Ազատ տարածք խորագրի արխիվներ

Gohar Dodoryan

Միշտ հավատալ և պայքարել հաղթանակի համար

Յուրա  Անդրանիկի Դավթյանը ծնվել է 2002թ.-ի հունիսի 4-ին, Վանաձորում։ Ավարտել է Վանաձորի N5 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Չէր կարող չզորակոչվել, քանզի հայրենիքը կանչում էր նրան: Յուրան զորակոչվել է 2020թ.-ի ամռանը։ Ծառայել է Ստեփանակերտում։

24 ամիս` 730 օր, անհանգստություն, սպասում, աղոթքներ… Ամեն օր հայացքդ առ Աստված` հուզումներ, արցունքներ, անքու  գիշերներ…

Յուրան ծառայել է պատվով։ Որպես կրտսեր սերժանտ արժանացել է «Հանուն Հայրենիքի» շնորհակալական Նամակի։

Անցյալը պատմություն է, անցյալը փոխել չենք կարող, բայց ներկան հնարավորություն է` ապագան  փոխելու յուրաքանչյուրս մեր չափով։ Հերոսը չի մոռանում նահատակված իր հերոս ընկերներին:

-Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը, հատկապես, երբ նա ծառայության մեջ է, դա իր աշխատանքն է։ Այդ երկու տարին մենք ծառայում ենք այն բանի համար, որ եթե հանկարծ պետք  լինի՝ կարողանանք պաշտպանել մեր երկիրը, մեր հողն ու ջուրը, մեր ընտանիքները:

Պետք չէ խուճապի մատնվել, թե` վայ, կրակեցին: Պարզապես պետք է թաքնվել։ Պիտի ավելի իրատեսորեն նայել, պիտի մտածել, որ դիմացինդ քեզնից վախենում է, փախչում է, և ավելի խելացի գործել։ Ու այդ ժամանակ ավելի քիչ է հավանական, որ թշնամին կխոցի քեզ, ամենակարևորն այն է, որ կարողանաս հոգեբանորեն պատրաստ լինել այդ իրավիճակին:

-Դեմ դիմաց կանգած էիր մահվան առջև, առաջինն ի՞նչ եկավ մտքիդ, ո՞ւմ կամ ինչի՞ մասին մտածեցիր առաջինը, ի՞նչն ուժ տվեց` հաղթահարելու այդ դժվար ճանապարհը։

-Մտքումս տունս էր միայն:

-Հիմա կա՞ առաջնագիծթե  դա  միայն սոսկ լղոզված բառ է։

-Այո, կա: Պահում են կյանքի գնով։

-Ասում են` ներելու շնորհը տրված է հատկապես այն մարդկանցովքեր ուժեղ են։  Կկարողանա՞ս մի օր ներել բոլոր նրանցովքեր հանդիսացան պատերազմի գլխավոր պատճառը։ Կներե՞ն արդյոք այն հազարավոր հոգիները, որ կռվում էին հանուն և համար։

-Չեմ ների։

-Տուն վերադաձի ճանապարհին ի՞նչ զգացումներ

 ունեիր։

-Այն, որ վերջնական չեմ տուն գալիս, դեռ հետ եմ գնալու: Ինչ-որ բան կիսատ է մնացել…

-Ամեն միլիմետրն այս հողի սրբություն էամեն մի նահատակ սրբացած հոգի, կգա՞ այն օրը, որ կլռեն բոլոր զենքերն ու պատերազմները, որ խաղաղությունը կլինի կապույտոչ թե արյունոտկարմիր։

-Խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ հաղթենք ՄԵՆՔ…
Ոչ մի վեհ զգացմունք չկա աշխարհում, քան հաղթանակի բերկրանքը: Մենք հաղթող ազգ ենք, իսկ իմ ժողովուրդը պարտվել չգիտի:

-Եթե քո կյանքի մասին նկարահանվեր որևէ ժանրի ֆիլմ, ի՞նչ վերնագիր կունենար այն։

-Միշտ հավատալ և պայքարել հաղթանակի համար։

Ինչո՞վ էիր զբաղվում հանգստի ժամին:

-Հանգստի ժամին զենքս էի մաքրում, հաճախ էլ գրքեր էի կարդում:

- Ի՞նչ կփոխեիր բանակում:

-Կփոխեի կարևորը, որ պաշտպանվող բանակից անցնեինք հարձակվող բանակի:

-Զորամասից դուրս գալուց ինչ-որ բան ասե՞լ ես քո ընկերներին:

-Այո, ասել եմ իրար հետ կլինեք, էստեղ մենակ դուք իրար ունեք, կյանքի գնով կպահեք պոստերը, ոչ մի բան չտաք, չկոտրվեք ամենակարևորը, չընկճվեք, միշտ իրար հետ եղեք, իրար բռնած ու միշտ պատրաստ եղեք ամեն ինչին, զարգացրեք ձեզ, հասունացեք ինչքան կարող եք, կայացած մարդիկ հետ գնացեք…

-Ի՞նչ է Հայրենասիրությունը քեզ համար։

-Քո կյանքի գնով ապրեցնես ազգդ, երկիրդ, նրա բարեկեցության համար չխնայես ոչինչ: Ցավալի է, որ այսքան եղբայրներ այսօր չկան, զոհվեցին, նկար դարձան: Իսկ ընդհանրապես, թե՛ տանկ խփողները, թե՛ ուղղաթիռ խփողները, թե՛ ավտոմատով կռվողները, բոլորը հերոսներ են:

Ոչինչ այնքան թանկ չէ, որքան հերոսների կյանքը: Նրանք ոսկի են` իրենց փառք ու պատվով:
ՈՍԿԻՆ մեր տղերքն են` պատերազմը հաղթանակած:

Ani Harutynyan

Առավոտ՝ 8:35, կիրակի օրը տանը մնալու մտքեր

Ամբողջ շաբաթվա ցանկությունդ կիրակի օրը մի քիչ երկար քնելն է, բայց գյուղն այլ պլաններ ունի: Առավոտ 8:35 է, առաջիկա 3 ժամն արթնանալու միտք չունես, երբ մեքենայի բարձր ազդանշան ես լսում: Սկզբում թվում է` երազումդ քեզ հետապնդող ավազակախումբն է ազդանշան տալիս, որ կանգնես, հետո քիչ-քիչ վերականգնվում է գիտակցությունդ, արթնանում ես, զգում արևի շողերն աչքերիդ մեջ ու հասկանում, որ աղմուկը ձեր փողոցից է:

Ինչ-որ մեկը որոշել է բանջարեղենն առավոտ շուտ վաճառել, որ հասցնի տարածքի բոլոր գյուղերում շրջել, հերթով բակերում կանգնել ու գյուղի կանանց հետ լոլիկի գնի շուրջ երկար վիճել, խնդրել, որ խառը լցնեն, ոչ թե միայն գեղեցիկներն ու լավերն ընտրեն. ախր, էդպես օրվա վերջում ոչ ոք այլևս ոչինչ գնել չի ուզի:

Ազդանշանը չի դադարում, որովհետև վաճառողը պետք է համբերատար սպասի, մինչև մարդիկ կհասկանան, որ ինչ-որ բան են վաճառում, դուրս կգան` տեսնելու, թե ինչ է, հետո կստուգեն` արդյոք իրենց ինչ-որ բանջարեղեն պե՞տք է, հետո գումար կվերցնեն ու կգան դուրս: Իսկ այդ ամբողջ ընթացքում դու լսում ես ազդանշանն ու կրկնում` ինչի՞ համար, աստված իմ, ընդամենը մի օր պիտի մի քիչ երկար քնեի:

Եթե անգամ քո իրավունքներին տեր կանգնող մեկն ես, որ ցանկացած այլ պարագայում պատրաստ է դուրս գալ ու պահանջել` այլևս աղմուկ չանել ու չխանգարել անդորրը, գյուղում այդ մտքերն անգամ չեն էլ ծագում գլխումդ. այստեղ մարդկանց օրը սկսվում է ժամը 7-ից, ամռանը` 6-ից: 8:35-ին մարդիկ իրենց երկրորդ սուրճն են խմում ու գործերի մեծ մասն արդեն արել են, իսկ դու համարձակվելու ես գնալ ու պահանջել, որ մարդն իր բանջարեղենը չվաճառի՞:

Գյուղի խաղաղության մեջ առավոտյան ամեն ձայն բարձր ու հնչեղ է. երբ ոռոգման ժամանակն է, ջրի համար հարևանների վեճերն են արթնացնում, շաբաթվա մեջ մեկ օր աղբ հավաքող մեքենան է գալիս, մյուս օրը` ջուր վաճառող, հանգստյան օրերին էլ մեկն անպայման կորոշի առավոտ շուտ բանջարեղեն վաճառել: Երբ, միևնույն է, արդեն արթնացել ես, առաջին պահի զայրույթդ անցել է, սկսում ես սիրել գյուղի աղմուկը, հատկապես` ամռանը, հատկապես, երբ դեռ արևը չի վառում, բայց կա, ու մարդիկ լուսաբացի հետ նոր օրվա կյանքն ու աշխատանքն են ազդարարում:

Taguhi Agasyan

Ժուկով-ժամանակովից մինչև Իսրայել

Այսօր իմ կյանքում շատ կարևոր օր է։ Ասում են` կարևոր օրերը պատահական են գալիս։ Այդպես է, որ կա։ Ես երեկ իմացա, որ իմ հայրենի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տանը տեղի է ունենալու հանդիպում ընթերցասերների ու պարոն Հովիկ Չարխչյանի միջև։ Անկեղծ ասած, նախկինում նրա գրքերի մասին լսել էի, բայց չէի մտածել հեղինակին հանդիպելու մասին։ Այսպես, մի քանի բան նրա մասին կարդալուց հետո և իհարկե Սևակի մասին զրուցելու մեծ ցանկությամբ, ես ու իմ բանասեր ընկերը ճանապարհ ընկանք դեպի մեր քաղաքի ամենագունեղ շենք։ Կարմրահեր այս շենքի ներսում հեզ հարսի պես թաքնված է Բյուրեղավանի համայնքային գրադարանը։ Այստեղ կան բազում գրքեր` դասական և ժամանակակից գրողների գլուխգործոցները։

Ճանապարհին ուժեղ քամի էր, հետո անձրև սկսվեց, բայց տաղանդաշատ գրողին բացահայտելու ցանկությունը ամեն ինչ մոռանալ տվեց։ Եվ ահա այդ տպավորիչ հանդիպման հույզերով եկել եմ կիսվելու ձեզ հետ։
Պարոն Չարխչյանը շատ անմիջական ու անկեղծ գրող է։ Նա հեղինակ է մի շարք գրքերի, որոնցից թերևս ամենաընթերցվածը «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» փաստագրական վեպն է։ Բնականաբար մեր զրույցը կիսատ կլիներ առանց Սուլամիթայի մասին խոսելու։ Հարցին, թե  նա հանդիպե՞լ է Սուլամիթային, գրողը պատասխանեց, որ Իսրայելում ապրող տիկնոջ հետ միայն հեռախոսազանգերի և նամակագրության միջոցով է կապ հաստատել և ի վերջո ձեռք բերել Սևակի և Սուլամիթայի արժեքավոր նամակները։
Արիստոտելի, Ռեմարկի, Սելինջերի ու շատ այլ հռչակավոր մարդկանց մասին խոսեց պարոն Չարխչյանը. իսկապես հաճույք էր նրան լսելը։ Նա մեզ պատգամեց լինել հետաքրքրասեր և հաճախ տալ «ինչու» հարցը։
-Երբ ասում ենք` ժուկով-ժամանակով, այդ բաղադրյալ բառի մեջ ի՞նչ է նշանակում ժուկովը,- ծիծաղկոտ հայացքով հարցրեց նա, ապա նկատելով մեր անորոշ հայացքը` շարունակեց։- Ժուկովը առասպելական ծերունի է, ով ժամանակն է խորհրդանշում։ Նրա ամեն ձեռքում մի կծիկ կա։ Երբ սև կծիկը վեր է բարձրացնում` մթնում է, իսկ երբ սպիտակ կծիկն է բարձրացնում` բացվում է լույսը։ Նման հարցեր հաճախ տալով ու փորձելով բացահայտել տարբեր երևույթների պատճառը, դուք ավելի կհարստանաք գիտելիքներով։

Հեղինակության մասին խոսելիս պարոն Չարխչյանը մտաբերեց Արիստոտելի մասին մի պատմություն, թե ինչպես նա պնդում էր, որ ճանճը չորս ոտք ունի, և միայն շատ դարեր անց մի մարդ  համարձակվեց ասել, որ իրականում ճանճը չորսի փոխարեն վեց ոտք ունի։ Ի վերջո պարոն Չարխչյանը նշեց, որ իր համար անկարևոր են փառքն ու հեղինակությունը ու սիրում է գրելու գործընթացը և հավելեց, որ եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքը լավ կատարենք, ամեն բան լավ կլինի, ու հայրենիքը կշենանա։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ։

Քանի դեռ հայ գրականությունը ունի Հովիկ Չարխչյանի նման գրողների, մենք հարատևելու ենք սերնդեսերունդ։ Թումանյանի հաջորդները նույնպես կարող են լուսավորել մեր կյանքը իրենց յուրահատուկ մտածողությամբ, պարզապես պետք է արժանի ձևով գնահատենք մեր բոլոր ժամանակների մեծերին։