Ազատ տարածք խորագրի արխիվներ

mushegh kurekhyan

Զրույց թեյի բաժակի հետ՝ վերաարժևորելով հիշողությունները

-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:

-2,5 գդալ,- ասացի ինքս ինձ ու բաժակը մոտեցրի գրասեղանին:

-Մերսի շատ,- պատասխանեցի ինքս ինձ:

Ի՞նչը կարող է մարդկանց կամ ինքդ քեզ հետ ավելի լավ համախմբել, քան մեկ բաժակ տաք թեյն ու հաճելի երաժշտությունը: Արտակարգ դրությունն ու մեկուսանալը դեռ չի նշանակում լինել ինքնամփոփ ու սենյակից օրերով դուրս չգալ։ Այլ հակառակը, այս պայմաններում պետք չէ սենյակում փակված լինել, եթե անգամ վախենում ես ոտքդ տնից մեկ մետր հեռու տանել, ապա հիշիր, որ քեզ համար ևս հույս կա։ Վերցնում ես թեյի բաժակը, ականջակալներդ ու գնում պատշգամբ։ Այո, մի զարմացիր, պատշգամբում օդը մաքուր է, ու քեզ նաև թարմ և սառը օդ է հարկավոր։ Պատշգամբը մարդուն աշխարհը ճանաչելու հնարավորություն է տալիս։ Գնա ու պատշգամբում վայելիր երեկոյի պարզությունն ու հատապտղային թեյի բույրը։ Դե ինչ, վերցրու թեյիդ բաժակը, ականջակալներդ և գնա․․․

Ես էլ կուզեի այդպես անել, բայց մի քիչ կշեղվեմ իմ ասածիցս, քանի որ այն տանը, որտեղ ապրում եմ, պատշգամբը հարմար չէ դիրքավորվելու ու երաժշտություն լսելու համար։ Վերցրել էի թեյի բաժակը, նստել համակարգչի առաջ ու մտածում էի՝ ինչ անել․ դասերից, գրքերից, ֆիլմերից ու սերիալներից արդեն հոգնել եմ, ինձ թարմություն է հարկավոր։ Հանկարծ աչքովս ընկավ 17-ի բաժակը՝ վերևում մեծ-մեծ տառերով իմ անունը գրված։

-Ախր, ես մանանայեցի եմ, ինչպես կարող էի այսքան ժամանակ հոդված չգրել կամ չկարդալ գրվածները,- սկսում եմ բարձրաձայն մտածել։
Սակայն հետո փորձում եմ ինքս ինձ արդարացնել՝ ասելով, որ դասերը շատ են, կողքից աշխատանքը, չեմ հասցնում։ Ինչքան էլ փորձեցի արդարացնել, չստացվեց, մեկ տարվա ընթացքում ես հաստատ ունեցել եմ գոնե 1 ազատ օր։ Լավ, գոնե հիմա՝ մեկ տարի անց կարդամ հոդվածներից մի քանիսը։ Կարդացի ըստ վերնագրերի հետաքրքրության։ Ժամ, ժամուկես կարդալուց հետո մտածեցի իմ անունը փնտրել կայքում։ Հանկարծ 2 նյութ բերեց․ մեկն Արմանի «Մուշն» էր, մյուսը՝ Նինայի «Մուշեղ Կուրեխյանին»-ը։ Վերընթերցեցի ու հասկացա, թե ինչքան լավ ժամանակներ են եղել, երբ գրեթե հոգսեր չեն եղել։ Նինայի գրածից հիշեցի իմ գրած ամենասիրուն ու հավես հոդվածը՝ «Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան»-ը։ Ոնց որ շատ կարդացի, սպասիր մի հատ հոդված գրեմ։ Բայց ինչի՞ մասին։ Արդեն տարուց ավելի է, հենց լսում եմ հոդված կամ լուր գրել բառակապակցությունները, ակամա հիշում եմ շրջված բուրգը, 5w-ների կանոնը, հավաստիությունը, օբյեկտիվությունը։

-Ա՜, էլի շեղվեցի դեպի դասական լրագրություն։
Կարոտել եմ հոդվածներ գրելու մեր հին ձևին, որի համար պետք չէր գրքեր կարդալ ու կանոնները արտագրել ու նոր սկսել հոդված կամ ակնարկ գրել։ Ինչի՞ մասին, ինչի՞ մասին կարելի է գրել։ Գնամ դրսում քայլելու, երևի մուսաս գա ու գրեմ։ Մոռացել էի՝ առանց հատուկ անհրաժեշտության չի կարելի դուրս գալ։ Բայց մաքուր օդ է հարկավոր ու թարմություն, որ կարողանամ գրել։ Միգուցե դուրս գամ պատշգամբ ու փորձեմ այդպես թարմանալ։ Թեյնիկը միացրի, հատապտղային թեյը լցրի բաժակն ու հարցրի․

-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:

armine karapetyan

Սովորական գարուն է

Սովորական գարուն է: Իմ տեսած 17 մնացած գարունների պես: Նույն գիժ մարտն էր, որ կեղծ արևի տակ միշտ արցունքանման անձրևի կաթիլներ էր պահում ու մեկումեջ մաղում երկնքից: Նույն ապրիլն է, երբ մնացած բոլոր վայրերում եղանակը գնալով մեղմում է, իսկ մեր ափաչափ գյուղում դեռ շարունակում է ձյուն գալ:

Շատ հնարավոր է, որ ինձնից շատ առաջ գարունները բոլորովին տարբեր են եղել՝ տաք, արևոտ, առանց տանիքների, որոնք հետո պիտի կորցնեին իրենցից դուրս եկող ծուխը: Այնուամենայնիվ, ամեն ինչ հարաբերական է, ամեն բան փոխվում է ու միշտ է փոխվելու։

Չէ՜, կներե՜ք, պիտի ասեի՝ նախորդ 16 գարունների պես՝ իրար շատ նման ու գունավոր: 17-րդը տարբեր է, մի քիչ արտասովոր, նստակյաց ու անգույն: Միգուցե տարիներ հետո միմյանց հետ զրուցելիս կարոտով կհիշենք այս օրերը ու կասենք՝ 2020-ի գարունն էր…

Համոզված չեմ կարող ասել, որ կկարոտենք, բայց մենք, պատմության մի մասնիկ լինելով, ահռելի մարտահրավերներ ենք ընդունել ու պարտավոր ենք արժանապատվորեն հաղթահարել կյանքի տված փորձությունը:

Երևի սա ևս մեկ անգամ հնարավորություն է մեզ համար, որ արժևորենք յուրաքանչյուր վայրկյանն ու րոպեն, որ պատրաստ լինենք ամեն ինչի, պայքարենք ամենատարբեր ձևերով՝ տանը մնալով, միմյանց սիրտ տալով ու հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու… Ու չնայած, որ սա դեռևս իմ ամենատխուր գարունն է, բայց այն դեռ շարունակվում է ու մեզ անգարուն չի թողնի։

Դրսում ծառերը կուչ են եկել, փողոցները կյանքին կարոտ են մնացել, բայց մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են սիրահարված մնալ հույսի այն փոքրիկ նշույլին, որ պիտի մեծանա ու հույսի ծով դառնա մի օր։

Ես հավատում եմ ու դու էլ հավատա: Հավատա, որ եկող ամառը այնքան տաք ու լուսավոր պիտի լինի, որ զգացնել չտա գարնան պակասությունը մեր ոսկորներում, այնքան հրաշալի, հագեցած ու ուրախ պիտի լինի, որ երանելության մեջ հայտնվենք: Անպայման կգա, հաստա՛տ, խոսք է տվել, իսկ խոստացածը չկատարելը անազնվություն է, ինչը երբեք մեր Մոլորակը չի անի։

Դե իսկ դու՝ մեր ամենասիրելի Մոլորակ, մեր Երկիր, շուտ ապաքինվի՛ր, դու արժանապատվորեն անցել ես ավելի դժվար ճանապարհներով ու հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, չընկճվե՛ս, չնահանջե՛ս։

goharpetrsoyanervn

Կրակս հանգչում է

Կրակս հանգչում է,
Մի կտոր կյանք տուր.
Հերիք է ծխա օրս վերջին,
Արդեն խեղդվում եմ բացակայությունիցդ։
Սիրում ես նստել ու վրաս նայել,
Տեսնես՝ մխում եմ ու անվերջ մխում,
Եվ չես էլ ուզում մեկ բաժակ ջրով
Հանգիստ բերել իմ այրվող մարմնին։
Աչքերումդ խավարներ կան,
Որ դիվային էակների բար են դարձել։
Մի սպիտակ լույս ճառագայթի խավարներիդ սև պատերին՝
Տեսնես ստվերս կողքիդ կանգնած ու վերջ դնես արհամարհանքին։
Տե՛ս, մխում եմ ու ծուխ դառնում,
Խիղճդ սատանի բաժի՞ն դարձավ.
Ափսոսում ես մի սառը ջուր լցնել վրաս,
Այլ ցանում ես, որ լա՜վ ցավի, մի լա՜վ տանջվեմ,
Նայես մոխրիս ու լիանաս,
Ինձ չհիշած լոկ մոռանաս։
Եվ չես ուզում մի կտոր կյանք վրաս գցես,
Հաճելի է քեզ ցավը իմ.
Խավարները այդ աչքերիդ լցվեն ծխով, ինձ չտեսնեն,
Ու փոթորկվեն, լա՜վ փոթորկվեն մոխրիս վրա…

***

Մանկությունս լալիս է մի խենթ կարոտով

Ուզում եմ պատմել կարոտիս մասին,
Որ երազանքիս ճանապարհներին
Հանկարծ կորցրի ընկնող աստղի պես,
Եվ տողերումս պահել ուզեցի:

Աշնան մեգի մեջ խամրեց պատկերը,
Թառամած վարդի պես գլուխը թեքեց,
Առանց մի վերջին մնաս բարովի
Մեր ճամփան երկար հանկարծ բաժանվեց:

Ավարտվեց կյանքիս մանկությունը այդ՝
Երկինք ճախրելով տանս պատերից,
Չորացավ ծաղիկս… հեռացավ անդարձ՝
Մանկությանս ձեռքն ամուր բռնելով:

Հոգիս լցվել է լոկ դատարկությամբ,
Քամին՝ պատվել խնկի թունդ բույրով,
Տանս դատարկված այն անկյուններում
Մանկությունս լալիս է մի խենթ կարոտով:

Ծխե՛լ եմ ուզում… հարբե՛լ… խելագարվե՛լ…
Կրակայրիչս վառվել չի ուզում, գինին՝ հարբեցնել,
Խելագարվել էլ չկարողացա.
Կյանքում կրկնակի ոչինչ չի լինում:

hripsime vardanyan

Պուշկինն ու մենք

Վերջին մի քանի հոդվածներս սկսվում են խոսքերով այն մասին, որ երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Եկեք ավանդույթները չխախտենք:

Երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Պառկում եմ քնելու` հազարավոր և միլիոնավոր մտքեր ու թեմաներ են ծագում գլխումս: Ինքս ինձ խոստանում եմ, որ առավոտյան բոլորը հերթով կգրեմ: Սակայն, եթե նկատել եք` անցած հոդվածիցս գրեթե մեկ տարի է անցել:

Ի տարբերություն Չինաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ժողովրդի, և ի զարմանս ինձ՝ իմ նոր տարին շատ լավ եմ սկսել: Ինչ-որ թարմություն էի զգում իմ մեջ: Զգում էի, որ այս տարին հաջողակ է լինելու: Սակայն տեղի ունացավ այն, ինչից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ: Մի մտածեք, թե սկսելու եմ գրել COVID-19-ի մասին: Արդեն հոգնել եմ նույն վատ նորությունները լսել ամեն առավոտ: Դրա համար շեղվենք այդ թեմայից:

Իհարկե, ծիծաղելի կհնչի, բայց այս մեկուսացումը մեծ հնարավորություն է բոլորիս համար` բացահայտելու մեր մեջ թաքնված կարողությունները, կամ անել այն, ինչը պլանավորում էինք դեռ վաղուց, օրինակ` հոդված գրել, կամ կարդալ վաղուց պահարանին մոռացված գիրքը: Վերջիվերջո, «մարդու նման» շփվել ընտանիքի անդամների հետ, արխիվից հանել հին լուսանկարներն ու հիշել անցած, գնացած տարիները: Ես իջնում եմ բակ, մայրիկիս օգնում տան գործերում, իսկ ինչու ոչ: Իմ գրականության դասախոսը, փորձելով մեզ ոգեշնչել, մեզ հիշեցրեց այն մասին, որ Ա.Ս. Պուշկինն իր ամենահայտնի և ամենասիրված ստեղծագործությունները գրել է մեկուսացած լինելով: Այնպես որ, հետևեք Պուշկինի օրինակին` գուցե մի բան ստացվի:

Susanna Grigoryan

Նա

(Իրական փաստերի հիման վրա)

Նա միշտ արագ էր քայլում՝ ինչքան տարիքը ներում էր։ Եթե երիտասարդ լիներ, հաստատ կվազեր։ Երևի որովհետև տանից դուրս գալ, մարդկանց հետ շփվել չէր սիրում։ Բացի դրանից՝ նա էլի բազմաթիվ բաներ չէր սիրում։ Չէր սիրում չոր աթոռներ, զինվորական կոշիկներ ու դատարկ դարակներ։ Չէր սիրում, երբ դրսում ուժեղ անձրև էր գալիս կամ երբ արևը այրում էր։ Բայց աշխարհում ամենից շատ նա ատում էր հերթերը՝ երկար, հեղձուցիչ, որ չէին թողնում շնչել, հասնել ուտելիքին․․․

Երկար հերթերը նրան չէին սպառնում։ Նա էնքան փոքր գյուղում էր ապրում, որտեղ դրանք պարզապես չկային։ Բայց միևնույնն է, հանգիստ խանութ գնալ չէր ստացվում։ Բոլորը նայում էին։ Ձևացնում էին, թե չեն նայում, բայց նայում էին։ Երեխաների համար իսկական տոն էր։ Հրում էին իրար, բարձր ծիծաղում ու մատով ցույց տալիս։ Ծնողները փորձում էին նրանց տուն մտցնել, բայց աչքի տակով իրեն էին նայում։ Մինչև հասնում էր խանութ, ձեռքերը սկսում էին սովորականից ավելի շատ դողալ, բերանը չորանում էր, ու մի քանի անգամ ձեռքից գցում էր ձեռնափայտը։ Մտնում էր ու մեծ փաթեթով դուրս գալիս։ Ամեն անգամ իրեն խոստանում էր, որ կհասնի տուն նոր կբացի, բայց չէր ստացվում, բա որ չհասցներ։ Արդեն սովորել էր ինքն իրեն ոչինչ չխոստանալ։ Հենց տեղում էլ հանում էր երշիկն ու մեծ-մեծ կծելով սկսում ուտել։ Գյուղացիները ավելի մեծ եռանդով էին երեխաներին ներս հրում։ Երևի վախենում էին, որ նրանց էլ կուտի, որովհետև նա ուտում էր ամեն ինչ՝ առանց հասկանալու, առանց կշտանալու, էնքան, որ սիրտը խառնի, որ ստամոքսը սկսի ցավալ։ Ու հետո ոնց եկել էր, էդպես էլ հետ էր դառնում՝ թուքը կաթացնելով գյուղի փողոցներին։

Գյուղացիները խոսում էին, որ պատերազմի ժամանակ գերի է եղել ու էնքան են սոված պահել, որ խելքը թռցրել է։ Էլ ուտելիքից չի կշտանում, վախենում է, որ ուր որ է՝ էլի պատերազմ է սկսվելու ու ինքն էլ էլի սոված կմնա։ Մի մասն էլ եղածը ավելի էր ճոխացնում։ Իբր տանը ուտելիքի պահոց ունի,  որտեղ ինչ ասես չկա․ էլ նրբերշիկ, էլ կանաչի, էլ պանիր ու պահածոներ՝ լիքը-լիքը պահածոներ․․․

Գյուղացիները շատ են խոսում․ ճիշտն ու սխալը դժվար է ջոկել:

Հաղթանակա՛ծ ապրիլ, գարունդ նորից կծնվի

Լույս, խավար, լույս, խավար․․․

Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել։

Հերթական սովորական օրերից էր։ Դպրոցում դասի էինք, երբ հանկարծ ամեն ինչ մի վայրկյանում փոխվեց։ Լուր տարածվեց, որ պատերազմ է սկսվել։ Մենք դեռ այդքան էլ չէինք գիտակցում, թե ինչ է կատարվում, բայց մեր ուսուցիչները լավ գիտեին, որովհետև արդեն մեկ անգամ անցել էին դրա միջով։ Դասերն ավարտելուց հետո տուն գնացինք։ Ամբողջ քաղաքն էր արդեն պատերազմի մասին խոսում։ Անգամ լսում էինք, որ մի քանի ժամ առաջ կամավորական ջոկատներ են Արցախ մեկնել։ Փողոցում ամեն ինչ հանդարտ էր, բայց մարդկանց նայելիս կարելի էր միանգամից հասկանալ, որ անասելի անհանգիստ ու լարված էին։ Այդ օրը կիթառահարների մեր փոքրիկ խմբով առաջին անգամ պետք է նվագեինք։ Նվագեցինք, բայց․․․ Փոքրաթիվ հանդիսատեսը, որ կանգնած էր, ջանում էր ոգևորել մեզ, բայց յուրաքանչյուրիս էլ այդ պահին մի հարց էր տանջում՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ հանկարծ սկսվեց այդ ամենը, ինչպե՞ս էին զինվորները, շա՞տ են զոհերը, ի՞նչ է լինելու վերջում, ե՞րբ է ավարտվելու ամեն ինչ։

Մայրիկիս հետ տուն էինք վերադառնում, երբ բակում հանկարծ մի քանի րոպե քարացա տեղումս․ երբեք այդքան բարձր դղրդոց չէի լսել։ Հարցրի մայրիկիս, թե ինչ է կատարվում, ու նա ասաց, որ տանկերն են պատերազմի գնում։ Անհավատալի էր, բայց մեզնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էին գտնվում այդ տանկերը։ Նրանց ձայնից կարծես ողջ քաղաքը ցնցվում էր։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էի անթարթ հայացքով մտապահում այդ ձայները։ Ես ոչ միայն անսպասելի վախից, այլև զարմանքից էի քարացել։ Չէի կարողանում հավատալ, որ այդ ամենն իսկապես կարող է իրականություն լինել։ Ախր մենք պատերազմի մասին միայն գրքերում էինք կարդացել։ Մայրիկս այդ պահին մի փոքր ավելի սառնասիրտ էր, չէ, ոչ թե սառնասիրտ, այլ փորձառու։ Նա արդեն երկրորդ անգամ էր տանկերի ձայնը այդչափ բարձր լսում։ Նա երկրորդ անգամ էր պատերազմական այդ իրավիճակին ականատես լինում։ Տուն հասնելուց հետո ընկերներով անընդհատ քննարկում էինք իրավիճակը, իրար հարցնում, թե ինչ նորություն կա։ Ոչ մի վայրկյան հեռուստացույցի էկրաններից չէինք կտրվում, որովհետև ամեն վայրկյան լուրերի էինք սպասում։ Շուտով սկսեցին հերթով մեր զոհերի մասին հայտարարել։ Նրանց նկարներն էին ցույց տալիս, պատմում նրանց մասին։ Ժամ առ ժամ, օր օրի անուններն ավելանում էին, ու չնայած՝ մեծամասնությանն անձամբ չէինք ճանաչում, մեր արցունքները չէինք կարողանում զսպել։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը լույս էր, կյանք։ Հերթը հասավ նաև մեր քաղաքի՝ Կապանի հերոսներին։ Ամբողջ քաղաքն էր սգում։ Նրանցից երկուսի թաղման օրը, երբ ամբողջ քաղաքն էր ճանապարհում, մենք աշակերտներով հավաքվել էինք դպրոցի բակում։ Երբեք մեր բակը այդքան լռակյաց չէր եղել․ անգամ շշուկ չէր լսվում։ Բոլորս մեր արցունքներոը խեղդելով կամ էլ հուզվելով, ափսոսանքով նայում էինք այդ դաժան, սիրտ կրծող, ցավալի տեսարանին։ Չէ՞ որ այդ հերոսներից յուրաքանչյուրը լուսավոր երազանքներ, նպատակներ ուներ։ Պատերազմական այդ օրերին բոլորիս կյանքը կարծես գլխիվայր շուռ եկած լիներ։ Անտանելի անհանգստություն, անբացատրելի իրադարձություններ, անդադար հարցեր, ափսոսանքով նայող հայացքներ, անմեղ զոհեր, անբուժելի ցավ, անջնջելի հիշողություններ, աննկարագրելի խորը վերք, որը դեռ շատ երկար, գուցե և երբեք չսպիանա։

Մենք, որ սահմանին կանգնած չէինք կռվում, այսպիսի զգացողություններ, ապրումներ ենք ունեցել։ Իսկ ի՞նչ են զգացել այդ րոպեին սահմանին կանգած զինվորները, որոնք իրենց ընկերների մահն են տեսել, որոնք պայքարել են, որոնք զգացել են պատերազմի դառը համը։ Կարծում եմ՝ բառերը քիչ կլինեն անգամ նկարագրել փորձելու համար։ Շատ պատանիներ ժամանակից շուտ հասունացան, սկսեցին շատ խորը ընկալել ու հասկանալ, թե ինչ է հայրենիքը, ընկերությունը, հայրենասիրությունը։

2016թ․-ի ապրիլը տպվեց բոլորիս հիշողության մեջ։ Ցավալի է, երբ մարդկային կյանքը ժամանակից շուտ է ընդհատվում։ Որքան էլ փորձում ենք ցույց տալ, որ կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքով շարժվել, այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ շատ բան է փոխվել։ Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ առանձնանում ենք ինքներս մեզ հետ՝ սկսելով անդադար հարցեր տալ ու պատասխաններ գտնել։ Պատասխանների մեծ մասը այդպես էլ չենք ստանում ու, երևի թե, դա բնական է։ Ուղղակի պիտի համակերպվենք այն փաստի հետ, որ պատերազմը միշտ էլ զոհեր է պահանջում։ Հիշողությունները երբեք չեն լքի ու ցավ կպատճառեն հենց այն պատճառով, որ ընդամենը հիշողություն են։ Կյանքը գուցե ամեն վայրկյան է փոխվում, բայց կան արժեքներ, որոնք մնայուն են։ Խաղաղությունը բացարձակ արժեք է և ցանկալի կլինի, որ օրերից մի օր կարողանանք վերջնականապես հասնել դրան։ Իհարկե, ասածս մի փոքր անհավանական է հնչում, բայց պետք չէ հուսահատվել։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մենք այսօր մեր ամենօրյա կյանքն ենք ապրում։

Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել, բայց չգիտեր, որ չի կարողանալու հաջողել։ Ախր նա այնքան վախկոտ է ու այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի հասկացել, որ լույսը միշտ է հաղթում խավարին, միշտ։

Լույս, խավար, լույս, խավար, լույս։