
Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի
Ինձ համար գոյություն ունի երեք ռեժիմ՝ ամենազբաղված օրեր, երբ՝
ա. մեկից ավելի պարապմունք եմ ունենում,
բ. սովորական դպրոցական օրեր, երբ պարապմունք չեմ ունենում,
գ. հանգստյան օրեր, երբ փորձում եմ վայելել օրս:
Երևի զարմացաք այս բաժանումից, բայց հիմա կբացատրեմ: Սկսեմ կեսօրից, որպեսզի ձեզ ավելի հասկանալի լինի:
Տարբերակ Ա
Դասերը վերջանում են 15.30-ին, և ես դասընկերուհիներիս հետ զրույցի բռնվելով՝ հասնում եմ մայրիկի աշխատավայր: Ճանապարհին, ինչպես միշտ, հետևյալ հարցերն ենք քննարկվում.
-Էսօր քանի՞ դաս ունենք…
-Ա՜հ, գործնական ունենք գրելու…
-Բայց էսօր կենսաբի դասը հետաքրքիր էր…
Ու… Զրույցն ավարտվում է մեր բաժանման կետում, երբ գնում ենք տարբեր ուղղություններով:
Մտնելով մայրիկիս աշխատասենյակ, վերցնում եմ ինձ հասանելիք գումարը՝ այն գումարը, որով պետք է ինչ որ բան ուտեի` երկու պարապմունքի դիմանալու համար: Մտածում եմ… Կես ժամ ազատ եմ ու որոշում եմ զբաղվել այդ գործով… Հետո բատիկայի համար կտոր կգնեմ, էսքիզ կմտածեմ, հետո էլ գերմաներենի բառատետրը կկրկնեմ: Բայց, ինչպես միշտ, ժամանակը չի հերիքում, և ես շտապում եմ գերմաներենի պարապմունքի: Առաջին պարապմունքը վերջացնելուց հետո շնչակտուր հասնում եմ երկրորդին, որովհետև արդեն ուշացել էի: Դա բատիկայի ժամն է, որը շատ եմ սիրում : Բատիկան հանգստացնում է նյարդերս, և կարծես ազատվում եմ լարվածությունից: Այդ ժամին լսում եմ իմ սիրած երաժշտությունը և նկարում փափուկ կտորի վրա:
Դե, ի՞նչ… Նայում եմ ժամացույցին` 6 անց կես է, և ես ընկերուհուս` Նանեի հետ բարձրանում եմ տուն: Քայլելով տուն եմ հասնում 30 րոպեում:
Վերջապես հասնում եմ տուն՝ անշարժ պառկում եմ այնքան ժամանակ, մինչև լսում եմ.
-Սոֆյա՛, վեր կաց լվացվիր, փոխվիր, նստիր հաց ուտելու:
-Սոֆյա՛, քեզ հեռախոսով կանչում են:
-Գնա՛ կենդանիներին կերակրի՛ր՝ մեղք են, հետո էլ նստի՛ր դասերիդ, ժամը 7-ն ա:
Ես գնում եմ շանը, կատուներին կերակրելու, հետո հաց եմ ուտում, դասացուցակս եմ աչքի անցկացնում ու սկսում եմ դարակս փորփրել ՝ պետքական գրքերը գտնելու համար: Սովորում եմ, վերջացնում, նայում ժամացույցին` արդեն 10-ն է լինում: Ստիպված անցնում եմ պարապմունքներիս՝ գերմաներեն, անգլերեն, երկրաչափություն… Դրանք էլ`մի կերպ սովորելուց հետո պառկում եմ ու հանկարծ…
-Ա՜հ, էլի մոռացա… Ծառատունկի նկարը, քիմիայի պատի թերթը, աշակերտական խորհրդի ծաղիկը, 17.am-ի նյութը…
Բայց արդեն գիշերվա մեկն է , իսկ ես պետք է արթնանամ 8-ին` այս ձայնից.
-Սոֆյ՜ա, հազար անգամ ասացի, արդեն 8 անց քսան դարձավ, վե՛ր կաց:
Ես արթնանում եմ այն համոզմունքով, որ պետք է 5 րոպե ուշացումով դասարան մտնեմ ու տեսնեմ քիմիայի ուսուցչուհու տարօրինակ հայացքը, որից հետո դասը պատմեմ ու պատասխանեմ նրա հարցերին:
Տարբերակ Բ
Երբ պարապմունքներ չեմ ունենում, այսինքն, սովորական դպրոցական օրերին, գալիս եմ տուն, դաս սովորում, լրացուցիչ բաներով զբաղվում (նյութ գրում, նկարում, երգ բեռնում, շանս հետ ֆուտբոլ եմ խաղում) ու երեկոյան անպայման ֆիլմ եմ դիտում:
Տարբերակ Գ
Հանգստյան օրերին էլ `առավոտյան 9 անց կես, քնաթաթախ իջնում եմ անգլերենի պարապմունքի (պատկերացնո՞ւմ եք, ես շաբաթվա ոչ մի օր չեմ կարողանում լիարժեք քնել): Հետո կամավորականներից մեկի հետ պարապում եմ անգլերենի բանաստեղծության մրցույթի համար: Վերջացնելուց հետո, ընկերուհուս` Նոնայի հետ դուրս եմ գալիս զբոսնելու ու ֆոտոներ եմ անում: Վերջում` 17. 00-ին գնում եմ երկրաչափության պարապմունքի: Ինչպես միշտ տուն եմ վերադառնում երեկոյան ժամը 7-ին:
Սա էլ իմ զբաղվածության մասին: Ճիշտ է, ծանրաբեռնված եմ, բայց ես սիրում եմ ինչ-որ բան անել: Եվ նույնիսկ ազատ պահերին փորձում եմ մի հետաքրքիր բան մտածել:
Երբեք չեմ մոռանա անցյալ տարվա սեպտեմբերի 24-ը: Ես պատրաստվում էի գնալ պարապմունքի. ժամը մոտավորապես 5-ն էր: Հանկարծ սկսվեցին կրակոցները: Մայրիկիս հետ պատսպարվեցինք մորաքրոջս տան ապաստարանում: Տասը րոպե չանցած իմացանք, որ գյուղից երկու զոհ ունենք: Ամբողջ գյուղը միանգամից սկսվեց դատարկվել: Մայրիկս ասաց, որ պատրաստվենք գնալ մորաքրոջս տուն: Այնտեղ ամբողջ օրը խոսում էին կրակոցների մասին: Մայրիկս չէր ուզում, որ մենք լսենք իրենց խոսակցությունը: Ասում էր` երեխեքը կվախենան: Դպրոցը փակել էին: Երբ մենք վերադարձանք գյուղ, ուզում էինք գնալ դպրոց, իմացանք, որ այնտեղ 360 աշակերտից գնացել էին ընդամենը 50 աշակերտ: Դա մեզ համար արդեն սովորական է դարձել. Կրակոցների պատճառով լարված օրերին դասերը դադարեցվում են:
Աղբահանությունը աշխարհում տարածված հիմնախնդիրներից է: Ինձ հուզում է շրջապատիս աղտոտվածությունը: Ես չեմ թաքցնում, որ սա նաև իմ սխալներից ամենագլխավորն է. թեև ես բողոքում եմ, բայց ինքս էլ երբեմն աղբ եմ թափում ճանապարհի եզրերին, բնության գրկում: Պատճառներից մեկն այն է, որ աղբամաններ չկան, աղբահանություն չի կատարվում:
Պատմությունից գիտենք, որ հայ ազգն իր հավատքը պահպանելու համար միշտ հալածանքների է ենթարկվել այն ազգերի կողմից, ովքեր ցանկացել են իրենց ենթարկել հայերին և տարածել մահմեդականություն կամ այլ կրոն: Բայց ցավոք, ժամանակի ընթանցքում մենք հեռացել ենք մեր հավատքից: Վառ օրինակ է իմ հայրենի գյուղը՝ Կողբը: Այնտեղ կան մի քանի եկեղեցիներ, որոնցից մեկը՝ Սբ. Հովհաննեսը գործող է: Այնտեղ՝ ինչպես և մյուս բոլոր եկեղեցիներում ամեն կիրակի և տոն օրերին մատուցվում է Ս.Պատարագ, բայց գյուղից շատ քչերն են մասնակցում, կամ լինում է նաև, որ ոչ մեկը չի գնում, և ստիպված են լինում Պատարագը չեղարկել: Այս հարցը ինձ շա՜տ – շատ է հուզում, որովհետև չեմ ուզում համագյուղացիներս կորցնեն իրենց հավատքը:
Ես Դավիթն եմ: Ապրում եմ Բաղանիս գյուղում: Ես ուզում եմ դառնալ քանդակագործ: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմ ծնողները խրախուսում են իմ ընտրած մասնագիտությունը: Ես ընտրել եմ այդ մասնագիտությունը, որովհետև ինձ շատ է դուր գալիս: Ես ցանկանում էի հաճախել քանդակագործության դասընթացի, բայց գյուղում չկա այդպիսի խմբակ: Այդ պատճառով հաճախում եմ հարևան գյուղ: Ցավոք այնտեղ շենքային պայմանները շատ վատն են: Այնտեղի սենյակները խոնավ են և ցուրտ, այդ պատճառով մենք սպասում ենք օրերի տաքանալուն, որպեսզի սկսենք քանդակագործության դասերը:









Մտածեցի, մտածեցի ու որոշեցի սպասել դասերն սկսելուն, հաստատ մի հետաքրքիր բան կլինի գրելու համար: Ու առաջինը, որ հանդիպեց, ընկեր Արտաշյանն էր՝ ռազմագիտության ուսուցիչը: Մեկ ամիս արձակուրդից հետո նոր ոգով էինք մտնում դպրոց ու սկսում նոր կիսամյակ: Ճի՛շտ է, ռազմագիտությունը յոթերորդ դասաժամին էր, բայց մենք այդքան էլ հոգնած չէինք, և գիտեինք, որ դասաժամը ինչպես միշտ թեթև ու հետաքրքիր կանցնի: Նախորդ դասին անցել էինք ավտոմատի բաղկացուցիչ մասերը, իսկ այժմ մեզ անակնկալ էր սպասվում: Մենք պետք է սովորեինք 33 վայրկյանում այն քանդել ու հավաքել: Բաժանվել էինք երեք խմբերի ու փորձում էինք երեք ավտոմատով հերթով սովորել ու «յոլա գնալ»:
Ժամանակը թռչում էր արագ և շատ հետաքրքիր էր անցնում մի պարզ պատճառով՝ մենք ուսումնասիրում էինք մեզ բացարձակ անծանոթ իր: Երբ առաջին անգամ տեսա ավտոմատը և դիպչեցի դրան՝ պատկերացրեցի սահմանին կանգնած զինվորին, ով անքուն հսկում է մեր խաղաղությունը: Հիշեցի զինվոր եղբայրներիս, պատկերացրեցի ինձ իրենց տեղը ու ինձ պարտավորված զգացի հայրենիքիս հանդեպ: Առաջին անգամ էի այդպիսի զգացողություն ունենում:
-Արա՛, հազար եմ ասել հեռու գնա, էդ ավտոմատը շատ վտանգավոր ա:
Հարց համար 2.