Ազատ տարածք խորագրի արխիվներ

Շաբաթ իրիկնամուտ

Դառնությունը կամաց ավելանում է։
Իսկ մութն սկսվում։
Գիշերը հիմա պիտի սկսվի։
Իսկ մենք հեռու ենք։
Դառնությունը դուրս է գալիս
Իր սահմաններից,
Որ վերջույթներդ են։
Մութն սկսվում է։
Էլի առանց քեզ։
Ես ու մութն ընկած ենք
Այսուհետ։
Ընկած ենք մենք
Ու դառնանում են,
Գետնին տրորված,
Դեղին երազները նրա։
Աստղերը, սեր իմ,
Մթան ոտքի տակ,
Ընկան ջրափոսն ու խորտակվեցին։
Գոնե աստղերը եթե մնային
Դառնությունը քիչ կլիներ
Մի քիչ։
Աստղերը դեղին`
Երազները մթի։
Ոտնակոխ եղան մթի ոտքերով։
Ու դառնությամբ իմ։

***
Ինձնից դեռ մնացել է մի քիչ
Այդ քիչը առ թևերիդ մեջ,
Լայն թևերով փրկիր ինչ կա։
Մնացածը այրվեց այնտեղ`
Սիրո դահիճ հնոցի մեջ։
Դու ինձ նետեցիր դրա մեջ։
Մոխիր դարձա ու մոխրագույն,
Քամին տարավ մոխիրները,
Մոխրագույնը ցրվեց օդում,
Բայց վհատվել պետք չէ, դահի՛ճ,
Ինձնից դեռ մնացել է մի քիչ։

***
Ես անընդհատ գողանում եմ,
Ինքս ինձնից գողանում եմ
Ինձ։
Ես անընդհատ գողանում եմ,
Ինքս ինձնից գողանում եմ
Տալիս քեզ։
Ես անընդհատ գողանում եմ,
Ինձնից քեզ եմ գողանում
Ու տալիս քեզ մոռացության ճիրաններին։
Հետո պայքարում ճիրանների դեմ,
Նրանցից գողանում քեզ
Ու տալիս ինձ։
Սա կրկնվող ու չընդհատվող
Պայքար է լուռ։
Սա չավարտվող ու չսկսվող
Պայքար է սուտ։
Սա պայքար է։
Իմ ու իմ միջև
Հանուն քեզ։

***
Չգիտեմ ինչու գուցե օրենք է։
Գուցե կյանքը այս
Դանդաղ չի անցնում։
Գուցե կյանքում այս
Դանդաղ չեն անցնում։
Գուցե կյանքում այս
Ցածր չեն խոսում։
Չգիտեմ ինչու, գուցե օրենք է։
Գուցե կյանքը այս
Ինձ նմաններին չի կարող տանել։
Գուցե կյանքը այս պետք է անտեսել։
Փախիր, կյանքը այս ունի օրենքներ։
Դու չկաս այնտեղ։
Չգիտեմ ինչու, գուցե օրենք է։

***
Այսօր դու իրական ես։
Այնքան պարզ, տեսանելի։
Երբեմն էլ դառնում ես
Անտեսանելի քամի։

Այս պահին դու այստեղ ես,
Մոտ ես ու շատ իրական։
Գնալ հիմա կարող ես,
Քամու մեջ հույսեր չկան։

Քամու մեջ հույսեր չկան
Քամին ուժ է ու շարժում,
Քամու հետ հույսեր չկան։
Քամու պես ցավ չես զգում։

Քամու պես անցնում ես լուռ։
Քամու հետ անցնում արագ։
Ինձ թողնում ես լոկ սարսուռ,
Հուզմունք, դավեր ու կրակ։

***
Հիմա ավելի քան երբևէ
Ունեմ կենարար կարիքը քո։
Հիմա ավելի քան երբևէ
Ունեմ տխուր, կիսատ երեկո։

Հիմա արդեն, գուցե էլ երբեք
Ուզում եմ անկեղծ լինել քեզ հետ։
Հիմա արդեն, գուցե էլ երբեք
Ուզում եմ դանդաղ խոսել քեզ հետ։

Հիմա` գուցե արդեն շատ վաղուց,
Ես վճարել եմ գինը սիրո։
Հիմա` գուցե արդեն շատ վաղուց,
Ես զգացել եմ ցավը սիրո։

Հիմա, ու երևի թե ընդմիշտ
Տեսնելիս քեզ հեռու կվազեմ,
Հիմա, ու երևի թե ընդմիշտ
Ինքս ինձ ու քեզ էլ կխաբեմ։

***
Սարսափը այս գուցե չքվի։
Ուրվականը գուցե կորչի։
Խավարը այս գուցե ցնդի։
Ցերեկը այս գուցե մթնի։
Կյանքը այս գուցե պարտվի։
Բայց սերը քո, որ լույսն է իմ,
Չի ստվերվի։

Ձյուն է իջնում քո շիրիմին

Ձյուն է իջնում քո շիրիմին,
Ծածկում հողը ծանրացած,
Ու սրտիս է քար ծանրանում
Քեզ հետ տարած կարոտից։

Իջնում է մեղմ, առանց ձայնի
Իր մեջ պահած ցավ ու վիշտ,
Ու դառնում է ճերմակ սավան
Քո չարթնացնող մահճակալին։

Սպիտակ, ինչպես դեմքդ անգույն,
Ու լուռ` վերջին հանդիպման պես,
Որ բաժանեց մեզ իրարից`
Ինձ խոր անցյալ, քեզ` դեպի վեր։

Եվ ապրելով լոկ անցյալով
Ներկաս թողնում եմ ձյան տակ,
Որ սավանիդ ընկեր դառնա
Ու չթողնի քեզ մենակ։

Միտքս թմրած խնկի բույրից
Ու քայլերս անորոշ
Քեզ են փնտրում այն անցյալում,
Որ ձյան տակ է մինչ այսօր։

Եվ կհալչի ձյունը ճերմակ,
Ու կբացվեն գարուններ,
Բայց կյանքը քո ձյան հետ անդարձ
Կհեռանա դեպի վեր։

Կբերեմ ճերմակ մեխակներ
Ձյան փոխարեն շիրիմիդ,
Որ իր բույրով կյանք հիշեցնի
Քեզ հետ ննջող հուշերին։

Ձյուն է իջնում քո շիրիմին
Ծածկում հողը ծանրացած,
Ու սրտիս է քար ծանրանում
Քեզ հետ տարած կարոտից

Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է

- Իմ մանկությունն անցել է Գոռի հետ։ Միշտ երազող էր, լուռ, գործող, ադեկվատ ու սթափ: Գնալով՝ նա իր հետ իմ մանկությունից մի կտոր տարավ, իմ արևից՝ մի շող, բայց վստահ եմ, որ հիմա նայում է մեզ ու առավել քան երբևէ լույսերի մեջ է՝ Տիրոջ կողքին,- պատմում է Գոռի ընկերը՝ Ռազմիկը։

Գոռ Հայկի Աբգարյանը ծնվել է 2002թ.-ին, Օշականում։ Երաժիշտ էր, սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում: Ուզում էր դուդուկահար դառնալ, շվի էլ էր նվագում։

https://youtu.be/gI0YcHP8jJs

Մասնակցում էր Օշականի մշակույթի պալատում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Փոքր տարիքում դերասան և ռեժիսոր Արմեն Սարգսյանի հետ նկարահանվել է «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում, որտեղ կատարելով թուրք երեխայի դեր, պատերազմի ժամանակ թիկունքից վիրավորվում ու զոհվում է։

https://youtu.be/dD3OPuNVBmI

Մատաղիս, հոկտեմբերի 25: Ֆիլմը ասես տեղափոխվում է մարտի դաշտ։ 18-ամյա Գոռը մարտական գործողությունների ընթացքում ընկնում է թիկունքի հարվածից ու հերոսանում։

-Էս ե՞րբ մեծացար, զինվոր դարձար, հայրենիքի պաշտպան դարձար․․․ Ինչ լուռ ու առանց հոգնելու աշխատում էիր․․․ Մի քանի ամիս առաջ միասին զրուցում էինք ու քննարկում, որ երբ հետ գաս ծառայությունից, իմ որևէ ներկայացման մեջ պետք է նվագես,-հիշում է դերասան Արմեն Սարգսյանը։

Միշտ լուռ, բայց գործնական Գոռը երազում էր ծառայությունից վերադառնալուց հետո նոր, ավելի լավ երաժշտական գործիքներ գնել, տուն կառուցել ու վայելել ընտանիքի հետ անցնող ամեն թանկ րոպեն։ Բայց ի՞նչ է պատերազմը, որ հակառակորդին սեփական կյանքը թելադրելու նպատակով մեզնից խլում է թանկագին մարդկանց, այդ մարդկանցից մի ամբողջ կյանք՝ հյուսված երազանքներով։

Ավա՜ղ, աշխարհն է այդպես կառուցված, միշտ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է…

Իսկ ու՞ր ես դու…

Սիրուն է, ու…

Չէ~… Ավելի շատ սիրուն է: Տխուր է … Շա~տ է տխուր:

Տեսնես` իմ սիրտն էլի էսպես ցավե՞լ է: Կարծես թե ցավել է, բայց չեմ հիշում արդեն:

Մի օր այս ձեռագիրն էլ մոռանամ, ու «լինենք խայտառակ», ինչպես կասեր ապարանցի տատիկս: Այս ցավի ձեռագիրը. ՄՈՌԱՆԱՄ…

Բլինչիկ: Նա: Նա: Նա: Նա: Հեռուստացույց: Նա: 11:48: Նա: Նա: Ձեռքեր: Մութ: Մանդարին: Նոր օծանելիքի բույր: Մոխրահոտ: Կանաչ: Արցախ: Նա: Այնտեղ: Կնճիռներ: Այտերի փոսիկներ: Ոսկեգույն սփռոց:11:49: Լույս: Նա: Նա: Նա…

ՀԻՇԻ՛Ր

Հիշի~ր …

Ու՞ր ես…

Մոռացում…

Ես շու՞ն եմ:

-Չէ հա, ինձնից ի՞նչ շուն՝ թեկուզև միայն այն պարզ պատճառով, որ շներին սիրում եմ:

Ես վախկոտ կենդանի եմ: Իսկ միգուցե անիմա՞ստ է վախենալը: Իսկ եթե ջնջվի՞ ամեն բան:

Դատարկություն…

Մոռացում…

Մոռացում: Մոռանալ: Մոռացել եմ: Մոռանում ենք: Մոռացում: Մոռացկոտ: Կենդանի: Կենդանիներ: Կապիկ, շուն, նապաստակ, գայլ, մարդ, շնաձուկ…

Տենց մի նայի սառած աչքերիս: Հյուրերը մեկ է` գալու են: Աչքերս կապ չունեն: ՉՈՒՆԵ~Ն:

Ըհը~ն, թարսի պես պատառաքաղը գցեց գետնին. հիմա էլ հետդարձ չկա:

Հյուրերը հմուտ սահում են տան ճանապարհների սառույցների վրայով: Ես էլ ասում եմ` ինչու՞ ենք աղ լցնում ճանապարհին, մեր քարաշատ, ցեխոտ, նեղ ճանապարհին:

Իսկ ես, այն օրը՝ չգիտես ինչու, համարյա ընկա:

Պետք է որ երկու կաթիլ օղի թափվեր մեր մաշված ու շքեղ սփռոցներին, որոնց մաշված հատվածներին աման-չաման ենք դնում, երբեք չեն երևում: Հետո էլ զարմանում են, թե ինչու՞ է մեր սեղանների դիզայնն այդքան ճաշակով: Հայ մայրերն ու տատերը ճաշակով են երևի: Կամ դժբախտ ուղղակի: Կամ ճաշակով դժբախտ: Կամ հազար տարվա տան տնտեսուհի են: Տան խնայողուհի: Տան պահողուհի: Տան ուհի: Տուն են երևի: Տունը ուհի է: ՈՒՀԻ: Գենդերային հավասարությունը մեզ դեռ չի հասել:

Ես դեռ չեմ կարողանում ծածկել մաշվածությունները սփռոցիս: Դրանք առանձնահատուկ շիտակություն ունեն ինձ համար: Ես ոսկեգույնը չեմ սիրում: Իսկ մեր սփռոցները միշտ ոսկեգույն են: Սովորական օրերին էլ՝ սպիտակ, որ երբեք դարավոր մոխրից՝ պապերի ծխախոտի, չեն մրոտվում:

Ես համաձայն չեմ մեր սփռոցի ոսկեգույնին ու սպիտակին: Ավելի ճիշտ՝ դրանց դասավորությա՛նը համաձայն չեմ: Շա~տ են խառնում: Ոսկեգույնը թող փռեն դռան վրա, շարեն ուտելիքները՝ եթե շա~տ են ուզում: Սպիտակը թող փռեն տանը ու երբեք չծխեն:

Ես դեմ եմ ծխախոտի ու սպիտակ սփռոցի համադրությանը:

-Է~հ, խելոք ջան: Առանց մոխրի սպիտա՞կ:

Նույնիսկ նրան հանդիպելիս էիր սպիտակ հագել: Սպիտակ էիր դու՝ տան սփռոցի պես:

Մենք միշտ լվանում ենք: Մենք ամեն բան լվանում ենք ու փռում՝ չորանա, ու նորից ենք լվանում: Լվում՝ լվանում, լվում, լվանում, բայց երբեք չենք փոխում: Սփռոցն ասեղնագործ է, քանդել հավաքել էլ չի լինում:

Ես, օրինակ, ասեղնագործել եմ սովորում, բայց չեմ կարող սպիտակ սփռոցը փոխել: Չեմ կարող նորը փռել: Ուրեմն կամ ռեալիստ եմ կամ անտաղանդ: Ես սփռոց փռել էդպես էլ չեմ սովորի երևի: Փռելուց միշտ ուղղում են, ասել է թե՝ «ծուռ» եմ փռում:

Հիմա էլ չեն գործում: Մարդիկ չեն գործում: Մարդիկ գնում են պատրաստի սփռոցներ:

Ես էլ մտածում եմ ինքս իմ բոյի՝ փոքրը, ծուռը ասեղնագործել կամ գործել, բայց կծիկս խճճվել է: Դեռ չեմ էլ ուզում քանդել:

ԻՐԱՐՈՎ: ԻՐԱՐՈՎ: ԻՐԱՐՈՎ: ԻՐԱՐՈՎ: ԻՐԱՐՈՎ: ԻՐԱՐՈՎ: ԻՐԱՐՈՎ: ԻՐԱՐՈՎ:

Աչքեր, աչքեր, աչքեր, աչքեր, աչքեր, աչքեր, աչքեր…

Տեսնես իմ աչքերին ինչ որ մեկը նայե՞լ է մոտիկից: Իսկ ի՞նչ կա իմ աչքերում հիմա:

Եվ մի՞թե բոլորի աչքերում նույնը չէ…

-Չէէէ~, դժվար:

Քո աչքերը… Էս նեղ մաջալին աչքերդ էին ինձ պակաս: Քո աչքերը չափից շատ վառ են: Այս տարի հրավառություն չենք անելու. կորցրու՛ աչքերդ մի տեղ:

ՓՈՔՐ: ՄԱՆՐ: ՓՈՔՐ ԵՄ: ՇԱՏ ԵՄ ՓՈՔՐ:

-Ստալիչնիից: Հերի… էէէ~…

Ա~խ, սիրտս խառնում է: Չէ~, «ստալիչնին» լավն էր, հաստա՛տ «մայրաքաղաքային» աղցանից չի: ՍԻ՛ՐՏՍ է խառնում. ստամոքսս վաղուց չի խառնվել իրար:

Դառն ու քաղցր է այս ամենը:

Իսկ ինչու՞ եմ սուրճը դառը խմում: Երևի մի բան գիտեմ:

Մի րոպե~. սուրճը մեկ է, դառն է:

Իսկ քաղցր գցողներն ինչի՞ հույսով են քաղցր ավելացնում:

Իսկ ես քաղցր ավելացնող չե՞մ:

Սիրտս դառն ու քաղցրից է խառնում: Բոլորս էլ քաղցր ավելացնողներ ենք: Հաաաա~…

Գուցե այս տարին դառը սու՞րճ էր:

Ես միշտ հավատում էի, որ սուրճի մեջ շաքարավազ կա: Այն լուծված է սուրճի հետ: Իսկ միգուցե սու՞րճն է լուծվում շաքարի հետ:

Անհա~մ ջուր, փաստորեն ես ամենաքաղցր խմողներից եմ:

Չէ~, ամեն դեպքում շատ խնայող եմ կարևոր հարցերում. ինքս ինձ էլ առատաձեռն եմ համարում: Ստախոս էլ եմ փաստորեն: Լա~վ, խաբեցի. դա վաղուց գիտեի:

Չէ~, խնայող չեմ ուզում լինել ու մի մե~ծ դրամապանակ եմ ուզում:

Տեսնես ինչ-որ մեկն ինձ կնվիրի՞  դրամապանակ:

Չէ՛, ես եմ գնելու:

Ես էլ ասում եմ ինչու՞ եմ ավելի շատ սիրում նվիրել: Լա~վ էլ ռեալիստ եմ փաստորեն. նվերների չեմ սպասում:

Հա~, իդեալական խոհափիլիսոփայական կենաց է. «ՄԱՂԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԵՐՆԵՐԻ ՉՍՊԱՍԵՄ»:

Հիմա չեմ ուզում նոր դրամապանակ, ոչ էլ նոր սփռոց: Ուզում եմ տեղավորվել ունեցածումս ու չնեղվել, ուզում եմ լայն լինի այն: Ես կփորձեմ այնքան լայնացնել, որ տեղ անեմ: Ուզում եմ անընդհատ լայնացնել դրամապանակս ու մեկ է բողոքել, որ նեղ է:

Բայց դու սխալվեցիր այս անգամ. ես էլ ոչինչ չեմ ուզում:

Բայց հո կուզե՞մ էլի մի օր:

Փաստորեն էլի ճիշտ դուրս եկար:

ՀԻՄԱ: ՀԻՄԱ: ՀԻՄԱ: ԼԱՎ Է: ՀԻՄԱ ԼԱՎ Է: ՀԻՄԱ Է ԼԱՎ: ՍԵՐ: ԳՆԱՀԱՏԱՆՔ: ԼԱ~Վ Է: «Ըսկի անցած տարի սենց լավ չէր»,-կասեր դեռ ապարանցի տատս, բայց այս տարին բացառություն էր՝ չասեց:

Չնայած… Կարևորը` չեմ փախչում:

Հա~, հիմա հաստատ գիտեմ. աչքերս փոխվել են:

Տեսնես հիմա կճանաչե՞ս աչքերս: Չէ~: Չե՛մ բացելու էլ, եթե իհարկե «աչքերը հոգու հայելին են» խոսքերը սուտ չեն:

Բայց ախր, աչքերը բաց լինելու համար են, և ինչու՞ եմ միայն ես չռում դրանք:

Սիրտ, ինչու՞ ես արագացնում ռիթմդ:

Իսկ ինձ միշտ ապացույցներ էին պետք:

Սի~րտ, կարող էիր չխփել, ինձ այս տարի ապացույցներ պետք չեն: Հավատում եմ:

Հավատում եմ, որ մարդ եմ, դրա համար էլ չեմ գրում, որ հետո կարդամ: Չե՛մ գրելու այս տարվա մասին: Այս տարի կարևորների մասին չեմ գրելու, միայն գրելու եմ կարևորներին, ասելու եմ, շա~տ եմ ասելու, անելու~ եմ, մի~շտ եմ անելու: Իսկ անկարևորները թող տեղավորվեն ենթագիտակցությանս մեջ ու դուրս պրծնեն անարմատ թվացող քայլերիցս, իսկ մանրուքները թող կերտեն ինձ դետալ առ դետալ, իսկ ծանոթ անծանոթությունները թող պահի խաղի տակ կրկնապատկերներ առաջացնեն, որ զարմանամ մեկ-մեկ:

Փաստորեն ոչի՛նչ էլ չեմ ուզում փոխվի:

Մեկ է` սրտիս ցավի ձեռագիրն անընդհատ փոխվելու է ու ամեն անգամ ավելի տգեղ ձեռագրերն եմ կարողանալու կարդալ՝ մոռանալով նախորդները: Եվ կարևորը, հասցնեմ սովորել սիրուն ձեռագրերի բոլոր տառերն ու մասնիկները: Եվ կարևորը, պահեմ բոլոր նամակների պատճենները: Եվ կարևորը, ամենաիսկական վերջակետից հետո հիշեմ կարմիրով ընդգծված տողերը:

Ես չեմ էլ ուզում վերջանաս, սիրու~ն ձմեռ, սևուսպիտակ ձմեռ:

Varduhi Vardanyan

Բարի եղեք, մարդիկ…

Հոգու համար բարությունը նույնն է, ինչ առողջությունը՝ մարմնի. այն չի երևում, երբ ունես, և ամեն դեպքում միշտ բերում է հաջողության։

Այս է բարությունն ըստ Տոլստոյի, ինչ խոսք, լավ համեմատություն է արված։ Իսկ թե ինչու խոսքս սկսեցի նրա խոսքերով, պատճառը մեկն է` պարզապես բարությունն է պակասում մեր մեջ: Ասում են մարդու մեջ ապրում են երկու կողմ՝ բարի և չար։ Ու որ կողմը  մենք ավելի սնուցենք, պահենք ու փայփայենք, դա էլ կգերակշռի մեր մեջ: Ամեն բան մեր ձեռքերում է:

Բարի եղեք, մարդիկ, և ամեն վատ արարք գործելուց առաջ հիշեք Ոսկե կանոնը. «Այն, ինչ կուզենայիք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն արեք նրանց նկատմամբ»: Մենք ենք պատասխանատու մեզ հետ կատարվածի համար: Եթե կանգնում ենք ինչ-որ դժվարին որոշման առաջ, ապա վանենք այն վատ մտքերը, որոնք գալիս են այդ պահին, մտածենք բարու մասին, մտածենք լավի մասին, մտածենք, թե ինչը կուրախացնի մեզ այդ որոշումը ընդունելուց հետո։ Մեզ մանկան անկեղծությունն ու բարությունն է պակասում:

Եվ ամենևին էլ բարությունը խեղճությունը չէ: Այն վկայում է մեր մեծ ու մաքուր ներքին աշխարհի մասին, որից զրկված են այն մարդիկ, ովքեր բռնել են չարության ուղին: Բարի լինելու համար մե՜ծ- շա՜տ մեծ ուժ է հարկավոր, հարկավոր է ունենալ ներելու կարողություն: Միայն մեծ սրտի տեր մարդն է ունակ ներելու։ Բարի մարդիկ ունակ են անկեղծ սրտով ուրախանալու, սիրելու:

Դու կարող ես լինել այն պատճառը, որի շնորհիվ մարդիկ կհավատան բարությանը, բարի մարդկանց գոյությանը: Եվ մի՞թե դա այդքան դժվար է: Ամեն ինչ կախված է մեզանից, կախված է մեր ներքին աշխարհից, մեր ուժեղ կամքից։ Եվ ինչո՞ւ չէ, հենց հիմա, հենց այս պահին գործիր մի բարի արարք և կզգաս, թե ինչ ներդաշնակություն է տիրում ներսումդ, և կտեսնես, թե որքան մեծ ուրախություն պատճառեցիր և դիմացինիդ, և ինքդ քեզ: Կզգաս ու կտեսնես, թե քո մի արարքից որքան մեծ բավականություն ես ստանում։

Մեծ բան չէ, ուղղակի բարի եղեք, մարդիկ:

Բաց աչքերով

75-79 տարի առաջ, Ավագ և Սալվի Սիրունյանների 9 որդիներից 7-ը դարձան Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ Նրանցից 2-ը ծանր վիրավորվելու պատճառով զորացրվեցին նախքան պատերազմի ավարտը, 4-ը այդպես էլ չվերադարձան կռվի դաշտից։ Հետո Պարգև Սիրունյանը, իր «Լեռնավան» գրքում գրեց. «…Եվ այդպես էլ Ավագն ու Սալվին իրենց մահկանացուն կնքեցին աչքերը բաց՝ սպասելով իրենց զավակների վերադարձին…»։

Այդ ՄԵԾ պատերազմից հետո քանի՜-քանի՜ մեծեր ու փոքրեր էլ եղան, քանի՜-քանի՜ հայրեր ու մայրեր այդպես՝ բաց աչքերով դիմավորեցին մահվանը, հանուն հայրենիքի պատերազմի բովը նետված որդիների փոխարեն…

Դա այդ զավակների և այդ ծնողների վճարած անգին վարձքն էր նրա, որ մենք այսօր ունենանք ծեր ծնողի նման «մի բուռ» դարձած մի գրկաչափ հայրենիք։

Իսկ ի՞նչ արեցինք և ի՞նչ ենք անում մենք։

Եվ միթե՞ թողնելու ենք, որ մի օր, մի վերջին Պարգև Սիրունյան իր «Հայրենիք» գրքի վերջին տողում գրի.

«…Եվ այդպես էլ Հայաստան աշխարհը կնքեց իր մահկանացուն՝ աչքերը բաց, սպասելով իր զավակների տուն վերադարձին…»

Լուսանկարում Ավագ և Սալվի Սիրունյաններն են։