


Արարատի մարզի Նարեկ համայնքում տեղի ունեցավ 8 մետր բարձրություն ունեցող խաչի և երկու խաչքարերի տեղադրումը։ Խաչքարերը տեղադրվել են ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մուշ Մհերի Հակոբյանի (Մուշը զոհվել է Հադրութում սեպտեմբերի 30-ին)։ Իսկ մյուս խաչքարը նվիրվում է Շոթա Քաջիկի Բալեյանին, ով անհետ կորել է հոկտեմբերի 17-ից։

Խաչի և խաչքարերի օրհնության սրբազան արարողությունը կատարեց Մասյացոտնի թեմի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը։ Սրբազան խաչն օրհնելուց հետո արժանապատիվ քահանան պատգամեց, որպեսզի այն ծառայի ոչ միայն համայնքի բնակիչներին, այլ նաև ողջ հայությանը։ Խաչի կառուցումը նախաձեռնել էր Նարեկ համայնքի բնակիչ Սարգիս Բալեյանը:


Սիրելի կարդացող ու չկարդացող,
Ի՞նչ տվեց քեզ տարին ու ի՞նչ ստացար։
Ինձ համար դրանք ուղղակի թվեր են, որ ամեն անգամ ավելանում են ու դրան զուգահեռ ավելանում են մեր ուրախությունները, տխրությունները, հոգսերը, մտածմունքները, երջանիկ պահերը, հույսերը։ Թվերը ավելանում են, ու մենք միշտ հենց տարին փոխվելուց ենք փորձում նոր բան անել, փոխվել դեպի լավը, բարին, նպատակներ դնել կապված գալիք տարվա հետ, մինչդեռ կարող ենք դա անել ամեն օր, ամեն վայրկյան։
Մարդիկ միշտ կյանքը կապում են թվերի հետ, երբ թվերը «գոլդ» են, ուրեմն շատ հիասքանչ է ամեն ինչ։
Թվերը ոչ մի նշանակություն չունեն մեր կյանքում. մեր կյանքում նշանակություն ունեն, թե մենք ինչ ենք անում դեպի լավը հասնելու համար, ինչ ենք անում, որ հասնենք մեր նպատակներին։
Թող գալիք օրերը քեզ համար լինեն կողմնորոշման ու հասանելիության նպատակների ու նոր քայլերի, սիրելու ու սիրված լինելու, հոգ տանելու ու հարգված լինելու, օգնելու ու օգտակար լինելու, գտնելու ու երբեք չկորցնելու, խաղաղ մնալու օրեր։
Եկեք հիշենք, որ ոչ ոք չի կարող փակել այն դուռը, որն Աստված է բացել ձեզ համար։
Աստված թող բոլորիս առողջ ու խելամիտ պահի։
Մայթերի սառեցնող անհայտության մեջ նա վազում էր, քարացած էր սառած մայթերի ու սառած օրերի միախառնումից…
Եսակորուստ օրերից նա քաղել էր մի փունջ բարիք…Դու ես քո օրը, տարիները գույներով լցնողը, բայց կան գույներ էլ, որ գալիս են ու լցվում քո կյանք անկախ քո ցանկություններից: Դրանք քեզ կփորձեն ծնկի բերել, թուլացնել, թևաթափ անել, բայց քո պարտականությունն է` դրանց անէացնել…
Նա խոսում էր, քայլում, մտածում, ու մեկ էլ հասկացավ, որ սառնագույն օրերն ու ցրտից քարացած մայթերը ջերմացնում են: Երջանկությունն էր…
Մեզ դեռ փոքր տարիքից սովորեցնում են հավատալ ու սպասել Ձմեռ պապիկին, ու մենք սպասում ենք՝ հավատալով, որ գալու է դեկտեմբերի 31-ի գիշերը, ու մեր երազանքները կատարված կլինեն, մինչև առավոտյան կզարթնենք:
Մենք սովորում ենք հավատալ հրաշքների ու սպասում ենք դեկտեմբերի 31֊ի գիշերվան, որ առավոտ, երբ զարթնենք, հրաշքները կատարված լինեն:
Մեզ չեն սովորեցնում սովորել, մեզ չեն սովորեցնում հարգել, երևի արժեքներ են, որոնք ոչ մի Ձմեռ պապ չի բերի ու չի տա:
Մենք մինչև հիմա սպասում ու երազում ենք` դրա համար իրական ոչ մի քայլ չանելով: Մենք պիտի հասկանանք, որ հրաշքներն ու երազանքները կատարվում են, երբ հավատալուց զատ քայլեր ենք անում:
Ձմեռ պապիկը մեր ներսում է թաքնված, ու նա ամեն օր է մեզ պարգևելու հրաշքներ ու երջանկություն,երբ մենք ինքներս սկսենք հավատալ:
Ես հավատում եմ հրաշքներին, հավատում եմ, որ մենք բժշկվելու ենք, որ ոտքի ենք կանգնելու ու քայլելու ենք առաջ։
Նոր տարվա սպասելիքներով, քննական ծանրաբեռնվածությունից մի կերպ ազատված՝ վերջապես ժամանակ գտա երկու խոսքով ցույց տալու ընկերուհուս՝ Մարիամի ընտանեկան հավաքույթ-նախապատրաստումը գալիք տոներին, որն այնքան տպավորել էր ինձ։

Այդ օրը նա փոքր ինչ անհանգիստ էր, որովհետև ուզում էր և տնային գործերն ավարտել, և դասերը սովորել, և բաց չթողնել սպասված օրվա հետաքրքիր պահերը.
-Հեսա բոլորը հավաքվելու են մեր տուն։
Մեզ մոտ՝ Գավառում, այդ օրերին բոլորը հավաքվում են հիմնականում փախլավա պատրաստելիս, բայց երբ նրան հարցուփորձ արեցի, պարզվեց, որ բանն այլ է.
-Հատկապես սուջուխի (շարոցի) պատրաստումը մեր ընտանիքում մեծ արարողակարգ է,-պատմեց Մարիամը՝ թելած ասեղով ծակելով ընկույզների «փորիկները»,- Ամեն տարի այս օրերին, առավոտյան մաման նախապատրաստում է համեմունքների կապոցը և հետո դրանով խյուսը պատրաստում։ Այդ ընթացքում ես, քույրերս շարեր ենք անում, մինչև գալիս են տատիկը, մեծ քույրս իր ընտանիքով, հարևանները, և ընդհանրապես` ով պատահի։
Մի պահ դադար տալով՝ Մարիամը սկուտեղներ ու ափսեներ բերեց կողքի սենյակից և շարունակեց իր պատմությունը.
-Երբ շփոթը պատրաստ է լինում, մենք նախ տաք-տաք համտեսում ենք ու համի մասին կարծիքներ ասում,- ասաց նա ու մի ափսե տաք շփոթ ու ընկույզ հյուրասիրեց ինձ,- տատիկին միշտ համը չի գոհացնում, բայց մենք հավանում ենք։

Այնուհետև Մարիամի մայրն սկսեց շարերը թաթախել շփոթի մեջ ու կախել։
-Դե իհարկե, արդեն պատրաստի կախված շարերից մեկը պարտադիր պոկվում-ընկնում է,-հերթական շարոցի պոկվելու ժամանակ ծիծաղեց Մարիամն ու սկուտեղը ձեռքս տալով՝ հայտարարեց,- սա ամենազվարճալի պահն է։ Լավ խաղ է, արի խաղանք։ Պետք է այնպես անենք, որ գետնին չկաթկթի։

Ու մենք սկսեցինք սկուտեղները ձեռքներիս վազվզել կախված երկարուկ շարերի միջով։
Երբ ամեն բան պատրաստ էր, և հարևաններին հյուրասիրելու համար շփոթով լի մի-մի աման ձեռքներիս փողոց դուրս եկանք, Մարիամը չարաճճի ժպիտով մի բան փսփսաց.
-Գիտե՞ս, մի հետաքրքիր բան էլ կա։ Տատիկս միշտ ասում է, որ իրենն ավելի համով էր ստացվել,-մի պահ լիաթոք ծիծաղում է ու ավելացնում,- չնայած իր բաժինն էլ է մաման սարքում։
Էս էլ մեր շարոցների փոքրիկ, համեղ պատմությունը։ Սիրտներդ ուզեց, չէ՞։










