Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ani Ghambaryan

Նորից գրքեր

Սովորաբար, «Սիրո՞ւմ ես գիրք կարդալ» հարցին մենք պատասխանում ենք` ո′չ, պատճառաբանելով, որ դա ուղղակի պարտականություն է մեզ համար, այն էլ՝ ձանձրալի:

Բայց ես կարծում եմ, որ բոլոր դպրոցականներին էլ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է  անհրաժեշտ ուշադիր և շատ կարդալը:

Նախ, այն օգտակար է: Զարգացնում է մտածողությունը:  Սա կարդալու ամենակարևոր առանձնահատկություններից է: Կարդալիս մենք շատ ենք մտածում՝ փորձելով հասկանալ իրավիճակը: Դա էլ իր հերթին, թուլացնում է լարվածությունը: Հիշեք, թե օրվա ընթացքում որքան առիթներ ենք ունենում լարվելու, և  կարդալը դրանից ազատվելու հրաշալի տարբերակ է, հատկապես, երբ բարձրաձայն ես կարդում: Զարգացնում է բառապաշարը: Գրքերում մենք հանդիպում ենք  ծանոթ ու անծանոթ բառերի, որոնք, ուզենք, թե չուզենք, դառնում են մեր բառապաշարի անբաժան մասնիկը, և առօրյա խոսքում սկսում ենք օգտագործել դրանք:

Ի վերջո, շատ կարդալու շնորհիվ  մենք դառնում  ենք  ավելի բանիմաց, խելացի և տեղեկացված:

Ուսուցիչները` այդ ամենն իմանալով, մեզ ամառային արձակուրդներին հանձնարարում են բազմաթիվ գրքեր կարդալ: Իսկ մենք`երեխաներս, մտածում ենք, որ ամառն ու արձակուրդը մի լավ հանգստանալու համար են:

Ես, օրինակ, փորձում եմ հաճելին համատեղել օգտակարի հետ: Երկուսը` միաժամանակ:

Այս ամռան առաջին ամսվա ընթացքում, հանձնեցի ինձ համար շատ «սարսափելի» քննությունները: Սկզբում շատ էի վախենում, ամեն օր կարդում էի, կրկնում անցածս: Մտածում էի,  թե մի բան կմոռանամ: Հետո հասկացա, որ քննություններն այդքան էլ վախենալու չեն ու բոլորից էլ բարձր ստացա`19 և 20: Արդեն ավարտին էր մոտենում հունիսը, ու ես դեռ ոչ մի գիրք չէի կարդացել: Երբ որոշեցի սկսել, բացեցի դարակս, հազիվ գտա նոթատետրը, որի մեջ գրել էի գրքերի ցանկը` զարմացա: Ինչպես եմ հասցնելու կարդալ այս գրքերի շարանը: 5 հեղինակ ու տարբեր ստեղծագործություններ: Այնուամենայնիվ, որոշեցի սկսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպից: Եթե անկեղծ, կարդացի ու  շատ հավանեցի: Հետո սկսեցի կարդալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: Հետո որոշեցի մի քանի օր հանգստանալ ու շարունակել: Օրերս էլ ընկերուհիս ասաց, որ կարդացել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը և շատ է հավանել: Որոշեցի ինքս էլ կարդալ , ու ինձ էլ դուր եկավ: Թեև, դեռ չեմ ավարտել: Ինձ թվում է, որ մինչև սեպտեմբեր, կհասցնեմ ավարտել հանձնարարությունս…

Մեծացա ու հասկացա

Երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի ամեն առավոտ հայրիկիս հետ «Ինչուիկ» գնում, հենց մեքենան հասնում էր մի խաչմերուկի, իմ գլխում մի հարց էր ծագում. ո՞ւր է տանում այս երկրորդ ճանապարհը։

Ու առանց բացառության ամեն անգամ հարցնում էի․

-Ո՞ւր է տանում այս ճանապարհը:

Հայրիկիս պատասխանն էր․

-Մի օր կգնանք:

Ու այդ հույսով ամեն օր անցնում էինք այդ ճանապարհով ու հենց մոտենում էինք այդ խաչմերուկին սիրտս բաբախում էր, և թվում էր, թե այս անգամ հայրիկը կփոխի ճանապարհը, և մենք կգնանք այդ անհայտ ճանապարհով։

Ու մինչ օրս շատ եմ անցնում հենց այդ երկրորդ ճանապարհի կողքով, բայց մեկ է, ինձ համար հանելուկ է` ուր է տանում այդ փողոցը։

Տարիներ անց ես հասկացա, որ այդ «անհայտ» ճանապարհը իմ կյանքի ճանապարհն է, և ես այն պետք է անցնեմ ինքնուրույն…

Mane Minasyan

Ամենակարևոր մարդը

Տանը մտածում են, որ սառն ու անտարբեր եմ, բայց եթե անկեղծ, ես էդպիսին չեմ:

Երբ տեսնում եմ, որ շրջապատում աղջիկներն իրենց մայրիկներին դիմում են` մամ ջան, մամաս, արևս ու նմանատիպ բառերով, ինձ համար մի տեսակ անսովոր է, որովհետև ես բացի «մամ»-ից ուրիշ դիմելաձև չունեմ:

Ուզում եմ մի դեպք պատմել, որը վերջերս է տեղի ունեցել…  Ճամբարից երբ վերադարձա, մամային ուղղակի բարևեցի, անգամ չմոտեցա:  Ճիշտ եմ ասում, ես դա մտածված չեմ արել, դա իմ բնավորությունն է:

Բայց այսօր նյութս ուզում եմ նվիրել մամայիս, ու դրա միջոցով «սեր խոստովանել»:

Մամ ջան, իրականում ես քեզ շատ, բոլորից շատ եմ սիրում:

Ճիշտ է, քեզ ամեն օր, ավելի ճիշտ, ամեն ժամ նյարդայնացնում եմ, բայց ես քեզ այդպես եմ սիրում:

Գիտեմ, երբ կարդաս, ժպտալու ես, որովհետև երևի ամենակարևոր բաներն ասելու ժամանակը հենց հիմա է:

Մարդն ընդհանրապես երևի իր տեսակով եսասեր է, ու մենք՝ ամեն մեկս ինչ-որ մեկին, սիրում ենք ինչ-որ բանի համար. Օրինակ, ընկերներին՝ վստահության, ուսուցչուհուն՝ սովորեցնելու, մարդկանց՝ լավ հատկանիշների և այլն:

Իսկ մայրը իր երեխային սիրում է ոչ մի բանի համար, սիրում է ուղղակի, պարզապես որ նա կա:

Ամենակարևոր մարդը նա է, ում մենք մայր ենք անվանում:

emma tovmasyan

Կուզեի՞ր թռչել իմանալ…

Չհասցրի գրկեմ փոքրիկ Էլենին, երբ բարևից հետո եղավ նրա այս հարցը: Մի պահ զարմացա, հետո ուրախացա նրա հետաքրքիր մտքերից, ու քանի որ ես էլ շատ կուզեի, պատասխանեցի.

-Հա, բա ոնց չէի ուզենա,- ու ամուր գրկեցի Էլենին:
Ե՞ս եմ դեռ շատ փոքր, թե՞ նա է բավականին մեծացել, կամ գուցե երկուսիս աշխարհներն էլ բախվում են միևնույն տեղում` նրա 6-ամյա աշխարհն ու իմ 21-ամյան:
Հետաքրքիր է, չէ՞, թռչել անսահմանության վրայով ու չհասնել հորիզոնին, այն հորիզոնին, որը թվում է` վերջանում է պատուհանիցս երևացող սարի ու երկնքի հատումից: Այն հորիզոնի, որը այդպես էլ կմնա առեղծված:
Երբ ես հարցրի նրան, պատասխանեց.
-Կուզեի թիթեռ լինել:
(Էլենը կլիներ անչափ գեղեցիկ, կանաչ աչքերով, թմբլիկ թիթեռ):
Գուցե ճիշտ է այն խոսքը, որը կարդացել եմ. «Մարդու ամենամեծ երջանկությունը թռչելն է»: Եթե երջանկություն է, պատկերացնո՞ւմ եք` ի~նչ երջանիկ են թռչունները: Անսահման երջանիկ են: Նրանք կրկնակի երջանիկ են. գիտեն և թռչել, և քայլել:
Ես ու Էլենն էլ չենք կարող թռչել, բայց հո՞ մեր հոգին ու միտքն էլ կարող են հասնել անծայրածիր հեռուները ու թռչե~լ… թռչե~լ…

jora petrosyan

Ուստյան, Կլեկչյան, Ջոմարդյան, Գյոզալյան…

Ես ուղղակի վստահ եմ,  որ բոլորդ էլ լսել եք այսպիսի ազգանուններ,  որոնք շատ տարօրինակ ու յուրօրինակ են։ Ես էլ եմ ձերոնցական։ Իմ ֆեյսբուքյան ընկերներում կան այնպիսի մարդիկ,  ովքեր ունեն այդպիսի ազգանուններ։ Չկարողացա անտարբեր անցնել իմ այդ ընկերների կողքով  որոշեցի բացահայտել,  թե ու՞մ անվան հետ է կապված իրենց ազգանունը. և ո՞վ է եղել նրանց պապու պապը կամ պապու պապու պապը։

Եվ այսպես.

Բլոգեր Արգամ Ուստյան

Իմ պապիս պապը եղել է Ավագ Ուստյանը: Ազգանունս առաջացել է ոչ թե անունից, այլ մասնագիտությունից, եթե կարելի է այդպես ասել: Եղել է մի մարդ, ով ունեցել է ձեթի գործարան ու հմուտ մասնագետ է եղել: Նրան ուստա են դիմել, այդտեղից էլ  առաջացել է Ուստյան ազգանունը։ Պապուս պապի մասին հետաքրքիր պատմություններ չեմ լսել,  բայց պապուս հորը վերաբերող մեկ հետաքրքիր պատմություն կարող եմ հիշել։

Նրա անունը Դանիել է եղել: Բավականին հարգված ու գրագետ մարդ է եղել: Ապրել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։ Նրա գրագետ լինելու փաստը տեղի գյուղացիների շրջանում հումորով է ընդունվել, քանի որ Մեծ Պարնի գյուղում հանդիպել է մի պաշտոնյա մարդ, ով խոսել է միայն մաքրամաքուր հայերենով: Տեղյակ եմ, որ գրագետ լինելուն զուգահեռ շատ  խիստ մարդ ու պաշտոնյա է եղել։ Մի անգամ մտնում է գյուղի միակ խանութը,  որը մեր օրերում կարող է փաբ հիշեցնել: Տեղացի տղամարդիկ տեսնելով, որ իմ պապիկի հայրը մոտենում է  խանութին, պայմանավորվում են,  որ Դանիելի բարևը չառնեն, ուղղակի հասկանալու համար, թե ինչպես կարձագանքի այդ փաստին Դանիելը պապը։

Մարդը մտնում է խանութ, գլխարկը հանում ու բարևում է համագյուղացիներին, սակայն բարևն անպատասխան է մնում։ Թարս նայելով նստածներին՝ մոտենում է վաճառողին ու մի շիշ օղի պատվիրում  մեկ բաժակի հետ։ Էդ շրջանում սովորաբար մենակ չէին խմում ու, ըստ դրվածքի, նա պետք է նստածներին էլ հյուրասիրեր։ Բայց դե նա մեկ բաժակ էր ուզել։ Վաճառողը բացում է շիշը, լցնում բաժակը։ Վերցնելով բաժակը,  այն մոտեցնում է օղու շշին ու ասում.

-Խմենք կենդանի մեռելների կենացը, ովքեր լսում են բայց չեն խոսում։

Կարատեի հրահանգիչ, WSKF Եվրոպայի երեք մրցանակակիր և Ասիայի WSKF 2 մրցանակակիր Ալբերտ Թեվատրոսյան

Մեր ազգանունը ստացել ենք իմ պապի պապու անունից՝ Թեվատրոսից։ Պապիս պապը եղել է Պարսկաստանի Խոյ քաղաքից։ Ազգանունս իսպաներենից թարգմանած նշանակում է Աստվածափայլ։ Ցավոք որևէ հետաքրքիր պատմություն չգիտեմ կապված նախնիներիս հետ։

Հանրային հեռուստաընկերության «Բենեֆիս» ծրագրի խմբագիր Սոսի Խանիկյան

Ըստ իս,  իմ ազգանունը կոնկրետ ոչ մեկի անվան հետ կապված չէ։ Ուղղակի իմ մեծ պապիկը անհավանական հարուստ և իշխանական մարդ է եղել։  Նրան աղա Սեդրակ  են ասել։ Կարծում եմ ազգանունս՝ Խանիկյան,  կազմված է հենց աղա բառի հոմանիշ հանդիսացող «խան»  արմատից։ Նա գաղթեցրել է ամբողջ Կողբը,  այսինքն կարողացել է այնպես անել,  որ ի տարբերություն մյուս վայրերի,  այդտեղ հայերին չկոտորեն։  Նա բոլորին ապահովել է տներով և նրանց անվնաս հասցրել է այնտեղ։ Չնայած այն հանգամանքին,  որ եղել է դաշնակցական՝ շատ մոտ է եղել Աղասի Խանջյանի հետ։

«Համազգային Թատրոն» ստուդիայի ուսանող, մշակութաբան ու ապագա դերասան Արտավազդ Կլեկչյան

Ազգանունս որևէ մեկի անվան հետ կապ չունի։ Արմատներով Տավուշի Թովուզ ցյուղից ենք։ Իմ նախնիները Թովուզում զբաղվել են կլեկությամբ (պղինձ,  ալյումին փայլեցնել)։ Կլեկել նշանակում է` փայլեցնել։  Էդտեղից էլ եկել է ազգանունս։ Երեք եղբայր կլեկչիներ են եղել։ Կլեկչյանների ցեղը սկիզբ է առել այդ երեք եղբայրներից ու հետագայում ճյուղավորվել։ Իմ ճյուղի սկզբնավորողը Հովհաննեսն է եղել։ Իրեն նաև Օգան (քանի որ ռուսերենը ավելի տարածված է այդ կողմերում,  օգտագործել են Օհանի ռուսերեն տարբերակը)։ Օգանի ճյուղի վերջին ու միակ տղա Կլեկչյանը ես եմ։ Կլեկչյաններս շատ քիչ ենք ու բոլորս իրար ինչ-որ կերպ բարեկամ ենք գալիս,  բայց դե բոլորս իրար չենք ճանաչում։ Օգանի մյուս եղբայրների անունը անկեղծ ասած չգիտեմ։ Օհանի (Օգան) հետ կապված գիրք կա գրված։ Լեգենդներ են պտտվում իր անվան շուրջ։ Ասում են,  իբր ինքը ամիսներով անտառներում է եղել ու առանց զենքերի,  օգտագործելով միայն ձեռքերը,  գայլ ու արջ է սպանել։ Բոլոր Կլեկչյաններիս աչքերը շատ սիրուն ընդգծված է ու իրար շատ նման։

Իրանագետ Հասմիկ Գյոզալյան

Մեր ազգանունը վաղնջական ժամանակներում  Հաճի-Կյուզելյան է եղել։ Մերոնք Հաճի են անվանվել, որովհետև գնացել են Երուսաղեմ ուխտի։ Հետո ջարդի տարիներին Կ.Պոլսից գաղթել են Երևան ու ստիպված են եղել ազգանունը փոխել Գյոզալյան։  Բայց թե որտեղից է եկել այդ ազգանունը, չեմ կարող ասել,  չգիտեմ։ Պապիս՝ Գրիգորը, երաժիշտ է եղել, պապիկիս պապան՝ Սուրենը, մսավաճառ,  իսկ պապիկիս պապիկը՝ Հարությունը,  վաճառական։ Ճիշտն ասած,  ես փոքր եմ եղել,  որ պապիկս մահացել է, ու շատ բան չեմ հասցրել լսել նախնիներիս մասին։

Չեխիայի Թոմաս Բատայի համալսարանի ուսանող և տուրիստական խորհրդատու Արսեն Ջոմարդյան

Ջոմարդը պարսկերեն բառ է։ Այդ ազգանունը բացառիկ է, ու միայն մեկ տոհմի է պատկանում, այսինքն` բոլոր Ջոմարդյաններն իրար բարեկամ են։ Պատմությունը կարծեմ սկսվում է 1819 թվականից, երբ իմ նախապապը (մոտ 20 տարեկան) գութան անելու սեզոնի ժամանակ իր  գութանի գործը թողնում ու  օգնում է հարևանին վերջացնել իր գործը՝ իրենն անտեսելով։ Դա չլսված բան է եղել գյուղում։ Հարևանը այդ ժամանակ ասել է. «Էս ինչ ջոմարդ մարդ ա», այսինքն, էս ինչ առատաձեռն է, որ ամեն հարցով օգնում է։ Դրանից հետո բոլորը սկսում են իրեն դիմել ջոմարդ։ Ջոմարդը հետագայում դառնում է Ջոմարդյան։ Ջոմարդ պարսկերենից թարգմանած նշանակում է առատաձեռն:

Փրկության ավտոբուսը

Բարև՛, խոսելու ժամանակ չկա, արագ հետևիր ինձ, տարածքը գնդակոծվում է… Տների կողքով մի քայլիր, հարվածը տների վրա է ուղղված: Ահա, գրեթե հասանք… Տեսնո՞ւմ ես երկհարկանի տունը… Չէ՛, իհարկե տուն չենք մտնում, այլ իջնում ենք տան նկուղը: Դե արագ, արագ, իջիր… Նկուղում ենք… Տեսնո՞ւմ ես այն հաղթանդամ տղամարդուն՝ Սարգիս պապն է, նրա կողքին՝ Նազան տատը, որդին՝ Վրեժը, Վրեժի կինը՝ Արևիկը, նրանց զավակները՝ Վարդանն ու Ռուզաննան… Սպասում են… Օր ու գիշեր սպասում են, թե երբ է Ճամբարակից ուղարկված ավտոբուսին վերջապես հաջողվելու հաղթահարել գնդակոծվող գոտին ու նրանց անվտանգ վայր տեղափոխելու: Հանկարծ մեր գլխավերևում պայթյուն է լսվում: Բացվում է նկուղի դուռը, և մի երիտասարդ բղավում է.

-Սարգի՛ս դայի, տունդ վառվում ա:

Բոլորը վերցնում են ձեռքի տակ եղած դույլերն ու վազում հանգցնելու այրվող տունը:

-Թողեք, թողեք վառվի տունս, որ ուշս դբեդ չմնա,- լսվում է Սարգիս պապի ձայնը: Ժողովուրդը քարանում է: Այրվում է գյուղի պահեստապետի տունը, այրվում են հյուրընկալությամբ ու ջերմությամբ լցված տան պատերը: Սարգիս պապը լուռ է: Նրա աչքերի առաջ այրվում է տունը, որի հետ կապված է նրա ողջ կյանքը:  Ահա բոցը բացում է իր երախն ու վերածում հսկա տունը մի կույտ մոխրի…

Իսկ հիմա արի մի պահ տեղափոխվենք Ճամբարակ: Մոտենում ենք Ճամբարակին: Ճանապարհի եզրին մարդկանց մի մեծ ամբոխ է հավաքվել: Բոլորի անհանգիստ հայացքներն ուղղված են Ճամբարակից Արծվաշեն տանող ճանապարհին: Նրանք սպասում են ավտոբուսին. հասարակ մի մարդատար մեքենա, որի վերադարձը պիտի որոշի այս մարդկանց ապագան: Ավտոբուս, որը կվերադառնա՝ իր հետ բերելով ուրախություն, կամ էլ կզրկի այս մարդկանց երջանիկ լինելու իրավունքից: Ավտոբուս, որն ուղևուրվել է Արծվաշեն՝ այս մարդկանց բարեկամների ու հարազատների կյանքը փրկելու: Ահա և հայրս՝ Գրիգորը: Նրա հայացքն ուղղված է ճանապարհին, իսկ սիրտն այրում է միայն մի ցանկություն՝ կրկին տեսնել պապին…

Վերջապես ավտոբուսին հաջողվում է գյուղ մտնել: Գյուղացիները քայլում են դեպի ավտոբուսը, և բոլորին միայն մի հարց է հուզում. «Ինչու՞ Սարգիս դային չփրկեց իր տունը»: Սարգիս պապը շրջվում է, նայում գյուղին ու պատասխանում.

-Ես էս գյուղը էլ էրեխա չեմ բերի:

Նա առաջ է քայլում, գիտակցելով, որ ընդմիշտ հեռանում է այս գյուղից: Նրա մեջքի հետևում է մնում իր ծննդավայրը, այրվող տունը, կնոջ՝ Նազանի գերեզմանը: Հասնում են ավտոբուսին…

Ճանապարհի վրա հայտնվում է ավտոբուսը: Հուսահատված մարդիկ աչքերին չեն հավատում… Բայց գալիս է, կասկած չկա, գալիս է… Գալիս է ավտոբուսը, որն իր հետ բերում է անսահման երջանկություն, ու միմյանց է հասցնում օրեր առաջ մեկնված ձեռքերը: Գրիգորը խառնված ամբոխի մեջ իր պապին է փնտրում: Ավտոբուսի դռներում հայտնվում է Սարգիս պապը ու հաջորդ վայրկյանին նրան արդեն ամուր իր կրծքին է սեղմում Գրիգորը…