Կիրակնօրյա ընթերցանություն խորագրի արխիվներ

Anush abrahamyan

Արտաշխարհային

Ինչ-որ կարմիր ծայրով վրձնի հաջողվում է ամեն բան նկարել անթերի, թեթև ու եթերային: Իհարկե, այդ վրձինը եթերային է նկարել նաև մեկին, ով կլրացնի այդ պատկերը ու առանց տրտնջալու կապրի այնտեղ, որտեղ բացի պատկերներից, ապրում է նաև երաժշտությունը: Երաժշտությունը ստեղծում է մի գանգրահեր մանուկ: Այդ վրձինը՝ իրեն թաթախելով կապույտի ու սպիտակի մեջ, անզուսպ ու ճկուն քսվել է երկնակամարին: Նրա սպիտակ ներկված թելերից առաջացել են բամբակե ամպեր, որոնք պարփակում են նրան ու մանկանը, հանգիստ օրորվում երազներից առաջացած ժպիտների վրա: Նրա կողքով անցնող երամները բույր են բերում կտուցներին առած: Մի հավերժություն է ապրել այդտեղ ամպի ոգին, բայց միշտ սիրտը թրթռում է, երբ մանուկը փորձում է նվագել նորը՝ ավելի վեհը: Նա երբեք չի տրտնջացել ձանձույթից, որովհետև այնտեղ՝ ամպերի մեջ, ամեն ինչ տարբեր է, ամեն ակնթարթ իր սրտով է…  

Նա հենվել է հաստաբուն մի ծառի, զգում է հողը իր ոտքերի տակ, զգում է հողի ջերմությունը և բերրիությունը, նրա շուրջ հազարավոր ծառեր իրենց՝ հողի կուրծքը խրված արմատներով, միլիոնավոր տարիներ եղել են այդտեղ, լսել քարերի ձայնը ու ավազահատիկների ճչոցը, երբ քամին իրենց իր բերանն է առել: Նրանք հազարավոր տարիներ եղել են երազող հայացների ավետյաց երկիր՝ աճել են ուժ ու զորություն տալով բնության կանաչ ոգուն: Նա ամենուր էր. թե՛ անտառներին շարունակող անապատների ավազահատիկների թպրտացող սրտերում, թե՛ հեռավոր ժայռերի ծերպերում աճած բույսի կողքին, թե՛ ամենաբարձրում: Սլանում է անսահման հեռուն, միևնույնը զգում է հողը, իր կանաչը, ինքն իրեն: Դրա համար երբեք չէր ծերանում բնությունը ու հավերժական էր իր կանաչ սաղարթներով: Նա բնության կանաչ ոգին էր:

Մեկը անթեղել է ներդաշնակությունը սիրո հետ ու մի լավ թրջել` պահելով ծովում: Նա կամքից անկախ, տարածում էր թևերը ու հանգիստ քսում շարժվող ջրիմուռներին, չէ որ զգում է ջուրը իր մեջ: Հաճելիորեն սահեցնում էր հայացքը ջրում, ողջ ուժով խրված արևի վրայով, որը չէր հանգել: Նրա շողերը անցնում էին մամռակալած նավի պատուհանների միջով, հասնում ձկների քարայրներ ու, մտնելով ձկների պարզ աչքերի մեջ, կորչում: Միլիոնավոր անգամներ է լողացել դեպի արևը, հասել այնտեղ ու հոգում անբացատրելի զգացումներ ներարկելով հետ եկել: Ինչքան բան է արել ծովը նրա համար, որքան հաճախ է կուլ տվել աստղերին ու տարել իր կապույտ խորքերը: Ծովը անսահման է, ծովը ապրեցնող է: Նրա մեջ քնելու էին գալիս լուսինը, արդարությունը ու ազնվությունը: Ի վերջո, ծովի մեջ էր արևը, ծովի մեջ էր նա, ում համար ձկները մարգարիտներ էին բերում, իսկ ջրային մյուս կենդանիները իրենց ներկայությամբ լրացնում էին այդ թաց ու երջանիկ պատկերը: Այնտեղ էր ապրում ներդաշնակության ոգին…

Դարեր ապրեցին այդ ոգիները, դարեր կուլ տվեցին առանց վախի ու կարոտի: Յուրաքանչյուրը իր մեջ ապրեց հազարներ: Բայց, մի ակնթարթի սկիզբը դարձավ ավարտ: Հսկայական ծովը ցնդեց ու ընկավ մի հսկայական գնդի խոր ու այրվող վերքերի մեջ, նրա բնակիչների կեսը մեռան ու անհետացան, այդ թվում նաև այն ոգին, ով դեպի արևն էր լողում ու հանդարտեցնում էր ջուրը: Ծառերը, ժայռերը ու անապատները դղրդյունով ընկան գնդի երեսին, ծառերը սկսեցին ծերանալ ու ոչնչանալ, անապատները վերածվեցին անպետքության, ժայռերը համրացան` կորել էր բնության կանաչ ոգին: Երկինքն էլ ընկավ` հազիվ կախվելով հեռավոր մի երազի բարակ թելից, ու ցավից գալարվելով, փաթաթվեց գնդին: Գանգրահեր մանուկը հազիվ նստեց մի փոքր ամպի ու նվագեց, բայց ոչ մեկը չէր լսում նրա երաժշտությունը, այն հալվում էր ու սահելով ընկնում ջուրը, որտեղ էլ կորչում էր: Նրան չէին լսում, որովհետև չկար այն ոգին, որ անզուսպ հիացմունքից վեր կթռչեր ու կգրկեր մանկանը:

Երեք աշխարհների բախումից առաջացած քաոսը շատ ժամանակ անց միայն փոքր ինչ հանդարտվեց: Ծովը տարածվեց հողի կրծքի մեջ, հողը ձեռքը պարզեց դեպի երկինք: Երեք ոգիների բախումից առաջացած քաոսը չի հանդարտվում, նրանք չեն կարողանում ընտելանալ, նրանք բանտարկված են մի հողածին մարմնում: Նրանք չեն ընտելանում, ձգտում են իրենց աշխարհներ, պայքարում են իրենց դարերի համար:

Ես վերցրի իմ կարմիր ծայրով վրձինը, թաթախեցի այն կապույտի ու սպիտակի մեջ, երկար ժամանակ ժպտացի` նայելով սեղանիս դրված հրեշտակին, ով նվագում էր ջութակով: Հետո արագ վրձինը մոտեցրի թղթին: Զգում եմ, չեմ կարողանա նկարել, մի բան ինձ չի թողնում: Ախր, հասկանում եմ, որ բացի բանտարկված ոգուց, ոչ մեկը չի կարողանա հանդարտեցնել փոթորկված ծովին, որը զայրույթից կուլ է տալիս ամեն բան, ոչ մեկը, բացի նրանից, չի կարողանա գտնել ծովի սիրտը: Գիտեմ, որ բացի ամպերում ապրող ոգուց, ոչ մեկը չի կարողանա կանգնեցնել գանգրահեր մանկան լացը, ոչ մեկն այլևս չի կարողանա մխիթարել ծեր ծառերին ու վախեցած ավազահատիկներին, ոչ մեկն այլևս չի լսի համրացած ժայռի երգը: Գիտե՞ք, սիրելինե՛րս, գիտեմ նաև, որ ոչ մեկը չի կարողանա ազատել այդ ոգիներին, բացի ինձնից, ինձնից, որովհետև նրանք իմ մեջ են բանտվել…

Ani Ghulinyan

Կյանքը հիասքանչ է

Պատերազմների մասին երբեք չենք կարող պատկերացում կազմել դրանց մասին ֆիլմեր դիտելով, կամ պատմություններ լսելով: Թերևս միայն կարդալով, որովհետև կարդալիս ամեն մարդ յուրովի է իր մտքում պատկերացնում այն գուցե ավելի լավ, քան կարող է պատկերացնել որևէ ռեժիսոր: Մինչև վերջերս մտածում էի, որ Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող լավագույն գիրքը «Աննա Ֆրանկի օրագիրն»է, որովհետև այն հիմնված է իրական փաստերի վրա, ու չունի հեղինակ, հեղինակը հենց ինքը` տասներկուամյա Աննա Ֆրանկն է: Շատ լավ գիրք է, անպայման ազատ ժամանակ ընթերցեք: Բայց դրա մասին չեմ ուզում խոսել, այլ նույն պատերազմի մասին պատմող մեկ այլ, Ռեմարկի` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքի: Այն պատմություն է պատերազմի վերաբերյալ, բայց եթե խորը մտածենք, դրա հետ այդքան էլ կապ չունի: Պատմություն է մի մարդու մասին, որին Աստված սիրում էր, բախտն էլ երես չէր թեքում: Բայց երբ գեթ մեկ վայրկյանով ճակատգիրը նրան հանձնեց կյանքոմ լուրջ որոշում կայացնելու իրավունքը, նա սխալվեց ու … Լավ, էլ չբացեմ փակագծերը, գուցե մեկը որոշի կարդալ: Գրքի առաջին էջերը կարդալուց հետո հօդս կցնդեն պատերազմի մասին ձեր բոլոր իմացած բաները: Ըստ իմ ընկալման, պատերազմը բթացնում է մարդու բոլոր զգացմունքները` իրավունք չտալով նրան ոչ կարգին տխրել, ոչ էլ լիարժեք երջանիկ լինել, այն մարդկանց պահում է մի անորոշ վիճակում` կյանքի ու մահվան արանքում: Բայց մեր հերոսը կարողանում էր պատերազմի թոհուբոհի մեջ կախվել երջանկության փոքրիկ, հազիվ երևացող թելից ու մի երկու շաբաթում հասցնում է սիրել, սիրվել, ամուսնանալ: Ախր, շատ բան կա գրելու ֆյուրերի, սիրո, հրեաների, ռազմաճակատի մասին, բայց վախենամ, հետագայում գիրքը կարդացողները ինձ չներեն այդպիսի բացահայտումներ անելու համար:
Մեզ եղած-չեղածը երկու շաբաթվա արձակուրդ են տվել (Գրեբերին էլ էին նույնքան տվել): Դե ասենք, մի երեք օր Նոր տարվա նախապատրաստական աշխատանքներին, չորս օր էլ հյուրեր կգան-կգնան, վերջում ահագին ժամանակ է մնում: Կարելի է Ամանորից հետո, չորացած թխվածքները ու փչացող աղցանները ուտելուն զուգահեռ այս գիրքը կարդալ: Հաստատ կհասցնեք, դեռ առաջին էջը չթերթած, վերջին կհասնեք:

Հ.Գ. Համացանցից կամ ծանոթների, մեկ-մեկ հետաքրքիր մեջբերումներ եք լսում ու չեք էլ մտածում, որ այն հենց այս գրքից է: Օրինակ` «Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր անմեղ են», «Ատելությունը անզգույշ է դարձնում մարդուն», «Զգուշությունն ավելի լավ է, քան ուշացած զղջումը», և այլն:

anahit ghazakhecyan

Փազլ

Իմ բոլոր նախորդ կյանքերում

ես փնտրել եմ քեզ,

երբ եղել եմ

առաջին հոմո սափիենսը,

ծառ,

ծովի ավազ,

Ասորեստանի արքայադուստրը,

Բաբելոնյան աշտարակը,

Հեթանոս աստվածություն,

երբ եղել եմ

զոհ,

հետո՝ զոհասեղան,

կրակապաշտ,

քրիստոնյա,

ագնոստիկ

ու աթեիստ,

երբ սուրճ եմ խմել Կանտի հետ,

ես հոլանդական դաշտերի

արևածաղիկներից էի,

ու Հեմինգուեյի կատուներից մեկը,

ես հիմնադրել եմ

Երրորդ ռեյխը,

ծրագրել Թեհրանի

մահափորձը,

սկսել Բեռլինի պատի

կառուցումը,

ներկա գտնվել Բիթլզի համերգին,

Կրակել Ջոն Լենոնի վրա,

ես եղել եմ այն գետը,

որտեղ խեղդվեց Բաքլին,

Ես Մերկուրիի

դաշնամուրն էի.

բոլոր կյանքերից

ես հավաքել եմ քեզ

ու հասցրել իմ օրեր.

ես մաս առ մաս գտել եմ քեզ

նախորդ կյանքերիցս,

երբ դու դեռ քարանձավաբնակ էիր,

կանաչավուն տերև,

ծով,

Մարաստանի թագավոր,

նորաստեղծ լեզու,

գերագույն աստվածություն,

երբ քեզ տաճարներ են նվիրել

ու մատուցել զոհեր,

երբ դու եղել ես մոգ,

բուդդայական,

աստվածամերժ

ու բողոքական,

երբ թեյ ես պատրաստել Նիցշեի հիվանդասենյակում,

երբ դու Վան Գոգն էիր,

Հեմինգուեյի զինակիցը,

որ հերթով գրկել է նրա կատուներին,

դու կապիտալիզմի սկիզբն ես,

համակենտրոնացման ճամբարի հրեաներից,

դու մեկն ես Բեռլինի պատի քանդողներից,

իմ ձեռքի ատրճանակը,

Ջեֆֆ Բաքլին,

Ֆրեդի Մերկուրիի մատները.

մենք կտոր-կտոր հավաքվել

ու հասել ենք այսօրին:

չգիտեմ՝

գտե՞լ ենք իրար,

թե պակասող կտորներից ենք:

mane antonyan

Մենք միշտ սիրել ենք տարբերվել

Նա երջանիկ էր, երբ նկարում էր, ես էլ երջանիկ էի, երբ նա երջանիկ էր:

Նայում էի նրան ու միշտ ուզում էի ժպտալ: Նա այնքան հետաքրքիր ու յուրահատուկ էր. ուրախանում էր երեխայի նման ու երեխայի նման էլ ժպտում էր: Նրան, ինչպես էլ երեխային, կարելի էր երջանկացնել անգամ ամենափոքր նվերով: Ես կնվիրեի նրան ամեն ինչ, ինչ որ ունեի, միայն թե նա միշտ ժպտար:

Ես գիտեի, որ հասարակության կարծիքը նրա համար ոչինչ չարժեր: Ինձ դուր էր գալիս նրա վերաբերմունքը դեպի հասարակությունը։

Նա ինձ հետ էր, ու ես առաջին անգամ զգում էի, որ իմ տունը, իմ այգին աշխարհի ամենահաճելի ու ամենագեղեցիկ վայրերն են աշխարհում:

Մենակությունը, իր ամբողջ դառնությամբ պատել էր տանս պատերը, իսկ նա ազատեց ինձ մենակ մնալու իմ վախերից: Իմ տան օդն իսկ պատմում էր իմ երջանիկ շնչառության մասին: Ես մենակ չէի. ես ունեի ընկեր, զրուցակից, պաշտպան, ու քիչ ավելին, քան կարող էի պատկերացնել: Ես ինքս էլ չհասկացա, թե ինչպես նա դարձավ ինձ համար այդքան կարևոր:

Նա շատ էր սիրում ուշադրություն՝ ինձ նման էր: Ես էլ էի սիրում, երբ իմ մասին հոգ էին տանում:

Նրա հետ ես ինձ ուժեղ էի զգում: Ու ինձ թվում էր, թե ամեն ինչ կարող եմ անել: Նրա հետ ես կարող էի թռչել բարձր ու չվախենալ ընկնելուց։

Նա ուրիշ էր… Դուք չեք պատկերացնի, թե ինչ երջանկություն էր նրա նման հավատարիմ ընկեր ունենալը:

Նա ուրիշ չէր, է… Նա ամեն ինչ էր: Նրա հետ հնարավոր էր դառնում անհնարինը, բայց մի օր դարձավ երազանք։

Ամեն ինչ էլ իր ավարտն ունի: Վերջացավ նաև մեր հեքիաթը ու, ի տարբերություն մնացած հեքիաթների, նա չունեցավ սպասված «հեփի էնդ»-ը, որովհետև մենք միշտ սիրել ենք տարբերվել:

Anahit Ghazakhetsyan

Փոփոխության դիմանկարը

«Չնեղվես, էլի կհանդիպենք»-ը կյանքի մի շրջանում աշխարհի ամենակարևոր, ամենատաք, ամենասպասված ու ամենապետքական արտահայտությունն է, մանավանդ, երբ ասում է նա, ում հետ չհանդիպելը ամենաշատ նեղվելու առիթն է տալու:

Որ հանկարծ թեկուզ մտքիս ծայրով փոփոխություն բառն ա անցնում,  միանգամից գամվում ես ուղեղիս աջ կիսագնդին: Չնայած քո մասին ես ձախով էլ եմ մտածում: Այ, հիմա գրում եմ փոփոխության մասին, որն արդեն քո հոմանիշն ա:

…Գիտե՞ս՝  ես նկատել եմ՝ էն մարդիկ, ում առաջին հայացքից, խոսքից, ժեստից չենք հավանում, ամենասիրելիներն են դառնում:

Փոփոխությունները իրենց գցում են մեր նեղ-նեղլիկ կյանք՝ սիրած երգը, հայացքը, աչքերի գույնը փոխելու, նոր կետից ինչ-որ բանին առաջին անգամ նայելու, ինչ-որ բան առաջին անգամ ցույց տալու համար, իսկ էդ մեզ մեկ-մեկ շատ ա պետք: Դե, որովհետև լճանում ենք: Դե, դրանից վատ բան մեկ էլ նորից չհանդիպելն ա:

Երեք գդալ շաքարավազի պես լցվեցիր կյանքիս անհամացած թեյի մեջ:

Սառը անձրևից հետո, որ ուսիդ բրդյա, տաք ժակետ են գցում, այ, դու էդ ժակետն ես:

Դու ոնց որ մի բաժակ սառը ջուր լինես: Էն ջուրը, որ ի վերջո հասցնում են  ծարավից մեռնողին:

Ասենք՝ իմ ամենասիրած կանաչ, թթու խնձորն ես:

Դու Բրելի  «Մի՛ լքիր դու ինձ» կոչն ես ու Սքորփիոնսի  «Դեռևս սիրում եմ քեզ»-ը՝ ընկալածս բոլոր տողատակերով:

Դու էն նամակն ես, որ սոսնձում են օրագրում՝  երբեք չկորցնելուն հավատալով:

Դու ականջակալներումս գնացող-եկող ջազն ես՝ ազատ, անսահման, խորը, ուրիշներից չընկալելի:

Դու պայքար ես, ընդդիմություն, կարծրատիպ ու կարծրատիպային կարծիք կոտրող:

Այ, կյանքում կմտածեի՞ր, որ կդառնաս կախվածության մարմինը, ամենաիրական մարմնացում:

Դու փո-փո-խութ-յունն ես՝ թարգմանած աշխարհի բոլոր լեզուներով: Էն ամենը՝ ինչից սկիզբ է առնում նորը, իմը ու քոնը: Այսինքն, դու էս տողերն ես, նաև գրիչիս թանաքը, անգամ ձեռագիրս:

Դու էն վերջին գրկախառնությունն ես, որ խեղդում ա ու խեղդվում ա տխրությունից:

Վերջերս գրել էի, որ հեռացումը նոր վերադարձ է ենթադրում, դրա համար էլ չեմ նեղվելու:

Փորձելու եմ չնեղվել:

Դեռ:

Մինչ նոր հանդիպում ու երբեք հաջողություն:

Գրկում եմ ոնց որ միշտ:

svetlana davtyan

Ես քո կատվիկն եմ, իսկ դու` իմ տերը

Ամպրոպին հաջորդած տեղատարափ անձրևի  անխնա հարվածներից կծկված փոքրիկ, անօգնական կատվիկը, քարշ տալով վիրավոր ոտքը, մի կերպ կարողացավ պատսպարվել մոտակա տան անկյունում…

Չէր հասցրել  վայելել չոր ու տաքուկ անկյունում գտնվելու երանությունը, երբ ոտնաձայներ լսեց: Անկյունում  հայտնված աղջիկը նկատեց փոքրիկ կատվիկին, մոտեցավ և կարկամեց: Կատվիկի աչքերը սարսափ էին արտահայտում: Հավանաբար նախկին տիրոջ կողմից  ծեծված ու հալածված լինելն էր ստիպում նրան մարդկանց դիտել իբրև դաժան ու անխիղճ արարածների: Կատվիկը նույնիսկ հրաժարվեց աղջկա առաջարկած կոնֆետից՝ ավելի խորանալով իր թաքստոցի մեջ: Աղջկան դժվարությամբ հաջողվեց ցրտից դողացող փոքրիկին գիրկն առնել: Գուրգուրելով կենդանուն՝ աստիճաններով վեր բարձրացավ և տան շեմին, ծնողների հարցական հայացքներին ի պատասխան խնդրեց՝ հավատացնելով, որ ամենօրյա խնամքն ու հոգատարությունն իր պարտականություններից մեկն է լինելու: Ընտանիքի անդամները, ծանոթ լինելով իրենց դստեր հաստատակամությանը, չհակառակվեցին: Ուշադիր զննեցին կենդանու վնասված ոտքը, մշակեցին վերքը, վիրակապեցին և մի փոքրիկ, հարմարավետ անկյուն տրամադրեցին: Բելլան (ինչպես անվանեցին կատվին) երևի կյանքում առաջին անգամ քնեց հանգիստ, ապահով ու տաքուկ պայմաններում: Կատվի մուտքն ընտանիք ավելի հետաքրքիր դարձրեց աղջկա կյանքը: Հիմա նա պատասխանատու է Բելլայի համար, ուրեմն մեծ է արդեն:

Թող մեր կողքին, մեր քաղաքում ապրող այս աղջիկը օրինակ լինի բոլորի համար, ովքեր դաժանաբար են վարվում կենդանիների հետ, քարկոծում կամ փողոց են շպրտում՝ առանց հաշվի առնելու, որ նրանք ևս շնչավոր էակներ են, կարոտ` խնամքի և ջերմության:

Լուսանկարը՝ Արմինե Սահակյանի

Իրարանցում

Անձրևի ձայնն է։ Ծիրանենիների տերևներն էլ քամուց են խշխշում։ Այգում իրարանցում է։ Փոթորիկը նստարաններն այս ու այն կողմ է շպրտում, հորդ անձրևն էլ կատաղած շառաչում է։ Իսկ ինձ այդ իրարանցումից պատուհանն է բաժանում՝ իրարանցում, որը ես չեմ տեսնում։ Դրսում մութ է, գիշեր է՝ անաստղազարդ ու կատաղի մի գիշեր։ Տան լույսերն անջատել եմ։ Ոչինչ ու ոչ ոքի տեսնել չեմ ուզում, լսել էլ չեմ ուզում, բայց դրսի իրարանցման ձայնը ո՞նց կտրեմ։ Նստած եմ պատուհանագոգին ու նայում եմ։ Չգիտեմ էլ, թե ուր եմ նայում․ իրարանցման մեջ ինձ եմ փնտրում գուցե։

Մութ է։ Այնքան մութ է դրսում ու ներսում, որ թվում է, թե ոչինչ չպիտի երևա։ Ես եմ այդպես ուզում, ուզում եմ ոչինչ չտեսնել։ Սովորաբար այդպես է չէ՞․ երբ մտնում ես մութ սենյակ, ոչինչ չես տեսնում, չես կարողանում գտնել քեզ անհրաժեշտ իրը։ Իսկ ինչո՞ւ եմ հիմա ես տեսնում ամեն ինչ։ Տեսնում եմ, թե ինչպես է նստարանը հարվածում շան փոքրիկ տնակին։ Փակում եմ աչքերս ու տեսնում անձրևի կաթիլները, զգում եմ, թե ինչպես են դողում տերևները ցրտից։ Ինչո՞ւ եմ տեսնում։ Ինչո՞ւ եմ զգում ցավը, որը լռեցնելու համար անջատել եմ լույսերը, փակել դռներն ու պատուհանները։

Այսօր ցավ կա մթության մեջ․ տերևների, նստարանների, ամբողջ այգու ցավն ու իմը։ Մթության մեջ մոռացում չկա, փախուստ ու սփոփանք էլ չկա։ Իրարանցումից, փոթորիկից, վարար անձրևի սրբող, տանող կաթիլներից ու այգու ցավից ինձ մի բարակ ապակի է բաժանում։ Ձեռքիս թեյ չկա։ Ես միշտ թեյ եմ խմում, որ տաքանամ, որ հոգիս տաքանա գոնե մի քիչ։ Այսօր չկա, չեմ վերցրել։ Այսօր սառնությունն օվկիանոս է, իսկ թեյի տված չնչին տաքությունը ոչինչ չի փոխի։ Թեյ չկա՛ ու այսօր տրվել եմ ես սառնությանը, նստել պատուհանագոգին ու լսում եմ, տեսնում աղմուկը, այգու պայքարը, որից բաժանում է ինձ նույնքան սառը մի պատուհան, ընդամենը մի ապակի։ Չգիտեմ էլ՝ արդյոք բաժանում է, թե ձուլում այդ պայքարին։ Ես տեսնում եմ։ Ընկնող տերևները չեմ տեսնում, չէ՛, նրանց վար գցող սառնությունն եմ տեսնում աչքերս փակելիս։ Ինչո՞ւ եմ տեսնում, եթե ապակին բաժանում է ինձ այդ ցրտից։ Կայծակ չկա՛, ոչ էլ ամպրոպ կա դրսում։ Գոռոց չկա, կա միայն ցավով լի սառնություն, ատելությանը ձուլված անձրև։ Բայց ես տեսնում եմ, ես գիտեմ, որ ծիրանենու ամենաբարձր ճյուղի տերևը ամենաշատն է մրսում ու ամենաշատը վախենում մեռնելուց, ցած ընկնելուց։ Ես զգում եմ։ Ինչո՞ւ եմ զգում, տերևի ցավն ինչո՞ւ է հոգիս քանդում։

Ապակին է բաժանում ինձ հոգուս քաոսից։ Բայց մի՞թե հոգեկան քաոսից նյութեղեն պատուհանը կարող է պաշտպանել, պատսպարել։

anahit ghazaxecyan lori

Ասելիք` ցպահանջ

Աշխարհում
էնքան ուրվական կա.
գալիս, մնում են մեջս,
քաշ չունեն,
բայց ծանրությունից քիչ ա մնում
շունչս փչեմ:

Էնքան ուրվական կա.
անտարբեր, մոխրագույն,
կանաչ հայացքով,
երեքշաբթին օրերին
թափառող:

Տատիկն ասում ա՝
շորդ հանի, մարդու վրա
ինչ-որ բան կարել չի կարելի:

Չեմ հանում:

Կարելի ա, տատ:
Ոչ թե մենակ շոր կարել, տատ,
մարդուն կարելի է
ուրվականակապ անել,
մարդուն խաբել ա կարելի, տատ,
մարդուն կարելի է միտք տալ
ու գրիչը ձեռքից վերցնել,

Տատ, մարդուց գողանալ էլ ա կարելի,
պոկել,ուզում ես հավատա, ուզում ես` չէ,
բայց սպանելն էլ ա արդարացում գտնում,

տատիկ,
կասես՝
հա՞:

Հա, կարելի ա էդ էլ, տատ.
անտեսելով,
ապրելու հենակ չտալով,
ստեղծելու հնար չթողնելով,
դե կարելի ա, տատ: Ի՞նչ կա որ:

-իրիկունը աղբ թափել չի կարելի,-

էլի կրակն ես ընկնում, տա՛տ

Ասում եմ՝ հիմա չի կարելին
կրճատվել,
սեղմվել ա մի քանի պատվիրանի,
մի քանի դիմացող օրենքի մեջ.
չ տառը տեղի ա տալիս:
տատ, մի բան ասե՞մ.

հիմա սիրել ա կարելի:

-Վա՜յ, էդ ո՞նց…ամոթ չի բա՞:

-Ամաչել չկա, տատ:

-Սիրելու համար շուտ չի՞:

-Սիրելու համար մենակ ուշ ա լինում, տատ:

Տատ, էդպես մի նայիր էլի:

-Մեր ժամանակ ուրիշ էր…

հա, տատ, ուրիշ էր:

Ատամները սրած ժամանակ էր, տատիկ,
խելքը գլխին
սիրելը մեղք էր,
դու պապիկին կարգին չես էլ ճանաչել, չէ՞:

Գիտեմ,
հիմա սիրելու ժամանակն ա,
իրար ճանաչել ու սիրելուց հետո
չսիրել էլ ա կարելի, տատ:

Բանաստեղծություններ գրել ա կարելի,
տարբեր մարդկանց մասին գրելը ներվում ա,
հիմա ուզում ենք հասկանալ
Մայակովսկու աննորմալ սերը,
ուզում ենք արվեստից չամաչել:
հիմա Մանոն Լեսկոն, կարծեմ,
դպրոցի գրադարանավարը թարս-թարս նայելով չի տալիս:

(Աշխարհում էնքան ուրվական կա-

ու ինձ մեկ-մեկ թվում ա՝

հերթով մեջս ապրել են:

Քեզ էլ ա թվում, տա՞տ:)

Տատ, այ տատ,
վերնաշապիկիս կոճակը ընկել ա,
կկարե՞ս,
ասեղը թելել եմ, տատ,
չէ,
չեմ հանելու,
շտապում եմ,
ուշանում եմ սիրելու ժամանակից, տատիկ…
ուշանում եմ, ուշանալ չի կարելի, տատ,

էդ մի բանը

չի կարելի…

sona saribekyan

Երբ հենքը սերն է

Մի օր գրադարակս էի փորփրում ու ձեռքիս տակ ընկավ մի գիրք՝ Ալ. Դյումայի «Ասկանիո»-ն, ու ես որոշեցի այն կարդալ: Գիրքը ինձ գրավեց հենց առաջին տողերից: Կարդում էի մեծ բավականությամբ, հետաքրքրությամբ ու արագ-արագ փորձելով շուտ բացահայտել մեկը մյուսի հետևից եկող ու մեկը մյուսից հետաքրքիր գաղտնիքները:

Կարդալու ընթացքում մի քանի օր շարունակ գրքի հերոսները դարձել էին իմ բարեկամները, և ինչպես վերջում երևաց, ես մեծ տխրությամբ բաժանվեցի նրանցից: Եվ որպեսզի բաժանումը ձգձգեմ, սկսեցի դանդաղորեն կարդալ վերջին մի քանի էջը:

Կցանկանայի ձեզ ծանոթացնել իմ, այսպես ասած, «բարեկամների»՝ իմ ամենասիրելի հերոս Բենվենուտո Չելլինիի, գեղեցկադեմ ու ազնիվ Ասկանիոյի, փառասեր դքսուհի դ’Էտամպի, հրեշտակային Կոլոմբայի հետ:

Բենվենուտոն ուներ արտասովոր դեմք, որ զարմանալի ուժ ու եռանդ էր արտահայտում, գրավելով նույնիսկ նրանց ուշադրությունը, ովքեր չէին ցանկանում նրան նկատել:

Նա ջլուտ, բարձրահասակ, զորեղ մի մարդ էր, մոտ քառասուն տարեկան, նուրբ արտահայտիչ դեմքով: Ազնիվ, խորաթափանց աչքերը երբեմն արքայական զայրույթի շանթեր էին արձակում՝ բարի ու ներողամիտ, բայց միաժամանակ, մի քիչ հեգնական ժպիտը և հրամայում էր, և երկյուղածություն ներշնչում: Բենվենուտոն, բացի իմաստուն մարդ լինելուց, առաջին հերթին հանճարեղ արվեստագետ էր, նկարիչ, քանդակագործ, որն այնպես վարպետորեն էր անում յուրաքանչյուր իր ստեղծագործություն, այնպես նուրբ ու բնական, որ թվում էր, թե շուտով այն կկենդանանա: Իզուր չէր, որ նրա աշխատանքներով հիանում էին մեծ թագավորները, սրբազան Պապերը, անսահման իշխանություն ունեցող կայսրերը…

Եվ այս ամենը պատահական չէ, քանզի նրա իսկական անդավաճան ու առաջին սերը համարվում էր արվեստը:

Երկար կարող եմ խոսել Բենվենուտոյի մասին, սակայն կցանկանամ մի քանի տողով ներկայացնել նաև մեր մյուս հերոսներին:

Ասկանիո: Տակավին նոր կյանք մտած մի պատանի էր, Բենվենուտոյի աշակերտը և սիրելին: Ասկանիոն չափազանց գեղեցիկ, նուրբ ու համաչափ դիմագծեր ուներ: Նայելով նրան ոչ ոք չէր կարող անտարբեր անցնել, չնայած համեստ ու մի քիչ ամաչկոտ բնավորությանը: Նա բարի էր, ազնիվ, բարեկիրթ, անկեղծ: Ինչպես Ասկանիոյի կյանքում, այնպես էլ արվեստում, շինծու ու կեղծ ոչինչ չկար:

Չմոռանանք նաև նշել, որ նա անհույս սիրահար էր: Իսկ նրա սիրեցյալը՝ Կոլոմբան, երկնագույն մեծ աչքերով, սքանչելի շեկ մազերով, սպիտակաթույր, նուրբ դեմքով, նազելի քայլվածքով, նրբագեղ շարժումներով, անբիծ ու մաքուր մի էակ էր, որը կարծես հրեշտակ լիներ երկնքից իջած:

Չմոռանանք մեր մյուս կարևոր հերոսուհուն՝ դքսուհի դ’Էտամպին: Նա աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ ու շքեղությամբ, ուժեղ, հախուռն ու փառասեր բնավորությամբ:

Դքսուհու դեպքում յուրաքանչյուր նպատակի իրականացման համար արդարացված էին բոլոր միջոցները: Նա խելացի, նպատակասլաց ու հնարամիտ էր: Ընթերցողին հայտնենք, որ նա էլ իր հերթին սիրում էր Ասկանիոյին, ցանկանալով ամեն կերպ բաժանել նրան Կոլոմբայից և հանդիսանում էր Բենվենուտոյի ոխերիմ թշնամին:

Իհարկե, մենք ունենք նաև այլ հերոսներ, սակայն ես ցանկացա խոսել ինձ համար առանցքային ու կարևոր հերոսների մասին:

Գրքի հիմքում ընկած է սերը՝ սեր արվեստի հանդեպ (Բենվենուտոյի դեպքում), սեր փառքի հանդեպ (դ’Էտամպի դեպքում), և պարզ ու մաքուր պատանեկան սեր (Ասկանիոյի դեպքում):

Մեր այսօրվա կյանքում կցանկանայի մարդկանց մեջ ավելի շատ տեսնել Բենվենուտոյի նման արվեստագետներ, որոնք իսկական ու անմնացորդ սիրով են լցված դեպի արվեստը: Նրա նման խիզախ, վստահ ու նվիրված մարդկանց: Կցանականայի տեսնել Ասկանիոյի ու Կոլոմբայի նման գեղեցիկ, բախտավոր, անբիծ ու մաքուր երիտասարդների:

Ինչու չէ, նաև դ’Էտամպի նման մարդկանց, որոնք նպատակասլաց են ու խելացի:

Կյանքում յուրաքանչյուր տհաճ իրավիճակ կարելի է օգտագործել ի շահ մեզ և մեզ շրջապատող մարդկանց ավելի լավ հասկանալու: Եվ միայն մենք ենք որոշում. Կոնկրետ որևէ իրավիճակում մենք կլինե՞նք հաղթող, թե՞ պարտվող:

emanina

Ազնվազարմ մուրացկանը

Իսկ ես ամեն ինչ լցրեցի մեջս և պատասխանեցի` «լավ», քանի որ ես արդեն փորձառու դիվանագետ եմ և կարող եմ ուրիշ երկրում լիակատար պաշտպանել իմ շահերը: Ես գիտեի, որ ցավոտ կլինի, բայց չէի ուզում ցավեցնել:

Ամեն ինչից մի կողմ քաշվեցի ու գրեցի, գրեցի շատ տարբեր բաների մասին, շատ երկար ու անհասկանալի տողերով գրեցի, ահավոր դժվար և անգամ իմ կողմից զարմանալի, ամեն բառից հետո վիրավորանք գրելով քննադատեցի ամեն ինչ՝ կյանքում ամեն մի շարժում, ամեն մի ներշնչած և արտաշնչած օդ: Քննադատեցի ամեն մարդու ամեն բջիջը և բջջի գործառույթը: Շատ երկար գրեցի և արդեն ավարտում էի, երբ զգացի, որ սխալ է, պետք չի քննադատել: Քննադատելով ոչ մի արդյունքի չեմ հասնի, ոչ ոք չի ցանկանա քննադատածս կարդալ: Ջնջեցի բոլոր գրածս նախադասությունները, ձևի պարագաները, վերաբերականները, ձայնարկությունները, որոնք անիմաստ էին: Չթողեցի ոչ մի շաղկապ և ոչ մի ստորակետ: Սկսեցի նորից՝ առանց քննադատելու, ամեն անարժանիք արժևորելու, ու գրեցի:

Նա անկարող է, ինչպես մուրացկանը, երբ նայում է անցորդի աչքերի մեջ` աղերսելով գումար, իսկ ոչ մի անցորդի գրպանում գումար չկա, որ փոխանցի նրա սառը և կոշտ ձեռքերի մեջ: Բանն այն է, որ նրան գումար պետք չի, անգամ, եթե նրան առաջարկեին միլիոններ: Ուրիշ բան է պետք նրան, որը վաղուց սպառվել է, ծախսվել, ու նույնպես թողել բոլորին սնանկ վիճակում:

Կյանքի առաջ բոլորս էլ մուրացկան ենք, մի տարբերությամբ, որ որոշները գումար են մուրում, որոշները` զգացմունքներ: Իսկ կյանքը ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում ու չի տալիս ոչինչ ու շարունակում է առաջ քայլել, իսկ մուրացկանները շարունակում են փողոցում նստել ու սպասել մի բանի, որը կփոխի ամեն ինչ: Իսկ ուրիշ մարդիկ իրենց տներում թեյ են խմում, ամեն ինչ փոխում ու նստում են սպասելու շարունակությանը:

Իսկ Քամին շարունակում է ահռելի ուժգնությամբ փչել: Սակայն Քամին էլ անզոր է մուրացկաններին քշել: Նրանք, մեկ է, շարունակում են…

Իսկ դրանք միայն քամիներ են: Հասկանալ է պետք և շարունակել ապրել:

Իսկ սուրճը արդեն եփել է: Ամեն ինչ շատ վաղուց արդեն պլանավորված էր և կարգավորված: Սպասելու ժամանակ արդեն էլ չկար: Կյանքը արդեն ամեն ինչ դասավորել էր և սպասում էր նրա միջամտություններին: Պետք էր վեր կենալ և գնալ: Հեռանալ և չվերադառնալ: Գիտեին, որ կգա ժամանակ, մեկը կասի, որ էլ այդքան ոչ ոք չի սպասի: Հերիք է, վեր կացեք: Այլևս չի թույլատրվում: Դուք մեր անկոչ և անընդունելի հյուրն եք: Բայց նրան պետք էր, որ շարունակեր նստել և երազեր կանգնելու մասին:

«Պարոն, արդեն ժամանակն է փողոցից տուն բարձրանալու: Ձեր սուրճը պատրաստ է»,- ձայն տվեցին նրան և բռնելով նրա հայացքը, ավելացրեցին. «Կարո՞ղ եմ այսօր շուտ գնալ տուն»:

Հ.Գ. Կարճ պատմություն ազնվազարմ մուրացկանի մասին: