Մանանայի արխիվից խորագրի արխիվներ

arxiv

Բարձր տրամադրություն

Մենք այսօր բարձր տրամադրություն ունենք: Իսկ դո՞ւք: Ինչ-որ բաներ տխրեցնո՞ւմ են ձեզ: Գիտե՞ք, մեզ հետ էլ են այդպիսի պահեր լինում, բայց մենք փորձում ենք հաղթահարել դժվարությունները` չկորցնելով մեր բարձր տրամադրությունը: Եկե՛ք փորձենք միասին: Կարևորը` մի՛ վհատվեք:

 Նորից միայնակ

Մի անգամ տանը մենակ էի: Դասերս վերջացրել էի, իսկ ուրիշ անելու բան չկար: Երկու ժամ հետո քույրիկս ու մայրիկս եկան տուն: Քույրս մտավ և սկսեց հարցեր տալ.

-Մա՛շ, բա ի՞նչ էիր անում, բա նայեցի՞ր «iCarly»-ն, ինչի՞ մասին էր սերիան:

Ես էլ նրան պատասխանեցի.

-Չէ՛, «iCarly»-ն չնայեցի, բայց դասերս արեցի վերջացրեցի, իսկ դու` չէ:

Քույրս տխրեց և վազեց հեռուստացույցի մոտ.

-Ըհըն, դասերդ արեցիր, իսկ «iCarly»-ն վերջացավ…

Մեկ էլ խոհանոցից լսվեց մայրիկիս ձայնը. հեռախոսով էր խոսում.

-Հա՛, ժամը ութին ձեր տանը կլինենք: Դե, գալիս ենք:

Ես ուրախացած գնացի քրոջս հաղորդեմ, որ հյուր ենք գնում, բայց մայրիկս եկավ և ասաց.

-Նե՛լ, հագնվի՛ր, գնում ենք Զառայենց տուն: Մարինա՛ ջան, իսկ դու տանը մնա, լա՞վ:

Ես տխրեցի, որ նորից մենակ եմ տանը մնալու, իսկ քույրիկս հյուր է գնալու:

Մարինա Հարությունյան, 12 տարեկան

***

Ասում էի, չէ՞

 Երբ հայոց լեզվից գրավոր էի գրում «օ-ո» ուղղագրության թեմայով, ես այդ օրը շատ ուրախ էի: Կողքիս աղջիկ կար, ով ինձ խանգարում էր, բայց չնայած դրան` ես լավ գրեցի թելադրությունը: Հաջորդ օրն ընկեր Կարապետյանը մեզ հայտնեց, որ դասարանի մեծ մասը «երկուսի» է գրել: Ես զարմացա: Երբ ուսուցչուհին կարդում էր գնահատականները, ասաց.

-Կարեն` «երկուս», Միքայել` «հինգ», Էլզա` «մեկ», Ռաֆայել` «ութ». ապրե՛ս, Ռաֆայե՛լ, շատ լավ է: Տեսե՛ք, երեխանե՛ր, Ռաֆայելն ընդամենը մեկ տարի է, որ սովորում է հայերենը, բայց գրավորը ձեզանից լավ է գրել:

Գիտեի, էլի, որ լավ եմ գրել. չէի կարող այդքան բարձր տրամադրությամբ «երկուս» ստանալ:

Ռաֆայել Բաբլոյան, 10 տարեկան

***

Հիշելով անցած-գնացածը

Իմ տրամադրությունը մանրուքներից բարձրանում է: Օրինակ, մի շատ անհաջող օր առավոտից բախտս չէր բերում: Նախ, առավոտյան քնած էի մնացել, հետո անզգույշ գտնվելու հետևանքով զարթուցիչս ջարդեցի, տանից խելագարի պես դուրս վազեցի, հասա մեր բակի աղբարկղին և նկատեցի, որ կոշիկներս չեմ հագել: Հետո, երբ կանգառում կանգնած էի, ինձ մի մուրացկան մոտեցավ և սկսեց հացի փող մուրալ: Կարծես թարս լիներ, կանգառում ես նրա հետ մենակ էի, երթուղայինս էլ ուշանում էր: «Ուռա՜, վերջապես եկավ»,- ասացի մտքումս, երբ հեռվում տեսա իմ երթուղայինը: Բայց այստեղ էլ բախտս չբերեց. երթուղայինում ազատ տեղ չկար, այն լեփ-լեցուն էր և շատ դանդաղ էր ընթանում: Մի կերպ ես էլ խցկվեցի մեջը. ուրիշ ճար չունեի, ախր, արդեն շատ էի ուշացել դպրոցից: Դեռ չէինք հասել դպրոցի կանգառին, երբ երթուղայինը փչացավ: «Համա թե բախտս չի բերում, այ քեզ բան: Հիմա հաստատ ընկեր Բաբայանը, դպրոցի մուտքի մոտ կանգնած, ուշացողների անուններն իր ցուցակի մեջ է անցկացնում»,- մտածեցի ես:

Մի կերպ վազելով հասա դպրոց: Իմ մտավախություններն արդարացան: Իմ անունը գրեցին ուշացողների ցուցակի մեջ, հետն էլ մի լավ գոռացին վրաս: Այ այսպիսի առավոտ էր: Միշտ հիշելով այդ առավոտը` դեմքիս ժպիտ է հայտնվում: Տեսնո՞ւմ եք, նույնիսկ անհաջող օրվա հիշողությունը բարձրացնում է տրամադրությունս:

Թագուշ Բաղդասարյան, 16 տարեկան

***

Բախտս բերեց

Ես պատրաստվեցի, որ գնամ դասի: Այդ օրը մենք քիմիա ունեինք, բայց ես քիմիայի տնայինները չէի կատարել, իսկ ուսուցչուհին զգուշացրել էր, որ ինձ հարցնելու է միանգամից երկու դաս և ստուգելու է տանը հանձնարարված խնդիրների լուծումները: Ռուսերենից հետո մի փոքր վախեցած և անտրամադիր բարձրացա քիմիայի կաբինետ: Արդեն պատրաստվում էի դասին, երբ ուսմասվարը մտավ և ասաց, որ քիմիա չի լինելու: Հետո հանրահաշվից և հայոց պատմությունից ստացա բարձր գնահատականներ: Կարճ ասած, այդ օրը բախտս շատ բերեց:

Նորայր Բարոյան, 13 տարեկան

***

«Իննի» հետևանքը

Հայոց պատմությունից հանձնարարված էր իմ սիրած թեման` Տիգրան Մեծի մասին: Ես օրագիրս դրեցի ուսուցչուհու սեղանին և սկսեցի դասը պատմել: Ուսուցչուհին ասաց.

-Ապրես, «ինը»: Եթե ուզում ես, կարողանում ես:

Իմ դեմքին ժպիտ հայտնվեց:

Զանգը հնչեց: Ես տուն գնացի: Երթուղայինում բոլորը դեմքիս էին նայում: Բայց ինչո՞ւ, չհասկացա պատճառը: Երբ մեր շենքի մուտքի աստիճաններով վերև էի բարձրանում, մեր հարևանը հայտնվեց դիմացս և ժպիտը դեմքին ասաց.

-Ո՞նց ես, Գևո՛րգ ջան:

-Լավ,- պատասխանեցի ես:

Մտա տուն, և մայրիկս հարցրեց.

-Ո՞նց ես: Բան ա եղե՞լ:

Երբ շրջվեցի հայելու կողմը, տեսնեմ` դեմքիս ժպիտը դեռ մնացել է: Նոր հասկացա, թե ինչու էին բոլորը դեմքիս նայում:

Գևորգ Պողոսյան, 13 տարեկան

***

Ուրախ ժամանց

Դեկտեմբեր ամիսն էր: Արդեն արձակուրդ էր: Ծնողներիս համոզում էի, որ թույլատրեն ընկերներիս կազմակերպած հավաքին գնալ: Բոլորն ինձ էին սպասում, թե երբ եմ թույլտվություն ստանալու: Ախր, շա՜տ մեծ հավաք էր կազմակերպվել, բոլորն էլ գնալու էին: Հեռախոսս այլևս ուժ չուներ` դիմադրելու զանգերին: Երկար համոզելով` վերջապես արժանացա այս խոսքերին. «Հա՛, լավ, գնա՛»: Ուրախությունից ճչացի և դուրս վազեցի: Ուղևորվում էի դեպի Կարապի լիճ: Այնտեղ ինձ դիմավորեցին ընկերներս, որոնցից շատերին առաջին անգամ էի տեսնում երկար ժամանակ ինտերնետով շփումից հետո: Մենք գնացինք Հյուսիսային պողոտա` ևս երկուսին դիմավորելու: Շատ էի կարոտել նրանցից հատկապես մեկին, և երբ տեսանք իրար, գոռալով վազեցինք և այնքան ոգևորված գրկախառնվեցինք, որ փողոցով անցնողները հրճված մեզ էին նայում: Իրար ձեռք բռնած` քայլեցինք Հանրապետության հրապարակ, այնտեղ թափառելուց և մնացածներին հանդիպելուց հետո որոշեցինք, որ պետք է Մանկական երկաթուղի գնանք: Արդեն բավականին շատ էինք` մոտ երեսուն հոգի: Տղաներից մեկն իր հեռախոսին բարձրախոս էր միացրել և անընդհատ երգեր էր փոխում: Երկար շարքով թռչկոտելով` մտանք մեր շարքից տասն անգամ երկար թունելը: Հերթական անգամ թունելի պատերն էինք նախշում, երբ հանկարծ լույսերն անջատեցին: Բոլորս ճչալով և ծիծաղելով սկսեցինք վազել դեպի թունելի մյուս ծայրը: Երբ հասանք այգի, առանձնապես ոչինչ չարեցինք. միայն երազկոտ աչքերով գնացքի ռելսերին էինք նայում: Վերադառնալիս ես և ընկերուհիներիցս մեկը նստեցինք նույն երթուղայինը: Զարմանալին այն էր, որ դեռ ոչ մեկիս էլ չէին զանգել տանից և հարցրել, թե որտեղ ենք: Երթուղայինում մի լավ չաչանակեցինք: Ընկերուհուս հետ բաժանվելուց հետո վերադարձա տուն, իսկ մայրիկս նույնիսկ մոռացել էր իմ բացակայության մասին:

Նանե Աբելյան, 15 տարեկան

***

Արժանի ներում

Մոտավորապես հինգ-վեց տարեկան էի: Իմ հեթական չարության հետևանքով նորից հայտնվեցի ննջասենյակում` փակի տակ: Դուռը երեք բանալիով վրաս չէին փակում, բայց այնքան համարձակություն չունեի, որ սենյակից դուրս գայի: Անգործությունից արդեն գժվում էի, և մի միտք ծագեց. «Նրանք բոլորն էլ վրաս բարկացած են, բայց եթե ես ինչ-որ մի լավ բան անեմ, հաստատ կներեն: Բայց ի՞նչ անեմ»: Մի քանի վայրկյան մտածելուց հետո վազեցի գրասեղանի մոտ, վերցրեցի գունավոր թղթերը և սկսեցի կտրատել: Սկզբում սլաքներ կտրատեցի, հետո` մարմին` առանձին ձեռքերով, ոտքերով և գլխով: Այնուհետև այդ թղթե մարմնին հագցրեցի քույրիկիս գիշերանոցը և դրեցի անկողնու մեջ: Շատ էի վախենում սենյակից դուրս գալ. բա որ նկատե՞ն: Բայց պետք է շարեի սլաքները հատակին` ճաշասենյակից մինչև ննջարան: Հաղթահարելով իմ մեջ այդ վախը` ի վերջո ես շարեցի այդ սլաքները և գնացի «քնելու»:

Երբ բոլոր սերիալները վերջացան, և քույրիկներս որոշեցին գալ ննջասենյակ, նրանք անմիջապես նկատեցին ուղեցույցները, որոնք տանում էին դեպի քրոջս` Նարեի մահճակալը: Մի քանի վայրկյան լռությունից հետո հնչեց քույրիկներիս բարձր ծիծաղը: Եվ ես ինձ համարեցի ներված:

Լուսինե Ալեքսանյան, 13 տարեկան

***

Տարօրինա՞կ եմ…

-Բարի լույս, մա՛մ ջան, ո՞նց ես, գիտեմ, որ լավ ես, ես էլ եմ լավ, մա՛մ, ես քեզ էնքան եմ սիրում, չես պատկերացնի:

-Հա՞յկ, էսօր ի՞նչ ա եղել հետդ:

-Իսկ դու ի՞նչ ես կարծում:

-Ինձ թվում ա` մի քիչ տարօրինակ ես քեզ պահում:

-Հը՞…,- չհասկացա ես:

-Ասում եմ` դե, էսօր ոնց որ դու չլինես:

-Գիտեմ,- ասացի,- գնամ լվացվեմ:

-Խոզանակդ չմոռանաս,- հիշեցրեց մայրս:

-Արդեն վերցրել եմ, մա՛մ ջան:

Մի քանի րոպե անց դուրս եկա լողասենյակից ու սկսեցի մրթմրթալ.

-Մա՛մ, էսօր ի՞նչ ես սարքել ուտելու:

-Վերմիշել,- հանգիստ պատասխանեց մայրս:

-Ո՜ւֆ, էլի՞ իմ ամենաչսիրած ուտելիքը,- հոգնած բացականչեցի ես:

-Հա՞յկ, ի՞նչ եղավ հետդ:

-Ի՞նչի՞:

-Մի տեսակ տարօրինակ ես:

Ու ես հասկացա. պետք է միշտ միջին տրամադրություն ունենամ, որովհետև չեմ ուզում մարդկանց մոտ տարօրինակի տպավորություն թողնել:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

***

Երկա՜ր ճամփորդություն

Երբ արտասահման էինք մեկնում, ես արագ անցա անձնագրային անցակետը: Իսկ մայրիկիս կանգնեցրեցին. պարզվեց, որ մայրիկիս նույն անուն ազգանուն հայրանունով մի կին Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է: Նրան տարան` ստուգելու: Ես նստեցի ու մտածեցի. «Ախր, եթե մայրիկիս տանեն բանտ նստեցնեն, ես ի՞նչ եմ անելու: Խեղճ մամաս բանտում հացի ու ջրի վրա է նստելու, ես էլ տանը մենակ կմնամ պապայիս հետ: Ո՞նց եմ ապրելու…»:

Վերջապես եկավ ոստիկանը, իսկ նրա հետ` մայրիկս: Ինձ թվում էր, որ մայրիկիս ձեռքերին ձեռնաշղթաներ են, բայց իրականում այդպես չէր: Պարզվել էր, որ հետախուզվող կնոջ ծննդյան օրը մայրիկիս ծննդյան օրվանից մեկ օր առաջ էր: Ես ուրախությունից թռվռում էի: Բայց իզուր, քանի որ մենք շատ հեռու էինք թռչում` ԱՄՆ, և չորս օդանավակայաններում էլ մայրիկիս ստուգեցին:

Մարիա Զաքարյան, 12 տարեկան

***

Անակնկալ

Ես ու քույրս նստած բողոքում էինք գլխացավից, երբ հանկարծ առույգացա: Տեղիցս վեր թռա և երբ ուզում էի ասել, թե ինչ եղավ ինձ հետ, դռան զանգը հնչեց:

-Լենան ա,- ասաց քույրս: (Լենան մորաքրոջս աղջիկն է):

Ես միանգամից վազեցի դռան մոտ:

-Լե՛ն, Լե՛ն, շուտ արի՛, արա՛գ, արա՛գ,- դուռը բացելով` բղավեցի ես:

-Ի՞նչ ա եղել, հանգստացի՛,- անհանգստացավ Լենան:

Ներս մտնելուն պես նա ասաց.

-Երեխե՛ք, չգիտեմ` հիշո՞ւմ եք, թե՞ չէ, բայց էսօր ձեր մամայի ու պապայի ամուսնության քսանամյակն ա:

-Լենա՛, լավ, էլի, էս կես ժամ ա` կենտրոնանում եմ, որ ասեմ, իսկ դու…,- նեղացա ես:

-Կներես, որ իմանայի` էդ ես ասելու, չէի ասի: Լավ, կարևոր չի, ավելի լավ ա` մտածեք` ի՞նչ անենք, որ ձեր մամային ուրախացնենք:

Տարբեր առաջարկներ եղան, սակայն բոլորը մերժվեցին: Եվ վերջապես.

-Մտածեցի՜,- բացականչեցի ես այնքան բարձր, որ Լենան ու Հասմիկը` քույրս, տեղից վեր թռան,- եկեք գնանք խանութ, կարմիր վարդ առնենք, շոկոլադե տորթ, որ վարդը տորթի սև ֆոնի վրա ավելի սիրուն լինի, լույսերը կանջատենք, սենյակը մութ կլինի, ու 20 թվով մոմերը կխրենք տորթի մեջ:

-Շատ լավ ա, Մա՛ր, ապրե՛ս, տենց էլ կանենք,- արձագանքեց Լենան:

Ես ու Լենան գնացինք խանութ, իսկ Հասմիկը մնաց տանը, ինչպես ինքն է ասում` «շատ ավելի կարևոր»` մաքրության գործերի համար:

-Ուրեմն դու կլինես սենյակում, ես ու Հասմիկը կգնանք դուռը բացելու, հետո շարֆով աչքերը կկապենք, ու ես դուռը կթխկթխկացնեմ, դու մագնիտոֆոնը կմիացնես, կսկսվի Չելենտանոյի երգը, որը մաման շատ ա սիրում: Դե, պարզ ա, բոլոր լույսերն անջատված կլինեն, մոմերը կվառվեն, մենք մամայի աչքերը կբացենք ու կշնորհավորենք: Չէ՛, չէ՛, ավելի լավ ա…

-Մարիա՛մ, վե՛րջ տուր, ամեն ինչ կանենք, ու շատ լավ կլինի,- ասաց Լենան:

Քառասուն րոպեից մենք արդեն ամեն ինչ պատրաստել էինք: Անհամբեր սպասում էինք մայրիկին:

Մոտավորապես կես ժամ կատարյալ լռություն էր տիրում, և վերջապես երեքիս համբերության բաժակն էլ լցվեց:

-Զանգում եմ մամային,- հեռախոսը վերցնելով` ասաց Հասմիկը:

-Հա՛, զանգի՛,- համաձայնեցինք մենք:

Բոլորիս ոգևորվածությունն անցավ, երբ իմացանք, որ դեռ մեկ ժամ պետք է սպասնեք: Բայց երբ հնչեց դռան զանգը, բոլորիս մոտ վերականգնվեց բարձր տրամադրությունը, և այդպիսի տրամադրությամբ իրականացրեցինք մեր պլանավորածը:

Մարիամ Նալբանդյան, 11 տարեկան

 2011թ.

arxiv

Երբ դու պատժվում ես…

Ուրույն մեթոդ

Առաջ քիմիա չէի սովորում, քանի որ ուսուցչուհիս երբեք չէր պահանջում սովորել: Դասարանում 30 հոգի ենք, և ես մտածում էի, որ նա ինձ 30-ի մեջ չի նկատում, դրա համար էլ չի կանչում դաս պատմելու: Եկավ քառորդի վերջին օրը, և քիմիայի ժամին ութ աշակերտ էր դասարանում:

-Նարե՛կ, արի՛ դասը պատմելու, իսկ Սիլվիան, Էլիզան և Հովիկը թո՛ղ խնդիրները գրատախտակին գրեն: Հաջորդը Մարիամին եմ դասը հարցնելու, և, Սարգի՛ս, դու էլ պատրաստվի՛ր, որ գաս պատմելու,- ասում էր ուսուցչուհիս` նայելով բոլորի դեմքին` ինձ կարծես ամենևին չնկատելով:

Հանկարծ շրջվեց դեպի իմ կողմը, բայց երբ տեսավ, որ այդտեղ ես եմ նստած, ասաց.

-Մա… Սարգի՛ս, արի՛ գրատախտակը մաքրիր:

Կյանքումս առաջին անգամ էի արհամարհանք զգում ուսուցչուհու կողմից: Դասերի վերջում մոտեցա նրան և խոստացա, որ արձակուրդներին կպարապեմ, և նա ժպտալով շոյեց գլուխս: Ուսուցչուհիս երևի ուրախ էր, որ պատժի իր մեթոդը վերջապես ազդեց վրաս:

Մանե Ենգիբարյան, 13 տարեկան

***

Թե ինչ է լինում, երբ արդուկում են գորգը

Երբ ես հինգ տարեկան էի, մի օր մայրիկս ինձ և եղբորս տանը մենակ թողեց, գնաց տատիկենց տուն: Գնալուց առաջ եղբորս պատվիրեց, որ ուղիղ ժամը մեկին ինձ քնեցնի: Եղբայրս էլ քնելու հետ սեր ունի: Ժամը մեկին նա ինձ տարավ սենյակ, որպեսզի քնեցնի, սակայն պառկելուն պես ինքը քնեց, իսկ ես մնացի արթուն: Չիմանալով ինչով զբաղվել` միացրեցի արդուկը և դրեցի գորգի վրա` փորձելով այն արդուկել: Երբ լսեցի դռան ճռռոցը, վազեցի սենյակ և պառկեցի մահճակալին: Մայրս զգաց ծխի հոտը և գնաց այն սենյակ, որտեղ միացված էր արդուկը: Արդեն ուշ էր: Գորգի կեսը հալվել էր: Մայրս շատ էր բարկացել երկուսիս վրա էլ: Այդ օրվանից, երբ տանը մենակ էինք մնում, առաջինը ես էի քնում:

Վարդան Համբարձումյան, 13 տարեկան

***

Սուտ խոսելու հետևանքը

Մայիսի 9-ն էր: Այդ օրը ո՛չ դպրոցում դաս կար, ո՛չ էլ Պիոներ պալատում, ուր ես հաճախում էի բատիկայի խմբակ: Հայրս և մայրս Թբիլիսիում էին: Նրանք միայն հաջորդ առավոտյան քաղաքում կլինեին: Տանը միայն ես և տատիկս էինք: Ինձ հյուր եկավ ընկերուհիս, մի փոքր նստեց և առաջարկեց.

-Մե՛ր, արի՛ գնանք Գայանեենց տուն, խեղճ դասարանցիս ամեն օր խնդրում ա, որ ես ու դու գնանք իրենց տուն հյուր:

-Ռի՛փ, լավ, էլի, ո՛չ մաման ա տանը, որ թողնի, ո՛չ էլ պապան: Տատիկս էլ հաստատ չի թողնի:

-Մե՛ր, մենք էսօր Պիոներ պալատում պիտի դաս ունենայինք, դու էլ տատիկիդ ասա՛, որ զանգեցին ու պալատ կանչեցին:

Ես համաձայնվեցի: Տատիկիս ասացի, որ գնում ենք Պիոներ պալատ, փոխարենը Հռիփսիմեի հետ գնացինք դասարանցուս տուն և երկու ժամից նոր վերադարձանք: Թվում էր, թե ամեն ինչ լավ ստացվեց…

Երբ հաջորդ օրը դասից տուն եկա, մայրիկս արդեն տուն էր վերադարձել: Երբ ես ներս մտա, նա բարևի փոխարեն հարցրեց.

-Ո՞ւր էիր երեկ:

-Պալատում, մա՛մ, համ էլ բարև:

-Մերի՛, մի անգամ էլ եմ հարցնում` ո՞ւր էիր, երեկ ոչ մի դաս էլ չկար:

Մի պահ լռեցի, հետո ասացի.

-Ես ու Ռիփոն գնացել էինք Գայանեենց տուն:

-Ես քեզ էլ Ռիփոյի հետ չտեսնեմ,- ասաց մայրս և դրանով վերջ դրեց իմ ու Հռիփսիմեի ընկերությանը:

Մերի Սիմոնյան, 14 տարեկան

***

Մի՛ բարկացրեք դասղեկին

-Կիրակի օրը դասարանով գնում ենք թատրոն,- հայտարարեց մեր դասղեկը:

-Ինչ լավ է, վերջապես դասարանով մի տեղ կգնանք,- ուրախացել էին դասարանիս երեխաները:

Մոտենում էր կիրակին, արդեն ուրբաթ օր էր և հանկարծ… Նախավերջին ժամից ոչ մի տղա չկար դասարանում, բոլորը փախել էին: Արդեն վերջին ժամն էր, դասարան մտավ ռազմագիտության ուսուցիչը: Տեսնելով, որ միայն աղջիկներ են դասարանում, նա առանձնապես չզայրացավ: Հետո դասարան մտավ դասղեկս…

-Ընկե՛ր Կարապետյան,- դիմեց դասղեկը մեր ռազմագիտության ուսուցչին,- Սևակը նոր եկավ ինձ մոտ և ասաց` քանի որ բոլոր տղաները նախորդ ժամից փախել են, նա էլ է գնում տուն:

-Ոչինչ, մենք աղջիկներով այսօր դաս կանենք,- ժպտալով ասաց ուսուցիչը:

Բայց մեր դասղեկը բարկացած ավելացրեց.

-Կիրակի օրը ոչ մի տեղ էլ չեմ տանելու ձեզ:

Ով դասից փախնի, ով պատժվի:

Եվա Հախվերդյան, 14 տարեկան

***

Համարժեք պատասխան

Դասերս վերջացան, ես տուն էի գնում, ճանապարհին հանդիպեցի ընկերներիցս մեկին:

-Բարև, Էդգա՛ր:

-Բարև: Էս վեց ժամ ունեի՞ր:

-Հա՛:

-Իսկ կիջնե՞ս դուրս:

-Հիմա գնամ տուն, հետո կիջնեմ,- ասացի ես:

Մտա տուն, և մայրիկս ասաց.

-Հաց կե՛ր և անցի՛ր դասերիդ:

-Մա՛մ, բայց ես ուզում եմ գնամ դուրս խաղամ:

-Չէ՛, ասացի, հիմա ես տեղ եմ գնում, քիչ հետո կգամ, իսկ դու նստի՛ր արագ դասերոդ արա, որ հետո էլ գնանք տատիկի տուն:

Մայրիկիս գնալուց հետո ես անմիջապես դուրս գնացի: Միլավ խաղացի բակում: Երբ տուն եկա, մայրիկս արդեն վերադարձել էր: Նա հեռախոսով էր խոսում: Ես ասացի.

-Մա՛մ, սոված եմ:

Տասնհինգ րոպե անցավ, մայրիկս դեռ պառկած հեռախոսով էր խոսում: Նա կարծես չէր էլ նկատում ինձ: Ես հասկացա, որ մայրիկիս նեղացրել եմ: Ես նրանից ներողություն խնդրեցի, և նա ինձ ներեց:

Սևակ Կարապետյան, 11 տարեկան

***

Օգտակար պատիժ

Ես չեմ սիրում գյուղի կյանքը: Ինձ դուր չի գալիս այնտեղի անդորրը: Ես նախընտրում եմ քաղաքի աշխուժությունը, և դրա մասին գիտեն իմ ընտանիքի անդամները…

Արձակուրդները նոր էին սկսվել: Ես վայելում էի անհոգ և ուրախ օրերը` մեկ վայրկյան անգամ չհիշելով դպրոցում հանձնարարված գրքերի մասին, որոնք արձակուրդների ընթացքում պետք է կարդայի: Մայրս, նկատելով, որ ես չեմ կարդում իմ գրքերը, որոշեցի ինձ պատժել: Մի օր վաղ առավոտյան նա մտավ իմ սենյակ և ասաց.

-Սե՛դ, հավաքի՛ր իրերդ և անպայման վերցրո՛ւ գրքերդ, որովհետև այնտեղ, ուր պետք է գնաս, դրանց կարիքը հաստատ շատ կզգաս:

Ես զարմացած հարցրեցի մայրիկիս.

-Մա՛մ, ի՞նչ է պատահել, ո՞ւր ենք գնում:

-Մենք չենք գնում, դու ես գնում… գյուղ:

-Մա՛մ, ախր, գյուղում օրերը շատ տխուր ու ձանձրալի են անցնում, ես չեմ ուզում գյուղ գնալ:

-Քեզ համար ձանձրալի չի անցնի, դու շատ գրքեր ունես կարդալու:

-Մա՛մ, շա՜տ եմ խնդրում, մնամ քաղաքում, խոստանում եմ, ամեն օր կկարդամ:

-Դրա մասին պետք է շուտ մտածեիր, իսկ հիմա արագ հավաքվի՛ր:

Ես մեկնեցի գյուղ: Իսկապես, գրքերն ինձ շատ պետք եկան այնտեղ:

Սեդա Խուբլարյան, 13 տարեկան

***

Մտորումներ

Ես նորից պատժված եմ և փակվել եմ իմ սենյակում, որտեղից չեմ ուզում դուրս գալ և չեմ ուզում ոչ մեկին տեսնել: Ես սկսում եմ երևակայել և մտածում եմ, թե ինչպես պիտի ես ինքս դաստիարակեմ իմ երեխաներին: Շատ չեմ զրկելու նրան իր հաճույքներից, որովհետև դա անելով` ես կարծես թե ավիրում եմ ինչ-որ բան: Շատ խիստ պատիժների օգնության չեմ դիմի, որովհետև ամեն բան անելիս կհիշեմ իմ մանկությունը և կպատկերացնեմ, թե ինչպես ինձ կզգայի նույն իրավիճակում: Ինձ համար ծնողներիս բարկությունը և բղավոցներն արդեն պատիժ են: Ես կխոսեմ երեխայիս հետ, իր սխալն այնպես կբացատրեմ, որ ինքը հուզվի և հուզվելուց լաց լինի, ոչ թե վիրավորանքից կամ իր համար ինչ-որ հաճելի բանից զրկվելուց: Ես իմ սենյակում նստած երևակայում եմ, որ ես մայր եմ և խոսում եմ երեխայիս հետ.

-Դու դաս չես անում, դրա փոխարեն ուրիշ բաներով ես զբաղված, բայց հետո ինքդ ես զղջալու… Տարվա վերջում դու կկանգնես գնահատականն ուղղելու խնդրի առաջ, ու քեզ դժվար կլինի: Բա քննությունները… Իսկ դպրոցն ավարտելուց հետո… Դու շատ կցանկանաս հետ տալ ժամանակը, բայց դա անելն անհնարին կլինի… Ես չեմ ուզում, որ դու ափսոսես այն բանի համար, որ հիմա ես անում: Բայց չէ՞ որ հիմա կարող ես ամեն ինչ ուղղել և ճիշտ ճանապարհով գնալ…

Սակայն սենյակ է մտնում քույրս, և ես այլևս ոչ թե հոգատար մայր եմ, այլ պարզապես պատժված և երազկոտ աղջիկ…

Իննա Ազնաուրյան, 13 տարեկան

***

Իմ եղբոր սահմանած կարգը

Ես պատիժ երբեք չէի տեսել: Անգամ անկյուն ինձ չէին կանգնացրել: Այս մասին էի մտածում ես, մինչ կանգնած էի տատիկիս տան հյուրասենյակի անկյունում, իսկ աչքերիցս արցունքներ էին գլորվում…

Վեց տարեկան էի: Տատիկիս տանը միայն ես էի և քեռուս տղան: Ես նստած խաղում էի: Հեռուստացույցը միացրած էր, սերիալ էին ցույց տալիս: Սենյակ մտավ եղբայրս:

-Շուտ վե՛ր կաց ու գնա՛ անկյուն կանգնիր,- ասաց նա` անջատելով հեռուստացույցը:

Ես մի պահ մտածեցի` կատակ է անում, բայց հետո գնաց, վարագույրը բացելու համար նախատեսված երկար փայտիկը վերցրեց ու կանգնեց առաջս: Ես շատ վախեցա ու գնացի կանգնեցի անկյունում:

Հետո եղբայրս սկսեց.

-1.Սրանից հետո սերիալ չես նայելու:

2. Ընդհանրապես հայերեն ոչ մի բան չնայես, կնայես միայն ռուսերենով:

3.Այսօր ես եմ ասելու, թե դու ինչ կարող ես անել:

4.Ամբողջ օրն անկյունում ես կանգնելու:

5.Չհամարձակվե՛ս գլուխդ թեքել:

6.Ամբողջ օրը սոված ես մնալու:

Նա, 15 տարեկան լինելով, զգում էր իրեն ինչպես տան տիրակալը: Ես հասկանում էի, որ կատակ է անում, բայց հենց ուզում էի շրջվել, այնպես էր բղավում, որ վախից քարանում էի:

Վերջապես եկավ մայրս, գրկեց ինձ ու հարցրեց, թե ինչ է պատահել: Ես էլ այնքան էի հուզվել, որ չկարողացա որևէ բառ ասել: Երբ ուզեցի ասել, որ Ալբերտն է մեղավորը, նա արդեն ծլկել էր:

Լուսինե Սարիբեկյան, 15 տարեկան

***

Ինչո՞ւ չսիրեցի դաշնամուրը

Ես չէի սիրում դաշնամուրի ուսուցչուհուս, հետևաբար և գործիքը: Մի անգամ, երբ դասի էի գնացել, ուսուցչուհին բարևեց և ասաց.

-Դե, լավ, նվագի՛ր, տեսնեմ` ինչ ես արել:

Դեռ չէի էլ սկսել, երբ ուսուցչուհին պայուսակից հանեց ծխախոտը ու սկսեց դրա հոտը տարածել սենյակում: Իմ նվագի ընթացքում էլ հեռախոսով իր մայրիկի հետ բամբասում էր իր ամուսնուց: Երբ վերջացրեցի, ասաց.

-Ապրե՛ս, շատ լավ է, բայց պնդրում եմ, ձեռքերդ նվագելու ժամանալ թող խնձորի կառուցվածք ունենան,- խնդրեմ` ուսուցչուհուս սիրած արտահայտությունը:

«Դեռ հերիք չի անուշադիր եք, մի հատ էլ դժգոհում եք»,- մտածեցի ես, ինչպես միշտ:

Հաջորդ դասին ես անպատրաստ գնացի` մտածելով, որ ուսուցչուհին ինձ էլի անուշադրության կմատնի և չի հարցնի նոր դասը: Սակայն նա ինձ «երկուս» նշանակեց: Բայց երբ որ պատրաստ էի լինում, ոչ մի թվանշան էլ չէր դնում:

Երրորդ դասարանից էլ չգնացի դաշնամուրի:

Շանթ Հակոբյան, 13 տարեկան

***

Այրում ենք, բայց չենք փախչում

Ամառ էր: Ես և եղբայրներս բարձրացել էինք Կոնդի այգիները: Այդ ժամանակ մայրս և Սլավա պապիկս, իրենց ասելով, իրար «բմբուլներն էին քամուն տալիս»:

-Իքիբիր տո՛ւր, զա՛ռ,- գոռում էր պապիկս:

-Ձին ձիավորի տակ է խաղում,- պատասխանում էր մայրս:

Բայց արի ու հասկացիր` ով է ձին, ով` ձիավորը:

Մինչև նրանք նարդի էին խաղում, ես և եղբայրներս որոշեցինք այգու չորացած խոտն այրել: Սակայն կրակը շատ ուժեղացավ: Մենք վախեցանք: Փախչելով պապիկիս տուն` լուցկին պահեցինք և սկսեցինք որոշել` ով պետք է պատժվի:

-Գևո՛ր, քանի որ դու մեծն ես, դու էլ պատժվի՛ր,- առաջարկեց Կարապետը:

-Երազի՛… դու պատժվի, էլի,- վրդովվեց Գևորգը:

-Չէ՛, դո՛ւ,- ասաց Կարապետը:

-Եկե՛ք տնից փախչենք,- առաջարկեցի ես:

Պապիկիս տունն առաջին հարկում էր, պատուհանը բացելով` երեքով փախանք:

Երեկո էր, հոգնեցինք թաքնվելուց և գնացինք տուն: Դուռը բացեց հայրս և նայեց մեզ. կարողացավ հանգիստ շունչ քաշել:

-Ներս անցե՛ք,- ասաց նա:

Մեկ ամիս մեզ հետ չէին խոսում:

Կոնդը դեռ հրդեհում ենք, բայց տնից էլ չենք փախչում:

Լուսինե Համբարձումյան, 13 տարեկան

 2009թ.

arxiv

Ընկերության մասին

Պատահական հանդիպում 

Մի անգամ մետրոյում կողքս նստեց մի աղջիկ և միանգամից հարցրեց.

-Անունդ ի՞նչ է:

-Սիրան,- շփոթված պատասխանեցի,- իսկ քո՞նը:

-Գայանե,- վստահ պատասխանեց նա:

Եվ մենք ընկերացանք:

Հետո մի ուրիշ անգամ մենք նորից հանդիպեցինք մետրոյում, և նա խնդրեց իմ հեռախոսահամարը: Ես տվեցի իմը և, վերցնելով նրանը, խոստացա զանգահարել: Ես, ճիշտ է, խոստացա, բայց առաջինը չզանգեցի: Սակայն մի օր չանցած` նա զանգահարեց: Ես, մոտենալով լսափողին, կրկին լսեցի Գայանեի վստահ ձայնը.

-Բարև, ո՞նց ես:

-Լավ, իսկ դո՞ւ:

-Լավ եմ,- պատասխանեց նա,- ուզում եմ հանդիպենք:

-Լավ, բայց որտե՞ղ,- հարցրեցի ես:

-Արի՛ գնանք Հաղթանակի զբոսայգի:

-Լավ: Ժամը հինգին այնտեղ կլինես:

Այդ հանդիպումից հետո մենք սկսեցինք ավելի հաճախ հանդիպել, և Գայանեն դարձավ իմ ամենամոտ ընկերուհին:

Ես շատ եմ լսել, որ ասում են` պատահական հանդիպումներն այնքան էլ ճիշտ չեն, բայց իմ պատահական հանդիպման արդյունքում ես ունեմ շատ լավ ընկերուհի:

Սիրան Մանուկյան, 12 տարեկան

Ստի օգուտը

Ես, տանը նստած, խորասուզված կատարում էի հայոց պատմության գրավոր աշխատանքը: Ավելի շուտ` ոչ թե գրում էի, այլ ուսումնասիրում գրչիս ծագումը, թե որ ֆիրմայից է: Ֆիրմայի փոխարեն գրված էր «Made in China»: «Երեխանե՛ր, դասի վերջին հարցերին միայն ճշգրտորեն արտագրելուց հետո պատասխանե՛լ: Պատասխաններն առանց գրքից արտագրելու ներմուծե՛լ տետրի մեջ»,- գրված էր վարժության պահանջի մեջ: Հանկարծ հեռախոսս զնգաց: Այդ պահին, չգիտես ինչու, աչքիս առաջ հայտնվեց մեր դպրոցի ուսմասվարը և ասաց. «Անջատե՛ք ձեր բջջային հեռախոսները…»:

-Ալո:

-Բարև, Ռոլանդն ա,- լսվեց լսափողի միջից:

-Հա՜, բարև, ո՞նց ես:

-Լավ եմ: Հայոց պատմության տնայինը կասե՞ս:

-Թեմա 3, պարագրաֆ 2:

-Էս հինգ էջանո՞ցը,- թերթելով գրքի էջերը` հարցրեց Ռոլանդը:

-Հենց էդ ա, որ կա:

-Էս ուշ ժամին ո՞նց եմ սովորելու: Էն մյուս օրերին էլ հիվանդ էի, ուրիշներին էի զանգում, կա՛մ չէին վերցնում, կա՛մ էլ զբաղված էր ցույց տալիս,- բողոքեց Ռոլանդը:

-Քեզ անկեղծորեն հասկանում եմ,- վրա բերեցի ես:

-Դու էլ ես պատմությունը սովորո՞ւմ:

-Արդեն սովորել եմ, հիմա էլ դասի գրավորն եմ անում: Իսկական մատյան ողբերգության:

-Ես երևի կհասցնեմ սովորել, բայց գրավորը չեմ հասցնի: Վաղն էլ Հայոց պատմությունը հենց առաջին ժամն ա: Ոնց որ թարս լինի…

-Դե, քեզ հաջողություն ու բարի գիշեր,- կարճ կտրեցի ես:

-Քեզ էլ, բայց բարի գիշերն էնքան էլ բարի չի լինի ինձ համար:

Հաջորդ օրն ուսուցչուհին հարցրեց.

-Երեխանե՛ր, դասը սովորե՞լ եք:

-Այո՛:

-Գրավորներն արե՞լ եք:

-Այո՛:

-Վա՜յ, ես էլ բարկանալու ճառ էի պատրաստել:

Ուսուցչուհին բացեց մատյանը.

-Ո՞վ է ուզում պատասխանել:

Ես ու Ռոլանդը ձեռք բարձրացրեցինք:

-Երկուսդ էլ եկե՛ք,- հանկարծ ասաց ուսուցչուհին,- այսօր բացառություն կանեմ: Շատերը պետք է պատասխանեն:

Մենք մոտեցանք գրատախտակի մոտ և կանգնեցինք «կանգառում»:

-Ես ամենայն ուշադրությամբ լսում եմ ձեզ,- ասաց ուսուցչուհին:

Մեր դաս պատասխանելը մոտ քսան րոպե տևեց:

-Լավ, ապրե՛ք երկուսդ էլ: Ձեր տետրերը տվե՛ք, նայեմ ու գնահատեմ:

Ես իմ տետրը դեմ տվեցի:

-Ռոլա՛նդ, բա քո՞նն ուր է:

-Ես չեմ հասցրել գրել գրավորը:

-Ինչո՞ւ:

-Ես եմ մեղավոր,- մեջ մտա ես:

-Շա՞նթ, դո՞ւ ինչ կապ ունես:

Մի քիչ մտածելով` ասացի.

-Էդ իմ ու Ռոլանդի ներքին խոհանոցն է, բայց կասեմ: Ես Ռոլանդին սխալ դաս էի ասել: Հետո ես էլ իմացա, որ սխալ դաս եմ սովորել, զանգեցի նրան, ասացի, բայց շատ ուշ էր: Իմ պատճառով չի հասցրել գրել հանձնարարությունը:

Ուսուցչուհին կախարդուհու հայացքով մեզ նայեց ու պատասխանեց.

-Երկուսիդ էլ զիջում եմ: Շա՛նթ, մի բանը քեզնից չէր:

-Ի՞նչը:

-Դե, այն, որ ձեր երկուսիդ ներքին խոհանոցի գաղտնիքն ասացիր:

-Բա ընկերոջ համար արժեր, չէ՞:

Արժեր ընկերոջ համար ստել: Այնպես չէ՞:

Շանթ Հակոբյան, 13 տարեկան

Էլ ընկերներ չե՞նք

Ես, ճիշտն ասած, երբեք չեմ փորձել ինչ-որ ձևով ծանոթանալ մեկի հետ և ընկերություն անել: Եվ ասեմ, որ իմ ընկերների քանակն ուշ-ուշ է ավելանում: Իսկ ավելի շուտ-շուտ պակասում է: Եվ նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ պատճառով են նրանք պակասում: Ուղղակի հանկարծ նկատում եմ, որ ընկերներիցս ինչ-որ մեկը չի երևում, կամ զգում եմ, որ ինձնից հեռու է մնում, չի ուզում մտերմություն անել ինձ հետ:

Օրինակ` մի անգամ ես ծանոթացել էի մի տղայի հետ, և մենք ընկերացել էինք: Սակայն երբեմն ես նրա մեջ տարօրինակ բաներ էի նկատում: Մի անգամ ես նրան առաջարկեցի, որ այդ օրն իրար հետ գնանք կինո, բայց նա ասաց, որ չի կարող, քանի որ գնալու է գյուղ: Երկու օր հետո մենք տղաներով խոսում էինք, ու նա, իր հերթին, ասաց.

-Տղե՛րք, էն օրն ընկերոջս հետ գնացել էի կինո: Էնքա՜ն լավն էր:

Ես զարմացա ու, խորամանկության դիմելով, ասացի.

-Ե՞րբ էր որ:

-Էրեկ չէ, առաջին օրը,- հանգիստ պատասխանեց նա:

Հանկարծ նա հասկացավ, թե ինչ է ասել, շրջվեց ու վազեց: Ես այդպես էլ չհասկացա` նա վախի՞ց փախավ, թե՞ ամոթից, ու նույնիսկ չհասկացա, թե ուր վազեց: Այդ օրվանից նրան չեմ տեսել: Տեսնես` ո՞ւր գնաց կորավ: Երևի երբեմն լավ ընկերներ չեմ ընտրում:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

 Իմ հին ընկերը

-Վայ, Մելանի՛կ, թո՛ղ մազերս, թե չէ` նենց քեզ կխփեմ… Ա՜խ, թո՛ղ, վա՜յ: Հեսա կլացեմ,- հաճախ այսպիսի կռիվների մեջ էինք ընկնում ես և մեր թաղի Մելանիկը:

Ես մոտավորապես չորս տարեկան էի, երբ երկուսով «կլաս» խաղալիս չէինք կարողանում ապացուցել, թե մեզանից ում հերթն էր խաղալու:

-Աղջի Մերի՛, հեսա կգնամ, մամայիդ կասեմ, որ քեզ լա՜վ ծեծի, եթե չթողնես առաջինը խաղամ,- այդ համառ աղջիկը փորձում էր իր կարճ խելքով ինձ շանտաժ անել:

-Ո՜ւֆ, ես էլ հետդ չեմ խաղալու կյանքում,- հայտարարում էի ես և արագ փախչում տուն:

Որոշ ժամանակ անց.

-Ալո, հա՛, Մե՛լ ջան, չէ՛, ես տանը մենակ եմ, դու արի՛ մեր տուն, որ պատմես, թե ոնց անցավ ժամադրությունդ…

Այդ պատերազմներից անցել է տասնմեկ տարի, և ահա այսպիսի պատասխան է ստանում Մելոն ինձ զանգելիս:

Ճիշտ է, ես հիմա շատ ընկերուհիներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, բայց Մելանիկը, միևնույն է, մնում է իմ ամենամտերիմը: Երևի նրանից է, որ նա ինձ լավ է հասկանում, կամ որ մեր ծնողներն էլ են մտերիմ… Բայց դա ինձ համար էական չէ:

Մեկ ամսից թանկագին ընկերուհիս մեկնում է երկրից մի քանի տարով: Եվ ես ինձ անընդհատ հարցնում եմ. «Ի՞նչ եմ անելու առանց Մելոյի»:

Մերի Սիմոնյան, 14 տարեկան

 Ես ու Մարիան

Իմ լավագույն ընկերուհին Մարիան է: Նա իմ դասարանից է: Մենք ծանոթացել ենք առաջին դասարանում: Մարիան ինձնից մի քանի ամսով փոքր է: Նրա մազերը ոսկեգույն են: Նա էլ, ինչպես և ես, ունի մեկ եղբայր և մեկ քույրիկ: Մարիան ծնվել է Երևանում, բայց հաճախ է լինում Գերմանիայում, քանի որ նրա հայրիկը հայ է, իսկ մայրիկը` գերմանուհի: Բայց նրանք ընտանիքում հայերեն են խոսում: Մարիան սիրում է ջութակ նվագել: Հաճախում է նաև մեծ թենիսի մարզումների: Գիտի ձի քշել: Ձին և՛ իմ, և՛ նրա սիրած կենդանին է: Նա, ինձ նման, չի սիրում բակ իջնել: Մենք երկուսս էլ սիրում ենք արշավների գնալ ու սարեր բարձրանալ:

Մի անգամ գնացել էի Մարիայենց տուն և գիշերը մնացել այնտեղ: Երբ առավոտյան արթնացանք, մյուսները դեռ քնած էին: Որոշեցինք պատրաստել մեր նախաճաշը: Ուզում էինք մրգային աղցան պատրաստել: Տեսանք, որ մածունը խոհանոցում չէ, և գնացինք պատշգամբից բերելու: Գնացինք, մածունը վերցրեցինք և ուզում էինք մտնել տուն, հանկարծ սկսեց մի շուն հաչալ: Մենք վախեցանք և վազելով տուն մտանք: Մեր գիշերանոցները երկար էին և ընկնում էին մեր ոտքերի տակ: Երբ մտանք տուն, երկուսս էլ սկսեցինք ծիծաղել: Եվ հիմա էլ, երբ հիշում ենք, մի լավ ծիծաղում ենք:

Երբեմն այնպես է լինում, որ ինչ-որ հարցի շուրջ ունենում ենք տարբեր կարծիքներ և դրա պատճառով վիճում ենք: Բայց քիչ անց նորից ընկերանում ենք: Չէ՞ որ մենք ընկերուհիներ ենք, և իմ կարծիքով` նորմալ է, երբ մարդիկ տարբեր կարծիքներ են ունենում: Քանի որ մենք լավ ընկերուհիներ ենք, միշտ էլ փորձում ենք միմյանց դժվար պահերին օգնել: Մի անգամ մեզ բուսաբանությունից տնային էին հանձնարարել: Պետք է պատասխանեինք հետևյալ հարցին` սունկը լույս սիրո՞ւմ է, թե՞ ոչ: Մարիան ասում էր, որ սիրում է, իսկ ես ասում էի, որ չի սիրում: Քիչ անց երկուսս էլ հիշեցինք, որ սունկն աճում է միայն հով տեղերում:

Աշնա Գրիգորյան, 11 տարեկան

 Հայտարարություն

Ես շատ-շատ ընկերներ ունեմ, բայց նրանց միջից ես չեմ կարող առանձնացնել մեկին, որին կարող եմ համարել իմ լավագույն ընկեր, և այդ պատճառով կասեմ, թե ինչպիսին նա կարող է լինել: Ըստ ինձ, մեր ընկերության մեջ ամենագլխավորը պետք է հավասարությունը լինի: Մենք երկուսս էլ սիրենք, կիսվենք և պաշտպանենք իրար: Բայց դե, իհարկե, պետք է մեկ-մեկ կռիվ էլ անել, հետաքրքրության համար: Կարևոր չէ, թե նա քանի տարեկան է, ինչ ճաշակ կամ ինչ նախասիրություններ ունի: Չնայած, կա մի բացառություն. նա պետք է «ռաբիզ» չլինի: Նա պետք է ազնիվ լինի ինձ հետ, ուրիշներին կարող է մեկ-մեկ խաբել: Լավ կլիներ, որ նա վախկոտ չլիներ, որովհետև ինձ հետ ինքը հաստատ լիքը պատմությունների մեջ կընկնի: Կուզենայի, որ նա նպատակասլաց լիներ և կարողանար երբեմն իրեն զրկել որոշ բաներից: Բնավորության մյուս գծերը կարևոր չեն, և պարտադիր չէ, որ ինքը շատ լավ մարդ լինի: Եթե կան այդպիսիք, թո՛ղ դիմեն:

Շողակաթ Մուրադյան, 14 տարեկան

 Մի վեճի պատմություն

Իմ լավագույն ընկերուհին մեր դասարանի Էլմիրան է: Նա ունի շագանակագույն երկար մազեր, գեղեցիկ աչքեր և սլացիկ հասակ: Էլմիրան շատ է սիրում հեռուստացույց դիտել: Նա նաև սիրում է նկարել, նրա քույրիկն էլ` ներկել: Այսպիսով, Էլմիրան նկարում է, իսկ քույրը ներկում է նրա նկարները:

Մենք հաճախ չենք կռվում, բայց մի անգամ կռվեցինք այն պատճառով, որ Էլմիրան լավ չի տեսնում: Մենք կողք-կողքի նստած էինք, և Էլմիրան արտագրում էր ինձնից: Քանի որ նա ինձ խանգարում էր, ես ջղայնացա և թեթև հրեցի նրան: Էլմիրայի մազերը փաթաթվեցին մյուս կողքին նստած աշակերտի կոճակին: Ես ներողություն խնդրեցի և բացատրեցի, թե ինչ է պետք գրել:

Մարիամ Հերգնյան, 9 տարեկան

Կռվարարը

Իմ ընկերոջ անունն է Արտյոմ: Մենք նրա հետ մի չորս-հինգ անգամ կռվել ենք: Նա շատ-շատ է կռվում ուրիշ տղաների հետ, մյուսների հետ մի երեսուն անգամ կռվել է: Բայց Արտյոմը նեղացկոտ չէ: Նա ուղղակի պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Արտյոմը չունի մեկ ատամ: Ես կուզենայի իմանալ, թե ոնց է ընկել այդ ատամը:

Մուշեղ Ասոյան, 7 տարեկան

Ամենից հավատարիմը

Կատվիս անունը Գուչո է: Նա միակն է այս աշխարհում, ում մոտ ես կարող եմ գնալ օրվա որ ժամին ցանկանամ: Միայն նրան եմ վստահում: Գուչոս միգուցե գեղեցիկ չէ, սակայն քանի որ իմն է, իմ աչքին շատ գեղեցիկ է երևում: Նա այնքա՜ն ճերմակ ու փափուկ փոր ունի, իսկ մեջքին, պոչին ու գլխին շեկ-շեկ մեծ պուտեր են: Ես նրան աշխարհի չափ սիրում եմ:

Մի անգամ գյուղում բակում խաղալիս խաղընկերներս ինձ վիրավորեցին: Ես, շրխկացնելով մեր դարպասը, հեռացա: Գնացի, վերցրեցի Գուչոյիս, դրեցի ծնկներիս և լացելով սկսեցի պատմել, թե ինչ է եղել, իսկ հետո ասացի.

-Դու այս աշխարհում միակն ես, ով ինձ հասկանում է:

Եվ ես սկսեցի ավելի ուժեղ լացել: Մի արցունք ընկավ նրա վրա, Գուչոն վախեցավ և փախավ: Ես գնացի նրա հետևից, բռնեցի և ասացի.

-Կներե՛ս, մի՛ գնա, արի՛, էլ չեմ լացում:

Նա բարձրացավ ծնկներիս ու հարմարվեց, որպեսզի քնի: Ես, մի քանի րոպե նայելով նրան, հանգստացա: Լվացվեցի և գնացի խաղընկերներիս մոտ:

-Վա՜յ, էլի եկավ մեր ուռած փուչիկը,- ասաց մեկը:

Ես ժպիտով տվեցի նրան արժանի պատասխանը և ինձնից գոհ գնացի կատվիս մոտ: Նա դեռ քնած էր: Ես ուզում էի նրան կերակրել իր սիրած ուտելիքներով, սակայն չարթնացրեցի, որովհետև այնքա՜ն անուշ էր քնել: Ես շոյեցի Գուչոյիս և գնացի հեռուստացույց դիտելու:

Մարիամ Նալբանդյան, 10 տարեկան

 Լևոնը

Առաջին օրվանից էլ Լևոնն ինձ շատ դուր եկավ: Նա էլ է ինձ նման զվարթ և շատ է սիրում ծիծաղել: Լևոնի հետ միշտ ուրախ և ծիծաղելի պատմություններ են լինում: Առաջ, երբ նա մեր տուն էր զանգում, և մայրիկս էր վերցնում լսափողը, նա երբեք չէր բարևում և միանգամից ասում էր.

-Դավիթին կտա՞ք:

Մայրիկս էլ միշտ ծիծաղելով ասում էր.

-Բարև, Լևո՛ն:

Հետո Լևոնը երևի հասկացավ իր սխալը ու հիմա միշտ բարևում է:

Իսկ վերջերս էլ մի անգամ ես Լևոնի հեռախոսից զանգեցի մայրիկիս, քանի որ իմը տանն էի թողել: Մայրիկս միանգամից անջատեց հեռախոսը, և ինքը զանգեց, որ Լևոնի հեռախոսի գումարը չսպառվի: Լևոնը շատ զարմացավ և ասաց.

-Էս ինչ դաստիարակված ընտանիք եք:

Մի քանի օր առաջ ես իմացա, որ Լևոնը մեր դպրոցից գնում է: Ես շատ տխրեցի, բայց համոզված եմ, որ մենք էլի կհանդիպենք:

Դավիթ Սողոյան, 10 տարեկան

 Հինգ րոպեն հաստատ բավարար չէ

Իմ ամենամոտ ընկերուհին Սեդան է: Առաջ մենք միասին էինք անցկացնում գրեթե ողջ օրը: Սակայն այս վերջերս, քանի որ ես հաճախում եմ «Մանանա», ամբողջ օրվա մեջ նրան տեսնում եմ միայն մեկ ժամով: Այդ օրերին տուն հասնելուն պես անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է գա ինձ կանչի ու իջնենք դուրս, և այդպես ամեն անգամ: Քնարը գալիս է մեր տուն, մայրիկս էլ ասում է.

-Դեռ չեք հասցրե՞լ իրար նորությունները պատմել:

-Մա՛մ ջան, գիտես, որ չեմ հասցրել պատմել, թո՛ղ իջնեմ բակ, որ պատմեմ, հա՞,- ասում եմ ես:

-Է՜հ, էլ մի՛ սկսի:

-Լա՜վ, էլի, թողե՛ք իջնենք բակ,- խնդրում է ընկերուհիս:

-Չէ՛, չէ՛, վերջացրե՛ք:

-Դե, լավ, դե, լավ, մենակ հինգ րոպե,- փորձում ենք համոզել մենք:

-Գլուխս տարաք, իջե՛ք, իջե՛ք:

Մենք իջնում ենք դուրս ու հինգ րոպեի փոխարեն դուրսը մնում մեկ ժամ: Ախր, շատ բան ենք ունենում իրար պատմելու:

Գայանե Մարտիրոսյան, 12 տարեկան

Մխիթարություն

Ամալյային ես շատ եմ սիրում: Միայն նա գիտի իմ բոլոր գաղտնիքները: Երբ ինձ նեղացնում են, անմիջապես վազում եմ նրա մոտ: Օրինակ` մի օր ես մտա մեր դասարան և նկատեցի, որ բոլորն ինձ էին նայում: Աղջիկները, ինձ նայելով, իրար ականջի ինչ-որ բաներ էին փսփսում, իսկ տղաները ծաղրում էին ինձ: Ես զարմացած հարցրի.

-Երեխե՛ք, ի՞նչ ա եղել, վրաս ինչ-որ ծիծաղելու բան կա՞:

Մեր դասարանի երեխաները` թե՛ տղա, թե՛ աղջիկ, ծիծաղելով բղավեցին.

-Երեխե՛ք, հըլը սրա մազերը, նայե՛ք ինչ կարճ ա կտրել:

Դասից հետո ես շատ հուզված էի և գնացի մեր դիմացի դասարանը` Ամալյայի մոտ` համոզված լինելով, որ նա իմ պատմածը ոչ ոքի չի ասի:

Տաթևիկ Դավթյան, 11 տարեկան

Իսկական ընկերները

Իմ լավագույն ընկերը մեր դասարանի Վլադիմիրն է: Մի օր նա ինձ ծամոն տվեց: Ես անմիջապես հասկացա, որ նա իսկական ընկեր է:

Մի անգամ ես պապիկիս հետ իջա բակ` հեծանիվ քշելու: Ընկերս էլ էր բակում և փորձում էր քշել, բայց չէր կարողանում: Ես ու պապիկս սովորեցրեցինք նրան մեծ հեծանիվ քշել:

Մի անգամ ես գնացել էի ընկերոջս տուն: Մենք լոտո էինք խաղում այնտեղ: Ես նորից կուզենայի նրանց տուն գնալ, կամ էլ թո՛ղ նա գա մեր տուն:

Արամ Մնացականյան, 7 տարեկան

 Մեր ամենալավ օրը

Իմ լավագույն ընկերուհին Սելինան է: Նա սիրիահայ է և մի քիչ տարօրինակ է խոսում, բայց շատ լավն է և բարի: Ես նրա հետ ծանոթացա երկրորդ դասարանում: Նրա աչքերը շագանակագույն են, ինչպես իմը: Սելինան շատ ամաչկոտ է:

Մի օր ես գնացել էի նրանց տուն: Երբ մենք խաղում էինք, նրա եղբայրը` Ջորջիկը, մտավ ներս` տատիկի իր դիմակով: Սելինան նայեց նրան և վախից ընկավ անկողնու վրա: Այնպիսի տպավորություն էր, որ հեսա կմահանա: Ես վախից գնացի, որ նրա մայրիկին ասեմ: Եվ այդ պահին նա գոռաց.

-Ալի՛ս, կանգնի՛ր կոր… մի՛ երթա… սա պլան էր, որ քեզ վախեցնենք:

Նրա հետ անցկացրած այդ օրն իմ ամենալավ օրն էր:

Ալիսա Չախալյան, 10 տարեկան

 Ընկերները միմյանց պարտք չեն լինում

Ես ունեմ շատ ընկերներ, բայց Վահանն իմ ամենամտերիմ ընկերն է: Մենք ամեն օր դպրոցում իրար հետ խոսում ենք, իրար կողքի ենք նստում: Մենք շատ լավ ընկերներ ենք, ամեն օր իրար հետ «դուրսը գցած ենք», ինչ գաղտնիք լինում է, իրար պատմում ենք: Ամեն օր մեր տուն ենք գնում, համակարգիչ ենք խաղում, հետո գնում դրսում ենք խաղում:

Մի անգամ շատ հետաքրքիր դեպք պատահեց: Մենք բակում գնդակ էինք տշում, շունը վրա հասավ: Մենք վախեցանք և փախանք, գնդակն էլ մնաց շան մոտ: Իսկ շունը գզեց գնդակը: Երբ հետ եկանք, Վահանն ասաց.

-Գնդակը տո՛ւր, ես վաղը հետ կբերեմ:

-Լավ,- ասացի ես:

Նա հաջորդ օրը գնդակը բերեց: Պատռած տեղերը սոսինձով կպցրել էր: Վահանն ինձ մեկնեց գնդակը: Ես ասացի.

-Քեզ պարտք եմ:

Նա էլ ասաց.

-Պարտք չես:

Մի քանի օր հետո մենք նորից գնդակ էինք խաղում նույն տեղում, և նորից նույն շունը եկավ: Վահանը շատ ուժեղ ու բարձր տշեց գնդակը: Այն ընկավ նույն տեղը, որտեղ իմ գնդակը ծակվել էր: Շունն էլ վազեց գնդակի մոտ և սկսեց գզել այն: Երբ շունը հեռացավ, և մենք մոտեցանք գնդակին, ես ասացի.

-Տո՛ւր, ես վաղը կբերեմ, լա՞վ:

Ես հաջորդ օրվա փոխարեն մի քանի շաբաթ հետո գնդակը բերեցի և ասացի.

-Կներես, ախպե՛րս, չկարողացա սարքեմ:

-Բա որ ասում էի` պարտք չես:

Արին Չուլաքյան, 11 տարեկան

Կա՞ր ընկերություն… չգիտեմ

Երկու տարի մեր դասարանում ես մտերիմ էի մի աղջկա հետ, ով ուներ շատ փոփոխական բնավորություն:

-Բայց Լիլիթը լավ աղջիկ ա, չէ՞,- ասում էր նա:

Իսկ հաջորդ օրը.

-Վա՜յ, էս Լիլիթն ինչ վատ աղջիկ ա…

Դա ինձ դուր չէր գալիս: Սակայն այսպիսի «անակնկալ» չէի սպասում:

Ես երեք օր բացակայեցի և, չորրորդ օրը գալով դպրոց, տեսնում եմ` նա մտերմացել է ինձ համար ոչ այնքան հաճելի աղջիկների հետ, որոնց մասին առաջ ասում էր.

-Հեչ էլ լավը չեն, իրենց հետ մոտիկ երբեք չեմ լինի…

Ես այդ օրը հասկացա, որ ընկերուհուս լավ չէի ճանաչում, և միգուցե ընկերուհիներ չենք էլ եղել:

Մանե Արշակյան, 14 տարեկան

 2009 թ.

Ինչի՞ն եմ ես հավատում (մաս 2)

2009- 2019… Այս օրերին սոցիալական ցանցերը ողողել են տասը տարի առաջ արված լուսանկարներով, ինչպիսին էին տասը տարի առաջ օգտատերերը: Դե, մենք էլ որոշեցինք միանալ այս հետաքրքիր նախաձեռնությանը: Միայն թե լուսանկարների փոխարեն տեղադրում ենք «Մանանա» կենտրոնի սաների տասը տարի առաջ գրված նյութերը: Եվ այսպես, ովքեր կգտնեն իրենց, ուրախ կլինենք լսել նրանց նոր պատմությունները, թե ինչին են հավատում այժմ` տասը տարի անց:304027_180031815408550_141708636_n

Զնգում է զարթուցիչը: «Էլի, էլի դպրոց, դասեր, ստուգողականներ, դժվար վարժություններ ու միգուցե ցածր գնահատականներ, հետո հոգնած կգամ տուն ու օրս կանցնի շատ տխուր»,- մտածում էի ես արթնանալուց:

Հասա տուն, և քանի որ իմ ժամացույցը երկու րոպե հետ էր, և ժամը սխալ գիտեի, մի քիչ ուշացա:

-Մանե՛, դու գիտես, որ չի կարելի ուշանալ, դո՛ւրս արի դասարանից:

Առաջին դասը չնստեցի: Երկրորդ դասը պատմություն էր` այն դասը, որը լավ էի սովորել և անթերի պատասխանեցի: Միայն այն պատճառով, որ ուսուցիչը տարեթվերը սխալ էր լսել և կարծելով, թե սխալ եմ ասել, ինձ ցածր գնահատեց: Հանրահաշվի ուսուցչուհին էլ մատյանը լրացնելուց երրորդ համարը շփոթեց երկրորդ համարի հետ և վատ գնահատականն ինձ նշանակեց, այնինչ ես այդքան աշխատել էի, ու «ինն» էի ստացել:

-Մանե՛ ջան, կներես, բայց մատյանում չեմ կարող ջնջում անել. նկատողություն կանեն: Ոչինչ, քառորդիդ վրա չի ազդի:

Բայց, միևնույն է, իմ անվան դիմաց գրանցվեց «վեց» գնահատականը, որը ես չէի ստացել: Անարդար էր: Գնացի տուն և մտածեցի. «Ճիշտ էի մտածում, օրս անցավ անիմաստ ու տխուր»:

Հաջորդ օրն արթնանում եմ և մտածում. «Այսօր ամեն ինչ լավ է լինելու, ու երեկվա տհաճ օրը չի կրկնվելու, ես այսօր տուն եմ վերադառնալու շատ երջանիկ»,- ներշնչեցի ինքս ինձ:

Գնացի դպրոց ժամանակին:

-Մանե՛ ջան, ես քո երեկվա «վեցի» կողքին երկու հատ «ինն» եմ ավելացրել, և հիմա հաստատ չի ազդի քո քառորդի վրա, կարող ես չմտածել:

Նախորդ օրն այնքան հոգնած ու բարկացած էի, որ դասերս չէի սովորել: Սակայն, բախտի բերմամբ թե պատահմամբ, ոչ մի ուսուցիչ ինձ դաս չհարցրեց:

Գնացի տուն. մայրիկիս տրամադրությունը լավ էր և թույլ տվեց բակում շատ ժամանակ անցկացնել, այնինչ սովորաբար շատ քիչ էր թողնում: Իսկ երեկոյան եկավ տուն հայրիկս. նա գնել էր կինոյի տոմս, և մենք ընտանիքով գնացինք կինոթատրոն:

Քնելուց ես գոհ էի և համարում էի, որ օրս անցավ շատ հաջող:

Պատահականություն չէ այս ամենը: Ես կարծում եմ` մարդու թե՛ դժբախտությունը և թե՛ երջանկությունը գալիս է ներշնչումից: Եթե մարդ տրամադրված է դրական, նրա համար ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե ամեն ինչին նայի վատատեսորեն, այդպես էլ կլինի:

Մանե Արշակյան, 14 տարեկան

***

Ես ունեմ մի ընկեր: Նրա անունը Հայկ է: Նա երբեք ինձ չի դավաճանում, ինչպես իմ առաջվա ընկեր, բայց հիմա թշնամի Հրանտը: Օրինակ` մի անգամ ես Հրանտին տեսա Կիմի, Վարազդատի, Կիմի եղբոր և 12 տարեկան մի տղայի հետ, այսինքն` իմ թշնամիների հետ: Ես քար գցեցի, Վարազդատը վազում էր, քարն ընկավ նրա կողքը, նա հատուկ ընկավ և լացեց: 12 տարեկան տղան ինձ վրա գոռաց: Բայց իմ ընկեր Հայկը դեռ ինձ պաշտպանում էր, իսկ Հրանտը վախից, որ հանկարծ իր վրա էլ չգոռան, գնաց իրենց կողմից դարձավ: Նրանք գոռալով գնացին, և ես նկատեցի, որ Հրանտը վերջից ասաց.

-Եղավ:

Ու գնացին: Ես շատ էի բարկացել, ուզում էի գնայի և մի լավ դաս տայի նրանց: Բայց իմ ընկեր Հայկը չթողեց: Հաջորդ օրը նրանք առանց 12 տարեկան տղայի, բայց փայտերով, եկել էին իմ հետևից:

-Հայկո՜,- վազելով կանչեցի ես:

-Ի՞նչ է եղել,- գոռաց նա:

-Օգնի՜:

-Հիմա, հիմա:

Ես դեռ մի քայլ չէի արել, երբ նա իջավ:

-Ո՞վ է Նաիրիին նեղացրել,- հարցրեց նա:

-Այս երեքը,- ասացի ես:

-Ի՞նչ է եղել:

Եվ այդ պահին մայրիկս դուրս եկավ մուտքից: Մենք համարյա կռվում էինք, բայց հենց մայրիկս եկավ, ամեն ինչ իրար խառնվեց: Հետո Հայկն ասաց.

-Նաիրի՛, մի հետաքրքիր խաղ:

-Ի՞նչ,- ասացի ես:

-Դա կոչվում է «ցրվում ենք տներով»:

Ես ամեն օր համոզվում եմ, որ ես ու իմ ընկեր Հայկը երբեք չենք կռվի:

Նաիրի Արեգ Հացպանյան, 8 տարեկան304166_180032185408513_939863918_n

***

Ինչ վախենալու կինո եմ տեսնում հեռուստացույցով, միանգամից պատկերացնում եմ, որ իմ շուրջն է: Մի անգամ ես հեռուստացույցով տեսել էի «Օտարները» կինոն: Շատ էի վախեցել, այն աստիճանի, որ ինչ ձեռքս ընկնում էր, բռնում էի ու բաց չէի թողնում: Մտածում էի. «Եթե գան, պաշտպանվեմ»: Նստել էի և սպասում էի օտարներին: Բայց տենց էլ չեկան: Վախով, որ նրանք գիշերը կգան, ես բոլոր խաղալիքներս բերեցի և շարեցի անկողնուս մեջ, նույնիսկ վրաս, որ չնկատեն ինձ: Այդպես ես պաշտպանվում էի: Ես հավատում էի, որ հետևիցս անպայման գալու են:

Գիշերն արթնացա, տեսնում եմ` ոչ մի խաղալիք կողքս չէ: Եվ մտածեցի. «Դե, վերջ, խաղալիքներս տարան էդ օտարները, իսկ ինձ` չէ: Վա՜յ, բա արջուկս, խոզուկս, իրենց էլ տարան»:

-Մամա՜, արի՛ մոտս,- վախեցած կանչեցի ես:

Ոչ ոք ձայն չհանեց:

«Վայ, իմ փոխարեն մամայիս տարան, ի՞նչ անեմ»,- մտածում էի ես: Այնքան մտածեցի, մտածեցի, որ հոգնածությունից քնեցի: Մայրս էլ, որ խաղալիքները տարել էր, իսկ ես չգիտեի, մի հատը` ահավոր դեմքով, վախենալու տիկնիկը, դրել էր աթոռի վրա: Երբ արթնացա, բարձրաձայն ճչացի: Էլ չեմ մտածում օտարների մասին, բայց շատ եմ վախենում խաղալիքիցս: Ես հավատում եմ կինոնկարների սարսափներին:

Մարիա Զաքարյան, 11 տարեկան

***

Ես հավատում եմ, որ երբ մեծանամ, կդառնամ համակարգչային մասնագետ: Դա իմ նպատակն է: Իմ գերագույն նպատակն է դառնալ համակարգչի լավ մասնագետ, ունենալ լավ աշխատանք: Ես դանդաղ, բայց արդեն մոտենում եմ իմ երազանքի իրագործմանը:

Մի անգամ ընկերոջս` Վարազդատի համակարգիչը փչացել էր: Նա փորձել էր ինքնուրույն միանալ ինտերնետին, բայց չէր կարողացել: Երբ ես տեսա նրա համակարգչի վիճակը, սկսեցի ծիծաղել.

-Վրո՛, դե, որ չես կարողանում, մի՛ փչացրու:

-Արմա՛ն, երբ եկա քեզ կանչելու, տանը չէիր, ես էլ որոշեցի ինքնուրույն գործել,- ասաց նա:

-Գոնե գիտե՞ս ինչն ես փչացրել:

-Ի՞նչը:

-Էկրանը:

Դա առաջին անգամ էր, երբ ես սարքեցի ուրիշի համակարգիչ:

Արման Արշակյան, 12 տարեկան

***

-Գավրի՛կ, արի՛ այստեղ, ինձնից մի՛ հեռացիր,- ասում էր քույրս` սենյակում վազվզելով:

Ես զարմացած հետևում էի նրան` մտածելով, թե նա նորից իբր թե մարզվում է:

-Պանի՛, հիմա դու աչքերդ փակի՛ր, որ ես ու Գավրիկը թաքնվենք,- շունչը կտրելով ասաց նա:

Ես նորից նայեցի նրան ու շարունակեցի դաս անել: Քիչ անց դուռը թակեցին: Ես վազելով գնացի, որ բացեմ: Հանկարծ քույրս բղավեց.

-Զգո՛ւյշ, դու տրորեցիր Գավրիկի ոտքը,- ասաց նա և վազեց իմ մոտ` փորձելով թաշկինակով ինչ-որ բան փաթաթել:

-Ի՞նչ է պատահել,- զարմացած հարցրեցի ես:

-Դու տրորեցիր նրա թաթը,- նվնվալով ասաց նա:

-Դու գիժ ես,- ասացի ես և գնացի դուռը բացելու:

Քիչ անց, երբ ես նորից մտա սենյակ, հասկացա, որ Գավրիկն ու Պանին նրա երևակայական ընկերներն էին: Հետո նա ինձ պատմեց իր ընկերների մասին:

-Գավրիկն իմ շունն է: Տե՛ս, թե նա ինչ սպիտակ ու գեղեցիկ է: Սա էլ Պանին է, նա իմ ամենամտերիմ ընկերուհին է: Ես նրանց հետ ծանոթացել եմ Մոսկվայում,- ասաց նա և միացրեց մուլտֆիլմը:304289_180032665408465_1885610445_n

-Լա՜վ,- ասացի ես և շարունակեցի դասերս:

Մի՞թե բոլոր մանուկներն ունեն երևակայական ընկերներ:

Իմ քույրը` Քրիստինեն, ունի նաև բարձ, որի անունը «բարձ մամա» է: Նա այդ բարձի հետ այնքան է կապված, որ նրանից չի բաժանվում թե՛ հաց ուտելուց, թե՛ դաս անելուց, և հատկապես, երբ մեզնից նեղացած է լինում: Մի անգամ նա կոտրել էր մայրիկի ամենասիրած ծաղկամանը:

-Քրիստինե՛, ինչի՞ ես կոտրել ծաղկամանը,- բղավեց մայրս:

-Մա՛մ, այդ ես չէի: Ես ու բարձ մամաս խաղում էինք, երբ նա հանկարծ կպավ ծաղկամանին, և այն ընկավ,- ասաց նա և մտավ սեղանի տակ:

-Այդ ժամանակ ես կծեծեմ քո բարձ մամային,- ասաց մայրս մի քիչ ծիծաղելով:

-Ո՛չ, ո՛չ, ես եմ կոտրել, ծեծի՛ր ինձ, ոչ թե նրան,- ասաց քույրս լացելով:

-Լավ, հանգստացի՛ր,- ասաց մայրս և հեռացավ:

Սակայն հիմա քույրս թե դպրոցում, թե բակում ունի շատ ընկերուհիներ և մոռացել է իր երևակայական ընկերների մասին: Կամ էլ նա արդեն մեծ է` երևակայական ընկերներ ունենալու համար:

Հայաստան Ապրեսյան, 15 տարեկան

***

Ես հավատում եմ, որ բարի մարդկանց երազանքները կատարվում են, և նրանք երբեք ոչ մի փորձանքի մեջ չեն ընկնում: Ես քանի որ բարի եմ ու հասկացող, հավատում եմ, որ մի օր մայրիկս ու հայրիկս ինձ կհասկանան և եղբորս կասեն.

-Վահե՛, գիտե՞ս, Ալիսն արդեն մեծ է: Սրանից հետո քրոջդ կլսե՛ս ու կանե՛ս նրա ասածները:

Իմ երազանքներից մեկն էլ շուն ունենալն է, բայց մայրիկս ասում է, որ մեր տանը երկու հատ շուն կա` ես և եղբայրս, դա իրեն հերիք է: Մեծանամ, անպայման շուն կգնեմ և նրա անունը կդնեմ Ռեքս, ես նրան շատ կսիրեմ և գիտեմ, որ նա էլ ինձ կսիրի: Մարդկանց նախասիրությունները փոխվում են մեծանալիս, բայց ես հավատում եմ, որ իմը չի փոխվի, և ես շուն կունենամ:

Ալիսա Չախալյան, 10 տարեկան

***

Ես հավատում եմ իմ ուզած բաներին: Շատ եմ ուզում, որ այդպես լինի, բայց միշտ չէ, որ այդպես է լինում: Օրինակ` մի անգամ հավատում էի, որ գնալու եմ տուն, հետո գնալու եմ ֆուտբոլի, գոլ եմ խփելու, բայց հետո հակառակը եղավ. գնացի պարապմունքի, տղերքով սպասեցինք, պարապմունք չեղավ, ասացին` չկա պարապմունք: Մի անգամ էլ ուրախ-ուրախ գնացի տուն ու սկսեցի ֆուտբոլ դիտել հեռուստացույցով: Ինքս ինձ ասացի.

-«Աթլետիկո Մադրիդը» 4-0 պիտի կրի:

Վերջին րոպեին նրանք չորրորդ գոլը խփեցին:

Մի անգամ էլ ես գնում էի դասի ու հենց տնից դուրս եկա, մտածում էի, որ դաս չի լինի: Հասա դպրոց, բարձրացա դասարան, ինչպես միշտ` ուշացած: Դասարանում մարդ չկար: Հավաքարարն ասաց` դաս չի լինելու: Երբ հաջորդ օրն էլ եկա դպրոց, չգիտես ինչու, այդ ժամանակ էլ էի ուզում, որ դաս չլինի, բայց հակառակը եղավ. դաս արեցինք, դեռ մի բան էլ ավելի` վերջին ժամին հանրահաշվից ստուգողական գրեցինք, ուսուցչը սովորականից երկար պահեց չվերջացրածներին, նրանց մեջ էի նաև ես: Հիմա չգիտեմ` ինչին հավատամ, ինչին չհավատամ:

Արին Չուլաքյան, 10 տարեկան

***

Մի անգամ ես նամակ էի գրել Ձմեռ պապիկին. «Ձմե՛ռ պապիկ, արի՛ մեր տուն: Ես խնդրում եմ մի մեծ արջ, մեկ էլ մի մեծ նապաստակ»:

Ես նամակը տվեցի մայրիկիս, որ տա Ձմեռ պապիկին: Բայց Ձմեռ պապիկն ինձ ոչինչ էլ չբերեց: Մայրիկն ասաց, որ ես ունեմ արջ էլ, նապաստակ էլ:

Իսկ հաջորդ տարի Ձմեռ պապիկն առանց հրավիրելու եկավ և նվերը թողեց դռան մոտ: Ես շատ ուրախացա, բայց մի քիչ էլ վախեցա, որովհետև ինձ թվում էր, թե Ձմեռ պապիկը թաքնված է նվերի տոպրակի մեջ և ուր որ է դուրս է թռչելու այնտեղից: Բայց իրականում Ձմեռ պապիկն արդեն գնացել էր:

Այդ օրվանից ես հավատում եմ, որ Ձմեռ պապիկ կա:

Լևոն Առաքելյան, 7 տարեկան318572_180032102075188_2110335080_n

***

Ես հավատում եմ, որ կենդանիները խելացի են: Մի անգամ ես ու տատիկս գնացել էինք հյուր: Այնտեղ շուն կար: Նա մեզ լպստում-լպստում էր: Նրա տերը հրամայեց նստել: Նա, ինչպես մարդ, նստեց բազմոցին: Ես զարմացած նայում էի: Դրա համար ես մայրիկիս խնդրում եմ, որ ինձ շուն նվիրի: Ես հավատում եմ, որ իմ շունն ամենախելացին կլինի: Ես նրան կսովորեցնեմ նստել, վազել, կանգնել և մարդուն լսել:

Արամ Մնացականյան, 7 տարեկան

***

Ես փոքր տարիքում նայում էի «Ռենջերներ» հեռուստասերիալը: Ես շատ էի սիրում այդ հեռուստասերիալը և ամեն անգամ սրտի թրթիռով էի սպասում, թե երբ կգա իմ սիրելի ժամը: Չգիտեմ ինչու, այդ ժամը միշտ ուշ էր գալիս: Երբ սկսվում էր «Ռենջերները», ես մի կողմ էի դնում իմ խաղալիքները` տիկնիկները, նստում էի հեռուստացույցի առջև և կլանված նայում, ապրում ամեն մի հերոսի կյանքով: Ես հավատում էի, որ մի օր էլ ես կլինեմ նրանց նման` կփրկեմ աշխարհը:

Ուզում էի նմանվել կապույտ ռենջերին` Մեդիսոնին: Ես կարծում էի, որ նա աշխարհի ամենագեղեցիկ և ամենաուժեղ աղջիկն է: Մեդիսոնը գեղեցիկ էր: Նա միշտ կապույտ հագուստ էր հագնում, և ես այնքան էի սիրում նրան, որ մայրիկիս խնդրում էի ինձ համար կապույտ հագուստ գնել: Մեդիսոնն ուներ ուղիղ, բաց գույնի մազեր, և ես միշտ ցանկանում էի, որ իմ մազերն էլ նրան նման լինեին:

Մի անգամ, երբ ես բակ էի իջել, ինձ զգալով ռենջեր` սկսեցի ոտքով հարվածել պատերին, ասես կռվում էի չար ուժերի դեմ: Բայց ես չէի նկատել, որ հարվածում եմ մեր բակի ամենակռվարար տատիկի` Կիմա տատիկի տան պատին: Նա նայեց պատուհանից և ասաց.

-Մարիա՛մ, էդ ի՞նչ ես անում:

-Վայ, կներե՛ք:

-Ի՞նչ կներեք: Գիտեք` եթե ներողություն եք խնդրում, բոլոր հարցերը լուծվո՞ւմ են: Դե, գնա՛, աչքիս չերևա՛ս:

Բայց երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա ընդամենն իմ երևակայությունն է, և ես երբեք ռենջեր չեմ լինի: Դրանից հետո իմ հավատը կորավ ամեն ինչի հանդեպ: Բայց հիմա հասկանում եմ, որ առանց ռենջեր լինելու էլ կարող եմ շատ բարի գործեր անել, և կարծում եմ, որ երբ մեծանամ, կդառնամ աշխարհին պիտանի մարդ:

Մարիամ Թումանյան, 12 տարեկան

***

Ես մի քանի շաբաթ շարունակ պարապում էի մի քննության համար, որն ինձ հնարավորություն կտար սովորելու արտասահմանում: Գիտեմ, շատ պատանիների երազանքն է սովորել այնպիսի արտասահմանյան համալսարաններում, ինչպիսիք են Օքսֆորդը, Քեմբրիջը: Բայց հարկավոր են բարձր գիտելիքներ, որին շատ դժվար է հասնել հանրակրթական դպրոցներում: Եվ ես համարում եմ, որ մի օր այնքան լավ կլինի, որ ամեն ոք կկարողանա սովորել արտասահմանյան համալսարաններում: Իսկ առայժմ մեզ համար արտասահման մեկնելը շատ բարդ է: Խանգարում են փակ սահմանները:  Հարկավոր է աշխարհի երեսից ջնջել բոլոր սահմանները, և ես հավատում եմ, որ դա կլինի: Ես հավատում եմ, որ մի օր Երկիր մոլորակը կդառնա երկնային համաստեղության ամենախաղաղ մոլորակը, ուր մարդիկ կապրեն երջանիկ ու անհոգ: Մեր մոլորակում չեն լինի կրոնական ու ազգամիջյան խնդիրներ: Ես հավատում եմ, որ մի օր բոլորի գերխնդիրը կդառնա փայփայել ու պահպանել մեր մոլորակը: Նախ, չի լինի մարդկանց իրարից բաժանող այդ սահման կոչված գիծը, և ես կարող եմ ապրել ու աշխատել իմ նախապապերի երկրում` Մուշում, ու ոչ մի բան ինձ հեռու չի պահի Երկիր մոլորակի լիարժեք բնակիչը լինելուց: Ես հավատում եմ, որ ինձ համար այդքան ցանկալի օրն անպայման գալու է, ու մենք կապրենք մի երկրում` Երկիր մոլորակում: Եվ ես ազատ, առանց երկար-բարակ մտածելու կարող եմ գրել իմ հետադարձ հասցեն. «Երկիր մոլորակ, ք. Երևան, Մանանա կենտրոն»:

Գայանե Մարտիրոսյան, 14 տարեկան

***

Ես գիտեմ, որ մի օր ամեն ինչ կփոխվի իմ կյանքում, և այդ ամենը կլինի իմ հավատի շնորհիվ: Ես հավատում եմ, որ մի օր մենք կապրենք մի ուրիշ մոլորակի վրա, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ տեխնիկան լավ զարգացած կլինի:

Հավատում եմ ծնողներիս և քրոջս: Ծնողներիս հավատում եմ, քանի որ բացի նրանցից ինձ ոչ ոք չի կարող տալ այն, ինչ ես ցանկանում եմ: Քույրս շատ հավատարիմ, գաղտնապահ մարդ է, և ես կարող եմ իմ բոլոր գաղտնիքները վստահել նրան: Ես դրանում համոզվեցի այն օրը, երբ պատմեցի նրան իմ գաղտնիքը: Մտա տուն, շատ բարկացած էի, ուզում էի ինչ-որ մեկի հետ խոսել, և քույրս հանդիպեց: Ես սկսեցի պատմել, թե ինչու եմ բարկացել.

-Ինձ ընկերուհիս մատնել ա, գիտե՞ս:

-Ի՞նչ ես արել:

-Դասերից փախել էինք, դասղեկը ջղայնացած էր, ու ոչ մեկը չէր կարողանում խոսել: Մենակ Էլենն ասաց, որ ես եմ արել, բոլորին համոզել եմ, որ փախնենք:

Պատմելուց հետո ես հանկարծակի գաղտնիքս ասացի, ու մինչև հիմա ինքը ոչ ոքի չի ասել, ու համոզված եմ, որ չի էլ ասի:

Մի բան էլ կա, որին ես իրոք հավատում եմ. դա իմ բախտն է: Եթե մարդ բախտ չունենա, ապա ապահովված չի լինի իր ողջ կյանքը: Իսկ եթե ունենա խելք, ապա կունենա նաև բախտ և ապահովված կյանք:

Հռիփսիմե Ահարոնյան, 13 տարեկան321058_180032015408530_1921825341_n

***

Ես վառ երևակայություն ունեմ և հավատում եմ, դրան: Իմ երևակայության մեջ ես միշտ լավն եմ, երբեք սխալներ չեմ գործում, բոլորից լավ եմ սովորում: Երբեմն երևակայությունս ինձ օգնում է լավ շարադրություններ և պատմություններ գրել: Ուրբաթ օրը երաժշտականի դասարանով գնացել էինք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Մեզ հանձնարարված էր գրել մեր տպավորությունների մասին: Ես պատկերացնում էի, որ կգրեմ, թե ինձ ամեն ինչ դուր է եկել: Բայց հետո մտածեցի. «Ինչո՞ւ ստել, ինձ ամեն ինչ չի, որ դուր է եկել»: Եվ ես գրեցի անկեղծ: Դասարանում կարդալուց հետո բոլորը ծափահարեցին: Ես շատ ուրախացա:

Այս դեպքից հետո ես ավելի շատ եմ հավատում երևակայությանս` հուսալով, որ այն ինձ կօգնի դառնալ իմ երազանքների Մարիամը:

Մարիամ Նալբանդյան, 10 տարեկան

***

Հավատում եմ հրաշքներին: Հավատում եմ հաջողությանը: Հավատում եմ իսկական ընկերությանը: Չէ՞ որ իրական ընկերը չի դավաճանի: Նրան կարելի է վստահել բոլոր գաղտնիքները և վստահ լինել, որ նա ոչ ոքի ոչինչ չի ասի: Իրական ընկերը կօգնի դժվարության պահին: Նա կարող է լսել քեզ: Իսկ դա այնքա՜ն կարևոր է: Ես հավատում եմ իմ լավագույն ընկերուհուն: Հավատում եմ, որ նա երբեք չի դավաճանի և չի խաբի ինձ: Իմ շատ ընկերներ հիասթափեցրել են ինձ: Ես նրանց համարում էի ինձ շատ մտերիմ և վստահում էի իմ գաղտնիքները: Իսկ նրանք ուղղակի պատմում էին դրանք բոլորին և հետն էլ բամբասում ինձանից: Իսկ Աննան պաշտպանում էր ինձ: Նա հերքում էր բոլոր բամբասանքները, միշտ աջակցում էր ինձ: Հիմա էլ է աջակցում: Ես շատ շնորհակալ եմ նրան դրա համար: Լավ է, երբ կա մեկը, ում կարող ես ամբողջությամբ վստահել:

Հիմա մի քիչ փոխվել է իրական ընկերություն հասկացությունը: Շատերն իրենց ընկերներին ընտրում են հիմնվելով ոչ թե նրա ներաշխարհի վրա, այլ գրպանի: Օրինակ` Մոսկվայում ես ունեի մի ընկերուհի: Նա դասարանում բոլորից լավ էր սովորում: Եվ մի աղջիկ, նույնիսկ ոչ այնքան այդ աղջիկը, որքան նրա մայրիկը, անընդհատ շողոքորթում էր Պոլինային, ցանկանալով, այսպես ասած, «ընկերանալ» հետը: Եվ գիտե՞ք հանուն ինչի: Կասեք` հանուն ընկերությա՞ն: Ո՛չ: Հանուն լավ գնահատականների:

Բայց, այնուամենայնիվ, ես հավատում եմ իրական ընկերությանը: Ես դրանում համոզվել եմ իմ ծնողների, տատիկների ու պապիկների, նրանց ընկերների օրինակի վրա: Նրանք տարիներով ընկերություն են անում և պատրաստ են ցանկացած պահի օգնել ու աջակցել միմյանց: Արդյո՞ք հենց դա չէ իրական ընկերության էությունը:

Վիկտորյա Անանյան, 13 տարեկան

 

Լուսանկարները` «Մանանա» կենտրոնի արխիվից, 1999-2009թ.

Ինչի՞ն եմ ես հավատում

315906_180031988741866_2064483284_n
2009- 2019… Այս օրերին սոցիալական ցանցերը ողողել են տասը տարի առաջ արված լուսանկարներով, ինչպիսին էին տասը տարի առաջ օգտատերերը: Դե, մենք էլ որոշեցինք միանալ այս հետաքրքիր նախաձեռնությանը: Միայն թե լուսանկարների փոխարեն տեղադրում ենք «Մանանա» կենտրոնի սաների տասը տարի առաջ գրված նյութերը: Եվ այսպես, ովքեր կգտնեն իրենց, ուրախ կլինենք լսել նրանց նոր պատմությունները, թե ինչին են հավատում այժմ` տասը տարի անց:

321213_180032638741801_1199040838_n

Ես հավատում եմ մեծերի խոստումներին: Երբ մեր համակարգիչը տուն բերեցին, եղբայրս ասաց.

-Եկե՛ք իմ սենյակում դնենք:

-Չէ՛,- ասացի ես,- գիտեմ, եթե այնտեղ դնենք, դու չես թողնի, որ միացնեմ:

-Չէ՛, չէ՛, ի՞նչ ես ասում, խոստանում եմ` երբ ու ինչքան ուզես, կարող ես միացնել:

Ճիշտ է, ես այնքան էլ չէի հավատում, բայց համաձայնեցի: Անցավ որոշ ժամանակ: Ես կարողանում էի միացնել համակարգիչը և օգտվել, ինչքան ցանկանում էի: Բայց մի անգամ էլ, երբ մոտեցա, որ միացնեմ, եղբայրս վազելով եկավ կողքի սենյակից և չթողեց միացնեմ:

-Էս քո սենյա՞կն է, որ եկել ես, դուրս արի, էլ առանց հարցնելու չմոտենաս, ու եթե ես ասեմ` չէ՛, դու չմտնես այստեղ:

-Բայց…

-Ոչ մի «բայց», դո՛ւրս արի այստեղից:

Մինչև այդ ես հավատում էի մեծերի խոստումներին, ինչ էլ որ նրանք ասեին: Իսկ դրանից հետո ես հիասթափվեցի նրանից, որ նա չկատարեց իր խոստումը, և երբ նույնիսկ ծնողներս ինչ-որ բան էին խոստանում, ես ձեռքս թափ էի տալիս և գնում` մտածելով, որ նրանք էլ եղբորս նման չեն կատարի իրենց խոստումը:

Մի քանի օր հետո մայրս մոտեցավ ինձ և նվիրեց իր խոստացած ժամացույցը, որի մասին ես արդեն մոռացել էի` մտածելով, որ մայրս եղբորս նման չի կատարի իր խոստումը: Ես, տեսնելով իր ձեռքին ժամացույցը, առաջին պահին շատ զարմացա, բայց հետո շատ ուրախացա: Այդ ժամանակ եկավ եղբայրս և ասաց.

-Ես իմ գործերը համակարգչով արդեն վերջացրել եմ, կարող ես միացնել, օգտվել համակարգչից:

Եվ ես այդ օրվանից հավատում եմ, որ եթե ինչ-որ մեկն իր խոստումը առաջին օրը չի կատարում, ուրեմն պատճառ ունի և ժամանակի ընթացքում ուղղում է իր սխալը:

Սիրան Մանուկյան

12 տարեկան

296521_180032678741797_1183787913_n

Ես զզվում եմ մաթեմից` համախումբ, համակարգ, անհավասարում, հավասարում… Ատում եմ… Սակայն ուսուցչուհիս հաստատ գրավորը ստուգելիս այդ ամենը հաշվի չէր առնում և… (Նույնիսկ ամաչում եմ ասել): Երբ դասարանում ասում էինք գնահատականները, որպեսզի ուսուցիչն անցկացնի մատյան, երբ ես իմն էի ասում, բոլորը զարմացած ինձ էին նայում ու ասում.

-Վեներա՛, քեզ չի սազում:

Իսկ ես, վատ զգալով, սկսում էի կատակել: Գնալով ավելի շատ էի ամաչում: Եվ ամոթով էլ ավարտեցի ուսումնական տարին: Ամռան ընթացքում շատ էի աշխատում, որոշել էի նոր ուսումնական տարում ավելի լավ սովորել:

Եկավ նոր ուսումնական տարին: Ամեն ինչ լավ էր ստացվում, մինչև ուսուցչուհին ասաց, որ ինքնուրույն աշխատանք պետք է գրենք մաթեմատիկայից: Մտածելով իմ ապագա գնահատականի մասին` ես սարսափեցի… Որոշեցի մաթեմատիկա սովորել: Բացում էի գիրքը, տեսնում իրար հետևից շարված թվեր, x-եր և y-ներ…Հնչում էր հեռախոսի զանգը, ես չեմ սիրում հեռախոսով երկար խոսել, բայց հիշելով, որ զրույցս ավարտելուց հետո պետք է մաթեմ սովորեմ, երկարացնում էի զրույցս, հետո մի քիչ ինտերնետ էի մտնում, մի քիչ էլ հաց էի ուտում, մի քիչ էլ հայելու դիմաց կապիկություն էի անում, դե, մի փոքր էլ քրոջս հետ էի կռվում և որոշում, որ այսօր շատ հոգնած եմ և պետք է շուտ քնեմ, իսկ մաթեմիս հավասարումը կլուծեմ երևի երազումս: Սկզբից չէի հավատում, որ ես կարող եմ լուծել այդ թվերի «հորձանուտը», հետո սկսեցի ինքս ինձ տրամադրել, որ դա այնքան էլ դժվար բան չէ, և կարծես թե ստացվեց: Առաջ, երբ ընկերուհիս ինձ բակ էր կանչում, միանգամից համաձայնվում էի, առանց մտածելու տնային հանձնարարությունների մասին: Հետո, երբ տուն էի վերադառնում, ինձ սպասում էր հավասարումների մի ամբողջ շարք, իսկ ես անիմաստ ժամանակ էի վատնած լինում բակում: Մի կողմից ինձ կանչում էին հավասարումները` խոստանալով, որ իրենք հեշտ են, և կարող եմ լուծել, իսկ մյուս կողմից` ընկերուհիս հավաստիացնում էր, որ հավասարումները հաստատ ինձ ապագա չեն:

Ինչքան շատ եմ մաթենատիկա ուսումնասիրում ու խնդիրներ լուծում, այնքան ավելի շատ է այն ինձ հետաքրքրում, և ավելի շատ եմ համոզվում, որ ընկերուհիս սխալ է: Եվ գուցե կգա մի օր, որ ես մաթեմատիկոս դառնամ: Ես հավատում եմ, որ մի օր ամեն ինչ կստացվի:

Վեներա Գրիշյան

13 տարեկան

298584_180031838741881_2133809825_n

Տարօրինակ բան, ես հավատում եմ մայրիկիս արած կանխատեսումներին և խրատներին: Սովորաբար, երբ մայրիկս ինչ-որ բան է ասում, ես նրա հետ համաձայն չեմ լինում ու չեմ լսում նրան: Սակայն վերջում համոզվում եմ, որ նա ճիշտ էր, բայց արդեն ուշ է լինում:

Մայրիկս ասում էր.

-Իննա՛, լա՜վ, էլի, այդ Մարիամի հետ մի՛ շփվիր, նա քեզ ընկերուհի չի…

-Չէ՛, մամա՛, ինքը լավ աղջիկ ա, ինձ լավ ա վերաբերվում, ու ես հետը շատ մոտիկ եմ:

Մի քանի ամիս հետո.

-Մա՜մ,- ամոթից կարմրած դեմքով ասացի ես,- Մարիամի հետ եմ կռվել…

-Որ ասում էի` մի՛ շփվիր: Տեսա՞ր:

-Է՜, դե… Անպայման պիտի էնպես անես, որ ինձ վատ զգա՞մ,- պատասխանեցի ես:

-Լավ, ասա՛, ի՞նչ ա եղել:

-Ի՛, լրիվ գժվել ա, դեմքս կարմրել էր, ասում ա` կարմրաթշիկ գեղցի… Հետո էլ ինտերնետով իրար վիրավորել ենք վերջին խոսքերով:

-Է՜խ, Իննա՛, Իննա՛…

Նույն բանը կրկնվեց մեր դասարանի Մարիի հետ: Ու, իմ կարծիքով, ուզում է կրկնվել Լաուրայի հետ:

Մի դեպք էլ պատմեմ: Մորաքույրս պետք է երեխա ունենար, իսկ ես ու մայրիկս գրազ էինք եկել: Ես ասում էի, որ աղջիկ է ծնվելու, իսկ մայրիկս ասում էր` տղա: Ի վերջո տղա ծնվեց` Տիգրան անունով:

Եվ ընդհանրապես, շատ դեպքերում մայրիկս ճիշտ է լինում: Ես հավատում եմ նրա կանխատեսումներին ու խրատներին:

Չգիտեմ, որ մի չգրված օրենքով, ես պետք է այս ամենից դաս քաղեի ու միշտ հավատայի մայրիկիս ասածներին: Սակայն ես համառ եմ ու մինչև ինքս իմ կաշվի վրա չզգամ, մինչև չընկնեմ անհարմար ու վատ դրության մեջ, մայրիկիս խոսքերը չեմ հիշի: Ու ի՞նչ իմանամ, միգուցե այսօր էլ լիքը սխալ բաներ եմ անում, որոնց համար մայրիկս զգուշացնում էր, ու միգուցե օրերից մի օր սրանց համար էլ զղջալու եմ…

Իննա Ազնաուրյան

14 տարեկան

293909_180031858741879_64461088_n

Ես, ընդհանրապես, ամեն ինչին հավատում եմ: Ինձ շատ հեշտ է համոզել և նույնիսկ խաբել: Իմ մայրիկն ու հայրիկը հաճախ են ինձ հետ կատակներ անում` իմանալով իմ այդ բնավորությունը: Մի օր ցերեկը ես պառկել էի քնելու: Ես շատ երկար էի քնել, և մայրիկս չգիտեր, թե ինձ ինչպես արթնացներ: Արդեն երեկոյան ժամը ութն էր: Սկսել էր մթնել: Մայրիկս նստեց կողքիս և շշուկով ասաց.

-Դավի՛թ, վե՛ր կաց, ժամը ութն ա, դասից արդեն ուշանում ես:

Ես միանգամից վեր կացա, նայեցի ժամացույցին, հետո պատուհանից դուրս նայեցի: Ինձ թվաց, թե առավոտվա ժամը ութն է, և նոր է սկսում լուսանալ: Ես սկսեցի արագ-արագ հագնվել և չէի հասկանում, թե ինչու են մայրիկս, հայրիկս ու քույրիկս ծիծաղում: Երբ հասկացա, որ կատակ են արել, սկզբում բարկացա, բայց հետո սկսեցի ծիծաղել: Մայրիկս իրեն մեղավոր էր զգում: Նրա մտքով չէր անցնում, որ ես կհավատայի իր ասած ամեն խոսքին:

Դավիթ Սողոյան

10 տարեկան

293642_180031895408542_501976323_n

«Ուղարկի՛ր SMS 1900 համարին և ստացի՛ր հորոսկոպի քո նշանին համընկնող տեղեկատվություն: Եթե խոյ ես, ուղարկի՛ր 01, եթե…»:

Ընկերուհուս հետ այդ գովազդը լսելուց հետո ես ուղարկեցի հորոսկոպի իմ նշանին համընկնող թիվը, ուզում էի ստուգել, թե ճի՞շտ են կանխատեսում: Ինձ եկած հաղորդագրությունից հետևում էր, որ ես այդ օրը պետք է հանդիպեի կամ զրուցեի «իմ կյանքի ընկերոջ» հետ: Ես ընկա մտորումների մեջ և…

-Սո՜ւտ ա, ինքը բանակում ա,- բղավեցի ես կողքս նստած ընկերուհուս վրա` չհասկանալով, որ նա ընդհանրապես մեղավոր չէ իմ բարկության համար:

Ես, հիշելով, որ նա` «կյանքիս ընկերը», հեռու է ինձանից, շատ տխրեցի, արդեն հուզվում էի, երբ ընկերուհիս ասաց.

-Մե՛ր ջան, լա՛վ, հանգստացի՛ր, արի՛ գնանք ման գալու, մի քիչ կցրվես…

Դուրս եկանք, ահագին քայլեցինք, և ես փոքր-ինչ հանգստացա: Արդեն նույնիսկ չէի էլ հիշում հին մտքերիս մասին, չաչանակ ընկերուհիս մտածելու ժամանակ էլ չէր թողնում:

-Լսո՞ւմ ես, Մե՛ր, ես էլ հարցրի` ո՞րն էր իմաստն ինձ էդ SMS-ն ուղարկելու…,- և այսպես շարունակ:

Հանկարծ մեկն ինձ կանչեց.

-Մերի՛, բարև:

Ես շրջվեցի և…

Այդ օրվանից ինձ մոտ եղած գումարն օգտագործում եմ հեռախոսս վերալիցքավորելու համար, քանի որ ամբողջ գումարս վատնում եմ 1900 համարին SMS-ներ ուղարկելով:

Մերի Սիմոնյան

14 տարեկան

303259_180032278741837_1053895088_n

Մի օր գնացել էի տատիկիս տուն և այդ օրը մնացել էի այնտեղ: Հանկարծ գիշերը տարօրինակ ձայն լսեցի և գնացի դրա ուղղությամբ: Հայտնվեցի տատիկիս սենյակում: Նա քնած տեղը խոսում էր: Ես վախեցած ասացի.

-Տատի՛, տատի՛, արթնացի՛ր:

Իսկ նա նորից խոսում էր:

-Տատի՛, տատի՛, արթնացի՛ր,- նորից ասացի ես:

Երբ արթնացավ, հարցրեցի.

-Տատի՛, ի՞նչ ա եղել:

-Գնալու ենք Վանաձոր հարսանիքի,- ասաց տատիկս:

Հաջորդ օրը մայրիկիս զանգահարեց Դոնար տատիկը և հրավիրեց իր որդու հարսանիքին: Այդ օրվանից հետո ես սկսեցի հավատալ տատիկիս երազներին, բայց իմ երազներին` ոչ: Երբ առավոտյան արթնանում եմ, նույնիսկ չեմ հիշում` ինչ երազ եմ տեսել: Բայց երբ տատիկս իր հերթական երազն է պատմում, ուշադրությամբ նստում լսում եմ և հավատում, որ այդ ամենը կատարվելու է: Բոլորն ինձ ասում են, որ այդ ամենը հիմարություն է: Միգուցե երբ մեծանամ, այլևս չեմ հավատա երազներին, բայց մեկ-մեկ զուգադիպություններ են լինում, և երազները կատարվում են:

Տաթևիկ Դավթյան

11 տարեկան

317269_180031685408563_532814094_n

Իմ հայրիկը ջութակահար է: Մի անգամ, չորս թե հինգ տարեկանում, ես գնացի հայրիկիս համերգին: Նրանք նվագում էին մի երաժշտություն: Այնքան բարձր էին նվագում, իսկ հանդիսատեսը ծափահարում էր: Ես էլ էի ծափահարում: Ինձ շատ-շատ էր դուր եկել: Ես նստած էի առաջին շարքում: Երբ ես լսեցի ոնց էր հնչում ջութակը, ուզեցի նվագել ջութակ, բայց հայրիկս ասում էր, որ դժվար է նվագել ջութակ: Մի անգամ, երբ տատիկս տուն եկավ, հետը ջութակ բերեց, և ես շատ ուրախացա: Մի անգամ էլ ես բեմ կբարձրանամ հայրիկի փոխարեն և կնվագեմ ջութակ, ու իմ փոխարեն դահլիճում հայրիկս նստած կլինի:

Եվա Ասատրյան

7 տարեկան

311955_180032078741857_98860268_n

Ես հավատում եմ, որ եթե Աստծուց ինչ-որ բան խնդրես, քո խնդրանքը կկատարվի: Օրինակ` մի անգամ ես բնագիտությունից թեստ պետք է գրեի: Ես անընդհատ պարապում էի, բայց երբ մայրիկս հարց էր տալիս, ես չէի կարողանում պատասխանել: Դրա համար քնելուց առաջ ես միշտ աղոթում էի, որ թեստը լավ գրեմ: Եվ երբ կարդացի հարցը, որի պատասխանը միշտ մոռանում էի, թեստի օրը հիշեցի: Աղոթքներս օգնեցին: Դրա համար էլ հավատում եմ Աստծուն:

Մի դեպք էլ հիշեցի: Ես վերջերս եղբայր ունեցա: Եվ մինչ նրա ծնվելն աղոթում էի, որ նա ալերգիա չունենա իմ, եղբորս, մայրիկիս նման: Ես խնդրում էի. «Թո՛ղ, որ եղբայրս առողջ լինի»: Երբ եղբայրս ծնվեց, մայրիկն ու հայրիկը տարան նրան բժշկի: Բժիշկն ասաց, որ նա ալերգիա չունի: Տեսա՞ք, որ այստեղ էլ աղոթքներս օգնեցին:

Մարիամ Հերգնյան

9 տարեկան

304027_180031815408550_141708636_n

Ծաղիկները խոսում են մեզ հետ` հավատում եմ: Աստղերը ժպտում են ինձ` հավատում եմ: Անձրևը երջանկություն է բերում` հավատում եմ: Հարազատներս ինձ սիրում են` հավատում եմ: Հավատում եմ հեքիաթներին, հավատում եմ, եթե լավ վերջաբան են ունենում: Հավատում եմ, որ խաղալիքները նույնպես կենդանի են, այդ պատճառով լավ եմ խնամում նրանց: Հավատում եմ, որ իմ մեջ կա մի «ձայն», որը միշտ խոսում է ինձ հետ, երբ ես մենակ եմ: Նույնիսկ Ձմեռ պապիկին եմ հավատում: Եվ ամենակարևորը, հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես հավատում եմ ամեն ինչի, ինչի ուզում եմ հավատալ:

Շատերը հարցնում են` հավատո՞ւմ եմ Աստծուն կամ այլմոլորակայիններին կամ էքստրասենսներին: Ես չգիտեմ, չեմ կարող հավատալ կամ չհավատալ այն բաներին, ինչին նույնիսկ մեծերը բացատրություն չեն կարող տալ: Հասկանում եմ, որ կա մի ինչ-որ գերբնական ուժ, որի առաջ մարդ անզոր է, բայց ինչ է դա` ես չգիտեմ: Բայց ես ուզում եմ հավատալ, որ դա բարի ուժ է և կփրկի իմ հարազատներին:

Լուսինե Ղազարյան

14 տարեկան

304171_180031802075218_26955073_n

Ես հավատում եմ իմ երևակայությանը և իմ հնարած պատկերներին: Լինում են դեպքեր, երբ սարսափ գրելուց հետո նրանցից մի քանիսին տեսնում եմ խավարի մեջ: Եթե չկարողանայի օգտվել իմ երևակայությունից, ապա չէի կարողանա նրանց պատկերացնել, տեսնել, հավատալ և այդ ամենը հանձնել թղթին: Ես հավատում եմ երևույթներին, որոնք երևակայությանս վառ արդյունքներն են, բայց ես հավատում եմ դրանց այնքանով, որքանով նրանք պատկանում են ինձ: Բայց եթե չկարողանամ կառավարել նրանց, միգուցե մի օր ե՛ս նրանց պատկանեմ: Դա իմ աշխարհն է և անտեսանելի է ուրիշներին ու գոյություն ունի միայն ինձ համար: Դա իմ երևակայության աշխարհն է, որին ես հավատում եմ:

Կարեն Սուքիասյան

15 տարեկան

298650_180032245408507_451187403_n

Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր ասում են, թե իրենք ոչնչին կամ ոչ մեկին չեն հավատում, իսկ ես չեմ հավատում նրանց: Ինձ թվում է, որ չի կարելի ապրել առանց ինչ-որ բանի հավատալու: Ամեն օր մարդիկ դուրս են գալիս տանից, նրանց հետ կատարվում են տարբեր իրադարձություններ: Նրանց կյանքն ամեն օր ընթացքի մեջ է, և չհավատալ ինչ-որ մեկին նշանակում է այդ ընթացքը մենակ ապրել: Միգուցե նրանք հավատում են, բայց ամաչում են բարձրաձայնել այդ մասին: Եվ այդ հավատը կարող է ամենապարզից մինչև ամենաբարդ ու անբացատրելին լինել: Օրինակ` երբ փոքր երեխաներն արդեն պատանի են դառնում, ավելի մեծահասակ երևալու համար ասում են, թե իբր չեն հավատում Ձմեռ պապիկին, բայց սրտի խորքում նրանք, իհարկե, հավատում են նրա գոյությանը: Կարող եմ նաև իմ օրինակը բերել: Ես արդեն տասը տարուց ավելի է` ամեն կիրակի հաճախում եմ եկեղեցի և անգամ չեմ էլ հիշում, թե երբ եմ սկսել հավատալ Աստծուն: Այնպիսի տպավորություն է, որ ես Նրան հավատացել եմ ամբողջ կյանքիս ընթացքում: Բայց երբ սկսեցի դպրոց հաճախել, թաքցնում էի իմ հավատը: Ինձ թվում էր, որ ինձ կհամարեն տարօրինակ կամ ուղղակի չեն ընդունի: Բայց հետո հասկացա, որ ամաչելու ոչինչ չկա, և եթե ես հավատում եմ ինչ-որ մեկին, ուրեմն թաքցնել պետք չէ, չէ՞ որ դա իմ ընտրությունն է:

Բացի Աստծուց, ես հավատում եմ նաև իմ ծնողներին, ընկերներին և այլն: Իմ ամենամտերիմ մարդկանցից մեկն իմ քույրն է: Նա ինձ երբևէ չի խաբել, և ես վստահում եմ նրան իմ բոլոր գաղտնիքները: Ես չեմ հավատում կամ ընդունում նրա բոլոր ասածները, բայց շատ ժամանակ նրա կարծիքը համընկնում է իմ կարծիքին, և ես հավատում եմ նրան, քանի որ նա նման է ինձ: Ու բացի այդ, չէ որ նա իմ ավագ քույրն է, և երբ ես փոքր էի, առանց կասկածելու ու քննարկելու ընդունում էի նրա ասած ամեն բառը:

Շողակաթ Մուրադյան

14 տարեկան

304166_180032185408513_939863918_n

Անցյալ տարի ես քննություններ էի հանձնում, որոնք շատ բարդ էին: Սակայն ես ամենից շատ սարսափում էի անգլերեն քննությունից, որին պատրաստվելու համար ունեի ընդամենը մեկ ամիս: Ես պետք է գրեի քսան պատմություն և սովորեի պատմել տարբեր թեմաներով` Լոնդոն, Մեծ Բրիտանիա, իմ սիրած գրողը և այլն: Սկզբում ես ամբողջ դասարանով և դպրոցով ընկած փնտրում էի այդ պատմությունները, և ինձ կմնար միայն անգիր սովորել: Առաջին հերթին ես զանգահարեցի ընկերուհուս:

-Բարև, Լո՛ւս:

-Բարև:

-Լո՛ւս, կարո՞ղ ես քո պատմությունները տալ քսերոքս անեմ:

-Տա՛թ, չեմ կարող, նույնը կլինի, համ էլ, ես էլ պետք է պարապեմ:

Նրա մերժումը ստանալուց հետո զանգեցի ուրիշներին, սակայն նրանցից ամեն մեկը պատճառ էր բերում, և ես, հուսախաբ եղած, այդպես ապարդյուն վատնեցի 15 օր: Ես հասկանում էի, որ շատ քիչ ժամանակ էր մնացել ինձ, և ես այդպես փնտրելով ոչնչի չեմ հասնի: Շատ էի ուզում աշխատել ինքս ինձ վրա և սկսել գրել ու սովորել, բայց դա այնքան դժվար էր: Ես չգիտեի` որտեղից սկսել և վերջացնել: Փորձում էի իմ մեջ ուժ գտնել և գրել: Եվ սկսեցի գրել առաջին պատմությունն ու զգացի, որ դա այնքան էլ դժվար չէ, պարզապես ես էի ծուլանում: Ես հասկացա, որ սխալ եմ վարվել` հավատալով ուրիշներին, թե նրանք պետք է ինձ օգնեին: Ես քննությունս շատ  լավ հանձնեցի, քանի որ հավատացի իմ ուժերին:

Տաթև Հակոբյան

15 տարեկան

306916_180032605408471_575876949_n

-Սե՛դ, եթե քեզ ասեին, որ մի տարի դասից ընդհանրապես չպիտի բացակայես, ամեն օր բոլոր դասերդ պետք է անես, հանրն էլ հետը, ու չպիտի դասից ուշանաս, բայց քեզ մի հատ վերջին շարքերում Ջեքսոնի համերգի տոմս տան, կանեի՞ր:

-Ես հանրից լրացուցիչ վարժություններ էլ կլուծեի, մենակ մի հատ տոմս տային:

-Սե՛դ, բայց վերջին շարքի համար, որտեղից համարյա բան չի երևում, էլ ի՞նչ իմաստ ունի քո գնալը:

-Ես հետս հեռադիտակ կվերցնեի ու շատ լավ էլ կերևար,- արդեն երազանքների գիրկն ընկնելով` ասացի ես:

-Չեմ հավատում: Պատկերացնո՞ւմ ես, ամեն օր բոլոր դասերդ անես, պարապմունքներն էլ հետը, համ էլ չես հասցնի,- ամեն կերպ փորձում էր ինձ մտափոխել Մերին:

-Կհասցնեմ: Գիշերն ուշ կքնեմ, առավոտն էլ շատ շուտ կարթնանամ:

-Հա՛, բայց մի տարի՞: Չէ՛, միևնույն է, չեմ հավատում:

-Բայց ինչի՞ չես հավատում, ինչ է, դու չէի՞ր  անի:

-Ո՞ւմ համար, Ջեքսոնի՞,- զարմացած հարցրեց իմ շատ լավ դասընկերուհին` Մերին:

-Չէ՛, քո շատ սիրելի երգիչ Արամեի:

-Բայց ի՞նչ իմաստ ունի այդքան ինձ տանջեմ, ես հենց համերգ ա լինում, որտեղ Արամեն մասնակցում ա, շատ հեշտ տոմսը վերցնում եմ ու գնում, այն էլ` մեջտեղի շարքերի տոմս: Էնպես որ, դու քո մասին մտածի՛:

-Ես մտածելու բան չունեմ: Մի օր հաստատ կգնամ:

Անցավ երեք ամիս: Ես վայելում էի հունիսի քսանվեցի առավոտը ու բոլորովին չէի մտածում արթնանալու մասին: Հեռախոսս զնգաց: Ես վախեցած վերցրեցի հեռախոսը:

-Ալո,- քնած ձայնով ասացի ես:

-Սե՛դ, բարև, Մերին ա:

-Գժվե՞լ ես, ինչի՞ ես էսքան շուտ զանգել:

-Սե՛դ, ամբողջ Ամերիկան գիշերը չի քնել, իսկ դու… Հետո էլ ասում ես` ամենաշատը Ջեքսոնին եմ սիրում:

-Մե՛ր, ի՞նչ է եղել:

-Հեչ… Ուղղակի ինձ թվում ա, որ երազանքդ էլ չի կարող կատարվել, դու էլ չես կարող գնալ Ջեքսոնի համերգին, բա՜:

Առավոտյան ժամը ութն էր, երբ ես հեռուստացույցի առաջ նստած` CNN էի նայում: Ճիշտ է, ես անգլերեն այդքան էլ լավ չեմ հասկանում, դե, այսինքն` բացի «Michael Jackson dead» և ներքևում գրած «Breaking News»-ից ուրիշ ոչինչ չէի հասկանում, բայց միևնույն է, ողջ օրը CNN էի դիտում: Ես իսկապես շատ էի տխրել:

Ճիշտ է, Մայքլ Ջեքսոնը վախճանվել է, ու ես այլևս չեմ կարող մասնակցել նրա համերգին, բայց փոխարենը հավատում եմ, որ մի օր կգնամ Ամերիկա ու անպայման իր աստղի մոտ թարմ ու գեղեցիկ ծաղիկներ կդնեմ:

Սեդա Խուբլարյան

14 տարեկան

(Շարունակելի)

Լուսանկարները` «Մանանա» կենտրոնի արխիվից, 1999-2009թ.

302215_180031755408556_106200689_n

arxiv

Իդեալական ուսուցչի բաղադրատոմս

Փոքր ժամանակ, երբ դեռ դպրոց չէի հաճախում, մեծ հիացմունքով էի նայում ավագ քրոջս, ով դաս սովորելիս անընդհատ քայլում էր սենյակում: «Քիչ մնաց, շուտով ես էլ դպրոց կգնամ ու բոլոր-բոլոր առարկաները լավ կսովորեմ, որ հետո ինչ ուզեմ` դառնամ»,- մտածում էի ես` այս տեսարանը դիտելիս:

Հետո երազանքներս կամաց-կամաց սկսեցին իրագործվել:

Նոր էի դպրոց գնում և վստահ էի, որ բոլոր առարկաներն էլ լավ եմ սովորելու և պատկերացնում էի ինձ` իմ բոլոր առարկաների հետ կապված մասնագիտություններով: Բայց երբ սկսեցի բարդ առարկաներ անցնել, հասկացա, որ չեմ կարող բոլորն էլ շատ լավ իմանալ: Արդեն ինձ բոլորը խորհուրդ էին տալիս ընտրել իմ մասնագիտությունը, բայց ես ոչ մի բնագավառում ինձ չէի պատկերացնում: Միայն գրականությունն էր ինձ ձգում, բայց ոչ այն գրականությունը, որն անցնում ենք դպրոցում (մինչև հիմա չեմ կարողանում կարդալ այն գրքերը, որոնք մեզ հանձնարարում են): Բայց մասնագիտություն չես ընտրի: «Չէ, լեզուներ սիրում եմ, իհարկե, բայց ինձնից ի՞նչ լեզվաբան: Բնագիտական առարկաները ընդհանրապես բացառվում են… Պատմություն չեմ սիրում: Վերջ, էլ ոչ մի բան չմնաց, ես երևի ոչ մի բան էլ չեմ դառնա»:

Հասկացա, որ պետք չի սահմանափակվել դպրոցի առարկաներով: Հիմա գտել եմ իմ մասնագիտությունը: Չգիտեմ, եթե դպրոցում ժուռնալիստիկա անցնեինք, կսիրեի՞, թե՞ ոչ:

Հաճախ մտածում եմ, որ ամեն առարկա էլ կարելի էր սիրել, եթե ուսուցիչը այնպես սիրեր իր առարկան, որ մեզ էլ դրանով վարակեր: Ուստի ես մտածել եմ լավ ուսուցչի իմ բաղադրատոմսը:

Մեզ անհրաժեշտ է շատ մեծ կաթսա, քանի որ բաղադրիչները շատ-շատ են: Առաջին հերթին վերցնում ենք գիտելիքների շատ մեծ պաշար և փորձ, վրան ավելացնում ենք հետաքրքիր խոսելու ունակություն: Ստացված խառնուրդին ավելացնում ենք երեխաների հետ ընկերանալու և նրանց դասով հետաքրքրելու կարողություն: Լավ խառնում ենք և ավելացնում կարծիք, որ դասին պետք չէ բավարարվել միայն դասագրքի միջի անհամ նյութով, կարելի է պատմել նաև բազմաթիվ հետաքրքիր պատմություններ, որոնք բոլորը մեծ հետաքրքրությամբ կլսեն: Քիչ էր մնում մոռանայի` այս ամենը համեմում ենք ամենակարևոր բաղադրիչով` ցանկությամբ` կատարելու իր գործը:

Լավ խառնում ենք և դնում ջեռոցը: Թողնում ենք 30-35 րոպե: Վերջ:

Իդեալական ուսուցիչը պատրաստ է:

 Մարիամ Նալբանդյան, 13 տ, 2012թ.

mane tonoyan

Ինչպես լավատես լինել

Իմ բնավորության ամենավատ գիծը հոռետեսությունն է: Դա ինձ կյանքում շատ է խանգարում: Բոլոր իրավիճակներում իմ մտքին առաջինը վատն է գալիս: Դա սարսափեցնում է ինձ, որովհետև ինչպես ասում են` եթե շատ մտածես վատի մասին, վերջիվերջո այն կիրականանա: Օրինակ` երբ ես պետք է հանդիպեմ որևէ մեկին, և նա պայմանավորված ժամից ուշանում է, ես միանգամից մտածում եմ, որ նրա հետ վատ բան է պատահել:

Բացի այդ, չափից շատ եմ մտածում: Կարող եմ գիրք կարդալու ընթացքում կարդացածիցս ոչինչ չհասկանալ, որովհետև տարված եմ լինում իմ մտքերով: Հաճախակի եմ մտածում կյանքի ու մահվան մասին:

Ես սիրում եմ լավատես մարդկանց: Նրանց կյանքն ավելի թեթև է ու խաղաղ: Ես շատ եմ ուզում նրանց պես կարողանալ չընկճվել մանրուքների պատճառով և ամենադժվարին իրավիճակներում անդավաճան մնալ լուսավոր ապագայի հույսերին:

Օգնեք ինձ լինել այդպիսին:

Մ.Խ., 16 տարեկան

Ուրախ կլինեմ քեզ օգտակար լինել, սակայն մինչ այդ ուզում եմ գրել, որ ցանկացած հոգեբանական օգնություն իզուր կլինի, եթե դրա հիմքում ընկած չլինի ինքնօգնության գաղափարը: Այսինքն` քո սեփական ցանկությունը օգնելու ինքդ քեզ: Քո նամակը խոսում է այն մասին, որ, իրոք, անհանգստանում ես և ցանկանում ես ինչ-որ բան փոխել, ինչը, առանց չափազանցության, շատ ողջունելի է և կարևոր:

Դու արդեն իսկ գտնվում ես ներքին փոփոխությունների ճանապարհին այն առումով, որ կարողացել ես զգալ, թե բնավորության որ գիծն է կյանքում քեզ շատ խանգարում և սարսափեցնում` հոռետեսությունը: Բացի այդ, դու նաև պատկերացնում ես, թե ցանկալի փոփոխության արդյունքում ինչպիսին կուզենայիր լինել` չընկճվել մանրուքներից և անդավաճան մնալ լուսավոր ապագայի հույսերին… Սրանք ամենակարևոր օղակներն են` ինչն է ինձ խանգարում, ինչի դեմ եմ պատրաստվում պայքարել (վատատեսություն) և ինչպիսին եմ ուզում լինել (չընկճվել մանրուքներից և չկորցնել հույսը):

Կյանք և մահ. չկա մի մարդ, ով երբևէ չի մտածել կյանքի ու մահվան մասին, ինչպես դու, ինչպես ես և ինչպես բոլորը: Մահվան մասին մտածելը նույնքան անխուսափելի է, որքան հենց ինքը` մահը… Գրավելով մարդու միտքը` այն մեզ դարձնում է անհանգիստ, տագնապած, ցրված… Իսկ տագնապած մարդը տրամադրված է ընկալելու վատը, այլ բառերով` վատատես է: Կարծում եմ` հասկանում ես ինչ նկատի ունեմ:

Սիրել լավատես մարդկանց, նշանակում է սիրել հենց կյանքը: Երբ կյանքը սիրելի է, մահն անհանգստացնում է, այսինքն` մտածելով կյանքի մասին, մենք ակամայից սկսում ենք մտածել նաև մահվան մասին: Իսկ դու մտածում ես կյանքի ու մահվան մասին միաժամանակ: Կյանքը սիրելը և դրա մասին մտածելը բերում է մահվան մտքին և անհանգստության ու վատատեսության…

Սակայն կյանքից դեպի մահ ուղղությամբ մտածելուց հետո, պետք է մտածել նաև հակառակ ուղղությամբ` այսինքն, մահվան մտքից էլ փորձել տեսնել կյանքի գաղափարը: Մի բևեռից գնալով դեպի մյուսը` կյանքից մահ, ապա դարձյալ տեղափոխվելով հակառակ բևեռ` մահից կյանք, մարդ ձեռք է բերում հավասարակշռություն և ապրելու, չընկճվելու, դիմակայելու հույս:

Մահը նման է վերջակետի: Անկախ այն բանից` մարդու կյանքը նման է երկար նախադասության, թե կարճ, գալիս է վերջակետը, և մենք զգում ենք դրա անդառնալիությունը…

Լավ հասկանալով մահվան անդառնալի, ծանր և դաժան լինելու փաստը, պետք է ընդունել, որ այն կյանքի շարունակությունն է, և եթե չլիներ մահը, չէր լինի և կյանքը: Դրանց հերթագայումն է բերում մարդկության զարգացման, և այդ ընդհանուր զարգացման ճանապարհին մենք օղակներ ենք: Երբ գիտակցում ես մահվան անդառնալիությունը, միևնույն ժամանակ, ընդունում ես այն որպես բնական իրողություն, դու կարողանում ես ցանկացած դժվար իրավիճակ համեմատել վատթարի հետ և հասկանալ, որ մահվան համեմատ այն չնչին դժվարություն է:

Պետք է շարունակել ապրել, չկենտրոնանալ մանրուքների վրա` հասկանալով, որ մահվան համեմատ դրանք ոչինչ են, իսկ դժվարին իրավիճակներում, քանի դեռ կյանքը շարունակվում է, միշտ կարող ես դնել ստորակետեր, փորձել տարբեր ելքեր` հուսալով լավը:

Մանե Տոնոյան

arxiv

Դպրոցական պատմություններ

Բա որ ասում էի` չսովորե՞մ

Դասից տուն եկա, հաց կերա և անցա դասերիս: Բացեցի օրագիրս և տեսա, որ շատ դաս ունեմ սովորելու. հանրահաշիվը 10 վարժություն է հանձնարարել, կենսաբանությունից 2 դաս և յուրաքանչյուր դասի ծավալը` մի 3 թերթ, պատմությունից` 1 դաս, բայց երկար, անգլերենս` 7 վարժություն, 1 անգիր ու 1 դաս էլ` պատմելու:

Հուսով եմ այդքանը բավարար պատճառ է վաղը դասի չգնալու համար: Օրագիրս վերցրեցի, գնացի մայրիկիս մոտ ու սկսեցի քարոզ կարդալ:

-Մա՛մ, շատ դաս ունեմ, խնդրում եմ, վաղը դասի չգնամ:

-Ի՞նչ դաս ունես:

-Հանրս լիքը վարժություն է տվել, կենսաբ

-Չէ, նստի՛ր, դասերդ սովորիր, ստուգելու եմ:

Մայրիկիս համոզելը դժվար է: Դրա համար մտա սենյակ և մինչև 12-ը իբր դաս էի սովորում: Հետո կարծեցի, թե մայրիկս արդեն քնել է, զգույշ գրքերս ձեռքիս սենյակից դուրս եկա, բայց… Բախտս չբերեց: Մայրիկս բազկաթոռին նստած` ինձ էր սպասում: Քանի որ մենակ գրավորների կեսն էի արել, դրանից հետո մի 2 ժամ էլ դեռ նստեցինք: Բայց սովորեցի, իսկ մյուս օրը բոլորս քնած մնացինք, և ես դասի չգնացի:

Իզուր էր այդքան սովորելս:

Ռիմա Տոֆանյան

***

Արգիշտի թագավորի արկածները մեր դասարանում

 

Ո՞վ է լսել, որ իններորդ դասարանցիները հանդես անեն:

Լավ, թեկուզ լսած լինեք` դա կապ չունի… Ուղղակի ուզում եմ ասել, որ հիմա այդպիսի բաներ չեն անում: Հասկացա՞ք, դե հիմա փորձեք այդ նույն բանը մեր պատմության երիտասարդ ուսուցչուհուն հասկացնել:

-Երեքշաբթի օրը հանդես ենք անելու:

-Չէ՜:

-Ինչո՞ւ «չէ»:

-Ամոթ է,- ասաց Աշոտը,- չենք անի:

-Ես արդեն խոսքերը բաժանել եմ:

-Չէ՜:

-Ճիշտ է ասում,- դժգոհ ասացի ես,- ինձ Արգիշտի թագավորի խոսքերն եք տվել:

-Հետո՞ ինչ,- զարմացած հարցրեց ուսուցչուհին,- կարո՞ղ է վատ խոսքեր են:

-Բա ի՞նչ են… Լավ, թեկուզ լավ խոսքեր լինեին, ես Արգիշտիին հեչ հման չեմ:

-Էդ ինչի՞ց եզրակացրեցիր:

-Սկսենք նրանից, որ ես աղջիկ եմ… Հետո…,- էլ չկարողացա ասել, որ հետո` անգիրը երկար է: Ամոթ է:

-Աղջիկ-տղա, նման լինելը հեչ կապ չունի: Կարևորը ճիշտ արտասանելն է: Դե, լավ…

Այս խոսքի վրա սիրտս սկսեց «ուրախ» բաբախել: Ուրեմն համաձայն է դերս փոխել, ուրեմն նա հասկացավ ինձ…

-Դե լավ, հերիք է խոսենք: Եկեք փորձ անենք: Արգիշտի՛ թագավոր, սկսի՛ր:

Չէ, նա չհասկացավ ինձ, իմ խոսքերը ուրիշին չտվեց, ու չի էլ տա…

Այսքան գրեցի, գրեցի, երանի գրածս կարդալով գոնե ինձ հասկանա:

Էլեոնորա Հարությունյան

***

Դաստիարակչական քայլ

Գրում ենք ստուգողական աշխատանք: Բոլորը լուռ ու խորասուզված աշխատում են: Հանկարծ մի «նամակ» ստացա. «Անի՛, տո՛ւր պատասխանները»: Երկար մտածելով` հասկացա, որ տալու դեպքում նրան կվնասեմ: Կսկսի հույսը դնել ուրիշների վրա և ամբողջ կյանքում ինքն իրեն չի վստահի: Չուզենալով նրան վնաս պատճառել` մի «նամակ» էլ ես գրեցի. «Չեմ ցանկանում լավամարդ դառնալ, որի արդյունքում դու կտուժես»:

Ընկերուհիս մի «նամակ» էլ գրեց, որտեղ մեղադրում էր ինձ, թե իբր չեմ ցանկանում իրեն օգնել: Իմ սովորության համաձայն, փորձեցի նրան հասկացնել, որ ինձ համար դժվար չի վարժությունները լուծել և տալ, բայց այդպիսով իրեն լավություն չեմ անի:

Ես չտվեցի լուծած վարժությունները, ու նրա կողմից էլ չհասկացվեց իմ լավությունը: Ճիշտ է, ես այնքան էլ չհուսահատվեցի` մտածելով, որ ամեն մարդ չէ, որ ընդունակ է հասկանալու դիմացինին: Ի՞նչ արած…

Բայց այս ամենը գիտակցելու հետ մեկտեղ` մեջս կար նաև տհաճության զգացում, որը, բարեբախտաբար, կարողացա հաղթահարել:

Անի Դեղոյնան