-Մամ, իմանաս` ի՞նչ ա էղել, նոր զանգել էին, գնալու եմ, մամ ջա~ն:
-Ո՞վ էր զանգել, էդ ո՞ւր ես գնում:
-«Մանանան» էր զանգել, է~, «Մանանայից» էին զանգել, դե, 17-ից էլի, ճամբար եմ գնալու, կարելի ա, չէ՞, թողնում եք, չէ՞:
-Մի հատ հանգստացի, նորմալ բան ասա, տենանք` ինչ ենք անում:
Հարյուրավոր ճամբարներ կան, հարյուրավոր մարդիկ ամեն օր զանգեր են ստանում ճամբարների մասնակցելու համար, բայց ասեմ, թե ինչով է յուրահատուկ այս դեպքն ինձ համար:
Այս տարվա օգոստոսին, լրիվ պատահական, ես տեղեկացա Վանաձորում կայանալիք 17-ի դասընթացների մասին: Դասընթացից պիտի ընտրվեին 2 հոգի Դիլիջանի մեդիա ճամբարին մասնակցելու համար: Ես չընտրվեցի: Բայց իմացա, որ նմանատիպ ճամբար լինելու է նաև աշնանը, ու այս տեղեկատվությունն էլ եղավ իմ հետագա նյութեր գրելու առաջին դրդապատճառը:
Գյուղից տուն ճանապարհին ուղեղիս մեջ հազարավոր նյութերի, ֆիլմերի գաղափարներ էին գալիս ու գնում: Մտածում էի, որ միայն անհաջողակը կարող է մի հնարավորությունը երկու անգամ ձեռքից բաց թողնել:
Վերադարձա ու սկսեցի նյութ գրել, սկսվեց իմ կյանքի մի նոր, ավելի հագեցած ու հետաքրքիր փուլ:
Հոկտեմբերին իմանալով, որ հաստատ մասնակցելու եմ Սևանի մեդիա ճամբարին, ինքս իմ հանդեպ երախտագիտություն զգացի, զգացի, որ կյանքում առաջին անգամ ես իմ աշխատանքի շնորհիվ ինչ-որ բանի եմ հասել:
Ամեն անգամ ճամբար գնալիս ես ինձ հետ պարտադիր երեք բան եմ վերցնում` ինտերնետ մտնելու սարքավորում, Բարսելոնայիս շարֆը և ընկերուհուս: Դե իհարկե, ոչ բառիս բուն իմաստով, պարզապես վերցնում եմ հեռախոսս` անհրաժեշտ գումարով, և միշտ կապի մեջ եմ լինում նրա հետ: Ինքն էլ ինձ ինչ-որ տեղ ճանապարհելիս ասում է. «Դե, մեզ բարի ժամանց»:

Անմոռանալի վերջին օրը, երբ անտառ էինք գնացել բոլորս, էն կասկածներով, որ տանում են մեզ կորցնեն… Բայց ի վերջո հասկացանք, որ ոչ, գնում ենք խարույկ վառելու: Նստեցինք խարույկի շուրջը, խոսեցինք, ծիծաղեցինք ու երգեցինք: Հենց այդ ժամանակ էր, որ կյանքումս առաջին անգամ ընկնող աստղեր տեսա: Ու դա էլ մի այլ կարգի հրաշք էր:
Հա, մեկ էլ չգիտեմ ինչու, ուրիշ կերպ մեջս տպավորվեց վերջին գիշերը։ Հավես ու հաճելի անցավ։ Անտառում, խարույկի շուրջը ես ուղղակի բառեր են, պիտի գոնե մի անգամ լինես այդպիսի վիճակում, որ պատկերացնես։ Խաղեր, երգեր, կատակներ, մի խոսքով, ամեն ինչ․․․