Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ani avetisyan

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։

Չիանգ

 Սենյակում լռություն էր: Ջոնաթանի ամենասիրելի, անսահման լռությունը: Այն սկսվում էր վարագույրով ծածկված դռնից, գալիս-խփվում բեմի վարագույրներին ու բեկվում, իսկ հետո օդում անկանոն շարժումներ անում: Լռությունը գեղեցիկ էր, իսկ ամենագեղեցիկը ազատությունն էր, որ այդ պահին գերակշռող էր: Ազատություն էր պարող-դերասանների ներդաշնակ շարժումները, ազատություն էր հանդիսատեսի դեմքին քարացած զարմանք-հիացումը:

Վերջերս Հայաստանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնում բեմադրվեց իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»: 

Ջոնաթանն աշխարհում ամենից շատ թռչել էր սիրում, իսկ թռիչքն իր Երամի համար միայն կերին հասնելու միջոց էր, և, առհասարակ, ճայերն ապրում էին, որ սնվեն: Ջոնաթանը տարբերվում էր նրանցից. նրա համար թռիչքը կատարելություն էր ու դրան հասնելու միջոց, թռիչքն անսահմանություն էր, իսկ բացարձակ արագությունը, որ ավելին է նույնիսկ, քան լույսի արագությունը, որ թվերով չի սահմանվում՝ճանապարհ է դեպի երկինք

Ջոնաթանն ու նրա մասին պատմող գիրքը ոչ այլ ինչ են, քան իրականության յուրօրինակ պատկերում: Մենք ամենքս էլ մի Ջոնաթան Ճայ ենք,և նա ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ինչպես նշում է հեղինակը: Մեր կյանքն էլ կատարելության հասնելու ճանապարհ է, որ կամբողջանա այնտեղ՝ երկնքում: Ամենից կարևորը այդ ճանապարհին սպասվող փորձություններն են:

Ջոնաթանին վտարում են ջոկատից, քանի որ նա խախտել էր կանոնն ու ճախրել ՝ ոչ սնունդ հայթայթելու համար: Ճայերի երամից մի «դերասան» հրում էր Ջոնին, վերջինս մի վայրկյանում հայտնվում բեմի ծայրին ու, մի քիչ էլ՝ թվում է՝ կընկնի: Կընկնի ու ազատությունը կախված կմնա բեմ-դահլիճ սահմանին: Կընկնի ու կավարտվի կատարելության համար պայքարը, իսկ ուտելիքն էլի կմնա ամենակարևորը: Բայց Ջոնը կանգնում է ու գնում դեպի վեր՝ իր հետ տանելով ազատության իր բաժինը, իսկ մնացածն ուղղում է բեմ, որ գալիս ու սառչում է հանդիսատեսի դեմքին, վերևից կախված, բայց չվառվող լամպերին, ու ամենքս մի-մի Ազատության արձան ենք դառնում այդ պահին:

Բեմի լույսերը ցավեցնում են աչքերս, փակում եմ ու նույնքան հստակ պատկերացնում այն, ինչ կատարվում է բեմում, ինչ կտեսնեի բաց աչքերով: Ջոնաթանն արդեն վերևում է՝ ամենավերևում, իսմ Երամը մնաց ներքևում, բայց Ջոնը դեռ կգա նրան էլ իր հետ վեր տանելու, սովորեցնելու կյանքի իրական իմաստը, այն, որ ինքը նոր էր գտել, գտել էր, երբ խենթորեն գալարապտույտներ էր կատարում ծովի վրա, երբ գնաց-բախվեց Երամին, երբ հեռացրեցին Երամից: Երկնքում Ջոնը գտավ իրեն, ճանաչեց ու հասկացավ:

Մեզ հետ էլ հաճախ է պատահում, չէ՞: Դու տեղդ չես գտնում այնտեղ, որտեղ, ասում են, թե քո իրական տեղն է, թե դու նրանն ես, իսկ նա՝ քոնը: Բայց միշտ էլ մի երկինք, կամ գուցե երկիր քեզ ստիպում է հակառակը մտածել: Գնում եմ, բայց դեռ hետ կգամ: Սովորում ենք թռչել, բայց ոտքերդ դեպի հող են քաշում ու կանգնեցում քարե անդունդի եզրին: Ճախրիր, կամ կընկնես, դու ես որոշողը

Երաժշտության ձայնը ծակում է ականջներս, իսկ ներկայացումն ավարտվում է: Մի պահ նորից լռությունը պոկվեց վարագույրներից և լցվեց սենյակ, իսկ հետո նրան ծափերով hետ քշեցին:

Մի ողջ խումբ ու մի հեղինակ ազատության և թռիչքի դասեր տվեցին, իսկ լավ կամ վատ աշակերտ լինելն արդեն մեզանից էր կախված…

hripsegh

Կյանքը հատակում

Նախ սկսեմ այնտեղից, որ վերջերս մեծ հետաքրքրություն ներկայացնող ֆիլմ եմ դիտել և կցանկանայի կիսվել իմ տպավորություններով: Երևի թե մինչ այժմ դիտած բոլոր դոկումենտալ ֆիլմերից ամենալավը: Մի ֆիլմ, որի մեջ կար ամեն ինչ: Գուցե ավելին, քան ամենահայտնի սցենարիստների և ռեժիսորների` միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ արժեցող ֆիլմերում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և 2004 թվականին արժանացել է Օսկարի` լավագույն դոկումենտալ ֆիլմ անվանակարգում: Զանա Բրիսկին` լուսանկարչուհի և ռեժիսոր, մեկնել էր Հնդկաստան՝ վավերագրել «Կարմիր լապտերների» փողոցների կյանքը, որտեղ տիրում էր անօրինականությունն ու քաոսը, զրուցել այդ փողոցներում ծնված և ապրող երեխաների հետ, այդ կյանքը ներկայացրել նրանց աչքերով: Ծրագրի հիմնական նպատակը այնտեղ ապրող երեխաներին այդ վիճակից լուսանկարչության միջոցով դուրս բերելն ու նրանց մտածելակերպը փոխելն էր, որպեսզի նրանք չկրկնեին իրենց ծնողների սխալները:

Գիտեք. ֆիլմը դիտելիս հերոսներից ամեն մեկի հետ ցավ ես ապրում` տեսնելով, թե նրանք իրենց մանկությունն ինչպիսի միջավայրում են անցկացնում, և թե ինչպիսի կյանք է նրանց սպասվում: Ախր, նրանցից յուրաքանչյուրն այնքան տաղանդավոր է, այնքան լավ ապագա կարող էր ունենալ… Ախ, միայն թե սխալ տեղում և սխալ միջավայրում ծնված չլինեին, ախ, եթե նրանք, այդ կեղտոտ միջավայրի պայծառ լուսարձակող մարգարիտները, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում ծնվեին, ինչ բարձունքների կարող էին հասնել: Նրանց լուսանկարներն այնքան հետաքրքիր են և աչքի ընկնող, որ շատ լուսանկարիչներ նման արդյունքի կարող են հասնել միայն երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Գուցե դա նրանից է, որ երեխաներն ավելի պարզ են մտածում ու շատ չեն ընկնում մանրուքների հետևից: Նրանց համար կարևորը պահը որսալն է, իսկ մնացած բաներն արդեն կարծես ինքնըստինքյան ստացվում են (սա կարող է օրինակ ծառայել նրանց համար, ովքեր ցանկանում են լուսանկարչությամբ զբաղվել): Առաջին անգամն էր, որ նրանք տեսնում էին լուսանկարչական ապարատներ և մեծ ոգևորությամբ փորձում էին լուսանկարել ամեն հետաքրքիրը և շատ մարդկանց համար անհետաքրիր թվացողը: Իսկ նախաձեռնության հեղինակ Զանա Բրիսկին մեծ համբերատարությամբ բացատրում էր նրանց ամեն ինչ: Ու գիտեք, այդ պահին իմ մեջ արթնացան իմ առաջին լուսանկարչական դասի հիշողությունները, որից արդեն անցել է 4 տարի: Երբ ես նույնիսկ չգիտեի, թե ինչպես ճիշտ բռնել ֆոտոապարատը, թե ինչպես էին բացատրում լուսանկարչության ոսկե կանոնը, ինչպես գտնել լույսը և շատ ուրիշ բաներ, այն դեպքում, երբ ես երկնքից ու ամպերից բացի ոչինչ չէի նկարել: Չգիտեմ, երևի «Մանանայի» ծրագիրն ու առաքելությունն էլ ոչ այնքան պարզապես իրենց ամենօրյա աշխատանք-պարտականությունը կատարելու մեջ է, որքան լուսանկարչության և լրագրության միջոցով երեխաներին, իսկ հետո երեխաների միջոցով հասարակությունը փոխելու, նրանց ապագան ավելի լավը դարձնելու և, այն երեխաներին օգնելու մեջ է, որոնք իրոք դրա կարիքն ունեն:

Հ.Գ. Անպայման դիտեք և սովորեք Born into Brothels ֆիլմից, որը ինձ համար դեռևս լավագույնն է իր ժանրում:

hayarpi baghdasaryan

Rursus ad Alfa
՝ նորից դեպի Ալֆա

Երբ Մեծ պայթյունը եղավ, մենք ծնվեցինք, միացանք՝ իրար լղոզվելով:
Ես քեզ հիշում եմ: Երբ ոչ մի տեղ, ոչնչից սկսեց էներգիա առաջանալ, մենք ոչինչն էինք, հետո՝ էներգիան: Ես քեզ հիշում եմ:

Մենք իրար մոտ նոր-նոր ծնվող գալակտիկաներ էինք, հետո՝ աստվածներ։ Ու արարում էինք տիեզերքներ, ես՝ քեզ, դու՝ ինձ: Ես հիշում եմ:

Օվկիանոսներ էինք, ապարներ, երկինք, մագմա, լեռ: Մենք եղել ենք անգամ մամոնտ: Մի՛ ծիծաղիր, դինոզավր էլ: Մեզ սպանել են, վերածնվել ենք, փյունիկ կամ արծիվ ենք դարձել: Մենք նույն ջրերում ձուկ ենք եղել, ափ ենք ելել, օձ, առնետ, սարդ ենք եղել: Ես հիշում եմ քեզ՝ ինձ հյուսվելիս, ոստայնիդ մեջ:

Գիշատիչ ենք եղել, գայլ, կատու, շիմպանզե, նեանդերթալացի, հոմո սափիենս: Զարգացում: Դու՝ իմ մտքինը, ես՝ քո: Դու՝ իմ էվոլյուցիան, ես՝ քո: Եղել ենք գիտություն, կրոն, աթեիստ ու հավատացյալ: Քրիստոս, Բուդդա, Զրադաշտ, Հուդա, եղել ենք հրեշտակ, մարդ, սատանա: Դրախտ, դժոխք: Մենք հեթանոս ենք եղել մի օր:

Ես քեզ հիշում եմ Աստվածաշունչ գրելիս, հետո՝ պատռելիս, ինձ՝ քեզ համար մագաղաթ եմ հիշում: Պատերազմներ են եղել աշխարհում, մենք՝ հաշտությունը դրանց: Հաճախ՝ պարտությունը: Ազատագրում ենք եղել: Հեղափոխություն: Ասում են՝ ինկվիզիցիա է եղել: Մենք գիլիոտինն ենք եղել: Հենց նույնը: Գալիլեյի համար նախատեսված կրակն էլ: Պիզայի աշտարակը թեքող ուժը: Էյֆելի էսքիզը, Սենայի ձայնը: Հիտլերի գոռոցն ենք եղել: Դա Վինչիի «Մոնա Լիզայի» աջ աչքը՝ ես, ձախը՝ դու, կամ հակառակը, ներիր, որ լավ չեմ հիշում: Ինչ-որ գրքի նույն էջն ենք մենք, ես հիշում եմ քո գրվելը:

Մենք ժամանակն ենք: Սերը, կիրքն ու ատելությունը: Մենք ծերացումն ենք: Ծերանում ենք: Մի օր կմեռնենք: Մահն էլ ենք մենք: Մեր դիակները կկիզվեն նույն արևի տակ, մենք արևի մեջ ենք, մեզ այրող հուրը, թափորը: Նույն մոխրի մեջ ենք: Մեր փոշուց կաղնի կտնկեն: Հողն էլ ենք մենք: Մեզ կկտրեն, կվառեն, մենք ջերմությունն ենք: Մեզ շաղ կտան Խաղաղ օվկիանոսում: Խաղաղ ենք: Մենք Ին-Յանն ենք: Երբեքը: Հավերժն ենք: Միշտն ենք: Մենք «սկզբնավարտասկիզբն» ենք:

tatev aghazaryan

Թեյը, 17.am-ը, Թրամփը

-Տա՛թ, թեյ կխմե՞ս:

-Մա՛մ, բա էդ էլ հա՞րց էր:

Դե, լինելով իրանահայ՝ շատ եմ սիրում թեյ: Իրանահայերի մոտ թեյ պատրաստելը հատուկ արարողություն է, քանի որ մենք սիրում ենք խմել լավ թեյ՝ լավ թրմված: Իսկ Հայաստանում լրիվ տարբեր ձևերով են թեյ պատրաստում. օգտագործում են կա՛մ թելով թեյեր, կա՛մ մի քանի անգամ թրմված թեյ, որն էլ շատ վնասակար է առողջության համար:

Մի անգամ, երբ մայրս թեյ է պատրաստել (այդ ժամանակ դեռ նոր հարս էր), սկեսրայրը՝ Տիգրան պապն ասել է. «Հայաստանի՛ աղջիկ, թեյ չես կարողանում պատրաստել»: Իսկ հիմա ես եմ ամեն օր ասում այդ խոսքերը:

Թեյն իրականում շատ օգտակար է: Կա մի կարծրատիպ, թե այն ատամների կարիես է առաջացնում, բայց իրականում հակառակն է՝ կանխում է կարիեսի առաջացումը: Ամենակարևորը՝ թեյը հանգստացնում է նյարդերը, ինչն էլ այսօրվա արդիական խնդիրներից մեկն է: Էլ չասեմ, թե ձմռանն ինչքան է տաքացնում: Բայց ամեն ինչի չարաշահումն էլ վնասակար է:

Գիտե՞ք, վերջերս թեյի նոր տեսակի մասին իմացա՝ սպիտակ թեյ: Այն հավաքում են լուսադեմին, երբ շաղը դեռ թերթիկների վրա է և դեռ չի հասցրել գույնը փոխել: Ունի հետաքրքիր համային փունջ:

Այնքան հաճելի է, երբ թեյն ըմպում եմ՝ հիշելով 17.am-ի հետ ունեցած լավ օրերս, որոնք, հույս ունեմ, որ անպայման կկրկնվեն:

Իսկ ծանրաբեռնված օրերին թեյն իմ ամենամոտ ընկերն է, քանի որ բաժակիս գրությունն ինձ առաջ է մղում, որ չհանձնվեմ: «Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է»: Սա Դոնալդ Թրամփի խոսքերն են: Այն ճիշտ է բոլոր առումներով, ապացույցն էլ Թրամփի հաջողություններն են:

Այսպիսով՝ խմենք լավ թեյ լավ մարդկանց հետ՝ լավ պահեր հիշելով:

Sona Tumanyan

Սպիտակը դեղինի մեջ

Բոլոր ծնողներն իրենց երեխայի մանկությունից պահում են հիշողություններ՝ շորեր, կոշիկներ, խաղալիքներ: Ես էլ եմ մյուսների նման, միայն տարբերվում եմ նրանով, որ միշտ փորձել եմ բավարարվել քչով ու շատ նեղություն չպատճառել ծնողներիս: Հիշում եմ, երբ փոքր էի, նայում էի իմ հասակակիցներին ու հասկանում էի, որ նրանք «բարբի» տիկնիկներից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Նրանց փոխարեն ափսոսում էի, որ իրենց թանկ ժամանակը վատնում են տիկնիկին կերակրելու, լողացնելու, զուգել-զարդարելու վրա: Հա, ճիշտ է, ես ունեցել եմ շատ տիկնիկներ, փափուկ խաղալիքներ, բայց ոչ մի խաղալիքով այնպես սիրով ու ջերմությամբ չեմ խաղացել, ինչպես պապիկիս նվիրած խաղալիքներով: Երբ դեռ երկու տարեկան էի, պապիկս ինձ մի պարկ խաղալիք բերեց: Պապիկիս չեմ հիշում. նա մահացավ, երբ ես երկու տարեկան էի: Խաղալիքները նույն ձևն ունեին, ուղղակի գույներն էին տարբեր: Ամենից շատ սիրում էի դեղինն ու սպիտակը: Երբ արդեն դարձա դպրոցական, մայրս հավաքեց ու պահեց խաղալիքներս: Մի քանի օր առաջ փոքր եղբայրս պատահական գտավ դրանք ու զարմանքով ասաց.

-Սո՛ն, տե՛ս, ձեն ա հանում, զնգզընգում ա:

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Մի պահ տեսնելով դրանք՝ հիշեցի պապիկիս ու մանկությունս, աչքերս լցվեցին: Ամբողջ մանկությունս եկավ աչքիս առաջ՝ իմ անցկացրած լավ ու վատ օրերը: Ու իմ մանկությունն ամփոփվեց այդ սպիտակ գնդերի մեջ, որոնք դեղին կախիչից էին կախված:

vahe stepanyan

Երկուսուկես միլիարդ ճտտոց

Չեմ հասկանում` ինչ պատճառով, բայց վերջերս մտքումս միշտ երկար մտածում եմ ժամանակի մասին: Երևի սկսել եմ արժևորել ժամանակը: Էն 3-րդ դասարանի գրքի մեջ, որ ասում էր` ժամանակը ոսկի է, հո անկապ չէ՞ր ասում: Ոսկի է: Բայց ես ոսկի չեմ սիրում… Լավ անցանք: 

Մի բան ասեմ՝ չծիծաղեք: Էսպես մի հատ գրող կա, է, Ալբեր Քամյու: Հա, ես նրա գրքերից ոչ մեկը չեմ կարդացել, բայց քանի որ ամբողջ օրը համացանցում նրա մեջբերումներն են աչքովս անցնում, ստիպված նրա մտքերից շատ-շատերը անգիր գիտեմ: Այ, մի օր կարդացի այս տողերը, տակն էլ մակագրված Ալբեր Քամյու. «Ժամանակը կանգ է առնում, երբ մենք հետևում ենք նրան, բայց հենց մեր ուշադրությունը շեղվում է ուրիշ բանի վրա, այն սկսում է թռչել»: Գուցե ճիշտ չցիտեցի: Քամյուի սիրահարները թող ներող լինեն: Ինչևէ:

Դե լավ, ինչ-որ նոր բան չիմացաք Քամյուի ասածներից: Մենք դա բոլորս էլ նկատել ենք: Ուղղակի մեջբերումներով խոսելը ավելի հետաքրքիր է: Ֆիզիկոսներն էլ ասում են (ցավոք սրտի, կոնկրետ ֆիզիկոս չգիտեմ, ով նման բան է ասել), որ ժամանակը գոյություն չունի: Հա: Դա մարդկանց հորինած միավորներն են` իրենց հեռացող կյանքը չափելու համար: Երևի ֆիզիկոսներն էլ են ճիշտ ասում:

Հա, մենք հիշում ենք ժամանակի մասին միայն, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք: Դե կամ անհամբեր սպասում ինչ-որ բանի: Իսկ մնացած պահերի՞ն: Երբ չես մտածում ժամանակի մասին: Եսիմ: Կյանքը ուղղակի հոսում է իր հունով: Ի՞նչ ժամանակ, ի՞նչ բան: Խառը թեմաներ են, չգիտեմ:
Մինչ դու սա էիր կարդում, որոշակի ժամանակ անցավ, երևի մի րոպե: Գուցե՝ կես: Վայրկյաններ են, էլի: Ի՞նչ մեծ ժամանակ է: Ըմ… Մատներով ճտացնել գիտե՞ս: Դե, էն, որ պարելուց ճտտացնում ես: Երևի հա: Իսկ եթե չէ, ուրեմն, էս մի կտորը կարդալուց էն հաճույքը չես ստանա:

Իսկ հիմա: Ուղղակի ճտտացրեք՝ հենց ասեմ: Ուշադրություն: Ճըտ: Հենց նոր 4 մարդ առաջին անգամ իրենց կյանքում շնչեցին: Ճըտ: Իրականում այս ճտտոցի հետ 3 հոգի վերջին շունչը քաշեց իր կյանքում: Ճըտ: Բիլլ Գեյթսը նույնիսկ չճտտացրեց, բայց հերթական 100 դոլարը աշխատեց: Ճըտ: Մեծ Պայթյունից հետո տիեզերքը ընդարձակվեց ու լայնացավ ևս 75 կմ-ով:

Գիտեք, չէ՞, այդ ճտտոցների հետ ինչքան բաներ են տեղի ունենում: Ես ահագին գիտեմ, եթե հետաքրքիր է, հետո կհարցնեք: Դուք էլ ահագին վայրկյաններ ծախսեցիք գրածս կարդալով: Ահագին ժամանակ: Ո՞նց օգտագործենք վայրկյանները, որ հետո չափսոսենք: Մի՞թե վայրկյանը ձեզ կարճ է թվում: Մի ճտտոց չի՞: Միջին վիճակագրական մարդու կյանքի տևողությունը մոտ երկուսուկես միլիարդ վայրկյան է: Մի տեսակ շատ խղճուկ չի՞ հնչում: Ընդամենը երկուսուկես միլիարդ ճտտոց: Գիտե՞ք՝ ինչ կա: Դուք կարող եք վայրկյանն օգտագործել ամեն, նույնիսկ, ամենադատարկ բանի վրա: Բայց: Բայց խորհուրդ չեմ տա նստել ու հաշվել մինչև երկուսուկես միլիարդը…

milena antonyan (aragacotn)

Եթե ոսկե ձկնիկ ունենայիր

Շատ հաճախ հասկանում ես, որ կյանքումդ ամեն ինչ նույնն է. 24 ժամը քեզ չի բավականացնում գործերդ ավարտելու համար, բայց միևնույնն է՝ ամեն ինչ ձանձրալի է, իսկ դա կարող է մի բան նշանակել: Ժամանակն է ինչ-որ խենթ, զվարճալի բան անելու, մի բան, որը մարդիկ անիմաստ կհամարեն ու ևս մեկ անգամ կհիշեցնեն քեզ, որ դու աննորմալ ես:

Եվ այսպես, երբ որոշեցի, որ ամեն ինչ ձանձրալի է, որոշեցի մարդկանց հարցնել, թե ինչ կուզեին, եթե ոսկե ձկնիկ բռնեին: Ես միանշանակ գիտեի՝ որն է լինելու իմ ցանկությունը:

-Շատ գումար կուզեի:

Օ՜, ոչ, մի՞թե աշխարհում ավելի կարևոր բան չկա, քան գումարը:

-Շատ փող:

-Շատ փող:

Երեք հոգու հարցնելուց հետո մտածեցի, որ չեն կարող բոլորը մտածել միայն փողի մասին ու քանի որ այս ամենն անում էի նյութիս համար, որոշեցի հարցնել իմ հասակակիցներին՝ կարծելով, որ պատանիները ավելի երազկոտ են ու հետաքրքիր պատասխաններ կտան:

-Ի՞նչ կուզեիր, եթե ոսկե ձկնիկ բռնեիր:

-Ընդամենը մեկ ցանկության հնարավորությո՞ւն ունեմ:

-Այո:

-Ուրեմն սկզբում կուզեի, որ նա կատարեր բոլոր ցանկություններս:

-Իսկ կնշե՞ս ցանկություններիցդ մի քանիսը, որ հետո պիտի խնդրես կատարել:

-Դե, շատ գումար, մեծ առանձնատուն…

Օ՜, ոչ: Այս պատասխանից հետո որոշեցի այլևս ոչ մեկին չհարցնել: Ու, ինչպես նկատեցիք, այս անգամ հարցումս չստացվեց: Ոչինչ, էլի կփորձեմ:

Հ.Գ. Եթե կուզեք իմանալ, ասեմ, որ ես կցանկանայի ժամանակի մեքենա ունենալ, որ ամեն պահի կարողանայի հետ գնալ մանկություն:

Ani Harutyunyan

Փոխվե՞նք

Մութն էլ կարծես իմ կողմից էր այսօր. սպասվածից էլ շուտ իջավ։ Չնայած մութն այդքան էլ տեղին չէ, ավելի ճիշտ կլինի ասել խավարը։ Հազիվ էին ուրվագծվում մարդկանց կերպարանքները։ Պատուհաններից երևացող լույսերը մի տեսակ պայծառ էին. ուզում էին ազատվել վարագույրե պատնեշից ու ավելի ուժեղ լուսավորել արտաքին խավարը։ Ահա այնտեղ մի տուն կա, երևում է՝ ինչպես է վարագույրը պար գալիս. տանը չարաճճի երեխա կա։ Լույսի աչքն էլ լույս. ճանապարհ է բացվում։

Հաճախ չեք տեսնի ինձ գյուղի փողոցներում այս ժամերին, բայց եթե տեսնեք, չնեղանաք, որ ի պատասխան ձեր բարևի մի ցրված հայացք ստանաք։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչն է ստիպում այդքան շատ զգալ երեկոյի այդ ժամը, փողոցը, սառը օդը, իմ մտքերը։ Հուզվելու աստիճան շատ։ Ինձ թվում է՝ ոչ ոք այդքան չի զգում։

Քայլում եմ։ Գյուղում մի շենք կա, տարիներ առաջ այրվել է, ու անունը հենց այդպես էլ կնքել ենք՝ «վառված շենք»։ Տարիները կարծես արհամարհանքով թարս նայել ու անցել են այդ շենքի կողքով կամ, որ ավելի վատ է, դեռ մի քանի անգամ էլ հարվածել նրան։

Ինչ-որ մեկի կյանքին է նման այդ շենքը՝ լքված, տխուր, անէ։ Կյանք, որի կողքով ամեն օր ավելի պայծառ ու լուսավոր կյանքեր են անցնում՝ իրենց երջանկության մեջ չնկատելով, չզգալով նրա ցավը։ Ես էլ շատ եմ անցել, չեմ էլ նայել նրա կողմը։ Բայց այս երեկո խավարի մեջ շենքն ավելի տխուր տեսք է ստացել, մանավանդ այսօր, երբ կարծես ինչ-որ մի բան ստիպեց ինձ նայել ու մտածել նրա մասին։ Ինչքան է այն խորհրդավոր, առեղծվածային, վախ ներշնչող, ամբողջությամբ սպասում դարձած։

Սովորական ճանապարհից ավելի բարձր է տեղակայված. դիրքն ավելի ազդեցիկ է դարձնում։

Ուշադիր նայում ես ու լսում. պատերն իրենց ներսում դեռ պահում են բնակիչների աղմուկն ու երեխաների զվարթ ծիծաղը։

Հա, ասում էի՝ մենք անցնում ենք ու չենք մտածում օգնել այն կյանքերին, որոնց ընդամենը մի կայծ է հարկավոր։ Մեր մեծ լույսից մի փոքր հույս։

Անտարբեր ենք։

Փոխվե՞նք։

seda mkhitaryan

Շնորհակալությունների շարքից

Երբ հայտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են առանց որևէ պատճառի օգնել քեզ, աջակցել, տաք թեյ կամ խմորեղեն առաջարկել, միայն քո մասին իմանալով այնքանը, որ իրենց աղջկա հետ 7 օր ճամբարում ես եղել, հասկանում ես, որ լավ ու բարի մարդիկ դեռ բոլորովին էլ չեն անհետացել, ինչպես կյանքից հոգնած մարդկանց ստատուսներում է, այդպիսի մարդիկ դեռ կան, ու վստահ եմ, լինելու են։

Խոսքս ավելի հստակեցնեմ: Ուզում եմ պատմել ճամբարային ընկերոջս՝ Անի Ղուլինյանի ընտանիքի մասին։ Նախ, երևի պատմեմ, թե ինչպես կամ ավելի ճիշտ, ինչ խնդրի պատճառով հանդիպեցի իրենց գեղեցիկ ընտանիքին ու մարդկային վերաբերմունքին: Մրցանակաբաշխությանը (որի մասին գիտեք, էլ չեմ պատմում) մասնակցելու համար նախ և առաջ պետք էր հասնել Երևան, իսկ իմ դեպքում պետք էր Քարինջ գյուղից հասնել Դսեղ, Վանաձոր ու հետո միայն Երևան: Երևի հասկացաք. ուղիղ տրանսպորտ չկա, բայց ոչ միայն դեպի Երևան, այլ նաև Դսեղ, ու սարսափելի է, բայց նաև Վանաձոր (սա առանձին նյութի թեմա է)։ Դասավորվեց այնպես, ավելի ճիշտ, Անին դասավորեց այնպես, որ իր հայրիկը ինձ կհասցնի Դսեղ, հետո այնտեղից միասին կգնանք։

Գյուղամեջ հասնելուն պես տեսա նրանց մեքենան, Անին էր ու իր հայրիկը, եկել էին ինձ երազանքիս հետևից տանելու, Անին իջավ մեքենայից, ամուր գրկեցինք միմյանց ու ճանապարհվեցինք Դսեղ։ Տեղ հասանք 9:30-ին, բայց պիտի Երևան ճանապարհվեինք 10:00-ին, այսինքն կես ժամ կա։ Գնացինք Անիենց տուն: Պարզ, հայկական ընտանիք էր, լցված սիրով ու ջերմությամբ, ինձ ընդունեցին ինչպես հին ծանոթի։ Սենյակում լսվում էր Անիի փոքր եղբոր՝ Հայկի լացի ձայնը, ում փորը ցավում էր, կամ մրսածությունից, կամ անծանոթ աղջկա ներկայությունից։ Մի քանի րոպե անց նրա լացը անցավ, ընկերացանք, ու ես արդեն ծանոթանում էի նրա ավտոմեքենաներին ու բանալիների հավաքածուին։ Անիի մայրիկի հետ մի քանի րոպե խոսելուց հետո բացահայտեցինք, որ ինչպես հայկական ընտանիքների մեծամասնության դեպքում է, մեր երկուսի դեպքում էլ նույնն է. հայրիկները գնում են արտագնա աշխատանքի (սա էլ է առանձին նյութի թեմա), չնայած ի ուրախություն Անիի ու նրա ընտանիքի անդամների, նրա հայրը քանի տարի է՝ տանն է ու գյուղում աշխատանք է գտել։ Հետո գնացինք Երևան, թե ինչ տեղի ունեցավ, արդեն բոլորդ գիտեք, մենք հետ եկանք Անիենց տուն՝ մի քիչ հանգստանալու համար: Հայկը արդեն քնել էր, ինչպես Անիի մայրն ասաց, շատ էր սպասել Սեդաներին, բայց քունը տարել էր ու քնել էր, փոխարենը նոր անդամ էր ավելացել՝ Սյուզին, Անիի քույրը, որն առավոտյան դասի էր, իսկ հիմա տանն էր, մի քանի րոպե հանգստանալուց ու կատակելուց հետո Անին ու իր հայրը ինձ հետ բերեցին Քարինջ։

Հիմա ինչ եմ ուզում ասել՝ այնքան ուրախ եմ, որ ճանաչեցի ու հնարավորություն ունեցա շփվելու այս գեղեցիկ ու հյուրընկալ ընտանիքի հետ։ Շնորհակալ եմ, այս բառի մեջ տեղավորվում է միայն մի փոքրիկ պատառիկ զգացողությունների, բայց դժբախտաբար մարդկությունը դեռ ավելի արտահայտիչ բառ չի հորինել, շնորհակալ եմ…