Իմ էջը խորագրի արխիվներ

amalya harutyunyan

Ես մեծ-մեծ աղջիկ եմ մեծ-մեծ աշխարհում

Բացում եմ դուռը ու դուրս գալիս: Արագ եմ քայլում կամ արդեն վազում եմ, ձեռքումս թղթերս են, թափվում են գետնին, հավաքում եմ, մի կերպ մաքրում վրայի ցեխը ու գնում առաջ: Ականջակալներիս միջից մի աղջիկ երգում է. «I’m a big big girl in a big big world. It’s not a big big thing if you leave me»…

Չգիտեմ` ինչ կզգամ, եթե թողնեն ինձ, բայց ես եմ արդեն թողել այս աշխարհի կյանքն ու ընկղմվել մեկ ուրիշում: Քայլում եմ, գուցե անէացած, գուցե գոյություն չունեմ, ու այն ճանապարհը, որով քայլում եմ, չքանում է հետզհետե: Նորից երևակայությունս գլուխ բարձրացրեց:
Ի՞նչ երևակայություն, լավ էլ իրականություն է, ցեխը մաքրում տանում է ամենը, ցեխը, որ աշնան միակ բանն է, որ մարդիկ չեն սիրում, իմ ամենասիրելին է իր ցեխաջրափոսային մայթերով: Արդեն ջրափոսերի մեջ արտացոլանքս եմ փնտրում: Նայում եմ ինձ: Նույնը չեմ: Կնայեմ ինձ հազարավոր հայելիներում, հեռախոսի անջատած սև էկրանում, կմիացնեմ էկրանը, կփնտրեմ ինձ ամենուր ու չեմ գտնի: Իսկ ջրափոսում ես եմ` տարօրինակություններ սիրող ու առօրեական օրենքները չհանդուրժող մեկը:
Արդեն ջրափոսերի մեջ եմ, թռչկոտում ու երջանկանում եմ, ասես ես հասա իմ մեծ նպատակին:

Հա, ես տանել չեմ կարողանում սովորական կյանքը:

Չգիտեմ դու` ոնց, բայց ես՝ ապրել սովորական ու անիմաստ օրենքներով, չեմ կարողանում: ես զարմանում եմ` դու չե՞ս հոգնում: Երբ պիտի անես այն, ինչ բոլորն են անում, ինձ մոտ մի տեսակ չի ստացվում:
Այ, օրինակ, երբևէ մտածե՞լ ես, որ կարելի է գնալ հազարավոր հետաքրքիր հանդիպումների, քննարկումների, միջոցառումների, կամ ընդամենը թափառել ընկերներիդ հետ ու վերջում դասերդ անել ավտոբուսի մեջ նստած, նույնիսկ երբեմն կանգնած ու այն էլ լույսի արագությամբ:
Կամ ասենք, փորձե՞լ ես քննության համար պարապել մի քանի գիշերում, իսկ ցերեկներդ նվիրել ավելի հետաքրքիր բաների, քան դասերն են:
Չէ, է, բայց լավ կանես օրինակիս չհետևես, դու աովորիր, մեկ-մեկ էլ կգաս ինձ կպատմես` ինչ եք սովորել: Գիտես, չէ՞, ինձ եթե որևէ կարևոր բան են պատմում, ես երբեք չեմ մոռանա:
Կամ ասենք, երբևէ բարձրացե՞լ ես Կասկադը ոչ թե վերևից նայելու Երևանին, ոչ թե տեսնելու, թե ինչ կա այնտեղ, այլ ընդամենը հաշվելու, թե քանի աստիճան կա էնտեղ: Գժվելու բան էր, է: 3 հոգի իրար ձեռք բռնած շատ լուրջ ու ուշադիր հաշվում էինք` 1, 2, 3… հասանք 555-ի: Հա հասանք, մի ուրախություն էր պատել: Թե բա՝ «գյուտ» էինք արել, է:

Չէ, դու դեռ վաղ ես զարմանում, սպասիր, ես դեռ շատ բան ունեմ պատմելու քեզ: Դե, ասենք անձրևի տակ բարձր երգելու, մինչև վերջին բջիջը թրջվելու երևույթը քեզ համար անսովոր է, չէ՞:
Ինձ համար ապրելակերպ է: Կամ օրինակ, Իջևանից մինչև Նորքի զանգված մի տերև բերելը ու ճամփին էլ մեկ ուրիշը տեսնելը ամայի մայթին և վերցնելը` մտածելով, որ տերևը մենակ է մնացել և մրսում է, ու երկու տերևներին ընկերներ դարձնելը քեզ համար մանկական հիմարություն կլինի, ինձ համար երջանկություն է:
Մետրոյի մասին շատ եմ պատմել: Էնտեղ հանգստանալու, զբոսնելու, հանդիպումներ կազմակերպելու ու նույնիսկ քնելու գործընթացները քեզ խորթ կթվան, իսկ ինձ այնքան հարազատ են:
Ճանապարհին ամեն պատահած ծաղիկը մազակալի տեղ մազերին փակցնելն ու կոշիկին պատահմամբ կպած տերևները չգցելը ձեզ համար չգիտեմ ինչ է, ինձ համար` իմ ամենասիրելի ոճը:
Ճանապարհներին ուշանալու ժամանակ կարմիր լույսի տակ անցնելը, ամբոխին շրջանցելն ու բեմի ամենաառջևում հայտնվելը, թաքուն ֆոտոներ անելն ու փախչելը տարօրինա՞կ են: Չէ, ընդամենը իմն են, ձեր երկրի խախտած կանոները իմ մոլորակի հիմնարար օրենքներն են:
Հիմա կմտածես` ես երբեք չեմ սովորում, թափառում եմ միայն, չեմ կրթում ինձ և այլն: Բայց ես մեկ ուրիշ տսրօրինակություն էլ ունեմ իմ կյանքում, արտառոց պայմաններում եմ գիրք կարդում: Դա իրականում արվեստ է: Ամեն օր ես ու Տաթևը գնում ենք համալսարանիս ամենամոտ գտնվող «Բուկինիստը», բացում ընտրածս գիրքը ու սկսում կարդալ: Ամեն օր մի քանի էջ, ու մի օր հասկանում ես, որ կարդացել ես ողջ գիրքը: Հավես է, չէ՞, նույնչափ էքստրեմալ: Բայց ոչ ոքի չպատմես, հա՞: Թե չէ գրավաճառները կիմանան ու ինձ կարգելեն մտնել գրախանութ: Իսկ ես դեռ այնքան մեծ ցուցակ ունեմ ու ապրել առանց գրքերի չեմ կարողանում:
Դու փորձիր հասկանալ ինձ: Ես խենթ չեմ, մի գուցե սխալվում եմ, բայց մի օր փորձիր ուղղակի գոյություն չունենալ, այլ ապրել, իրական կյանքով ապրել: Մի օր թող միապաղաղ ու հոգնեցնող կյանքդ, խառնիր կյանքիդ գույները ու սկսիր ներկել այն գույներով, որով իրական եսդ ավելի պարզ կերևա, որով թվացյալ աշխարհի փոխարեն կլինի մոլորակիդ՝ քո ստեղծած անկրկնելի ու անգո գույները:

Mari Baghdasaryan malishka

Միակ մնայունը

Ամեն ինչ անցողիկ է, հոգնեցուցիչ, միգուցե ձանձրալի, բացի մի բանից…

Մասնագիտություն ընտրելիս պետք է ընտրես այնպիսի մասնագիտություն, որ հետո փոշմանելու առիթ չունենաս: Որ ոչ սովորելու ընթացքում հոգնես դասախոսություններ լսելուց ու կուրսայիններ գրելուց, ոչ էլ հետո հոգնես մի քանի ժամ ավել աշխատելուց: Այլ ընտրես այն մասնագիտությունը, որը սովորելիս քեզ չեն հոգնեցնի երկար դասերը, մի քանի հատոր ունեցող մասնագիտական գրքերը, ու դու հանկարծ չես քնի ինչ-որ առարկայի ժամին…

Լինելով լրագրող, հնարավոր է մի օր հոգնես նյութեր գրելուց, հարցազրույցներ ունենալուց, անվերջ թղթեր թանաքոտելուց, ձայնագրիչը ձեռքիդ այս ու այն կողմ վազվզելուց:

Միգուցե ուսուցիչ դառնաս, և մի քանի տարի աշխատելուց հետո մի օր զգաս, որ քեզ հոգնեցրել է նույն ճանապարհով ամեն օր դպրոց գնալը, նույն դասը մի քանի անգամ տարբեր աշակերտներից լսելը կամ ամեն անգամ դաս հանձնարարելը, մատյան լրացնել, ինչ-որ մեկին ցածր կամ բարձր գնահատելը:

Հնարավոր է՝ որոշես ու դերասան դառնաս և հանկարծակի հասկանաս, որ ձանձրացնում են քեզ բոլոր այն դերերը, որոնք ինքդ ես կերտում: Եվ գիտակցես, որ էլ չես ուզում քեզ համար գրված սցենարը անգիր սովորել ու տեսախցիկի առաջ քեզ պահել այնպիսին, ինչպիսին իրականում չես:

Կամ եթե մտքիդ դնես, որ պետք է լուսանկարիչ դառնաս, գնես պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ ու սկսես նկարել՝ սկզբում բնություն, հետո մարդկանց: Ու նկարները ուշադիր նայելուց նկատես ինչ-որ բացթողում, գուցե դա լինի գունային գամայի պակասությունը, գուցե մի ուրիշ բան:

Գուցե դառնաս գրող, սկսես գրել և մի օր գիրք հրատարակես: Շատերը ճանաչեն քեզ որպես գրող, ուրիշների մոտ ասեն, որ գրող ծանոթ ունեն ու քո անունը տան՝ ցույց տալով քո առաջին գիրքը, որի վրա ստորագրությունդ է: Բայց մի օր գուցե դա էլ սկսի քեզ ձանձրացնել այնչափ, որ ցանկանաս կողքիդ տեսնել ընկերների, որոնց չի հետաքրքրում քո հայտնի լինել-չլինելը:

Հնարավոր է սկսես նվագել, դե, ընտրես դաշնամուրը կամ կիթառը: Անվերջ նոտաներ գրես, լսես Մոցարտի երաժշտությունը: Բայց անկեղծ ասա, մի՞թե քեզ չեն ձանձրացնի դաշնամուրի սև ու սպիտակ ստեղները: Կիթառի մասին լավ է չխոսեմ, ես ինքս էլ սիրում եմ նվագել…

Կամ մի օր վերցնես վրձինը ձեռքդ ու սկսես նկարել հարազատ, ծանոթ մեկին: Ու ձեռքի թեթևակի շարժումով թափես բոլոր ներկերը ու չկարողանաս ավարտել նկարը: Կամ նկարես, բայց ոչ լիարժեք, չկարողանաս նկարել քո այդ ծանոթի աչքերը լոկ այն պատճառով, որ ուշադիր չես նայել նրա աչքերին ու չես մտաբերում նրա աչքերի գույնը: Սխալվես ու կանաչ գույնով նկարես աչքերը, այդպես էլ չհիշելով, որ նա՝ դե քո այդ ծանոթը, շագանակագույն աչքեր ունի:

Իսկ դու, այո՛, հենց դու, որ դեռ չես որոշել, թե ինչ պետք է դառնաս, որ մնացել ես մասնագիտություններ կոչվող սարերի արանքում, պարզապես ընտրիր այն, ինչը քեզ հոգեհարազատ է: Մասնագիտությունները շատ են, ընտրությունդ կարող է մեկը լինել: Դե, նախասիրությունների մասին էլ չասեմ, անթիվ ու անհամար են, և կարող ես ունենալ հազարավոր նախասիրություններ, կարող ես ուզածդ պահին զբաղվել նրանով, ինչով կուզես:
Եվ հնարավոր է՝ նպատակիդ հասնելու ճանապարհին հանդիպեն խոչընդոտներ, ու քննադատներ: Գիտե՞ս, քննադատում են նրանք, ովքեր չեն կարողանում հասնել իրենց նպատակներին, նրանք, ովքեր չունեն անկեղծ ընկերներ: Իսկ դու տարբերվում ես, գուցե հենց նրա համար, որ կողքիդ կան մարդիկ, ովքեր անկախ քո վերելքներից ու վայրէջքներից, շարունակում են կողքիդ մնալ…
Հիշիր, ամեն ինչ կարող է մի օր ձանձրացնել, բացի ընկերներից:
Միակ մնայունը ընկերությունն է…

narek babayan

Ռնգեղջյուրի տեսադաշտում

Առավոտ։ Ժամը չգիտեմ, չի էլ հետաքրքրում։

Դու կարող ես, արա (սա բայ չի), ես հավատում եմ քո ուժերին։ Ախր, սա նորություն չի, դու գիտես՝ ինչպես անել։ Լավ, հանգիստ։ Կենտրոնացիր, հիմա շունչ պահիր ու արա էդ, յա… Է, դե։ Նարեկ, մի հատ ձգիր քեզ, ես հավատում եմ քո ուժերին։ Նարեեեկ…

Նորից առավոտ, նույն առավոտը, վերմակիս ծալքերի ստվերի չնչին շեղումից զգացի, մի կես ժամ անցել է։

Զզվացրեցիր արդեն, իրոք արա էդ, հերիք է։ Հավաքվիր ու գնա։ Վեր կաց։

Էսպես մի քիչ էլ մտքումս կռիվ եմ տալիս, երբեմն կամքի ուժ չունենալս երեսովս եմ տալիս, որ ամոթ անեմ ու վերջապես կարողանամ հաղթահարել այդ գրողի տարած ձգողականության ուժը։ Այո, ստացվեց։ Ես պոկեցի, ըը… Մեջքս։ Հա, ես պոկեցի մեջքս անկողնուցս։ Բա հետո՞։ Ի՞նչ անեմ։ Դա իմ տեղը էվոլյուցիան ու մարդու անատոմիան որոշել են. գնամ բաղնիք, հա, մերը իրար հետ է։

Նախաճաշեցի։ Ըհն, այ հիմա սկսվեց։ Ի՞նչ անել։ Դասի չեմ ու կա բավականին բազմազան ընտրացանկ։ Կինո նայել, նյութ գրել, գիրք կարդալ, գնալ դուրս, կրկին քնել, ՀԿ ստեղծել, կինո նկարել, գնալ ֆոտոարշավի, համացանցում հայտարարված հազար ու մի մրցույթներից մեկին մասնակցել ու արժեքավոր նվեր ստանալ, ինչ որ ուրիշ ծրագիր մտածել ընկերների հետ և այլն։

Հասկացա՝ ինչ անել։ Գնալ պառկել, չքնել։ Հենց պառկել, քանի որ բան չկա անելու։ Նորմալ կինո չկա, գիրք չկա ձեռքիս տակ, օնլայն աչքերս ցավում են, ՀԿ-ն 18-ից տարեկանից են բացում, ֆոտոարշա՞վ, ի՞նչ ֆոտոարշավ։ Բոլորը տեսել են, էլի, գյուղի էս հրաշք աշունը, ո՞ւմ ինչ ցույց տամ։ Չգիտե՞ն, տերևները ուղղակի գունափոխվում են, եսիմ ինչ չի։

Պառկած եմ։ Դե, ես իհարկե կնախընտրեի ընդհանրապես բան չանել, բայց ուղեղն անջատել մենակ քնելով է լինում, դրա հավեսն էլ չկա։ Դե արի, երեք րոպե կենտրոնացիր, բան մի մտածիր, որ անջատվես։ Մտածում եմ փաստորեն։ Հիշում եմ՝ ինչպես էի բողոքում, թե բա՝ հայրենագիտության դասը 13 էջ, է, ոնց եմ սովորելու։ Ժամանակ կար, որ վատ սովորած դասը պատմելիս դողում էի, բա որ վատ ստանա՞մ։

Տեղափոխվում եմ տիեզերք, ի՞նչ կլինի, եթե մարդ էդ հատուկ հագուստը հանի այնտեղ։ Կտրաքի՞։ Դե, պիտի որ, էլի, դրսից ճնշում չի ազդում, ուրեմն ներքին ճնշմանը մաշկը չի դիմանա ու, յախք… Արժի տեսնել, համացանցում կա՞ վիդեո, որտեղ այդպես է լինում, հետաքրքրեց։ Չնայած լավ, է, հեռախոսս մնաց սեղանին, հավես չկա։

Կովերը քանի՞ դեմքի մկան ունեն։ Չգիտեմ, բայց աչքերի հատվածում պիտի որ չունենան, ժպտացող կամ տխուր կով տեսած չկամ։

Տեսնես՝ ես Հայաստանում կմնա՞մ, թե՞ հերթականը կլինեմ։ Կգնամ ու կասեմ, որ շատ եմ ուզում վերադառնալ, բայց չեմ գա։ Գամ ի՞նչ անեմ, արդեն հարազատներս օտարացել են, ընկերներս դեմքս դժվար հիշեն։ Լավ, չէ։ Երևի Նոր տարուն կգամ։ Գնամ ընկերներիս տներ, հեռանալուցս հետո նրանց երեխաները ոգևորված, սենց ուրախ կհարցնեն թե ով էր, ընկերներս էլ կամ կարճ կասեն՝ մանկության ընկերս, կամ մի երկու բան հավես կունենան պատմելու։

Մարդ եմ հավանել։ Քեզ հետ չի եղե՞լ, անկախ սեռից, էդ մարդու անունը լսելիս մի տեսակ ոգևորվում ես, միշտ իր ասած ամեն ինչ, ամենատափակությունն էլ ստիպում են ժպտալ։ Ա, չէ, է… Չեմ սիրահարվել, այդպես իրոք լինում է։ Էն որ մտածում ես, երևի դու իր համար ընդհանրապես արժեք չունես, երևի քո մասին չի էլ հիշում։ Երբ շատ չգիտես նրա մասին, մտածում ես՝ նա անհասանելի է, քեզնից բարձր մակարդակում։ Մի-քիչ ավելի ես մտերմանում, ժամանակի ընթացքում հասկանում ես. քո միս ու արյունից է վրան։ Նա էլ խնդիրներ ունի, նա էլ է սխալվել։ Հիասթափություն ասեմ, թե ինչ…

Եղե՞լ է՝ բողոքես, կամ չէ, ուղղակի զգաս, որ կողքիդ մարդ չունես, որին վստահես, սիրես, ու փոխադարձ լինի։ Էն մարդիկ, ում ուզում ես տեսնել լավագույն ընկերոջ դերում, վերս նշվածի պես են, ոնց որ «պետքները չլինես»։ Ու քեզ հետաքրքիր չի՞, որ մարդ կա, ով պատրատ է քեզ տալ էդ ամեն ինչը, ու քեզ դա պետք էլ է, բայց չէ, ոչ նրանից։ Հեհ…

Բա որ կտրվե՞մ միասնականներիցս։ Վատ կլինի, շտապ պարապել է պետք։ Երկուշաբթի մասնագետ գտնեմ։ Չէ, լավ։ Մեկուկես տարին հերիք կլինի, երկրորդ կիսամյակից։ Բա որ իրո՞ք կտրվեմ, չէ։ Գոնե դասագիրքս թեթրեմ։ Չնայած, չէ լավ, հիմա ո՞վ է կտրվում, որ ես էլ կտրվեմ։ Հավես չկա։

Արթնացա։ Վերջը քնելն ընտրեցի էլի։ Ակամա ստացվեց, ուրիշ բան չէր մնում։ Ինչո՞ւ էսպես եղավ, է։ Ժամանակին լավ էի տրամադրված ամեն ինչի հանդեպ, էնքան եռանդ կար ծախսելու։ Ո՞ւր գնաց։ Գուցե պատճառը գյո՞ւղս է, կարո՞ղ է՝ գնամ Երևան, հավեսս վերադառնա։ Դե, էստեղ ուղղակի զբաղվելու բան չկար, ինչպես տեսաք։ Կամ չէ, երևի շրջապատող մարդիկ են մեղավոր, չգիտեմ։

Հեհ… Ռնգեղջյուրը ուր էլ նայի, տեսարանում իր եղջյուրը լինելու է։ Բայց դա աշխարհից չի, չէ՞։

Հ.Գ․ Դժվար, շատ դժվար։ Ահավոր դժվար նյութ։

syuzanna navasardyan

Երբ ապագա բժշկի քույր ես…

Բազմիցս նշել եմ, որ չնայած նրան, որ բժշկությունը մարդասիրական ու հետաքրքիր մասնագիտություն է, այնուամենայնիվ ես այն չեմ սիրում։ Բայց եկեք չմոռանանք, որ կյանքում լինում են դեպքեր, որ ինչ-որ բան անելիս անում ենք առանց պատճառի, գիտակցաբար, բայց միաժամանակ ավտոմատացված, ծայրահեղ դեպքերում նաև՝ ստիպված։ Հենց այսպես ես սկսեցի սիրել բժշկությունն ու բժիշկներին։

Ինձ համար ապագա բժշկի օրինակ դարձավ քույրս, ով գերազանց սովորում է և ով պատրաստվում է փոխել հասարակության մեջ թյուր կարծիքը կապված բժիշկների հետ։

Դասերի պատճառով մենք հաճախ երկար ժամանակ չենք հանդիպում, այդ իսկ պատճառով մեր ամեն հանդիպումը տոն է։

Ամեն անգամ նա պատմում է իր «բացահայտումների» մասին, և ես հաճախ զարմացած լսում եմ ու մի պահ փորձում եմ վերլուծել լսածս։ Սիրում եմ հարցեր տալ նրան։ Դե, ինձ էլ հասկացեք, ոչ ոք չէր հրաժարվի տան պայմաններում բժշկի անվճար խորհրդատվությունից։

Քույրս մի շարք հարցերում ինձ պարտավորեցնում է։ Ընտանիքում լավ «ավանդույթ» ունենք. նպատակասլաց ենք ու անկախ շրջապատի քաոսից ու անարդարություններից, մենք հասնում ենք մեր ուզածին սեփական ուժերով։ Անկախ այն փաստից, որ ես չեմ սիրում, երբ ինձ համեմատում են որևէ մեկի հետ՝ տանը ինձ միշտ համեմատում են Սառայի հետ։ Գիտե՞ք ինչ… Ես չեմ նեղանում։ Հաճախ անգամ հպարտանում եմ նրանով։

Սառա ջան, դու այն մարդն ես, ով մի՜շտ իմ հանդեպ համբերատար է եղել ու ներող։ Դու այն մարդն ես, ով բոլորին ապացուցեց իր ուժն ու գիտակ լինելը։

Ես շա՜տ եմ ափսոսում, որ դու չես զգալու այն ինչ հիմա ես եմ զգում, ապագա բժշկի քույր լինելը շատ հաճելի զգացում է։

Երբ ապագա բժշկի քույր ես, դու չես վախենում էն անպետք մանրէներից, ասեմ ավելին՝ գիտես ինչպես պաշտպանվել, գիտես ինչպես ճիշտ ռեժիմ կազմել, ինչ ուտել ու երբ, գիտես՝ ինչն է օգտակար ու ինչը՝ ոչ այնքան, գիտես ինչպես առաջին օգնություն ցույց տալ, ինչպես խնամել քեզ ու բոլորին։

Ես քեզ հաղթանակների անվերջանալի շղթա եմ ցանկանում, իսկ հետագայում՝ մասնագիտական ձեռքբերումներ։

lilit vardanyan

63-ի խաղը

Այս տարի ես ընդունվել եմ Ֆրանսիական քոլեջ: Առավոտները պետք է իջեցնեմ դասից ուշանալու հավանակությունը: Ասեմ, որ սկզբում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Չեմ հիշում՝ ես առաջ եղե՞լ էի Զեյթունում, թե՝ ոչ: Դրա համար մի ամիս հայրիկիս հետ էի գնում: Այն ժամանակ ավելի շատ էին դժվարությունները, որովհետև սեպտեմբերի սկիզբն էր: Բայց ես այդ մասին չեմ ուզում գրել: Ես ուզում եմ գրել այն մասին, թե ինչպես Նորքի 2-րդ զանգվածից ժամանակին հասնել Ֆրանսիական քոլեջ:

Նախևառաջ պետք է ճիշտ ժամանակին տնից դուրս գալ: Ես հիմնականում տնից դուրս եմ գալիս ժամը 8-ին: Իսկ եթե տնից դուրս գամ ժամը 8:05-8:10-ին, ապա ուշանալուս շանսերը կմեծանան:

Հետո պետք է ոտքով հասնեմ 63-ի կանգառ: Մեր տնից մինչև կանգառ հինգ րոպեի ճանապարհ է, չհաշված այն փաստը, որ իմ մենակ քայլելը վազելու հաշիվ է: Ճիշտն ասած, տնից դուրս գալուց ես չեմ նայում ժամացույցին, բայց մոտ երեք րոպե անց ես արդեն կանգառում եմ: Հիմնականում իմ բախտը չի բերում, և ես չեմ հասցնում նստել ժամը 8-ի «գազել»-ը: Երբ համարյա վազելով մոտենում եմ 63-ին, իսկ մյուս կողմից մի մարդ հանգիստ քայլերով մտնում է ներս ու նստում վերջին ազատ նստարանին: Ստիպված պետք է նստեմ 8:05-ի երթուղայինը: Այդ ժամանակ պետք է իմանալ, թե որն է հաջորդը: Հիմնականում ես գուշակում եմ: Մի անգամ  նստել էի, իմ կարծիքով, ճիշտ ավտոմեքենան: Հետո տեսա, թե ինչպես էր մյուս 63-ը գնում: Բայց ես դուրս եկա, իմ կարծիքով, ճիշտ ավտոմեքենայից և հասցրեցի նստել իրականում ճիշտը:

Քանի որ նստեցի իրականում ճիշտ ավտոմեքենան, կարելի է սկսել 63-ի խաղը: «Իսկ ի՞նչ է 63-ի խաղը»,- կհարցնեք դուք:

«Գազել»-ը նստելու քայլերը կատարելուց հետո, ես այլևս ոչինչ չեմ կարող անել դասից ուշանալու հավանականությունը փոքրացնելու համար: Մնացածը վարորդից և խցանումներից է կախված: Ահա, թե ինչու հենց «63-ի խաղ»:

Առաջին արգելքը, որին վարորդը հանդիպում է՝ 135 դպրոցի խցանումն է: Այս շաբաթ դպրոցականները արձակուրդ են: Այս մի քանի օրը այնտեղ խցանում չի լինում:

Կանգառից մինչև Առևտրի քոլեջ 63-ը մարդկանց է հավաքում: Մարդիկ էլ, երևի, խաղի միջի կոպեկներն են: Հավաքում է մինչև ավտոմեքենայի մեջ շնչելու տեղ չի լինում: Ես նստած եմ լինում, բայց ինչ-որ մեկը պարտադիր վերևից շնչում է իմ վրա այնպես, որ ես չեմ կարողանում շնչել (ի դեպ, ես քամու ժամանակ էլ չեմ կարողանում շնչել): Մի անգամ էլ մեկը կծու ծամոն էր ծամում: Ես էլ ստիպված էի շնչել նրա արտաշնչած, խեղդող հոտը: Հա, ու մարդիկ կան, ովքեր իրենց պայուսակները հենում են իմ նստարանին: Գիտեմ, որ կանգնածներին անհարմար է, բայց ինձ էլ է տարածք հարկավոր: Հետո էլ ես ինքս պայուսակով եմ: Ի՞նչ են մտածում, որ կվերցնե՞մ իրենց պայուսակը:

Առևտրի քոլեջից մինչև Գայի արձան 63-ը խցանումների չի հանդիպում: Եթե վարորդը արագ է վարում, ապա ժամանակ է շահում, իսկ եթե՝ ոչ, ուրեմն ուշանալու հավանականությունը մեծանում է: Գայի արձանի մոտ սկսվում է խցանումը: Գայի արձանից մինչև Հայկի արձան ավտոմեքենան հասնում է 15 րոպեում: Դրա համար էլ 63-ը մինչև իմ կանգառը 20 րոպեի ճանապարհը 45 րոպեում է անցնում:

Մասիվի խցանումներն անցնելուց հետո ճանապարհին գրեթե խցանումներ չեն լինում: Մեքենան արագ է առաջ շարժվում: Մարդիկ էլ սկսում են իջնել ավտոմեքենայից: Իսկ հիմա, ուշադրություն: Շատ վարորդներ կան, ովքեր լավ չեն լսում կամ համարյա չեն լսում: Պետք է իմանալ ճիշտ «կանգառում կկանգնե՛ք» ասելու արվեստը: Երկու ամսվա ընթացքում ես կարողացա տիրապետել այդ «արվեստին»:

Հիմա պատմեմ մի փոքր պատմություն իմ ու հայրիկի հայտնագործության մասին: Ամեն անգամ ես ու հայրիկը իջնում էինք Ռայկոմի կանգառում: Հետո մենք պետք է անցնեինք 10-15 րոպեի ճանապարհ մինչև հասնեինք Ֆրանսիական քոլեջ: Այդ պատճառով ես մի անգամ (կյանքումս առաջին անգամ) 2 րոպեով ուշացա դասից: Տատիկը ասում էր, որ այնտեղ ավելի կարճ ճանապարհ կա: Մի անգամ ես ու հայրիկը քաջություն արեցինք և որոշեցինք մի կանգառ շուտ իջնել ու գտանք տատիկի ասած կարճ ճանապարհը: Այդ օրվանից ես էլ երբեք չեմ ուշացել:

Երբ դուրս եմ գալիս մեքենայից: Գնում եմ կարճ ճանապարհով և համարյա առաջինը (երբեմն նաև առաջինը) հասնում քոլեջ:

Սա էլ իմ պատմությունը 63-ի խաղի մասին:

ani v. shahbazyan malishka

Ամենակարճ տարածությունը

8:30: Աչքերը բացում են «սևերը»: Իմ արթնանալու մշտական ժամն է: Երևի կմտածես, որ ծույլ եմ կամ քնկոտ, կամ թե ինչպես եմ հասցնում դպրոց գնալ: Դե, էն, որ ծույլ եմ, դրա մասին խոսք չկա, հա, քնկոտ էլ եմ: Բայց դա կապ չունի, ուղղակի շուտ արթնանալն անիմաստ է, որովհետև տնից դպրոց կես քայլ է: 15 րոպեն ինձ լրիվ բավական է պատրաստվելու, դուրս գալու ու դպրոց հասնելու համար: Բայց տանը մոտ լինելը կապ չունի, ամենաուշը ես եմ մտնում դասարան: Դե, օրինակ 8:59 դուրս եմ գալիս տանից ու 8:59 հասնում եմ: Բայց մեկ-մեկ, երբ հավես չեմ ունենում, սպասում եմ, թե երբ են զանգը տալու, որ գնամ: Բոլոր դասարանցիներս երազում են, որ իրենց տունը մոտ լինի դպրոցին, նրանք կիլոմետրեր ու մղոններ են կտրում դպրոց հասնելու համար: Իսկ ինձ համար սովորական է արդեն:

Դե, առավելությունները շատ են: Քանի որ ես ծույլ լինելու հետ մեկտեղ նաև մոռացկոտ եմ, ինչ-որ բան հաստատ մոռանում եմ տանը: Իսկ դասամիջոցներին հովազի պես վազում եմ տուն, որ վերցնեմ: Կամ էլ դասի ժամանակ: Բոլորը հարցնում են՝ կարո՞ղ եմ գնալ դուրս, իսկ ես՝ կարո՞ղ եմ գնալ տուն, գալ: Այսքան ժամանակ բացասական պատասխան չեմ ստացել, որովհետև ես ավելի շուտ եմ վերադառնում, քան անհետ կորած դուրս գնացող աշակերտը, ով րոպեներ անց գտնվում է հետախուզման մեջ, և վերջինիս նկարը հայտնվում է դպրոցի պատերին: Չէ, վերջինը չափազանցրի:

Մյուս առավելությունն այն է, որ երկար դասամիջոցին կարող եմ գնալ տուն, հաց ուտել ու վերադառնալ: Եվ «հանդիսատեսի» խնդրանքով նաև բրդուճներ տանել սովյալներին, ովքեր պատերի տակ սովից կուչ են եկել և խեղճ հայացքներով նայում են մատնաքաշ կրծող մանուկներին: Այդ խեղճ հայացքների մեջ կա նաև իմը, քանի որ չեմ օգտվում այդ հնարավորությունից ու չեմ իջնում տուն: Հավես չկա:

Լավ, անցնենք թերություններին: Դասերը վերջացնելուն պես վազում եմ տուն, հաց եմ ուտում ու անցնում դասերիս: Իմ դաս անելու ընթացքում ընկերներս նոր տուն են հասնում: Հիմա կասես՝ դրա թերությունը ո՞րն է: Գիտե՞ս՝ ինչքան ցավալի է տեսնել, թե ոնց են ընկերներդ միասին խոսելով ու կռվելով գնում տուն, իսկ դու՝ միշտ մենակ: Չեմ կարող հարցնել՝ կգա՞ս մեր ճամփով, որովհետև մեր ճամփով միայն ես կարող եմ գնալ ու միայն մեր տուն: Մյուս թերությունը. պատկերացրու՝ ընկերներդ չեն եկել, ու դու մենակ պետք է գնաս տուն: Հոգուդ խորքում կուրախանաս, քանի որ ականջակալներդ հետդ են, ու դու կարող ես միացնել Imagine Dragons ու ռիթմի հետ հավասար քայլելով ու անկապ շարժումներ անելով՝ հասնել տուն, կամ միացնել ռոմանտիկ ու դանդաղ երաժշտություն, «կինոյի աղջիկ» դառնալ ու սպասել, թե երբ է քամին մազերդ հետ տանելու: Իսկ ե՞ս:

Էնպես որ, մի բողոքեք, որ հեռու եք ապրում: Վայելեք դպրոցից տուն ճանապարհը ընկերների հետ և մոռացեք կիլոմետրերի մասին:

anna sargsyan

Չորսով

Առավոտյան ժամը 6:00-ին արդեն արթնացած էի, սովորական արձակուրդի մեջ գտնվող աշակերտի նման: Էդպես է, չէ՞, երբ դասի ենք լինում, մեզ անգամ շեփորի ձայնը չի արթնացնի, իսկ երբ արձակուրդի մեջ ենք լինում, պարտաճանաչ արթնանում ենք էն ժամին, երբ անգամ արևն է քնած լինում, ու հարց է՝ կարթնանա՞, թե՞ ոչ:

Եկավ արդեն այն պահը, երբ պետք է համարձակությանս ձայն տայի, որ գար ու ինձ հաներ անկողնուց, որովհետև պետք է գնայի դպրոց՝ փորձի: Ուշանում էր կամ չէր ուզում գալ: Հետո եկավ զոռով հանեց և ուղարկեց դպրոց: Բախտս բերեց՝ Թումանյանն էլ էր գալիս, դե Թումանյան Սոնան, էլի (մենք նրանք էդպես ենք դիմում), ու գալիս էր, հերիք չէր՝ մի հատ էլ մեր թաղերով էր գալու. համոզել էի: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար՝ մեկը, ով քեզ քարշ կտա իր հետևից:

Գնացինք փորձի: Երկուսով էինք: Մի ժամից փորձն ավարտվեց, ու մենք պետք է ևս երկու ժամ սպասեինք, որ սկսվեր մեկ ուրիշ պարապմունք:

Որոշեցինք աշունը վայելել: Հա, էլի վայելել, բայց երկու ժա՞մ: Չէ, մի բան կազմակերպել էր պետք: Որոշեցինք գնալ մեր դասարանի տղաների տուն և արթնացնել նրանց: Ի դժբախտություն մեզ, նրանք արդեն արթնացել էին: Սոնան իր հոգեպահուստով գնեց երկու չուպա-չուպս՝ որպես նվեր տղաներին: Նրանց զգուշացրինք, որ երկու ժամ պետք է մեզ հանդուրժեն: Չհասկացանք էլ՝ ուրախացան, թե չէ, բայց հանդուրժեցին:

Խոսեցինք երկար, շատ անճոռնի թեմաներից անգամ: Մեկ էլ նկատեցինք, որ դիմացի տան տատիկը ցախ է կոտրում ու «դաշկայի» մեջ դասավորելով՝ տանում է: Առանց որևէ խոսքի՝ ես, Սոնան ու Մանվելը գնացինք տատիկին ձեռք մեկնելու, Ռոբն էլ իրենց տան ցախերն էր կոտրում: Էնքան օրհնեց տատիկը, որ էլ ասելու չի: Շատ թե քիչ՝ օգնեցինք: Ոտքս վնասեցի, բայց տատիկին չասացի, որ չմտածի՝ իր պատճառով եղավ:

sveta davtyan

Շատ եմ կարոտում

Շատ էի սիրում, երբ հյուր էիր գալիս: Սիրում էի քեզ հետ խաղալ, խոսել, ժամանակ անցկացնել: Ավելի շատ սիրում էի, երբ ես էի քեզ հյուր գալիս, ու ինձ հետ միշտ բերում էի ծաղիկներ: Տուն գնալու մասին անգամ չէի մտածում, կարող էինք անվերջ քայլել և զրուցել: Գիտե՞ս՝ ասում են, որ աչքերս շատ նման են քո աչքերին: Գիտե՞ս՝ եթե կարողանայի, քեզ անպայման կվերադարձնեի, քեզ հետ միասին կվերադառնար նաև շատերի ժպիտը: Շատ եմ ափսոսում, որ ավելի շատ ժամանակ չեմ անցկացրել քեզ հետ, չեմ ասել, որ քեզ շատ եմ սիրում: Կուզեի տանն ինձ սպասեիր, և ես, պատվոգիրը՝ ձեռքիս, ուրախ ժպիտը՝ դեմքիս նետվեի գիրկդ, իսկ դու համբուրեիր: Եթե ես իմանայի, որ վերջին անգամ եմ քեզ տեսնում, ես կասեի, թե ինչքան շատ եմ քեզ սիրում: Եթե իմանայի, որ այլևս չեմ տեսնելու, կգրկեի ամուր, որ կարոտս առնեմ: Եթե իմանայի, որ գնում ես ու հետ չես գալու, թույլ չէի տա: Հիմա այցի եմ գալիս, խոսում շիրիմիդ հետ, ես գիտեմ՝ դու ինձ լսում ես և տեսնում: Միայն թե կուզեի ես էլ քեզ տեսնել, լսել, գրկել, համբուրել:

Հորաքո՛ւյր, կարոտում եմ քեզ շատ:

mariam papoyan portert

«Կարմիրի» քաղց կա

Աչքերս կիսաբաց՝ ձեռքս մեխանիկորեն տարա հեռախոսին։ Օրգանիզմումս թթվածինն ու ածխաթթու գազը մի երկու-երեք անգամ հավասարակշռելուց (հորանջելուց) հետո արեցի դրան տրամաբանորեն հաջորդող ևս մի քանի՝ ընդարմացած մկաններիս համար դաժան գործողություններ: Երկու րոպե անց տեսողական ռեցեպտորներիս հասավ «կարմիրը»՝ մեջը սպիտակով «հինգ»։ Հետաքրքրությունը ստիպեց ուղեղիս բջիջներին զարթնել։ Մի տեղից 99+ նամակ՝ 99+ զգացմունքների անարդյունք արտահայտման ձև: Քսան հոգի արձագանքել է նույն երևույթին տարբեր քանակով «էմոջիներով» 99+ անգամ։ Գժվելու բան է: Մեկից բարի լույսին համարժեք «բարի գիշեր», մեկը՝ «հաաա», մեկից՝ «լավ», թե ասա ինչ լավ, է՜, մեկն էլ թե բա՝ «ապրես», ու առավոտ շուտ չես էլ հիշում, թե գիշերը 4։54 ինչի համար պիտի «ապրեիր»։

Կարմիր հինգն էլ տրամադրող էր, գրավիչ ու սիրուն։ Կարմիրի տեղ անցնողներից էին, բայց մի տեսակ կարմիր չէին։ Իրական կարմիրները չկան, որովհետև դու էլ իրական կարմիրները ստեղներին չես տալիս, ես էլ։ Եթե տայինք, հավես մեղեդի կստացվեր։ Չհասկացա՞ր։ Պատկերացրու՝ ես էլ, ուղղակի սիրուն տող էր, ասացի՝ չջնջեմ։ Չէ, բայց «տըկ-տըկ», ահագին էլ սիրուն է։
Իրական կարմիրները սկսել ենք չգրել։ Պոետիկ է, չէ՞։ Ո՞վ մեր կարմիրների ժամանակն ունի։ Դրա փոխարեն կասենք՝ «հաա», «ապրես»։ Ու կապրենք։ Էլի ամեն առավոտ մեխանիկորեն քնաթաթախ ձեռքներս անփույթ ձախ-աջ, մեկ էլ «հինգը» միլիոն հինգ կերևա, կբացենք ու 99+ «հաա»։
«Հաա»-երի ավելցուկ ու «կարմիրի» պակաս ունի օրգանիզմս, հա՜…

narek davtyan getahovit

Քո հարմարավետությունից դուրս

Անձրև էր գալիս. իսկական թեյ խմելու և տաք վերմակով ծածկված ֆիլմ դիտելու եղանակ էր: Չէի ցանկանում մտածել, որ դրսում վատ եղանակ է, ուստի վերցրի համակարգիչս ու սկսեցի ֆիլմ փնտրել: Վերջապես գտա այն, ինչ այդքան երկար փնտրում էի: Փորձում էի մի քանի ժամով կտրվել աշխարհից, երբ զանգ ստացա, ինչը փչացրեց իմ ստեղծած «ոչ մի բան չանելու» մթնոլորտը:

Անկեղծ ասած, առաջին անգամն էր, երբ ստացածս զանգը ինձ չհետաքրքրեց, բայց ամեն դեպքում, ինքս ինձ ստիպելով՝ վերցրի հեռախոսը: Պարզվեց, որ այդքան էլ տհաճ զանգ չէր, ինչքան ես մտածում էի: Իմ տարածքային համակարգողն էր, որը փորձում էր վայր գտնել իմ՝ աշնանային արձակուրդը անցկացնելու համար: Մի քիչ վախեցա, երբ տեսա, որ համակարգողն է զանգում: Մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ, և հիմա ինձ հետ կուղարկեն Հայաստան: Եթե չգիտեք, ասեմ, որ ես հիմա Ֆլեքս ծրագրով ապրում և սովորում եմ ԱՄՆ-ում:

Իրականում հիանալի լուր ստացա. իմ ընկերներից մի քանիսը գնում էին հյուսիսային Կարոլինայում գտնվող «Գրեյթ Սմոքի Մաունթինս» ազգային պարկը, որը հայտնի է իր գեղեցկությամբ և աժդահա լեռներով: Նրանք առաջարկել էին ինձ, որ գնամ իրենց հետ: Ես, իհարկե, համաձայնեցի և միանգամից գնացի իրերս հավաքելու, որպեսզի առավոտ շուտ մեկնենք:

Բավականին ցուրտ էր լինելու, դրա համար վերցրի միայն իմ ձմեռային շորերը: Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ 8 ժամ, և մարդուն, ով ապրել և մեծացել է Հայաստանի պես փոքր երկրում, դա մի մեծ հոգնեցնող ճանապարհ է թվում: Տեղ հասնելուն պես ես միանգամից դուրս թռա մեքենայից, որպեսզի առաջինն զգամ այդ լեռնային թարմ օդը: Երևի ընկերներիցս ամենաերջանիկը ես էի, քանի որ ինչ լքել էի Հայաստանը, լեռներ չէի տեսել: Այն, ինչ շնչում էի այդ պահին, ինձ ստիպեց հիշել Տավուշիս մաքուր, սառը օդը: Օդից արբած՝ անցա գործի: Պիտի սկսեինք վրանները, ճոճերը և այլ մնացած իրերը տեղավորել, քանի որ արդեն մթնում էր, իսկ մենք վրան չունեինք քնելու համար: Ես այդ շաբաթվա օրակարգը մոտավորապես գիտեի, բայց իրականում ավելի շատ բան կար անելու, քան օրակարգում գրված էր: Երևի չէին գրել, որ ավելի հետաքրքիր լինի: Նաև գաղտնի էին պահել այն փաստը, որ վերցնելու էին բոլորիս հեռախոսները:

Առաջին օրը գնացել էինք փոքր արշավի՝ դեպի ջրվեժ: Որոշել էինք գետում լողանալ, բայց այնքան ցուրտ էր, որ երեխաների կեսը չփորձեց անգամ մտածել դրա մասին: Ես և մի քանի հոգի, իհարկե, մտանք ջուրը: Ինչպես իմ այլ ուրիշ որոշումների համար, այս անգամ ևս ես զղջացի ամենաառաջին վայրկյանից, բայց այն փաստը, որ սա երևի հնարավոր կլինի անել կյանքում միայն մեկ անգամ, ստիպեց ինձ մտնել ջուրը:

Երկրորդ օրը մեր պլաններում քարանձավն էր: Իրականում այնքան էլ ուրախ չէի, որ պիտի գնայինք այնտեղ, քանի որ չեմ սիրում փակ տարածություններ, իսկ քարանձավներում շատ վայրեր էին լինելու, որտեղ պիտի քեզ քարշ տալով անցնես փոքր անցքի միջով: Սկսեցի սիրել քարանձավները, երբ մտա ներս: Քարանձավը իմ կյանքի ամենատարօրինակ վայրերից մեկն էր, այն ընդհանրապես նման չէր իմ պատկերացումներին: Իրականում ներսում ավելի տաք է, քան դրսում, և այդ հաստատուն ջերմաստիճանը պահպանվում է ամբողջ տարին: Այնտեղ լույսի ճառագայթ չի կարող թափանցել, ինչի արդյունքում էլ կատարյալ մթություն է: Այդպիսի մթություն շատ դժվար է ստեղծել. երկրի վրա կատարյալ մթություն կա միայն քարանձավներում և օվկիանոսի հատակին: Երբ մենք անջատեցինք մեր լույսերը, դեռևս կարողանում էինք տեսնել այն, ինչ պահպանված էր մեր հիշողության մեջ: Եթե փորձեիր շարժել քո ձեռքը, քո ուղեղը կստեղծեր կեղծ զգացողություն, որ դու տեսնում ես, բայց իրականում դա խաբկանք է, որն ապացուցում է այն փաստը, որ մարդկային ուղեղը հարմարված է եղել անդրերկրյա կյանքին:

Երրորդ օրը ամենասպասված օրերից մեկն էր. պիտի բարձրանայինք ԱՄՆ-ի ամենաբարձր գագաթներից մեկը, դրանից հետո մենք կարող էինք շարունակել արշավը, որը մոտ 12 կիլոմետր էր ձգվելու: Նրանք, ովքեր չէին ցանկանում այլևս քայլել, կարող էին հետ վերադառնալ: Ես շարունակեցի քայլել, իհարկե, այդքան քայլելը դժվար էր, բայց այն ամենը, ինչին ես ականատես եղա, ինձ ստիպեց քայլել առաջ՝ դեպի ավելին:

Ես միշտ սիրել եմ լեռները՝ համարելով, որ դրանք իմ իրական տունն են, և ապրել մի վայրում, որտեղ ընդհանրապես լեռներ չկան, ինձ համար շատ դժվար է:

Հիմա ես վստահորեն կարող եմ համաձայնել այն մտքի հետ, որ ամենալավ ճանապարհորդությունները ոչ պլանավորածներն են, և որ իրական կյանքը սկսվում է քո հարմարավետության գոտուց դուրս: