Իմ էջը խորագրի արխիվներ

Ուսանողական կյանքից

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Հայու գեն

Նեշվիլյան օդանավակայանն իմ երկար ճամփորդության վերջին կետն էր, որտեղ հանդիպելու էի հյուրընկալող ընտանիքիս ու ուղևորվելու այն քաղաքը, որտեղ անցնելու էր տարիս:

Իջա Նեշվիլի օդանավակայանում: Շուրջս օտար դեմքեր, ճամպրուկներ: Հանկարծ նկատում եմ մի սևահեր, բարձրահասակ տղամարդու քննող հայացք: Ուղիղ ինձ է նայում, առանց աչքը կտրելու: Պինդ սեղմում եմ անձնագիրս ու հեռախոսս: Ով գիտե, վերջիվերջո օդանավակայանը գողության ամենահավանական վայրերից է: Անցնում է մի քանի րոպե: Տղամարդը դանդաղ քայլերով մոտենում է ինձ: «Մեղա, մեղա…», մտածում եմ ես, ու արդեն պատրաստվում մի քայլ հետ գնալ ու…

-Հա՞յ ես,- լսում եմ նրա թունդ ձայնը:

-Հայ եմ,- թեթևացած պատասխանում եմ ես ու ժպտում:

-Ուզում էի ազգանունդ տեսնել, նոր մոտենալ: Էս ի՞նչ կա Նեշվիլում:

Պատմում եմ այն քամիների մասին, որ ինձ հասցրել են աշխարհի մյուս ծայրը: Ինքն էլ իրենից է պատմում: Պարզվում է՝ երեխաները Հայաստանում են:

Տղամարդն ինձ ուղեկցում է մինչև հոսթ ընտանիքս, գրպանից հանում այցեքարտը, տալիս հոսթ ծնողներիս:

-Ինչ որ բանի կարիք ունենա՝ իմաց տվեք,- ասում է նա, ձեռքը դնում ուսիս, աչքով տալիս ու հեռանում:

-Ըհը, ստեղ են ասել՝ «հայու գեն»,- մտքում ասում եմ ես ու ժպիտով ճանապարհում ազգակցիս:

astghik hunanyan

Գիտե՞ս, երբեմն մենք նման ենք

Լինում է, չէ՞, որ ֆեյսբուքյան էջդ թերթելիս հրապարակումների ես հանդիպում, որոնք տիպիկ քեզ ու արածներդ են նկարագրում, իսկ դու մտածում էիր, թե միայն դու ես էդպիսին։ Չէ, մինչև կարդալը չէիր էլ մտածում արածիդ մասին, բայց ինչ-որ մեկից լսելով՝ ոնց-որ մտքիդ մի մութ հատված լուսավորվում է, ու սկսում ես դրա մասին մտածել։ Է՜, դե, մեկ է՝ չեմ կարողանա նորմալ բացատրել՝ ինչ նկատի ունեմ, մի րոպե՝ օրինակով ասեմ: Ասենք, թե մեկը հրապարակում է արել մոտավորապես էսպիսի բովանդակությամբ. «Լայք, եթե դու էլ ես փռից տուն տանելիս հացի կեսը ուտում»։ Ու քո ռեակցիան. «Վա՜յ, ճիշտ ա» կամ «Էս ինձ հետևո՞ւմ են»։ Ես մեծ հույս ունեմ, որ հասկացաք, թե ինչ նկատի ունեմ, որովհետև ամբողջ ուժով ջանում եմ էդ անտեր մտքերս նորմալ հավաքել ու գրել։

Հետաքրքիր է, չէ՞, մենք չենք տեսել, թե ինչպես է մեկը փռից հացը թաքուն ուտելով գնում տուն (ախր, էդպե՞ս ենք թաքուն ուտում, որ մի բան էլ անցորդները տեսնեն), բայց չգիտես՝ ոնց, գրեթե բոլորիս մոտ էլ էդ սովորությունը կա։ Կամ մեկ ուրիշը, օրինակ՝ եթե դու թղթակից ես ու մի քիչ հաճախ ես նյութեր գրում, ուրեմն քեզ հետ էլ է պատահել, որ փողոցում քայլելիս մի քանի հազար մտքեր ծնվեն գլխումդ, որոնցից ֆանտաստիկ նյութեր դուրս կգային, բայց երբ գրիչը վերցնես ձեռքդ, հասկանաս, որ չէ, դու ոչ մի միտք էլ էդ պահին չունես։ Մենակ դու չես այդքան անհաջողակ, ես էլ, տո, մնացածն էլ։

Դե, գուշակեք՝ այսքան ճառս ինչի՞ համար էր։ Ճիշտ է, մտածել եմ ու ծայրահեղություններ գրել, որ գրեթե բոլորի մոտ էլ էդպես է, ու հա, շատ շատերն էլ մինչև կհասցնեի գրել, մտքիցս թռան ու թռան, այ քեզ կյանքի հեգնանք։

Մենք նման ենք, եթե՝

1. Դու էլ ես միշտ պլանավորել առավոտյան ժամը վեցին արթնանալ ու գնալ վազելու, բայց արթնացել ես, նայել ժամացույցին ու նորից քնել, կամ էլ ով գիտի՝ չես էլ արթնացել։

2. Դու էլ ֆանտաստիկ երգիչ կդառնայիր, եթե երգի մի առանձին ճյուղ ստեղծվեր՝ երգել լողանալու ժամանակ։

3. Դու էլ չես կարողանում փռշտալ, երբ «նախափռշտական» միմիկաներ են հայտնվում դեմքիդ, ու մինչև փռշտալդ ասում են՝ առողջություն։

4. Դու էլ ես քո ընկերներին «Օսկարի» արժանի նկարներ անում, իսկ երբ գալիս է հերթը, որ քեզ նկարեն, դու դառնում ես կապիկ, գորիլա, ընձուղտ, վերջիվերջո՝ ուղտ և այլն:

5. Ձմռանը տուն գնալիս դու էլ ես խանութ մտել տաքանալու նպատակով ու էնպիսի բան փնտրել խանութում, որ ասեն՝ չունենք։

6. Դու էլ ես մի պահ ամբողջ սրտով ատել կյանքը. հա, էն պահը, երբ խնձորը կծում ես ու մի թեթև հայացք նետելով խնձորին՝ միայն որդի շարժվող կեսն ես տեսնում։

7. Դու էլ ես կռվում, վերջացնում, հետո գնում տուն ու մտածում, որ ավելի լավ բաներ էլ կարող էիր ասել։

8. Դու էլ ես մտածում, որ եթե չալարեիր, անգամ ամբողջ աշխարհին կարող էիր տիրանալ, բայց դե, գրողը տանի, ո՞նց չալարես, է։

9. Դու էլ ես կապիկություն անում, երբ ինչ-որ մեկի գրկում երեխա ես տեսնում, ու էդ ինչ-որ մեկը մեջքով դեպի քեզ է կանգնած, բայց երբ շրջվում է, որ տեսնի՝ երեխան ինչու է ծիծաղում, միանգամից ձև ես բռնում, իբր իրենց չես էլ նկատել։

10. Դու էլ ունես եզակի տաղանդ՝ հիմար իրադարձությունների մեջ հայտնվելու։

11. Դու էլ ես «Ռոլտընը» անեփ սիրում, ու մինչև ջուրը կեռա, կեսը հում ուտում ես (հա, ես բոլոր արագ եփովի փլավներին «Ռոլտըն» եմ ասում)։

12. Դու էլ ես ուզում սովորել մի քանի լեզու, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, նայել մի քանի սեզոնի սերիալ մի գիշերում, իսկ հետո գալիս ես տուն, նստում անկողնուդ վրա, մի քանի ժամ անջատված նայում մի կետի, իսկ հետո հասկանում, որ դու անգամ շնչելու հավես չունես։

13. Դու էլ չես կարողանում տատիկիդ բացատրել, որ եթե նայում ես հեռախոսիդ ու ժպտում, ուրեմն ամուսինդ կամ կինդ չի գրում։

14. Դու էլ վանդակավոր հատակի վրա քայլելիս չես կանգնում գծերի վրա, որովհետև ուղեղդ քեզ ասում ա, որ դու խաղի մեջ ես ու եթե գծի վրա կանգնես՝ կպարտվես։

15. Դու էլ ես լացելիս գնում, կանգնում հայելու առաջ, որ տեսնես՝ սիրուն ես լացում, թե չէ (եթե, իհարկե, լուրջ պատճառով չես լացում)։

16. Դու էլ ես խորովածի հացը խորովածից շատ սիրում (էն, որ փռում են խորովածի վրա ու խորովածի համը տալիս է հացին)։

17. Դու էլ ես դաս կարդալու ժամանակ ձևացրել, թե դասին չես հետևում, որ ուսուցիչդ հարցնի կարդալ, ու դու քեզնից գոհ կարդաս։

18. Քեզ էլ է թվացել, որ հետևում են քեզ, կամ դու ֆիլմի մեջ ես, բայց էդ մասին չգիտես։

19. Դու էլ ես սպասում էն օրվան, թե երբ քիմիայի էլեկտրոլիզի դիսոցումը կամ երկրաչափության տանգենս-կոտանգենսը քեզ կյանքում շա՜տ պետք են գալու։

20. Դու էլ ունես եզակի տաղանդ. ունենալով անչափ շատ ժամանակ, ամեն ինչ անում ես վերջին վայրկյանին՝ գլուխդ կորցրած այս ու այն կողմ վազելով և ուշանալով։

21. Քեզ մոտ էլ է եղել կյանքի մի փուլ, երբ որոշել ես «You Tube»-ով ֆեյսբուք ջարդելու ձևը սովորել, իսկ հետո հասկացել, որ չէ, դա քո խելքի բանը չի։

22. Դու էլ ունես բարեկամ կամ ծանոթ, որ ծնունդներից կամ հարսանիքներից առաջ «You Tube»-ով լեզգինկա պարել ա սովորում, որ պարի ու բոլորին ցույց տա, թե բա՝ գիտի։

23. Դու էլ չես հասկանում բեսարաբերեն։

24. Դու էլ ես աշնան կեսից սկսում ձմեռային վերմակի տակ քնել, ու փոխում միայն ամռան կեսին։

Երևի վերջ, հնարավոր է, նյութն ուղարկեմ ու հետո միայն ավելի էպիկական բաներ հիշեմ, միշտ էդպես է։

Հ. Գ. Հումորով կընդունեք, ժողովո՛ւրդ ջան:

ella mnacakanyan yerevan

Յոգա-մոգական կամ մոգական յոգա

-Նամաստե,- ձեռքերի ափերը խաչում ու գլուխը փոքր-ինչ խոնարհում է Անահիտը:
-Նամաստե,- նույնը մեխանիկորեն կրկնում եմ ես:

Նա նայում է դեմքիս ու թերևս կռահում, որ առանց հասկանալու կրկնեցի ժեստը:
-Նամաստե, այսինքն՝ իմ ներսի ադամանդը ողջունում է քո ներսի ադամանդին:
Ես ժպտում եմ: Իմ պատկերացմամբ՝ ներսիս ադամանդը պիտի ժպտերես լինի: Ես ժպտում եմ՝ չնայած իմ ներսի ադամանդը ներկաներից միակն է, որ յոգայից բոլորովին գլուխ չի հանում: Սկսում ենք մեր յոգա-մոգական դասը:
Հայաստանում յոգայի մասին պատկերացումները, եթե դրանք կան առհասարակ, շատ խառն ու ցաքուցրիվ են: Ու իմ պատկերացումներն էլ այս առումով բացառություն չեն: Չէին: Համենայնդեպս, պատկերացում չունեի, որ միայն քեզ մտացածին ոսկով օծելով կամ «ճիշտ» շնչել-արտաշնչելով կարող ես մի լավ լիցքաթափվել լարված օրվանից հետո ու ներդաշնակություն գտնել ինքդ քեզ հետ:

Երևի հարց ծագեց՝ ի՞նչ ասել է «ճիշտ» շնչել-արտաշնչել: Բանաձևն ասե՞մ: Պարզապես պիտի կարողանաք շունչ վերցնել ձեր կյանքի լավագույն օրվանից՝ ա՜յ, այն մեկից, երբ երջանկությունից թվում էր՝ յոթերորդ երկնքում եք: Իսկ հիմա փորձե՛ք մոխրագույն օձի մեջ ամփոփել ձեր ներսի չարությունն ու բացասական լիցքերը կամ ալ կարմիր աքաղաղի մեջ՝ խանդն ու նախանձը: Ստացվե՞ց: Դե՛, հիմա այն ամենալա՜վ ու երջանիկ օրվանից վերցրած շունչն արտաշնչեք՝ պատկերացնելով, թե քթից դուրս եք հանում մոխրագույն օձին կամ ալ կարմիր աքաղաղին: Մի բան ստացվե՞ց: Եթե ոչ, ապա ոչի՜նչ, նորից փորձեք, ինձ մոտ էլ սկզբում ոչինչ չէր ստացվում: Անահիտը՝ մեր յոգա-մոգական դասի՝ պրոֆեսիոնալ որակավորում ունեցող ուսուցչուհին, ասում էր, որ կարևորն առանց հուսահատվելու փորձելն է. մի փոքր պրակտիկա, ու ամեն ինչ կստացվի: Անահիտի յոգան իսկապես մոգական էր, ու ստիպեց ինձ մի պահ կտրվել աշխարհից ու հայտնվել մեկ այլ՝ առանց կաղապարների ու սահմանների իրականությունում, որտեղ ենթագիտակցությունը գերիշխում էր միշտ զգոն գիտակցությանս:

anahit gasparyan charencavan

Ես հեռուստացույց չեմ դիտում

Հաճախ եմ լսել «ես հեռուստացույց չեմ դիտում» արտահայտությունը: Նախկինում գուցե կզարմանայի, բայց հիմա հասկանում եմ, թե որքան հաճելի է, երբ օրդ այնքան հագեցած է, որ կարիք չունես սպանելու ժամանակդ ինչ-որ «օճառապղպջակային օպերաների» կամ «դժբախտ ու հարազատ նռան հատիկների» վրա:

Վերջերս փորձեցի ուղղակի տեսնել, թե ինչ նորություն կա հեռուստաաշխարհում: Առաջինը, իհարկե, այն 2 րոպեն մեկ հանդիպող «սուպեր» գովազդներից մեկն էր, որ ավելի երկար է տևում, քան հենց հաղորդումը: Անցա առաջ: «Միսս Հայաստան» մրցույթն էր: Արդեն այն պահն էր, երբ պետք է մասնակիցները գային բեմ, և վարողները հայտնեին հաղթող մասնակցի անունը: Հաղորդավարները, որոնք երևի թե ընտրվել էին լոկ իրենց արտաքին տեսքի համար, ձախողեցին մրցույթը` «հրաշալի» հումորներ անելով, մոռանալով կարդալ մասնակիցների անունները և ամեն վայրկյան իրենք իրենց համոզելով, որ այդքան էլ վատ չեն կարողանում երեկոն վարել: Տեխնիկական խնդիրների պատճառով ետնաբեմից չէին բերում ծրարը, իսկ հանդիսատեսին պետք էր ինչ-որ կերպ զբաղեցնել: Հաղորդավարները առաջարկեցին հանդիսատեսին ծափահարել ծրարին, մինչ այն կբերեն: Երբ ոչինչ չստացվեց, նրանք առաջարկեցին մասնակիցներին ծափահարել հանդիսատեսին, որոնք էլ նույն ժամանակ պիտի ծափահարեին ծրարին, իսկ այդ ընթացքում հաղորդավարները կծափահարեին իրենք իրենց: Բոլորը բոլորին ծափահարեցին, բայց ծրարը այդպես էլ տեղ չհասավ, և նորից սկսվեցին «սուպեր» գովազդները: Ինքս ինձ հարց տալով, թե ինչու եմ նայում այդ, ընկերներիցս մեկի ասած, «սինլքոր արարողությունը»՝ փոխեցի ալիքը:

Դե, կզարմանայի, եթե ամեն ալիքում գովազդի չհանդիպեի: «Զգա թարմության բույրը», «Դիտեք միայն մեր եթերում», «Դու դու չես, երբ քաղցած ես», «Մի գրեք մեր հեռախոսահամարը, պարզապես հիշեք այն» և այլ այսպիսի արտահայտություններից հետո վերջապես հանդիպեցի մի լրատվական ծրագրի: Հիմա կմտածես՝ վերջապես մի կարգին բան գտավ: Ես էլ այդպես կարծեցի, բայց, ավաղ, հենց այն պահն էր, երբ հաղորդավարը հորդորում էր չփոխել ալիքը, քանի որ մի քանի րոպե անց պիտի սկսվեր հեռուստասերիալ, որը, ըստ ավանդության, կդառնար նոր «Սանտա Բարբարա» հայկական հեռուստաաշխարհում:

Այսքանից հետո ինձ ոչինչ չէր մնում անելու, քան վերցնել հեռուստավահանակը, անջատել հեռուստացույցը, վերցնել մի կարգին գիրք, այդ պահին՝ «Փոքրիկ իշխանը», և սկսել կարդալ, այլ ոչ թե վատնել «ժամանակ» կոչվող ամենաթանկ բանը:

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Դդմաքանդակների օր

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Հոկտեմբերի 31-ին Ամերիկայում նշվում է Հելոուինը: Բազմաթիվ քրիստոնյաների կողմից քննադատվող ու «հակակրոնական» համարվող Հելոուինն իրականում ոչ մի հակակրոնական կամ դիվական հիմք չունի, քանի դեռ չի հասել էն կետին, որտեղից սկսվում են բուն տոնի հետ բացարձակ կապ չունեցող նորարարությունները (վախ, արյունահեղության տեսարաններ, քայլող դիակներ, հոգիներ): Տոնն իրականում կարելի է նշել որպես ջերմ ընտանեկան տոն:

Աշնանային արձակուրդի ընթացքում հյուրընկալ ընտանիքի հայրս առաջարկեց դդումներ փորագրել, որպես Հելոուինի առթիվ տան շեմի դեկորատիվ մաս: Դդմի փորագրումն ամբողջովին կախված է փորագրողի երևակայությունից, ու եթե դու գտնում ես, որ մինիոնի դեմքով դդումն ավելի գրավիչ կլինի տանդ շեմին՝ արա էդպես: Միյուն (փոխանակման ծրագրով մյուս աշակերտը, որին հյուրընկալում է Ռիչարդսոնների ընտանիքը), մինիոնների մեծ սիրահար է: Մինիոնի տեսքով դդում փորագրելն իր մտահղացումն է:

Հոսթ (հյուրընկալ) հայրս փորագրում է անհոգ դեմքով, անատամ, բայց անկախ ամեն ինչից, ժպտացող դդում: Ես էլ… Դե, ինչ մտքովս անցավ:

Իսկ հիմա ամենակարևոր պահը: Ավարտելուց հետո դդումների ներսում մոմեր ենք դնում: Մութն ընկնելուն պես վառում ենք մոմերն ու դդումները շարում տան շեմին: Երեքս մի քանի քայլ հետ ենք կանգնում, որ ավելի տեսանելի լինի: Ահա դրանք:

Հելոուինը մոտենում է…

nina arsutamyan portret

Փոքրիկ և մեծ տիեզերագնացը

-Հենց մեծանամ, տիեզերագնաց եմ դառնալու, թռչեմ, գնամ Լուսին ու էլ չգամ, հենց էնտեղ ապրեմ:

Երազողը ես էի, մոտ 6 տարեկան: Ամեն անգամ, երբ պառկում էի ու սկսում էի խաղալ իմ մատների հետ, որ քնեմ, մտքումս ինձ պատկերացնում էի տիեզերագնաց, թե ինչպես եմ հագնում իմ տան շորերը և առանց ինչ-որ հարմարանքի՝ նստում ուղղակի ինչ-որ ինքնաթիռ ու թռչում դեպի հեռուն, դեպի անծայրածիր իմ տիեզերքը:

Վառ երևակայություն ունեի:

Երբ գնացի դպրոց ու հասկացա, որ ինքնաթիռով չեմ կարող թռչել ու գնալ Լուսնի վրա բնակվելու, չհիասթափվեցի, ընդհակառակը՝ ամեն օր ես ուզում էի մի նոր բան սովորել, իմանալ, թե ինչպես դառնալ տիեզերագնաց, և իհարկե, բնակվել Լուսնի վրա: Անգամ պատկերացնում էի իմ Լուսնի վրայի տունը, որը շատ փոքր էր՝ նախատեսված ինձ համար: Տնիցս մի փոքր հեռու կունենայի մի փոքրիկ անկյուն, որտեղ կպահեի իմ գրքերը: Անգամ որոշել էի՝ հենց բոլոր գրքերը կարդայի, վերջացնեի, նորից գալու էի Երկիր ու լիքը գրքեր տանեի: Դե, երազում էի, ու մեծ ոգևորությունից հետո հանգիստ քնում:

Սկսեցինք ուսումնասիրել «Բնագիտություն» առարկան: Միշտ խոսում էինք գալակտիկաների, մոլորակների և նման բաների մասին, իսկ ես միայն ոգևովորված տարբեր հարցեր էի տալիս: Հետո անցանք լուսնի մասին:

-Ես մեծ սիրով կապրեի լուսնի վրա:

-Բայց չէիր կարող,- պատասխանեց ընկեր Հարությունյանը:

-Բայց եթե թռչում են, հետազոտում են, կարող են նաև ապրել:

-Թթվածին չկա:

-Ես թթվածինը Երկրից կտանեմ:

-Չես կարող:

-Չէ, ես կտանեմ:

Ես առանց հասկանալու պնդում էի, որ կտանեմ երկրից այնքան թթվածին, ինչքան որ պետք է, որ ես կարդամ բոլոր հայկական գրքերը:

Անցավ 7 տարի: Համաշխարհային պատմությունից անցանք տիեզերագնաց Յուրի Գագարինի մասին, որն առաջին տիեզերագնացն է: Հետո էլ իմացա «Ապոլլոն 11» տիեզերանավի մասին: Նրանք էլ 3 տիեզերագնաց են եղել, որոնք իրենց տիեզերանավով թռչել են Լուսին:

Երբ հեռուստացույցով ցույց էին տալիս, թե ինչպես են Երկրից թռչում Մարս կամ Լուսին ու հետո կատարում հետազոտություններ, աչքերս ամուր փակում էի ու պատկերացնում, թե ինչպես եմ Մարսից հող վերցնում, ինչպես եմ կատարում հետազոտությունները և ինչպես եմ լավ նորության մասին հայտնում մարդկանց:

-Կին տիեզերագնաց եղե՞լ է,- հարցնում եմ աշխարհագրության ուսուցչուհուն:

-Այո՛, եղել են:

-Լավ կլինի, չէ՞, որ մի օր էլ լսեք, որ Նինան թռել է լուսին ու բնակվում է լուսնի վրա:

Սկսեցին ծիծաղել դասընկերներս, իսկ ես տխրեցի, որովհետև դա իմ երազանքն էր:

Անցել է արդեն մի քանի տարի: Իսկ իմ մանկական երազանքը դեռ նույնն է. դառնալ հանրաճանաչ տիեզերագնաց, ապրել լուսնի վրա և կարդալ Երկրի բոլոր գրքերը:

astghik hunanyan

Ֆիլմերի ու սերիալների ամառս

Չկա ավելի ինքնավստահ մարդ, քան այն թղթակիցը, որը ծուլության հետ թեժ պայքարում հաղթող դուրս գալուց հետո՝ գրում ու իր մտքերն ու ապրումները շալակդ է տալիս։ Դե, էն մամա-պապաների նման, էլի, որ իրենց երեխային բառիս բուն իմաստով փաթաթում են քեռու վզին, որովհետև քեռին քեռի է, որովհետև քեռին պարտավոր է, ու որովհետև քանի քեռին կա՝ երեխեքը պիտի հարսանիքներին խեղճի վզին նստած պարեն, ծնունդներին՝ խեղճի վզին նստած մոմ փչեն, կամ խեղճի վզին նստած նկարվեն։ Լավ, ոնց որ շեղվեցի, խեղճ քեռիների տանջալից պարտականությունների մասին չեմ եկել խոսեմ։

Ուրեմն, ամեն տարի դպրոց մտնելիս քեզ հանձնարարում են նույն հիմար շարադրությունը գրել, ինչ անցյալ տարի, կամ նախանցյալ, կամ երեք տարի առաջ: Երևի հասկացաք՝ խոսքն ինչի մասին է՝ ամառային արձակուրդների մասին շարադրությունների։ Ու ամեն տարի դու պիտի օրինակելի աշակերտի ամռան մասին մի անհեթեթ շարադարություն գրես, ավելի ճիշտ՝ ստես։ Օրինակ՝ «Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ ու, ամբողջ ամառ առանց մի օր հանգստանալու՝ կարդացել եմ շատ ու շատ գրքեր, գրել եմ հազարավոր թելադրություններ, ու ես չեմ սիրում ժամանակս անտեղի վատնել»: Իսկ դրանից հետո մի քանի գրքերի վերնագրեր պիտի գրես, որ «ժուկով ժամանակով» ես կարդացել ու մի քանիսն էլ պիտի ասես, թե չես հիշում վերնագրերը, որովհետև եթե քեզ անծանոթ գրքերի վերնագրեր գրես, ու հանկարծ ուսուցիչդ դրանից հարցեր տա, դու էլ չկարողանաս պատասխանել, քեզ կմատնես։ Բայց աշակերտների մի տեսակ էլ կա, որ անընդհատ ձգձգում է շարադրություն գրելը, մինչև չեն սպառնում «2» նշանակել, ու ինքն էլ՝ մյուսների նման, ստիպված մի երկու էջ սևացնում է, ու վերջ։

Սակայն այս տարի, ի զարմանս ինձ, ոչ մի այդպիսի շարադրություն էլ գրել չհանձնարարեցին, ինչն, իհարկե, բավականին տխրեցնող էր: Հասկանում ես, որ իսկապես մեծացել ես և ուրիշ տաղտկալի սովորություններից էլ պիտի հրաժարվես։ Բայց չէ, չկարծեք՝ մեծանալու մասին եմ եկել խոսելու, էլի մի քիչ շեղվեցի։ Իրականում ողջ ամառ սպասել էի սեպտեմբերին, որ ութ տարվա ընթացքում առաջին անգամ ճիշտը գրեի այդ անիծյալ շարադրության մեջ։ Էն ծույլ աշակերտի նման (մի ամիս ուշացումով) եկել եմ պատմելու ամառային արձակուրդիս մասին, հո դեմ չե՞ք։

Դե, իհարկե գիտեք, որ 9-րդ դասարանցու արձակուրդները ոչ թե երեք ամիս են տևում, այլ երկու, ու դու պիտի երկու ամսում, 60 օրում, 1440 ժամում ու եսիմ քանի վայրկյանում (իրականում հավես չարեցի հաշվեմ վայրկյանները) հասցնես և՛ լիարժեք հանգստանալ քննություններից, պարապմունքներից ու դասերից, և՛ մի քանի գեղարվեստական գիրք կարդալ՝ հասարակագիտությանդ ուսուցչի հանդիմանությանը չարժանանալու համար։ Ես, իհարկե, ոչ մեկը հասցրեցի, ոչ էլ՝ մյուսը։

Ամսվա սկզբից կարդացի «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին», «Աստղային կարուսել», «Մեղավոր են աստղերը» գրքերը։ Բնականաբար, Շերլոկի հետ ծանոթանալուց հետո չէի կարող սերիալն էլ չնայել, ու գրքերի հետ ջերմ շփումը կիսատ թողնելով՝ անցա սերիալին։ Պետք է ասեմ, որ ես ուղղակի տարվեցի Շերլոկով ու ամեն-ամեն ինչով, ինչը նրան էր վերաբերվում, բայց հիասթափությունն էլ սպասեցնել չտվեց։ Երբ հասա «Բասկերվիլների շանը», հասկացա, որ գրքի այդ պատմության համեմատ՝ ֆիլմը ոչինչ է։ Արմատապես փոխված էր ամբողջ պատմությունը, սկիզբը, ընթացքը, ավարտն էլ հետը: Ախր, գրքում ամեն ինչն այնքան փառահեղ է նկարագրված, այնքան փառահեղ զարգացում ու հանգուցալուծում ունի էդ հասարակ պատմությունը, որ ամեն նախադասության հետ չես կարողանում հետաքրքրությունից չայրվել։ Հետո ես իմացա «Teen Wolf» սերիալի մասին։ Եթե դու կարծում ես, որ այդ մարդագայլերի մասին սերիալը հիմարություն է կամ էժանագին կրկնօրինակ, ուրեմն մենք իսկապես խոսելու բան չունենք։ Գիտեմ, առաջին սեզոնում էկրանիզացիան այնքան էլ լավը չէ, բայց սցենարն իսկապես փառահեղ է (նայողները հերքել չեն կարող)։ Ամեն-ամեն ինչ այնքան մանրակրկիտ է մտածված, այնքան հետաքրքիր, որ դու էլ ավտոմատաբար նրանց կյանքի մեջ ես ներգրավվում, դե, կամ էլ քեզ այդպես ես զգում։ Գիտե՞ք՝ այդ սերիալն ինչն է յուրահատուկ դարձնում. գլխավոր հերոսներն անչափ համախմբված են, իրարից գաղտնիքներ չեն թաքցում, տեղեկացված են լինում ամեն մեկի զգացածի ու տեսածի մասին, հավատում են միմյանց:

Մյուս սերիալը, որ նայեցի՝ «Ռիվերդեյլ»-ն էր՝ հրաշալի դետեկտիվ ու թրիլլեր, մինչև վերջին սերիան չեք կարող կռահել, թե ով է մարդասպանը, ու ինքը՝ սերիալը, շա՜տ հետաքրքիր ընթացք ունի։ Նայեք, չեք փոշմանի։

Ֆիլմեր էլ եմ շատ նայել, բայց դժվար թե բոլորի անուններն էլ հիշեմ։ Կառանձնացնեմ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «Երկրաշարժ» ֆիլմերը, որոնք մեկը մյուսից լավն են, ու ի դեպ՝ իրական պատմությունների վրա հիմնված։ Երկրորդը մեր Սպիտակի երկրաշարժի մասին է, եթե չեք նայել, նայեք անպայման, դրանից հզոր ֆիլմ երևի չկարողանամ առաջարկել: «Տիտանիկը» նայեցի այս տարի առաջին անգամ ու խոստովանում եմ՝ մի կուշտ լացել եմ։ Գիտե՞ք՝ ինչի են մարդիկ լացում դրամատիկ ֆիլմ նայելիս, երբ ինչ-որ մի հերոս մահանում է, որովհետև նրանք կապվում են դերասանների, կերպարների հետ, ունենում նույն հոգեվիճակը, ինչ ֆիլմի հերոսները, այլ ոչ թե՝ որովհետև «ղզիկ» են։ Լավ, դրա մասին, որ սկսեմ խոսել, չեմ կարողանա վերջացնել, մի օր կանդրադառնամ։ «Տիտանիկը» նայելուց հետո սկսեցի նայել Լեոնարդո Դի Կապրիոյի բոլոր ֆիլմերը՝ սկսած 1991թ.-ի ֆիլմերից, երբ նա դեռ երեխա էր, բայց, դե նույնքան գրավիչ, որքան 1995 թ.-ին էր, և որքան հիմա է։ Գրքերը մնացին հետևում։

Միայն մի բանի համար եմ ափսոսում. մի քանի սերիալ էլ էի պլանավորել նայել, բայց չհասցրի, մի քանիսն էլ ուղղակի կիսատ եմ թողել։ Մյուս տարի անպայման կավարտեմ ու կկիսվեմ տպավորություններով։

Հ. Գ. Ասում են՝ ամենաարագ սերիալ նայողն եմ. մի օրում՝ 2 սեզոն, հա ի՞նչ է եղել, որ։

Anna Andreasyan

17 առանց «-+»-ի

Արդեն երկու ամիս է անցել, ինչ Ամերիկայում եմ։ Չէի գրում, որովհետև զբաղված էի շատ։ Բայց, ամենայն անկեղծությամբ, անհամբեր սպասում էի, երբ կկարողանամ գրել։ Երբ շատ ասելիք ունես, և դա կուտակվում է առանց արտահայտվելու, մի տեսակ գրելը դարձել է անհրաժեշտություն՝ թեթև ու հանգիստ, բավարարված զգալու համար։ Եվ իհարկե, ինչքան էլ զբաղված լինեմ, չեմ կարող չգրել 17 տարեկան դառնալուս մասին։ 1 տարի 17 առանց «-+»-ի…

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը 16 դարձա (դե, տրամաբանական է, չէ՞) ու նույնիսկ պատկերացում չունեի, որ մեկ տարի հետո լինելու եմ այստեղ։ Այնքան անսովոր է շնորհավորանքներ ստանալ ընտանիքի անդամներից Ֆեյսբուքով և ոչ դեմ առ դեմ կանգնած։ Մյուս կողմից՝ շնորհավորանքներ ես ստանում ամերիկյան ընտանիքիդ անդամներից՝ դեմ առ դեմ։

Գիտե՞ս, ինչն է հետաքրքիր: Երբեք այսքան շատ շնորհավորանքներ չէի ստացել ծննդյանս օրը, որքան այս տարի։ էլ ի՞նչ կա դրանից ավելի հաճելի՝ զգալ, որ սիրված ես ընկերներիդ ու մտերիմներիդ կողմից։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ պետք է իրարից հեռանան տարածության առումով, որ հասկանան, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ, հասկանան, թե ինչքան կապված են ընկերների ու մտերիմների հետ։

Լավ, հերիք փիլիսոփայեմ։ Մի քիչ համառոտ պատմեմ՝ ինչպես եմ և ինչ եմ անում։ Արդեն հարմարվել եմ ամերիկյան կյանքին ու զգում եմ, թե ինչպես են շատ բաներ դառնում սովորական, մինչ առաջ շատ անսովոր էին։ Արդեն չեմ զարմանում, երբ չիպսը, մրգերը սեղանին են լինում ընթրիքի ժամին ու նման բաներ։ Երկու երկրներ աշխարհի երկու ծայրերից, նրանցից յուրաքանչյուրի մշակույթը զարգացել է յուրովի, այնքան տարբեր, միևնույն ժամանակ, որոշ նմանություններով։ Բայց մի բան հաստատ է, որ ինչքան էլ տարբեր լինենք, մեզ կապում է մի շատ կարևոր բան. մենք բոլորս երկիր մոլորակի բնակիչներն ենք՝ մարդիկ, և ունենք նույն զգացումները։

Հ․Գ․ Դե ինչ, ծնունդս շնորհավոր։ Սպասեք նոր հոդվածներիս։

milena araqelyan

Մի անգամ՝ Մարքեթինգի ավտոբուսով

Սեպտեմբերի 16: 16 օր էր անցել իմ ուսանողական արկածաշատ կյանքից: Չնայած այն փաստին, որ դժվարությամբ էի գտնում կանգառները, ճանապարհները, համալսարանը, ամեն բան հիանալի էր:

Ինչու՞ շեշտեցի սեպտեմբերի 16-ը: Հենց այս օրը մենք գտանք մեզ Մարքեթինգի ավտոբուսում: Գնում էինք արշավի. Գոշավանք, Հաղարծին ու ամենահիշարժանը՝ Սևան: Հարմար տեղավորվեցինք հիշողություններ կերտող ավտոբուսում:

Ասում են չէ՞, որ մարդկանց կարողանում ես լավ ճանաչել հենց ճանապարհներին: Մինչև ճանապարհ չանցնեի Լիլիթի հետ, չէի իմանա, որ նրա ականջակալներում ևս Creep-ը իր տեղն ունի, որ Արևը ամենահանգիստ ձայնով կարողանում է արտասանել «Մարգարիտն ու փրփուրը», որ Տաթևը ևս սիրում է ազգագրական պարեր, որ Մարինեն (մեր ֆակուլտետի ՈւԽ-ի նախագահը) ահռելի մեծ էներգիայով մարդ է, կարողանում է ոգևորել բոլորիս իր մի ժպիտով, որ Մարիաննան հրաշալի ձայն ունի և որ նրա հետ All of me երգելը ամենա-ամենան էր մեր ավտոբուսում:

Եթե բոլորի մասին գրեմ, միտքս շատ կերկարի: Ուղղակի ուզում եմ ասել, որ նոր մարդկանց բացահայտելը սիրուն երևույթ է: Մեր արշավը օգնեց ճանաչել ոչ միայն Հայաստանը, այլև ինքներս մեզ ու մեր ընկերներին: Լավ է, որ միասին հիշելու բան ունենք:

Հուսով եմ` ուսանողական կյանքը ավելի ու ավելի է հետաքրքրանալու: Պարզապես փորձեք ձեր տեղը գտնել նոր մարդկանց հիշողություններում: