Իմ էջը խորագրի արխիվներ

Իմ ընտանիքը

Իմ ընտանիքում ապրում է վեց հոգի` ես, հայրս, մայրս, քույրիկս, Սիսիս` մեր կատվիկը, և Բորիս` մեր շունիկը։ Մեր ընտանիքը փոքր-ինչ տարբերվում է մյուս ընտանիքներից։ Մենք բոլորս այնքան տարբեր ենք միմյանցից, բայց և այնքան նման ենք իրար։ Հասկանալու համար մեր ընտանիքի ողջ տրագիկոմեդիան, պետք է որոշ ժամանակ կարողանաս ապրել այդ ֆանտաստիկ միջավայրում, բայց քանի որ դա երկար ու բարդ պրոցես է, կփորձեմ հակիրճ նեկայացնել ինձ ու իմ ընտանիքի անդամներին առանձին-առանձին։ Մեր ընտանիքի գլուխը հայրիկս է։ Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, չնայած դրան` ոչ մի շենք չի նախագծել։ Հայրս շատ հմուտ մարդ է և իր կյանքի ընթացքում շատ ոլորտներում է փորձել իրեն։ Նա միևնույն ժամանակ հասարակ շինարար է, վարորդ, ուսուցիչ և նույնիսկ որոշ դեպքում բժիշկ, բայց ոչ` ճարտարապետ։ Շատ է սիրում զբաղվել որսորդությամբ։ Այդ պատճառով մեր տունը հիշեցնում է վայրի կենդանիների մորթիներից ստեղծված անտառային մի փոքրիկ տնակ։ Օյ՛, մոռացա նշել, որ նա չի մոռացել իրեն արվեստում փորձել։ Նրա ամենասիրելի զբաղմունքը ակորդեոն նվագելն է։ Սակայն, քանի որ երաժշտական կրթություն չունի, սարսափելի վատ է նվագում։ Հենց այստեղից էլ սկսվում են մեր ընտանեկան վեճերը։ Հայրս միշտ նեղանում է մեզնից ու ասում «է՜, դուք արվեստից ոչինչ չեք հասկանում…», իսկ ես կիսաջղային, կիսաաղերսական տոնով աշխատում եմ համոզել նրան, որ դադարեցնի ագռավների համար գրած իր սիմֆոնիան ու ասում. «Մեծն մաեստրո, ձեր տաղանդն անզոր է գնահատվել հասարակ մահկանացուների կողմից։ Փորձեք ձեզ մեծ բեմերում»։ Միևնույն է, ջանքերս իզուր են այդ ուղղությամբ։ Նա պաշտում է այդ գործիքը և չի պատրաստվում հրաժարվել դրանից։ Մայրիկս մեր ընտանիքի գլխավոր դեմքն է։ Նա մասնագիտությամբ բանասեր է, բայց, ինչպես հայրս, մայրս նույնպես մի քանի մասնագիտություն ունի։ Առաջին հերթին նա իհարկե կոչումով ուսուցչուհի է, բայց դրանից հետո նա տնտեսագետ է, սոցիոլոգ, գյուղատնտես, բժիշկ և վերջապես՝ գործարար։ Ժամանակին նա եղել է նաև մեքենագրուհի, որն այսօր հնացած մասնագիտություն է համարվում։ Մեր ընտանիքում մասնագետների այսպիսի բազմազանությունը գալիս է հենց նրանից։ Նա իր էությամբ շատ ուժեղ մարդ է և կյանքի դժվարություններն ու փորձությունները ընդունում ու ճանապարհում է ժպիտով։ Նա երբեք չի հուսահատվում և մեզ էլ հորդորում է այդպիսին լինել։ Մայրիկս իմ հրեշտակն է, իմ լավագույն ընկերուհին և իմ ամենասիրելի մարդն այս կյանքում։ Նա իմ ու շատերի համար կատարյալ կերպար է։ Քույրիկս մեր ընտանիքի ամենատարօրինակ մարդն է։ Նրա տարերքը մաթեմատիկան և ֆիզիկան են։ Ի տարբերություն մեզ` նա միայն մի կողնորոշում ունի։ Երազում է դառնալ ծրագրավորող։ Նա շատ է տարբերվում մեզնից։ Երբեմն թվում է, թե նա է մեր տան գլխավոր հաշվապահը և մայրիկի ու հայրիկի հետ հավասար ղեկավարում է մեր բիզնեսը։ Նա միակ մարդն է, ում հաջողվում է ուշքի բերել ինձ, երբ ընկնում եմ երազանքների գիրկը։ Կարծես նա իմ մեծ քույրիկը լինի։ Մենք ամեն օր վիճում ենք իրար հետ։ Չնայած՝ կռիվը միշտ ես եմ հրահրում, միշտ նա է հաղթում մեր «փառահեղ» մարտերում։ Երբ մի օր չենք վիճում, նշանակում է՝ այդ օրը վատ է անցնելու։ Կյանքն առանց մեր կռիվների անիմաստ կլիներ։ Մենք երկուսով հաճախում ենք թատերական խմբակ։ Զարմանալի է, բայց բեմում մենք էլի միասին ենք խաղում։ Ճիշտ է, նա սարսափելի է երգում և պարում, բայց որպես դերասանուհի փառահեղ է։ Բնությունը նրան օժտել է յուրահատուկ տաղանդով։ Չնայած դրան՝ նա հաճուքով չի հաճախում թատերական խմբակ, այլ միայն նրա համար, որ խումբը չփակվի, քանի որ երեխաները քիչ են։ Նա այդ ամենն անում է ինձ համար, քանի որ գիտի, որ ես պաշտում եմ բեմը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ժողովուրդը ճիշտ է ասում, պտուղը ծառից հեռու չի ընկնի։ Ես շատ եմ նման ծնողներիս ամեն հարցով` այդ թվում և մասնագիտությունների։ Փոքրուց մինչև տասնհինգ տարեկանս երազում էի դառնալ դերասանուհի, բայց վերջին տարիներին (չգիտեմ, գուցե արեգակնային ոթորիկների հետևանք էր) գլխումս մի տեսակ խառնաշփոթ  սկսվեց և ես «անցա» համալսարանների բոլոր ֆակուլտետներով։ Դե, դա բնորոշ է ինձ, եթե հաշվի առնենք, որ ինը տարվա ընթացքում ինը դասարան և երեք դպրոց եմ փոխել։ Կարելի է ասել, որ մեր քաղաքի բոլոր իմ հասակակից երեխաները իմ դասընկերներն են եղել։ Ես էությամբ մի փոքր բարդ մարդ եմ, մի քիչ էլ թեթև, մի քիչ էլ ինքնահավան, մի քիչ էլ շատ եմ խոսում, մի քիչ էլ շատ եմ սիրում ինձ, դրա համար էլ ավելի լավ է շատ չգովեմ ինձ։ Ես մի առանձին, լուրջ թեմա եմ։ Դրա համար գիտական, լուրջ հարցերը, ինչպիսին իմ տեսակի քննարկումն է, կթողնեմ գիտնականներին ու բամբասկոտներին և կանցնեմ մեր ընտանիքի մյուս անդամներին` Սիսիին ու Բոբիին։ Նրանք մեր ընտանիքի լիարժեք անդամներն են, մեր ուրախությունը։ Այս երկուսը աշխարհի ամենատարօրինակ շունն ու կատուն են։ Շատ նման են ինձ ու քույրիկիս` միշտ կռվում են, բայց շատ են սիրում իրար։ Նրանք կարծես դուրս են կատուներին ու շներին վերաբերող բոլոր ստանդարտներից։ Սիսին շատ լավ տիրապետում է հայերենին։ Դե դա բնական է։ Չէ՞ որ մայրիկս հայոց լեզվի մասնագետ է և փիսոյիս դաստիարակությամբ զբաղվում է անձամբ։ Միայն նրան չի հաջողվում ռուսերեն սովորեցնել։ Կարծում եմ, ռուսերեն չիմանալու գենը մեր ընտանիքում ժառանգական է, և մեր ընտանիքի փոքրիկ անդամները ևս անմասն չեն մնացել դրանից։ Փիսոս իմ ամենալավ ընկերն է, երբ տխուր և հոգնած եմ լինում, նա իր մռռոցով միշտ քսվում է ինձ, խնամում, սիրում։ Այդ փոքրիկը կարծես իմ դայակը լինի։ Երբ գիշերները լամպի լույսի տակ գիրք եմ կարդում, կարծես նա անհանգստանում է ինձ համար, գալիս է ու շուռ է տալիս լամպը, կանգնում գլխիս վրա, շոյում ինձ, հետո քնում` հիշեցնելով քնի մասին։ Նրա մռռոցներից շուտով արթնանում է մայրիկը և ստիպում է ինձ քնել, իսկ այդ փոքրիկ չարաճճին հաղթական հայացքով տեղավորում է ոտքերիս տակ ու սկսում «բայու-բայուշկի» երգել: Նույն հոգատար վերաբերմունքը ես ստանում եմ մեր տան սևուկ անդամից։ Նրա հետ մենք բազմաթիվ անտառային արկածներ ունենք։ Դե նրանց մասին կարող եմ պատմել անվերջ, բայց այս փոքրիկ չարաճճին չի թողնում ավարտել պատմությունս և անվերջ մռռոցներով հորդորում է ինձ գնալ քնելու։ Այդ պատճառով իմ ընտանիքի պատմությունը կավարտեմ այստեղ` հուսալով, որ ինչ-որ չափով ճանաչեցիք մեզ։

Թե ինչպես են բանտարկվում հոգիները

Չնայած մեր շենքը միակն էր մեր փողոցում, մենք շատ էինք: Մենք երկու շքամուտք էինք ու չորս հարկ, բայց մենք շատ էինք: Իմ հուշերում իմ մանկության ընկերները շատ են: Իսկ կողքիս` կեսն էլ չկան: Եվ ոչ թե, որովհետև մենք կռվեցինք կամ մեկ այլ բան, այլ նրանց ծնողների աշխատավոր հոգիները բանտարկվեցին: Մենք չէինք հասկանում, թե ինչպես են բանտարկվում ու գոյատևելու համար գնում: Մենք երկու ընտանիք ունեինք: Կարծես հերթափոխով` առավոտից իրիկուն ես ապրում էի իմ բակի ու գնդակի ընտանիքի հետ, իսկ գիշերը` մահճակալիս ու երազների: Մենք միշտ  լուռ նայում էինք, թե ինչպես էր մեզնից մեկը իր երկրորդ ընտանիքի հետ իրերը հավաքում ու գնում: Սովորաբար նրանց էլ չէինք տեսնում: Նրանց բացակայությունն էլ համարյա չէինք տեսնում, քանի դեռ չէինք սկսել չխաղալ որոշ խաղեր մեր քիչ թվի պատճառով:  Մեր երկու շքամուտքն ու չորս հարկը գնալով դառնում էին մի շքամուտք ու երկու հարկ, աստիճանաբար միայն նվազելով, եթե հաշվի չառնեմ ժամանակավոր բնակվողներին, որոնք այդպես էլ չէին դառնում մեզնից մեկը: Իմ կիսված մանկությունից շատ բան չեմ հիշում: Հին ընկերներիս անուններն եմ հիշում ու դեմքերը` աղոտ: Մի բան եմ միայն պարզ հիշում` մենք երջանիկ էինք մեր օրվա խաղով: Մեր երջանկությունը ոչ կրթությունն էր, ոչ փողն ու աշխատանքը, կամ հեռախոսները: Ինչպես սիրահարներն են մի բաժակ թեյով երջանկանում , այնպես էլ մենք էինք մի գնդակով երջանկանում: Բայց գնալով այն կիսվեց, փոքրացավ, ժամանակի հետ հասունացա, մեծացա…

…Մեր շենքը միակն է մեր փողոցում:  Մենք քիչ ենք: Ընդամենը երկու շքամուտք ու չորս հարկ, և մենք քիչ ենք: 

Մենք մենակ չենք

-Էսօր գիշեր սաղդ կքնիք. ես ֆուտբոլ բդի նայեմ…

Այո’, երբ ես ֆուտբոլ եմ նայելու, բոլորը քնած են լինելու, կամ ցանկության դեպքում, եթե իհարկե մինչև վերջ նայելու են, կարող են ինձ հետ նայել հանդիպումը:

Իսկ իմ ֆուտբոլ նայելը մի իսկական հանդիսություն է. հագնում եմ իմ սիրած ակումբի՝ «Բարսելոնայի» շապիկը, դնում Բարսայի լոգոյով գլխարկս, պատին ամրացնում եմ իմ սարքած մեծ պաստառը, թուղթ ու գրիչը վերցնում եմ ձեռքս ու նստում եմ խաղը նայելու:

Ամեն ինչ պետք է ըստ կարգի լինի. սկզբում օրհներգն է հնչում, ու էդ րոպեից մերոնց քունը խանգարվում է, քանի որ ես, լինելով հավատարիմ երկրպագու, ֆուտբոլիստների հետ հավասար երգում եմ. Blaugrana al vent, un crit valent tenim un nom el sap tothom: Barca, Barca, Barca…

-Լիլի’, քիչըմ կամաց:

Կարող է թվալ, որ սա ձևականություն է, բայց հնարավոր չէ արդեն իսկ 7 տարի ձևացնել: Երբ փոքր էի, ֆուտբոլ մեծ եղբորս հետ էի նայում՝ թիմերին տարբերելով մարզաշապիկի գույներով միայն: Ճի’շտ է, եղբայրս բացատրում էր, սակայն միևնույնն է. շապիկի գույներով տարբերելը ավելի հեշտ էր…

Իսկ մի ուրիշ հաճույք է այն, երբ Բարսաս իր հերթական գոլն է խփում, և այդտեղ ես մտածում եմ, թե ինչ եմ ասելու այն ընկերներիս, որոնք Մադրիդի «Ռեալի» երկրպագու են. ֆուտբոլ նայողները կհասկանան ինձ, որովհետև ամենահավես բաներից մեկը այն է, երբ հեգնում ես քո չսիրած թիմին:

Այո˜… Հերթական հաղթանակը…

Առավոտյան գնում եմ դպրոց, ու սկսվում է.

-Հը, Լի’լ, ի՞նչ էղավ:

Ու ես հպարտորեն միշտ ասում եմ, որ հաղթել ենք՝ ոգևորված բացատրելով խփած գոլը:

Էդ էլ մի ուրիշ հաճույք է, երբ տղաները ինձանից են իմանում խաղի մանրամասները…

Բայց երբ սկսում են լուրջ չվերաբերվել, ինչ-որ մեկնաբանություններ անել, իմ սիրած ֆուտբոլիստներին ասել, որ լավը չեն, կամ որ շատ աղջիկների նման ես էլ եմ ֆուտբոլիստների գեղեցիկ լինելու համար նայում ֆուտբոլ, ես կատաղում եմ, որովհետև իմ սիրած ֆուտբոլիստների ցանկի մեջ մտնում են նաև Դիդիե Դրոգբան, Նիկոլա Անելկան, Զլատան Իբրահիմովիչը և այլք. չէ՞ որ նրանք այդքան էլ գեղեցիկ չեն:

Ինչևէ…Շատ եմ սիրում ֆուտբոլ: Ըստ իս, աշխարհում միակ բանն է, որի ժամանակ աշխարհը մի պահ կանգ է առնում և իր կարճատև քնից արթնանում, երբ բարձրանում է երկրպագուների հսկա ալիքը… Եվ երևի պատահական չէ այն, որ ամեն տարի ծննդյանս օրը միշտ համաշխարհային մակարդակի մի հանդիպում է լինում, որից ես էլ ավելի եմ ոգևորվում: Ֆուտբոլասերները մի ունիվերսալ լեզու ունեն, որը նույնն է բոլոր մշակույթների և մարդկանց համար: Եվ ես գիտեմ, որ իսկական ֆուտբոլասերները երբեք մենակ չեն: Մենք լեգեոն ենք, և միակ բանը, որ ընդհանուր է մեզ համար, ֆուտբոլն է…

Իջևան` իմ քաղաք

Շատ եմ սիրում իմ քաղաքը: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս տնից, ուշադիր սկսում եմ հետևել՝ ինչ է փոխվել, քանդվել կամ կառուցվել, ավելացել կամ պակասել: Գիտեք, մարդիկ են պակասել: Վերջերս միայն դա եմ նկատել: Օր-օրի փողոցները դատարկվում, տները տարիներով կողոպտվում, մի խոսքով, մարդիկ հեռանում են: Գրեթե ամեն օր լսում եմ, թե ինչպես է մեր դպրոցից ինչ-որ մեկը գնում: Դպրոցում էլ երեխաներն են պակասում: Փողոցներում տեսնում եմ հատուկենտ մարդկանց՝ հիմնականում տանջված, դժգոհ հայացքներով: Բակերում երեխաներ չեն խաղում, ոչ թե համակարգչով զբաղված լինելու պատճառով, այլ ուղղակի երեխա չկա, որ խաղա…

Ուզում եմ մի անգամ դուրս գամ ու տեսնեմ, որ Իջևանս նորից ապրում է, որ փողոցները կրկին լի են երջանիկ մարդկանցով, բակերը՝ երեխաներով, և քաղաքս ապրում է իր երբեմնի կյանքով: Տեսնես` կտեսնե՞մ…

Գողացված Ֆեմիդան

Հոգնեցրել էին այդ խանութի փափուկ խաղալիքներն ու անիմաստ շարված գունավոր տետրերը: Բայց սկզբից մի անտարբեր հայացքով շոշափեցի, իսկ հետո մոտեցա ու սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել արձանը: Այդ արձանի մետաղե դեմքը ծանոթ էր, չնայած աչքերը փակված էին «մետաղե լաթով» : Մի քանի վայրկյան ևս և…
- Ֆեմիդա˜ն…,-բարձր ու զարմացած ճչացի ես:
Սկզբից մայրս մոտեցավ, հետո աշխատակիցները:
-Մա՛մ, մա՛մ նայիր, Ֆեմիդան, արդարության Ֆեմիդան…
-Ի՞նչ Ֆեմիդա, ո՞ր Ֆեմիդան…
Ես մատնացույց արեցի գեղեցիկ արձանը:
- Արդարության, օրինականության Ֆեմիդան:
Մորս վախվորած աչքերը լցվեցին ուրախությամբ, որովհետև ես ուրախացել էի. գտել էի երկու շաբաթ փնտրած Ֆեմիդային:
-Սա Ֆեմիդան չէ, սա կշեռք համաստեղությունն է:
-Ի՞նչ կշեռք, սա Ֆեմիդան է , աստվածուհի է, հասկանո՞ւմ եք…
Ու երկար-բարակ սկսեցի պատմել Ֆեմիդայի մասին: Բայց աշխատակցի անտարբեր հայացքից հասկացա, որ նա արձանի մեջ միայն կշեռքն է նկատել, իսկ Ֆեմիդայի մասին չի հասցրել կարդալ…
-Դե՛, մի երկարացրու , ես սա գնում եմ քեզ համար, ուղղակի նվեր…
-Չէ՛, մամ , ես սա իմ փողերով պետք է գնեմ:
-Դու չես աշխատում, չէ՞:
-Բուֆետի փողերը  չեմ ծախսի, կհավաքեմ:
-Իսկ դպրոցում սոված կմնա՞ս, առողջությանդ հետ խա՞ղ ես անում:
-Առավոտյան կուտեմ, կքայլեմ, առողջ ապրելակերպ, և կխնայեմ նաև տրանսպորտի փողը:
-Իսկ ինչքա՞ն է արձանը:
-2000 դրամ, 10 աշխատանքային օր, 2 շաբաթ, հա մա՛մ , խնդրում եմ, արդարության աստվածուհու արձանը մայրիկիդ փողերով չէ , որ պետք է գնես:
-Լավ, լավ, լավ…
Խանութը դադարեց լսել մեր խոսակցությունը, և շարունակվեց այնտեղ տիրող անառևտուր լռությունը:
«Երկու շաբաթ: 2000 դրամ: Ամեն ինչ ճիշտ է»:
Ուրախ, առողջ, և որ ամենակարևորն է, նպատակասլաց երկու շաբաթ: Ամենադժվարը երկուշաբթին էր. մի քիչ հոգնեցուցիչ, բայց հարմարվեցի 200+200+200…=2000: Այդ երկու շաբաթվա ընթացքում Ֆեմիդան այնքան սիրալիր հայացքներ ստացավ, որ երբևէ չէր ընդունել: Ինչ լավ է , որ նրա աչքերը փակ էին, թե չէ մետաղե արձանը կշիկներ…
…-Բուֆետ կգա՞ս:
-Չէ՛, բուֆետ չէ,- ասացի ես ու կիսաուրախ, կիսահեգնական նայեցի դրամապանակիս 2000 դրամին:
-Գոնե դուրս գանք՝ մաքուր օդ շնչելու:
-Լավ, լավ գնացինք:
Եթե չլսեի ընկերուհուս և դուրս չգնայի  կամ եթե դրամապանակս սեղանին չթողնեի, ապա այդ օրը տուն վերադառնալիս կգնեի Ֆեմիդայի արձանը: Բայց ամեն ինչ այդպես չեղավ, ու դրամապանակս այդ օրը դատարկվեց գողության պատճառով: Չհետաքրքրվեցի, թե ով է վերցրել, չէի ուզում ինչ-որ մեկին մեղադրել գողության մեջ…
Խանութի կողքով անցնելիս Ֆեմիդայի վրա մի արհամարհական հայացք էի ձգում…Ինչ լավ էր, որ աչքերը փակ էին , և ավելի լավ էր, որ աչքերը փակ էին «մետաղե լաթով»: Մանկական պատկերացումներս կյանքի արդարության մասին բախվեցին անարդար կյանքին…Անարդար կյանք, որտեղ Ֆեմիդան ոչինչ փոխել չի կարող:

«ՈՒրախ» ավտոբուս

-Վերջապես,- վեր թռա տեղիցս  անսպասելի ճիչով, այնպես, որ կողքիս կանգնած մարդը մի պահ կարծեց, թե խելագար եմ: Երևի նա այստեղից չէր, որովհետև Հրազդանում նման ռեակցիան լրիվ բնական է համարվում, երբ կես ժամ անընդմեջ սպասելուց հետո, հանկարծ հայտնվում է այդքան ցանկալի ավտոբուսը: Մեր մոտ նրան սպասում են ինչպես …ասենք, Նոր տարվան կամ ծննդյան տարեդարձին: Դուք երևի կարծում եք, թե խոսքս Հրազդան-Չինաստան (եթե իհարկե կա այդպիսին) ավտոբուսի մասի՞ն է: Ո՛չ, չարաչար սխալվում եք: Ես խոսում եմ սովորական ներքաղաքային տրանսպորտի մասին: Լավ, ինչևէ, չշեղվենք թեմայից:

Բարձրացա ավտոբուս: Ի՜նչ երջանկություն: Հասարակ մահկանացուս սրանից մեծ բախտ դեռ չէր ունեցել: Ավտոբուսը դատարկ էր, և ես այս անգամ բալետի պարուհու նման մի ոտքի վրա կանգնած չէի երթևեկելու: Այդպիսի երևույթ (համենայն դեպս Հրազդանում) հազար տարին մեկ է լինում, և դա, համաձայնվեք, իրոք հրաշալի առիթ է` ուրախանալու համար:

Կողքիս նստած էր մի անիմաստ հայացքով տղամարդ, դիմացս՝ ջղային դեմքով մի տատիկ, որ թվում էր, թե հիմա ձեռնափայտը գլխիս կկոտրի, եթե շունչս պահած չնստեմ տեղս: Ընդհանրապես այդ  «ուրախ» ու «բախտավոր» ավտոբուսը այսօր լիքն էր դժգոհ դեմքերով: «Ա՜խ, Աստված իմ, մի՞թե  այս մարդիկ  չեն  գնահատում այս  «ուրախ»  պահը: Չէ՞ որ այդպիսի բան շատ քիչ է լինում: Հնարավոր է նրանք սովոր չեն «ազատ» ավտոբուսներին և ուզում են այն վարունգի թթվի պահածոյի բանկայի նման սեղմված լինի: Գիտե՞ք, տատիկս միշտ դրանից փակում է ու ասում է, որ վարունգներին  պետք է մի լավ սեղմել, որ բանկայի մեջ օդ չմնա, թե չէ կփչանան: Ինձ թվում է, թե այս ավտոբուսի «վարունգները» փչացել են, որովհետև  «բանկայի» մեջ օդ է անցել,  ու նրանց դեմքերից  հիմա ահավոր նեխածի հոտ է գալիս:  Ֆու… »:

Մինչ ես մտովի փիլիսոփայում էի, ավտոբուսը մոտեցավ կանգառին: Դուռը բացվեց, ու քիչ էր մնում այդ «ուրախ» ավտոբուսը լցվեր ուրախ երեխաներով, բայց…

-Տոմս հանելո՞ւ եք,- լսվեց ավտոբուսի վարորդի կոպիտ ձայնը:

Վարորդը հազիվ 25-30 տարեկան կլիներ, ո՛չ ավելի: Նրա դեմքը շատ վախենալու տեսք ուներ: Չնայած երիտասարդ տարիքին՝ շատ փնթփնթանն էր երևում:

Ուղևորները, որոնց մասին ասացի, 10-12 տարեկան երեխաներ էին՝ վտիտ ու փոքր-մոքր կառուցվածքով: Երբ վարորդը հարցրեց տոմսի մասին, նրանք վախեցած ասացին.

«Ոչ», հետո` «այո», հետո էլի`« ոչ»: Մի խոսքով, «ոչ»:

-Դե, ուրեմն, հելեք ըստից,- հետևեց վարորդի «նուրբ» պատասխանը,-ասել ենք` չէ, 7-ից բարձր սաղ պըտի վճարեն:

Երեխաներից հինգը իջան, իսկ մեկը՝  երկար տատանումներից հետո, ձեռքը տարավ գրպանը ու այնտեղից հանեց մի բուռ տասը դրամանոցներ: Հազիվ հաշվեց, դասավորեց ու 100 դրամը պատրաստեց: Փողը տվեց վարորդին նախօրոք (չնայած, կարգը այդպես չէ) ու նստեց ավտոբուսի վերջում: Դրանից երևի այդ ծերուկ-փնթփնթանը իրեն բավարարված զգաց: Ախր, դրանից նա ոչինչ չէր կորցնում:

Այն ընթացքում, երբ տեղի էր ունենում վարորդի ու երեխաների միջև այդ տհաճ խոսակցությունը, հանկարծ մեջս ցանկություն առաջացավ վճարել նրանց փոխարեն: Դրանից ես ո՛չ կհարստանայի, ո՛չ էլ կաղքատանայի, բայց մի լավ բան արած կլինեի: Ձեռքս տարա պայուսակիս գրպանը: Եթե հանեի իմ գնալու ու գալու, գրախանութից գնվելիք գրքի փողերը, ուրեմն, մնում էր 300 դրամ: Փաստորեն չէի կարող բոլորի համար վճարել: Արագ քրքրեցի գրպաններս: Ոչ մի կոպեկ: Ախր, փոքր ժամանակ միշտ լինում էր, որ վերարկուիս ծակ գրպանից միշտ փող էի գտնում, բայց այսօր ձեռքս հայտնաբերեց, որ ո՛չ գրպանս է պատռված, ո՛չ էլ փող կա այնտեղ: Խորապես հիասթափվեցի գրպանիցս: Մինչ ես տատանվում էի ծախսել, թե՝ ոչ գրքիս համար նախատեսված փողը, մեքենան շարժվեց: Իմ՝ գիրք կրծողի ու ծույլ մարդու ինքնասիրությունը, չհամաձայնվեց հրաժարվել ո՛չ այդ գրքից, ո՛չ էլ համաձայնվեց երկրորդ անգամ տուն գնալ, նորից փող վերցնել ու վերադառնալ: Ես նայում էի ավտոբուսի հետևից նայող այդ խեղճ երեխաների տխուր դեմքերին, ու սիրտս ճմլվում էր: Երևի նրանք մի կես ժամ սպասել էին ավտոբուսի , ու … ի՞նչ եղավ…

Վարորդը դեռ չէր հանգստացել ու ինչ-որ բաներ էր փնթփնթում քթի տակ: Նրա հայհոյախառն ժարգոնը երեխաների ու նրանց՝ մեզ համար անհայտ  ծնողների հասցեին, սարսափելի ազդում էր բոլորի վրա, բայց միայն դիմացս նստած տատիկը, որի մասին վերը նշել էի, համարձակվեց խոսել:

-Ընչի՞ չթողիր էդ էրեխեքին նստեին: Հըմի էն էրեխեն փող ուներ` նստավ, ընդոնք էլ՝ չունեին, պըտի սաղ օրը ընդե կանգնած մնան:

-Մորքուր ջան (Չեմ սիրում մեր հասարակության որոշ շերտերի մոտ տարածված հարգանքի այս արտահայտման ձևը ),  հիցուն հազար հարկ են դրե վրես: Պըտի տա՞մ, թե՞ չէ…,- փորձեց արդարանալ վարորդը:

-Մարդ կա` մի քանի էրեխա ունի, ո՞նց սաղի համար ամեն օր էդքան փող տա: Հացի կարոտ մարդիկ են սաղ: Հետո էլ ասում են `էրեխա բերեք էս երկրի համար, թող ազգը շատանա: Ո՞նց պահեն,  հնարավորություն չկա, բան չկա…

Վերջին խոսքերը նա արտասանում էր ինձ նայելով: Կարծես ինձնից ինչ-որ բան էր սպասում: Երևի ուզում էր, որ ինչ-որ բան ասեմ, օգնեմ իրեն, իր գաղափարներով կիսվեմ, բայց ես խուսափեցի նման պատասխանատվությունից ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Ինչպես երևում էր` ես չարդարացրի նրա սպասելիքները, քանի որ մի քանի րոպե հետո նա արդեն ուրիշի հետ էր խոսում, ով նույնպես փորձում էր անտարբեր ձևանալ:

Ամբողջ ընթացքում վարորդը անգիր արածի նման կրկնում էր.

-Հիցուն հազար պարտք եմ, հիցուն հազար….

Եվ՛ վարորդը, և՛ կինը չէին լսում միմյանց, ու չգիտես, թե ում հետ էին կռվում, որովհետև այդ «ուրախ» ավտոբուսում բոլորը անտարբեր դեմքեր ունեին:

Ես իջա ավտոբուսից մի կանգառ շուտ: Դա ավելի շատ փախուստի էր նման: Վերջին բանը, որ ես հիշում եմ,այն է, թե ինչպես էր կինը պատմում, որ միակ որդին պատերազմում  հաշմանդամ է դարձել,  ու որ իր ընտանիքը խիստ կարիքի մեջ է: Դրան զուգահեռ հիշում եմ վարորդի քարացած նախադասությունը պարտքերի մասին, ու նաև էլի մի քանի ոչինչ չասող դեմքեր:

Համոզված եմ, սրանից կանցնեն շատ տարիներ, շատ բան կփոխվի թե՛ իմ կյանքում, թե՛ այդ ավտոբուսի մարդկանց, բայց այս պատմությունը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից:

Այդ օրը ես միայն հասկացա, որ իմ քաղաքում ուրախ ավտոբուսներ չկան: Դրանք երևի վերացել են դինոզավրերի հետ միասին, բայց….ԻՆՉՈՒ՞:

Նրանք ամենուր են

Հետաքրքիր է, դուրս ես գալիս, քայլում ես ու անկախ քեզնից ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ձգում կամ վանում է: Իմ հազվագյուտ վախերից մեկը վատ մարդկանց աչքերն են: Դեռ փոքր հասակից ես վախենում էի վատ մարդկանց նույնիսկ ինձ ժպտացող աչքերից: Ոնց ասեմ, մի տեսակ դաժանություն կար, որ վախեցնում էր ինձ: Հակառակն էր լավ մարդկանց դեպքում` նայում էի ու սիրահարվում նրանց աչքերի բարությանը: Դա այն ժամանակ է, երբ ես ապրում էի երկիր մոլորակում, բայց դեռ 8-9 տարեկանում տեղափոխվեցի արեգակնային համակարգից դուրս ու տիեզերքի անսահմանության չափ ազատ մի մոլորակ` ինտերնետ: Նոր մոլորակս ինձ շատ էր դուր գալիս, որովհետև ինձ այնտեղ ամեն ինչ թողնում էին, իսկ արգելքներ շրջացելը չափազանց հեշտ էր: Երբ նոր բնակիչ էր ինտերնետում, չէի էլ պատկերացնում, թե դա ինչ է: Հա, մոռացա ասել` Էդ վիթխարի մոլորակում, լիքը երկրներ կային` մեծ, փոքր, միջին, բոյով, կոլոտ, ինչ ասես կար:  Դե, ես էլ ոչ տարա, ոչ բերեցի, միանգամից գերտերության քաղաքացիություն ստացա, հետո երկքաղաքացի դարձա, հետո եռաքաղաքացի ու էսպես այնքան, մինչև բոլոր անձնագրերս կորցրեցի ու մնացի իմ գերտերության գերության մեջ: Էստեղ կյանքս տրամաբանական զարգացում ունեցավ: Ընկերներս մեկից երկու դառան, երկուսից` երեք ու հասան արդեն հարյուրների, ու մի պահ հասկացա, որ սկսում եմ քիչ թե շատ ճանաչվել: Համենայնդեպս, իմ գերտերության համարյա բոլոր գերիները ինձ պրոֆիլով գիտեին, հաստատ անցել էին կողքովս ինչ-որ մեկի թայմլայնում: Մտահորիզոնս էլ փոխվեց ժամանակի հետ, մի քիչ էլ գոռոզացա` դե, ինձ ահագին հանրահայտ մարդիկ էին ընկերություն առաջարկում: Էէէհ, էլի մոռացա ասել. մի ինքնավար հանրապետություն էի բացել. ստեղծագործում էի, ու էդ հանրահայտները կողքի ինքնավար հանրապետություններից էին: Ես զարգանում էի գերտերության մեջ` զարգացնելով իմ սեփական ինքնավար հանրապետությունը: Բայց դե եկավ մի պահ, երբ հասկացա, որ ամեն ինչ իրականում այդքան էլ հեքիաթ չի, ու ես ունեմ նաև թշնամիներ: Օհօօօ… Վախեցա, որովհետև շատ նման էին երկիր մոլորակի վատ մարդկանց, հետո հասկացա, որ հենց իրենք են, որ կան` իմ հին թշնամիներն են արտագաղթել ինտերնետ. պրոֆիլներն ուսումնասիրեցի… Այ մարդ, ճիշտ են էլի ասում` կարմիր կովը կաշին չի փոխի…

Վանդալիզմի անխոս զոհերը

1985 թվականին Իջևանում բացվեց ամենամյա քանդակի սիմպոզիում և շարունակվեց մինչև 1991 թվականը: Այդ տարիների ընթացքում քաղաք եկած քսան երկրների շուրջ իննսունհինգ քանդակագործների գործերը տեղադրվեցին Իջևանի գլխավոր զբոսայգում: Արդյունքում զբոսայգին դարձավ թանգարան բաց երկնքի տակ, որը յուրաքանչյուր իջևանցու հպարտությունն էր:

Երբ սիմպոզիումը փակվեց, մի քանի տարվա ընթացքում հուշարձանները սկսեցին կորցնել իրենց հետաքրքրությունը, և նրանց վրա նստեց հնության փոշին: Անխիղճ քաղաքացիները սկսեցին ավիրել հուշարձանները: «Ընկերական» հիմար գրազներ, թվացյալ հաճույք, անբանների զբաղմունք և այլն: Եվ քանդակներ ջարդելու դեպքերը սկսեցին շատանալ՝ վերածվելով վանդալիզմի: Հասկանալի էր, որ սա կտաներ քանդակների վերացման:

Եվ հանկարծ հուշարձանները փրկելու հույս ծագեց:

2010 թվականի սեպտեմբերի երեսունին Իջևանում կայացած կառավարության արտագնա նիստում որոշվեց, որ քանդակի Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի: 2011 թվականն ավարտվեց, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չկայացավ՝ հուսախաբ անելով բոլորին:

2011-ը մոտենում էր ավարտին: Դեկտեմբերի իննին ջարդած գտան Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: Մայիս ամսին նույն զբոսայգում տեղադրված պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի տասնյոթին և նոյեմբերի տասներեքին պոկված էին գտել Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:

2012 թվականի առաջին գարնանային օրը նույնպես սկսվեց վանդալիզմով: Վնասել էին երկու քանդակ և մեկ նստարան: Քանդակների ու նստարանի վրա փրփուր են փչել, քանդակված կնոջ արձանի վրա ջարդած աթոռ էին դրել, իսկ բերանին՝ քարի կտոր: Զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով, դեպքերը տեղի են ունեցել գիշերը:

Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Հիմա պարզ է, թե ինչու չեն հուշարձաններին ուշադրություն դարձնում: Ո՞ւմ պետք է հետաքրքրեն արձանները՝ առանց ձեռք ու գլխի, մասնատված վիճակում: Առավել ևս, գետնին տապալված և մամուռով պատված քանդակները:

Եթե այս խնդրին շուտափույթ լուծում չտրվի, ապա շուտով քանդակները կվերածվեն քարի կտորների, որոնք արագ կհեռացվեն զբոսայգուց՝ իրենց տեղը զիջելով կրպակներին ու սրճարաններին: Ահա այսպիսին կլինի զբոսայգու անշունչ բնակիչների ճակատագիրը:

Մեր քաղաքի սեփականությանը մենք պիտի տեր կանգնենք: Որպես ապագա քաղաքացիներ մենք պիտի պայքարենք, որ մեր միակ զբոսայգին չվերածվի կրպակների ու սրճարանների երկար շարքի, այլ գեղեցկանա և նորից սկսի ուշադրություն գրավել՝ հպարտություն հանդիսանալով քաղաքացիների համար: