Ազատ տարածք խորագրի արխիվներ
Ինձ հեքիաթ պատմեք
Ինձ հեքիաթ պատմեք: Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ առանց բացասական կերպարների, վախեցնող դեպքերի, չար հերոսների ու փորձությունների, առանց մութ անտառների ու կորած երեխաների: Եթե չգիտեք աշխարհի ամենախաղաղ վայրի ու հանդարտ սյուժեի մասին, ուրեմն հեքիաթը հորինեք հենց սկզբից: Հնարեք ամենասուտ ու մտացածին աշխարհն ինձ համար: Իսկ հետո ցածր, հանդարտ ձայնով սկսեք պատմել…
Պատմեք ինձ խաղաղ ծովերի, լուսավոր անտառների, բարձր լեռների ու գրավիչ մայրամուտների մասին: Համոզեք, որ այդ աշխարհի կենդանիների բոլոր տեսակները անվտանգ են, որ անգամ առյուծն է նուրբ ու հոգատար։ Ասեք, որ այնտեղ չեն լսվում տագնապի ազդանշաններ` ո՛չ բնական աղետների, ո՛չ հեռախոսի զանգերի և ո՛չ էլ շտապօգնության մեքենաների: Այնտեղ թող շշնջան միայն չարաճճի ալիքները, մեղմ շոյող քամին, բազմերանգ տերևներն ու թռչունները:
Հավաստիացրեք, որ ոտքս ուր էլ դնեմ՝ փայլփլուն ծաղիկներ կբացվեն։ Թե բարձր ժայռից ցած նետվեմ, քամին ինձ դանդաղ ներքև կիջեցնի։ Իսկ եթե սուզվեմ ծովի խորքերը, ջուրը ինձ արագ վերև կհանի։ Ու ես այս հրաշքներով հիացած, գլուխս կորցրած ժամանակի և իրական կյանքի մասին շուտ կմոռանամ։
Ինձ մենակ թողեք այդ անիրական վայրում: Խնդրում եմ, թող այդ հեքիաթում ինձանից բացի ուրիշ հերոսներ չլինեն: Որպեսզի ես ընկերներ ձեռք չբերեմ, չմտերմանամ շատ մարդկանց հետ, որպեսզի հետո ստիպված չլինեմ նրանց կորցնել, հրաժեշտ տալ ու էլ չտեսնել:
Զրկեք ինձ մտածելու, վերլուծելու և հետևություններ անելու կարողությունից: Անջատեք իմ գիտակցությունը, զգացմունքներն ու հույզերը: Թող արցունքներս թափվեն, խառնվեն ծովին, բայց թույլ մի տվեք, որ ներսս ցավի: Թող ես լինեմ այդ հեքիաթի ամենաթույլ ու ենթարկվող հերոսուհին: Հոգնել եմ ներկայիս ուժեղ կերպարից: Ուզում եմ վերջապես ընկնել ու ջանք չթափել կանգնելու համար․․․
Երբ ես վերջապես թիթեռի հետևից վազելով կհասնեմ աշխարհը ձեր հորինած, խնդրում եմ, ինձ այնտեղ կողպեք։ Էլ ոչ մի դեպքում դուռը չբացեք․․․
Մեր բանակը` դա մենք ենք

Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ:
Շնորհավորում ենք տասնյոթցի մեր բոլոր թղթակից զինվորներին`

Սերյոժա Բաբոյանին,

Արտյոմ Մամյանին,

Դավիթ Ալեքսանյանին,

Դավիթ Չիլինգարյանին,

Արտյոմ Ավետիսյանին,

Սեյրան Սողոյանին,

Սերյոժա Առաքելյանին,

Դավիթ Գորգոյանին,

Էրիկ Ալեքսանյանին,

Հայկ Սարգսյանին,

Նարեկ Բաբայանին,

Արսեն Կարապետյանին,

Սուրեն Ղազարյանին,

Դավիթ Ղահրամանյանին,

Սևակ Կարապետյանին,

Վահագն Հովհաննիսյանին,

Մարատ Սիրունյանին:
Ձմեռը` հիմնականում պատուհանից
Երրորդ ձիավորը
Տղերք, երանի մի օր հանդիպենք
Ու ամեն կորսված զինվորի հետ, ես ինքս ինձ եմ կորցնում:
Ու չուզելով, բայց գիտակցում եմ, որ ինչ-որ պահից,
Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկին, պարտվում եմ այս պատերազմին:
Ամեն հերոսացած զինվորի հետ, ես էլ եմ բարձրանում երկինք:
Այդքան անծանոթ եք ինձ, բայց միևնույն ժամանակ, այդքան ծանոթ:
Ամեն մի գրած երկտողից, սիրտս պոկվում է տեղից:
Ասում են հրեշտակները առաքելությամբ են գալիս երկիր,
Բայց ես չէի ուզում, որ դուք այսքան շուտ վերադառնաք երկինք:
Ու նեղանում եմ ձեզանից, մազերս պոկում գլխիցս,
Որ էդպես էլ գոնե մի անգամ չհասցրի ձեր ձայնը լսեմ:
Սա մեր ընտրությունը չէր, ձերն էր, բայց ոչ մերը:
Դուք գնացիք, ու այս գրողի տարած կարոտը կոկորդիս կանգնած խեղդում է:
Բայց վերջում գալիս է հավատը, կրկին հանդիպելու հույսով ողողված,
Ու ամեն երկնքում ճախրող աղավնի տեսնելիս, կիմանամ, որ հյուր եք ինձ:
Ճեղքեր
Եթե չների քեզ առավոտը
երկնային ձայնի հուշումներն լսելով
քո ձեռքն եմ բռնում արտացոլանքում:
ամուր, կարծես մի թել հյուսելով.
թեթև տա՛ր քարկապը կախյալ զգացմունքում
ու ստվերը՝ պոկած սենյակի անկյունից,
քեզնից կտանեմ անտեր մի հեռու:
կարծես թե գժվում եմ այն խուսափումից,
որ մթության մեջ կդառնաս դու ուրու:
մարդկանց հայացքները լքված փողոցում,
որ վաղուց պղծվել է նրանց մեղքերով
անվտանգություն անկեղծ չեն սուլում:
«Արի՛ վազենք բոբիկ ապակու վրայով»:
դու, չես մտածում քո հոգու մասին,
չես զգում նույնիսկ այդ ճիչը արյան:
բայց հիշիր քո սիրուց տանջվող անհասին:
Ես վախենում եմ ամեն մի վայրկյան
սարսափում եմ ես ամեն լուսաբաց
փնտրել քեզ մահվան սև ծալքերի մեջ:
հույս ունենալով, որ արևի դիմաց
կյանքիդ կրակը կվառվի անշեջ:
Ճեղքեր
Եվ հոգնած մարդկանց եսասիրությունից
մաշված երկնքից իջնում է նա ցած:
ոչ մեկ չի բացի իր սիրտը անբիծ
մի անհայտ ստվերավոր պատկերի դիմաց:
բոլորն էլ ջարդվում են այս աշխարհում:
դրա հետ հաշտվում են կամ մնում լքված:
բայց մի բանն է բոլորին միավորում:
երբեք էլ հետ չեն գա մասնիկները կոտրած
ի ծնե մենք փորձում ենք դատարկ ճեղքերում
տեղավորել սիրալիր մեզ մարդկանց:
ու խցկու՛մ ենք, խցկու՛մ ենք, խցկու՛մ ու խցկու՛մ:
բայց ի վերջո միայն ճմրթում ենք նրանց:
ասում են, որ մենք մինչև կյանքի վերջ
փորձում ենք լցնել այդ բացերն մնացած:
ու էլ կարևոր չի մեր համար էլ հեչ
որ ճեղքերն այդ քանդում են մեզ մի օր հանկարծ…
Համահունչ
օրեր կան հիշում եմ հայացքը քո լուրջ:
եվ լուրջ այնքանով, որ չէիր հավատում:
հանկարծ գիտակցում եմ, որ իրականում
երբեք մենք չենք եղել քո հետ համահունչ:
հոգումդ շեփոր էիր նվագում գաղտնի,
բայց ձևացնում էիր զորեղ մի թմբուկ:
իսկ երբ հեռացա ես կեսօրին,
հանեցիր դիմակը դեմքից քո փափուկ:
հաճախ թվում է, թե մտքիս մեջ
քո տան ճանապարհն եմ վերստին անցնում:
բայց արդյո՞ք արժի միայն կռիվ եվ վեճ
վերածել մի բանի, որին չեմ դիմանում:
մենք շնչում էինք քեզ հետ տարբեր օդերով
ես երկրային՝ դու անվեհեր:
բայց չափից շատ խղճուկ է
հաշված օրերով մոռանալ զգացունքը այդ՝ կոչված սեր:
Շնչահեղձ
ցորենակար երակներդ համբուրեմ աննկատ,
որ կորչեն մտքիդ կասկածները թյուր:
ուզում եմ թողնել, հեռանալ անընդհատ.
այստեղ միշտ զգացել եմ ինձ ինչպես հյուր:
ինչքան համոզես, որ քեզ չլքեմ՝
հետևի մուտքի դուռն թողնելով կիսաբաց,
ես հեռանում եմ շնչահեղձ՝
վերջին բառն անգամ մինչև վերջ չասած:
Առանց փշերի վարդեր․․․
Շտուտգարտ քաղաքում հաճախ էին լինում, մասնակցում գինու խոշորագույն փառատոներից մեկին․․․
Ուշ էր։ Լուռ, գլխահակ, ուրվականի պես շրջում էին, անցնում լուսավոր պատուհանների կողքով․ մի առանձին հաճույք էին ստանում իրենց ստվերներին նայելուց։ Կանգ առան։ Գինետուն էր։ Գինետան պատերին խոշոր տառերով սև-սպիտակ տողեր էին փորագրված: Հեռվից կարդալ չկարողացան կամ ուղղակի չուզեցին ու մոտեցան` իրենց շուրջը նայելով, որ հանկարծ մեկը չնկատեր․ «Ստեղծե՛ք մի աշխարհ ու ապրեք առանց «բայց»-երի, «եթե»-ների…
Նրանք իրենց կյանքը բաժանում էին կիսամյակների․ մտածում էին` հանգստի օրեր ունեն ու դատարկում էին օրերը գրպանների պարունակության մեջ։
Հետևանքները թաղում էին գինու գավաթներում՝ մեծ, ավելի մեծ, ապակուց, որ եթե դրա հեղուկի մեջ էլ փնտրածը չգտնեին, կոտրեին ու փշուրների վերածեին։ Այնուհետև ընդարմանային ոչ թե ապակու փշուրների ցավից, այլ փայլից։
Նրանք առաջնորդներ փնտրում էին ներքևում, հետո նրանցից ակնկալում երկար-բարակ մխիթարանքներ, լսում՝ որն էր ավելի լավը կամ վատագույնը՝ մոռանալով մի պահ վերև նայել՝ աչքերը փակած․․․
Նրանք մրգերը չէին կեղևազրկում, վախենում էին ցավեցնեն, իսկ ծառի տակ մի վայրկյան առաջ ընկածներին տրորում էին․ «Չէ՜, մենք չէինք նկատել, թե չէ կկեղևազրկեինք, շատ էր կեղտոտվել»։
Միայն բարձր խոսել գիտեին. որ ցածր խոսեին, չէինք նկատի, բայց կզգայինք, որ աչքերը մի կետին գամած կամ այս ու այն կողմ պտտելով՝ դավեր էին նյութում կամ մտածում էին արժանի հակահարված տալ․ նրանք այդ պահին վտանգավոր չէին, օրեր հետո` միգուցե․․․
Երբ լույսը բացվում էր, ու նոր օր սկսվում, ծնվում էր նաև հերթական սպասումը։ Նրանք նստում էին պատուհանի առաջ ու աչքերը մի կետի բևեռած՝ դատարկ օդը լցնել էին ուզում, ջերմ զրույց վառարանի առաջ, ուզում էին թեյ՝ առանց շաքարի, որ քաղցրացնեին ներկաների աչքերի փայլով ու ժպիտով․ շատ բան չէին ուզում. միայն շնչառության ներկայություն, որ աչքերը թարթել սովորեին․․․
Նրանցից մեկը անընդհատ խոսում էր փոքրամարմին մարդկանց սրտերի հետ, արցունքներ քամում նրանց աչքերից, խփում լարերին, հրդեհում ամենքին իր ապրած օրերի կրակով, այրված ձեռքերով «հպվում» արտաշնչած օդին։
Նրանք այսօր էլ ըմպում են փրփրող վարդակարմիր գինին՝ չնկատելով անցորդների` արտասուքով ողողված աչքերը, դողացող թարթիչները, իսկ ո՞վ էր նրանցը նկատել։
Ծաղիկներ ստանալ չէին սիրում. երևի երբևէ չստանալուց էր կամ չգիտակցելուց, որ մի օր էլ գուցե իրենց կնճռոտ ձեռքերում «կունենային» ոչ փարվող, ներդաշնակ վարդեր․ նախքան ջրի մեջ դնելը, երևի փշերն ու տերևները կհեռացնեին, չէին ցանկանա՝ վարդերը շուտ լքեին այս քաղաքը։
Նրանք միշտ նայում էին ձեռքերի ափերի մեջ, հաշվում ուղիղ ու ոլոր գծերը, որ հաճախ ճակատագրի «ուղենիշ» են անվանում։ Հետո չէին հավատում իրենց տեսածին ու լսածին։ Տխուր մի բան էին լսել, կարդացել, հետո զգացել՝ ձեռքերը վախից պաղել էին ու քրտինք ծորել։
Եվ արևածագին, երբ հեռանիստ արևը հուր էր թափում, նրանք լուռ, հանգիստ հետևում էին սրտի ամեն զարկին ու կարոտում վայրկյանները անդարձ։ Իրականում արդեն գծագրվել ու ավելի շոշափելի էին դարձել տարիների ակոսները․ շնորհալի դեմքի ամեն անկյունում թշվառ գծեր էին, որ հատվում էին ամեն երկրորդ բացատրության խաչմերուկում։ Լռություն էր, արդեն մութ, նրանց հոգում արշալույս էր։ Անցավ այս օրն էլ։ Դեռ չեկած օրերը կշարունակեն անցնել ու փոշի դառնալ մյուս օրերի նմանությամբ։
Անուղղելի լավատես էին․ նրանց մեջ տիրապետող ոգին լավատեսությունն էր։ Թևաթա՞փ լինել. երբե՛ք․ մռայլ երանգներ չէին տալիս ապրած օրերի շղթային, երազում էին միայն մարդկային կյանքի երջանիկ ակունքներ ու առանց փշերի վարդեր․․․
Մատիտների հրաշքը
Ինձ մատիտներ տուր, մայրի՛կ,
Օգնի՛ր ինձ,
Օգնիր նկարել կապույտ երկինքը,
աշունն ու մի կապույտ տնակ,
նարնջագույն կտուրով՝ մի կապույտ տնակ,
Ամենափոքրիկ քաղաքում՝ մի կապույտ տնակ,
ուր սերը օդում է ապրում,
նրան փնտրել պետք չէ,
տեսնում ենք նրան,
վերցնում ու պահում։
Ուր երազանքները իրական են դառնում,
կախարդական փայտիկները՝ պահարաններում պահվում,
որ հենց վերցնենք
ու հպվենք նրանց,
սերը մեզ օգնի երազանքները
դարձնել ներկա,
իրական ու գունավոր ներկա:
Գունավոր շենքերով քաղաք
-Դեռ չե՞նք հասնում։ Հոգնել եմ, ու դեռ այսքան էլ պետք է անցնենք տուն վերադառնալու համար․․․
Հենց այսպիսի տրամադրությամբ էլ ամռանը մուտք գործեցի Արցախի Հանրապետություն։ Մոտ 5 ժամ տևած ճանապարհն անցնելուց հետո հայտնվում ես մի բլրի վրա, որը Շուշիից դարպասներ է բացում դեպի գունավոր շենքերով քաղաք։ Այո՛, Ստեփանակերտն իմ մտքում տպավորվել և մնում է հենց այդպես՝ գունեղ։ Թեև առաջին անգամ էի այցելում, սակայն այնքան հարազատ էր, կարծես ամբողջ մանկությունս այնտեղ անցած լիներ։
Այցս տևել է մոտ մեկ շաբաթ, բայց այդ մեկ շաբաթն էլ է շատ քաղաքին սիրահարվելու համար։
Սկզբում ծրագրել էի, որ ուղղակի կանեմ անելիքս ու արագ հետ կգամ, որովհետև դեռ ճանապարհին կարոտում էի Երևանը, իսկ արդեն այնտեղ գտնվելու երկրորդ օրն սկսեցի մտածել բնակարան ձեռք բերելու մասին։
Թե ինչու սիրեցի Ստեփանակերտը, դժվարանում եմ բացատրել։
Նախ, լինելով տարբեր տեսակի շենքերով հիացող և լուսանկարող մեկը, չէի կարող չգնահատել տեղի ճարտարապետական ոճը։ Որքան էլ որ շատ են և առանձնանում են գունավոր շենքերը, առանձնահատուկ է Ազգային ժողովի շենքը, որն իր յուրօրինակ գմբեթի շնորհիվ բոլորին ՝ բացի տեղացիներից, թվում է, թե եկեղեցի է։
Շենքերից նարնջագույն չորսհարկանին է ամենից շատը տպավորվել, որովհետև կանգնել էի ուղիղ մայթեզրին ու փոքր ինչ խափանում էի փողոցի երթևեկությունը, որ գոնե մի նկար ունենամ շենքի ֆոնին: Իսկ վարորդները, կարծելով թե անցնում եմ փողոցը, ինձ զիջում էին ճանապարհը։ Այդպես ամոթից դրդված ստիպված եղա մի քանի անգամ անցնել փողոցը։ Իրավիճակը մի փոքր խորթ է, բայց քաղաքի բնակչությունն իրոք գիտի հյուրընկալության բոլոր գաղտնիքները, և սա բազմիցս են ապացուցել։ Եթե հյուր գնալիս մեզ մոտ առաջինը սուրճ են հյուրասիրում, ապա Արցախում հաճախ զարմանում էին, երբ մենք սուրճ էինք առաջարկում իրենց։ Այնտեղ բոլորը թեյի սիրահարներ են և սրճարաններում էլ գլխավոր մենյուի հետ անպայման մոտեցնում են նաև թեյերի մենյուն։ Դե, էլ չեմ խոսում թեյերի բազմազանության և համի մասին։
Բացի ճարտարապետությունից, թեյասիրությունից և հազարավոր այլ հատկանիշներից, Ստեփանակերտն իդեալական է հանգստություն սիրող և աղմուկից փախնող մարդկանց համար, քանի որ չկա քաղաքային ակտիվ եռուզեռ, և իրեն հատուկ ներդաշնակ լռություն է տիրում, իսկ փողոցներում էլ եվրոպական երկրներին հատուկ կատարյալ մաքրություն է։
Ցանկությունս այնքան մեծ է ընթերցողիս ամեն մանրուքի մասին պատմելու, որ մոռացա ամենակարևորը․ ես բացահայտեցի աշխարհահռչակ «Ղարաբաղ» կարպետի գաղտնիքը։ Հասկացա, որ երբ գորգագործներն այդքան տարատեսակ գույներ են օգտագործում, դրանք պարզապես գույներ չեն, այլ հենց իրենց հոգու երփներանգության արտացոլանքը։
Կարծում եմ՝ նկատեցիք, որ հիշողություններս ներկա ժամանակով եմ պատմում ձեզ, քանի որ ես այսպիսի վառ տպավորություններով եմ եկել հարազատ դարձած Արցախ աշխարհից, Ստեփանակերտն այսպիսինն եմ թողել մոտ 317 կմ այն կողմ և երբ օրերից մի օր այցելեմ կրկին, հենց այսպես՝ մտապատկերներիցս էլ ավելի վառ ու շատ ջերմ է նա ինձ գրկաբաց ընդունելու։













