Իմ էջը խորագրի արխիվներ

gayane harutyunyan

Երևի կկարողանամ

Ես ունեմ բոլորի համար շատ տարօրինակ մի ընկեր: Բոլորս էլ գիտենք, որ այս կյանքում հազվադեպ են հանդիպում անդավաճան ընկերներ, իսկ ես գտա այդ միակին, ով դարձավ ինձ համար ամենաանդավաճան ընկերը: Ես դեռ մանկուց երազել եմ լինել պարուհի և ամեն օր մտածում եմ. արդյոք կարո՞ղ եմ հասնել երազանքիս, թե ոչ: Իսկ այդ ցանկությունը ինձ մոտ առաջացել է 3 տարի առաջ, երբ սկսեցինք պարել: Ես հաճույքով էի պարում հայկական պարը, դա ինձ համար մի մեծ աշխարհ էր: Եվ արդեն 2 տարի առաջ գյուղում տարածվեց, որ մեր Լճափ գյուղի համագյուղացիները՝ Արփինեն և Սոֆին, սովորեցնում են հայկական պարեր: Ես սկսեցի հաճախել այդ պարի խմբակը: Սովորեցինք պարել և առաջին անգամ բեմ դուրս եկանք բերք ու բարիքի փառատոնի օրը: 

Պարը ինձ տվեց ավելին, քան ես պատկերացնում էի: Ես բարձրանում էի մեծ բեմեր և պարելիս մտովի ինձ պատկերացնում հայտնի պարուհի: Բայց այդ պահը երկար չտևեց: Քիչ-քիչ երեխաները դուրս էին գալիս պարի խմբից: Խումբը փակվեց: Ես ապրում էի պարելով: Ես համոզված էի, որ եթե մեր խումբը չփակվեր, մենք կհասնեինք շատ մեծ բարձունքների:

Բոլորի համար սովորական մի օր մեր գյուղ եկավ մի բարի և շատ հայտնի պարուսույց՝ Արծրուն Ղարիբյանը, ով մեր պարուսույցն էր լինելու: Նա շատ խիստ մարդու տպավորություն էր թողնում, բայց պարզվեց, որ հոգով ու սրտով շատ բարի ու կատակասեր մարդ է: Նա սովորեցրեց շատ պարեր, և ես վերադարձա բեմ: Երանի նորից գնայինք դպրոց, բարձրանայինք երկրորդ հարկ և սկսեինք պարել: Երանի գոնե մի անգամ էլ լսեմ մեր շատ սիրելի պարուսույցի այս ջերմ խոսքերը, որոնց այնքան շատ եմ կարոտել. «Ով լավ կատարի այս շարժումը, նրան «Գրանդ քենդի» կոնֆետ եմ բերելու»:

Շուտով ուսում ստանալու համար պետք է տեղափոխվեմ Երևան և հիմա արդեն պետք է կողմնորոշվեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել: Ես սիրում եմ պարը, իմ ազգային պարը և միշտ սիրելու եմ: Հայկական պարը ինձ համար մեծ ուժ է: Ես կարծում եմ, որ հայկական պարի միջոցով մարդկանց մեջ կարելի է, արթնացնել հայրենասիրություն: Ես կիրականացնեմ երազանքս և կդառնամ պարուհի: Կսովորեմ «Բերդ» պարային անսամբլում և երբ ավարտեմ ուսումս, անպայման պետք է հետ վերադառնամ հայրենի գյուղ, քանի որ ուզում եմ իմ գյուղի երեխաներին սովորեցնել ազգային պարը:

Վստա՛հ եմ, որ նրանցից շատերը անհամբեր սպասում են, թե երբ գյուղում կհայտնվի մի լավ պարուսույց, որ իրենք էլ պարի հաճախեն: Հուսով եմ կկարողանամ, ինձ մոտ կստացվի…

seda mkhitaryan

Հիվանդները

Մենք բոլորս էլ ունենք երազանքներ ու նպատակներ, առանց դրանց գրեթե անհնար է:

Օրինակ, ես երազում եմ լրագրող դառնալ, փոքր քույրիկս՝ դերասանուհի, ընկերուհիս՝ երգչուհի, իսկ մյուս ընկերուհիս նույնպես դերասանական ցավով է տառապում։ Ամեն մեկս մի հիվանդություն ունի։ Երբ հանդիպում ենք ու սկսում զրուցել, պատկերացնել մեր ապագան, կողքից մեզ լսողը ծիծաղից կփլվի։ Սկսում ենք երազել, որ օրինակ, քույրս ճանաչված դերասանուհի է, իսկ ես նրանից հարցազրույց եմ վերցնում՝ իմ հեղինակային հաղորդման տաղավարում նստած։ Հաջորդ օրվա հյուրս էլ երգչուհի ընկերուհիս է.

-Լո՜ւս, կարո՞ղ ա` դառնաս հայտնի, քիթդ ցցես ու հրավերս մերժե՞ս՝ չգաս հարցազրույցի։ Կամ` գաս, բայց չճանաչես, ավելի ճիշտ՝ չճանաչելու տաս ինձ։ Հը՞ն,- այդ պահին ծիծաղելով ասում եմ ես:

-Դե, գիտե՞ս ոնց,- իրենից գոհ-գոհ սկսում է,- շատ հնարավոր է։

-Հը՜մ… Իսկ ես կհիշեցնեմ քեզ, կասեմ. «Արդյո՞ք հիշում եք, որ մի բակում ենք մեծացել, նույն դասարանում սովորել»: Բա այդ ժամանակ ի՞նչ կասես։

Հետո միասին բարձրաձայն ծիծաղում ենք, հետո միանգամից լռում։ Երևի նրանք էլ իմ պես սկսում են մտածել իրենց ապագայի մասին, մտքում իրենց երևակայում հայտնի ու կայացած, պատկերացնում աշխատանքի մեջ…

Բայց այս երևակայական ու պատկերավոր կյանքին հասնելու համար, մեզանից յուրաքանչյուրը պիտի հաղթահարի պրոբլեմներով հագեցած մի ամբողջ ճանապարհ, որը հեշտ չի լինելու։ Օրինակ, ընկերուհուս տանը դեմ են նրա «դերասանական կարիերային», մեր տանն էլ այնքան համաձայն չեն քրոջս որոշմանը։ Բայց ամեն դեպքում, մարդ պիտի ինքնուրույն ընտրի իր հետագա կյանքի կերպը, իր մասնագիտությունը։

Հ.Գ. Երանի ամեն ինչ մեր պատկերացրածի պես լինի, այդ ժամանակ ես կհամարեմ, որ երազանքս կատարված է։

tatev arustamyan1

Չմնանք առանց հեքիաթ

Քեզ հաստատ փոքր ժամանակ պատմել են ամենատարբեր հեքիաթներ, հիշո՞ւմ ես` որն էր քեզ ամենահարազատ դարձած հեքիաթը։ Ես չեմ հիշում: 

Անցնող տարիների հետ աչքերիս առաջ պատկերվում է ինձ ցանկալի հեքիաթը: Իմ հեքիաթում գերակշռում են ձյունե թմբերը, սպիտակ ծառերն ու իրար սեր տվող մարդիկ:
Երբ բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընկա հիվանդանոց, ցանկություններս, որոնք միայն ենթագիտակցական աշխարհիս համար են, ի հայտ եկան: Ես խնդրեցի հերթապահ բուժքրոջը, որ երգի ինձ համար: Պատասխանը եղավ. թե երգել իմանայի, ի՞նչ գործ ունեի էստեղ: Ու իմ հեքիաթի հերոսների շարքին ավելացան ոչ միայն հեքիաթ պատմողները, այլ նաև սպիտակի մասին երգողները:
Իմ հեքիաթը գնալով ճերմակում է քո մազերի պես:
Ու երկարում սիրուդ զուգահեռ, իմ ամենաթանկ:
Աշխարհը` լուցկու տուփ դարձած, փորձում է ջերմացնել, իսկ մենք հերթով դուրս ենք ցատկում լուցկու հատիկների պես` այրելով ինքերս մեզ` ներսում պահելով բնության շռայլած զգացմունքները: Ահա, իմ աշխարհում մարդիկ ոչ թե հեքիաթային, այլ հեքիաթոտ են, վարակիչ, իսկ իրենց կարոտը մոխրագույն է` դատարկ մնացած տներից ելնող ծխի պես:
Երեք խնձորների փոխարեն երկնքից աստղեր են թափվում ինքնամոռաց, աստղաթափ։ Պատմողի, լսողի ու թաքուն ականջ դնողի փոխարեն աստղերը բաժին են հասնում հավատին, սիրուն ու ինքնամոռաց նվիրվողին։
Մեր հեքիաթները տարիքի հետ համաչափ փոխում են իրենց գույներն ու ձևերը, բայց ոչ երբեք բովանդակությունը։ Իսկ բովանդակությունն ամփոփված է ընդամենը մի քանի բառի մեջ, թե բարին միշտ հաղթում է չարին, ասել է թե՝ մենք վերացնում ենք մեր մեջ եղած բացասականն ու վատը։
Չմնանք առանց հեքիաթ,
Չուշանանք,
Չմնանք առանց չապրած կյանքի.
Ապրենք…

Astghik Israyelyan

Մարդն ու շունը

Իմ դասը սովորականի պես սկսվում է ինն անց կես, բայց այսօր շուտ դուրս եկա տանից: Դասին դեռ շատ կար, և ես որոշեցի մի քիչ քայլել: Արդեն ցուրտ աշուն է, և մարդիկ դողալով են շտապում աշխատանքի: Բայց ես այնքան տաք եմ հագնվել, որ չեմ նկատում ցուրտը: 

Քայլում եմ և տեսնում, որ դիմացից եկող բոլոր մարդիկ նայում են նույն ուղղությամբ: Սկսում եմ ես էլ նայել, որպեսզի հասկանամ, թե ինչին են նրանք այդպես ուշադիր նայում:

Նրանց ուշադրությունը գրավել էր բարձրահարկ շենքի պատի տակ նստած մուրացկանը: Նա ուզում էր կերակրել շանը, բայց շունն անընդհատ հրում էր ուտելիքը: Երկար նայելուց հետո որոշեցի նստել մոտակա այգում: Սաստիկ ցուրտ էր, և ցուրտն ինձ ստիպեց մտածել այդ մարդու մասին: Փորձում եմ գտնել նրան և տեսնում եմ արդեն կողքի նստարանին: Նա շանը փաթաթել էր կանաչ բամբակից կտորի մեջ և փորձում էր տաքացնել: Մարդը վեր կացավ, որ կողքի աղբյուրից ջուր խմի: Մինչ նա կխմեր, շունն իր կանաչ ծածկոցով ցած թռավ նստարանից և մոտեցավ իրեն: Մարդը չհասցրեց ջուր խմել: Վերցրեց շանն ու ամուր գրկեց:

Մինչ ես կփորձեի այս ամենն արագ փոխանցել թղթին, մուրացկանն ու շունը արդեն այնտեղ չէին:

Իսկ դասն արդեն տասը րոպե էր, ինչ սկսվել էր…

Anush abrahamyan

Այո, ես տարբեր եմ

Միակ բանը, որ բնորոշ է ինձ ամբողջությամբ, դա փնտրելու մոլուցքն է: Փնտրում եմ մարդկանց ու բնության ժպիտը, չնայած դեռ չեմ գտել, բայց շարունակում եմ փնտրել: Փնտրում եմ նույնիսկ ինձ (որքան էլ որ անհավանական թվա) և ամենակարևորը, ցանկանում եմ գտնել «կես-կես»-երին: Երբևէ մտածե՞լ եք, թե ձեր շուրջն ապրող մարդկանցից քանիսն են կես կյանքով ապրողներ կամ, այսպես ասած, «կես-կես»-եր: Դրանք այն մարդիկ չեն, որ արթնանում են արևի հետ և փորձում ապրել, կամ էլ նրանք, ովքեր ապրում են աստղերի տակ` զգալով գիշերը: Նրանք են, ովքեր երբեք չեն շնչի գոյատևելու համար, որոնց համար անցյալը սոսկ հիշողությունների ամբողջություն չէ, այլ քողարկված ապագա: 

Նրանք կիսել են իրենց լույսի ու խավարի սահմանի վրա: Անդադար հավաքում են իրենց կյանքի հսկայական փազլը, ինչպես բոլորը՝ միայն այն տարբերությամբ, որ վերջին կտորը հենց իրենք են: Եվ ամենակարևորը՝ տառապում են անվերջ փնտրելու մոլուցքով: «Կես-կես»-երը տարբերվում են: Մի պահ մտածեք. միգուցե խոսքը ձե՞ր մասին է: Եթե այո, ապա մի տխրեք, դուք միայնակ չեք:

«Քեզ դժվար է հասկանալ, ինչո՞ւ ես այդքան ուրիշ»: Այս և նմանատիպ այլ արտահայտություններ հաճախ եմ լսում ինձ շրջապատող մարդկանցից, դրանք արդեն սովորական են ինձ համար:

Միգուցե, չէ՞ որ չեմ կարող նայել, թե ինչպես է հալվում ձյունը` սիրելով արևին, վախենում եմ մթությունից, միաժամանակ պաշտելով գիշերը: Չեմ սիրում լողալ, բայց ջուրն իմ տարերքն է: Թվում է, թե իմ մեջ ամեն ինչ իրարամերժ է, դրա համար էլ նման չեմ շատերին: Բայց եթե ինքս ինձ նույնացնեի բոլորի հետ, էջերով չէի գրի տարբերության մասին: Եթե սիրեի, այլևս չէի գրի մարդկանց մասին, ովքեր մոռանում են անհատին: Ենթադրում են հենց այնպես, «ոտքի վրա»: Երբեք չեն հարցնի անձրևից, թե ինչո՞ւ է այդքան թախիծ բերում ամպերից երկիր, և ինչու է ավելի հաճախ գալիս աշնանն ու գարնանը, այլ կբավարարվեն` ասելով, որ տարվա եղանակին է բնորոշ, և պետք է հիմնականում տանը մնալ` չհիվանդանալու համար:

Չեն հարցնի հողին՝ ինչո՞ւ է այդպես անուշ բուրում և ուժ տալիս հային, այլ կասեն` հողը կարևոր է, որովհետև նրանից բերք ենք ստանում: Նրանք երբեք չեն հարցրել ինձ՝ ինչո՞ւ եմ ուզում դառնալ ծաղրածու, այլ ուղղակի կասեն, որ տարօրինակ եմ ու երբեք չեմ հասնի նպատակիս:

Մարդիկ երբեք մահի կոկորդից չեն բռնի` կորստի համար պատասխան պահանջելու, այլ հանգիստ կմտածեն, որ կյանքի օրենքն է այդպիսին, իսկ օրենք փոխելու համար պետք է «մեծ» լինել: Եթե այդպես է, ապա ես ուզում եմ «մեծ» լինել:

Այո, ես տարբեր եմ, տարբեր եմ ամեն օր՝ միաժամանակ, նման լինելով բնությանը: Եվ վերջապես, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, որ տարբերվելը «Կես-կես-երի մասնագիտությունն է, այն մեղք չէ…

Իմ ու իմ «հերոսների» աշխարհը

Ամեն դեպքում, ինչ մասնագիտություն էլ ընտրես կյանքում, այն ինչ-որ չափով փոխում է էությունդ, ներաշխարհդ: Ամենամեծ ազդեցությունը, սակայն, կարող է ունենալ միայն արվեստը: Առաջին հայացքից անգամ` արվեստագետները տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Չնայած ուշ, բայց ոչ այնքան ուշացած, ես էլ հասկացա, որ արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է: Ես միանգամից սիրեցի լուսանկարել ու ոչ պարզապես, այլ մինչև ականջներիս ծայրը սիրահարվեցի այս մասնագիտությանը: Սակայն չէի ցանկանա, որ այն դառնար ինձ համար աշխատանք, երբ ամբողջ օրը զբաղվում ես դրանով, և դրա մասին գիտեն բոլորը: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի գաղտնի անկյուն, մի լքված կառույց, որի մասին միայն ես կիմանայի: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի այնպիսի զբաղմունք, որի համար ես ամեն կերպ կփորձեի ամենազբաղված օրվանից անգամ ժամանակ առանձնացնել, այլ ոչ թե ամեն առիթ փորձեի գտնել դրանից փախչելու: Գուցե սիրեցի այս մասնագիտությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս զգացմունքներդ ինչ-որ գերբնական ձևով արտահայտել մյուսների միջոցով: Կամ սիրեցի, որովհետև միշտ վախենում եմ ինչ-որ բան, ինչ-որ մեկին մոռանալուց: Հաստատ չգիտեմ` ինչու, բայց սիրեցի: 

Ասում են, եթե ինչ-որ բան իրոք շատ ես սիրում, դժվար է բացատրել, թե հատկապես ինչու ես սիրում: Հավանաբար սրանով է պայմանավորված, թե ինչու չեմ կարող բացատրել, թե ինչու եմ այդքան տարված լուսանկարչությամբ: Պարտադիր կերպով ինքս եմ ընտրում «հերոսներիս»: Նրանք պետք է առանձնանան, տարբերվեն բոլորից (ոչ միայն արտաքնապես, այլև ներաշխարհով), միևնույն ժամանակ, իրենց մեջ ամբողջացնելով բոլորին: Ամենամեծ բանը, որ լուսանկարը մարդուն կարող է տալ` հիշողությունն է, կյանքի անցողիկ միլիվայրկյանը: Սակայն այն ավելին է: Այն հույզ է, զգացմունք է, իր հետևում զգուշորեն թաքցնող մի ամբողջ կյանքի պատմություն է: Նայելով նկարում պատկերված անձին` կարող ես նրա աչքերում տեսնել ավելին, քան կարելի է պատկերացնել. ուրախություն, վիշտ, ցավ, սեր, տխրություն, հուսահատություն, օգնության տենչ, հիասթափություն… Իրական կյանքի իրական արտահայտումը լուսանկարի միջոցով հնարավոր է, երբ այն, ինչ ուզում ես լուսանկարել, լուսանկարում ես առանց նախապես զգուշացնելու: Երբ «հերոսդ» ապրում է իր առօրյայով, իր զգացմունքներով, իսկ դու պարզապես որսում ես այդ պահն ու հեռանում, անհետանում ես նրա կյանքից, և նա անգամ չի էլ իմանում քո մասին, չնայած, դու ամեն օր շարունակում ես հիանալ նրանով` չիմանալով անգամ նրա անունը:

Չգիտեմ, դա լրիվ ուրիշ աշխարհ է: Դա իմ աշխարհն է: Իմ ու իմ «հերոսների» աշխարհը…

hakob melqonyan

Ինչպես ավարտվեց մանկությունս

Ես մանուկ ժամանակ շատ չարաճճի եմ եղել, հաճախ տնից փախնում էի ու գնում խաղալու մինչև ուշ իրիկուն: Անկեղծ ասած, շատ էի բարկացնում տնեցիներին: Օրվա ընթացքում  ինձ մի երեք անգամ տուն էին բերում, բայց ես էլի փախչում էի: Իմ օրը շատ ուրախ ու զվարճալի էր անցնում, բայց  տանեցիների համար երևի այդքան էլ չէ, քանի որ շատ էի ջղայնացնում նրանց: Սակայն ջղայնանալու հետ մեկ տեղ ինձ շատ էին երես տալիս:

Արդեն հինգ տարեկան էի: Մանկապարտեզ գնալու ժամանակն էր: Առաջին օրը, երբ գնացի մանկապարտեզ, այսօրվա պես հիշում եմ. բոլորի հետ կռվեցի, և այդ կռիվը իմ ու երեխաների մեջ շարունակվեց մինչև մտերմանալը: Օրերը անցնում էին հետաքրքիր, ու ամեն օրն ուներ իր պատմությունը: Մանկապարտեզում կազմակերպվում էին հանդեսներ, շատ-շատ էինք զվարճալի խաղեր խաղում: Մի օր դաստիարակները հայտնեցին, որ հանդես ենք անելու: Շատ ուրախացա, և ինձ չկորցնելով, հարցրեցի.

-Ինձ ի՞նչ դեր եք տալու:

Դաստիարակը պատասխանեց.

-Հակոբ ջան, քեզ այս անգամ թագավորի դեր ենք տալու:

Շատ ուրախացա, քանի որ թագավոր էի դառնալու այդ հանդեսում: Հանդեսի ժամանակ շատ լավ կատարեցի իմ դերը,  չէ որ պատրաստվել էի մեկ շաբաթ: Անցավ  որոշ ժամանակ: Սեպտեմբերն էր արդեն, և ես պետք է հրաժեշտ տայի դաստիարակներին ու երեխաներին, որովհետև դպրոց էի գնալու: Ուրախացել էի, որ գրել-կարդալ եմ: Ունեի գրքեր, տետրեր, գրիչներ, մի խոսքով, պատրաստ էի դպրոցին:

Դպրոցական առաջին օրը ձեռք բերեցի ընկերներ և ընկերուհիներ, նաև ծանոթացա ուսուցիչների հետ: Սիրեցի բոլոր ուսուցիչներին, բայց ամենաշատը սիրեցի իմ դասվարին: Դասերի վերջն էր: Արդեն գնում էի տուն իմ նոր ընկերների ու ընկերուհիների հետ: Ուրախ-ուրախ մտա տուն, որ պատմեմ իմ դպրոցական կյանքի առաջին օրվա մասին:

Բայց եղբայրս կանչեց ինձ իր մոտ և ասաց:

-Հակ ջան, քեզ խելոք կպահես մինչև գամ:

Միանգամից լրջացա ու հարցրեցի.

-Ո՞ւր ես գնում, Գևոր:

-Հակոբ ջան, երկու օրից ինձ բանակ են տանում, ու դու պետք է խոսք տաս, որ խելոք կմնաս:
Մի պահ լացեցի, որ եղբորս բանակ են տանում: Հետո պատասխանեցի.

-Խոսք եմ տալիս, ախպեր ջան, որ ինձ խելոք կպահեմ մինչև գալդ:

Ուրախությունս միանգամից ջուրն ընկավ, ես այդ օրը անգամ հաց չկերա տխրել էի, եղբորս բանակ են տանում:

Առավոտյան դպրոց գնալու ժամն էր, հիշում եմ այսօրվա պես, թե ոնց մայրս ձայն տվեց.

-Հակոբ, վեր կաց, գնա դպրոց: Ուշ է արդեն:

Ես քնաթաթախ ասացի.

-Մամ, դպրոց չեմ ուզում գնալ, որովհետև Գևորին վաղը բանակ են տանում:

Մի պահ աչքս բացեցի ու նայեցի մայրիկիս դեմքին: Զգացի, որ մայրս հուզվել էր, և շատ ազդվեցի: Փորձեցի հանգստացնել մայրիկիս:

Հաջորդ օրը  առավոտյան հիշում եմ, բարեկամներով հավաքվել էինք, որ եղբորս բանակ ճանապարհենք: Եղբայրս մեկնեց ծառայության: Մի երկու օր հաց չկերա ու շատ էի տխրել, հետո քիչ-քիչ հասկացա, որ իմ եղբայրը գնացել է ծառայելու Հայոց բանակում, որ ես հանգիստ քնեմ:

Այդ օրվանից ես ասես փոխվեցի: Մեծացա, լրջացա: Օգնում էի տանեցիներին, էլ չարություն չէի անում: Կարճ ասած, արդեն փոքրիկ տղամարդ էի դարձել ու փոխարինում էի եղբորս:

Մանկությունս կարճ տևեց:

hovhannes ghulijanyan

Բարու և չարի մասին

Հասարակագիտության հերթական հետաքրքիր դասերից մեկն էր: Դասը բարու և չարի մասին էր:

Եթե ցանկանանք տալ բարու կամ չարի հստակ սահմանումը, ապա կդժվարանանք, միայն կարդացինք Ալբերտ Շվեյցերի խոսքերը, որ` բարի է այն, ինչը նպաստում է կյանքի զարգացմանն ու պահպանմանը, իսկ չար է այն, ինչ ոչնչացնում է կյանքը:

Դասի ժամանակ բանավիճեցինք, արդլո՞ք մարդ ի ծնե բարի է, թե չար: Կարդացինք մի քանի բարոյագետների տեսակետներ: Օրինակ՝ ըստ Ֆրանսիացի մտածող Ժան Ժակ Ռուսոյի՝ մարդն ի ծնե բարի է, իսկ ըստ Կանտի` մարդն ի ծնե չար է, սակայն նա իր մեջ կրում է նաև բարու հատիկներ, որոնք մարդ ձգտում է զարգացնել, որպեսզի դրանք գերիշխեն մարդու՝ չար գործեր կատարելու հակվածությանը:

Ինձ համար ավելի համոզիչ էր Կանտի տեսակետը:

Ընթացքում ինձ հարց ուղղվեց, թե արդյո՞ք համամիտ եմ Սոկրատեսի խոսքերին. « Ով իմաստուն է, նա բարի է»: Ես չհամաձայնվեցի:

Ճիշտ է, երբ մարդ իմաստուն լինի, կհասկանա, որ պետք է բարի լինել, բայց ըստ ինձ, միայն ցանկանալը բավարար չէ բարի լինելու համար, քանի որ ես ևս, ինձ համարելով հավատացյալ, ցանկանում եմ ապրել Աստծո սահմանած պատվիրաններով: Սակայն դա բավարար չէ, քանի որ շրջապատը շատ մեծ դեր է խաղում, և նույն կերպ էլ այնտեղ՝ միայն ցանկանալ բարի լինել, բավարար չէ:

Այս ասելուց անմիջապես հետո ուսուցչուհին ինձ հարցրեց, թե ես ինձ բարի՞ մարդ եմ համարում, թե՞ ոչ: Ես հրաժարվեցի պատասխանել, քանի որ մտածում եմ, իմ բարի կամ չար լինելու մասին պետք է ասեն իմ ընկերները, այլ ոչ թե ես:

Ահա այսպիսի հետաքրքիր դաս անցանք: Կարծում եմ, որ դասից հետո բոլորն էլ երկար խորհելու առիթ կունենան, և նմանատիպ դասեր դեռ շատ կլինեն:

laura manukyan

Տատիկիս «արկածները»

Ես ունեմ երկու մեծ քույր: Երբ ծնվել է մեծ քույրս` Մետաքսյան, տատիկս չի ցանկացել, որ նրան տան իր անունը` Լաուրա: Ավելի ճիշտ, տատիս իսկական անունը Գյուլնարա է, բայց նա, ինչպես և շատերը, ունի երկրորդ անուն` Լաուրա: Միջնեկ քույրս էլ բացառություն չէր: Բայց, երբ ծնվեցի ես, հայրս ինձ անվանեց տատիս անունով` Լաուրա: Ես շատ սիրեցի իմ անունը: Լաուրա  անունը հունարենից թարգմանաբար նշանակում է` «հաղթանակած»:

Այս ամենը կարծես տատիկիս սրտով չէր. նա ինձ ամեն անգամ ասում էր՝ թե ինչու քեզ իմ անունը դրեցին: Ու գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ ես նման եմ իմ տատին թե’ արտաքինով, թե’ բնավորությամբ, և թե’ ճաշատեսակների ընտրությամբ. ինչ սիրում է նա, նույնությամբ ժառանգել եմ ես: Երևի անվան հետ կապ ունի:

Տատիկս ճակատին ունի մեծ խալ, որը հիշեցնում է հնդիկներին: Եվ ամեն անգամ, երբ հարցնում էինք, թե ինչու է այդ խալն  այդպես մեծ, նա կատակով պատասխանում էր.

-Դե ինչ ասեմ: Ես ազգությամբ հնդիկ եմ, դրանից ա: Էն ջահել ժամանակս եկա Հնդկաստանից Հայաստան` բժշկականում սովորելու նպատակով: Դե մեզ մոտ վարձը թանկ էր, բժշկությունն էլ զարգացած չէր:

-Բա ո՞նց եղավ, որ հիմա հայերեն ես խոսում:

-Ահ, որ եկա, մի քիչ գիտեի: Հետո պապդ ինձ տեսավ, հավանեց,  բերեց հարս, ու  մնացածն էլ կամաց-կամաց սովորեցի:

Ու երբ հարցնում էինք, թե էսինչ բառը հնդկերեն ոնց կլինի,  միշտ ինչ-որ բառեր էր հորինում ու ասում: Ախր այնպես էր պատմում, որ հավատում էինք, այստեղ-այնտեղ պատմում էինք ու հպարտանում, որ մեր տատիկը հնդկուհի է:

Հիմա էլ տատիս ճակատի այդ խալը նույնությամբ իմ ճակատին է ու գնալով ասես մեծանում է:

jemma petrosyan

Չկրկնել նույն սխալը

-Հաստ շոր հագի, կմրսես։

-Չէ, մամ, ցուրտ չի։

-Ասում եմ` հագի, ցուրտ ա։ Առանց դուրս գալու արդեն գիտե՞ս։

-Մամ, արև ա դուրսը, որ պիտի հագնեմ ու ճանապարհին հանեմ, էլ ի՞նչ իմաստ ունի հագնելը։

-Լավ, բայց հետո չասես՝ չզգուշացրեցի։

Այսպես ամեն առավոտ ու ամեն օր նույն խոսակցությունը: Ամեն անգամ չլսելով մայրիկին՝ բաճկոն չեմ վերցնում հետս դպրոց գնալիս։ Այս առավոտը մնացած օրերից շատ էր տարբերվում։ Ցուրտ էր շատ։ Ճիշտ են ասում. «Մեծին լսողի ոտքը երբեք քարին չի դիպչում»։ Մրսում էի, բայց արդեն տնից բավականաչափ հեռու էի ու համ էլ ալարում էի հետ վերադառնալ։ Հասա դպրոց։ Դպրոցում ջերմաստիճանը բարձր էր, նաև արևկողմ դասարանում էինք դասի։

Անցավ երկու օր, արդեն տաք վերարկու էի հագել։ Դասի ժամանակ հասկացա, որ ջերմում եմ ու այդ պատճառով գնացի բուժկետ։ Համոզվելով, որ ջերմություն ունեմ՝ դիմեցի դասղեկիս, ու նա ինձ տուն ուղղարկեց։

Ու գիտե՞ք հիվանդանալուս պատճառը․ դրսի ցուրտն էր, այն օրվա ցուրտը, որ չլսեցի մայրիկիս ու հիվանդացա։ Հա, ես եմ մեղավոր ու այլևս չեմ կրկնի նման սխալ։ Սա իմ համար խրատ կլինի, որ տանից դուրս գալիս տաք վերնազգեստ հագնեմ, մայրիկը ինչ էլ ասի՝ չհակաճառեմ նրան ու անեմ այնպես, ինչպես նա է ասում։