Ազատ տարածք խորագրի արխիվներ

Քաղաքակիրթ հավը

Միշտ տեսնում ու մեկ-մեկ էլ ծիծաղում եմ, թե ինչպես են բակում նստած մի քանի տատիկ միասին փորձում նրանցից մեկի հեռախոսազանգին պատասխանել:

Ի՜նչ արած, երբ նրանք մեր տարիքի էին, անգամ պատկերացնել չէին կարող, որ կարող են խոսել անլար հեռախոսով, որը կոճակներ էլ չունի: Խոսել-վերջացնելուց հետո օրհնում են այն ստեղծողին, ու սկսում քննարկել, թե ուր են հասել գիտական նվաճումները:

Ամառվա շոգ օրերից էր: Որոշեցի այցելել բարեկամներիս: Վաղուց չէինք հանդիպել: Մինչ մենք զրուցում էինք, հանկարծ նկատեցի, որ հավը ձու էր ածում այնտեղ, որտեղ նրանք տեղավորում էին ձվերը (ապրում են սեփական տանը):

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Ածելուց հետո վերադարձավ «ընկերների» մոտ: Պարզվեց, որ բարեկամներս նկատել էին իրենց քաղաքակիրթ հավին, ասում են, որ դա նրա սովորությունն է:

Այդ ժամանակ արդեն ես սկսեցի մտածել, թե ինչ հետաքրքիր դարաշրջանում ենք ապրում, անգամ հավերն են դարձել խելացի: Գիտական նվաճումներով երիտասարդներին էլ չես զարմացնի:

Լիլիթի կատուն

Մտերիմ ընկերուհիս մոտ մեկ ամիս անդադար  կատու էր ուզում պահել: Ծնողները թույլ չէին տալիս կատու  պահել, և ընկերուհիս վշտանում էր այդ փաստից:
Մի անգամ, երբ Լիլիթը եկավ մեր տուն շատ ուրախ տրամադրությամբ, ես նրան հարցրի.
-Ինչ որ առիթ կ՞ա, որ այսքան ուրախ ես:
Նա ժպտաց ու սկսեց ինձ պատմել.
-Երեկ մեր տուն մի կատու էր եկել: Նա իր հետ բերել էր ձագերին: Ձագերը շատ լավն էին: Ուզում եմ նրանց մեր տանը պահել:
-Մեր տուն էլ էին երեկ ինչ-որ կատվի ձագեր եկել, իմ կատուների հետ էին խաղում, իսկ հետո գնացին:
-Թագուհի, խնդրում եմ հաջորդ անգամ, որ գան` կբռնես, կբերես մեր տուն: Ես էլ եմ ուզում քո պես կատու պահել:
-Բայց իմ կատուները երկուսն են, ոչ թե հինգը, ինչպես որ նրանք էին:
-Լավ, գոնե մեկը կբռնե՞ս ինձ համար, խնդրում ե՜մ:
Անցավ մի քանի օր, և կատուն կրկին եկավ ու բերեց իր ձագերին: Ես ցանկացա բռնել կատվի ձագերից մեկին, բայց նրա մայրը այնպես ձեռքս ճանկռեց, որ սպանեին, էլ չէի բռնի: Երբ Լիլիթին պատմեցի, խղճաց ինձ, սակայն ավելի շատ կատվի համար տխրեց:
-Էլ երբեք ձեր տուն չի գա, հասկացել է, որ ուզում ես իր ձագերին բռնել:

Ես մոռանալով ձեռքիս ցավը, նրան հուսադրեցի:

-Լի՛լ, ես կբռնեմ փիսոյին, մենակ թե դու մի տխրի:

-Էլի կճանկռի, արի` դու ինձ համար ձեռքերդ մի վնասի, ես առանց կատվի էլ շատ ուրախ եմ:

Ընկերուհուս խոսքերից ուրախացա: Կատվին բռնելու միտքն էլ գլխիցս հանեցի: Անցավ մի ժամանակ: Լիլիթը ժպիտը դեմքին եկավ մեր տուն: Կատուն էր պատճառը: Պատմեց, որ ինքը կատվին բռնելու կարիք չունի այլևս, որովհետև նա իր ձագերին բերել է Լիլիթենց մառան ու հեռացել: Լիլիթն էլ, ես էլ շատ ուրախ  էինք, սակայն դա ինձ դաս եղավ, ես էլ կատուներին իրենց մորից անջատել չէի փորձում:
Հա, մոռացա ասել. Լիլիթը վերջերս էլ սկսել է շնիկ ուզել, այնպես որ, այս անգամ  էլ մեր բակի շներն են ձեռքերս վնասելու…

amalya harutyunyan

Գրելու չափ երջանիկ

Գրե՞լ:  Հա, երբ լսում են, որ էլի գրում եմ, զարմանում են, թե այդքան ինչի մասին եմ գրում: Իսկ ես անգամ իմ մի օր չեմ պատկերացնում մի տող գոնե չգրելով:

Սովորականի պես մի օր էլ արթնացա ու որոշեցի, որ հենց այսօր համարձակությունս կհավաքեմ ու կգրեմ 17-ին, չնայած, որ վախենում էի, և համարյա թե վստահ էի, որ չեմ կարողանա թղթակցել, որ կմերժեն:

Բայց անսահման երջանիկ եմ, որ կարող եմ թղթակցել:
Հիմա գրում եմ նյութս ու մտածում. «Տեսնես` կկարդա՞ն, կհավանե՞ն,  թե` ոչ»:
Ես պարզապես սիրում եմ գրելը, սիրում եմ մոռանալ ամենի մասին, ու հոգուս խորքում հավաքված զգացմունքներս հանձնել թղթին: Գիտեք, թուղթը ամենահավատարիմ ընկերն է, նա երբեք ոչ ոքի չի պատմի քո գրածը և երբեք չի ծիծաղի քեզ վրա: Բայց այս հոդվածս ամենևին էլ թղթի մասին չէ:
Երբ գրում ես, գրում ես միայն քեզ համար, որ հանգստանաս, որ գոնե մեկին պատմես այն, ինչ զգում ես: Ու երբ քեզ համար ես գրում, էլ քեզ չի հետաքրքրում. Արդյո՞ք դուր կգա հոդվածդ ուրիշներին: Իսկ ե՞ս, ես չեմ կարողանում չմտածել, քանի որ ինձ համար կարևոր են իմ կողքինները, նրանց կարծիքը:

Բայց այս նյութս ամենևին էլ իմ մասին չէ:
Մինչև հիմա փորձում եմ գրել, նորից գրել, հա թող մի քանիսի համար «անիմաստ խոսեմ», մեկ է` ես չեմ կարող արգելել հոգուս` պատմել գաղտնիքները:
Ու հիմա հայտնվել է մեկը` 17-ը, ով պատրաստ է լսել գրածներս, կիսվել դրանց հետ: Կարող եմ գրել հազարավոր բաների ու առարկաների մասին, պատմել, թե ինչն է ինձ հուզում: Ու ես հիմա անսահման երջանիկ եմ, գրելու չափ երջանիկ:
Դեռ ժամանակ կունենամ երկար պատմել ու գրել, սկզբում ուղղակի ցանկանում եմ ասել` Շնորհակալ եմ, 17, հույս ունեմ կստացվի:

Եվ այսպես, ով եմ ես:

Ամեն հայտից, մրցույթից կամ ընդամենը դպրոցական շարադրությունից հետո որոշում եմ, որ սա վերջին անգամ է, որ իմ մասին եմ գրում: Բայց ինչպես տեսնում եք, այդքան էլ չի ստացվում, թուղթս նորց իր վրա է վերցնում իմ մասին գրված բառերը:

Նորից գնացի կանգնեցի հայելու առջև և տվեցի ինձ այդքան հուզող հարցը: Իսկ ո՞վ եմ ես, շատ ու շատ դեպքերում ես ինքս չեմ կարողանում պատասխանել այդ հարցին: Անհեթեթ հարց է, գիտեք, մենք բոլորս էլ մարդիկ ենք, այո, մարդիկ, ինչպես աշխարհի 7 միլիարդ էակները: Աակայն մի մարդու վերնաշապիկը նարնջագույն է, մյուսինը` կապույտ, ուրիշինը` սև:  Ինչպես մեր երազանքներն ու մտքերն են տարբեր, մեկինը` վառ գույներով, մյուսինը` սև:

Ես Ամալյան եմ, կամ Ամալը, կամ պարզապեա Ամը, հարազատներիս համար` Ամալիկը, կամ էլ ընդամենը Բարին, այո այո, ընկերներիս մի մասի համար ես Բարին եմ, ոչ թե Ամալյան, իսկ մի քանիսի համար էլ` Անհավանականն եմ, և ոչ մի անուն այս դեպքում նրանց չի հետաքրքրում:

Ասում են` անսահման բարի և անկեղծ եմ, դրա համար էլ բարի են ասում:
Եվ ինձ բնորոշ է անհավանական գործողությունները, մտքերը, խոսքերը, դրա համար էլ մարդկանց համար ես անհավանական եմ:
Իսկ ինձ համար ես ամենահասարակ ու ամենասովորական 16-ամյա Ամալյան եմ, ով հագնում է նույն վերնաշապիկը, ինչ մյուսները, բայց նրանը մանուշակագույն է: Նաև մանուշակագույն է իմ ստեղծած մոլորակը, պատերը, մտքերս ու երազանքներս:
Ինչպես հասկացաք, սիրում եմ գրել: Այո, անսահման շատ, եթե աշխարհի բոլոր թղթերը ինձ հանձնեին, ես դրանք կներկեի իմ մանուշակագույն մտքերով: Մայրիկիս համար ես ընդամենը «փիլիսոփայում եմ», իսկ ինձ համար` ես ապրում եմ գրելով:
Ես միշտ և բոլորին ժպտում եմ, ամեն հանդիպած մարդուն, կենդանուն, նույնիսկ ծառին ու ծաղիկին: Ես ժպտում եմ դժվարություններին ու կյանքին, այն կյանքին, որ հենց մեր ժպիտներով պետք է ներկենք:
Իմ կյանքը ասես համակարգչային խաղ լինի, ես էլ` հերոսը, որտեղ միշտ պետք է հանդիպես խոչընդոտների և հսղթահարես դրանք: Պետք է յոթ անգամ ընկնես, որ ութ անգամ բարձրանաս:

Ճանաչեցի՞ք ով եմ ես, ո՞չ, ես` նույնպես:

Փոքրիկ եղբայրս

14 տարեկան էի, երբ ծնվեց եղբայրս: Ընտանիքում երեք աղջիկ էինք, դե պատկերացրեք, թե ինչ մեծ ուրախություն էր մեզ համար նրա ծնունդը: Ինչ-որ բան էի զգում, որն այնքան խորն ու հաճելի էր: Տեսա նրան առաջին անգամ, երբ արդեն տանն էր: Քնած էր, որքան անմեղ էր այդ արարածը, մաքո՜ւր, ասես հրեշտակ: Հանգիստ մոտեցա և համբուրեցի: Հուզմունքը խեղդում էր կոկորդս: Քանի որ հայրիկիցս հետո ինձ էին անվանում «տան տղամարդ», երդվեցի, որ հավերժ նրա պաշտպանը կլինեմ: Դա, իսկապես մեծ և պատասխանատու պաշտոն էր:

Լուսանկարը` Մերի Համբարձումյանի

Լուսանկարը` Մերի Համբարձումյանի

Իմ փոքրիկն արդեն բավական մեծացել է: Շուտով կդառնա 3 տարեկան և կգնա մանկապարտեզ, ինչպես ասում են «մարդամեջ կմտնի»: Ճիշտ է դեռ փոքր է, բայց արդեն հասկանում է հայրենիք բառի իմաստը և սիրում է այն: Հագնում է իր փոքրիկ զինվորական հագուստը, նստում է հեծանիվը և ասում. «գնամ թուրքերին ծեծեմ գամ»: Տարիքի համեմատ ունի բավականին զարգացած միտք և խոսք: Չարություն անելուց հետո արդարանում է՝ ասելով. «ոցից, հեյոք եմ, պուծուր եմ»: Կամ երբ ուզում եմ բարկանալ, ասում է «ինձ սիրում ե՞ս»: Ամեն առավոտ արթնանալ փոքրիկ հրեշտակի համբույրից և նվիրած ծաղկի բույրից, պարզապես հրաշք է: Իմ կարծիքով ես աշխարհի ամենաերջանիկ քույրիկն եմ: Հպարտ եմ և համոզված, որ ապագայում կդառնամ այն հերոսի քույրը, ով արժանի զավակ կլինի և՛ ազգի համար, և՛ ընտանիքի: Ինքս ինձ և բոլորին խոստանում եմ հավերժ պաշտպանել և սիրել նրան ու ցանկանում եմ, որ բոլորն էլ երբևէ զգան այն վեհ զգացումը, որ ես եմ զգում և լինեն արժանի քույր իրենց եղբայրների համար: Սիրում եմ քեզ փոքրիկ եղբայր, իմ փոքրիկ Նարեկ:

Anahit Ghazakhetsyan

Մասնիկս

9 տարեկանում հայրիկիս խորհրդով առաջին անգամ նայեցի Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որը կինոյում ինձ համար անգնահատելի ու անհամեմատելի արժեք դարձավ: Կիզի, ականջդ կանչի, բոլոր հեղինակները կերազեին՝  իրենց գիրքը էդպես էկրանավորվեր:

Էդպես եմ սիրել կինոն: Ու երևի պարտական եմ պապային ու Ֆորմանին:

Կինոն նախ և առաջ սեր է, ոնց որ մեր սիրած մնացած բաները: Նայում-նայում եմ, մեկ էլ հասկանում, որ չէ, Ալ Պաչինոն էլ դուրս չի գալիս, Շարիզ Տերոնին միշտ չեմ հավանել, Բրանդոյի պես սիրունը չի եղել, Օսկար Այզեկին ռուսի դերը շատ ա սազում, Իննյարիտուի մոտ ամեն ինչ էնքան հողեղեն ա, որ շունչս կտրվում ա ծանրությունից, կենսագրական ժանրի ֆիլմերը ահավոր հավանում եմ, Դորեմուսի մոտ դեռ ավելին կստացվի, Վուդիի ֆիլմերին պիտի մի փոքր ավել ուշադրություն դարձնեմ, էսօր ֆրանսիական Ամելիոտ մի բան եմ ուզում, Քեյջը մենակ “Birdy”-ում ա ստացված, կամ էլ մենակ “Birdy”-ն ա իմը, Դոլանի հետ պիտի անպայման հանդիպեմ, Պենելոպա Կրուզի նմանը չկա, վա՜յ,  ո՞նց առաջ ֆանտաստիկա չէի նայում:

Այ, վերջերս մի ֆիլմ նայեցի. Разрушение: Քանդեց ինձ էդ կինոն: Քանդեց իմ քանդված ու փլված լինելը: Երկու ձեռքով բռնեց շորերիցս ու շրխկացրեց պատին:
Շառլի Բոհեմը ես ոչ մի անգամ չէի ընկալել, նոր եմ հասկանում:
Ներքին երկրաշարժի, ջրհեղեղի, հրաբխի ժայթքման պես մի բան էր. քիչ բան նույն տեղում մնաց:
Էս ֆիլմը ապտակ ա բոլոր մանր-մունր ցավերին: Էս ֆիլմը այտը կարմրացնող ամենաուժեղ ապտակներից ա՝ մի բան արգելող, մի բանից կտրող:

Ու ես դա եմ սիրում: Սիրում եմ ֆիլմերի՝ ոտքերս գետնից կտրող ունակությունը: Ինչ-որ բան հիշեցնելու պարտականությունը միշտ իրենց ուսերին են վերցնում, ու ոչ մի ձախողում:

Ժամանակ եկավ, որ մտածում էի՝ վերջ, պիտի Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտ գնամ, բայց հետո որոշեցի իմ սերը կողքից նայողի սեր թողնեմ:

Համբուրում եմ Ջեք Նիկոլսոնի ձախ այտը:

Gayane Avagyan

Էլառից մինչև Աբովյան

Երևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք է գտնվում իմ ծննդավայրը՝ Աբովյանը: Այս  քաղաքը մեզ է հասել Արգիշտի Ա-ի շնորհիվ, այդ մասին է գրված նրա թողած սեպագիր արձանագրությունում: Մեր քաղաքի պատմական անվանումը եղել է ԷԼԱՌ-ԴԱՐԱՆԻ: Մեր քաղաքում իրականացրած պեղումները փաստում են այն մասին, որ մեր քաղաքը բնակեցված է եղել սկսած Ք.ծ.ա 4-րդ հազարամյակի վերջից: Իմ քաղաքի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հասել: 

Էլառ անվանումը քաղաքաբնակները կապում են Արա Գեղեցիկի հետ: Շամիրամը Արա Գեղեցիկին սպանված տեսնելով գոչել է. «ԵԼ ԱՐԱ՜»: Իսկ ահա այդ վայրը, որտեղ մահացած պառկել է արքան, կոչվել է ԷԼԱՌ: 1961թվականին  քաղաքն անվանակոչվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի: Այժմ մեր քաղաքը իր տանիքի տակ է առել 44400 մարդու:

Ի՞նչն է ինձ գրավում իմ քաղաքում: Դժվար չէ պատասխանել: Պապիկս պատմում է, որ երբ հայրենադարձվել են Իրանից, այս քաղաքն են ընտրել բնակվելու համար, քանի որ ամենահանգիստ քաղաքը հենց սա է եղել: Պապիկիս գրավել է քաղաքի բնակիչների հանգստությունը: Այստեղ այնքան հանգիստ է, որ նույնիսկ կեսօրին կարող ես քնել մինչև ուշ երեկո, կամ զբաղվել  քո սիրած աշխատանքով, ու քեզ ոչ մի աղմուկ չի խանգարի: Իսկ ինձ ամենից շատ իմ քաղաքում դուր է գալիս այն փաստը, որ մեր քաղաքում բոլորը իրար հարազատ են, չնայած այն փաստին, որ Աբովյանը քաղաք է:

Փողոցով քայլելիս բոլորին բարևում ես, որովհետև նրանք քո բարեկամներն են, ծանոթները, ընկերներն ու հարազատները: Մեր քաղաքը Երևանին ամենամոտիկ քաղաքն է և սերտորեն կապված է Երևանի հետ, դա ևս քաղաքի առավելություններից է, այնպես որ այստեղ հասնելը այդքան էլ դժվար չէ:

araqsya azizyan

Ամռան վերջն ու աշնան սկիզբը

Վերջ, նորից վերջ։
Վերջանում է երեկվա պես դեռ նոր սկսված երեք ամիսը։ Էն, որ անհամբերությամբ էինք սպասում մեր էս ուրախ հանգստին, որ նոր էինք կազմել, թե ամռանը ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, որ լավ անցնի։ Մեր ուրախ ամառային արձակուրդների երեք ամիսը վերջանում է։
Էս ամառ ամենայուրահատուկն էր, բոլոր ամառների մեջ։ Հենց էս ամառ էր, որ դարձա 17.am-ի թղթակից, ու որը մեծ դեր կատարեց իմ կյանքում։ Ճիշտ է, ես ամառները չեմ սիրում, բայց էս մեկը մի տեսակ ամենաուրախ ու հաճելի ամառն էր։ Բայց՜ էս էլ է վերջանում։
Ու նորից գալիս է նոր ուսումնական տարի, նորից իմ սիրած ոսկեզօծ աշունը։ Իմ սիրած ժամանակահատվածը, որ մի տեսակ հոգիդ հանգիստ է լինում: Միշտ նստած երազում ես, բայց երևի աշնան վերջում միշտ չի, որ մեր երազանքները պահում ենք, կամ իրագործում։ Շատերը հաստատ դառնում են աշնան չորացած տերևների նման, ու հաստատ քամին՝ աշնան մեղմ քամին, բոլոր տերևների հետ «քշում տանում է»։
Էս աշունը ու իրեն հաջորդող ձմեռը, գարունը ու ամառը հաստատ ուրիշ կլինեն իմ ու իմ հասակակիցների համար։ Երկու տարվա մեր տանջանքը, մեր բոլոր երազանքները, սպասումները հաստատ էս ամառ կիրականանան։

Դե իհարկե, ուսումնական տարին կավարտվի, վերջին զանգ ու նոր քննություններ կլինեն։
Ամառը դեռ չի ավարտվել, իսկ ես երազելով մեկ տարի առաջ ընկա: Երևի անհամբերությունից է: