակերպ, կրեատիվ էին, պատրաստ էին կիսվել իրենց գաղափարներով և ցանկանում էին զարգացնել իրենց գիտելիքները։

Թրեյնինգի ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց համայնքի խնդիրները, ձեռք բերել թիմում աշխատելու հմտություններ, կարողանալ ներկայացնել սեփական գաղափարները՝ կրեատիվ և նորարար։

Թրեյնինգի մասնակիցների շարքում էի նաև ես։

Թրեյնինգը սկսեցինք ծանոթությամբ, բաժանվելով թիմերի՝ անդամները ներկայացրեցին իրենց թիմակիցներին՝ որտեղ է սովորում, ինչ նախասիրություններ ունի և այլն։

Ծանոթությունից հետո սեմինարավարի օգնությամբ գաղափար կազմեցինք նորարարության և ստեղծարարության մասին, հասկացանք դրանց տարբերությունները։ Թիմային աշխատանքի շնորհիվ ներկայացրեցինք մեր պատկերացումները կրեատիվության և նորարարության մասին։

Այս և հաջորդ օրվա ընթացքում ներկայացրեցինք մի շարք կրեատիվ և նորարար գաղափարներ, քննարկեցինք համայնքում առկա խնդիրները և դրանց տվեցինք որոշակի լուծումներ, խորացրեցինք գիտելիքները բիզնեսի վերաբերյալ, սովորեցինք ինչպես կազմել բիզնես ծրագիր, ինչպես ճիշտ ներկայացնել այն և ինչպես աշխատել թիմում։ Իսկ ամենավերջում մեզ հաջորդ թրեյնինգի համար տրվեց առաջադրանք՝ կազմել թիմեր և ներկայացնել բիզնես-ծրագրեր՝ մանրամասն նկարագրությամբ, և որոնցից լավագույն երկուսը հնարավորություն կստանար իրագործվելու «Վորլդ Վիժնի» կողմից։

Վերադառնալով տուն, մենք սկսեցինք մտածել բիզնես-ծրագրերի շուրջ, հետո կազմեցինք թիմեր, և ամեն թիմ սկսեց աշխատել սեփական ծրագրի շուրջ։

Հաջորդ թրեյնինգին ամեն թիմ ներկայացրեց իր բիզնես-ծրագիրը։ Գրեթե բոլորն էլ իրատեսական էին, միայն մնում էր ընտրել լավագույնին, սակայն լավագույն լինելու համար դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցենք։

Եվ այս օրերի ընթացքում գիտելիքներից և հմտություններից զատ, մենք ձեռք բերեցինք ամենակարևորը այս կյանքում՝ ընկերներ։

seda mkhitaryan

Սիրո և հանդուրժողականության դրվագներ

Ցույցերը նոր-նոր էին սկսվում Վանաձորում։ Չէի մասնակցում։ Էդ օրը որոշել էինք քաղաքում հարցում անել` ընդհանուր մթնոլորտը ճշտելու համար։ Քայլում ենք, հարցնում, մարդիկ հուսահատ պատասխաններ են տալիս։ Մենք էլ ենք հուսահատվում։ Մոտեցա մի տղամարդու։ Հարցնում եմ, արդյո՞ք ցույցերին մասնակցում է, ի՞նչ կարծիք ունի։ Պարզվեց Ռուսաստանից նոր է եկել, ու իր խոսքով ասած, «պալիծիկայով» չի հետաքրքրվում։ Մի քանի օր հետո, էդ մարդուն ամեն օր տեսա ցուցարարների շարքում։ Հուսամ` արդեն հետաքրքրվում է «պալիծիկայով» ու էլ Ռուսաստան չի գնա։

Ընդվզում էինք էլի։ Վանաձորի փողոցներով քայլում էինք` հայտնի լոզունգները վանկարկելով։ Տեսնեմ` մի կին հեռվից ժպտալով ինձ է նայում։ Երբ մոտեցանք իրեն, առաջ եկավ ու գլուխս շոյեց, ասաց` ապրես։ Էլ էդ կնոջը չհանդիպեցի, բայց ինքը ինձ համար հեղափոխության սիմվոլներից դարձավ։

Մերժման երկրորդ փուլում էինք արդեն։ Փակ փողոցում կանգնած խոսում ենք։ Շատ մարդ կա` ծանոթ-անծանոթ։ Մի աղջիկ ուզում էր գրախանութ գնալ, խնդրեց միանամ իրեն։ Ճանապարհին բարձր երգելով գնում ենք։ Հասանք գրախանութ։ Նվեր էր ուզում գնել իր ընկեր Անահիտի համար։ Միասին մի սիրուն գրիչ ընտրեցինք։ Խանութում բարձր խոսում ենք, վաճառողը նկատողություն արեց, թե` խուլ չեմ, մի քիչ կամաց խոսեք։ Մենք էլ ասեցինք, թե բարձր խոսելը սովորություն է դարձել։ Հետ դարձի ճանապարհին էլի երգում էինք։ Էդ աղջկա անունն անգամ չիմացա։

5-6 հոգով ընկած բաց փողոց ենք փնտրում, որ փակենք։ Դժվար էր, բայց գտանք։ Երջանիկ դեմքով նստեցինք մի կտոր բաց փողոցի վրա ու դա էլ փակեցինք։

Ես ու Անուշը փողոցում վազվզում ենք, կռվում` թե ով ավելի սիրուն կադր կստանա։ Անուշը հաղթում է։

Մարզպետարանի դիմաց նստած ենք։ Պահանջում ենք, որ աշխատակազմը մեզ միանա։ Դե, սոված ենք։ Արսինեն պայուսակից մի կոնֆետ գտավ։ Բաժանեցինք երեք մասի ու կերանք։

Հրապարակի պապիկները խնդրում են, որ ինտերնետով տեսնեմ, թե Նիկոլն ինչ նոր հայտարարություն է արել։ Կապերը ծանրաբեռնված են, ինտերնետից օգտվել չի լինում։ Բացատրեցի պապիկներիս, որ չեմ կարող օգտվել։ Ժպտացին։ Հասկացան։

Հեղափոխությունը, լոռեցու ասած, կրեցինք։ Գյուղ ենք գալիս գազելով։ Մեքենայի մեջ թեժ քննարկում է. «Որ Նիկոլին Նարեկացու պես սրբերի շարքն էլ դասեն` ես համաձայն եմ», «Սա պատմության մեջ չլսված բան էր», «Ինչ անըմա ժողովրդին աչոտ ա տալի, լա տենանք մինչև վերջ սհե շարունակվըմ ա՞» …

Լինել քաղաքացի

Լուսանկարը՝ Վահե Խաչիկյանի

Լուսանկարը՝ Վահե Խաչիկյանի

Ասում են՝ մեկ բան է ասել, որ դու քաղաքացի ես, մեկ այլ բան է՝ լսել դրա մասին: Լսելով այլոց խնդիրները, մենք ավելի հստակ ենք հասկանում, թե ինչպես և ինչ եղանակներով կարելի է լուծել որոշ խնդիրներ: Սակայն տեսնելով շատերի պայքարը հանուն ինչ-որ բանի, դա առավելապես մեզ զգոնացնում է և ստիպում ավելի պահանջատեր լինել:

Ահա և մայիսի 10-ին ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպեց հերթական ֆիլմի դիտումը։

Այս անգամ դիտեցինք «Լինել քաղաքացի» փաստավավերագրական ֆիլմը։

Մասնակից լինել քեզ վերաբերող որոշումների կայացմանը, նվաճել սեփական իրավունքները, ինքնակազմակերպվել, հաստատել սեփական տեսակետը` լինել քաղաքացի: Վերջին տարիներին գործող քաղաքացիական նախաձեռնությունները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Ֆիլմը պատմում է իրականացված ակցիաներից մի քանիսի մասին, որոնք քաղաքացիների համառ պայքարից հետո հաջողությամբ են ավարտվել:

Ֆիլմը մասնավորապես պատմում է «Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության» (հղիների պայքար), «Բանակն իրականում» նախաձեռնության, «Պահպանենք Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը», «Անհատ տաքսու վարորդների իրավունքներ», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» և այլ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի ու հաջողությունների մասին։

Քաղաքացին է, որ պարտավորված է լինել երկրի կարևոր մասնիկ ու առաջնորդ, պետք է սա ընդմիշտ հիշել ու «ղեկը» միշտ մեր ձեռքում պահել:

Համբարձում յայլա, յայլա ջան յայլա

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Մայիսի տասը՝ Համբարձման տոն և տասնմեկ վիճակ հանելու օր, որն այս տարի էլ ավելի հետաքրքիր անցավ մեր գյուղում՝ Լիճքում, շնորհիվ նոր սերնդի և լավ կազմակերպված աշխատանքների:

Բոլորս լարված ենք և անհամբեր սպասում ենք, թե երբ են ավարտվելու դասերը, որպեսզի գնանք «ջուր գողանալու»: Մենք՝ 14 աշակերտներս, պիտի շրջեինք ողջ գյուղով և 7 աղբյուրից մի-մի բուռ «ջուր գողանայինք», հետո տարբեր ծաղիկներ, քար, ուլունք, կոճակ, զարդեր գցեինք կուժը: Բաժանվեցինք զույգերի, և ամեն մի զույգը մի աղբյուրից «ջուր գողացավ»:

Դուրս եկանք դպրոցից, երգերով և ուրախ տոնախմբությամբ շարժվեցինք դեպի անտառ, որտեղ գտնվում էին երկու աղբյուրներ: Մինչ ջուր գողանալը, աղջիկները ժողովրդական պարեր և երգեր էին կատարում: Վերջացնելուց հետո շարժվեցինք առաջ, և առաջին զույգը կուժը լցրեց մի բուռ ջուր: Չնայած աղբյուրները իրարից շատ հեռու էին, գյուղը՝ մեծ, իսկ ճանապարհները՝ երկար, մենք չվհատվեցինք և այդ ճանապարհները այնպես անցանք, որ մենք էլ չզգացինք: Հասանք երկրորդ աղբյուր, կրկին երգ, մի բուռ ջուր և ուրախ տրամադրություն: Գնացինք մյուս աղբյուրներ և դարձյալ նույնը, բայց հետաքրքիրը դեռ առջևում էր, և բոլորն էլ անխտիր սպասում էին դրան՝ «կուժը պահելուն»: Վերջին՝ յոթերորդ աղբյուրից ջուր վերցնելուց հետո բոլորս մեր իրերից գցեցինք կժի մեջ, պոկեցինք վիճակ ծաղկից մի մաս, և յուրաքանչյուրս երազանք պահելով՝ դարձյալ գցեցինք կուժը: Հետո պայման կապեցինք, որ պետք է լինի «հարսանիք» և, եթե տղաները գտնեին աղջիկների կողմից պահված կուժը, ապա «հարսանիքի» ողջ ծախսերը հոգալու էին աղջիկները, իսկ եթե չգտնեին, ապա հակառակը: Այսպիսով աղջիկները գնացինք կուժը թաքցնելու, իսկ մենք՝ տղաներով գնացինք «փուռ» դնելու:

Ահա և «փուռը» պատրաստ է, և աղջիկներն էլ ժամանեցին: Այն ուտելուց հետո, տղաներով գնացինք կուժը փնտրելու: Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտանք այն: Այնպես որ, «հարսանիքի» ծախսերը հոգում են աղջիկները: Սակայն սա դեռ ամենը չէ, բա վիճակահանությունը…

Մայիսի 11, կուժը մեզ մոտ է: Մի քանի ծնողների և մեր դասղեկի հետ որոշեցինք գնալ անտառ՝ ծովի ափ՝ «Իվանի հոլըկ» կոչվող տարածք, մաքուր ու թարմ օդ, գեղեցիկ բնություն, որտեղ և արեցինք վիճակահանությունը: Ու ըստ ավանդույթի, ում զարդը որ առաջինը դուրս գար, նրան էր սպասվում մոտալուտ ամուսնությունը, իսկ մյուսների զարդերի և իրերի դուրս գալուն պես հնչեցին բարեմաղթանքներ և խրատներ: Չնայած հորդառատ անձրևին, մենք չհետաձգեցինք և մեծ սիրով արեցինք այն: Գյուղ մտնելուն պես տներից դուրս եկան նաև գյուղացիները՝ լսելով մեր գոռուն-գոչյունները. 10-ի Ա՜, 10-ի Ա՜, 10-ի Ա՜… Նրանք ևս միացան մեզ, ուրախացան և ժպտացին, ու մեզ մաղթեցին բազում հաղթանակներ և բարի երթ:

annamusayelyan

էն ժպիտը, էն իսկականը

Էն ժպիտը,

որ լուսավորում է,

որի համար ասված

«արևից էլ պայծառ»-ը

չափազանցություն չէ,

ու ոչ էլ անգիր արված…

 

Էն ժպիտը,

որը ձևական ու արհեստական չէ,

նկարվելիս գծվող չէ,

այլ էն, որ կար մինչև նկարվելը,

որին նկարվելը չի հետաքրքիր,

այլ իր լինելու պատճառը։

 

էն ժպիտը,

որ արցունքների

միջից շողալով՝

հույս ու լույս է բերում,

բայց ոչ թե

էն, որը

արցունքները թաքցնելու

անտեղի միջոց է։

 

Ժպիտը,

որ ժպտացնում է,

հայտնվում է հանկարծակի,

առանց ջանքերի,

հայացքների բախման պահին։

 

Էն ժպիտը,

որ առաջանում է

սպասված նամակը

անսպասելի պահին ստանալիս,

սպասված մարդուց,

կամ էլ անսպասելի նամակը,

կարևորը՝ սպասված մարդուց,

թեկուզ ոչ նամակը,

բայց, կարևորը՝ սպասված մարդը կա…

 

էն ժպիտը,

որ չես զգում՝ ոնց

ծնվեց դեմքիդ,

չես հասկանում՝ կա թե չկա,

կար թե չկար,

ու փորձում ես հեռացնել,

բայց չի ստացվում,

մեկ-մեկ էլ չուզելով ես փորձում։

 

Էն ժպիտը,

որը մի կերպ շրթունքներումդ

սեղմում ես,

բայց կրկնակի, քառակի չափ

ավելի պայծառ է շողում աչքերումդ։

 

էն ժպիտը,

որը դիմակներ է քանդում,

ու դիմակ չի դառնում։

 

էն ժպիտը,

որի արմատները ներսից են,

ոչ թե քոչվոր, կամ

քամուց փշրվող է։

 

էն ժպիտը,

որը հաղթանակի պահին

հրաբխի լավայի նման

ժայթքում է դեմքիդ ու դեմքիցդ՝

աջ ու ձախ ժպիտներ փռելով.

պատերին ու դեմքերին,

ու ոչ էն

գծված-չափված,

սանտիմետրերով դեմքիդ

համապատասխանացրած՝

հատուկ կամ նեղ օրվա համար։

 

էն ժպիտը,

որ անկեղծ է,

ժպիտ տվող,

ու ոչ էն, որ

վրեժի ու ինչ-որ բան,

ինչ-որ ոչինչ

ապացուցելու համար է։

Էն ժպիտը,

որ ժպտում է

ամբողջ մարմնով,

ներսով-դրսով,

ու ոչ էն,

որը շրթունքները

դեպի աջ-ձախ, վերև-ներքև սեղմելն է։

Էդ ժպիտը իսկականն է,

ժպտեցնողն է,

չպղծվածն է,

արև-ժպիտ է,

ուժ ու լույս տվող,

ավելին է, քան ժպիտ,

հոգեվիճակ է,

ներսի արտացոլանք է,

էդ ժպիտը

ցանկալին է,

երանելին,

միակը…

Էդ ժպիտը

բառերով չնկարագրվողն է։

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեր սերունդը

Շատերի կարծիքով մենք մի սերունդ ենք, որին բացի համացանցից ու սելֆիի ձողից ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Բայց չէ՞ որ հենց նույն սերունդն է, որ օր ու գիշեր պահպանում է մեր երկրի սահմանները և մեզ հանգիստ քուն է պարգևում: Հենց այդ նույն սերունդն է, որ կարողացավ ամբողջ աշխարհի կողմից հիացմունքի արժանանալ՝ իրականացնելով թավշյա հեղափոխություն: Մեծահասակները միշտ փնովել ու նախատել են մեզ, բայց այժմ նրանց հայացքները այլ բան են ասում։ Նրանք մեզ նայում են այնպիսի ժպիտներով ու թախծոտ աչքերով, որ պարզ է դառնում՝ մենք արել ենք այն, ինչը իրենք ժամանակին չեն արել, վախեցել են, թերագնահատել իրենց ուժերը: Անբացատրելի զգացում է, երբ մեծահասակները, հատկապես՝ ծերերը, տեսնելով երիտասարդներին երթի ժամանակ՝ մոտենում ու հպարտ հայացքով ասում են.

-Ապրեք, երեխեք ջան, ապրեք:

Եվ միայն պատկերացրեք, թե ինչպիսի սերունդներ են մեզ հաջորդելու, ինչպիսի երկիր են նրանք ստեղծելու։ Ու հեռու չէ այն օրը, երբ մենք, նայելով ապագա սերնդի աչքերին, կասենք նրանց.

-Ապրեք, երեխեք ջան, ապրեք: