Ազատ տարածք խորագրի արխիվներ

jenya abgaryan

«Ամենա» հարաբերություններ

Արդեն քանի տասնամյակ է, ինչ ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ ամեն ինչ գնահատվում է ինչ-որ անհասկանալի սանդղակներով։ Դեռ փոքր տարիքում, երբ ընթանում է հասունացման պրոցեսը, հաճախում ենք դպրոց և ստանում կրթություն։ Այդ ստացված կրթությունն ընկալածի չափ փոխադրելով՝ ստանում ենք ինչ-որ անհասկանալի, սահմանափակված գնահատականներ, որը նշանակում է մեր պես կրթություն ստացած, ուղղակի մի փոքր շատ լիազորություններ ունեցող մի անձ։ Տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է այլ հարաբերություններում։ Մենք սիրահարվում ենք այն մեկին, որը մեր կարծիքով ամենագեղեցիկն է, մինչ այդ գեղեցիկի սանդղակն ինքներս ենք ստեղծում։ Խանութում գնում ենք ամենագեղեցիկ հագուստը, ամենալավ սնունդը, ամենաէժան կամ ամենաթանկ սրճարանն ենք հաճախում, ամենալավ համբավը ունեցող համալսարանը ընդունվում ու էլի «ամենա»-ներ։ Կարևոր չէ, թե այդ «ամենա»-ն լավն է, թե վատը, ախր «ամենա»-ն է։

Երբ դպրոցը շարունակելով համալսարան ես ընդունվում, հասկանում ես, որ էստեղ շղթան ավելի բազմատեսակ ու ընդլայնված է։ Ընտրում ես հոգուդ ամենահարազատ մասնագիտությունը, ու թվում է, թե հիմա կստանաս համապատասխան կրթությունդ ու կանցնես ամենալավ աշխատավարձով աշխատանքին, սակայն դրա մասին խոսելը, անգամ մտածելը դեռ շատ վաղ էր։ Անդրադառնալով համալսարանում սովորելու անվճար տեղերին՝ պետք է նշեմ, որ քանի որ չենք կարող ունենալ այնպիսի համակարգ, որը թույլ կտա ստանալ համալսարանական անվճար կրթություն, կամ առնվազն շատացնել տեղերը, կարծում եմ, որ այստեղ ինչ-որ լուծում է անհրաժեշտ։ Երբեք չե՞ք մտածել, ինչպես կարող են փչանալ ընկերների միջև եղած հարաբերությունները այդ մրցավազքի համար՝ սահմանափակ տեղերի առկայությամբ։ Բայց սա էլ դեռ ամենը չէր։ Յուրաքանչյուր կիսամյակ պետք է հանձնես միջանկյալ ստուգումներ, քննություններ, որոնք էլ իրենց հերթին են «բարդացնում կյանքը»։ Հասկանո՞ւմ եք՝ որքան բարդ է նայել ընկերոջդ աչքերին, երբ դու ընդամենը 1 բալ ավել ես ստացել, սակայն ոչ քո, ոչ էլ նրա գիտելիքը ոչ ոք չի կարող խլել։ Հաճախ կատակելով ասում են, որ արտագրողները միշտ ավելի բարձր են ստանում։ Ի՞նչ կասեք այս դեպքում։ Պետք է ուղղակի հասկանալ, լուծումներ գտնել, քանի որ մենք ոչ թե ուզում ենք հարաբերություններ, հոգեբանական լարվածություն ունենալ, այլ միայն ստանալ կրթություն։

Mariam Harutyunyan

Նամակ արտագաղթած ընկերոջս

Բարև, իմ ընկեր։ Հուսով եմ՝ լավ ես։ Իսկ կօգնե՞ս ինձ գտնել մի բառ, որը միաժամանակ բնութագրում է և՛ սեր, և՛ հիասթափություն։ Շատ անգամներ եմ փորձել գտնել կամ հորինել այդ բառը, բայց միշտ պարտվել եմ։ Շատ բան ունեմ քեզ ասելու, բայց աչքերս լցվում են, կոկորդս սեղմվում է, և չեմ կարողանում կողմնորոշվել՝ ինչպես սկսել նամակս։

Մտքերիս էջանիշը կանգ առավ այն օրվան ուղղահայաց, երբ առաջին անգամ հանդիպեցինք։ Հիշո՞ւմ ես՝ երկուսս էլ փոքր էինք, ու հենց այդ օրվանից էլ գրվեց մեր ընկերության պատմությունը։ Ամեն ինչ այնքա՜ն լավ էր, այնքա՜ն անհոգ… Ես կիթառ էի նվագում, իսկ դու երգում էիր, երազում էիր հայտնի երգչուհի դառնալ, և ես քեզ միշտ քաջալերում էի։ Հիշո՞ւմ ես՝ երկուսս էլ չէինք հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, բայց ամեն տարի նրան նամակ էինք գրում՝ հուսալով, որ նա կբերի մեր երազանքները։ Ես իմ նամակում միշտ խաղաղություն էի ուզում, իսկ դու՝ երջանկություն։ Մի՞թե հիմա քեզ երջանիկ ես զգում, օտար հողում երկու կտոր ավել հաց ուտե՞լն էր պատկերացրածդ երջանկությունը։ Դու անընդհատ քո հերոս պապիկի մասին էիր պատմում, որը զոհվել էր ռազմի դաշտում, ասում էիր՝ պապիկիդ թափած արյունը դեռ հոսում է քո մեջ, ասում էիր՝ հայրենասեր լինելը քո կոչումն է։ Ես միշտ ուշադրությամբ էի լսում հերոս պապիկիդ պատմությունը ու միշտ զարմանում ու հիանում էի նրա անսահման հայրենասիրության վրա։ Իսկ ի՞նչ արեցիր դու․ մի քանի րոպեում մոռացար հայրենասիրությունդ և պապիկիդ` թափված սուրբ արյունը վաճառեցիր տխմար աճուրդներում։ Դու ինձ խոստացել էիր երբեք չլքել․ ինչո՞ւ չպահեցիր խոստումդ։ Շատ եմ բարկացած քեզ վրա, իմ հին ընկեր, բայց չեմ կարողանում քեզ ատել։ Շատ անգամներ եմ փորձել արդարացնել արարքդ, բայց էլի պարտվել եմ։ Դու պատառոտել ես մեր ընկերությունը, իսկ ես դեռ շարունակում եմ այն սոսնձել։

Իմ լավ, իմ դավաճան ընկեր, ես ծրարում եմ այս ճերմակ թղթի անաղարտության մեջ լցրած կիսատողերս ու խնդրում քեզ ընթերցել ոչ թե գրվածը, այլ՝ չգրվածը, որովհետև… որովհետև չգրածիս համար բառեր չկային, որովհետև չգրածիս համար չկարողացա զգացածս ու մտածածս բառային կաղապարների մեջ տեղավորել ու քեզ հասցնել։

Ասելիքս շատ է, բառերս ՝ «խղճուկ»։ Հույս ունեմ քեզ մի օր նորից տեսնել, մի՛ մոռացիր՝ դու դեռ ինձ խոստում ես պարտք․․․

Նամակը հանձնեք հայրենասիրությունից խոսող «հայրենասեր» ընկերոջս։

ani galstyan

Դրական կողմը

Ինչի՞ է այսօր հասել աշխարհը… Ինչ-որ մեկն էլ ցանկանում է տարբեր գործարաններ ու արտադրամասեր ստեղծել։ Հասնում են իրենց նպատակին, հասնում, բայց միևնույն ժամանակ ոտնահարում հաջորդ սերունդների իրավունքը՝ ապրելու իրավունքը։

Այսօր բազմիցս խոսում են այն մասին, որ աշխարհը կործանման եզրին է։ Սա թերևս մարդկության ողջ պատմության մեջ միակ ճշմարտությունն է։ Բնությունը մեռնում է, և այս ամենի մեղավորը մարդն է։ Եթե մենք կարծում ենք, որ տարբեր կենդանիներ գազաններ են, ապա սխալվում ենք, քանի որ նրանց աչքերում գազանը մենք ենք։ Այս մարդ էակը կարող է ընդամենը մեկ կառույց շինելու համար խախտել հազարավոր կենդանիների անդորրը։

Իսկ ա՞ղբը… Մենք մաքրում ենք մեր բնակարանը, բայց կեղտոտում բակը, փողոցը։ Մենք մոռանում ենք, որ այս աշխարհն է մեր տունը։

Գլոբալ տաքացում, օդի աղտոտվածություն, մաքուր ջրի պակաս, կենդանիների ոչնչացում, անտառների հատում և այլն… Խնդիրների քիչ չեն, իսկ լուծումներ չկան։

Բայց այսօր ամբողջ աշխարհը կանգնած է մեկ այլ խնդրի առաջ՝ կորոնավիրուս։ Ավելի քան 3 ամսում զոհերի թիվը հատել է արդեն 100 հազարի սահմանը։

Իսկ եթե բնությունը պատժո՞ւմ է մեզ… Պատժում այն ամենի համար, որ մարդն արել է իր կյանքում։ Քանի որ շատ մարդիկ ուղղակի բեռ են Երկիր մոլորակի համար։ Ավելորդ մարդ չկա՞, թե՞…

Շատերը կորոնավիրուսին անվանում են չարիք, հրեշ և տալիս այլ պիտակներ։ Բայց այս վիրուսն իր երևի թե միակ դրական կողմն էլ ցույց տվեց։ Բնությունը հանգստի մեջ է։ Կարանտինի պայմաններում մարդիկ տանն են մնում, բնությունն օգտվել է առիթից։ Վենետիկում ջրերն այնքան են մաքրվել, որ կարելի է նկատել ձկներ։ Օրական օվկիանոս էր թափվում տասնյակ հազարավոր տոննայի հասնող աղբ, իսկ այսօր այդ թիվը կրճատվել է մի քանի անգամ։

Օդը սկսում է մաքրվել։ Հիանալի է, չէ՞։

Ճիշտ է, ցավում եմ, որ մարդիկ տառապում են կորոնավիրուսից, ցավում եմ, որ անմեղները նույնպես տուժում են, բայց․․․ Բնությունը ցույց է տալիս, որ մարդն ինչքան «գազան» է, բնությունն այնքան ահեղ է։

Ամեն դեպքում և՛ կորոնավիրուսի տարածումը կանխելու, և՛ բնությանն օգնելու համար, մնացե՛ք տանը, հարգելիներս։

Առո՛ղջ եղեք։

marat sirunyan

Այդ ո՞ւր կորան հրաշքները աշխարհի

Մեր տան դիմաց մի ծիրանի ծառ ունեինք,
Երբ ես փոքր էի, իսկ նա՝ մատղաշ ու փարթամ,
Որ ծաղկում էր, կարծես զուգված հարս լիներ,
Վազվզում էի ու խաղում էի շյուքի տակ,
Անմտաբար ճյուղերն էի ջարդոտում,
Բայց նա նորից ներողաբար ու սիրով,
Խոնարհում էր սաղարթները իր սիրուն,
Ու մայրաբար էլի ինձ գիրկն առնելով՝
Ցույց էր տալիս հրաշքները աշխարհի:

Երբ տարիներն խենթ ու խելառ, անհոգի,
Իմ մանկական անմտությունը առած,
Երազներս փշրեցին ու լուռ կորան,
Ծիրանենիս արդեն շատ էր խեղճացել,
Որ ծաղկում էր, ասես ճերմակ մազերով,
Որդեկորույս ու սգավոր մայր լիներ։
Ես՝ տարիքից խեղճացած իմ ոտքերը,
Քարշ էի տալիս ու նստում էի նրա տակ,
Իր վերքաշատ բնին հենում մեջքս կոր,
Ե՛վ տխրում էինք, և՛ բերկրանում միասին,
Ջահելության օրերն էինք մեր հիշում,
Ու ես պանդուխտ ու տարագիր որդու պես,
Պատմում էի՝ ինչ որ տեսա աշխարհում:

Իսկ նա գթոտ ու ծերացած մոր նման,
Իր բարակած ու չորացած «մատներով»,
Լուռ շոյում էր իմ ճերմակած մազերը,
Ու մտորո՜ւմ, ու մտորո՜ւմ էր երկար,
Թե ո՞ւր կորան գարունքները աշխարհի:

Հիմա արդեն ճերմակազարդ ու սիրուն,
Իմ նորահարս ծիրանենու փոխարեն,
Տե՛ս, հողակերտ սնարս է ինձ ժպտում,
Ու կանչում է, որ պատմի ինձ, թե ինչո՞ւ
Ծիրանենիս արդեն վաղուց չի ծաղկում…

Այդ ու՞ր կորան հրաշքները աշխարհի…

ella mnacakanyan yerevan

Ինքնամեկուսացած ծանոթություն

Հակավիրուսային բարև։ Գիտեմ, որ վաղուց չեմ գրել քեզ, ու միգուցե արդեն մոռացել ես ինձ ու ձեռագիրս։ Բայց, ոչի՜նչ, նորից կծանոթանանք․․․ դե՜, եթե իհարկե, դեմ չես։ Անունս չեմ ասում, որովհետև եթե մինչև էստեղ կարդացել ես արդեն, ուրեմն անունս էլ հաստատ նկատած կլինես վերևում՝ էն դեղին զգեստով նկարիս տակ։ Այդ դեղին զգեստով նկարիս օրն այսօրվա նման հիշում եմ․ երկինքը պայծառ էր, ու արևը դեղին-դեղին էր՝ ճիշտ զգեստիս նման։ Դպրոցն ավարտելու շեմին էինք ու դասարանով հավաքվել էինք՝ մի վերջին նախաավարտական ֆոտոսեսսիայի։ Այդ օրն ուրախ էի, երևի ակնհայտ երևում է ժպիտիցս։ Հիմա արդեն չեմ հիշում՝ ուրախությանս պատճառը դպրոցական կյանքիս մոտալուտ ավա՞րտն էր, թե՞ արևոտ երկինքը, որովհետև վերջինը սովորաբար բարձրացնում է տրամադրությունս, բայց առաջինն էլ վատ առիթ չէր ժպտալու համար։ Այդ ժամանակներից մոտավորապես 3 տարի է անցել, արդեն վաղուց աշակերտ չեմ ու հասկացել եմ, որ դպրոցական կյանքը բոլորովին էլ վատագույնը չէր, որ կարող էր պատահել ինձ հետ։ Սակայն որոշ բաներ այնուամենայնիվ անփոփոխ են իմ ներսում։ Էլի շարունակում եմ սիրել արևառատ եղանակն ու դեղինը՝ որպես հավաստում արևի նկատմամբ իմ անշահագրգիռ ու հավատարիմ սիրո։ Իսկ հիմա նստած եմ համակարգչի առջև ու ժամանակ առ ժամանակ հայացքս գցում եմ պատուհանից դուրս կախված գորշ ու ամպամած երկնքին։ Անձրևում է, անձրևում, անձրևում։ Էս ինքնամեկուսացում կոչվող սպանիչ շղթայում անձրևն էր միայն պակասում։ Ես անձրև չեմ սիրում, իսկ դու սիրո՞ւմ ես։ Բայց փոխարենը, դրա կաթկթոցի ձայնը հաճելի է ականջիս։ Հետաքրքիր է չէ՞, էդպիսի երևույթներ կան, որ չենք սիրում, բայց արդյունքը հաճելի է։ Օրինակ, մարմնիդ մարզվել պարտադրելը երբեմն շատ մեծ ջանք ու կամքի ուժ է պահանջում, մինչդեռ դրա արդյունքում քաշ կորցնելիս քեզ լավ ես զգում։ Կամ շարունակ ցավ պատճառող, բայց հարազատ դարձած մեկին կյանքիցդ հեռացնելու քաջություն ոչ միշտ է, որ ստացվում է հավաքել, մինչդեռ այդ քայլին հաջորդող հոգեկան ներդաշնակությունն արժի այն գինը, որ ստիպված ես լինում վճարել։ Հա, ինչ եմ ուզում ասել։ Մտածում եմ՝ միգուցե էս ինքնամեկուսացումն էլ, թեև արդեն անտանելի է դառնում, այն երևույթն է, որ պիտի ինքներս մեզ պարտադրենք ու դիմանանք, որ հետո արդյունքից հրճվենք ու մեզ լավ զգանք։ Չէ՞ որ ցանկացած արդյունքի համար էլ պիտի մի քիչ ինքդ քեզ նեղություն տաս․ մարմինդ բազմոցից պոկես կամ առավոտյան սովորականից շուտ արթնանաս կամ գուցե հարմարվես բացակայությանը էնպիսի մարդկանց, ում ներկայությունը թունավորում է կյանքդ՝ նույնիսկ առանց քո գիտակցության․․․ Կամ միգուցե ե՞ս եմ էսպես ինձ հույս տալիս, որ շարունակեմ դիմանալ ապասոցիալականացված ու անսովոր էս վիճակին։ Իսկ դու ո՞նց ես դիմանում։ Իսկ քեզ ի՞նչ մտքերով է պարուրում ինքնամեկուսացման շղթան։

Հ․Գ․ Արդեն մի քանի օր է՝ էս նյութս գրում ու ջնջում, խմբագրում ու սրբագրում էի, որովհետև ուզում էի հնարավորինս լավ ծանոթանալ քեզ հետ։ Բայց հետո հասկացա, որ ինձ ճանաչելուդ լավագույն տարբերակը մտքիս եղածը լսելդ է։ Իսկ դո՞ւ։ Իսկ դու կպատմե՞ս՝ ինչ կա քո մտքին․․․