Ազատ տարածք խորագրի արխիվներ

Չլինեի ես, չէին լինի քրոջս առավոտները

-Վեներա, այ Վեներա, Վեներա ջան, արթնացի, ջան,- համարյա երգելով շշնջում էր քույրս իմ ականջին, իսկ ես ավելի եմ ամուր գրկում վերմակս ու աչքերս փակում:

-Վեն, հոգնեցի արդեն, դե արթնացի , վա՜յ,- առավոտյան 7-ն է,  և ես քրոջս  արդեն նվիրում եմ զայրանալու պատճառ:

- Հա, ըհը…հեսա… հաա, – քրոջս չարհամարհելու համար ասում եմ ամենաքիչ բերանի շարժում պահանջող բառերը:

-Լավ , Վեն ջան, դե ես գնամ թեյ պատրաստեմ, դու արդեն հագնվի, – ասաց քույրս  ու չիմանալով , որ տաս րոպե հետո արդեն շատ բարկացած ասելու է.

-Աաաա,Վեն , դե արդեն հոգնեցի է, էլի սփռոցին թափեցիր էս թեյը, հերիք ա, մտածված ե՞ս անում,-  չգիտեմ ինչու` վերջերս միշտ պատահմամբ շրջում եմ իմ թեյի բաժակը, և քույրս այդ այդ ամենը հավաքելով,  միշտ կիսատ է թողնում  նախաճաշը:

-Ես արդեն գնամ դասի, հա՞,- ինքս ինձ վրա շատ բարկացած ասացի քրոջս, ու մեղավորության արցունքներ էին հայտնվել աչքերիս:

Արագ դուրս եկա տնից, նստեցի երթուղային ու  այնտեղ գիրք էի կարդում, քրոջս նվիրած գիրքը:

Դպրոցում արդեն երրորդ ժամն էր, երբ ես մոռացած այդ ամենի մասին երգ էի լսում, երբ հանկարծ կարդացի քրոջս ուղարկած հաղորդագրությունը,- «Այ Վեն ջան, ինչի՞ ես լացում է, իմ առավոտները առանց սփռոց մաքրելու ու քո վրա ջղայնանալու անհնար ա, այ ջան, չտխրես հանկարծ, դու Վեներան ես, չէ՞»:

Լավագույն վավերագրական ֆիլմ

Խորվաթիայում հունիսին կայացած «Four River» միջազգային կինոփառատոնում  «Մի Սիրո Պատմություն» ֆիլմը արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին։

Շնորհավորում ենք ֆիլմի հեղինակներին` Վահե Սուքիասյանի գլխավորությամբ, եւ մաղթում նորանոր հաջողություններ։

Ի դեպ, նույն փառատոնում Մանանա կենտրոնի մեկ այլ ֆիլմ՝ «Անտեսանելի սահմանները» ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ։

Ինչը կփոխեի աշխարհում

Լուսանկարը՝ Թերեզա Հայրապետյանի

Լուսանկարը՝ Թերեզա Հայրապետյանի

Կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասին, որոնք ավելի գլոբալ են։ Երբ պատմության ուսուցիչս պատմում է մեր թշնամիների մասին, իմ մեջ արթնանում է երկյուղ, երբ պատկերացնում եմ, որ հնարավոր է՝ մենք լինեինք ուրիշ երկրի տիրապետության տակ, հնարավոր է՝ աղոթեինք ուրիշ աստվածների, խոսեինք ուրիշ լեզվով, սովորեինք ուրիշ գրականություն։ Մենք ունենք հիանալի սովորույթներ, ավանդույթներ, որոնք չունեն ուրիշները, սակայն մենք մոռանում ենք մերը եւ ընդունում ուրիշների նորը։

Մեր երկրում տիրում է սոցիալական եւ մարդկային անհավասարություն։ Ոչ ոք չի պահպանում կարգուկանոն, բոլորն իրենց համարում են մյուսներից առավել եւ մտածում են՝ ինչպես մտնեն անհերթ, անցնեն կարմիր լույսի տակով։ Նրանք մտածում են որ դա հերոսություն է, մինչդեռ դա համարվում է տգիտություն…

Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի բացումը

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղում կայացել է «100-ը 100-ի համար` հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակներում «Փարոս» Հիմնադրամի (ԱՄՆ) աջակցությամբ վերանորոգված մանկապարտեզի բացումը: Բացի վերանորոգված և արդեն ջեռուցվող խաղասենյակներից, դահլիճից և հանգստի սենյակներից, երեխաները ունեն նաև ապահով խաղահրապարակ: Այժմ մանկապարտեզի բակն ունի 20 մետր երկարությամբ գունազարդ պատ, որը նախատեսված է բակում խաղացող երեխաներին թշնամու գնդակներից պաշտպանելու համար:
Բացման արարողությանը ներկա էին «Փարոս» Հիմնադրամի ներկայացուցիչներ, Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը, լրագրողներ և բազմաթիվ ծնողներ ու երեխաներ:

Իմ ընտանիքը և պանդխտությունը

 Նորից ու նորից տխրությունն ու թախիծը թակեցին դուռս, և ես ինքնաբերաբար թուղթն ու գրիչը ձեռքս առնելով, սկսեցի գրել:

Պանդխտություն: Երևույթ, ինչը հոգով ու սրտով ատում եմ, բայց, ցավոք սրտի, այն դարձել է իմ կյանքի, իմ ընտանիքի մի մասը:

Տխուր է պանդուխտ հայր ունենալը և գիտակցելով՝ ծնողիցդ հեռու գտնվելը:

Ցավոք, հայրենիքում աշխատանք չգտնելու պատճառով շատ ու շատ հայրեր բռնում են արտագնա աշխատանքի ուղին: Այդպիսին է նաև իմ ընտանիքը: Տխուր է, բայց սա է իրականությունը:

Ես փոքր էի, դեռ նույնիսկ մեկ տարեկան չկայի, երբ հայրս, հայրենիքում աշխատանք չգտնելով, բռնեց արտագնա աշխատանքի ուղին: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց………. բայց ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է, հայրս դեռ աշխատում է արտերկրում: Մինչև օրս կարոտն անբաժան է ինձնից: Ինձ տարիները չեն փոխել, ամեն տարի նույն զգացողությամբ վարկյան առ վարկյան սպասում եմ Նոր Տարուն որպեսզի տեսնեմ հայրիկիս, որպեսզի ամուր-ամուր գրկեմ նրան ու կարոտս առնեմ:

Գիտեմ, որ միայն ես և իմ ընտանիքը չենք այս գարշելի երևույթի զոհը, որ իմ ընտանիքի նման շաաաատ ու շաաաատ ընտանիքներ զոհն են պանդխտության: Բայց ես ուղղակիորեն չեմ կարողանում հավատալ, իսկ ավելի շուտ չեմ ցանկանում հավատալ, որ ես իմ հայրիկին կարող եմ տեսնել տարվա ընթացքում մեկ կամ երկու ամիս:

Եվ այսքանից հետո լուռ երազում եմ, որ իմ հայրենիքից կվերանա այդ տախտկալի երևույթը՝ պանդխտությունը և կջնջվի այդ բառը մեր մայրենի լեզվից: Հուսով եմ, որ իմ հայրենիքում կլինեն անթիվ ու անհամար աշխատատեղեր և ոչ մի հայր, ոչ մի ծնող իր ընտանիքը չի թողնի արտագնա աշխատանքի մեկնելու համար:

Ես չեմ մեղադրում ոչ մի ծնողի և իրավունք էլ չունեմ մեղադրելու, որովհետև ամեն մի ծնող իր պարտքն է համարում իր երեխայի, իր ընտանիքի համար հացի գումար վաստակելը:

Հուսով եմ, որ մի պայծառ և արևոտ օր, երբ աչքերս բացեմ՝ կտեսնեմ, որ պանդխտությունը վերացել է իմ հայրենի երկրից և իմ հայրն էլ իր հայրենիքում է՝ իմ կողքին:

Հայրիկիս լիմոնի ծառը

Հայրիկս և մայրիկս շատ են սիրում ծաղիկներ խնամել. մայրիկս մանուշակներ է սիրում, իսկ հայրիկս խնամում է մեր լիմոնի ծառը: Նրա լիմոնի ծառը մեր տան ծաղիկների շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում: Հայրիկս այն տնկել է դեռևս աշխատավայրում: Որոշ ժամանակ այնտեղ պահելով և խնամելով`բերել է տուն: Նա մեծ ուշադրություն է դարձնում մեր լիմոնին և միշտ ասում է, որ ջրենք, որպեսզի չչորանա: Այն մի տեսակ նաև դարձել է հպարտության առարկա: Ծառը դրված է պատուհանագոգին ու, քանի որ այն պատվաստ է, և պտուղը բավականին մեծ է լինում, հաճախ գրավում է անցորդների ուշադրությունը: Մի անգամ նույնիսկ մեր հարևանի բարեկամներից մեկը, ով մեծահասակ տատիկ էր, հատուկ եկավ մեր տուն ու խնդրեց, որ մոտիկից տեսնի ծառը: Նա նույնիսկ համբուրեց ծառի պտուղը: Արդեն մի քանի տարի շարունակ այնպես է ստացվում, որ ծառի պտուղը քաղելու ժամանակը համընկնում է Նոր տարվա հետ և այն դարձել է մեր Նոր տարվա սեղանի անբաժանելի մասը: Հիմա հայրիկս արտերկրում է ու մեզ գնալուց առաջ պատվիրել է, որ լավ խնամենք իր լիմոնի ծառը: Ամեն անգամ, երբ նա զանգում է, չի մոռանում նաև հարցնել իր լիմոնի ծառից. Արդյո՞ք լավ ջրում ենք, չե՞նք մոռացել, նոր պտուղ տվե՞լ է: Մենք հասկանում ենք, որ հիմա այս լիմոնի ծառն է մարմանվորում իր մեջ հայրիկի կարոտը: Մենք պարտաճանաչ կերպով խնամում ենք ծառը: Ծառը դարձել է հայրիկի լուռ ներկայությունը մեր տանը: Սպասում ենք վերադարձիդ հայրիկ:

Սևանն անհետացող ակնթարթներում

Սևան էինք գնացել: Երկինքը աստիճանաբար պատվեց կարմիրով, ու արևը անծուխ կրակի պես հայտվեց հորիզոնում`սարերի հետևը: Ես կյանքումս այդքան գեղեցիկ մայրամուտ չէի տեսել: Մի քանի րոպե հիանում էի, երբ նկատելով, որ այն աստիճանաբար թաքնվում է մտածեցի. «Ես այս տեսարանը անպայման պետք է լուսանկարեմ»: Հանում եմ հեռախոսս և նկարում…Արդյունքը գոհացուցիչ չէ…Էլի եմ փորձում, էլի…:  

«Ախր, ինչի՞ էկրանին չի հայտվում այն տեսարանը, որն իմ աչքի առաջ է…Ինչո՞ւ տեսախցիկը չի տեսնում այն, ինչ ես եմ տեսնում»,-դժգոհ մտածում եմ ես: Իհարկե, սա միակ դեպքը չէ…Նայում եմ երկնքին: Լուսինն այնքան մեծ է և գեղեցիկ, բայց հեռախոսս համառորեն ֆիքսում է միայն սպիտակ կետ`սև ֆոնի վրա: Ու ամեն անգամ մտածում եմ. «Չէ…Եթե ուզում եմ լուսանկարիչ դառնալ, ինձ անպայման պրոֆեսիոնալ տեսախցիկ է հարկավոր’»… Ու ամեն անգամ ափսոսանքով նայում եմ դիմացիս գեղեցիկ տեսարաններին, որոնք հեռախոսս ոչ մի կերպ չի ուզում տեսնել: