Ազատ տարածք խորագրի արխիվներ

Digitec էքսպո 2016

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Հոկտեմբերի մեկ։ Ժամը գիշերա-առավոտվա 6։00։ Բացում եմ տան դուռն ու նկատում երկու մարդու ուրվագիծ։

-Էս ինչի՞ եք եկել,- հարցնում եմ ես, ու մենք ծիծաղից փորներս բռնում ենք․․․

3 օր առաջ։

Դասերից հետո դասընկերուհիս՝ Աննան, ասաց, որ Մալիշկայի ռոբոտաշինության դասընթացներին մասնակցող երեք ակտիվ աշակերտների տանելու են Երևան՝ ինչ որ միջոցառման։ Դե, ես ինձ մի քիչ վերագնահատելով կարծեցի, թե այդ ակտիվներից մեկը ես եմ, չմտածելով անգամ, որ գնալու եմ ռոբոտաշինության էքսպոյի, որը տեղի էր ունենալու Երևանում։ Նույն օրը երեկոյան ինձ զանգահարեց ռոբոտաշինությանս ուսուցիչն ու ասաց, որ ես էլ եմ գնալու Երևան, և ի ուրախություն ընկերոջս՝ Վահեի, նա էլ է գալու։ Որոշվեց. հոկտեմբերի մեկին, առավոտյան 6։30 շարժվում ենք։

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Էքսպոյի նախորդ օրվա երեկոն էր, զարթուցիչս դրեցի 5։30 ու գնացի քնելու։

Տռլըմ, տռլըմ… (փորձում եմ զարթուցիչիս ձայնը տառերով գրել)։ Մի րոպե, բայց, իմ զարթուցիչը մեղմ երաժշտությամբ ինձ գուրգուրելով արթնացնում էր, սա ուրիշ ձայն է։ Վահեն էր զանգում։

-Վերկաց, հագնվի, լվացվի։ Գալիս եմ։

Հագնված, հաց կերած ու լվացված նստել եմ խոհանոցում ու սպասում եմ զանգի։ Ահա, հեռախոսս ծնգաց, բայց Վահեն չէր, զարթուցիչս էր։ Ահա, ևս մի ծնգոց։ Էհ, հիմա էլ երկրորդ զարթուցիչն էր։ Դե, համենայնդեպս էի դրել: Մարդ ես, բա որ չարթնանայի։ Վերջապես երրորդ ծնգոցը։

Բացում եմ տան դուռն ու նկատում երկու մարդկանց ուրվագիծ։

-Էս ինչի՞ եք եկել,- հարցնում եմ ես, ու մենք ծիծաղից փորներս բռնում ենք։

Մի խոսքով, գնացինք պայմանավորված տեղն ու բավականին երկար սպասեցինք մեր ավտոբուսին։ 7-ին շարժվեցինք։ Դե, լավ ա էլի մարզում «ակտիվ» երիտասարդ լինելը։ Ավտոբուսում Վայոց ձորի մնացած ակտիվ երեխեքն էին, նոր ծանոթությունները ակնկալածիցս քիչ էին։ Գրեթե կեսին ճանաչում էի։

10-ին հասանք Երևան։ Ես ու Վահեն միանգամից վազեցինք էքսպոյի շենք։ Մի բառով ասեմ՝ դրախտ։ Մի կողմում երեխեքի սարքած ռոբոտները, մյուսում՝ 2016-ի ամենահզոր խաղային համակարգիչները, նորագույն խելախոսները, աքսեսուարները և այլն։

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Լուսանկարը՝ Ռաֆայել Սահակյանի

Վահեի հետ հիանում էինք այդ ամենով, երբ մի տղա կողքովս անցնելիս կանգնեց, ու նայեց վրաս։ Շրջվեմ ու տեսնեմ` ի՞նչ։

-Իյա, ապ ջա՞ն։ Էս դուք էլ «արմաթ» ունի՞ք։

-Ըբը, ինչըխ,- փորձեցի իր բարբառով պատասխանել։

Հարութն էր։ Նրա հետ ֆեյսբուքով էի ծանոթացել ու կյանքում չէի տեսել։

-Ռաֆոն էլ է ստեղ, Վահեն էլ պիտի գա մի քանի ժամից,- Ռաֆոյին ու Վահեին էլ էինք ֆեյսբուքում գտել, ընդհանուր չաթ էինք բացել։

-Պարոն Աբրահամյան,- Ռաֆն էր, ներկայացավ իր ֆեյսբուքյան կեղծանունով։

Ծանոթացանք նրանց ստեղծած ռոբոտների հետ։ Մեկն ական էր գտնում, մյուսը` «դրիֆտ անող» փոքր մեքենա էր. ու այսպես շարունակ։

Քայլում էի սրահով, մոտենում տարբեր ծրագրերի ու նրանցից վերցնում իրենց այցեքարտերը, ինքս էլ չգիտեմ` ինչիս էր պետք։ Ուղղակի վերցնում էի։ Ահա, մի տղա էլ անցավ կողքովս ու էլի այնպես վրաս նայեց, ոնց ինֆորմատիկայի ուսուցիչը անդրոիդ համակարգին կնայեր։

Հերթական սոցցանցային ծանոթս էր: Նրա հետ էլ զրուցեցինք: Իսկական տոն էր էքսպոյում, ոչ միայն նրա համար, որ այդքան հետաքրքիր սարքեր ու սարքավորումներ տեսանք, այլ տոն էր նաև նրա համար, որ մի տեղում էին հավաքվել այդքան խելացի ու ակտիվ երիտասարդներ: Դե, ես մեզ էլ նկատի ունեմ (Շա՞տ էր անհամեստ,բայց ես սկզբում էլ ասացի, որ լավ է մարզում ակտիվ երիտասարդ լինելը):

Հա, մոռացա ասեմ, որ ես ու մեր գյուղի Վահեն գրանցվել էինք խաղարկության, որում մի հոգի պատահականության սզբունքով հաղթելու էր խաղային մկնիկ, ստեղնաշար կամ ականջակալ։ Մեզնից հասնում էր ուղղակի 5։ 30-ին լինել խաղարկության վայրում, այլապես մրցանակը կտրվեր ուրիշի։ Ու կռահեք` ինչ եղավ։ Դե ինչ պիտի լիներ, ժամը հինգին ուսուցիչս ասաց, որ վերադառնում ենք գյուղ։ Ուղղակի կլռեմ ու չեմ փորձի բացատրել մեր տրամադրությունն այդ պահին։ Միայն կասեմ, որ մի 3 ժամ էլ հետ եկանք, բայց այս անգամ մեր դանդաղ շարժվելը մեր օգտին էր։ Երեխեքի հետ ինչ խաղեր ասես չխաղացինք․․․

Հ․Գ․ Հա լավ, ոչինչ։ Թող մի խաղարկության էլ չմասնակցեինք, դա չի խանգարի, որ այս օրը դասվի ամենահագեցած օրերիս շարքում։

Sose zaqaryan

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ

Հոկտեմբերի 5, տարվա 278-րդ օրը։ Այդ օրը աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է ուսուցիչների միջազգային օրը։

Երբևէ մտածե՞լ եք, թե ուսուցիչները ինչքան բան են փոխել մեր կյանքում։ Շատերը իրենց մասնագիտությունը ընտրել են իրենց ուսուցչի օրինակով։ Հիմա, երբ արդեն ավարտել եմ դպրոցս, սկսել եմ ավելի շատ գնահատել իմ ուսուցիչներին։ Կարոտել դասաժամերը, մեր զրույցները, նրանց տված խորհուրդները։

Առաջին ուսուցիչ. մարդ, ով քեզ սովորեցնում է տառերը, թվերը և այլն։

Բայց ուսուցիչներ միայն դպրոցում չեն լինում,այլ հասարակական կյանքում նույնպես։

Հիշում եմ, երբ ուսուցիչների տոնին միջոցառումներ էինք կազմակերպում, ոգևորվում էին,0 հուզվում, կարմրում ամոթից, ու միշտ հասկանում էի, որ կարմրել կարող են միայն ուսուցիչները։ Որովհետև ուսուցիչն է, որ ունի պատասխանատվության մեծ զգացում։ Ուսուցիչն է, որ միշտ հիշվում է ու գնահատվում։ Երբ մարդիկ զրուցում են կամ իրար հետ համաձայնության չեն գալիս, ասում են.

-Քո ուսուցիչը ո՞վ է եղել։

Ուրեմն մարդու անբաժան ուղեկիցը, կենսագրություն կերտողը ու անհատ ձևավորողը ուսուցիչն է։

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ, թող քո անցած ուղին միշտ հարթ լինի, հոգիդ` անկաշառ ու սիրտդ` մաքուր։

«Իմ գրադարանը»

Հայաստանում գրադարաններ շատ կան, ընթերցողների թիվն էլ պակաս չի, սակայն իմ գյուղի` Արզականի գրադարանում մի ուրիշ շունչ կա: Երևի դա նրանից է, որ մեր շատ սիրելի ընկեր Սոնյան է մեր գրադարանավարուհին: 

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հա՛, հա՛, հաստատ ընկեր Սոնյայից է, որ գյուղում ընթերցողների թիվը չի պակասում: Անգամ  թոշակառու տատիկներն են այցելում գրադարան և ընկեր Սոնյայից գրքեր  պահանջում: Սակայն այդ պահանջվածներից ոչ  շատերն է ունենում նա, քանի որ գրքեր կան, որոնք մինչև  հիմա կարդացողի մոտ է, կամ էլ վերադարձրել  են, բայց  զուր՝ էջերը չկան: Ընկեր Սոնյայի հետ զրույցում՝ նա պատմեց այս ամենը: Գրադարանում կա 8000-ից ավելի գիրք:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Երբ ընկեր Սոնյային հարցրեցի, թե խնդիրներ կա՞ն, որոնք առաջնային են: Նա ինձ տարավ գրքերի պահոց և ցույց տվեց այդ անկարելի վիճակը:

Պահոցում օդը շատ ծանր էր, չկարողացա ինձ զսպել և հարցրեցի՝ ինչո՞ւ պատուհան չեք բացում: Նա ասաց.

-Երկու պատուհան կա, բայց չեմ կարող բացել, քանի որ, եթե դիպչեմ պատուհանին, այն պատի հետ միասին կփլչի:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Չեք պատկերացնի, թե ինչքան էր ազդել ինձ վրա գրքերի խղճուկ վիճակը, պայմանները: Իսկ երբ այդ տեսարանից հետո հարցրեցի, թե ինչ-որ բան կա՞, որ կցանկանայիք ավելացնել, նա պատասխանեց՝ գրքերը, և նրա դեմքի վրա երևաց մեղմ ժպիտ:

Silvi

Մեր խաղերը

Ուրեմն, «Ռենջերները» նոր էր սկսվել, դեռ չէին հասցրել անհամացնեին, մենք ողջ դասարանով նայում էինք, ու քանի որ մենք էլ քննական դասարան էինք, գնում էինք կոնսուլտացիաների, հենց վերջացնում էինք, մենք մեր տեղը ունեինք` գնում էինք: Փոսի մեջ ապրում էին ռենջերները, իսկ մի քիչ հեռու բլուրի վրա «չարերի» տունն էր: Առաջին օրը որոշեցինք, թե ով որ ռենջերը պետք է լինի: Ես ու մեր դասարանի Նաիրան վիճեցինք, թե ով պետք է լինի կապույտ ռենջերը: Դե, քանի որ ես շատ համառ եմ, ես էլ եղա: Երբ դուրս եկանք կռվի, սկզբում իսկապես իրար ծեծում էինք, հետո խոսեցինք ու որոշեցինք ձևականորեն խփել:

Ու մենք այսօր էլ, որ անցնում ենք այդ տեղով, միշտ հիշում ենք մեր ռենջերական խաղերի շրջանը: Տեսնում ենք մեր` քարերով միմյանցից առանձնացված ննջասենյակները, հյուրասենյակը, խոհանոցը: Այնպես ենք հիշում դրվագներ, ծիծաղում, որ չենք էլ նկատում, թե ոնց ենք տուն հասնում:

Ես ինչ որ չափով կարող եմ ասել, որ ունեցել եմ մանկություն առանց ինտերնետի: Այսօրվա երեխաները համակարգչային խաղերից բացի այլ զբաղմունք չունեն: Իսկ մենք խաղում էինք «կարմիր կոճակ», «էշ միլիցա», «հալամուլա», «հավալա», «կլաս» ու նման հավես խաղեր:

Հիմա կմտածես, թե մեծ եմ, բայց չէ, ընդամենը 16 տարեկան եմ: Խորհուրդ եմ տալիս հիմա նյութս կարդաս, վերջացնես ու գնաս դուրս, ընկերներիդ հավաքես ու պահմտոցի խաղաս:

Եթե որոշես իմ խորհրդին հետևել, հոդվածի տակ մեկնաբանություն թող, տեսնեմ` գրածս գոնե մի արդյունք տվե՞ց:

sona abunts

Կյանքով արբած

Տը՜զ, ֆը՜շ, խը՜շ, թը՜շ, բը՜զ, զը՜, կու-կու, ծուղրուղու՜, հա՛ֆ-հա՛ֆ, մե՜…
Ձայնային ֆոնը քիչ թե շատ ապահովեցի, պատկերացրեք, էլի, դժվար չէ դաշտ պատկերացնել, ճիշտ է, մի քիչ աբսուրդ է, բայց հավերով, շներով ու աքլորներով, որովհետև այդպես եմ ուզում:
Մոլորակի կենտրոնում եմ գտնվում, ամենագեղեցիկ բնության գրկում: Կանգնած տեղիցս դիմացս  փռված հորիզոնը նման է գունավոր, ծիածանանման գորգի: Ու մոտավոր պատկերացնում եմ այդ տեսարանը վերևից՝  ծաղիկներից հյուսված ծիածան՝ փռված դաշտի վրա, որի վրա վեր եմ խոյանում ես: Երկնքում ծիկրակող արեգակը իր տաքությամբ հաճելիորեն ու աստիճանաբար թմրեցնում է ինձ: Էլ չասեմ շուրջս  շշնջող բնության ձայնի մասին: Թմրությունից ոտքերս այլևս չեն պահպանում, և ձգողականության ուժը ինձ գեղեցիկ տապալում է գետնին: Մեջքիս վրա փռվում եմ գորգիս վրա և խրվում ծաղիկների հյուսվածքի մեջ: Հողը այնքան փափուկ է, անգամ անկողինս այդքան փափուկ ու հաճելի չէ, երևի մի գիշեր առաջ անձրև է խմել ու դեռ չի հասցրել չորանալ: Հողի բույրը, օդում սահելով, գալիս մտնում է քիթս ու հասնում ուղեղիս: Ձեռքերս բացված մեկնված են գորգին: Զգում եմ՝ ինչպես են մրջյուններն ու զատիկները վեր ու վար անում. ա՛յ քեզ հաճույք: Օդում ճոճվող քամին շոյում է դաշտերի չքնաղ ծաղիկներն ու խոտերը, որոնք էլ իրենց հերթին շոյում ու խուտուտ են տալիս ինձ: Դաշտի զեռունները հերթով գալիս են բարձրանում մարմնիս վրա, հետո հանգիստ սահելով իջնում ու հեռանում: Չէ՛, չեմ վախենում զեռուններից: Արևը արդեն կուրացրել է աչքերս: Դա զգում եմ ,երբ փորձում եմ շուրջս նայել. ամեն ինչ մութ է: Բայց ես հո՞ գիտեմ, թե ինչ է շուրջս կատարվում: Շուրջս կյանքն է եռում, բնական, անսկիզբ, անվերջ հրաշք կյանքը:
Սովորաբար ասում են, թե դաշտի ծաղիկներից լավ հոտ չի գալիս: Ասողները չարաչար սխալվում են: Դաշտի ծաղիկներից կյանք է բուրում, ազատություն ու բնություն:  Դաշտային ծաղիկը քաղելու ու տուն տանելու համար չէ: Դաշտային ծաղկից պետք է թագեր հյուսես ու քեզ պսակես բնության թագով՝ անմահության: Քեզ թույլ տաս զգալ որպես նրա բարի ծնունդ, որպես դաշտի մի ծաղիկ, որ փոքրիկ բաղադրիչն է այդ չքնաղ գլուխգործոց արվեստի՝ բնության: Զգաս քեզ գեղեցիկ, անուշաբույր և օգտակար, ինչպիսին դաշտի ծաղիկներն են: Օգտակար, ինչպիսին նրանք են՝ մեղուների ստնտուները. չէ՞ որ այդքան նեկտար են ընծայում փոքրիկ, արհեստավարժ մասնագետներին: Զգաս քեզ ինքնավստահ, ինչպիսին կարմիր վարդն է, պայծառ, ինչպիսին բարի արեգակն է, պարզ, ինչպիսին թափանցիկ ամպն է, խաղաղ, ինչպիսին ծավի երկինքն է, կյանքով լի, ինչպիսին ինքը՝ Աստված է:
Համեղ է բնությունը: Եկեք ձեր ախորժակները մի փոքր գրգռեմ: Պատկերացրեք  նստած եք երկար, լայն սեղանի առաջ ու ձեր առջև դրված է գառի խորոված, տապակած ճուտ, հարիսա, Քյավառի քյուվթա, «Իշլի քյուվթա», խեցգետնի պոչի քաբաբ, թփով տոլմա, աջափսանբալ, տժվժիկ, ավելուկի աղցան, պանիր, զեյթուն, գոմեշի մածուն, ավելուկի գնդիկներ, ղավուրմա, փախլավա:
Չէ՛, սա իրականում հիմար, դաժան կատակ էր, ու ոչ մի կապ չունի մեզ հետ:
Պատկերացրե՛ք. տաք-տաք, թարմ, լավ թխված արևի կտոր, հալած պաղպաղակի նման արևի ջերմությունից հալած կապտասառը երկնքի մի կծելու փայ, փափուկ, պաղ, քառակուսի կտրված հողի մաս իր բաղադրիչ համեմունքներով՝ մրջյուն, միջատ ու էլի, ասած տատիկիս, զըռթ-զըբիլ, ընդերքից բխող մի բուռ հեքիաթային ջուր, որը խմելով հնարավոր է Սասնա ծռերի Ծովինարի օրը ընկնես, և որպես նախուտեստ՝ քաղցրահամ, անուշահոտ խորտիկներ՝ վարդեր, մանուշակներ, նորածիլ խոտեր, դաշտային բազմատեսակ ծաղիկներ:
Ախորժելի է, այնպես չէ՞: Գոնե ինձ համար հաստատ այո՛, համեղ է: Եթե այսպիսի սեղան գցված լինի, ապա հաստատ մի կողմ կդնեմ ձևական քաղաքավարությունն ու  չափավոր չտեսությունը և կհարձակվեմ սեղանի վրա: Կուտեմ ոտքերով ու ձեռքերով, ամբողջ երեսս կլղոզեմ, ոտքից գլուխ կկեղտոտվեմ այն աստիճանի, որ եթե մայրս ինձ այդպես տեսնի, առանց հարցնելու կմտցնի լվացքի մեքենայի մեջ ու ամբողջ լվացքի փոշին, ժավելն ու անուշահոտ հեղուկները կլցնի վրաս:
Ա՛յ, այսքան շատ եմ քեզ սիրում, Բնությու՛ն: Քո գրկում կյանքով արբենում եմ: Քո գրկում ցանկանում եմ բարձր գոռալ ու վայելել քո սփռվածությունը:
Ով մի անգամ բնության գրկում բա՜րձր, շա՜տ բարձր գոռացել է, ու զգացել բնության անսահմանությունը, հզորությունն ու տարածվածությունը, ուրեմն նա կյանքով արբած եղել է:

Կյանքով արբած եմ մի այլ տեսակ…

erik aleksanyan

Աղվեսի պոչը

Կիրակի օր էր: Պետք է գնայինք սար` խոզերը բերելու: Թարսի պես էլ Դավիթը «Մանանայի» խմբի հետ էր` Կոթի կինո նկարելու: Եվ օգնություն էր պետք: Զանգեցի ընկերոջս` Արմանին:

-Ալո՛, Արման, բարև:

-Բարև:

-Ի՞նչ կա:

-Բան չկա, դու ասա:

-Կարո՞ղ ա գաս սարը:

-Ի՞նչ ա էլել, որ:

-Գընմ ենք խոզերը բերենք:

-Կացի ` էսա մերոնց հարցնեմ:

-Հը՞ն, թողեցի՞ն:

-Հա:

-Դե արի ՛ խաչմերուկը:

-Լա՛վ:

Գնացինք խաչմերուկ, Արմանին վերցրինք և գնացինք սար: Մեկուկես ժամից արդեն սարում էինք: Հենց մեքենայից իջանք, տեսանք մի աղվես, որը սատկած և ընկած էր գետնին:

-Էս ե՞րբ ես խփել, բիձո:

-Քշերը:

-Կարա՞մ` պոչը կտրեմ տանեմ:

-Հա, խի՞ չէս կարա:

Արմանի օգնությամբ պոչ կտրեցինք և դրեցինք մեքենայի մեջ: Փայտը բարձեցինք և խոզերը դրեցինք մեքենայի մեջ: Մի ժամ հանգստացանք և վերադարձանք: Խոզերը պետք է իջեցնեինք Դավիթենց դռանը: Խոզերը իջեցրինք, և Դավիթին ցույց տվեցի պոչը: Նա ուզեց, բայց նրան չտվի:

Թող հետս գար խոզերի հետևից:

Հայացք

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Հայացք դեպի ներս… Դեպի սեփական հոգու ապրումները, գաղտնիքներն ու օգնության կանչը… Ահա այս հայացքի մասին ենք հաճախ մոռանում… Մոռանում ենք ժամանակ առ ժամանակ հետ կանգնել խելահեղ վազքից ու լսել հոգու կանչը, որ լսելի է դառնում միայն այն ժամանակ, երբ ինքդ քեզ հետ ես… Մենություն… Լռություն… Ու հոգին է խոսում… Օգնում է գտնել այն հարցերի պատասխանները, որոնք չեն հասել գիտակցությանդ՝ կորչելով ամենօրյա անգիտակից վազքի մեջ…

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Վազում ենք, մինչդեռ ամենակարևորը  փորձում է մեզ համար լսելի դառնալ:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն

Հովվի հրաժեշտը

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

Մենք ետ կըգանք ձեզ նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կըրկին,Երբ որ սարերը զուգվեն կանաչով,
Երբ որ ջըրերը վազեն կարկաչով։

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

Ֆրիդրիխ Շիլլեր
Թարգմանությունը` Հովհաննես Թումանյանի

Անակնկալ ծանոթություն

Վրանային ճամբարները շարունակվում են իմ համայնքում` Կալավանում: Ճամբարների ընթացքում շատ եմ ունենում հետաքրքիր ծանոթություններ տարբեր տարիքի, մտածելակերպի, հետաքրքիր նախասիրություններ ունեցող երեխաների ու պատանիների հետ: Այս անգամ ծանոթությունս փոքր-ինչ տարբեր էր: Ծանոթացա 17.am-ի Շիրակի թղթակից Շուշան Վահանյանի հետ:

Պատահաբար իմացա, որ ճամբարում «Մանանա» ընտանիքի անդամ կա ու շտապեցի առաջինը ծանոթանալ: Շատ հետաքրքիր անձնավորություն էր Շուշանը: Պատմեց, թե ինչպես է միացել «Մանանային» և սկսել թղթակցել: Ես էլ պատմեցի իմ պատմությունը: Ու հետաքրքիր էր, որ Ծաղկաձորում կայացած մեդիա ճամբարին և ինքն էր հնարավորություն ունեցել մասնակցելու և ես, բայց ցավոք երկուսս էլ չէինք կարողացել: Ու մտածեցինք, եթե մասնակցած լինեինք, ավելի շուտ ծանոթացած կլինեինք: Բայց ոչինչ, կարևորը ծանոթացանք: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Հետո պատմեց, թե ինչպես է «Վորլդ Վիժն» Հայաստանի կազմակերպության օգնությամբ ճամբար կազմակերպել իրենց մոտ, երեխաներին մի քանի օրով կտրել վիրտուալ կյանքից և պարգևել իսկական մանկություն:

Ես էլ մտածեցի այդ ուղղությամբ, և եթե ստացվի, եկող ամռանը ես նույնպես նմանատիպ ճամբար կկազմակերպեմ մեր համայնքում:

Հաճելի էր ծանոթանալ Շուշանի հետ ու կիսվել հետաքրքիր մտքերով: Հուսամ, սա մեր վերջին հանդիպումը չի լինի:

Էլյանորա Բալյան

***

Մենք գնացել էինք Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ`«Վորլդ Վիժն»-ի կազմակերպած 3-օրյա վրանային ճամբարին, որի ընթացքում անցկացվեցին երեք տարբեր սեմինարներ, խաղացինք հետաքրքիր «Մամոնտ» խաղը: Կալավանում մեզ հյուրընկալեց «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը կամ, ինչպես մենք էինք ասում, ընկեր Ռոբերտը: Կալավանում անցկացրեցինք անմոռանալի օրեր: Առաջին անգամ գիշերեցինք վրաններում, ծանոթացանք բնության հրաշալիքներին, առաջին անգամ տեսանք քարեդարյան կացարաններ, չնայած դրանք կառուցվել էին մեր ժամանակներում: Կալավանում անցկացրած մեր երեք օրերը տպավորիչ էին, ավելի տպավորիչ էր երրորդ օրը: Այդ օրը մենք խաղացինք «Մամոնտ» խաղը: Մենք խաղացինք խաղի բարդության ամենապարզ` 3-րդ աստիճանը: Մենք նախորդ օրն արդեն բաժանվել էինք խմբերի:Առաջին փուլում մենք պետք է պեղումներ իրականացնեինք: Տարածքը մեզ արդեն տրամադրել էին, մեր խմբերը բաժանվեցին երկու մասի: Մի մասը գնաց պեղումների, իսկ մյուս մասը մնաց պեղած իրերը հաշվելու, գրի առնելու: Երկրորդ փուլում մենք գնացինք անտառ. պետք է սովորեինք ,թե ինչպես են նախնադարում մարդիկ իրենց կացարանների կտուրները ծածկել,տեսանք դասագրքերից հայտնի վանակատ քարը:
Կալավանում ամեն բան հրաշալի էր, ամեն ինչ մաքուր, զգում էինք, որ մարդիկ այստեղ բնության, կենդանիների նկատմամբ բարի էին, սրտացավ: Այստեղ ես հանդիպեցի 17.am-ի պատանի թղթակից Էլյանորային: Նա ինձ պատմեց, թե ինչպես է սկսել թղթակցել 17-ին, զրուցեցինք տարբեր թեմաներից: Էլյան պատմեց Աղվերանի մեդիա ճամբարի մասին: Կալավանում անցկացրած 3 օրերը անջնջելի հետք են թողել հիշողությանս մեջ: Շնորհակալ եմ, որ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը` մասնակցել վրանային ճամբարին:
Եթե ուզում եք անցկացնել ձեր մյուս ամառն ավելի հանգիստ, միաժամանակ ակտիվ ու հետաքրքիր, այդ վայրը մի փնտրեք դրսում, այցելեք հրաշք Կալավան գյուղ

Շուշան Վահանյան