Իմ էջը խորագրի արխիվներ

nare hageyan

Կինոսիրողը

Ես Նարե Հագեյանն եմ: Ապրում եմ Մարտունի քաղաքում: Սիրում եմ ֆիլմեր դիտել: Ընկերական շրջապատում ֆիլմեր դիտելու համար շատ հաճախ ինձ ծաղրում են, սակայն ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Շատ ֆիլմեր չեմ տեսել, բայց անգիր գիտեմ այն ֆիլմերի բովանդակությունները, որոնք դիտել եմ: Տանել չեմ կարողանում մարտաֆիլմեր: Սիրում եմ անիմացիոն և փաստավավերագրական ֆիլմեր: Փաստավավերագրական ֆիլմերի շարքը լրացնում է իմ սիրելի «Անցյալի գաղտնիքներ» ֆիլմը: Այն պատմում է մարդկանց անցյալի մասին: Ինձ համար հետաքրքիրն այն է, որ այդ ֆիլմում ներկայացված է ցածր բանականություն ունեցող մարդկանց կյանքը: 

Մայրիկս չի ուզում, որ ես նման ֆիլմեր դիտեմ, որովհետև նա սիրում է անիմացիոն ֆիլմեր: Իմ սիրելի անիմացիոն ֆիլմերը թվարկելն անհնար է, դրանք շատ-շատ են: Տարվա մեջ մի քանի անգամ մեր տանը ֆիլմի փառատոն ենք անցկացնում, որտեղ հաղթող է ճանաչվում ամենահետաքրքիր ֆիլմի սցենար պատմող մասնակցիը:

Ես ինքս միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարահանել: Այդ ֆիլմը պետք է լինի ընկերության մասին, որովհետև դա ինձ համար ամենակարևոր բանն է: Ես միշտ ցանկացել եմ լինել ֆիլմի սցենարիստ: Ճիշտն ասած, ես աշխատասեր չեմ: Ծնողներս ինձ միշտ նախատում են անհետաքրքրասեր և պասիվ լինելու համար, որովհետև չեմ սիրում խմբակներ հաճախել. ո՛չ պարի, ո՛չ երգի, ո՛չ նկարչության: Կենտրոնացած եմ միայն դասերիս և դպրոցի վրա:

Taron Aramyan

Եվ բարդ, և պարզ

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, մեծ ընտանիքում ՝ հորս, մորս, տատիկիս, պապիկիս և քույրերիս հետ: Քանի որ երեխաներից ամենամեծը ես եմ, քույրերիս` հատկապես փոքր քրոջս չարաճճիությունների համար պատասխան տալ միշտ ես եմ ստիպված լինում: Դա այդքան էլ հեշտ չէ:

Չնայած նրան, որ ես 16 տարեկան եմ, օրվա գրաֆիկս շատ խիտ է: Առավոտյան դպրոց, դասեր, կյանքի պատանեկան, ուրախ, բայց, միաժամանակ, ծանր և հետաքրքիր շրջան: Դասերից հետո լինում եմ մասնավոր ուսումնական հաստատությունում, որը չունի անուն, այնտեղ խորացված կերպով ուսումնասիրում եմ ֆիզիկա: Այսպես գրեթե ամեն օր: Տանը լինում եմ հիմնականում երեկոյան և հանգստյան օրերին: Հաճախակի փոքր խմբերով կազմակերպում ենք արշավներ, որտեղ մեզ հետ կատարվում են կյանքի ամենահետաքրքիր դեպքերը:

Ազատ ժամանակ, որը երբեմն կարողանում եմ ստեղծել ինձ համար, զբաղվում եմ հետաքրքիր մի զբաղմունքով, որը երևի չունի որևէ անուն: Լուցկու հատիկներով, առանց որևէ նյութերի, սոսնձի կամ հավելյալ առարկաների օգնության պատրաստում եմ տնակներ, ամրոցներ և եկեղեցիներ: Այդ զբաղմունքը հանգստացնում է իմ նյարդերը: TaronAramyantnak01Շրջապատից շատ եմ լսել, որ իմ բնավորությունը բարդ է: Տնակներ պատրաստելն էլ իմ բնավորության պես բարդ է: Եղել են դեպքեր, որ իմ այդ բնավորության պատճառով կամ շնորհիվ, ստացել եմ տարօրինակ կամ զավեշտալի մականուններ, որոնցից ես չեմ նեղվում և նույնիսկ լինում են դեպքեր, երբ ես այդ մարդկանց հետ մտածում եմ, թե ինչ նոր անուն կարելի է գտնել:

Մի խոսքով ես, միաժամանակ, և՛ բարդ եմ, և՛ պարզ, մի քիչ միամիտ և կարծում եմ, որ ինձ ճանաչելը այդքան էլ դժվար չէ:

anush

Այդ աղջիկը ես եմ

-Գը՜մփ,- նրա գցած պայթուցիկը պայթեց հենց հորեղբոր ոտքերի մոտ: Շագանակագույն աչքերով այդ չարաճճի տղան մի քանի օր չերևաց հոր աչքին. տնից շուտ էր դուրս գալիս ու վերադառնում, երբ հոր` աշխատանքից վերադառնալուց առաջ և փակվում սենյակում: Հաճախ էր երեք եղբայրների հետ գնում ձկնորսության. դա նրա սիրած զբաղմունքն էր: Լավ էր սովորում, դպրոցում իր չարաճճիությունների պատճառով միշտ ուրիշներին էին պատժում, բայց նա շատ բարի էր: Մեծացավ` հաղթահարելով ամեն դժվարություն, իսկ հետո բոլորին ծաղրող այդ երիտասարդը սիրահարվեց քոլեջ հաճախող մի աղջկա: Շատ չանցած` նրանք ամուսնացան, և ծնվեց մի աղջիկ: Այդ աղջիկը ես էի:

Հայրս համալսարանում չի սովորել, քանի որ երիտասարդ տարիքում կորցրել է հորը և դարձել տան ղեկավարը, բայց դա նրան չի խանգարում կիսով չափ լինել բժիշկ, ճարտարապետ, նկարիչ: Մայրս չափազանց խելացի կին է, միշտ կարողանում է հասկանալ ինձ ու բոլորին:

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, երկհարկանի մի տան մեջ՝ հորեղբորս ընտանիքի և տատիկիս հետ: Իմ սենյակը երկրորդ հարկում է, այդ սենյակին կից մի կիսախարխուլ պատշգամբ կա, հաճախ գիշերները ես քնում եմ այնտեղ, աստղերի տակ: Մի անգամ որոշեցի ցատկել պատշգամբից ու գնալ հեռու, բայց մտածեցի, որ դեռ ժամանակը չէ:

Ես պարզ մարդ եմ, չնայած, որ մի քանի անգամ քնել եմ պատշգամբում, չեմ սիրում քունը, այդ անիմաստ ինքնամոռացումը, իսկ երազներ ես առանց քնելու էլ տեսնում եմ, դրա համար քնել պետք չէ:

Ես սիրում եմ գիշերը, սիրում եմ այգաբացը, հաճախ վաղ եմ արթնանում ու բարձրանում կտուր, որ առաջինը ես տեսնեմ այն, իսկ մայրամուտին գրում եմ փոքրիկ թղթերի վրա, դրանք ամրացնում փուչիկներին և բաց թողնում:

Մի քանի տարի առաջ ես որոշեցի եղբայրներիս համար մի «անակնկալ» պատրաստել: Տան հետնամասում գտնվող հացատան դռան վրա ամրացրեցի մի կոշիկ, որը նկուղից էի գտել: Ես կարտոֆիլի մարգերի մեջ պառկած հետևում էի, երբ անսպասելիորեն եկավ հայրիկն ու… Կոշիկն ընկավ նրա գլխին: Հետո բոլորն իմացան, որ դա իմ ձեռքի գործն է, ես ամոթից մի քանի օր հորս աչքին չերևացի (պատմությունը կրկնվեց, հիմա ես հայրիկիս աչքին չէի ուզում երևալ):

Ասացի, որ մենք ապրում ենք տատիկիս հետ: Տատիկս բարի կին է, բայց երբ բարկանում է, պետք է շուտ փախչել: Մի անգամ, երբ փոքր էի, պատահմամբ հրդեհեցի ծնողներիս մահճակալը: Վառեցի լուցկին, մտածում էի, որ կկարողանամ հանգցնել, բայց` ոչ: Տատիկս ծխի հոտ առավ, նա վառարանի կողքին էր նստած, նայեց շորերին:

-Երեխե՛ք, էս ի՞նչ հոտ ա:

Ես արագ դուրս թռա ննջասենյակից:

-Կրա՜կ,- գոռալով վազում էի ես, կարծես կրակ էի ստեղծել և հիանում էի դրանով…

Իմ մանկությունը հիասքանչ է անցել: Գիշերները բոլորից գաղտնի բարձրանում էի մեր ընկուզենու վրա: Մի անգամ էլ բարձրացա ամենաբարձր ճյուղին ու մինչև իջնելս արդեն քսան անգամ «Հայր մերն» էի ասել ու Աստծուց մեղքերիս համար թողություն խնդրել… Երազում եմ դառնալ ծաղրածու, չնայած համալսարաններում երևի նման բաժին չկա, բայց կարծում եմ, որ դա ամենաբարդ մասնագիտությունն է: Վախենում եմ օձերից և սեփական հոգուցս, այն այնքան տարօրինակ է: Վերջերս ընկերուհուս նամակ ուղարկեցի, պարզվեց միայն ծրարն եմ ուղարկել, իսկ նամակն այդպես էլ չգտա:

Իմ շունը սատկեց: Բայց ախր, ես շուն չունեմ… Բայց որ ունենամ` կսատկի: Չգիտեմ ինչպիսին եմ ես, երևի միօրինակ կամ յուրօրինակ, դա ինձ քիչ է հետաքրքրում, իսկ հիմա ես միայն մտածում եմ թռչելու մասին:

karen karapeytyan

Իմ առաջին հաղթանակը

Կյանքում չեմ կարողանա մոռանալ այն օրը, երբ առաջին անգամ մտա թեքվանդոյի ռինգ, դա 2009 թվականն էր, նոյեմբերի 7-ը: Դա իմ առաջին մրցումն էր: Երբ իմացա, որ մրցելու եմ 6 հոգու հետ՝ լարվածություն զգացի, մտածեցի, որ ես չեմ կարողանա հաղթել եւ հիասթափված նստեցի նստարանի վրա: Մրցումների սկսվելուն մնացել էր մի քանի րոպե, երբ կարդացին իմ անուն ազգանունը, որպեսզի պատրաստվեմ դուրս գալ ռինգ:

Այդ պահին ինձ հետ մի անբացատրելի բան կատարվեց: Կարծես լինեի մի թունելի մեջ, որից դուրս գալու համար պետք է շատ երկար վազել: Ինչ-որ մի ուժ ինձ ուղղորդում էր ռինգ՝ դեպի իմ ապագան: Ամբողջ մենամարտի ժամանակ ես շատ լարված էի, եւ երբ ավարտվեց 1-ին ռաունդը, մենք մոտեցանք մեր մարզիչներին: Մարզիչս ինձ ասաց, որ չլարվեմ եւ փորձեմ առաջ գնալ, եւ ես այդպես էլ արեցի: Մենամարտի վերջում, երբ մրցավարը իմ ձեռքը բարձրացրեց՝ ի նշան հաղթանակի, արդեն երեւում էր թունելից դուրս գալու այդ դժվար ճանապարհը: Երբ իմ վերջին մենամարտն էր, ես ինձ պարտավորված էի զգում, դրանից էր կախված, թե իմ մարզական կարիերան ինչ ընթացք կունենար: Եվ ես դուրս եկա ռինգ: Ճիշտ է, զարմանալի է, բայց ես նրան հաղթեցի 14:0 հաշվով, եւ 2-րդ ռաունդի կեսից մրցավարը կանգնեցրեց մենամարտը ու հաղթանակը տվեց ինձ: Մրցավարը իմ ձեռքը բարձրացրեց որպես հաղթողի, քիչ անց ես կանգնած էի պատվո հարթակի առաջին տեղում: Երբ հանձնեցին ինձ իմ մրցանակը եւ պատվոգիրը, հասկացա, որ ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում: Եվ եթե ունես նպատակ, պետք է ամեն ջանք գործադրես ու անես ամեն ինչ` քո նպատակին հասնելու համար:

mane antonyan

Սահմանը երկինքն է

Ես Մանեն եմ, երկրորդ անունս՝ Կոլիբրի։ Մի անգամ ինձ ասացին, որ սատանայից վեց օր շուտ եմ ծնվել (ասում եմ` իմ մասին պատկերացումը լրիվ լինելու նպատակով)։

Երբ ինձ հարցնում են, թե ո՞վ եմ ուզում լինել, երբ մեծանամ, ասում եմ, որ ուզում եմ նախ և առաջ լավ մարդ լինել, իսկ հետո արդեն «արվեստի մարդ»։ Սիրում եմ նկարել, մեկ-մեկ էլ գրքեր եմ գրում։ Դե էլ չասեմ, թե ինչքան շատ եմ սիրում գրքեր կարդալ։

Ես այն սակավաթիվ մարդկանցից եմ, ով հավատում է, որ երազանքները իրականանում եմ։ Իմ կարծիքով, նման չեմ մնացածին, ու առանձնապես ցանկություն էլ չկա նմանվելու։ Մնացածի նման չունեմ նպատակներ, որովհետև երբ ունենում ես կոնկրետ նպատակներ, նրանց կատարվելուց հետո առաջ չես շարժվում, իսկ ինձ համար սահման կարող է լինել միայն երկինքը։

Երբ փոքր էի, արածս ամեն չարության համար ստանում էի համապատասխան պատիժ։ Օրինակ՝ ասում էին. «Գնա՛ սենյակդ, պառկիր քնելու»… Առաջին հայացքից անմեղ այս խոսքերն իմ ականջներում լսվում էին որպես դժոխային դատավճիռ։

Այժմ, երբ մեծացել եմ, հաճախ եմ երազում սենյակումս միայնակ մնալու, ամբողջ օրը քնելու մասին, ու չկա մեկը, ով այդպես ինձ «կպատժի»։

Երկար եմ մտածել, թե ինչու մանկությանս վախերը դարձել են իմ ցանկությունները, և հասկացել եմ. ամեն մի պատիժ սահմանափակում է մեր ազատությունը, և այն միտքը, որ իրավունք չունենք, ասենք, սենյակից դուրս գալու, մեզ ճնշում է։ Այնինչ, հիմա ես հաճախ փակվում եմ սենյակումս՝ ցանկություն չունենալով ինչ-որ մեկին տեսնելու։ Բայց մեկ է՝ այժմ էլ տանել չեմ կարողանում, երբ խոչընդոտում են ազատությանս։

Ի վերջո, այս կյանքն ապրում ենք մեկ անգամ, և արժի այն ապրել ազատ։

Իմ Դսեղը

«Դարերի միջով ես անցել՝ Սրբագրվելով,մաքրվելով: Երկրագնդի փայլն ես դարձել  Ղալամ քաշող Թումանյանով…»

Երբ ձեռքս եմ վերցնում «Դսեղ» գիրքը, ականջիս գալիս է Դեբեդի վշշոցը,Գիքորի «Էստի՜ համեցեք»-ը ու աչքիս առաջ՝ Մարոյի սառած աչքերը…

Դսեղը ինքնին յուրօրինակ ու հետաքրքիր գյուղ է: Յուրահատկության մասին վկայում է նրա անվան ստուգաբանության տարբերակներից մեկը, ըստ որի՝ ձորի գյուղերից տարբերվելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դըզի գեղ: Տարիների ընթացքում հնչյունափոխվելով դարձել է Դսեղ: Իսկ ըստ մյուսի՝ Դսեղ նշանակում է` դուրս տեղ, այսինքն, բնակավայրերից առանձնացված տեղ: Ինչպես Թումանյանն է ասում. «Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի: Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված և ամրացված է հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմերից՝ խոր ձորերով…»:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Դսեղ անունը առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում, որն էլ վկայում է, որ Դսեղը երկար տարիների կյանք ունի:

Դժվար է «Դսեղ» և «Թումանյան» բառերը առանձին արտասանել: Ինչպես ամեն դսեղեցի՝ Թումանյանը ևս հպարտ է, որ ԴՍԵՂԵՑԻ է: Այո՛, հպարտ «է», որովհետև նա չի մահացել մեր սրտերում, մեր մտքում ու հոգում: Նրա ստեղծագործությունները վկայում են, թե ինչ մեծ սեր է տածել Դսեղի հանդեպ:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Դսեղը զբոսաշրջիկների համար հետաքրքիր է իր կոթողներով ու խաչքարերով, որոնց վերաբերյալ կան հետաքրքրաշարժ տեղեկություններ: Կարծում եմ, բոլորդ էլ գիտեք Բարձրաքարշ Ս. Գրիգոր վանքի մասին, որը մի յուրօրինակ գլուխգործոց է: Հետաքրքիր լուծումներով է ներկայացված նաև Քառակող կոթողը, Սիրուն խաչը և այլն:

Դսեղեցիները նույնպես ոչ պակաս հումորի զգացում ունեն (ճիշտ է, չենք հասնի գյումրեցիներին, բայց դե…): Դսեղեցիների անեկդոտների հետ կարելի է ծանոթանալ «Զվարճապատում» գրքի միջոցով: Առաջարկում եմ կարդաք, բայց դրանք առաջին հայացքից այդքան էլ ծիծաղաշարժ չեն, կհասկանան միայն տեղացիները:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Դսեղեցիներս շատ ենք օգտագործում նաև մականուններ՝ իհարկե, մեծամասամբ տղամարդկանց համար: Երբ մեր տանը խոսում են ինչ-որ մեկի մասին, ես միանգամից հարցնում եմ.

-Տա՜տ, էդ ո՞վ ա:

Տատս էլ, ինչպես միշտ, պատասխանում է, թե ես հաստատ չեմ ճանաչի, բայց դե իմ համառության շնորհիվ ստանում եմ հարցիս պատասխանը: Ասածս ինչ է, ես ճանաչում եմ գյուղիս 70%-ին, բայց զարմանալին այն է, որ նրանց 40%-ին ճանաչում եմ իրենց մականուններով (ճիշտն ասած, ոչ միշտ եմ մտաբերում մարդկանց): Մականունները օգնում են մարդկանց ավելի հեշտ ճանաչել, և միայն տեղացիները կարող են կռահել մարդուն: Օրինակ, մեզ՝ Ավետիքյաններիս, մարդիկ ճանաչում են «Ճումարանք» մականունով: Մեր նախնիները շատ են ճմբուռ (հալած յուղի մեջ նոր թխաց հաց) կերել, և դա է պատճառը, որ մեզ այդպես են կոչում: Անկեղծ ասած, այդ սովորությունը մինչև հիմա կա:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյան

Երբեք լսած չեք լինի «Հատիկ» մականունը: Ինչպե՞ս է առաջացել: Տատը շատ է սիրել իր արու թոռնիկին և նրան դիմել է. «Ոսկու հատիկ ջա՜ն»: Հետագայում նրան անվանել են Հատիկ, և առաջացել է այդ մականունը: «Մոշ»՝ Աթյանների տղամարդկանցից մեկը տնեցիներից խռովել է և, երբ ընկերների հետ խոտհավաքի է գնացել, նրանց հետ չէր գնացել մոշ ուտելու: Այն հարցին, թե ինչու չի ուտում, պատասխանել է, որ նեղացած է: Այստեղից էլ եկել է «մոշ անել» արտահայտությունը, որը նշանակում է` նեղանալ:

Գյուղի մի տղա երեխա, երբ անընդհատ երգելով ման է եկել, նրան ասել են.

-Ի՞նչ ես իմացել, գլուխներս տարար:

-Դե՜, ես էլ մեր գեղի գուսանն եմ,-պատասխանել է տղան: Եվ դրանից հետո արդեն նրան մինչ օրս դիմում են Գուսան:

Ես, ինչքանով որ զարմանալի է, ունեմ երեք պապիկ, և Դսեղում է գտնվում նրանց երեքի տունը, որոնցից մեկն էլ հենց ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի հայրենի տունն է, ուր գտնվում է Թումանյանի հոգին ու միտքը: Թումանյանը համազգային է, համամարդկային: Նա ոգեշնչում է բոլորին և, ի վերջո, նրա շնորհիվ է, որ Դսեղը հայտնի է աշխարհասփյուռ հայությանը:

Գիտեմ, որ դպրոցս ավարտելուց հետո ես՝ ուսումս շարունակելու նպատակով, լքելու եմ Դսեղը, բայց հավաստիացնում եմ, որ չեմ մոռանա ո՛չ Լոռու բնությունը, ո՛չ համագյուղացիներիս, ո՛չ էլ Թումանյանի տուն-թանգարանը՝ նրա երբեմնի եղևնիներով, փայտե դռներով, թանգարանի բակում հանգչող Թումանյանի սրտով:

Ani Ghulinyan

Ֆուտբոլային սիրավեպ

2014 թվականի ամռանը, երբ ողջ ֆուտբոլասեր հասարակությունը շունչը պահած դիտում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և սպասում նրա հաղթողին, ես նույն այդ ժամանակ հեռուստաալիքներն էի թերթում` որևէ հետաքրքիր հաղորդում գտնելու հույսով:

Մի երեկո էլ, ոչ մի հաղորդում չգտնելով, կանգ առա Հանրային հեռուստատեսության վրա, որով հեռարձակվում էր ֆուտբոլի առաջնությունը:

Մինչ այդ երբեք ֆուտբոլ չէի նայել, ավելին, չէի հասկանում ֆուտբոլասերներին, ովքեր ինչ որ խաղի պատճառով լաց էին լինում կամ ուրախանում: Տեսնելով, որ խաղին մնացել է 2 րոպե, ալիքը չփոխեցի: Մտածեցի` կավարտվի, մի ֆիլմ կսկսվի`կնայեմ: Խաղը համարյա ավարտվելու վրա էր, հաշիվը` 0:0, վայրկյաններն էի հաշվում, թե երբ է ավարտվելու, իսկ մրցավարը, ի դժբախտություն ինձ, ավելացրեց 3 րոպե: Երբ ավելացված վերջին րոպեն էր ավարտվում, ինչ որ ֆուտբոլիստ գոլ խփեց Իրանի հավաքականին: Մեկնաբանի բարձր գոռոցից հասկացա, որ այդ ֆուտբոլիստի անունը Լեոնել Մեսսի էր: Շատ էի լսել նրա մասին, բայց երբեք չէի տեսել:
Այդ օրվանից իմ կյանքը 180 աստիճանով փոխվեց: Սկսեցի ուսումնասիրել այն հավաքականը, որտեղ խաղում էր Մեսսին`Արգենտինայինը: Մինչև հաջորդ խաղը արդեն նրանց ողջ կազմը սովորել էի, բոլոր խաղերին հետևում էի: Մինչև որ հասավ եզրափակչի օրը: Եզրափակիչ էին հասել Արգենտինան ու Գերմանիան: Խաղի 90 րոպեներին աչքս չէի կտրում հեռուստացույցից, բայց թեև երկու կողմերն էլ գրոհներ էին կազմակերպում, խաղը ավարտվեց ոչ ոքի, եկավ ավելացված ժամանակի հերթը: Երբ արդեն բոլորս պատրաստվում էինք 11 մետրանոց հարվածաշարին, Մարիո Գյոտցեն գնդակն ուղարկեց արգենտինացիների դարպասը` վճռելով խաղի ելքը: Իմ իմացած ու չիմացած բոլոր աղոթքներն էի ասում, խնդրում, որ արգենտինացիները գոնե մի գոլ խփեն, բայց հրաշք չկատարվեց:

Մունդիալ 2014-ի հաղթող դարձավ Գերմանիան: Այդ մեկ ամսից էլ քիչ ժամանակում այնքան էի կապվել Արգենտինայի հավաքականի հետ, որ ամեն ֆուտբոլիստի կարծես շատ վաղուց արդեն ճանաչում էի: Աշխարհի առաջնության գավաթի մոտով անցնելիս Մեսսիի հայացքը վեջին կաթիլն էր: Սկսեցի բաց թողնել այն արցունքները, որոնք համառությամբ զսպում էի մինչ այդ (ուժեղ մարդ էի ուզում խաղալ):

Այդպես շարունակեցի մոտ մեկ ամիս: Տանից դուրս չէի գալիս, ողջ ժամանակս տրամադրում էի ֆուտբոլին: Պարզեցի, որ Լեո Մեսսին խաղում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, հետո հետաքրքրվեցի այս ակումբով`պատմությամբ, ֆուտբոլիստներով: Հասկացա, որ իմ կյանքի ակումբը «Բարսելոնան» է: Հետո իմ կյանքի թելը սահուն կերպով միահյուսվեց ֆուտբոլի հետ: Իմ կյանքը բաժանվեց 2 մասի` ֆուբոլից առաջ և ֆուտբոլից հետո:
Ամեն անգամ, երբ Բարսան պարտվում է, նստում եմ տան մի անկյունում, ամուր գրկում Բարսայի տարբերանշանը ու երգում եմ Tot el Camp-ը (Բարսելոնայի օրհներգը): Ծնողներս դժվար, բայց համակերպվեցին իրենց երեխայի այս նոր քմահաճույքի հետ, բայց ի զարմանս նրանց, այդ քմահաճույքը երկար տևեց, մինչև այսօր: Ընկերներս էլ սովորեցին, որ եթե ես նրանց ոգևորված որևէ ֆուբոլային խաղ եմ պատմում, ինձ ընդհատել պետք չի:
Մինչև հիմա էլ Մունդիալ -2014-ի եզրափակիչը չեմ կարողանում առանց հուզմունքի հիշել: Թե ինչպես «մենք» կարող էին հաղթել, բայց չհաղթեցինք:
Դրանից հետո Լեոնել Մեսսին ունեցավ ևս 2 պարտված եզրափակիչ, ես էլ նրա հետ: Ու թեև այս տարին շատ հետաքրքիր անցկացրեցի, ու այն հավակնում էր դառնալ մինչև հիմա իմ ապրած լավագույն ամառը, բայց այս տարի Արգենտինան Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղում երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց Չիլիին:

Ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս, տեսնում եմ Մեսսիի արցունքները պարտությունից հետո, նրա չիրացրած 11 մետրանոցը, արդեն որերորդ անգամ գլխիկոր հեռանալը մարզադաշտից… Չէ, այս տարին հաստատ լավագույնը չի:
Ես երբեք լուրջ մրցույթների չեմ մասնակցել, բայց այնպիսի զգացում ունեմ, որ պարտվել եմ 3 եզրափակչում: Հիմա սպասում եմ 2018 թվականի աշխարհի առաջնությանը. դա իմ ու Մեսսիի վերջին շանսն է:
Հիմա իմ բոլոր երազանքները, նպատակները կապված են ֆուտբոլի հետ: Չգիտեմ, իմ այս սերը ֆուտբոլի նկատմամբ մի օր կանցնի՞: Գուցե այն ժամանակ, երբ ես իսկապես սիրեմ:

Hasmik Miqayelyan

Թոշակի օրը

Ինչպես ասել են մեր մեծերը՝ չկա չարիք, առանց բարիք, բայց այս օրը այն գործում է հակառակ ուղղությամբ՝ չկա բարիք, առանց չարիք: Եվ ես իմ ասածը կապացուցեմ` օրինակ բերելով հենց իմ ընտանիքի վրա:

Հենց գալիս է թոշակ ստանալու օրը, մեր տանը սկսում է արդեն ավանդական դարձած բանավեճը, որը մերոնք անվանում են ուղղակի բարձրաձայն խոսակցություն:

Բանավեճը վարում են տան մեծերը: Քանի որ պապիկս աշխատում է Երևանում, նա չի մասնակցում, այսպես ասված, ուղղակի բարձր խոսակցությանը: Դրան մասնակցում են տատիկս և մայրիկիս հորաքույրը: Հորաքույրը, որպես կանոն, գյուղում առաջինն է իմանում թոշակի օրվա մասին: Տատիկս և գյուղի բնակիչները այս մասին իմանում են հորաքրոջիցս` հեռախոսազանգերի միջոցով:

Տատիկս ու մայրիկիս հորաքույրը ցերեկը ժամանակ չեն ունենում իրար հետ կռվելու, հենց այդ պատճառով կռիվը սկսվում է երեկոյան: Նստում են սեղանի շուրջ և սկսում են զրուցել:

Խոսակցությունը սկսում են միաժամանակ, բայց, ցավոք, չեմ հիշում, թե ինչից է սկսվում: Հետո անցնում են, իրենց ասած, բարձր խոսակցությունը, որն սկսում է տատիկս:

-Տենաս` դու ի՞նչ ես անում էդքան փող: Ո՞ւմն ես տալում:

-Ու՜ֆ, ընենց ես ասում, իբր չգիդես` ումն եմ տալում: Լուսն եմ փագում, ջուրն եմ փագում, գազն եմ փագում ու 42000-ը պրծնում ա: Խանութների պարքն էլ հլը չեմ տվե:

-Ու՜ֆ, ամեն ամիս էս նույն խոսակցությունն ա,- սրտնեղում է տատս:

Հորաքույրս ձեռքը խփում է սեղանին և տոնը բարձրացնում.

-Բա ի՞նչ ես ուզում ասեմ: Էդ եմ անում` էդ եմ ասում:

-Ու՜ֆ, լավ է՜…

Ու տատիկս փորձելով փախչել խոսակցությունից, վեր է կենում տեղից և ուզում է հեռանալ: Բայց հորաքույրս բարձր ձայնով և գլուխը շարժելով ասում է:

-Էտ տենում ես` ինձի չես կարա հաղթես, փախնում ես:

Տատիկս փորձելով իրավիճակից դուրս գալ, ասում է:

-Չէ, ուղղակի գործերս մնացին: Ոնց որ ժամանակ ուտող ապարատ հլնես: Հավեսդ չունեմ:

Ու այս խոսակցությունը շարունակվում է այնքան, մինչև ընտանիքից ինչ-որ մեկը ընդհատում է նրանց: Ընդհատումը կատարում է հարսիկս` տատիկիս խոհանոց կանչելով:

Դե, թոշակի օրը տատս ու մայրիկիս հորաքույրը պարզապես ուզում են պարտքերը փակել, բայց դրանք ավելի շատ են,, քան խղճուկ 42 000-ը: Առաջին հայացքից թվում է, թե կռվում են փողի և պարտքերի համար։ Կարծես ամբողջ մի ամիս սպասում են թոշակի օրվան, որ հիշեն ամբողջ կյանքի նեղսրտությունները: Մի ամիս լուռ, իսկ թոշակի օրը` մի ամսվա պարզաբանումներ ու բանակցություններ:

Ինքնաարտահայտման իմ ձևը

Հաճախ եմ խոսում ինքս ինձ հետ: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր ու երազկոտ աղջիկ է զրուցակիցս: Գլուխ չգովեմ:

Լավ, իմ տաղանդը ո՞րն է:

Երգել չգիտեմ, պարելն ատում եմ, նկարել չգիտեմ, ուժեղ չեմ,  մարմնամարզությամբ երկու օր եմ զբաղվել, էլ չկարողացա, ասմունքելուց հեռու եմ… Ինչ անտաղանդ եմ ես…

Ու ես հարցը ինձ տանջում էր օրեր շարունակ, տանը նստած իմ տեղում:

(Հա, իմ տեղը ոչ թե սենյակս է, այլ մեր տան մեծ միջանցքը: Նստում եմ բազկաթոռին, նայում եմ հայելու մեջ ու մտածում: Այս անգամ էլ նստած տանջվում եմ` ո՞րն է իմ տաղանդը: Մինչև որ մայրիկի բարձր ձայնը չկտրեց մտքիս թելը):

-Հերիք ա հիանաս քեզնով, անցիր դասերիդ:

-Մամ, ես չեմ հիանում, բան եմ մտածում:

-Ուֆ, մարդ չդառար էլի,- ծիծաղելով ասաց մայրիկս իր  ամենաշատ օգտագործվող արտահայտությունն  ինձ հետ շփվելիս:

-Մարդ չեն դառնում, մարդ ծնվում են,-  ասացի ես ու գնացի:

Ու միանգամից հիշեցի. Դերասանությունը:

Հիմա կմտածեք` ի՞նչ դերասանություն:

Հա, հա, ժողովուրդ: Ես շատ լավ դերասան եմ, դա բացահայտեցի, երբ գնացել էի Ծաղկաձոր` ճամբար: Մենք մեր խմբով պիտի տաղանդներ ներկայացնեինք, և ես ու Քրիստինեն` մանկությանս ընկերուհին, բեմականացում պատրաստեցինք:

Հանգստացա… Անտաղանդ չեմ: Հետո հիշեցի լուսանկարելու մասին:

Հիմա կասեք`դա տաղանդ չի, չէ:

Իսկ ես կապացուցեմ ձեզ հակառակը:

Ամեն մեկը չէ, որ կարող է որսալ կադրը ու ֆոտոյի միջոցով հաղորդել այն, ինչ ուզում է:

Իմ աշխատանքներից մի քանիսը հանձնում եմ ձեր դատին: Եթե դուր գան, խնդրում եմ մեկնաբանություններում մի բան թողեք, ես դրանից ինձ շատ գնահատված եմ զգում:

 

 

Davit Ghahramanyan

Թիավարությունը Սևանում

Ես Դավիթ Ղահրամանյանն եմ: Ապրում եմ Սևանում, զբաղվում եմ թիավարությամբ։ Թիավարությունը Հայաստանում զարգացել է անցյալ դարի 60-ական թվականներին, իսկ մասնավորապես Սևանում այն մեծ զարգացում գտավ միայն մեկ տասնամյակ առաջ։

Գոյություն ունի թիավարության երեք տեսակ` բայդարկա, կանոե և ակադեմիական` մեկ, երկու և չորս տեղանոց։ Այս սպորտաձևը Սևանում հասել է մեծ հաջողությունների: Բերել է բազմաթիվ մրցանակներ, ունի սպորտի վարպետներ։ Մեզ մոտ թիվարում են 30-ից ավելի երեխաներ։ Այս սպորտաձևով կարող են զբաղվել 10 տարեկանից։ Պարապմունքներն անվճար են։ Թիավարությամբ զբաղվելու համար գլխավոր դժվարությունը ուժեղ լինելն է, իսկ ամենակարևորը` տեխնիկան, պետք է ճիշտ տեխնիկայով թիավարել, որպեսզի նավակն արագ ընթանա։

Ձմռանը մենք գնում ենք մարզադահլիճ, պարապում ենք հատուկ մարզասարքերով, իսկ ամռանը վերադառնում ենք Հրազդան գետ և շարունակում ենք զբաղվել մեր թագավորական սպորտաձևով։Ես թիավարությամբ զբաղվում եմ 13 տարեկանից: Արդեն 4 տարի է: Թիավարությունը շատ դժվար սպորտաձև է։ Սկզբում ինձ համար էլ շատ դժվար էր, բայց երկար մարզվելուց հետո, կարողացա որոշ չափով հաղթահարել այդ դժվարությունը։

Ես հիշում եմ իմ առաջին անհաջողությունը: 13 տարեկան էի։ Այդ ժամանակ ես չկարողացա ոչ մի տեղ գրավել, բայց երկար ջանք թափելուց հետո իմ առաջին հաջողությունը 14 տարեկանում էր` գրավեցի առաջին տեղ երկտեղանոց բայդարկայով և երրորդ տեղ` մեկտեղանոց բայդարկայով։

Այս ամենին ես հասել եմ իմ մարզիչների` Ավետիք Մալխասյանի և Վարուժան Հակոբյանի շնորհիվ։ Նրանք նույնպես պարապել են Հրազդան գետում։ Թիավարությունը կոփում է մարդու մարմինը, թիավարության ժամանակ աշխատում է մարդու բոլոր մկանները։ Ես ձգտում եմ ավելի զարգանալ այս սպորտաձևում: Իմ նպատակն է` դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Մոտ ժամանակներս մեր հարևան Վրաստանում տեղի է ունենալու թիավարության բաց առաջնություն, և ես ջանք եմ չեմ խնայում, որպեսզի լավ ներկայանամ այդ առաջնությանը: