Մայրս պատմում էր, որ իր հայրական գյուղում` Վանաշենում, մի զրույց կար: Ըստ դրա, շատ տարիներ առաջ գյուղում երիտասարդ մի ամուսնական զույգ զարմանալի բանի առաջ էին կանգնել:
Ամուսինները մի անգամ բակում տեսնում են հսկայական օձ: Չեն համարձակվում մոտենալ, սպանել: Հետո օձը հանգիստ, ինքնուրույն հեռանում է: Բայց ամիսը մեկ հայտնվում է բակում, նորից վախենում են սպանել, բացի վախենալն էլ, հասկանում են, որ օձն իրենց վնասելու մտադրություն չունի, և ուղղակի խուսափում են նրանից: Քիչ-քիչ օձն այցերի հաճախությունը մեծացնում է, ու երբ հայտնվում է՝ միշտ շրջում է տան տիկնոջ հետևից:
Բայց մի որոշ ժամանակ օձը չի հայտնվում: Ու օրերից մի օր էլ տան տիկինը տան դուռը բացում է ու տեսնում օձին՝ ներսում: Վախեցած փախչում է, երբ մարդիկ հավաքվում են ու գալիս օձին վնասազերծելու, նրան այլևս տանը չեն գտնում…
Շատ ժամանակ է անցնում, օձը չի հայտնվում: Ամուսինները մտածում են, որ երևի էլ չի գա, ու ազատվել են նրանից: Սկսում են մոռանալ օձի մասին: Բայց մի երեկո, երբ կինը մտնում է ննջասենյակ ու բացում է անկողնու ծածկոցը, վախից քարանում է. օձը ողջ երկայնքով անկողնու մեջ պառկած է լինում: Վախեցած կինը փախչում է սենյակից ու ասում է ամուսնուն տեղի ունեցածի մասին: Քանի որ երկուսն էլ վախենում են հսկայական օձից, շտապում են իրենց հարևանի տուն` օգնություն խնդրելու: Իսկ հարևանը ազգությամբ հայ չի լինում, այլ կարծեմ եզդի, և լինում է շատ աժդահա: Ասում են, որ օձն արդեն իրենց անկողին է մտել և այլ ելք չկա, քան սպանելը:
Հարևանը գնում ու սպանում է այդ օձին: Ու ասում են, որ այդ ամենի պատճառն այն էր, որ օձը սիրահարված է եղել այդ գեղեցիկ կնոջը:
Փաստորեն օձերն էլ սիրտ ունեն ու սիրել գիտեն: Բայց ոչ ոք չէր կարող իմանալ, թե այդ սերն ինչ արդյունքների կարող էր հանգեցնել…







Այդ խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը, որին խաղում պոկեմոնների մարզիչ են անվանում, պետք է ուղղակի քայլելով իր քաղաքով հետեւելով քարտեզին, հավաքի հենց այդ պոկեմոններին (անգլերեն pokemon, որը նշանակում է pocket monster – գրպանի հրեշ), որոնք հայտնվում են հենց իր դիմաց` մայթին, ճանապարհի մեջտեղում կամ հենց լճի մեջ։ Ասածս ուղիղ իմաստով չընդունեք, նրանք երևում են միայն հեռախոսի մեջ։ Այսպես ամեն մարզիչ պետք է հավաքի այդ գրպանային հրեշների մեծ բանակ, զարգացնի այն, ու գլուխ գովի իր ընկերների մոտ։ Առաջին հայացքից հիմարություն։ Երկրորդից էլ։ Բայց հենց մի երկու պոկեմոն եք բռնում, հասկանում եք, որ դա նույնն է, ինչ ձկնորսը մեծ ձուկ բռնի, կամ տաքսիստը` զբոսաշրջիկ։ Այդ գերագույն հաճույքը երկու շաբաթվա ընթացքում պայթեցրեց ողջ ինտերնետը։ Բոլոր վիդեոբլոգերները իրենց պարտքն էին համարում վիդեո նկարել այդ խաղի մասին, սոց․ կայքերում, ֆորումներում, համացանցի բոլոր անկյուններում այդ խաղի մասին էին խոսում։ Նույնիսկ հանդիպել եմ մի նյութի, որտեղ մի տղա մեկ այլ խաղացողի էր հրավիրում իր թաղամաս, որ իրենց պոկեմոններին կռվացնեն։ Զարգացած երկրներում անգամ խիստ արգելքներ են դրվել, ըստ որոնց, որոշ հասարակական վայրերում չի կարելի պոկեմոն փնտրել։ Դրա համար մարդ կարող է արժանանալ մինչև 3 տարվա ազատազրկման։ Ասեմ, որ թեեւ խաղը պաշտոնապես դեռ հասանելի չէ Հայաստանում, դա մեզ չխանգարեց միանալ պոկեմոնյան ալիքին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ապօրինի ճանապարհով ներբեռնել են խաղը եւ պոկեմոն են բռնում Հայաստանով մեկ։