Իմ էջը խորագրի արխիվներ

hakob melqonyan

Ինչպես ավարտվեց մանկությունս

Ես մանուկ ժամանակ շատ չարաճճի եմ եղել, հաճախ տնից փախնում էի ու գնում խաղալու մինչև ուշ իրիկուն: Անկեղծ ասած, շատ էի բարկացնում տնեցիներին: Օրվա ընթացքում  ինձ մի երեք անգամ տուն էին բերում, բայց ես էլի փախչում էի: Իմ օրը շատ ուրախ ու զվարճալի էր անցնում, բայց  տանեցիների համար երևի այդքան էլ չէ, քանի որ շատ էի ջղայնացնում նրանց: Սակայն ջղայնանալու հետ մեկ տեղ ինձ շատ էին երես տալիս:

Արդեն հինգ տարեկան էի: Մանկապարտեզ գնալու ժամանակն էր: Առաջին օրը, երբ գնացի մանկապարտեզ, այսօրվա պես հիշում եմ. բոլորի հետ կռվեցի, և այդ կռիվը իմ ու երեխաների մեջ շարունակվեց մինչև մտերմանալը: Օրերը անցնում էին հետաքրքիր, ու ամեն օրն ուներ իր պատմությունը: Մանկապարտեզում կազմակերպվում էին հանդեսներ, շատ-շատ էինք զվարճալի խաղեր խաղում: Մի օր դաստիարակները հայտնեցին, որ հանդես ենք անելու: Շատ ուրախացա, և ինձ չկորցնելով, հարցրեցի.

-Ինձ ի՞նչ դեր եք տալու:

Դաստիարակը պատասխանեց.

-Հակոբ ջան, քեզ այս անգամ թագավորի դեր ենք տալու:

Շատ ուրախացա, քանի որ թագավոր էի դառնալու այդ հանդեսում: Հանդեսի ժամանակ շատ լավ կատարեցի իմ դերը,  չէ որ պատրաստվել էի մեկ շաբաթ: Անցավ  որոշ ժամանակ: Սեպտեմբերն էր արդեն, և ես պետք է հրաժեշտ տայի դաստիարակներին ու երեխաներին, որովհետև դպրոց էի գնալու: Ուրախացել էի, որ գրել-կարդալ եմ: Ունեի գրքեր, տետրեր, գրիչներ, մի խոսքով, պատրաստ էի դպրոցին:

Դպրոցական առաջին օրը ձեռք բերեցի ընկերներ և ընկերուհիներ, նաև ծանոթացա ուսուցիչների հետ: Սիրեցի բոլոր ուսուցիչներին, բայց ամենաշատը սիրեցի իմ դասվարին: Դասերի վերջն էր: Արդեն գնում էի տուն իմ նոր ընկերների ու ընկերուհիների հետ: Ուրախ-ուրախ մտա տուն, որ պատմեմ իմ դպրոցական կյանքի առաջին օրվա մասին:

Բայց եղբայրս կանչեց ինձ իր մոտ և ասաց:

-Հակ ջան, քեզ խելոք կպահես մինչև գամ:

Միանգամից լրջացա ու հարցրեցի.

-Ո՞ւր ես գնում, Գևոր:

-Հակոբ ջան, երկու օրից ինձ բանակ են տանում, ու դու պետք է խոսք տաս, որ խելոք կմնաս:
Մի պահ լացեցի, որ եղբորս բանակ են տանում: Հետո պատասխանեցի.

-Խոսք եմ տալիս, ախպեր ջան, որ ինձ խելոք կպահեմ մինչև գալդ:

Ուրախությունս միանգամից ջուրն ընկավ, ես այդ օրը անգամ հաց չկերա տխրել էի, եղբորս բանակ են տանում:

Առավոտյան դպրոց գնալու ժամն էր, հիշում եմ այսօրվա պես, թե ոնց մայրս ձայն տվեց.

-Հակոբ, վեր կաց, գնա դպրոց: Ուշ է արդեն:

Ես քնաթաթախ ասացի.

-Մամ, դպրոց չեմ ուզում գնալ, որովհետև Գևորին վաղը բանակ են տանում:

Մի պահ աչքս բացեցի ու նայեցի մայրիկիս դեմքին: Զգացի, որ մայրս հուզվել էր, և շատ ազդվեցի: Փորձեցի հանգստացնել մայրիկիս:

Հաջորդ օրը  առավոտյան հիշում եմ, բարեկամներով հավաքվել էինք, որ եղբորս բանակ ճանապարհենք: Եղբայրս մեկնեց ծառայության: Մի երկու օր հաց չկերա ու շատ էի տխրել, հետո քիչ-քիչ հասկացա, որ իմ եղբայրը գնացել է ծառայելու Հայոց բանակում, որ ես հանգիստ քնեմ:

Այդ օրվանից ես ասես փոխվեցի: Մեծացա, լրջացա: Օգնում էի տանեցիներին, էլ չարություն չէի անում: Կարճ ասած, արդեն փոքրիկ տղամարդ էի դարձել ու փոխարինում էի եղբորս:

Մանկությունս կարճ տևեց:

hovhannes ghulijanyan

Բարու և չարի մասին

Հասարակագիտության հերթական հետաքրքիր դասերից մեկն էր: Դասը բարու և չարի մասին էր:

Եթե ցանկանանք տալ բարու կամ չարի հստակ սահմանումը, ապա կդժվարանանք, միայն կարդացինք Ալբերտ Շվեյցերի խոսքերը, որ` բարի է այն, ինչը նպաստում է կյանքի զարգացմանն ու պահպանմանը, իսկ չար է այն, ինչ ոչնչացնում է կյանքը:

Դասի ժամանակ բանավիճեցինք, արդլո՞ք մարդ ի ծնե բարի է, թե չար: Կարդացինք մի քանի բարոյագետների տեսակետներ: Օրինակ՝ ըստ Ֆրանսիացի մտածող Ժան Ժակ Ռուսոյի՝ մարդն ի ծնե բարի է, իսկ ըստ Կանտի` մարդն ի ծնե չար է, սակայն նա իր մեջ կրում է նաև բարու հատիկներ, որոնք մարդ ձգտում է զարգացնել, որպեսզի դրանք գերիշխեն մարդու՝ չար գործեր կատարելու հակվածությանը:

Ինձ համար ավելի համոզիչ էր Կանտի տեսակետը:

Ընթացքում ինձ հարց ուղղվեց, թե արդյո՞ք համամիտ եմ Սոկրատեսի խոսքերին. « Ով իմաստուն է, նա բարի է»: Ես չհամաձայնվեցի:

Ճիշտ է, երբ մարդ իմաստուն լինի, կհասկանա, որ պետք է բարի լինել, բայց ըստ ինձ, միայն ցանկանալը բավարար չէ բարի լինելու համար, քանի որ ես ևս, ինձ համարելով հավատացյալ, ցանկանում եմ ապրել Աստծո սահմանած պատվիրաններով: Սակայն դա բավարար չէ, քանի որ շրջապատը շատ մեծ դեր է խաղում, և նույն կերպ էլ այնտեղ՝ միայն ցանկանալ բարի լինել, բավարար չէ:

Այս ասելուց անմիջապես հետո ուսուցչուհին ինձ հարցրեց, թե ես ինձ բարի՞ մարդ եմ համարում, թե՞ ոչ: Ես հրաժարվեցի պատասխանել, քանի որ մտածում եմ, իմ բարի կամ չար լինելու մասին պետք է ասեն իմ ընկերները, այլ ոչ թե ես:

Ահա այսպիսի հետաքրքիր դաս անցանք: Կարծում եմ, որ դասից հետո բոլորն էլ երկար խորհելու առիթ կունենան, և նմանատիպ դասեր դեռ շատ կլինեն:

laura manukyan

Տատիկիս «արկածները»

Ես ունեմ երկու մեծ քույր: Երբ ծնվել է մեծ քույրս` Մետաքսյան, տատիկս չի ցանկացել, որ նրան տան իր անունը` Լաուրա: Ավելի ճիշտ, տատիս իսկական անունը Գյուլնարա է, բայց նա, ինչպես և շատերը, ունի երկրորդ անուն` Լաուրա: Միջնեկ քույրս էլ բացառություն չէր: Բայց, երբ ծնվեցի ես, հայրս ինձ անվանեց տատիս անունով` Լաուրա: Ես շատ սիրեցի իմ անունը: Լաուրա  անունը հունարենից թարգմանաբար նշանակում է` «հաղթանակած»:

Այս ամենը կարծես տատիկիս սրտով չէր. նա ինձ ամեն անգամ ասում էր՝ թե ինչու քեզ իմ անունը դրեցին: Ու գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ ես նման եմ իմ տատին թե’ արտաքինով, թե’ բնավորությամբ, և թե’ ճաշատեսակների ընտրությամբ. ինչ սիրում է նա, նույնությամբ ժառանգել եմ ես: Երևի անվան հետ կապ ունի:

Տատիկս ճակատին ունի մեծ խալ, որը հիշեցնում է հնդիկներին: Եվ ամեն անգամ, երբ հարցնում էինք, թե ինչու է այդ խալն  այդպես մեծ, նա կատակով պատասխանում էր.

-Դե ինչ ասեմ: Ես ազգությամբ հնդիկ եմ, դրանից ա: Էն ջահել ժամանակս եկա Հնդկաստանից Հայաստան` բժշկականում սովորելու նպատակով: Դե մեզ մոտ վարձը թանկ էր, բժշկությունն էլ զարգացած չէր:

-Բա ո՞նց եղավ, որ հիմա հայերեն ես խոսում:

-Ահ, որ եկա, մի քիչ գիտեի: Հետո պապդ ինձ տեսավ, հավանեց,  բերեց հարս, ու  մնացածն էլ կամաց-կամաց սովորեցի:

Ու երբ հարցնում էինք, թե էսինչ բառը հնդկերեն ոնց կլինի,  միշտ ինչ-որ բառեր էր հորինում ու ասում: Ախր այնպես էր պատմում, որ հավատում էինք, այստեղ-այնտեղ պատմում էինք ու հպարտանում, որ մեր տատիկը հնդկուհի է:

Հիմա էլ տատիս ճակատի այդ խալը նույնությամբ իմ ճակատին է ու գնալով ասես մեծանում է:

jemma petrosyan

Չկրկնել նույն սխալը

-Հաստ շոր հագի, կմրսես։

-Չէ, մամ, ցուրտ չի։

-Ասում եմ` հագի, ցուրտ ա։ Առանց դուրս գալու արդեն գիտե՞ս։

-Մամ, արև ա դուրսը, որ պիտի հագնեմ ու ճանապարհին հանեմ, էլ ի՞նչ իմաստ ունի հագնելը։

-Լավ, բայց հետո չասես՝ չզգուշացրեցի։

Այսպես ամեն առավոտ ու ամեն օր նույն խոսակցությունը: Ամեն անգամ չլսելով մայրիկին՝ բաճկոն չեմ վերցնում հետս դպրոց գնալիս։ Այս առավոտը մնացած օրերից շատ էր տարբերվում։ Ցուրտ էր շատ։ Ճիշտ են ասում. «Մեծին լսողի ոտքը երբեք քարին չի դիպչում»։ Մրսում էի, բայց արդեն տնից բավականաչափ հեռու էի ու համ էլ ալարում էի հետ վերադառնալ։ Հասա դպրոց։ Դպրոցում ջերմաստիճանը բարձր էր, նաև արևկողմ դասարանում էինք դասի։

Անցավ երկու օր, արդեն տաք վերարկու էի հագել։ Դասի ժամանակ հասկացա, որ ջերմում եմ ու այդ պատճառով գնացի բուժկետ։ Համոզվելով, որ ջերմություն ունեմ՝ դիմեցի դասղեկիս, ու նա ինձ տուն ուղղարկեց։

Ու գիտե՞ք հիվանդանալուս պատճառը․ դրսի ցուրտն էր, այն օրվա ցուրտը, որ չլսեցի մայրիկիս ու հիվանդացա։ Հա, ես եմ մեղավոր ու այլևս չեմ կրկնի նման սխալ։ Սա իմ համար խրատ կլինի, որ տանից դուրս գալիս տաք վերնազգեստ հագնեմ, մայրիկը ինչ էլ ասի՝ չհակաճառեմ նրան ու անեմ այնպես, ինչպես նա է ասում։

mariam tonoyan

Էլի տանը մենակ

Էլի տանը մենակ… Հաճելի և երկարատև լռություն, ամփոփված ժամացույցի խլացող «տիկ-տակ»-ներով, Գյոթեի հանճարեղ տողեր, մի գավաթ թեյ և դուրեկան սառնություն` պատված աշնանային սառը շնչով: Գիրքս մի կողմ դրեցի ու պատուհանից դուրս նայեցի` ձյան փաթիլներ, դեռ տերևաթափ չեղած, կանաչ սաղարթներով ծառերի արանքում սպիտակ արահետ, իսկ ձյան կույտի տակ, խեղճացած ու գլուխը կախած` փոքրիկ ու անօգնական խատուտիկ… Ինքս ինձ մտածեցի. «Որքա՜ն զորեղ է բնությունը, որքա՜ն զարմանալի: Իսկ մերոնք դեռ չեկան, ժամանակն էլ չի անցնում»: 

«Որքան երկար են թվում մեզ այն արագընթաց, կարճ ժամանակները, երբ սպասում ենք, – կրկին մտածեցի ես,- օրինակ, այն ժամանակահատվածը, երբ լցված անհամբերությամբ` սպասում ենք մայրամուտի վերջին շողերին, որոնք այնքան ուշանում են: Բայց բավական է խեղդել քո մեջ անհամբերությունը և սևեռված ուղղակի հետևել արևի թեքվելուն, նկատելու համար, թե որքան արագ մայր մտավ երկրի լուսատուն, ու որքան երկար էր թվում այնժամ, երբ սպասում էինք:

Այդպիսի զարմանք առաջացնում է նաև տարածությունը: Նայի՛ր հորիզոնին փռված հսկա սարերի ձյունապատ կատարներին: Թվում է, թե այնքա՜ն մոտ են, չէ՞, ուր որ է` կարող ես դիպչել, բայց բավական է մտածել այնտեղ հասնելու մասին, և քո առջև կծառանա այն հսկա քաղաքն ու ճանապարհները, որոնք ահռելի տարածությամբ բաժանում են նախկինում մոտ թվացող լեռնագագաթները:

Ասում եք, մարդիկ նո՞ւյնպես զարմանալի են: Իհարկե՛, ամենազարմանալին հենց մարդն է: Նա խորհրդավոր ու վեհ է իրեն շրջապատող աշխարհում: Անկախ ամեն տեսակետներից, ես գտնում եմ, որ մարդը կանխատեսելի առեղծված է: Չէ որ նա ունի բազում դրսևորումներ` բարի, չար, արդար, խելացի… Հենց դրանում էլ կայանում է նրա առեղծվածային էությունը:

Կյանքը… Գուցե, անվանենք այն փորձությո՞ւն: Ի վերուստ տրված փորձություն, հասկանալու համար աստվածայինի արժեքը, նախքան աստվածայինը ճաշակելը: Փորձություն` մտածելու, տառապելու, արարելու, սխալվելու, ուղղվելու, գործելու, բազմանալու, հասկանալու համար:

Այո, բնությունը զորեղ է, բայց ինչպես ասում է Գյոթեն. մարդ պետք է բնությունից ճիշտ լինի, որպեսզի լավ մտքերը իրենք իրենց հայտնվեն, ինչպես Աստծո ազատածին զավակներ և բացականչեն` ահա մենք»:

Դուռը թակեցին, խախտվեց լռությունը, ծնողներս վերադարձան և տուն ներխուժեց աղմկոտ ընտանիքիս հաճելի մթնոլորտը:

nina arsutamyan portret

Թե` խելքս շատ էր կտրում

Մոտ հինգ տարեկան էի, և մեր տանն ամեն օր վեճ ու կռիվ էր: Հիմա ասեմ` ինչու:

Քույրիկս սովորում էր հենց մեր գյուղի` Գորայքի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: Նրա համար գնում էին տարբեր գրենական պիտույքներ, ես նույնպես ցանկանում էի գնալ դպրոց` այդ իսկ պատճառով ամբողջ օրը հորս և մորս խնդրում էի ինձ նույնպես տանել դպրոց, քանի որ, ես նույնպես ցանկանում էի ունենալ տարբեր ձևի գրենական պիտույքներ, ուսերիս գցել գեղեցիկ պայուսակ, հագնել «թիթիզ-թիթիզ» շորեր և իհարկե, ամենակարևորը, տառերը և թվերը իմանալն էր:

-Պա~պ, մա~մ , խնդրում եմ, ինձ էլ տարեք դպրոց:

Այս նախադասությունը կարծես դարձած լիներ իմ օրվա խոսակցականի մեծ մասը: Բայց ես միայն լսում էի.

-Նինա ջան, չէ, դեռ ժամանակը չէ,- ասում էր մայրս,- Նինա ջան, համբերի, մյուս տարվանից կգնաս: Համ էլ Գրիգորը (հորեղբորս տղան է), վատ կզգա մենակ, մի դասարանից կլինեք, միասին կսովորեք, մի նստարանի կնստեք:

Ես նեղացած գնում էի նստում սենյակում, հանում քրոջս` Զաբելի գրքերը և սկսում իբրև դաս անել: Վերցնում էի ամենասիրածս տիկնիկը և սկսում իրեն «դաս տալ»: Հետո կրկին գնում էի մորս մոտ և սկսում նվնվալ.

-Մամ, լավ էլի, խնդրում եմ,- և սկսում լաց լինել:

Օրեր էին անցնում, որոնք կարծես ինձ համար տարիներ լինեին:

Արդեն սեպտեմբերի մեկն անցել էր, տատիկենց տանը հացի խմոր էին անում: Տատս կաթսայի մեջ լցնում էր խմորի համար անհրաժեշտ բաղադրիչները, իսկ մայրս` խառնում էր դրանք: Դե, ես կրկին ժամանակ չէի կորցնում և նստում էի թոնրի կողքին և սկսում.

-Մամ, լավ էլի, խնդրում եմ…

Տատիկս թեման փոխելու համար ինձ ասում էր, թե այս խմորով քանի լավաշի գունդ կլինի: Խմորն արեցին, և գնացինք մեր տուն: Մեր տունը գտնվում էր հենց տատիկենց փողոցում: Կրկին ես նվնվում էի:

-Մամ, լավ էլի, այ մամ, ես ինձ խելոք կպահեմ, ինչ ասես` կանեմ: Մենակ` Զաբելի, Տաթևի հետ գնամ դասի, լավ էլի…

Մեր դիմացով քայլում էր դպրոցի տնօրենը և ականջի պոչով լսում մեզ:

-Մամ, նայի` գալիս ա, գնա ասա, էլի, գնա… Ես էլ գնամ, լավ էլի, խնդրում եմ…

-Նելլի ջան, ինչո՞ւ է երեխան այդպես նվնվում,- հարցրեց տնօրենը:

-Ընկեր Թադևոսյան, ուզում է դպրոց գնալ, բայց մենք ուզում ենք իր տարիքի երեխաների հետ մյուս տարի գնա:

Էլի ինչպես միշտ անպոչ գդալ, մտա խոսակցության մեջ.

-Խնդրում եմ, էլի, ասեք, որ ես կարող եմ գալ…

-Այո, իհարկե, կարող ես: Վաղը Նինայի փաստաթղթերը կբերես, և նա կդառնա մեր դպրոցի աշակերտուհի:

Այս մեկ նախադասությունից հետո այնքան էի ուրախացել, որ էլ ասելու չի: Ես դարձա առաջին դասարանցի:

Բայց հիմա ժամանակ է գալիս, որ զղջում եմ, իսկ ժամանակ է գալիս, որ չեմ զղջում:

Թե` խելքս շատ էր կտրում:

mane antonyan

Հանուն ուշադրության

Նոր միջավայրում բոլորն էլ ուզում են աչքի ընկնել ու սիրվել (դե, գոնե լավ տպավորություն թողնել)։ Մարդիկ էլ կան, որ նախընտրում են «մնալ ստվերում» ու աշխատում են ոչ մի բան չխոսել։

Ես, լինելով ակտիվ ու շփվող մարդ, նախընտրում եմ աչքի ընկնել մարդկանց շրջանում։ Դա անկախ ինձնից է ստացվում։ Ժամանակի ընթացքում ականատես եղա դեպքերի, երբ մարդիկ ամեն ինչի պատրաստ են ուշադրությունն իրենց կողմը գրավելու համար։ Օրինակ՝ ոմանք գալիս են, պատմում, թե ֆեյսբուքում ինչքան հետևորդ ունեն, մոտ ընկերուհիները մրցակցում են միմյանց հետ հարյուր լայք ավել ունենալու համար։

Ես, նախ և առաջ, մտովի համբուրեցի ընկերուհուս ճակատը, որ նրանց նման չի, հետո էլ մտածեցի. «Բայց ինձ պես նորմալ լինելն էլ վատ չի, չէ՞»։

Ani avetisyan

Կյանքը՝ պար

Երկրորդ կամ երրորդ դասարանում էի, երբ մեր դպրոցում ժողովրդական պարի խմբակ բացվեց, ուրախացած որոշեցի, որ պիտի գնամ: Գնացի, բայց չեմ հիշում՝ քանի օր կամ գուցե ամիս գնալուց հետո հասկացա, որ ինչ-որ բան դուրս չի գալիս: Մի բան պակաս էր, կամ սխալ: Կարճ ասած՝ դուրս եկա խմբից:

 Երևի այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ մի օր նորից ուրախացած կվազեմ պարի խմբակ, բայց ոչ թե մեկ կամ երկու օր, այլ շատ ավելի երկար:

Երկու կամ երեք տարի առաջ էր, երբ դպրոցում խոսակցություններ էին ազգային պարի խմբի բացվելու մասին: Ես ու դասընկերուհիներիցս մի քանիսը որոշեցինք, որ գոնե առաջին օրը գնանք, եթե ամեն ինչ լավ լինի՝ կշարունակենք: Ու վստահ եմ՝ այն ժամանակ ոչ մեկս էլ չէր պատկերացնում, որ օրը ամիս է դառնալու, իսկ ամիսը՝ տարի:

Ժամանակի ընթացքում հասկացա, որ պարը ոչ մի կապ չուներ, որ ես, մեկ է՝ սիրում եմ պարել, սխալը պարն էր, որն ընտրել էի:

Հասկացա, որ ժողովրդական պարը չուներ այն, ինչ կա ազգային պարի մեջ. ոգի, անկեղծություն ու ամենակարևորը՝ շատ մերձ էին մեր արմատներին: Կամ, գուցե կար, ուղղակի ես չեմ զգացել: Ուղղակի այդ «պարտադրված» հավասարությունն ու մշակվածությունը մինչև հիմա էլ կաշկանդում են ինձ, իսկ ազգային պարերում նման բան չկա, այնտեղ ամեն ինչ իրական է, անկեղծ, այնպես, ինչպես եղել է հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր տարիներ առաջ:

 Փորձերի առաջին իսկ օրից ինձ համար պարզ էր, որ նա մի տեսակ ուրիշ է, ավելի հարազատ, ավելի ոգեշնչող: Ու չզգացի, թե ինչպես օրերը ամիսներ դարձան, իսկ ամիսները՝ տարի: Աստիճանաբար սովորածս պարերի քանակն էլ մեկ-երկուսից հասավ տասի, քսանի:

Հիշում եմ, երբ նոր էինք սովորում պարերը, անգամ դպրոցում՝ գրատախտակի մոտ կանգնած, անկախ ինձանից ոտքերս շարժվում էին: Դպրոցական ոչ մի միջոցառում չէր անցնում առանց պարի: Հիմա էլ:

Ու ոնց էինք ուրախանում, երբ նոր համերգի հրավեր էինք ստանում, կամ փառատոներից մրցանակով էինք վերադառնում:

Անարդարություններին էլ սովորում էինք:

Հիմա էլ չեմ գնում պարի, բայց այն ամենը, ինչ սովորել եմ այդ երկու տարիների ընթացքում, երևի երբեք չմոռանամ, սկսած «յարխուշտայից», մինչև ազգայինը գնահատելու կարևորությունը: Երևի միշտ էլ ծանոթ երաժշտություն լսելիս ոտքերս շարժվել են սկսելու:

nina shahmuradyan

Երբ ես թռչուն էի

Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ բոլոր մարդիկ թռչուններ են եղել, ու երբ իրենց սկսել են վատ պահել, մարդ են դարձել: Ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի կրկին թռչուն դառնամ, որպեսզի կարողանամ տեսնել աշխարհը վերևից: Ի՜նչ փոքր կլինեին իմ ընկերուհիները: Հետո, երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ եթե մենակ ես թռչուն լինեի, անհետաքրքիր կլիներ: Ու դրա համար, հենց տեսնում էի, որ ընկերուհիներիցս մեկը իրեն վատ է պահում, ջղայնանում էի ու ասում, որ եթե ինքը չարություն անի, թռչուն չի դառնա ու ինձ հետ վերև չի գա:

Երբ ավելի մեծացա, հասկացա, որ մարդը հենց սկզբից էլ մարդ է լինում, ու հույսս փշրվեց: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ հետաքրքիր է թռչունների կյանքը: Նրանք ապրում են ծառերի վրա, երգում են, թռչում, ու բոլորը բարի են:

Երբ արդեն բավական մեծ էի ու արդեն գիտեի` ինչ է նշանակում գողություն, մարդասպանություն, չարություն, նախանձ ու դավաճանություն, ավելի շատ էի ուզում թռչուն լինել: Ես գիտեի, որ դա անհնար է, բայց երազներումս միշտ պատկերացնում էի ինձ՝ թռչուն, մյուս բարի թռչունների շրջապատում, միշտ անհոգ ու ազատ:

Հիմա… Հիմա ամեն ինչ փոխվել է: Հիմա արդեն էլ չեմ մտածում թռչուն լինելու մասին: Հիմա ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ լինեն թռչունների պես բարի, անկեղծ, ազատ ու առանց չարության: Ուզում եմ, որ մարդիկ թափանցիկ լինեն, որ նրանք չունենան բազմաթիվ դիմակներ, ամեն մեկի համար պատրաստած հատուկ դեմք ու այդ մարդուն համապատասխան բնավորության գիծ:

Հետաքրքիր է, ի՞նչն է ստիպում մարդուն չարանալ: Ճի՛շտ եք՝ մարդիկ: Մարդիկ ստիպում են դիմացինին, որ նա ուզենա սպանել, ստիպում են գողություն անել, ստիպում են դավաճանել, խաբել… Ամեն ինչում մարդիկ են մեղավոր… Եթե մարդիկ հենց ամենասկզբից չփորձեին իրար գերազանցել, այսպես չէր լինի: Եթե մարդիկ բոլորի հանդեպ անտարբեր չլինեին, բոլորին չնայեին նույն աչքերով ու նույն զզվանքով, այսպես չէ՛ր լինի: Ուրեմն, ի՞նչ, արդեն ո՞ւշ է, էլ հույս չկա՞:

Իսկ եթե մենք հիմա՛ փորձենք հանել այդ նողկալի անտարբերությունը մեր միջից, ինչ-որ բան կփոխվի՞: Եթե մենք չփորձենք լինել ուրիշից լավը, այլ փորձենք գերազանցել ինքներս մեզ, փորձենք ոչ թե դառնալ ավելի լավը, քան նա, այլ ավելի լավը, քան մենք հիմա ենք: Կփոխվի՞ արդյոք ինչ որ բան, կփոխվե՞ն արդյոք մարդիկ: Հետաքրքիր է:

violeta mkrtchyan

Լարված գրաֆիկ

Շաբաթվա սկզբից մինչև վերջ ես գրեթե տուն չեմ մտնում, եթե մտնում էլ եմ, միայն քնի ժամերին: Բանն այն է, որ օրակարգս այնքան խիտ և հագեցած է, որ չեմ հասցնում ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել: Մայրս միշտ ասում է.

-Տունը դարձել է քեզ համար հյուրանոց, գալիս` քնում ես, առավոտյան արթնանում ու գնում ես:

Բայց ես ամենևին մեղավոր չեմ:

Մի քանի օր առաջ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի քվեարկություն, որտեղ պետք է ընտրեին նախագահ և փոխնախագահ: Քվեարկության արդյունքում երկու ձայնով զիջեցի նախագահին ու դարձա դպրոցի ԱԽ-ի փոխնախագահ, իսկ նախագահը դասընկերուհիս է: Ես նրա համար շատ ուրախ եմ, քանի որ նա արժանի էր դրան:

Հերիք չէին դասերս, պարապմունքներս ու Թումոն, ավելացան ԱԽ-ի աշխատանքները: Դե արի ու այսքանը միասին հասցրու: Պլանավորվեցին ԱԽ-ի գործերը, հույս չունեի, որ մի բան կստացվի, բայց սկսեցի աշխատել: Նախապատրաստական աշխատանքների մեջ է գտնվում «Հայ Ասպետ» մրցախաղը, եկող շաբաթ սպասում ենք նորությունների: Միջանցքներում մշակվեցին պարտադիր հերթապահություններ, որոնք կատարելու են ԱԽ-ի բոլոր անդամները: Պատերին փակցրինք ցուցակները:

Սիրում եմ զբաղվել կազմակերպչական աշխատանքներով, մանավանդ, որ վերջում արդյունքի ես հասնում: Շաբաթվա մեջ 3-2 օր ժողովներ ենք անում և քննարկում հետագա քայլերը: Պարապմունքներիս ուշ-ուշ եմ գնում, մինչ դպրոցից հոգնած հասնում եմ տուն, որ պետք է գնամ, արդեն մութ է լինում:

Չգիտեմ, այս ամենը և լավ է, և վատ: Կարծում եմ՝ լավ է այն առումով, որ երբ ուսանող դառնամ, և լարվածությունս շատ լինի, կկարողանամ դիմակայել ամենադժվարին: Իսկ վատ է դասերիս համար, շատ են տնային հանձնարարությունները, դրանց հետ միասին էլ` պատմել, գրել, կարդալ, չեմ հասցնում, էլի: Տոն օրերն էլ չասեմ, պետք է մասնակցեմ բոլոր միջոցառումներին, հավաքույթներին, համերգներին: Բնավորությունս ինձ ստիպում է անել ամեն բան, սովորել ամեն բան, ընդունվել այն տեղերը, որոնք ինձ շատ են հետաքրքրում, իսկ դրա հետ մեկտեղ պետք է աշխատել և սովորել: