Մանանայի արխիվից խորագրի արխիվներ

arxiv

Շաբաթօրյա եռուզեռ

Այսօր արթնացա սովորականից շուտ, բայց, իհարկե, պատճառ կար: Մեր հարևանը նորից դրսում ցույց էր կազմակերպել, դե ես էլ արթնացա նրանց գոռգոռոցներից:

-Մա՛մ, որտե՞ղ ես,- ձայն տվեցի մայրիկիս:

-Մաման տանը չէ, թող քնեմ, ձայնդ գլուխդ մի՛ գցիր,- զայրացած ասաց քույրս:

-Դի՛ն, բա ո՞ւր գնաց, միգուցե…

-Հա, ճիշտ այդպես, դրսում ցույցին է մասնակցում:

-Մամա՞ն, զարմանալի է,- հազիվ լսելի ձայնով ասացի ես:

-Չէ, Ջո՛ւլ, չէր ուզում գնալ, ստիպված էր. եթե չգնար, Սեդա տատիկը կներխուժեր մեր տուն ու զոռով կտաներ: Չէ՞ որ կարևոր հարց էր:

-Ի՞նչ հարց:

-Դե, պետք է շաբաթօրյակ անենք,- ասաց քույրս:

-Մե՞նք,- վախեցած հարցրեցի ես:

-Հա, դրա համար էլ ասում եմ` գնա, թող քնեմ, մեկ ժամից իջնելու ենք բակ, որ մաքրենք,- ասաց քույրս ու արդեն պատրաստվում էր քնելու:

-Բայց ոչ, ես արդեն զզվել եմ. մեկ շաբաթօրյակ, մեկ ծառատունկ, բավակա՛ն է, էլի, ոնց որ շենքի ղեկավարը լինի, զզվեցինք, էլի,- գոռալով խոսում էի, բայց թերևս քույրս ինձ չէր լսում:

Սեդա տատիկը շատ ծեր է` մոտ 85 տարեկան, սակայն 38 տարեկանից ավել չես տա, և ունի շա՜տ-շա՜տ էներգիա: Նա գիտի, թե ում տուն երբ է մարդ գալիս ու գնում, ինչու է գալիս, և ով է նա:

-Ջուլիանա՛,- լսում եմ ներքևից մայրիկիս ձայնը:

Նայեցի պատուհանից և…

-Ներքև իջիր, Ջուլիանա՛, արա՛գ,- ասաց Սեդա տատիկը:

Նա նույնիսկ չթողեց, որ մայրիկս խոսի:

-Մա՛մ…

-Իջի՛ր, հա՞,- մայրիկս էլ չէր ուզում, բայց պետք է իջնեի հանուն մայրիկի:

Իջա: Սեդա տատիկը միանգամից ձեռքս տվեց ավելը և աղբի արկղը, որ գործի անցնեմ:

-Մա՛մ, այս ի՞նչ է:

-Ես չգիտեմ, Սեդա տատիկն է կազմակերպել:

Ես, իհարկե, շատ բարկացա, բայց հետո զրուցեցի մայրիկի հետ և հասկացա, որ առանց մեր այս հարևանի ամեն ինչ կատարյալ չէր լինի, բամբասանքը օրեցօր չէր ճյուղավորվի, ու մենք էլ այսքան չէինք ծիծաղի, բայց չեմ հասկանում, թե ինչ կա այստեղ ծիծաղելու, ախր, շատ լուրջ խնդիր է:

Ջուլիանա Առաքելյան 15տ., 2006թ.

arxiv

Շատ բան չի փոխվել նաև այսօր

Արշավ

Մի անգամ մենք որոշեցինք գնալ արշավի: Եկան նաև հայրիկիս ընկերները: Վերցրինք վրանները և գնացինք Հաղարծին: Առաջին տեղը մեզ շատ հարմար թվաց: Մայրիկն ու հայրիկը պատրաստվում էին իջնել գետից ջուր բերելու, երբ մի գերան դղրդալով ընկավ նրանց ոտքերի առաջ: Պարզվեց, որ անտառը կտրում են: Մնալ հնարավոր չէր: Մենք արագ հավաքեցինք վրանները և փախանք այդ սարսափելի վայրից:

-Ինչքան քաղաքին մոտ, այնքան ավելի լավ,- ասաց հայրիկիս ընկերը, և մենք վերադարձանք Դիլիջան քաղաքին մոտ գտնվող մի բացատ:

Գտնելով մի հարմար տեղ` վրանները խփեցինք: Բայց քիչ հետո, չգիտես որտեղից, հայտնվեցին մկները: Շատ-շատ մկներ: Նրանք առանց վախենալու զբոսնում էին մեր շուրջը, բարձրանում էին սեղանին: Քիչ հետո հայրիկն ասաց, որ գետակը, որի ափին մենք վրան էինք խփել և պատրաստվում էինք լողալ, դարձել է քեֆչիների աղբանոցը: Իսկ որտեղ աղբանոց, այնտեղ մկներ ու առնետներ: Մոռանալով հոգնածությունը` փախանք նաև այդտեղից: Տեսնելով մի բացատ` արդեն երրորդ անգամ խփեցինք մեր վրանները: Երբ հայրիկիս ընկերը բարձրացրեց գլուխը, տեսավ, որ կովը փորձում է համտեսել իր ճաշը: Նա սկսեց զայրացած քշել կովին` ասելով.

-Փը՛շտ, փը՛շտ, կյանքումս այսպիսի անդաստիարակ կով չեմ տեսել:

Մենք ուրախությունից կչկչում էինք: Ամբողջ օրվա մեջ առաջին անգամ:

Գոռ Բաղդասարյան 9տ., 1997թ.

arxiv

Բացատրական բառարան նրանց համար, ովքեր…

Էհ, տնեցիների վրա ծանր անդրադարձավ մեր համակարգիչն ինտերնետին միացնելը:

Նախ, դրական կողմերի մասին ասեմ: Այդ պատմական իրադարձությունից հետո քրոջս հետ էլ այնպես չեմ կռվում, ինչպես առաջ: Այժմ միավորվել ենք մեր «ընդհանուր թշնամու»` ծնողների դեմ: Նրանք մեզ շարունակ քշում են համակարգչի մոտից, տեղի-անտեղի բարկանում: Թեև չեմ կարող ասել, թե մեր կռիվներն ընդհանրապես դադարել են: Դրանք ուղղակի ուրիշ բնույթ են ստացել: Ծնողներն էլ ինչքան փորձում են ականջ դնելով հասկանալ մեզ` չի ստացվում:

Հաճախ այսպիսի արտահայտություններ են լսվում. «Գնա Refresh եղիր, արի», այսինքն` թարմացիր: Կամ էլ, ասենք, ես երբեմն քրոջս ասում եմ. «Լավ, վե՛րջ, գնա Log out եղիր», կամ`«Գնա shut down արա քեզ»: Այսինքն` վերջ տուր: Կամ, եթե «դիպչում ենք» անթույլատրելի թեմաների` «Հոպ, Access denied», այսինքն` այստեղ մուտքն արգելվում է: «Էս disconnect եղա՞ր»` արդեն բոլորիս զզվեցրել ես: «Կախվեցի՞ր: Շտապ Ctrl+Alt+Del անե՞մ», այսինքն` ծնողներին կանչե՞մ:

Եթե դուք ոչինչ չհասկացաք այս անգլալեզու արտահայտություններից, դա ամնեևին չի նշանակում, թե դուք անգլերենից լավ չեք: Ուղղակի համակարգիչներով քիչ եք աշխատում: Դե լավ, «Bye all»…

Արփինե Գրիգորյան 16տ., 2000թ.

arxiv

Անուշի ծննդյան օրը

Դասերն արդեն վերջացրել էինք ու դասարանի աղջիկներով ժամ էինք որոշում, որ գնանք Անուշենց տուն: Մենք գոհ էինք, որ Անուշի ծնունդն էր, իսկ գլխավորը` դասարանցիներից ոչ մի տղա չէր գալու:

-Լավ, երեխեք, ես ժամը 2-ին ձեզ կսպասեմ,-ասաց Անուշը ու ափալ-թափալ գնաց տուն, որ սեղանը դնի:

-Ուխ,-մտածեցի ես ու թաքուն ժպտացի:

Մեր դասարանի Աննան ընդհանրապես մոռացել էր, որ Անուշի ծնունդն էր ու նվեր չէր գնել: Նա արագ-արագ վրա բերեց.

-Մանե, ես Անուշենց տան տեղը չգիտեմ, կզանգե՞ս ինձ, որ միասին գնանք:

Ես ու Անին սկսեցինք այնքան ուժեղ ծիծաղել, որ ստիպված էինք իրարից բռնվել:

-Աննա, դու Անուշենց տան տեղը չգիտե՞ս,-ծիծաղելով հարցրեց Անին:

-Չէ,-վախեցած ասաց Աննան:

-Քո տունը շինվի, ոնց որ մեր դասարանից չլինես,-ասացի ես ծիծաղելով, հետո լրջացա ու ավելացրեցի,-լավ, կզանգեմ, իրար հետ կգնանք:

-Լավ, ես գնամ,-ասաց Աննան ու վազելով գնաց, որ հասցնի նվերը գնել:

-Մեկ է, ամենալավ նվերն իմն է, ուխ,-դարձյալ մտածեցի ես:

Բոլորը գնացին: Արդեն ժամը 2-ն էր: Ես վերցրեցի Անուշի նվերը ու թռչելով ուզում էի գնալ:

-Ման, բա հաց չես ուտի՞,-հազիվ հասցրեց իմ հետևից կանչել մայրս:

-Չէ, մամ, ի՞նչ հաց, ծնունդ եմ գնում…

Ճանապարհին մտածում էի, թե ինչ համով բաներ եմ ուտելու, ինչքան եմ պարելու ու դրա համար էլ ուշադրություն չէի դարձնում, որ շուրջս գարուն է:

Անուշենց տանն ենք: Աղջիկներով զրույց էինք անում` առանց իրար լսելու, երբ Անուշենց հեռախոսը զնգաց: Զանգողը Աննան էր: Ես նրան մոռացել էի հետս բերել: Հիմա պիտի իջնեի դուրս ու Աննային դիմավորեի: Արդեն 10 րոպե էր, ինչ ես ու Անին, փողոցում կանգնած, սպասում էինք Աննային:

-Երևի նվերն է գնում,-ասացի ես:

-Եսիմ,-պատասխանեց Անին:

15 րոպե էլ անցավ: Ես պատկերացնում էի, թե ինչպես են Անուշն ու մյուս երեխեքը ուտում սեղանին շարված աղցանները, իսկ ես բոլորովին սոված էի:

10 րոպե էլ անցավ: Մենք սկսեցինք քայլել նրան ընդառաջ, բայց նա չէր երևում:

-Երևի հիմա վազելով կգա,- հույսը կտրած` ինձ հույս տվեց Անին:

Մի հինգ րոպե էլ չանցած, մեկ էլ տեսնենք՝ մեզ մի աղջիկ է մոտենում.

-Ան, ոնց որ Աննան լինի,-ասում եմ ես:

-Չէ, այ Ման, ինչ ես ասում, ոնց որ ֆրանսուհի լինի,-պատասխանեց Անին: Ֆրանսուհին մոտեցավ մեզ, Աննան էր: Այնքան էր գեղեցկացել, մազերը ֆրանսիական ոճով էր հարդարել` մի վարսակալով, գեղեցիկ ականջօղեր էր կախել:

-Մենք էլ ասում ենք, թե նվեր է գնում, իսկ նա հարդարվում էր,- ականջիս շշնջաց Անին:

Վերջապես մենք սեղանի շուրջը նստած ուտում էինք, առաջինը ինձ մատուցեցին:

-Անուշ, դո՞ւ ես պատրաստել,-հիացած հարցրի ես:

-Չէ, մաման,-ասաց Անուշը:

Առաջին պատառն էի ուզում ուտել, երբ ափսեիս մեջ մազ տեսա: Չկերա: Լուռ նստած էի, իսկ երբ հարցրեցին, թե ինչու չեմ ուտում, պատասխանեցի, որ կենաց ունեմ ասելու: Վեր կացա ու կարդացի ճառը: Հետո ստիպված սկսեցի որոշ բան ուտել:

-Անուշ, այս աղցանը դո՞ւ ես պատրաստել,-հարցրի ես:

-Չէ, տատիկը,-ժպիտը դեմքին ասաց Անուշը:

-Դե իհարկե, տատիկը, չէ՞ որ մեջը սպիտակ մազ կա,-մտքիս մեջ փնթփնթացի ես:

Հետո կռահեցի, որ երևի շիկահեր մորաքույրն էլ է աղցան պատրաստել: Բոլորը ուտում էին, բոլորը ծամում էին: Իսկ ես ստիպված եղա մի քանի կենաց էլ խմել: Բոլորը ինձնից էին հոգնել, ես` կենացներից: Ես շուտ դուրս եկա, որովհետև պիտի ուրիշ տեղ գնայի:

-Շնորհակալություն համով հյուրասիրության համար,-մի կերպ արտաբերեցի ես ու դուրս եկա:

Հաջորդ օրն իմացա, որ իմ գնալուց հետո պաղպաղակ էլ են կերել: Շատ ուրախացա, չէ՞ որ շատ դժվար կլիներ նայել, թե ինչպես են մյուսները պաղպաղակ ուտում. չէ՞ որ իմ պաղպաղակի մեջ մազ էր լինելու:

Մանե Տոնոյան 14տ., 2003թ.

arxiv

Առաջին անգամ խոհարար

Խոհանոցում աղմուկ-աղաղակ էի բարձրացրել: Այդ ժամանակ 6 տարեկան էի:

-Ի՞նչ ես անում,- հարցրեց մայրս:

-Պղինձ եմ ման գալիս:

-Ինչի՞դ է պետք պղինձը:

-Երեխայիս համար ճաշ եմ պատրաստում:

-Ի՞նչ երեխա:

-Աննան: Էն արջուկը, որ պապաս նվիրեց:

-Ի՞նչ ճաշ ես պատրաստելու:

-Համով վերմիշելով ճաշ: Մա՛մ, կանաչին սառնարանո՞ւմ է:

-Հա:

-Իսկ վերմիշելն է՞լ է սառնարանում:

-Հա:

-Մա՛մ, կգա՞ս:

-Ասա:

-Ջուրն ինչքա՞ն լցնեմ:

-Առայժմ մի բաժակ:

-Մի բաժա՞կ:

-Հա,- ասաց նա:

-Բայց քիչ չի՞:

-Չէ: Լավ է:

Քիչ հետո մայրիկն ասաց.

-Զա՛ռ, մեկ է, արջդ այդ ճաշը չի ուտելու: Ավելի լավ է՝ շատ պատրաստի, որ պապան էլ գա, միասին ուտենք:

-Բայց չեմ կարող:

-Ես քեզ կօգնեմ: Դու կանաչին կտրատիր, ես վերմիշելը հանեմ:

-Ո՞նց կտրատեմ:

-Ոնց հարմար է… Հետո էլ ես կարտոֆիլը կմաքրեմ, դու կկտրատես, լա՞վ,- հարցրեց մայրս:

-Հա, մա՛մ:

Մի կերպ կատոֆիլը կտրատեցի, կանաչին: Արդեն ժամը 6-ն է` հայրիկիս գալու ժամանակը:

-Արի՛, պա՛պ: Ճաշը լցնում եմ,- ձայն տվեցի ես:

Հայրս եկավ: Վառածի հոտ էր գալիս: Այնքան էր եռացել, որ թափվել էր գազի վրա: Մի խոսքով, նստեցինք սեղան ու փորձեցինք ուտել իմ եփած ճաշը, որը կարելի էր չհաշվել որպես ճաշ: Բայց կերանք, որովհետև ուրիշ ճաշ չկար պատրաստած: Ճիշտ է, վառված էր, բայց հայրիկին դուր եկավ: Չգիտեմ, չասաց, որ համեղ չի, որպեսզի չնեղանամ: Չգիտեմ:

Զարուհի Ղուկասյան

13տ., 2003թ.

arxiv

Շնային պատմություն

Մենք պատրաստվում էինք մրցույթի: Այն մրցույթին, որի մասին մի անգամ արդեն պատմել եմ: Բայց եթե չեք հիշում, նորից կպատմեմ: Մեր դպրոցում անգլերենի մրցույթ էր լինելու երկու թիմերի միջև: Ես մեր թիմի ավագն էի: Մենք ամեն օր փորձ էինք անում: Արդեն գարուն էր, ու մենք որոշեցինք հերթական փորձն անել Գևորգենց տան բակում: Գևորգը Կոնդում է ապրում: Կոնդի ոլոր-մոլոր ճանապարհներով բարձրանալով, շնչակտուր տեղ հասանք:

-Երեխեք, հասանք,- ասաց Գևորգը,- կանգնեք, հիմա ես ձեզ ցույց կտամ իմ շանը:

-Մենակ գնացեք,- ասացի ես,- ես չեմ գա:

Եթե չգիտեք, ապա ասեմ, որ ես շներից շատ եմ վախենում:

-Ոչ,- ասացին բոլորը և սկսեցին ինձ հրել:

Հրելուց իրար վրա ընկանք: Ի վերջո հրելով ինձ ներս մտցրին: Շան բույնը տան կողքին էր, և դռնակը փակված էր ցախավելով: Սկսեցինք փորձը:

-Սամվել, I have got a brother: Սարքիր հարցական և ժխտական:

Այդ պահին ես ճչացի.

-Շունը:

Գևորգի չարաճճի եղբայրը բացել էր դռնակը և դուրս հանել շանը:

Թե ինչ եղավ հետո, ավելի լավ է չպատմեմ: Բայց դա մեր առաջին ու վերջին այցելությունն էր Գևորգենց տուն: Բա՞:

Նարինե Դանեղյան 11տ., 2002թ.

arxiv

Ինչպես աղջիկ խոսեցնել (մաս 2)

Ահա երջանիկ պահը, աղջիկը ձեզ տալիս է իր հեռախոսահամարը: Դուք զանգահարում եք նրան և ժամադրում («Ժամո» ես անում): Նա գալիս է նշված վայրը նշված ժամին:

Վայրն ընտրեք պատահաբար, բայց ձեզ ծանոթ տեղ: Հանկարծ տեղը չնշանակեք նրա տան մոտերքում: Կտեսնեն նրա բակի տղաները, և այն ժամանակ չեմ նախանձում քեզ: Նշեք այնպիսի ժամ, որ նրան թույլատրեն դուրս գալ և եղեք պունկտուալ: Ավելի լավ է՝ դուք նրան սպասեք:

Զբոսնելու ժամանակ շատ հաճոյախոսություններ արեք և չփորձեք հանկարծ թեքել ձեր գլուխը 180 աստիճանի տակ՝ նայելով ուրիշ աղջկա: Այդ դեպքում նա կվիրավորվի և այլևս չի գա ժամադրության, և ձեր չարչարանքը զուր կանցնի: Խոսելիս եղեք քաղաքավարի: Ավելի լավ է՝ օգտագործեք շատ երկար բառեր, որոնց իմաստը նա չի իմանա: Այդ դեպքում հարգանքը դեպի ձեզ կաճի:

Անպայման ճանապարհեք նրան մինչև իր ուզած տեղը: Եթե աղջիկը չի ուզում, որ դուք այդ տեղից ավելի մոտենաք իրենց տանը, ապա դուք համը չհանեք, թե չէ՝ ամեն ինչ կփչացնեք:

***

Անցնում են օրերը, դուք ավելի շատ եք սիրահարվում ձեր «կպցրած» աղջկան: Եկավ մի պայծառ օր: Դուք ժամադրել եք նրան և մտածում եք սեր բացատրել: Մինչև սեր բացատրելը մի քիչ մտածեք: Դուք սիրո՞ւմ եք նրան, թե՞ ապացուցում եք ձեր ընկերներին, որ դուք «լավ տղա» եք։

Ընտրել եք առաջինը, ճիշտ եք արել, ուրեմն, դուք մտածող տղա եք:

Հարց: Ինչպե՞ս ասել նրան ձեր սիրո մասին:

Պատասխան: Ավելի հարմար է սեր բացատրել երեկոյան, երբ մութ է (չեմ ասում ժամը 00-ին), և ոչ ոք ձեզ չի տեսնում: Ճանապարհեք մինչև տուն և շքամուտքի մոտ ասեք նրան ձեր սիրո մասին: Չերկարացնեք, թե չէ աղջիկը ուրիշ բան կկարծի: Միանգամից ասեք և համբուրեք նրան: Եթե ասի՝ կմտածեմ, ուրեմն դուք նրան դուր եք գալիս, 10/90 հարաբերությամբ նա ձեզ սիրում է: Եթե նա ձեզ ասի՝ «հա՜», կժպտաք և կհամբուրեք նրա այտը։

Էդգար Թաթիկյան 15տ., 1999թ.

arxiv

Գնդակը, «Կուբոկը» և մեր չհաջողված ֆուտբոլը

Ուռա, վերջապես գնում ենք: Ո՞ւր: Դե իհարկե, տատիկիս տուն: Հիմա կզարմանաք, կմտածեք, թե ինչու եմ այսքան ուրախացել: Ուրախացել եմ, որովհետև մեր շենքը բակ չունի, և մենք օրերով չենք կարողանում խաղալ և միայն տատիկիս բակում ենք ամբողջ օրը խաղում: Խաղում ենք՝ ինչ ուզում ենք, էլ պահմտոցի, էլ բռնոցի, էլ ֆուտբոլ: Մի խոսքով, ամեն ինչ: Վաղ առավոտից անընդհատ շտապեցնում ենք մայրիկին.

-Մամ, լավ էլի, շուտ արա:

-Մամ, մի գործ էլ տուր ես անեմ, շուտ վերջացնենք ու գնանք,- անդադար ասում ենք մեկ ես, մեկ էլ Ռոմանիկը:

Գնացինք: Ահա այնքան սիրելի բակը:

Շատ արագ հավաքվում են ընկերներս, և մենք սկսում ենք ֆուտբոլ խաղալ: Լենան գնդակը փոխանցում է Ռոմանիկին, Ռոմանիկը՝ ինձ: Ես էլ ամբողջ ուժով հարվածում եմ դարպասին: Վայ, այս ի՞նչ եղավ: Գնդակը դարպասի փոխարեն հայտնվում է առանձնատներից մեկի բակում: Այդ դեռ ոչինչ: Հակառակի նման, առանձնատունը շրջապատված է բարձր քարե պարիսպով: Այդ էլ դեռ ոչինչ: Պարզվում է, առանձնատանը մարդ չկա, գնացել են հանգստանալու: Ի՞նչ անել, ինչպես «ազատագրել» մեր գնդակը «գերությունից»: Հերթով բոլորս փորձեցինք մագլցել պարիսպն ի վեր: Ոչինչ չստացվեց: Հուսահատված երեխաները գնացին տուն: Մնացինք ես ու Ռոմանիկը: Ես մի մեծ քար գտա, բարձրացա քարին ու փորձեցի Ռոմանիկին գրկած բարձրացնել պարսպի գլխին: Էլ չեմ մտածում, լավ, ասենք թե մի կերպ բարձրացրի, բա խեղճը հետո ո՞նց պիտի հետ վերադառնա: Ես այսպես տանջվում էի, մեկ էլ լսեցի.

-Վայ, Նարինե, այդ ի՞նչ ես անում:

Մայրիկիս վախեցած ձայնն էր: Քարը շարժվեց ոտքերիս տակ, ես և Ռոմանիկը թրմփացինք գետնին: Դեռ լավ է, որ «թեթև մարմնական վնասվածքներով» պրծանք: Հետո եկավ մի մեծ տղա՝ «Կուբոկ» մականունով, և «ազատագրեց» մեր գնդակը: Ահա այսպես: Բա։

arxiv

Ուրախ պատմություններ

Քեռուս քրոջ տղան հա քեռուս խնդրում էր, որ իրեն տանեն կենդանաբանական այգի: Քեռուս ընկերներն էլ ածականներ ունեին: Մեկը՝ գայլ, մեկը՝ աղվես: Արդեն շատ էր քեռուս զահլեն տարել, էս քեռուս ընկերներն էլ բակում նստած էին: Քեռիս բռնեց ձեռքը, տարավ ընկերների մոտ ու ասաց.

-Էս քեզ գելը, էս քեզ արջը, էս էլ՝ աղվեսը

***

Քեռիս մի շուն ու մի թութակ էր պահում: Երբ էս շունը քնում էր, թութակը կանչում էր Տոտո ու շվացնում: Մի անգամ էլ քեռիս դուրս եկավ տնից: Մի 15 րոպե հետո տուն է մտնում: Մեկ էլ էս քեռիս հենց դուռը բացում է, տեսնում է՝ թութակի բմբուլներն են մնացել:

***

Մի անգամ ես ու ընկերս գնացինք լողալու: Ընկերս ինձնից լավ լողալ գիտեր: Ընկերս հա մտնում էր, լողում խորը տեղերը, ես էլ նայում էի ու մոտիկ տեղերն էի լողանում, որովհետև վախենում էի՝ խեղդվեմ: Ես էլ ուզեցի փորձել: Փոխանակ լողալով ջուրը մտնեի ու դուրս գայի, կամաց ոտքս էի գցում առաջ: Մեկ էլ հանկարծ ոտքս դրեցի ու էլ հետ գնալ չկարողացա: Ընկերոջս անունն էլ Վալոդ էր, Վլե էինք ասում: Ջրի մեջ թռա գոռացի՝ Վլե, մեկ էլ ջուրը՝ գըլ-գըլ, լցվեց բերանս, նույն բանը կատարվեց մի քանի անգամ: Հետո էլ, թարսի նման այն տեղում էինք, որտեղից ջուրը թափվում էր ներքև: Ես էլ կարծելով, թե ամեն ինչ վերջացած է, արդեն ոչ մի բան չի կարելի անել, մնացի ջրի տակ, ջուրը հետ էր քաշում: Հետո էլ ասացի՝ լավ, մի հատ փորձեմ լողալ: Չգիտեմ՝ ոնց, ստացվեց, լողալով հասա ափ, մեկ էլ տեսնեմ՝ ընկերս կողքս է, ես էլ, գլուխս խոթած ավազների մեջ, ընկած եմ:

***

Հայոց լեզվի ուսուցչուհին իմ հետևի նստողին ասաց.

-Վերցրու քո ու Մարինայի տետրը, բեր, որ ստուգեմ:

Նա էլ փոխանակ Մարինայի տետրը վերցնի, թևից բռնեց ու տարավ դասատուի մոտ։

***

Եթե ձեզ շատ փող է պետք, և դուք այն չունեք, խորհուրդ եմ տալիս անել հետևյալ փորձը: Ինչքան տանը շշեր, ալյումին, պղինձ, լատուն ունեք, վերցնում եք ու տանում հանձնում: Շշերը ընդունում են տարբեր կրպակներում, իսկ մետաղները՝ կան այդպիսի տեղեր փողոցի բակերից մեկում: Ի դեպ, կոկա-կոլայի շշերն ընդունում են 25 դրամով, ջերմուկինը՝ 10 դրամով, իսկ մետաղներից ալյումինի կգ-ը՝ 170 դրամով, պղինձը՝ 250, իսկ լատունը՝ 60 դրամով:

***

Մի անգամ մեր հայոց լեզվի ուսուցչուհին մեր դասարանի Արմենին հարցրեց.

-Վերջացրեցի՞ր շարադրությունը:

Արմենը պատասխանեց.

-Այո, սաղ վերջացրեցի։

Ուսուցչուհին հարցրեց․

-Բա մեռածնե՞րը:

***

Մի անգամ մեր հարևանուհին հարցրեց.

-Հրանտ, կարո՞ղ է հայոց լեզվի Այբբենարան ունենաս:

Ես էլ առանց մտածելու պատասխանեցի:

-Ո՞ր դասարանի:

***

Ընդհանրապես ես շատ եմ սիրում «Տանը մենակ» գեղարվեստական կինոնկարի առաջին տարբերակը: Եթե մենք ունենայինք 3 հարկանի տուն, շատ ոսկեղեն, թանկագին քարեր, ես տանը մենակ մնայի և ամենակարևորը՝ մեր տուն գողեր գային, ապա ես շատ սիրով դաս կտայի նրանց: Դրանից հետո նրանք ոչ մեկին վատ բան չէին անի: Ափսոս, մենք չունենք այդպիսի հարմարություններ:

Հրանտ Պողոսյան, 12տ., 1999թ.