Իմ գյուղը խորագրի արխիվներ

qnarik mxitaryan (aragacotn)

Գեղաձորի լույսն ու մութը

Իմ գյուղում հիմնականում մշեցիներ են բնակվում: Գյուղս շատ գեղեցիկ է, սակայն հոգսերը, ծանր աշխատանքները թույլ չեն տալիս վայելել այդ գեղեցկությունը:
Գյուղի կողքին գտնվում է ռուսական ռազմաբազան: Անընդհատ կրակում են՝ լինի գիշեր, թե ցերեկ: Սկզբում զայրանում էինք՝ ասելով, թե չենք կարողանում հանգստանալ, բայց հետո մտածեցինք, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում. մենք գոնե գիտենք, որ այդ կրակոցները մեզ չեն ուղղված:
Ինձ չէին բավարարում գյուղացիների պատմածները, և ես որոշեցի մեր թաղամասից ջուր տանող զինվորներին խնդրել, որ մի հայերեն իմացող զինվոր պատասխանի իմ հարցերին: Բախտս բերեց՝ նրանց մեջ կար հայերեն իմացող սպա: Մոտենալով նրան՝ ես հարցրի նրա անունը:
-Իվան,- պատասխանեց նա:
-Ուրախ եմ, ես Քնարիկն եմ: Ես ուզում եմ խոսել ձեր ռազմաբազայի մասին, մի քանի հարց ունեմ, կարելի՞ է: Ինչո՞ւ է հենց այս տարածաշրջանում ձեր ռազմաբազան:
-Տարածքի մի մասը պատկանում է ՌԴ-ին, և հարմար է զինավարժությունների համար:
-Բայց չէ՞ որ այդ կրակոցներն ուղղված են դեպի լեռը:
-Ամեն ինչ հաշվարկված է, և լեռանը վնաս չի հասցվում:
-Իսկ ջուրը, որը մենք խմում ենք, աղտոտված չէ՞ այդ զենքերի թունավոր նյութերով:
-Այո՛, դրանք ազդում են ջրի վրա, սակայն նախատեսված չէ, որ այստեղ մարդիկ պետք է բնակվեն: Կոնկրետ ձեր գյուղում պետք է լինի օդանավակայան, և հարցը քննարկման մեջ է:
-Իսկ բնակչությո՞ւնը, չէ՞ որ այստեղ են նրանց տունը, ապրելու միջոցները:
-Կհատկացվեն տարածքներ, բայց չգիտեմ՝ դա երբ և ինչ պայմաններում կլինի:
Ես նրան շնորհակալություն հայտնեցի հարցերիս պատասխանելու համար ու գնացի տուն:
Այս մարդու հետ զրույցից հետո շատ էի ուրախացել: Երեխաներով պատկերացնում էինք, որ մեր գյուղի մարդկանց մի մեծ շենք կտրամադրեն, և մենք շատ գեղեցիկ կյանքով կապրենք՝ հեռու ծանր աշխատանքից: Չէինք գիտակցում, որ ոչինչ հեշտ չի տրվում: Չէ՞ որ մեր ապրուստի միջոցը այս գյուղում է. մեր տունը, մեր բակը, մեր ամեն-ամեն ինչն այստեղ է: Եվ հիմա մտածելուց անգամ փշաքաղվում եմ, ես չեմ պատկերացնում, որ իմ այս հարազատ օրրանը, պապական տունը կարող է ամայանալ և դառնալ ընդամենը զենքերի պահոց: Դա սարսափելի կլինի բոլորի համար, ինչքան էլ ասեն, որ գյուղում դժվար է, իսկ այդ դժվարությամբ ստեղծածը կորցնելը դժվար չէ՞:
Գյուղում հիմա շատ են լսվում կրակոցներ, սակայն ուրախ ենք, որ դեռ այդ չարաբաստիկ որոշումը չի կատարվել և, հուսանք, չի էլ կատարվի: Հարազատ տունը կորցրած մարդիկ ևս մեկ անգամ այդ ամենը չեն վերապրելու:

iza Astsatryan

Հալիձորի սեպտեմբերի մեկը

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի, Սյունիքի մարզ, գ. Հալիձոր

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի, Սյունիքի մարզ, գ. Հալիձոր

Առավոտ էր, ժամը 7:00, զարթուցիչս` մայրս, ձայն տվեց.
-Իզա՜…
-Հա՜,-ասացի ես:
-Վե՛ր կաց, կուշանաս,- ասաց մայրս:
-Հա՜, հեսա,- ասացի ես ու աչքերս փակեցի, բայց գիտակցեցի, որ կուշանամ: Դե ինչ, որոշեցի վերջապես վեր կենալ ու անցյալում թողնել ամառային տրամադրությունս: Բայց շա՜տ դժվար էր: Դե գիտեք, ամառային արձակուրդները անցյալում թողնելը պարզապես դաժան է:

Այդ փորձությունը հաղթահարելով, աչքերս մի կերպ բացեցի, պատրաստվեցի ու գնացի դպրոց: Շուտ գնացի, որովհետև միջոցառման մասնակիցները պետք է շուտ գնան ու միշտ «մի մարդու նման»: Ինչպես ամեն միջացառման, այս միջոցառմանը ևս ես մասնակցում էի, այնպես որ ելք չկար, պետք է շուտ գնայի: Հասա դպրոց, սեպտեմբերմեկյան տրամադրություն էր, բայց ուսումնատենչ աշակետներս, որոնք առաջին դասարան էին գալիս, դեռ չէին եկել, իսկ ես նրանց անհամբերությամբ էի սպասում:

Մինչև բոլորը կգային, միջոցառումը կսկսեինք, որոշեցինք լուսանկարվել, ինչու ոչ, նաև սելֆի անել: Շուտով առաջին դասարանցիները ժամանեցին, ծաղիկներն ու սեպտեմբերմեկյան ժպիտները անպակաս էին:
Միջոցառումը սկսեցինք, որը լիքն էր երաժշտական և պարային համարներով, իսկ մեզնից հետո ելույթ ունեցան առաջին դասարանցիները, նվերները ստացան, ապա հայտարարեցին դասարանների և դասղեկների անունները, որպեսզի գնանք և սպասենք ուսումնական տարվա առաջին դասին: Ասեմ, որ տարեցտարի ավելի երկար ենք կանգնում ու սպասում մեր դասարանի անվանը: Վերջապես մեր դասարանի հերթն է, ուրախ-ուրախ մտանք դպրոց: Մեր դասասենյակը նույն լուսավորն էր մնացել: Դասարանում նոր դասընկեր չկար, ոչ էլ ինչ-որ մեկը դուրս էր եկել, մենք նույնն էինք մնացել, թե՛ մեր կատակներով, թե՛ մեր կազմով: Ինչպես միշտ, այս տարի ևս մեր դասարանում նստատեղի «կռիվ էր», բայց պերճախոսներս մեր ուզած տեղերը նստեցինք, ու մեր դասղեկը հարցրեց, թե այս տարի ով ինչ նպատակ ունի: Քանի որ առաջին նստարանին ես էի, ինձանից էլ սկսեցինք:
-Ինչպես ամեն տարի, այս տարի ևս բոլորիս նպատակը լավ սովորելն է,-ասացի ես:
-Իմ կարծիքով պետք է լավ ընկերներ լինենք, իրար սիրենք ու հարգենք,- ասաց Գոհարը, ով իմ կողքին էր նստում:

Այդպես բոլորս էլ խոսեցինք, հետո ուսուցչուհիս անդրադարձավ մասնագիտական կողմնորոշմանը: Գրեթե բոլորս կողմնորոշվել էինք այդ հարցում, իսկ կատակողները իրենց չէին կորցնում:
Զանգը հնչեց: Այսօր դասերը և՛ քիչ էին, և՛ կարճ: Մեկ դասաժամ էլ արեցինք ու ասացին, որ գնանք տուն, բայց մենք որոշեցինք դասարանով մնալ, մի լավ կարոտներս առնել ու մի հանճարեղ բան մտածել: Նստեցինք, ժամը ժամից անցավ, հանճարեղ բան չեկավ միտքներս, արդեն տուն գնալ էր պետք: Որոշեցինք շարունակել հաջորդ օրը ու գնացինք տներով:

Դե ինչ, սեպտեմբերմեկյան տոնն ավարտվեց: Բայց նախքան հոդվածս ամփոփելը, ուզում եմ Հալիձորի իմ դասընկերների անունից շնորհավորել բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ և ուսման մեջ նորանոր հաջողություններ մաղթել:

anush mkrtchyan

Բոլոր ճանապարհները տանում են Շենիկ

Դուռը շխկոցով փակվեց: Ուղղությունը դեպի Երևան: Շենիկից Երևան գնացող երթուղայինն է: Թվում է՝ ամեն ինչ նույնն է. նույն վարորդը, նույն շրխկոցով դուռը, նույն վերջին նստարանը՝ ես վրան, ու նորից նույն հայացքներն են: Աշխարհում ամենաշատը պաշտում եմ այդ հայացքները. հույսով, սպասումով, ակնկալիքներով լի: Նստում եմ վերջում, որ հատ-հատ որսամ բոլոր ծուռ ու անկեղծ ժպիտները:

Թեմաները տարբեր են. նոր ընդունված ուսանողներից մինչև վարունգի ու ձմերուկի գին, էժան ու մաքուր բրդի տեղերից մինչև Սովետ: Սիրում եմ գյուղացիների չկրկնվող խոսակցությունները, ու ամենատարբեր թեմաներն իրար կապելու բացառիկ կարողությունը:

Դուռը դրսից շրխկոցով փակում եմ (այլ կերպ հնարավոր չի): Երևանում եմ: Ականջակալներս տեղավորում եմ պայուսակումս ու կանգնեցնում քաղաքի երթուղայինը: Ամեն ինչ նույնն է. նուն անծանոթ վարորդը, նուն վերջին նստարանը, նույն անտարբեր հայացքները, անգամ դռան շրխկոցն է նույնը: Ես էլ եմ նույնը. գյուղի երթուղայինով քաղաք հասած մեծ պայուսակով աղջիկ:

Երևան ջան, ներիր ինձ, բայց 2800 տարվա պատմությունդ անգամ, քեզ իմը չի դարձնում: Ներիր, որ ամեն ծառիդ տակ գյուղիս հոգնած պապիկների հայացքներն եմ փնտրում, որ ամենամեծ խանութներումդ հարևանի վաճառած բաժակով արևածաղիկն եմ փնտրում, որ երթուղայիններումդ բրդից ու ձմերուկից խոսող կանանց եմ փնտրում:

Ուզում եմ ասել.

Չեմ դավաճանի իմ Շենիկին,

Որքան էլ դյութես, օ՜, Երևան…

Քեզ միշտ կսիրեն, քեզ միշտ երգեր կնվիրեն , ու դու միշտ կմնաս վարդագույն թագուհի:

Բայց այսօր ես կսիրեմ իմ հեռավոր գյուղիկը, հարևանի հացատան պանիրով բրդուճը, մեր երթուղայինի մեջ եղած հայացքները:

Շըրըխկ… Դուռը փակվեց: Գյուղում եմ, այստեղ ես տանն եմ:

Այս երկինքը միայն մերն է

Լուսանկարը՝ Տաթև Նուրիջանյանի

Լուսանկարը՝ Տաթև Նուրիջանյանի

Ծովի մակերևույթից 2400 մետր բարձրության վրա են գտնվում իմ գյուղը և իմ երկինքը, այո՛, հենց իմ: Շիրակի մարզ, գյուղ Թավշուտ: Չէ՛, դե լավ, չլինեմ այդքան եսասեր, մեր, մեր գյուղն ու մեր երկինքը։

Կյանքի որոշ փուլերում եղել եմ Հայաստանի շատ մարզերում, ու ոչ մեկ-երկու օրով։ Եղել եմ շատ գյուղերում ու քաղաքներում, ու այն, որ բոլոր տեղերում ամեն ինչ տարբեր էր, բնական էր ու հասկանալի, բայց երկի՞նքը: Չէ՞ որ այն նույնը պետք է լինի։ Շարունակ մտածում էի դրա մասին ու ի վերջո հասկացա՝ երկինքն ամեն տեղ տարբեր է, ու բոլոր մարդկանց համար էլ է տարբեր:

Ես սիրում եմ իմ (մեր) գյուղի իմ երկինքը: Ոչ մի տեղ երկինքը այդպիսին չէ, ոչ մի տեղ այդքան գեղեցիկ չէ: Երբ նայում եմ երկնքին (հա, ի դեպ, ես այն եզակիներից եմ, ով երբեք չի երազել թռչելու մասին), մտքերս թռչում են, տարածվում ամենուր, հոգիս խաղաղվում է, ժպտում եմ, տխուր պահերին երկինքն ինձ ուրախություն է պատճառում: Ես սիրում եմ հենց այս երկինքը:
Մի քանի օրից տեղափոխվելու եմ Երևան՝ սովորելու, ու ինձ՝ բացի հայրական տնից հեռանալն ու ծնողներիս կարոտելը տանջում է այն միտքը, որ չեմ տեսնելու այն, ինչը միշտ ինձ հետ է, այն, ինչն ինձ պետք է: Կդիմանա՞մ:

Մեղրահավաք

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Օգոստոս ամսվա  կեսերին  գյուղում մարդիկ սկսում են մեղրահավաքը: Այն այդքան էլ երկար չի տևում, բայց մարդիկ հավաքում են ամիսների իրենց չարչարանքի արդյունքը: Ոչ այդքան հոգնեցուցիչ, բայց կարելի է ասել, շատ ցավոտ գործ: Ցավոտ, որովհետև մեղուները, փորձելով պաշտպանել իրենց մեղրը, խայթում են մարդկանց:

Իսկ հիմա պատմեմ, թե ինչպես է կատարվում մեղրահավաքը ամեն ինչ հերթականությամբ:

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Նախ, վառում են թուքսը, որը սովորաբար մեր տանը վառում է եղբայրս: Հետո բացում են փեթակները և սկսում նայել ու հանել այն շրջանակները, որոնց վրա մեղր կա: Բայց այս ամենը անելու համար անհրաժեշտ է մեղուների մասին իմացող մարդ, քանի որ ոչ բոլոր շրջանակներն են հանում: Այդ մարդը մեր տանը պապիկս է:

Երբ արդեն ավարտում ենք մեղրահավաքը, շրջանակները դասավորում ենք մեծ տաշտերի  մեջ և սպասում երեկոյան մեղրի քամելուն: Այդ աշխատանքը սովորաբար մարդիկ կատարում են երեկոները, որովհետև երեկոները մեղուները հանգիստ են լինում:

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Եկավ այսքան սպասված երեկոն: Նկուղում նստած հայրիկս մեղրի շրջանակից «չեչն» էր հանում, որպեսզի դնեք քամիչում և մեղր հանենք: Սովորաբար ես եմ մեղր քամում, բայց այս տարի գործս հանձնել էի եղբորս, քանի որ պետք է լուսանկարեի այդ ամբողջ գործընթացը հոդվածիս համար:

Կալավանի «Անտառային խոհանոցը»

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Իմ փոքրիկ գյուղը՝ Կալավանը, ոչ միայն աչքի է ընկնում իր գեղեցիկ բնությամբ ու հիասքանչ տեսարաններով, այլ նաև համեղ, օգտակար ու, իհարկե, էկոլոգիապես մաքուր սննդով՝ կանաչիներով, մրգերով, բույսերով, համեմունքներով: Գյուղում կան մոտավորապես 120 տեսակի բույսեր, որոնք օգտագործվում են Կալավանի այցեքարտերից մեկում ՝ «Անտառային խոհանոցում»: «Անտառային խոհանոցի» ուտելիքների մասին ինձ պատմեց Շողիկը՝ խոհանոցի գլխավոր խոհարարը: Նա այնքան սիրով էր պատմում, որ մի պահ ինձ թվաց՝ արդեն զգում եմ տապակած կանաչիների, կոմպոտների, թեյերի ու թթուների համով հոտերը:

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Շողիկն ասաց, որ կանաչիները հավաքում են անտառներից ու պատրաստում տատիկներից սովորած հին ու ավանդական եղանակներով: Օրինակ՝ կարմրաբանջարը, շուշանը, իսկոթը, բանջարը (եղինջ) տապակում են յուղի կամ ձեթի մեջ և մատուցում անարատ մածունի հետ, ապուրներ պատրաստում են փիփերթից, ավելուկից, բանջարից (եղինջ), իսկ թթուները, որոնց համից գրեթե անհնար է կշտանալ, պատրաստվում են գայլիսկոթից, գինազոխից, սանդրուկից:

Շողիկը մեր օտարերկրացի հյուրերին, որոնք քայլարշավից հոգնած վերադառնում են, կազդուրիչ ու շնչառությունը կարգավորող բույսերից՝ զիվանից, խնկածաղկից, դաղձից և ուրցից պատրաստված թեյեր է մատուցում, իսկ այ, տապից զովացնելու համար վայրի տանձի, խնձորի, ազնվամորու և հաղարջի հյութեր է հյուրասիրում:

Այս տարօրինակ անուններով բույսերը, համեմունքները, հատապտուղները կազմում են Կալավանը՝ իր համ ու հոտով, իր նմանը չունեցող «Անտառային խոհանոցով»: Դրանք, իհարկե, ամբողջական չէին լինի առանց Շողիկի, որը մինչև վերջ պատրաստում և պատմում էր նույն եռանդով և աշխատասիրությամբ:

Սովորական օր

Հուլիսի 23, գիշերվա 4:46

Զարթուցիչի անիմաստ ծնգոց… Սարում եմ, հետևաբար զարթուցիչս լրիվ բնական է… Ծընգ-ծընգ-ծընգ… Ընդամենը 2-3 ժամ առաջ եմ պառկել քնելու, բայց մի ժամ էլ չեմ քնել երևի… Ինչևէ, ես որոշել եմ, որ պետք է լուսաբաց դիմավորեմ… Մոռանում եմ ինձ բնորոշ քնկոտությունս, ինքս ինձ համոզում, որ քունս չի տանում, ու որ ես պետք է անեմ ուզածս… Դե, չմոռանամ իմ անսահման դանդաղաշարժության մասին ու ասեմ, որ տնից դուրս գալը 15-20 րոպե տևեց… Ինձ ասել էին, որ արևածագ դիմավորելու համար ժամը 6-ին արթնանալն էլ հերիք է, բայց չհամոզվեցի, վեր կացա ավելի վաղ, ինձ հետ արթնացնելով ևս 3 հոգու, ովքեր մի ժամ շարունակ ինձ ինչ ասես որ չէին ասում…

05:51

Արևն ինձ օգնության հասավ, ու «արևածագ դիմավորողներս» լուռ սկսեցին նայել հետզհետե ավելի շատ երևացող, փոքրիկ դեղին շրջանակին…

05:55

Սարածաղիկ եմ գտնում, ու մի քանի րոպե շարունակ փորձում հնարավորինս բնական նկարել արևածագի ֆոնին. կարծես թե ստացվեց…

06:08

Հարևանի շան նկարվելու ցանկությունն էլ պակաս չէր… Եկել է դիմացս կանգնել, թռվռում է, ես էլ վախից գոռում ու ոտքերս գետնին եմ խփում: Խեղճն էլ մտածում է, թե հետը խաղում եմ: Ի վերջո գնաց, հեռվում կանգնեց, նկարեցի, հետո պառկեց… Էնպես է նայում տեսախցիկին, ասես մոդել լինի…

Հետո, սովորությանս համաձայն թափառել, նկարել, թափառել… Մինչև մութն ընկնի, մի հատ էլ մայրամուտ նկարեմ ու վերջ… Հա, ի՞նչ անենք, թե Վարդավառի օրն էր, ում համար Վարդավառ, ում համար սովորական օր…

Գյուղական ծանր աշխատանքները

Արդեն ամռան երրորդ ամիսն է, և գյուղական աշխատանքներն ավելի են շատանում ու ծանրանում։ Դեռ հուլիսի կեսերից սկսվել է խոտհունձը և շարունակվելու է մինչև սեպտեմբեր ամիսը։ Գյուղում խոտհունձին մասնակցում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, և թե՛ երեխաները։ Տղամարդիկ հնձում են խոտը, իսկ կանայք հավաքում են այն։ Հիմա, համեմատած անցած տարիների հետ, խոտհունձի գործը մի փոքր թեթևացել է։ Այն մարդիկ, ովքեր ունեն տրակտորներ, խոտհունձը կատարում են դրանցով։ Իսկ նրանք, ովքեր չունեն, ստիպված ամեն ինչ անում են ձեռքով։ Սկզբից գերանդիով հնձում են խոտը, հետո եղանի օգնությամբ հավաքում թափված լասերը և իրար վրա դնելով խոտը՝ ստեղծում են «արվեստի գործ» կամ ինչպես մենք ենք ասում՝ բուլուլ։ Իսկ դրանից հետո այդ «արվեստի գործը» վերածում են մի քանի միջին չափի ուղղանկյունանիստերի։

Երբ առավոտյան կիզիչ արևից աչքերդ ճպճպացնելով նայես սարերին, ապա կտեսնես սպիտակ վերնաշապիկներով և մեծ գլխարկներով մարդուկների, որոնք դժգոհելով կյանքի դժվարություններից և գյուղի ծանր աշխատանքներից՝ հավաքում են արդեն թափված խոտը: Բայց և ոչ բոլորն են դժգոհում, շատերը դա համարում են ապրուստի միջոց և ժպիտով են կատարում այդ աշխատանքները։

Իսկ երեկոյան արդեն կտեսնես արևի ճառագայթներից կարմրած այտերով մարդկանց, որոնք գոհ իրենց կատարած աշխատանքից՝ գերանդին և եղաններն ուսերին՝ իջնում են սարերից։

Հարսին բերեցին

Այսօր մեր թաղամասում հարսանիք էր: Երեխաներով անհամբերությամբ սպասում էինք, թե հարսին երբ են բերելու, որպեսզի ավանդույթի համաձայն, շղթա կապենք: Երբ արդեն վերադարձան, շղթա կապեցինք և փող պահանջեցինք, որ թողնենք՝ հարսին տանել ամուսնու տուն:

Այս հարսանիքին մի քիչ քիչ գումար հավաքեցինք, որը հավասար բաժանեցինք մեր՝ շղթա կապող չորս հոգու մեջ, իսկ մնացած մասով, որը խանգարում էր հավասար բաժանելուն, կոնֆետներ գնեցինք:

elyanora balyan

Հնագիտական պեղումներ Կալավանում

Գեղարքունիքի մարզի իմ փոքրիկ Կալավան գյուղում հուլիսի 3-ին սկսվել են հնագիտական պեղումներ «Կալավան 2» հայտնի քարեդարյան հուշարձանի տարածքում, որը թվագրվում է մոտ 30 հազար տարով: Այս հուշարձանն առաջինն անգամ ուսումնասիրվել է մոտ 10 տարի առաջ՝ հայ-ֆրանսիական համագործակցության շնորհիվ: Այս անգամ աշխատանքները վերսկսվել են հայ-գերմանական համագործակցության շնորհիվ, ունենք հնագետներ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Գերմանիայի և Երուսաղեմի համալսարաններից: Հայկական կողմի ղեկավարն է Բորիս Գասպարյանը, իսկ գերմանական կողմինը՝ Արիել Մալինսկին: Հնագետներին Կալավանում դիմավորել է «Time Land» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար և հնագետ Ռոբերտ Ղուկասյանը:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու հետքեր. նրա կողմից պատրաստված գործիքներ, ինչպես նաև վերացած կենդանիների ոսկրային մնացորդներ, որոնք նախնական տվյալներով պատկանում են խոշոր եղջերավոր կենդանիների՝ բիզոնի և բրածո եղջերուի, նաև կան մանր կրծողների ոսկորներ: Հուշարձանը հետաքրքիր է այն առումով, որ ժամանակագրորեն համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ նեանդերթալյան մարդուն փոխարինել է homo sapiens-ը՝ ժամանակակից բանական մարդը: Ըստ հնագետների՝ հնարավոր է, հնագիտական աշխատանքների արդյունքում ի հայտ գան այնպիսի փաստեր, որոնք կարող են բացահայտել, թե ինչպես և ինչ պայմաններում են անհետացել նեանդերթալցիները:

Ըստ ակնկալիքների՝ կատարվելիք աշխատանքները տևելու են մի քանի տարի և հետագայում ընդգրկելու են նաև ամբողջ Գետիկի տարածքը: