Իմ էջը խորագրի արխիվներ

anahit arshakyan

Պատահում է

Պատահում է, որ փրկությունը սպանում է քեզ, իսկ սպանությունը դառնում փրկություն: Պատահում է, որ կյանքը դառնում է շնչել, իսկ շունչը՝ կյանք: Պատահում է, որ իմաստը դառնում է թշնամի, իսկ անիմաստությունը՝ լավ ընկեր: Պատահում է, որ լավ ընկերը դառնում է բառ, իսկ բառը՝ կողքինդ: Պատահում է, որ կողքինդ դառնում է կողքի, իսկ կողքինը՝ անցյալ: Պատահում է, որ անցյալը դառնում է  մարդ, իսկ մարդը՝ տանջանք: Տանջանքը դառնում է խաղ, իսկ խաղը՝ սովորական: Իսկ պատահում է նաև, որ սովորականը դառնում է երազանք, իսկ երազանքը… Երազանք պատահում է, որ չես ունենում: Պատահում է, որ ազատությունը դառնում է երազ, իսկ երազը… Իսկ երազներ չես տեսնում: Պատահում է, որ իրականությունը դառնում է անհայտ, իսկ անհայտը… Ամեն բան բացահայտված է լինում. պատահու՛մ է: Պատահում է, որ բացահայտումը դառնում ես դու, իսկ դու…

Լավ, սպասիր: Ես որոշում եմ որոշել դու-ն: Թող որոշեմ:

Իսկ որոշումից առաջ կարծում ես` կա՞ ընտրություն։

Պատահում է, ես քեզ չեմ հասկանում քո ընտրություններում, որովհետև չեմ կարող նախապես գնահատել բոլոր հնարավոր եզրույթները ո՛չ քո ենթագիտակցականի, ո՛չ էլ՝ կյանքի։ Հիմնականում ես չեմ որոշում քո որոշվելիք ընտրությունները։

Ա՜յ օրինակ, պատկերացրու. դու նստած ես մի հարմարավետ աթոռի՝ դրսում մի տեղ` հաճելի լուսավորության, մաքուր օդի ու առհասարակ բավականին ապրեցնող պայմաններում։ Կյանքը հոսում է ուղիղ։ Դու նստած ես անշարժ, իսկ շուրջդ…  Շուրջդ անվերջ մի ուղղությամբ ընթանում է. չէ՛, առաջ չէ, ուղղակի անընդմեջ ընթացքի կանգառն էլ հենց դա է. նույնն է։ Ու էստեղ գալիս եմ ես։ Ես որոշում եմ, որ դու պետք է որոշես, որ որոշումով դու շարժվես. ես որոշում եմ, թե ինչ ես ընտրելու դու, որ ընթացքին՝ կանգնած, տաս իմաստներ։ Ես քեզ տալու եմ մի բուռ կրակ, որ ծխացնես, ես քեզ տալու եմ մի բաժակ՝ կիսով չափ լիքը, ես քեզ տալու եմ ելևէջներ ՝ տիեզերական, ես քեզ տալու եմ սերեր՝ դառնաքաղցր ու գինովցած, ես քեզ տալու եմ գույներ՝ արբեցնող, ու տալու եմ համեր, ասես համբույրներ առաջին ու տալու եմ համբույրներ՝ թե հարմար մեկը եղավ։ Ես քեզ տալու եմ երփնաշատ անկյուններ ու տալու եմ բազմաձև հայելիներ, ես քեզ տալու եմ, ու տալու եմ, ու տալու եմ, ու տանուլ եմ տալու, եթե քո միակ հարցի միակ տոնայնություններն ու շեշտադրումները փոխվեն։

Ես քեզ տալու եմ հարցեր, շա՜տ հարցեր։ Դու տուր ինձ միայն մի պատասխան։

Որովհետև… Որովհետև գժվում եմ ես այս անիմաստ իմաստներում, որովհետև գիժ եմ ես, քանզի իմաստ եմ ստեղծում կամ որովհետև կգժվեմ մի օր, որովհետև անիմա՜ստ եմ այնքան՝ իմաստաշատ այս պայմաններում։

Ես երևի թե չշարունակեմ, որովհետև այստեղ հատվում են իմ ու քո ոսկե միջինները։ Ես երևի չշարունակեմ, քանզի էստեղ է, որ չկա ոսկե միջին, այլ միայն ծայրահեղ կյանք՝ միշտ միջին, միջին, միջին։ Ես երևի չշարունակեմ, քանզի երբեք էլ չեմ սկսել ոչինչ. ինձ տրված են որոշված ընտրություններ, ես քեզ կտամ որոշվելիք ընտրություններ, իսկ դու նստիր ու ազատ զգա քեզ՝ «քո» ընտրություններում։ Ես քեզ կտամ քեզ. խնդրում եմ, գտիր…

Երբեմն պատահում է, պատահում է ինձ հետ որևէ բան, ու ես գտնում եմ, երբեմն պատահում է գտնելը դառնում է խաբեություն, իսկ խաբեությունը՝ անհրաժեշտություն: Պատահում է անհրաժեշտությունը դառնում է թուլություն, իսկ  թուլությունը դառնում է ժամանակավոր, իսկ ժամանակավորը՝ հավերժ: Պատահում է հավերժը դառնում է սահման, իսկ սահմանները՝ ազատություն: Պատահում է ազատությունը դառնում է բառ, իսկ բառը՝ հորինվածք: Պատահում է հորինվածքը դառնում է արվեստ, իսկ արվեստը՝ իրականություն: Իսկ իրականությունը երբեմն փրկում է: Իսկ փրկությունը…

Hrayr Axavelyan

Անկեղծ զրույց

Ես Հրայրն եմ Աղավելյան: Ծնվել և մեծացել եմ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Իմ մանկության լուսավոր և անհոգ տարիները անցել են հենց Գորիսում: Ընտանեկան ջերմ մթնոլորտ, ընկերական անկեղծ հարաբերություններ, ինտելեկտուալ, բանավիճային խաղեր, դպրոցական խենթ օրեր:

Ես նկարագրեցի իմ 18 տարիների միայն մի փոքրիկ մասը: Իրականում ես շատ ավելի մեծ ուժով եմ կապված Գորիսի հետ: Եթե կան կարծիքներ, թե Գորիսը քիչ հնարավորությունների, հեռանկարի քաղաք է, ես կժխտեմ. Գորիսը լայն հեռանկար և հնարավորություններ ունեցող քաղաք է: Ուրախ եմ տեղեկացնել, որ թե մշակութային, թե հասարակական կյանքը նոր թափ է ստանում: Կտրվել քո հայրենի քաղաքից, ծննդավայրից, թողնել ամեն ինչ և տեղափոխվել Երևան, այդքան էլ հեշտ չէր: Կցանկանամ իմ ընթերցողի հետ անկեղծ զրուցել իրական փոփոխությունների վերաբերյալ:

Հետպատերազմական շրջանը ինձ համար, կարելի է ասել, վերաարժեվորման մի փուլ էր: Ես սկսեցի ուրիշ կերպ վերաբերվել իմ տանը, իմ քաղաքին, ընտանիքիս, հայրենի լեռներին ու շրջապատող կարևոր մարդկանց:

Կարևորը այն է, ինչ ունես, ոչ թե` ինչքան ունես: Սա թափանցեց իմ գիտակցության մեջ: Սկսեցի արշավների մասնակցել: Իմ արշավական ընկեր Միքայելից շատ բան եմ սովորել վերաարժեվորման այդ փուլում: Արշավների արդյունքում հայրենիքս մտավ իմ սրտի մեջ, իմ մարմնի մեջ, զգացի, որ հայրենիքն իմն է, և այն չեն զիջում: Ամեն մի քարը պատմություն ունի պատմելու մեր Հայաստանում:

Այդ ամենին զուգահեռ ես նաև քննական շրջանում էի. ես պատրաստվում էի այդքան իրադարձություններից հետո իրականացնել տարիների երազանքս և ընդունվել իրավագիտության ֆակուլտետ: Եթե անկեղծ, այս պահին զարմանում եմ, թե ինչպե՞ս եմ այդքանից հետո տրամադրվել և կենտրոնացել նպատակիս վրա:

Բարեհաջող հանձնեցի քննություններս, ընդունվեցի համալսարան: Եկավ ընկերներիցս ժամանակավոր բաժանվելու ժամանակը: Նրանք գնում էին հայրենիքին ծառայելու: Կյանքի ընկերներ, որոնց հետ հաղթահարել ենք մի ամբողջ հետպատերազմական ժամանակաշրջան: Իսկապես, այդքան թանկ մարդկանց հրաժեշտ տալը չափից դուրս բարդ էր ինձ համար: Նրանք մի երկրորդ Հրայր էին:

Այնուհետև եկավ ընտանիքիս և Գորիսին հրաժեշտ տալու ժամանակը: Պատերազմից հետո Գորիսի հանդեպ սերը եռապատկվել էր: Ես մի ամբողջ ժամանակաշրջան թողել եմ այնտեղ և տեղափոխվել մայրաքաղաք (ի դեպ, հեշտ չէր): Ես ընդունում էի փոփոխությունը՝ գիտակցելով, որ ոչինչ էլ առաջվանը չի լինելու: Կփոխվեմ ես, կփոխվեն ընկերներս, կփոխվի և քաղաքը, սակայն հիշողությունները մեզ միշտ կբերեն անցյալ: Գիտակցում եմ, որ թշնամին իրոք սպառնում է Սյունիքին, և հատկապես Գորիսին, ես Երևանում տեղս չեմ գտնում, գիտեմ, որ ընկերներս հայրենիքն են պաշտպանում՝ վտանգելով իրենց կյանքը՝ տագնապում եմ:

Սակայն ես Երևանում ամեն ինչ սկսեցի գրեթե զրոյից: Նոր շրջապատ, նոր առօրյա, նոր մարտահրավերներ, փորձություններ: Ես զգում էի, որ պատրաստ եմ առերեսվելու: Հասկացա, որ փոփոխություններից չպետք է վախենալ, պետք է ընդունել մարտահրավերներն և գնալ հոսանքին հակառակ: Ինձ արդեն շատ ապրումներ են փորձել կոտրել, սակայն երբեք չպետք է թույլ տանք որևէ մեկին կոտրել մեր երազանքը: Ես գիտեմ, հիմա շատերն են վախենում փոփոխություններից, իրենց փափուկ անկյունից դուրս գալուց, սակայն հենց այդ մեծ փոփոխություններն են մեզ մեծ մարդ դարձնում, դրանց միջոցով ենք մենք հասունանում և աճում: Ամիսներ առաջ ես նույնպես վախենում էի, սական նպատակս հաղթեց վախին:

Մեր վճռականությունը դեպի մեր նպատակը ավելի կարևոր է, քան նպատակի ճանապարհին եղած դժվարությունների չափը:

Lilit Khlgatyan new

Էմոցիոնալ զեղումներ՝ տիեզերքի, երջանկության, սիրո և պատերազմի մասին…

Մի օր, մի սովորական օր, ես արթնացա ու հասկացա, որ ուզում եմ գրկել Երկիր մոլորակը: Ես զգացի այդ գրկախառնության ուժը, իմ թևերի բացվածքը և մեր ձուլումը, ես հասկացա, որ սիրում եմ, անասելի սիրում եմ այս կյանքը: Մի սովորական օր, երբ հերթական անգամ թևերս քամու առաջ բացեցի, սպասումով, որ ինձ վեր կհանի, ես վեր բարձրացա՝ ոտքերս գետնին կպած, բայց բարձրացա: Ինչ-որ պահից հասկացա, որ տիեզերքը ավելի քան ուժեղ է, ու մտքերս սկսեցի տիեզերք ուղարկել, մեկ-մեկ էլ վախենալով, որովհետև հաճախ վատ մտքեր եմ ունենում: Ես հավատում եմ, հավատում եմ, որ ինչքան ես եմ սիրում էս կյանքը, էդքան ինքը ինձ է սիրում:

Հաճախ գլուխս շատ բարձրացրած եմ քայլում, որ աչքիս միայն երկինքը երևա ու քթիս կպնի սառը օդը, հավատացեք՝ դա նման չէ այն օդին, որը դիմացդ նայելով քայլելուց ես շնչում: Երկինքը ֆիլտրում է իմ ներսը, մաքրում է ինձ, օգնում է ու փրկում, ես վստահ եմ:

Մի օր արթնացա ու հասկացա, որ երջանկությունը ունեցածդ ոչինչն էլ սիրելն ու գնահատելն է: Երջանկությունը ուղղակի տեսնելն ու նկատելն է, ոչ թե ունենալը կամ չունենալը: Եվ ես այնքան երջանիկ ու շնորհակալ եմ ամեն ունեցածիս ու չունեցածիս, ամեն դրական ու բացասական զգացածիս համար:

Ու քանի դեռ մայրս անընդհատ կրկնում է, որ շատ բարի եմ, որ պետք է դադարեմ հավատալ, այդքան շատ հավատալ մարդկանց, միևնույն է, ես շարունակում եմ կուրորեն հավատալ:  Եվ կապ չունի, թե ինչի կհավատաք, հավատը ամենակարևոր արժեքն է անկեղծ հարաբերություններ ստեղծելու, մարդկանց և կյանքը սիրելու համար:

Բայց մի օր, ամենատաք աշնանային օրերից մեկի ժամանակ, ես սկսեցի չհավատալ հումանիզմին: Այդ օրը պատերազմ սկսվեց, ես սկսեցի ատել: Այն օրը, երբ հրապարակվեցին առաջին զոհերի անունները, ես սկսեցի ատել: Իսկ այսօր պատերազմից մեկ տարի անց, ես էլի հավատում եմ, որ մեզ փրկվելու համար սեր ու համերաշխություն է պակասում, մեզ պակասում է գիտակցումը, որ երջանկությունը պալատներ ունենալու ու մի ողջ երկրագունդ զավթելու մեջ չէ: Երջանկություն է թեկուզ մի փոքրիկ հողակտորի վրա ամենափոքր, բայց ջերմ տուն ունենալը:

Այսօր, երբ աշխարհը կործանվում է բազմաթիվ չար մարդկանց պատճառով, ես հավատում եմ, որ մի օր մենք կվերագտնենք խաղաղությունը, երբ միմյանց մասին հոգ տանենք ու հասկանանք, թե ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:

Միայն թե իրար չսպանենք…

meri araqelyan

Քնել չի լինում

Երազումս երկնքից ռումբեր էին թափվում անձրևի փոխարեն, ու կապույտը լքել էր երկինքը, հոգի՛ն, հոգի՜ն… Երազումս անձրևը մարդկանց աչքերն էր երկինք ընտրել, ու ցուրտ  էր, ցու՜րտ հոգիներում:

Ատում էի համազգեստը, որը միշտ բաժանում է հորս ինձնից, մորը որդուց ու սիրելիի՜ն՝ քեզնից: Անտանելի խավար էր ու մրրիկ. ամառվա կեսին փոթորիկն էր իշխում: Օրերը թախծոտ էին, օրը՝ արյունոտ: Ռումբերը գնդակներ էին, որոնք խաղում էին մեզնով: Շուռ էր եկել աշխարհն ու կորել մարդկությունը, որտեղ մարդը զուրկ էր աչք-ականջներից, լեզվից ու հոգու՜ց, ու աշխարհը կույր էր: Գունատ էր տունս, վիրավոր ոտքերով աշխատում էր չընկնել, որովհետև մի ընտանիք էր պահում իր կրծքում:

Երազումս գրկել էի հողը, որպես սպեղանի վերքերն ամոքել էի ցանկանում: Երազումս վախենում էի աղմուկից, փակում աչքերս ու կծկվում:

Արթնացրե՛ք, խնդրեմ, Հայոց աշխարհին այս մղձավանջից:

Margarita Khazaryan

Առանց վարդագույն ակնոցի

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ստից ու կեղծիքից շնչահեղձ այս աշխարհում ապրելու միակ մխիթարանքը քո ճիշտ և մաքուր մնալն է։

Գիտակցում ես, որ կան մարդիկ, ովքեր այնքան արագ և վարպետորեն են փոխում իրենց դեմք-դիմակները, որ չես էլ կարող հաշվել նրանց թվացյալ երեսների քանակը։

Ճանաչում ես մարդկանց և հասկանում, որ, մեկ է, գալու է մի ժամանակ, երբ պարզվելու է, որ ամենևին էլ չես ճանաչել։ Առհասարակ այդ «ճանաչել» ասվածը խիստ սահմաններ ունի. դիմացինին մինչև վերջ ճանաչել կլինի՞։

Գալիս է մի պահ, երբ հիշելով կյանքիդ դժվար պահերը՝ հասկանում ես, թե որքան ճիշտ ու անհրաժեշտ էին դրանք, և որքան են քեզ հղկել, դաստիարակել, կյանքն ու մարդկանց ճանաչելու կարևորագույն դասեր տվել։

Կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։

Սովորաբար մենք դա ընդունում  ենք մեր կյանքում եղած խնդիրները մարսելուց հետո միայն, երբ ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ճանապարհիդ հանդիպած մեծ ու փոքր քարերը քեզ ավելի ուժեղ և ամուր են դարձրել։ Եվ այն ժամանակ ես հասկանում, որ մի քիչ մեծացել ես, երբ այլևս այդ քարերից չես վախենում, նույնիսկ հիմա ոտքերդ ավելի ինքնավստահ ես գետնին դնում ՝ հավատալով քեզ ու քո ուժերին։

Ճանապարհին ընկած ամեն մի քար մի օր իր ճիշտ հասցեն է գտնում, հավատա՛։

Լավ ու վատ օրերի արանքում հասկանում ես, որ անկախ ամեն ինչից երջանիկ ես ու բախտավոր։ Երջանիկ ես, որ ո՛չ մոլեգնած քամիները, ո՛չ էլ քար-դժվարությունները քեզ փոխել չեն կարողացել, չեն էլ կարողանալու, որովհետև հիմա կյանքին նայելիս բոլորովին այլ հայացք ես ընդունում։

Գալիս է մի փուլ, երբ հասկանում ես, որ աշխարհում թերևս չկա ավելի հաճելի բան, քան քո խղճի հանգստությունն ու հոգու երանելի ներդաշնակությունը, հասկանում ես, որ խաղաղությունը միայն երկրներին չէ հարկավոր, այլ նաև մարդկային հոգիներին։ Երջանկությունը խաղաղությունից է սկսվում։

Գիտե՞ս՝ աշխարհում ամենաթանկ և հարազատ մարդիկ նրանք են, ովքեր ուղղակի հավատում են քեզ։ Քեզ, քո տեսակին, քո ուժերին, քո ապագային…

Այդ մարդիկ ամենանուրբ ու գեղեցիկ հոգիներն ունեն, եթե ոչ բոլորի, ապա գոնե քեզ համար։ Այդ հավատող մարդկանց կարևոր դերը սովորաբար ընտանիքին է տրվում, և ի դեպ, խաղաղությունն էլ հենց այսպիսի  ընտանիքից է սկսվում։ Բախտավոր լինելու  տեսակետն էլ հասկանալի դարձավ, չէ՞։

Եվ որքան էլ աշխարհում անծայրածիր ու խեղդող լինեն սուտը, կեղծիքը և չարությունը, աշխարհում սիրվելու արժանի և բարությունը կենդանի պահող շա՜տ գեղեցկագույն երևույթներ կան։ Այս ապականված դարում ազնվությունը դեռ պայքարում է իր գոյության համար…

Եվ մի օր անպայման հասկանում ես, որ իրականում ոչինչ էլ դեռ լավ  չես հասկանում, և գուցե դա քեզ պետք էլ չէ։ Կարևորն այն է, որ  կյանքում ոչինչ անհետևանք և անպատասխան չի մնում, շուրջդ սփռած և՛ լույսի, և՛ խավարի դիմաց մի օր  անպայման փոխհատուցվում ես քո իսկ տվածով։

Ազգային, ներանձնային պատերազմների, բաբելոնյան աշտարակաշինությունը հիշեցնող  խառնաշփոթների, արագ փոփոխվող դիմակների աշխարհում ապրելը և լավատես մնալը բարդ է, բայց թունելի վերջում միշտ էլ լույս է լինում։

Փորձենք նկատել  կամ լինել այդ լույսը։

anahit arshakyan

Այն մասին, թե ինչպես է անցնում իմ կյանքը

Տան մասին

Ես վերցնում եմ հալչող մոմերն ու շարում՝ տան սյուների տեսքով, դնում եմ թրջվող գիրքը՝ գլխավերևումս՝ տանիքի պես, սառչող  թեյի գոլորշով տաքացնում եմ տանս պատերը, որ նոթատետրի բարակ էջերն են: Ես փորձում եմ հյուրերին ընդունել ու կարգին հյուրասիրել ու նոր՝ ճանապարհել,  չհորինվածության ամենամսյա փառատոներ ստեղծել և հաղթող՝ ընտանիքի անդամներ ընտրել: Հետո բացում եմ պատուհանը ու անընդմեջ պատերազմի ռմբակոծություններ լսածի պես՝ ամեն կաթիլի հետ թփրտալով՝ լսում անձրևը: Քամին էլ փչում ու քանդում է ամենը:

 

Ֆիլմ՝ փողոցի ու անցորդի մասին

Իմ կեղծանունով փողոց կա: Ինչու կեղծանունո՞վ: Ինձ ոչ մի անունով չեմ պատկերացնում, երևի թե ունեմ որևէ համապատասխան կեղծանուն, և իմ փողոցը հենց այդպես է կոչվում: Փողոցի ազդանշաններին գրված է «Շնչե՛լ ասոցիացիաներ», «Ապրե՛լ ֆիլմեր», «Խփե՛լ իրար բարձերով», «Հագնե՛լ լայնացած սվիտերներ», «Չթափել սուրճը անկողնուն խստիվ արգելվու՛մ է»,  «Չծխելը՝ ցուրտ պատշգամբում, վնասակար է առողջությանը», «Գրե՛լ զավեշտալի, պարզ ու պաթոսային», «Խոսե՛լ երգելով ու գոռալով»: Անցո՛րդ,  նայի՛ր սևեռուն  ապագան մոռացած, անցյալը թողած, պահը ապրած՝ լուսակիրի բոլոր երեք կարմիր գույներին ու կանգնիր: Հետևիր բոլոր ազդանշաններին ու… «Մի՛ գնա, անցորդ»:

«Զգու՜յշ, չընկնե՛ս մեքենայի տակ»:

Երևի մի օր կհանդիպենք նորից՝ մեկ այլ փողոցում:

 

«Դու կդառնաս քո երազած գնացքը» հույսը  և ռոբոտացված կյանք

Օրերն ասես գնացքի սպասող երկաթգծեր լինեն, իսկ ես որևէ մետաղաշեն բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիա, որն ուղղակի չի կարող անցնել երկաթգծերով: Անվերջ ժամերը փախչում են, անում եմ ինչ-որ բան. ինչ-որ անկարևոր, մեխանիկական ու չնչին շատուշատ բաներ, որովհետև «պետք» եմ, որովհետև պետք է և… Հա, երևի միայն այդպես: Անում եմ, որ չմտածեմ, կամ որովհետև ուժ չեմ գտնում, կամ որովհետև օրը բացվում է՝ ես էլի նույնն եմ, աշխարհը կառուցված է նույն սխեմայով, օրն էլ դեռ 24 ժամ ունի: Շուտո՜վ, շուտով սա՛ էլ կանցնի. շուտով կդառնամ իմ երազած գնացքը ու հուսամ կյանքը չի անցնի:

 

Անքնությունը որպես ապրելակերպ

Գիշերը միշտ էլ տարօրինակորեն հետաքրքիր է ազդում օրգանիզմի վրա: Լիալուսնային տեղատվություններ՝ օրը մեջ, անքնություններ՝ 24 ժամը մեկ: Ես կիսախուփ աչքերս հառում եմ երկինք և ունենում մթնշաղային անուրջներ: Ես մղկտացող աչքերս հառում եմ երկինք ու հաշվում աստղերը: Ես չռված աչքերս հառում եմ երկինք ու զգում դատարկ մտքերս: Ես ուղղակի շագանակագույն աչքերս հառում եմ երկինք ու փնտրում ինձ համար ստեղծված ապրելակերպը՝ բոլոր 24 ժամերից դուրս:

 

Այն մասին, թե ինչպես է անցնում իմ կյանքը

Հաշվարկելով ժամաքանակները՝ կորցրի հաշիվս և ուղղակի չոր հաշվարկով որոշեցի, որ կյանքիս կեսը շատ էլ լավ ձևով է անցնում. լսելով ճանապարհի մասին՝ ավտոբուսում՝ որևէ տեղ գնալիս, լսելով որևէ տեղի մասին՝ քայլելիս, լսելով ծանոթ քայլեր՝ որևէ աղմուկ խեղդելիս, լսելով ելևէջներ՝ լռության մեջ, լսելով մտքեր՝ դատարկ գլուխ ունենալու դեպքում, լսելով հիշողություններ՝ օբլիվիոնի ժամանակ, լսելով էմոցիաներ՝ ապատիայի ճիրաններում, լսելով՝ սեփական ձայնս և անջատելով՝ ավելի հաճախ:

Ani Harutyunyan Yerevan new

Աշունն իմ պատուհանից

Քաղաքն այսօր տխուր է: Լուսաբացի վրա կարմիրով իր հետքն է թողել նախորդ օրվա մայրամուտը:

Ես գիտեմ, որ աշխարհի վրա ոչինչ հաստատ չէ…

Բացում եմ պատուհանը. դրսում շշուկներ են աշնան գալու մասին:

Ասում են` եկել է, բայց ինչու՞ այսքան ուրիշ, ինչու՞ այսքան կիսատված…

Այս աշնան գլխին կարոտներ են կախված, այս աշունը ծանր է շնչում, ու արտաշնչի պահը կարծես չի գալիս:

Շուտով, երբ քամիները դադարեն, աշունը կներկի քաղաքն իր գույներով, և այս լռությունը, որի մեջ ճիչերը խլացել են համատարած, կձուլվի աշնանը:

Շուտով, երբ վերջապես կլռի այս աղմուկը, ուզում եմ դուրս պրծնել խոսքերից այս սին և խաղաղվել:

Արկերի ձայները խլացնում են միտքը, բայց ոչ երբեք սիրտը…

Այս աշունը քայլում է ինձ հետ` բերելով երեկը…

Կտավն անավարտ է. նկարիչը չի շարունակել.

շարունակելու համար հոգի է պետք,

իսկ հոգուն` ապրեցնող մի որևէ բան:

Փողոցում այսօր վառվեց վերջին լապտերի լույսը…

Անկյունի սրճարանը, խանութում կուտակված հերթը, ծաղկավաճառը, շարժասանդուղքը, այս խարխուլ պատերը…

Թվում է` ամեն բան նույնն է, բայց ոչինչ էլ նույնը չէ. ոչինչ այլևս առաջվանը չէ…

Քաղաքն այսօր տխուր է:

Լուսաբացի վրա կարմիրով իր հետքն է թողել նախօրդ օրվա մայրամուտը…

ԴՈՒ

Այնքա՜ն իրական և այնքա՜ն անգո ես դու,

Այնքա՜ն հպատակ և այնքա՜ն տեր ես դու,

Դիմացս հազար աչքեր եմ տեսնում,

Բայց, ավաղ, միայն քոնն եմ նկատում…

 

Աչքերդ, կարծես, ինձնից գողացած մի երգ են երգում.

Ինչ-որ անծանոթ, բայց շատ հարազատ մեղեդու ձայներ,

Մի բուռ ակորդներ, անիմաստ շարված, իրար են հրում,

Ու խզված ձայնով երկուտառանի մի բառ են ասում՝ ԴՈՒ…

 

Այնքա՜ն հարազատ և այնքա՜ն օտար ես դու,

Այնքա՜ն լիարժեք և այնքա՜ն կիսատ ես դու,

Քո լրիվությամբ ինձ կիսատ թողիր, որ քո կիսատով ես լրիվանամ,

Բարձրաձայն լռեմ ու անունդ տամ ու ինքս ինձնից միշտ դժգոհ մնամ…

 

Այնքա՜ն կրկնվող և այնքա՜ն տարբեր ես դու,

Այնքա՜ն հասարակ և այնքա՜ն ճոխ ես դու…

Ու իրարամերժ քո այդ տեսակով ստիպում ես գրչիս քո կողմը թեքվել,

Բոլորին հաղթող քո այդ հայացքով ստիպում ես միայն քո մասին գրել…

Եվ ես իմ կյանքում առաջին անգամ պարտվեցի իմ հպարտությանը,

Պարտությունս մեկն էր՝ խամրած տողերիս գույն տվող այդ երկու տառը.

Այդ ԴՈՒ-ն…

Lilit Vardanyan new

Սեպտեմբերյան օրագիր

Խորհուրդ է տրվում կարդալ անձրևոտ եղանակի ժամանակ (անձրևոտ եղանակը ցանակալի է, բայց ոչ պարտադիր)։ Պատմությունները բավականին անձնական են։ Բոլոր գործող անձիք անոնիմ են, բայց իրական։

 

Չբուժվող վերքեր

«Ձեռքերս սկսել են նորից չորանալ։ Արդեն աշուն ա»։ Սեպտեմբերի 23, ըստ իմ ձեռքերի սեզոնային ռեակցիայի և եղանակի կտրուկ փոփոխության, հայտարարեցի ջինսից վերարկուի սեզոնը բացված։

Կյանքի անընդհատ կրկնվող ցիկլը այնքան է հոգնեցնում, որ մի օր հասկանում եմ` արդեն մի ամիս է, ինչ գնում եմ դասի, իսկ իմ ձեռքերը սկսել են չորանալ, ու վերքերի բուժման համար պետք է սպասել գարնան կեսերին։

(Կոնվերսների) ամբոխում կորած

Հագնում եմ հայրիկի՝ Ուկրաինայից բերած կոնվերսները։ Գրողը տանի, ո՞վ է հորինել կեդերի չափսերը։ «36-ը չէր լինի»։ Բայց իմ կոշիկների իդեալական չափսը միշտ եղել է 37-ը։ Իսկ 1.5 սմ (չափել եմ, ազնիվ խոսք) մեծ լինելու պատճառով ո՞վ է մեծ պատմություն սարքում։ Անուղղելի պերֆեկցիոնիստ։

Հետո իմ երազած կեդերով գնում եմ համալսարան ու արդեն ոչնչով չեմ տարբերվում կեդեր հագնել սիրող մյուս ուսանողներից։ Եթե հասցնեի գնել դրանք մի տարի առաջ, դժվար թե այդքան նույնատիպ կեդերի մեջ խառնվեի։

Մինչ կուրսեցիս խոսում էր իր առաջին կուրսեցի ծանոթի հետ, այդ աղջկան սպասում էին իր՝ մի խումբ սև կոնվերս հագած ընկերները։ Նրանց հարցական ու զննող հայացքները ուղղված էին դեպի ինձ, կարծես ուզում էին հասկանալ՝ արդյո՞ք ես էլ եմ պատկանում իրենց խմբին։

Իսկ ես նայում էի իրենց ոտքերին, հետո հայացքներին մտածելով` արդյո՞ք նրանց հայացքները ավելի շատ ճանաչողական են, թե՞ ուղղակի ճաշակի գնահատում։ Իմ կոնվերսը մուգ կապույտ էր։ Մոխրագույն, վանդակավոր, կարճ կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ՝ Սայտամայի դեմքով (անիմեի կերպարի), բաց կապույտ, վանդակավոր, նուրբ վերնաշապիկ։

Հայացքները տևեցին այնքան ժամանակ, մինչև կուրսեցիս վերջացրեց իր զրույցը, որից ոչ մի վայրկյան չէի լսել։

 

Կողմնակի ազդեցություններ

-Ինքը կորոնավակով ա պատվաստվել,- ինքս էլ դա չնկատելով իջեցրի համալսարան գնալու ճանապարհին ականջներումս միացրած երաժշտության ձայնը, երբ լսեցի «կորոնավակ» բառը։

Այդ օրը պետք է ստանայի երկրորդ դեղաչափը։ Վախեցա՞ծ էի, անորո՞շ, անվստա՞հ։ Չէ, ոչինչ էլ չէի զգում։ Չէի ուզում զգալ։

-Ոչ մի բան չի զգացել,- պատասխան, որին սպասում էի։ Վիճակագրությունը վկա, պատվաստանյութն ընտրելուց առաջ գուգլում որոնումներս վկա։

-Դե էսօր հենց պատվաստվես` կգրեմ, որ իմանամ՝ ո՞ղջ ես,- ուղղակի առօրյա սև հումոր կուրսեցուս կողմից։

Երբեք ինձ չեմ համարել գիտափորձի ճագար` մյուսների պատվաստվելու որոշումների վրա ազդելու համար։

Բժիշկը վերցրեց ասեղը, վրան լցրեց ախտահանող հեղուկ և առանց մեկ վայրկյան վարանելու մտցրեց այն իմ մաշկի տակ։ Աչքերս չտեսնեին այդ անփույթ տեսարանը։

Դրանից անհեթեթ միայն կարող էր եղբորս պատվաստվելու ընթացքում ինչ-որ մեկի՝ նրա ներարկիչին կպնելով անցնելը, և նրա ձեռքում ասեղի ծռվելը, որը հետագայում առաջացրեց եղբորս պատվաստման միակ հայտնաբերված կողմնակի էֆֆեկտը՝ ձեռքի վրա մնացած վերքը։

 

Այն, ինչ իմ ձեռքերում է, ինձ է պատկանում

-Տվեք իմ տոպրակը։

-Ի՞նչ տոպրակ։

-Էն տոպրակը, տվեք, պետք ա իջնեմ։

Հերթական արկածը տրանսպորտում՝ համալսարան գնալու ճանապարհին։

Հայացքս թեքեցի պատուհանից։ Դիմացից աջ նստարանին նկատեցի 50-60 տարեկան կնոջ, որը մի քանի րոպե առաջ չգիտեր, թե որ ուղղությամբ է գնում այս համարը և, ենթադրաբար, չգիտեր, թե որտեղ պետք է իջնի։

-Էս իմ տոպրակն ա։ Քոնը չի,- կյանքում երբեք չէի տեսել, որ մարդ այդքան համոզված լինի իր ստի մեջ, որ դա բնականից որպես ճիշտ ընկալվի։

«Երևի տղան ուզում է գողանալ տատիկի տոպրակը»,- եղավ առաջին վարկածս։

Բայց տեսնելով, թե որքան մեծ ջանք և ուժ է գործադրում տղան, որպեսզի համոզի` հետ վերադարձնեն իր իրերը, կարծիքս միանգամից փոխվեց, իսկ այդ կինը դարձավ մարդ, որի հետ ուղղակի պետք չէ գործ ունենալ, շատ վտանգավոր է հասարակության համար։

Հուսահատված տղան հասկացավ դա և ուղղակի իջավ՝ քայլելով առանց հետ նայելու։

Պարզվեց, որ տղան կնոջը տեղ էր տվել, իսկ կինը առաջարկել էր պահել տղայի տոպրակը, որի հետևանքով այն դարձել էր իր սեփականությունը։

Հաջորդ հինգ րոպեն ուղևորների վեճն էր այդ կնոջ հետ, որը հասավ այն աստիճանի, որ մի ուղևոր կին, փորձեց խլել այդ տոպրակը, բայց նա տոպրակը դրել էր իր ձեռքում մի ուրիշ տոպրակի տակ և պահում էր այն, ինչպես իր կյանքի ամենաթանկ գանձը։

Իսկ վերջում կինը ցույց տվեց իր փիլիսոփայությունը՝ ասելով, որ «ինչ իր ձեռքերում է, իրեն է պատկանում»։

Միակ բանը, որ կարող էի անել այդ իրավիճակում, դիմակի տակ ժպտալն էր, որովհետև այդ փիլիսոփայությունը իսկապես արդարացնում էր իրեն, և իրականում ոչ մի կերպ նա չէր կարող մեղավոր համարվել։ Անիմաստ փորձեր, անիմաստ խոսակցություն, համալսարան գնալու ճանապարհ, որը օտար է կնոջ համար, ով չգիտի, թե ուր է գնում։

 

Անսպասելի պարանոյա

(ջինսից վերարկուի եղանակ․ օր 1)

Իմ սիրած ջինսե վերարկուի եղանակի հայտարարումից մեկ օր անց հագա իմ վանդակավոր վերնաշապիկը և կես տարվա ընթացքում առաջին անգամ հագա ջինսից նեղ շալվարս մուգ կապույտ կոնվերսների հետ։

-Լիլիթ, վերարկու հագիր,-ինչ լավ է, որ տատիկը հիշեցրեց դրա մասին, վերջապես հագնում եմ այն, ինչին սպասել եմ երկու շաբաթ։

-Տատ, ասա, որ ինձ ջինսից շալվար շատ ա սազում,- ուղղակի ուզում էի լսել դա, դրա համար բարձրաձայնեցի և աստիճաններով վազեցի ներքև, որովհետև խորապես համոզված էի, որ ժամը 5-ին հաշվապահության դաս ունեմ։

Համալսարանի մոտի կամուրջով իջնելուց տեսա իմ խմբից երկու հոգու, որը մի փոքր տարօրինակ թվաց։ Շենքերի մուտքի դիմաց տեսնելով մյուսներին՝ համոզվեցի իմ սխալի մեջ։

-էրեխե՜ք, հեսա կլացեմ, մեր խու՞մբն էր էս ժամին,- բողոքեցի, բայց միանգամից կողմնորոշվեցի և արագացրի քայլերս, որ հասցնեմ մյուս խմբի դասին նստել։

Դասի ընթացքում չէի էլ նկատել դրսում սկսվող անձրևը, որովհետև այն դեռ չէր ուժեղացել։

-Վայ, կներես,- ասաց քսերոքսները ձեռքին աղջիկը, որը նույնպես ուզում էր նստել 3 համարի ավտոբուսը, երբ ավտոբուսում կանգնելու տեղ չգտնելուց հետո շրջվելու պատճառով քիչ էր մնում բախվեր ինձ։

Մտածում էի՝ նա էլ է մեզ մոտ սովորում, պարզվեց նախապատրաստականից է, որոշեցի վախեցնել նրան՝ ասելով, որ ես նրա ապագան եմ, ով տուն է վերադառնում երկրորդ հերթից։

Անձրևի պատճառով գլխիս էի քաշել վերարկուիս գլխարկը, կոնվերսներս թրջվում էին, իսկ վերնաշապիկիս չկոճկած մի կոճակի պատճառով, անրակս բաց էր։

Մի կին, որը տեսել էր, որ մենք էլ էինք ուզում 3-ը նստել, իմացավ, որ նույն ուղղությամբ ենք գնում, առաջարկեց տաքսի կանչել։ Անձրև, տաքսիի առանց այդ էլ անտանելի բարձր գներ և մի կին, որը ուզում է շուտ տեղ հասնել։

Կուրսեցիս, ով գնացել էր համալսարանում ինչ-որ բան ճշտելու, վերադարձավ։ Մի քանի րոպե միասին սպասելուց հետո եկավ իմ տրոլեյբուսը, որը միշտ հավատարմորեն փրկել է ինձ ավտոբուսում կանգնելու տեղ չունենալու իրավիճակներում։

Վաղուց պարանոյա չէի ունեցել, բայց ուղեղս որոշեց ստուգել. արդյո՞ք ճիշտ համարն եմ նստել։ Տրոլեյբուսի ներսում գրված համարը ուրիշ էր։ Դուրս եկա հաջորդ կանգառում միայն նրա համար, որ տեսնեի, որ դրսից հենց այն համարն էր գրված, որը ինձ պետք էր։ Տարօրինակի տպավորություն չթողնելուց խուսափելով՝ ներս մտա ուրիշ մուտքով։

Իսկ տանը ինձ սպասվում էր ամենօրյա տաք թեյը։

Ջինսից վերարկուի եղանակ, սիրում եմ քեզ։

Naira Gukasyan

Անքեզ օրեր են առանց մենքի

Անքեզ օրեր են,

և առանց «մենք»ի։

Դատա՜րկ ժամեր են

ակնթարթներս՝

քանի դեռ չկաս։

 

Սոսկալի է, որ

օրս անգամ չի սոսկում

դեռ այն մտքից, որ

չե՜ս էլ լինելու…

 

Անքեզ օրեր են,

որ դեռ գնալով

դա՛ր են կոչվելու…

 

Բայց ես ուզում եմ,

որ ինձ վիճակվի

պահի արվեստը։

Գե՜թ մեկ անգամ…