Ազատ տարածք խորագրի արխիվներ

Գավառում Վարդավառ է

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Մա՛ր, զարթնի՛ր, արդեն սկսել ենք,- արթնացրեց քույրս ուրախ բացականչությամբ:
-Ժամը ութի՞ն,- փնթփնթալով վեր կացա ես:

Մինչ պատրաստվեցի ու դուրս եկա, պարզվեց, որ բավականին ուշացել եմ ու, ինչն ամենացայտունն էր, միակ չթրջված մարդը դրսում։ Չհասցրեցի ջրով լի դույլս բարձրացնել, երբ հետևից ինչ-որ մեկն իր դույլը գլխիս դատարկեց, իսկ առջևից էլ երեխաները «Մարիամին չենք ջրել» բացականչությամբ դեպի ինձ էին վազում։ Մնում էր միայն փախչել ու հուսալ, որ ջուրը շատ սառը չի լինի։
Ես էլ թրջվեցի։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ջրում էինք առանց թիմերի բաժանվելու՝ ով ում պատահի։ Ոչ ոք չէր մնում չոր հագուստով, եթե նույնիսկ պատշգամբում էր։ Չէ՞ որ շենքի բարձր հարկերից նույնպես ջրի շիթեր էին բաց թողնում։ Որքան վերև՝ այնքան ապահով:
Շուտով մեզ՝ երեխաներիս, միացան նաև մեծահասակները՝ հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները։ Արկածները դեռ նոր էին սկսվում։ Անծանոթ մարդկանց չէր փրկում նույնիսկ «մոտս հեռախոս կա» կամ «կարևոր տեղ եմ գնում» արտահայտությունները:
Երբ նկատեցի, որ շարժն աշխուժացավ, ու կարելի էր հետաքրքիր կադրեր որսալ, տուն գնացի, որպեսզի վերցնեմ տեսախցիկս ու լուսանկարներ անեմ։
Հասկացա, որ դրսում անհնար կլիներ մոտենալ մարդկանց ու չփչացնել տեսախցիկը։ Որոշեցի գործել պատուհանից ու պատշգամբից։ Սկզբում ամեն ինչ լավ էր, ու կարծես ոչ ոք ինձ չէր նկատում։ Մեկ էլ հանկարծ զգացի, որ թրջվում եմ։ Վերևի հարկի հարևանն էր։ Չգիտեր, որ նկարում եմ։ Այժմ թրջվեցի ոչ միայն ես, այլև տեսախցիկս։ Այնուամենայնիվ, հաջողվեց որոշ նկարներ պահպանել։ Դրսում ջրոցին դեռ երկար շարունակվեց։ Մեկը քամում էր թրջված մազերն ու շորերը, մյուսը արևկող պատին հենվում՝ չորանալու, մյուսներն էլ շարունակում էին խաղը:

anush davtyan

Երբ ժպիտը դիպչում է շուրթերիդ

Վերջերս անընդհատ մտքումս «губы тронула улыбка» արտահայտությունն է պտտվում։ Ինչ հետաքրքիր բառախաղ է ստացվում։ Ժպիտը դիպավ շուրթերին։ Դե, բոլորն էլ հասկանում են, որ ժպիտը դիպչելու համար ոչ մի հարմար վերջույթ չունի, բայց երևի բոլորին էլ ծանոթ զգացում է։ Գիտե՞ք՝ ոնց է լինում։ Էն որ մեքենայի մեջ գիշերով գնում ես, պատուհանից դուրս ես նայում, ու քեզ թվում է, որ գովազդի միջի «Coca-Cola»-ի մեքենաներն ես տեսնում։ Էն որ ձմռանը միշտ ցույց են տալիս, Ձմեռ պապի նկարով երկար մեքենաներ են, է՞։ Հետո մոտենում եք կամաց-կամաց, ու պարզվում է, որ բենզին տեղափոխող բեռնատարներ են, ուղղակի կարմիր լույս էին կպցրել հետևից։ Էդ պահին աչքիդ առաջ են գալիս կոլայի մեքենաներն ու սկսում ես երգել. «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…»։ Հետո էլ շատ զգույշ, որ հանկարծ կողքիդ նստածը չզգա, ինքդ քեզ համար ժպտում ես, ու ոնց որ դու էլ զգաս, թե ոնց ինչ-որ մեկը նուրբ ձգեց բերանդ մի կողմից, երկու վայրկյան պահեց, հետո էլ միանգամից թողեց։ Այ, էդպես է ժպիտը դիպչում շուրթերիդ։

Կամ էլ պատկերացրու, որ քո քեռու տղայի քեռու տղան, այսինքն՝ բավականին հեռու մեկը, մոտ տասը տարեկան երեխա է, ու ինքը քեզ տեսնելիս ամեն անգամ էն չափով է ուրախանում, ինչքան իր հարազատին տեսնելիս։ Հետո դու նստում ես ծառերի տակ՝ մի առանձին տեղում, ու հիշում, թե ոնց էր սեղանի մոտ հաց ուտելիս նա փաթաթվում քո ձեռքին։ Ու կապ չունի, որ դու աջլիկ ես, իսկ նա հենց էդ ձեռքդ էր բռնել։ Ու կապ չունի, որ էնպես էր գրկել, որ անգամ ձախով էլ չէիր կարողանում բան վերցնել։ Հիշում ես էդ պահը, ու շուրթերիդ ժպիտ է դիպչում։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես պարբերաբար ուզում եմ էդ անկնթարթային ժպիտը հետ բերեմ։ Մի օր կարող է դու էլ ձեռքդ տանես շուրթերիդ, կամաց կպչես ու զգաս էն տեղերը, որտեղ ժպիտն էր եղել։ Հետո փորձես ժպտալ դիպածդ տեղում, բայց զգաս, որ մի քիչ կեղծ է ստացվում։ Ուղղակի դու ես քեզ դիպչում։ Դու, ոչ թե ժպիտը։ Էսքանը կարդալուց հետո երևի դու էլ մի օր մի տեղ նստած լինես, հիշես կամ տեսնես մի բան, ու ժպիտը գա, դիպչի շուրթերիդ։ Ու էդ պահին միգուցե հիշես կարդացածդ տողերը։ Հետո դանդաղ ձեռքդ տանես շուրթերիդ, որ հետ բերես էդ պահը:

Artyom Avetisyan

Ամառվա մի հատված

Երբ ասում ես՝ ամառ, շրջապատիդ մարդիկ միանգամից հասկանում են տաք, ուրախ, ջերմային, անհոգ ու թարմ օրեր: Ոչինչ չունեմ ասելու, այդպես էլ կա, ուղղակի այդ անսահման օրերի հետևում թաքնված են մի շարք տանջալից, տխուր, հոգնեցուցիչ և նմանատիպ այլ օրեր, որոնք կարող են ամեն ինչ փչացնել:

Ոմանք, երբ ասում ես՝ ամառ, միանգամից պատկերացնում են դաշտ, գույնզգույն ու բուրավետ ծաղիկներ, որոնց միջով կարելի է աչքերը փակ վազել ու երազել, թիթեռների հետևից ընկնել և այլն: Բայց արի ու տես, որ երբ վազում ես դաշտի միջով, գույնզգույն ծաղիկների հետևում թաքնված կլինեն կենդանիներ, որոնք կարող են քեզ հանկարծակիի բերել և վախեցնել, հաստատ կլինեն մեղուներ, որոնք քեզ հաստատ կկծեն, իսկ թիթեռներին կփոխարինեն մոծակներն ու ցեցերը…

Սրանով ես չեմ ուզում ասել, որ ամառը վատն է, ուղղակի եկեք ամեն ինչ ընդունենք և տեսնենք այնպես, ինչպես որ կա: Ամռան մասին հիմնականում երազում են փոքր երեխաները՝ ապրելով ուրախ, անհոգ և պաշտպանված: Իսկ երբ մեծերի մոտ տալիս ես ամառ բառը, միանգամից տրամադրություններն ընկնում է: Պատճառն այն է, որ սկսվում է խոտքաղի, բուրդ լվանալու, բանջարանոցը ջրելու, հացահատիկի բերքը հնձելու և նմանատիպ այլ գործերի սեզոնը: Սակայն ես նույն պահին փորձում եմ փոխել նրանց դեմքի արտահայտությունը՝ ասելով.

-Հա, դե ամառ ա, էլի, մրգի շրջան ա, կերե՛ք, թարմացե՛ք ու աշխատեք: Հո ամբողջ տարին ամառ չի՞ լինելու, ու միրգն էլ՝ դեմներդ փռած:

Խոսքերս լսողները սկսում են ժպտալ, սակայն միաժամանակ ասում են.

-Օր դառնաս մեր թայ, սկի հավես էլ չենիս քելաս…

Ճիշտ է, նրանց էլ է պետք հասկանալ, որովհետև առանց ամառվա գործերի հնարավոր չէ ապրել և կերակրել ընտանի կենդանիներին ողջ ձմռանը: Իսկ մեր զրույցը երբեմն ընդհատում են կա՛մ ընտանի թռչունները՝ իրենց ձայներով, կա՛մ էլ շները՝ իրենց հաչոցով:

Ասացի թռչուններ՝ հիշեցի: Նրանք երևի փոքր երեխաներից ավելի շատ են դրսում լինում և ավելի լավ են վայելում իրենց ամառային հանգիստն ու արձակուրդները: Մի մասը ավազի վրա քուջուջ անելով արևայրուք է ընդունում, մի մասը ջրում լողանալով հովանում է, մյուս մասն էլ պարզապես նայում է, թե ինչպես եմ իրենց նկարում:

naira mkhitaryan

Ոչ մի խոչընդոտ

Դաշնամուրի դասասենյակից դուրս գալուն պես ինձ մոտեցավ մի փոքրիկ աղջիկ՝ յոթ-ութ տարեկան, ու ասաց.

-Դու դաշնամուրիստ ես, չէ՞:

-Դաշնամուրի՞ստ,- կրկնեցի, լավ ծիծաղեցի էդ բառի վրա ու պատասխանեցի,- հա, նվագում եմ:

-Ես էլ եմ ուզում գալ դաշնամուրի, բայց մամաս ասում ա, որ մատներս կարճ են, ու չեմ կարա նվագեմ,- ասաց ու ընկերուհու հետ վազեց պարի դասասենյակ:

«Լավ է, որ պարին մատների կարճությունը չի խանգարում, բայց ո՞վ ասաց, որ դաշնամուր նվագելուն կարող է խանգարել…»:

Չորս տարի առաջ էր, երբ ծնողներս որոշեցին ինձ դաշնամուրի դասերի ուղարկել: Չորս տարի առաջ իմ մատերն էլ էին կարճ, ոչ միայն դա. ամենափոքր սանն էի, ու հասակս չէր ներում ճիշտ կեցվածք ընդունելու համար: Ուսուցչուհիս աթոռի վրա նոտայի գիրք էր դնում: Հարմար տեղավորվում էի ու ջանասիրաբար նվագել սովորում: Սկզբում տանը դաշնամուր չունեի: Ծնողներս փորձում էին հասկանալ՝ նվագել կկարողանա՞մ, թե՞ ոչ, հետո նոր մտածել դաշնամուր գնելու մասին:

Սկսեցի սովորել: Դաշնամուր էլ ունեցա: Աթոռի վրայի գրքի անհրաժեշտությունն էլ այլևս չէր զգացվում:

Հիմա ամենամեծ սանն եմ ու միշտ նվագում եմ համերգներին: Օրս չեմ պատկերացնում առանց սև ու սպիտակ ստեղների, որոնց երաժշտությունը առանձնակի հանգստություն է բերում, ու ինձ ոչինչ չի խանգարել, առավել ևս՝ մատների կարճությունը:

Angelina Karapetyan

Ապացույց՝ շներն ամենահավատարիմ կենդանիներն են

Ծանոթներիցս մեկը «հասկի» ցեղատեսակի շուն էր նվեր ստացել: Երևի թե չկա այնպիսի շներին սիրող մարդ, որը գոնե մեկ անգամ երազած չլինի այդ շան մասին, կամ էլ պատկերացրած չլինի վաղ առավոտյան իր և շան զբոսանքը: Այդ մարդկանց շարքին եմ պատկանում նաև ես, ամեն օր ծնողներիս համոզում եմ, որ ինձ շուն նվիրեն:

Դեռ մեկ շաբաթ էլ չէր անցնել այն օրվանից, ինչ շունն ապրում էր այդ տանը, երբ տունը հրդեհվեց: Ասում են՝ պատճառը արևի ճառագայթներն են եղել: Ամբողջ ընտանիքը, բարեբախտաբար, տանը չի եղել, միայն տղան, որին էլ հենց շուն էին նվիրել և շունը: Տղան քնած էր իր ննջարանում, բայց, զանգ ստանալով, Աստծո կամքով տեղափոխվում է և քունը շարունակում է հյուրասենյակում: Առաջինն այրվել է տղայի ննջասենյակը: Փոքրիկ շան ձագը, հասկանալով իրավիճակը, փորձել է արթնացնել նրան, սակայն տղան չի արթնացել: Շունը, տեսնելով, որ չի կարողանում արթնացնել տիրոջը, կծել է նրա ձեռքը և արթնացրել: Հրշեջ ծառայությունը կարողացել է դադարեցնել կրակը, փրկել տղային: Իսկ երբ փրկարարները հարցնում են տղայի մայրիկին, թե արդյոք տանն ինչ-որ մեկը կա, նա պատասխանում է.

-Երեխաս տանն է:

Երեխա ասելով՝ նա նկատի ուներ շանը, որի հետ հասցրել էր կապվել: Շունը նույնպես փրկվեց:

arman baghdasaryan

Դարակի մութ անկյունում

-Արման, նայի, ոնց որ դեմք լինի:

-Ո՞ւր ա:

-Հենա, նայի, էն աչքերն են, էն դեմքն ա, էն էլ՝ բերանը:

-Հա էլի, սպասի նկարեմ արագ, քանի դիտակետից չեմ կորցրել: Անի, նայի, էն էլ ոնց որ կոկորդիլոս լինի:

-Չէ, ես ձկան եմ նմանեցնում:

-Վայ, չէ, երկուսս էլ սխալ ենք, վիշապի ա նման:

-Չեմ հասկանում՝ ո՞ւր է վիշապ այնտեղ:

-Սպասի՝ ֆոտո անեմ, էդ մասը ցույց տամ: Հեսա, նայի:

-Հա, իրոք վիշապի ա նման:

-Նայի, դեմքը փոխվեց, էլի աղջկա ա նման, ու ինչ սիրուն ա լույսն ու ստվերը դեմքի:

-Հա տեսա, վերևի ամպն էլ մազերն են:

-Լավ ա, էլի, երևակայություն ունենալը:

Եթե հասկացար՝ ինչ էի պատմում, ուրեմն մենք ընդհանուր շատ բան կունենանք: Իսկ եթե չես հասկացել, ուրեմն ասեմ՝ խոսքը ամպերի մասին էր: Եթե չես կարողանում գործի դնել քո երևակայությունը և թողել ես այն դարակի մութ անկյունում՝ փոշոտվելու, ապա կարող ես հետևել մեր օրինակին. սպասիր երեկոյան ժամին, երբ արևն արդեն մայր է մտնում, մոտեցիր պատուհանին, նայիր ամպերին և սկսիր նմանեցնել ամեն մի ամպը մի բանի: Բայց երևակայությունդ այնքան գործի չդնես, որ թռչես երկինք ու չիջնես ներքև: Պետք չէ մոռանալ, թե որտեղ ենք մենք ապրում, կարելի է ապրել իրական կյանքով, բայց երևակայությամբ մի քիչ հետաքրքրացնել այսօրվա խղճուկ կյանքը:

Anna Petrosyan

Ուխտագնացություն

Հուլիսին «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ուխտագնացություն դեպի Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրը։ Ուխտագնացությանը մասնակցեցի նաև ես մեր դպրոցի այլ աշակերտների հետ, որոնց հետ մասնակցել էի նաև ամեն շաբաթ դպրոցում անցկացվող քրիստոնեական դասերին, որոնք վարում էին Տեր Զորայր քահանան և նրա կինը։ Ուխտագնացությունը սկսվեց աղոթքով և մոմավառությամբ, այնուհետև բոլոր ուխտավորներին իր ողջյունի խոսքն ասաց Կեչառի վանական համալիրի քահանա Տեր Շահանը։ Տեր Շահան քահանան մեզ ներկայացրեց նաև Կեչառիս եկեղեցու պատմությունը։ Այնուհետև հաջորդեցին տարբեր խաղերը, ծանոթությունները, բնության գրկում զբոսախնջույքը և լավ ժամանցը։

Ուխտագնացության վերջում Կեչառիս վանական համալիրի դիմաց գտնվող մատուռի մոտ տեղի ունեցավ միջոցառում, որին իրենց մասնակցությունն ունեցան բոլոր խմբերը, այդ թվում նաև մեր խումբը: Մենք ներկայացանք երգով և ասմունքով։ Միջոցառման վերջում ելույթ ունեցավ նաև «Լույս մանկանց» ծրագրի ղեկավար տիկին Նանեն, որն իր սրտի խոսքն ասաց և հաջողություն մաղթեց բոլոր ուխտավորներին։

artyom safaryan

Կարմիր Կիրակի

Ինչու ամեն անգամ նոր գործ սկսելիս մեր մտքում սկսում է մաշտաբային կոնֆլիկտ, որը ոտից գլուխ կգերազանցի Սուպերմենի և Բեթմենի լեգենդար հակամարտությունը: Կարող է` չստացվի, կարող է` ինձ քննադատեն: Նման հարցերը սև շղարշ են գցում մեր մտքերի վրա և կարմիր լույս հանդիսանում մեր գաղափարների համար:Ամեն անգամ նման մտքերը ծնում են ծուլության մի ամբողջ ալիք, որn իսպառ վերացնում է մեր աշխատանքային մղումը և նետում մեզ կիրակնօրյա տաղտուկ դեպրեսիայի մեջ:

Գիտեք, ես միշտ մտածել եմ, որ ռիսկը ոչ թե գործի կեսն է, այլ 80%-ը: Յուրաքանչյուր մեր արարքի համար մենք ինքներս պատասխանատու ենք: Եթե դու ամբողջ գիշեր ընկերներիդ հետ հիմար բաներ ես արել, դրա պատասխանը պետք է դու տաս: Բայց միգուցե եթե դու դա չանեիր, կփոշմանեիր ամբողջ կյանքիդ ընթացքում, բայց հիմա դու դա հիշում ես դեմքիդ ծագող փոքր ժպիտով, և դա հաճելի է:

Ես հավատում եմ, որ դժոխք կա, բայց այն երկրի վրա է, և որպեսզի չտանջվես, պետք է այնպես անես, որ քո կյանքը օրինակ լինի մյուսներին: Արթնանալով օրդ սկսիր ոչ թե ինստագրամում հերթական աստղին անիմաստ լայքելով կամ ֆեյսբուքում դեղին մամուլի բռից հոտ քաշած լուրը ընթերցելով, այլ դիր քո առջև նպատակիդ հասնելու ամբողջ պլանը և քայլ առ քայլ հետևիր դրան:

Երբեմն գնա ամենախորդուբորդ ճանապարհով, քանի որ այն մինչև քեզ ոչ մի ոտնահետք չի տեսել, ու դու կզգաս՝ ինչ հաճելի է լինել առաջինը: Փորձիր նոր ֆորմատներ, բացահայտիր քո համար նորը ու միշտ հիշիր՝ հիմա դու կանգնած ես ճամփաբաժանին, կամ դու քայլելու ես գորգի վրայով կամ լինելու ես հենց այդ գորգը:

Միգուցե դո՞ւ ես մյուս Գագարինը, Հեմինգուեյը կամ Մեսսին: Դրա համար օգտագործիր քո բոլոր շանսերը, որպեսզի վաղը նստած լինես հոյակապ տանը շքեղ լողավազանի առաջ, այլ ոչ թե Բեն Լադենի հետ շփում հիշեցնող կոտրած տաշտի առաջ:

Հիմա կզարմանաք՝ ինչու եմ ես սա գրում: Ես նույնպես ուզում եմ փորձել նորը և հիմա սկսելու եմ գրել տարբեր թեմաներով: Իսկ այս հոդվածիս ես ուզում եմ ավարտ չտալ, որպեսզի դու ինքդ էլ մտածես քո կյանքի հետագա ուղին:

Ձեր հետ երկար ընդմիջումից հետո Արտյոմ Սաֆարյանն էր:

«Գլօ Հայաստան»

Lilit GrigoryanԿարոտած գրում եմ

Առաջին անգամն է, որ անհնար է հինգ օրվա մասին մի ընդհանուր բան ասել: «Գլօ» ճամբարից եմ վերադարձել: Լսած կլինեք, դիմած էլ կարող է լինեք: ճամբարները ստեղծում են ապահով և աջակցող միջավայր սովորելու, մշակութային փոխանակման, անհատականության, ստեղծագործական մտքի և առաջնորդության զարգացման, ինչպես նաև զվարճանքի համար: «Գլօ Հայաստանը» ձգտում է հզորացնել հայ աղջիկներին կրթության, կանանց ու կազմակերպությունների անվտանգ ցանցի միջոցով: Ճամբարների նպատակն է՝ հզորացնել տարբեր պատկանելություն, կարողություններ և տարիք ունեցող աղջիկներին: «Գլօ Հայաստանը» երիտասարդ կանանց հնարավորություն է տալիս զարգացնել առաջնորդության հմտություններ և ինքնավստահություն՝ իրենց համայնքներում իրենց որպես ուժեղ կերպարներ կերտելու համար: Ու երբ դու կարդում ես «Գլօ»-ի մասնակցության հայտը, լրացնում այն, այնքան մեծ խանդավառություն չկա, պատկերացում էլ չկա ճամբարի մասին, ինչքան այն ժամանակ, երբ զանգում ու ասում են, որ դու որպես «Գլօ»-ի մասնակից ես ընտրվել: Սկսում ես փնտրել այլ մասնակիցների, մեկ ընդհանուր չաթում ծանոթանում եք, հանկարծ հիշում ես ճամպրուկի մասին, հավաքվում: Ու մեկ էլ գալիս է հուլիսի 2-ը, երբ կայարանում ես, պատրաստվում ես գնացքով հասնել Գյումրի, հետո Թորոս գյուղ՝ անհամբերությամբ ժպտալով, անհանգստությամբ շուրթերդ կծմծելով: Հասնում ես, տեսնում սիրուն-սիրուն աղջիկների, հանդիպում հավես ջոկատավարների, որոնցից շատերին գիտեիր: Գրկում ես բոլորին անխտիր, սենյակդ մտնում, իմանում, թե ովքեր են ապրելու հետդ նույն սենյակում ու լիքը-լիքը թռվռում ես: Ամերիկացի հրաշք կամավորների ես հանդիպում, սիրում, սիրված դառնում:

Սկսվում են օրերդ: Առավոտյան 09:00-ին մարմնամարզություն, հետո՝ նախաճաշ, «Օրվա կինը» դասընթաց, ջոկատիդ հետ հավաքվում եք դասերի: Հա, ասեմ, որ ունես հրաշք ջոկատավարներ՝ Դոնարան, Գոհարն ու Ռենատան, որը դառնում է քո մայրիկը: Դասերի ընթացքում հասկանում եք, թե ինչ է խտրականությունը, բազմանազանությունը և այլ կարևոր երևույթներ: Խաղեր, տարբեր միջոցառումներ, հայտնի կանանց հետ հանդիպումներ: Էնքան խիտ օր ես ունենում, որ դու՝ ինտերնետի գերիդ, ժամանակ չունես հեռախոսը ձեռքումդ պահելու համար: Ձեռք ես բերում հրաշք ընկերներ, ինչպիսիք են Ինեսան, որին ճանաչում էիր որպես 17-ի թղթակից, ու նա դառնում է քո ժպիտի պատճառը, Մարիետային, որի հետ ողջ գիշերը խոսում ես, լսում նրան, դառնում վստահելի ընկեր, Մարիամին, որը դառնում է քեզ համար քո երկրորդ «եսը», Ռուբինային՝ քո միակ ու անկրկնելի լուսանկարչին: Դե, հիսուն կատարյալ ու հրաշք դեմքերի ես հանդիպում, ովքեր քեզ լուսավորում են, մտքերդ գունավորում: Գտնում ես Թամարային, ում ժպիտը աշխարհ է շուռ տալիս, ու որը պատմում է իր կյանքի հետ կապված սիրուն պատմություններ: Դոնարային, որը քո մեծ քույրն է դառնում, ու նրան գրկելիս առավել շատ ջերմություն ես ստանում: Ամեն մի մեկ հիսուներորդ քեզ ինչ-որ առանձնահատուկ էներգիա է հաղորդում, հատկապես՝ Լաուրենի անվերջանալի ժպիտը: Ժպիտ, ժպիտ, յուրաքանչյուր երկրորդ խոսքը՝ ժպիտ, որովհետև առանց դրա չէր էլ ստացվի:
Գիշերն ատամի մածուկ ես լցնում Նանեի, Սյուզիի վրա ու լսում Ալեքսանդրիայի զիլ ծիծաղը:

Ու երբ գալիս է հուլիսի 8-ը, դու առավոտյան լաց ես լինում, անընդհատ գրկում դիմացդ դուրս եկած յուրաքանչյուրին, ոտքերդ դողում են, խեղդվում ես, որովհետև կապվել ես տեղանքի, քարի, ջրի, հիսուն առաջնորդ-աղջիկների, ամենա-ամենա ջոկատավարների, ամերիկացի անկրկնելի կամավորների հետ: Դու դու չես քեզ զգում, երբ հասնում ես քո տուն, չնայած, որ կարոտել էիր տունդ, ընտանիքիդ անդամներին: Դու դու չես դառնում, երբ առավոտյան վեր ես կենում՝ առանց լսելու «Լիլ, վեր կաց, էլի» կամ՝ «Ո՞վ կգա հետս լվացվելու» արտահայտությունները: Դու դու չես լինելու, երբ գիշերները քնես առանց Մարիամի հետ զրուցելու: Իրականում դու էլ դու չես, որովհետև «Գլօ»-ն քեզ փոխել է ՝ դարձնելով իսկական առաջնորդ, խիզախ, նպատակասլաց աղջիկ, ապագա ճանաչված կին: «Գլօ»-ն քեզ սովորեցրել է հավասարություն: «Գլօ»-ն քեզ միշտ ասել է, որ հայտնի կանանցից հետո, հաջորդը դու ես լինելու: «Գլօ»-ն կյանքի լավագույն դպրոցն է:
Դու դու չես, երբ հիմա նստած հիշում ես բոլոր դեպքերը, ուզում այստեղ գրի առնել, բայց մտածում ես՝ չի հետաքրքրի մարդկանց: Դու դու չես, որ այդ դեպքերն ուղղակի հիշում ես, ոչ թե զգում…

Լիլիթ Գրիգորյան, Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Inesa Zohrabyan aragacotn

Եթե դեղին է

Իմացա, որ անցել եմ Glow ճամբարը, որը աղջիկների ինքնակրթության և զարգացման համար է: Շատ ուրախացա, որովհետև ճամբարները հենց ինձ համար են ստեղծված, չնայած՝ չեմ սիրում հրաժեշտի պահերը: Մինչ ճամբար գնալս մեր ջոկատավարներից մեկին ճանաչում էի, իսկ մյուսին ուղղակի սիրահարվեցի՝ կարդալով նրա ֆեյսբուքյան մականունը՝ «դեղին անձնավորություն»: Առանց այդ էլ դեղինն ու երիցուկներ շատ էի սիրում: Իմ և նրա ուրախությունը կրկնապատկվեց, երբ հասա ճամբար ու իմացա, որ նա իմ ջոկատավարն է, իսկ սենյակը, որտեղ պետք է ապրեի այդ յոթ օրը, ևս դեղին է: Ամեն օրը շատ հագեցած էր, բացի օրակարգից՝ երեկոյան հավաքվում էինք, երգում, ամպերին նայում, նվագում: Նախավերջին օրը պետք է ներկայացնեինք մեկին, ով մեզ ոգեշնչում է, ու ես ընտրեցի հենց դեղինը սիրող Թամարային: Նա հուզվեց, միգուցե հիմա էլ հուզվի, իսկ ես չէի պատկերացնի, որ ինձանից մեծ՝ 21 տարեկան աղջկա հետ կարող էի այդքան շատ կապվել: Glow ճամբարը ես կհիշեմ ամենաշատը հենց նրանով: Իհարկե, նաև շատ մեծ փորձ, գիտելիքներ ստացա, շատ ընկերներ ձեռք բերեցի:

 Ինեսա Զոհրաբյան, Արագածոտնի մարզ, գ. Արտենի

Մի աշակերտի պատմություն

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ իմ նկարը չի հայտնվել 17-ի էջին: Հա, հիմա սկսեմ արդարանալ: Ուրեմն՝ ես այն եզակի աշակերտներից եմ, որը տանել չի կարողանում ամառային արձակուրդները և ամեն կերպ փորձում է օրերը երկարացնել դպրոցում: Արձակուրդի հենց առաջին օրվանից սկսվեցին տարբեր ճամբարների մասնակցության հայտերի փնտրտուքները, բայց ապարդյուն. մի տեղ տարիքս չէր բավարարում, մյուսում՝ հատուկ կարիք ունցող երեխաներն էին ներառված: Ու ես հասկացա, որ սկսվում է ձանձրույթի փուլը. գրքերն այլևս չէին հերիքում ամբողջ օրվա էներգիան սպառելու համար: Ես որոշեցի դիմել իմ դպրոցի տնօրենին՝ ճամբար կամ ամառային դպրոց կազմակերպելու խնդրանքով: Ի ուրախություն ինձ, խնդրանքս օդում չմնաց: Իմ շատ սիրելի տնօրենն արագ գործի անցավ և ինձ նույնպես բաժին հասավ այդ հետաքրքիր նախաձեռնությունից մի կտոր: Ես այնտեղ պետք է լինեի ոչ թե մասնակցի, այլ դասընթացավարի դերում: Դա, իհարկե, մեծ հաճույք է, երբ դու պատրաստ ես կիսվել գիտելիքներով ու ցույց տալ մասնագիտական ուղու քո տարբերակը: Ես մեծ սիրով համաձայնեցի, բայց քանի որ առաջին անգամ էի նման բանի մասնակցում, մտավախություն ունեի, որ չեմ կարողանա դասը լավ վարել: «Մանանայի» մասնագետների փորձով և խորհուրդներով իմ կողքին լինելու շնորհիվ դասընթացները լավ անցկացրի: Առաջին դասընթացը ամբողջությամբ նվիրեցի «Մանանային» ու 17-ին: Օրն անցավ բավականին հագեցած ու հետաքրքիր, մասնակիցները նույնիսկ առաջարկում էին էլի նման դասընթաց անցկացնել: Իհարկե, ինձ կրկին չմերժեցին, ու ես որոշեցի մյուս դասը նվիրել լուսանկարչությանն ու վավերագրական ֆիլմերին: Ես ոգևորությամբ պատմում էի ամեն ինչ, կիսվում այն բոլոր գիտելիքներով, որոնք ինձ տվել էր «Մանանան»: Ֆիլմեր, ֆոտոներ, նյութեր… Լիարժեք երջանկության 2 շաբաթ: Իսկ ամառային դպրոցի վերջին օրը որոշեցինք փոքրիկ էքսկուրս կազմակերպել դեպի Սարդարապատի հուշահամալիրը: Դպրոցն ավարտվեց, իսկ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել դպրոցիս տնօրեն ընկեր Քալաշյանին՝ նման բան նախաձեռնելու համար, մեծ շնորհակալություն նաև «Մանանա» թիմին՝ ինձ այդքան օգնելու ու խորհուրդներ տալու, նյութեր տրամադրելու ու պատանիների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հ. Գ. Գիտե՞ք՝ ինչն է ամենալավը, որ ինձ դպրոցում արդեն ուսուցչական կազմն ու աշակերտները որպես «լրագրող Անուշ» են ճանաչում, և ես վստահ կարող եմ ասել, որ իմ հաջողության բանալին 17.am-ը, «Մանանան» ու ծուլությունս հաղթահարելու կարողությունն են: