Իմ գյուղը խորագրի արխիվներ

ruslan aleqsanyan

Գյուղացու կյանքը ամառվա ամիսներին

Ամռանը գյուղում սկսվում է աշխատանքային եռուզեռը: Սկսվում է խոտ հնձելու սեզոնը, որը ես, ճիշտն ասած, այդքան էլ չեմ սիրում: Հունիսի վերջերից սկսած բոլորը սկսում են խոտը հնձել, հավաքել: Շատերը տուկ են կապում, որոշ մարդիկ չեն կապում՝ ասելով, որ տուկ կապելիս ընկնում է խոտի որակը:

Այսօր ինձ համար այդ դաժան օրերից մեկն էր:

Մենք գյուղում ամեն տարի ամենաշուտն ենք սկսում խոտ հնձել, և արդեն ավարտել էինք հնձելն ու հավաքելը: Պետք է խոտը դաշտից բերեինք տուն, դարսեինք խոտի համար հատուկ պատրաստված «չարդախում»: Պապիկս նույնպես կարծում է, որ տուկ կապելիս խոտի որակն ընկնում է, այդ պատճառով մենք տուկ չենք կապում: Նաև ասեմ, որ խոտը կրելն ավելի բարդ է, քան տուկը: Երևի հենց այդ պատճառով էլ չեմ սիրում խոտ կրելը:

Վաղ առավոտյան լսեցի հայրիկիս ձայնը, որը փորձում էր ինձ արթնացնել, ինչն այդքան էլ հեշտ չէ: Այդքան շուտ արթնացնելու պատճառն այն էր, որ գնում էինք խոտը բերելու: Գյուղում բոլոր գյուղացիներն այդ ժամանակ զբաղված են իրենց գործերով, այդ պատճառով էլ ես պետք է գնայի հայրիկիս օգնելու: Այս տարի ամենաբարդն էր: Ես և հայրս ամբողջ օրը խոտ կրեցինք, բայց աշխատանքն այդպիսով չվերջացավ. մնացածը մնաց վաղվան:

Հալիձորի թութը հասել է

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Եթե չգիտես, որ թութ թափ տալը խառնաշփոթ մի բան է, մարդիկ էլ՝ հարսանքավորներ, ուրեմն հենց հիմա արի Հալիձոր: Թութ թափ տալու սեզոնն է:

Գրեթե ամեն օր՝ առավոտ ծեգին, տրակտորների անիվները շարժվում են դեպի մեր հին գյուղի՝ թթի ծառերով լցված այգիները: Հա, մի զարմացեք: Մեր գյուղում հարևաններով, ընկեր-բարեկամներով ձեռք ձեռքի տված գնում են թութը թափում, բերում ու մի քանի շաբաթ հետո մաքուր թթի օղի քաշում: Բա պիտի լավ օղի ունենան, որ ուղարկեն Մոսկվայում բնակվող բարեկամներին, կամ էլ հյուրերի մոտ գլուխ գովեն, թե ինչ որակյալ օղի են քաշում: Իսկ երեկոյան՝ արևը մայր մտնելուն պես, վերադարձող տրակտորների ձայնն եմ լսում նորից:

Տեսնել է պետք, թե ինչպես են թթով լիքը տակառները շխկշխկացնելով՝ թութը թափահարում: Արևից կարմրած այտերով ու գյուղական կոլորիտը լրացնող ցիլինդրով տղամարդիկ իրենց տեղն են զիջում կանանց, որոնք տրակտորի ձայնին հակառակ՝ փորձում են միմյանց հետ զրույցի բռնվել: Խոսում են առօրյա հոգսերից, երեխաների հաջողություններով հպարտանում, ծիծաղում: Իսկ վերջում էլ «օֆ» են քաշում, որ կյանքը շատ դժվար է, որ չեն հասցնում անգամ նկատել իրենց բալիկներին, կարգին սիրել ու վայելել կյանքը:

Չէ, գյուղացու կյանքը բարդ է, բայց լիքը, ամեն օրը՝ տարբերվող: Ոչինչ, որ շատ են աշխատում, չէ՞ որ դրանից մարդկային հարգանքն ու կամեցողությունը չի տուժում: Մարդիկ գիտեն՝ ինչպես դաստիարակել երեխաներին ու ցանկացած պարագայում մարդ մնալ:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Գյուղի թարմ օդն ու արևածագի հետ լսվող թռչունների ծլվլոցը ուրիշ գանձի հետ չես փոխի: Բայց, եթե տրակտորների ձայնը չեմ հասցնում լսել, ուրեմն «այլընտրանքային» զարթուցիչն է ինձ արթնացնում. հարևանը թութ է թափում: Նրա թթի ծառերն այնքան մեծ են, որ ճյուղերը գալիս կախվում են մեր տանիքի վրա: Թութը թափ տալիս այն ծեծում է մեր տանիքը: Մենք էլ թթի ծառեր ունենք: Փոքր են, բայց թութը պարտադիր թափ ենք տալիս: Էլ ավելի հետաքրքիր է անցնում պապիս այգում, երբ ահել-ջահելներով ու թոռներով պապիս հրահանգներով թութ ենք թափում:

3-4 տարեկան էի, երբ գնում էինք պապիս մաքուր ու խնամված այգին: Ամենքս մեր գործը շատ լավ գիտեինք: Ես, քանի որ փոքր էի, միայն հավաքում էի ծառերի տակի թութը, իսկ խոստացված պաղպաղակը ինձ էր սպասում: Տատս սիրով ճաշն էր պատրաստում: Նրա ճաշերը ոչ մի ուրիշ ուտեստների հետ չես համեմատի: Ուրիշ են՝ համով-հոտով: Քեռիս թթի ծառն էր բարձրանում, թափ տալիս թութը, շնչակտուր իջնում ու ագահաբար սառը ջուր խմում, ծխում: Դե, մյուսները սովորական գործերով էին զբաղվում. շոր էին փռում ծառի տակ, որ թութը լցվի վրան (մեր բարբառով այդ շորին ասում են քառխանա): Օրվա վերջում մի լավ շունչ էինք քաշում, ասես մի մեծ հոգսից պրծանք: Ծանր էր, բայց հաճելի, երբ պապիս գովեստի խոսքերն ու օրհնանքն էինք լսում: Հոգնածությունն էլ անցնում էր, երբ վազում էինք փողոց ու խառնվում մի գնդակի հետևից վազվզող երեխաներին:

Երբեմնի լավագույն ավանդույթները մինչ օրս էլ շարունակվում են, միայն ես եմ արդեն մեծացել: Տարիների ընթացքում միայն հասկացա, որ ինձ համար թութ թափելու համն ու հոտը սպասված պաղպաղակն էր, թթից քաղցրացած վարսերս, կարմրած այտերս ու ինքնամոռաց ինքս ինձ հետ խոսելը…

marine nikoghosyan

Ժենգյալով հաց՝ պատրաստված Կաքավասարում

Մենք ապրում ենք Արցախից շատ հեռու, բայց ունենք ղարաբաղցի հարսիկ: Մի օր որոշեցինք ժենգյալով հաց պատրաստել: Մեր գյուղում այդ բույսերից շատ քչերն են, որ աճում են: Բայց, եթե որոշել էինք, ուրեմն պետք է պատրաստեինք: Արցախից մեզ ուղարկել էին այդ բույսերից ամենակարևորը՝ կնձմնձուկը: Այս բառը ես այդպես էլ չկարողացա ճիշտ արտասանել:

Դե, պարզ էր, որ այդ մեկ բույսով ժենգյալով հաց չէինք կարողանա պատրաստել: Այդ իսկ պատճառով որոշեցինք այն Արցախի բույսերի փոխարեն պատրաստել Շիրակի բույսերով: Հավաքեցինք այն բույսերից, որոնք օգտագործում էինք առօրյայում՝ եղինջ (մեր բարբառով՝ ղըջի), սինձ, սոխուկ, և ամենատարօրինակ անուններով՝ չայիրչիրման և ճնճղպաշար:

Կաքավասարյան ժենգյալով հացը պատրաստ էր: Պարզ էր, որ արցախյանին չէր հասնի, բայց մեր տարբերակն էլ էր հետաքրքիր և շատ համեղ:

Համեցե՛ք Կաքավասար և համոզվե՛ք ինքներդ:

Խաչքար Կալավանում

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Կալավան գյուղի գյուղապետ Սամվել Ծատուրյանն իր երկրապահ ընկերների հետ բարձրացավ դիրքեր, որտեղ զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը: Նրանք դիրքերում մնացին մեկ ամիս: Հետո վերադարձան գյուղ և որոշեցին խաչքար կանգնեցնել զոհվածների հիշատակին: Գյուղապետը համախմբեց գյուղացիներին, և սկսեցին խաչքարի աշխատանքները: Բոլորը մի մարդու նման աշխատում էին, չէ՞ որ խաչքարը զոհվածների հիշատակին էր նվիրված:

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Անցան ամիսներ, խաչքարն ամբողջությամբ պատրաստ էր: Եվ մեր փոքրիկ գյուղում մեծ միջոցառում էր կազմակերպվել: Ներկա էին Կրասնոսելսկի երկրապահները, պատանի երկրապահները, Արմենակ Ուրֆանյանի մայրը, Քյարամ Սլոյանի մայրն ու եղբայրը, Ռոբերտ Աբաջյանի եղբայրները, Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները և շատ բարձրաստիճան հյուրեր: Զոհվածներին հետմահու պարգևատրեցին «Ոսկե արծիվ» շքանշանով: Ոչ ոք չէր կարողանում արցունքները թաքցնել:

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Ես շատ հուզված եմ, որ մեր փոքրիկ գյուղում կա խաչքար, և կարծում եմ, որ զոհվածների ծնողները և մնացած բոլոր հյուրերն ամեն տարի նորից կհավաքվեն:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Թրաքամի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Անունը երևի թե անսովոր է։ Թրաքամի` այսինքն, թրի պես կտրող քամի։ Անունը առաջացել է ուժեղ քամու պատճառով, որը համեմատել են սուր կտրող թրի հետ։ Մի խոսքով, Թրաքամին Տավուշի մարզի սարերից մեկի անունն է, բաղանիսցի տատիկ-պապիկներն իրենց թոռների հետ մի քանի ամսով գնում են անասուններին պահելու: Սարերում խոտն առատ ու հյութեղ է, ուստի կաթի յուղայնությունն ավելի բարձր է։

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Սար գնալու ժամանակներն են: Իսկ այնտեղ կյանքը հարյուրամյակներով չի փոխվում՝ առանց էլեկտրականության: Վայր, որտեղ երեկոները վառվում են մոմեր ու լամպեր, համակարգչի փոխարեն ռադիոն է, իսկ հեռախոսով աշխարհի հետ կապնվելու վայրերը հաշվված են՝ բլրի վրա, ոլորանի կաղնի ծառի տակ և նստարանի մոտ:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

ruslan aleqsanyan

Գյուղի առօրյան

Գիշերը ժամը երեք անց կես էր, հանկարծ տեղիցս վեր թռա: Երազում տեսել էի, որ տանը ինչ-որ գործեր են առաջանում, և ստացվում է այնպես, որ ես պիտի տանեմ անասուններին արածեցնելու անտառում: 

Նախ ասեմ, որ անասուններին պահելը իմ ամենաչսիրած գործն է, և երբ արթնացա, շատ ուրախացա, որ դա երազ է: Սակայն ուրախությունս երկար չտևեց: Առավոտյան 6 անց 15 լսեցի տատիկի ձայնը, ով փորձում էր արթնացնել ինձ: Պատճառն այն էր, որ պապիկը գնացել էր խոտ հնձելու, և տատիկս ասաց ինձ.

-Ռուսլան ջեն, լա մի վի կացի՝ ապրանքը դու տիս տանիլ հանդը: Պապը գնացել ա խոտ հնձե:

Այնպես որ ուրախությունս երկար չտևեց: Արթնացա, հագնվեցի, հաց-մաց արի ու գնացի հանդը: Սկզբից լավ էր. արևը չէր խանգարում, անասուններն էլ հանգիստ արածում էին: Ժամը 4-ի կողմերը արևն սկսեց այրել, իսկ կովերն էլ փախան, ինչպես մեր մոտ՝ Բաղանիսում են ասում՝ «կովերը կետ արին»: Ամբողջ օրը վազեցի նրանց հետևից, միայն երեկոյան կարողացա տուն բերել:

Հիմա հոգնած նստած համակարգչի առաջ ն նյութ եմ գրում ու մտածում եմ, թե ինչպես է անցնելու վաղվա օրս:

Գյուղի առօրյան ուրիշ է:

elita balyan

Ցանկապատն ու կծան աքլորը

Տատիկս անընդհատ պապիկիս ասում էր.

-Հավաբնի աղաքը սետկա քաշի, վեր հավերին կարամ տյուս անեմ, ղրղին տանի վեչ:

Ամեն անգամ լսում էի այս արտահայտությունը, երբ գնում էի տատիկենցս այցելության: Պապիկս ասում էր.

-Վե՞նց սարքեմ, սաղ օրը բխճեքումը գործ եմ անում:

Մի օր էլ գնացի տատիկենցս տուն ու տեսա, որ պապիկս ցանկապատում է հավաբնի դիմացը:

-Էդ արդեն սարքո՞ւմ ես, պապի:

-Էհ, բալես, բա հի՞նչ անեմ:

Ու գնացի, որ տատիկիս ասեմ:

-Տատ, գիտե՞ս, պապին հավաբնի դիմացը ցանկապատում է:

-Հա, էդ տունը շինվածը լավ ա սկսեց սարքիլը: Արդեն կարամ հավերին տյուս անեմ:

Մի քանի շաբաթ անց ցանկապատը պատրաստ էր, ու հավերն այնտեղ քուջուջ էին անում:

Տատիկս քսան հավ ունի, մի աքլոր: Այդ աքլորը շատ վախենալու աչքեր ունի: Ամեն անգամ այդտեղով անցնելիս մայրիկիս ասում էի.

-Էս աքլորը աչքիս ալաբուլայա էրևում…

Մի օր էլ տատիկիս հետ գնացինք հավերին կուտ տալու, ես կանգնեցի դրսում, որովհետև վախենում էի աքլորից, իսկ նա փայտով ներս գնաց: Դուրս գալուց աքլորը վրա տվեց տատիկին , ես միանգամից գոռացի.

-Տա՜տ, էկա~վ…

-Բա կյալիս ա էլի, էս տերը մեռածը,- ասաց ու փայտով խփեց աքլորին:

Սա էլ պապիկիս սարքած ցանկապատը, տատիկիս հավերն ու կծան աքլորը:

anush mkrtchyan

Շենիկի ՏնաՇենը

Գյուղում ապրելու ամենամեծ առավելությունը քաղաքից չլինելն է, իսկ քաղաքից լինելու միակ առավելությունը՝ քաղաքից լինելը:

Երբեք չեմ փայլել երաժշտական ունակություններովս, թեև ինձ մեծ երգչուհի էի համարում ՝ սանրը ձեռքիս: Չնայած երաժշտական լսողությու չունենալուս, մայրս միշտ ինձ դաշնակահար էր պատկերացնում, տատս էլ ՝ քանոնահար: Երևի, եթե գյուղում չլինեի, ստիպված կլինեի նոտա սովորել ու որևէ գործիք նվագել, բայց գյուղս փրկեց ինձ:

Ի պատասխան իմ անտաղանդ կերպարի, գյուղում շատ երեխաներ կան, որոնք արվեստի հետ մեծ առնչություն ունեն: Իմ միակ տաղանդը՝ քիչումիչ գրելն է, և թունդ սուրճ պատրաստելը:

Ու այդ շատ ու շատ երեխաներ՝ զարգանալու ու կատարելագործվելու հնարավորությունից զրկված լինելով, իրենց տաղանդը ներդնում են դարպասներին կավիճով նկարելու ու դպրոցական հանդեսներին՝ բերանը բացել-փակելու մեջ:

Երևի կհամաձայնեք, որ դպրոցում երեխաները ոչ միշտ են իրենց ազատ դրսևորում , ու շատ տաղանդներ մնում են անհայտ: Հենց այս տաղանդներին որոնելու ու բացահայտելու ձգտումով էլ մի երկու ընկերներով որոշեցինք գյուղում զարգացման կենտրոն բացել:

30 տարվա ստաժավոր ուսուցիչներից հետո 15 տարեկան աղջկան «ուսուցչի» դերում դժվար է պատկերացնել: Խնդրել եմ, որ ինձ ազգանունով կամ «ընկեր»- ով չդիմեն. ինձ իմ անունը դուր է գալիս:

Կենտրոնի անունը բավականին ոգևորիչ է Շենիկի «ՏնաՇեն» ակումբ: Երեխաների թիվը գնալով շատանում է, ու դրան նպաստում է ծրագրի անվճար լինելը: Ակումբում աթոռներ չունենք, մենք նստում ենք բարձերին, խոսելուց կանգնել պետք չէ, իսկ ձեռքի փոխարեն՝ մատ ենք բարձրացնում:

Մենք գտել ենք գյուղի երեխաներին «դաշնակահար» ու «քանոնահար» դարձնելու մեր բանաձևը: Դրա համար նոտա սովորել պետք չի, պարզապես պետք է հավատալ ու չսահմանափակել մեզ գյուղի ներսում, ինչու չէ՝ ձգտել քաղաքին, բայց լինել գյուղացի:

svetlana davtyan

Իմ Կարբի գյուղը

Ես ապրում եմ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Կարբի գյուղաքաղաքը պատմության մեջ հիշատակվում է 17-րդ դարից: Կարբիի բնակչության նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից: Կարբին հարուստ է եկեղեցիներով և մատուռներով: Այստեղ են գտնվում Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր, «Սողոյենց ժամ», Թուխ մանուկ, Ծիրանավոր եկեղեցիները: Սուրբ Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկա է: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանը, որի ճարտարապետը Արեգ Իսրայելյանն է: Կարբիում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: Լենկթեմուրի արշավանքների պատճառով Կարբին կրել է կորուստներ, բայց շուտով ոտքի է կանգնել: Ըստ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու, հարուստ վաճառական Այվազ Հակոբջանը Կարբիից դուրս փորել է արհեստական լճակ և հարևան Որդկան գյուղից ջուր է բերել: Ներկայումս գյուղի բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ:

Կարբին տարբերվում է իր շատ ջերմ և հյուրընկալ ընդունելությամբ, այստեղ մարդիկ շատ հյուրասեր և մարդամոտ են: Ամեն տարի գյուղում տեղի է ունենում բերքի փառատոն, որի ժամանակ Կարբի են գալիս բազմաթիվ հյուրեր: Միակ խնդիրը Կարբիում, որ նկատվում է, բնակչության համեմատ աշխատատեղերի պակասն է: Բայց այստեղ բոլոր մարդիկ ունեն ուժեղ կամք, հաստատակամ բնավորություն և չեն մտածում արտագաղթելու, Հայաստանից դուրս աշխատանք փնտրելու մասին, և համոզված եմ, որ մոտ ապագայում այս խնդիրը նույնպես կդադարի խնդիր լինելուց:

Ֆուտբոլն իմ սիրած զբաղմունքն է

ruslan aleqsanyanԱյսօր ուզում եմ պատմել իմ հետ տեղի ունեցած դեպքերից մեկի մասին,որը տեղի է ունեցել վերջերս:Ուզում եմ պատմել մեր գյուղի և մնացած գյուղերի միջև տեղի ունեցած ֆուտբոլի մրցումների մասին,որը մինչև հիմա էլ ընթացքի մեջ է:

Երեք օր առաջ մեր գյուղը մրցեց <<Բագրատաշեն>> գյուղի հետ:Այդ խաղում մենք պարտվեցինք 6-0 հաշվով:Բագրատաշեն գյուղի տղաները շատ լավ էին խաղում բացի այդ նաև մենք լավ չխաղացինք,որը դարձավ մեր պարտության պատճառ:

Երկու օր առաջ մենք մեր ուժերը փորձեցինք Նոյեմբերյանի դպրոցի թիմի հետ:Այդ խաղը ավարտվեց 1-0 հաշվով:Մենք տոնեցինք մեր առաջի հաղթանակը:Այդ խաղի ժամանակ մենք շատ կազմակերպված և գեղեցիկ խաղ ցուցադրեցինք և նույնիսկ ունեիք մի քնի իրական պահ որը կարելի էր գոլի վերածել:

Անցած օրը մենք որ ոքի խաղացինք Ոսկեվան գյուղի տղաների հետ:Խաղի ժամանակ մենք հաղթում էինք երկու գնդակի առավելությամբ սակայն խաղը ավարտվեց 4-4 հաշվով:Պատճառը երևի այն էր, որ մենք մի պահ վստահ էինք մեր հաղթանկի վրա և թուլացրեցինք հսկողությունը նրանց հարցակվողներ նկատմամբ:

Չնայած ոչ ոքիին մենք դեռ կարող էինք դուրս գալ եզրափակիչ բայց վերջի հույսը մարեց վերջի խաղի հետ միասին:

Մեզ բաժին էր հասել մի շատ բարդ մրցակից, որը նույնիսկ դարձել էր Հայաստանի չեմպիոն:Մենք խաղացինք Բերթավանի հաետ և պարտվեցինք 6-1 հաշվով և դուրս մնացինք հետագա պայքարից:

Ես շատ եմ սիրում ֆուտբոլը և ինձ առանց նրա չեմ պատկերացնում:

Ռուսլան Ալեքսանյան 15 տ., Տավուշի մարզ, գ. Բաղանիս:

*** davit aleqsanyan Սովորական առավոտ էր։ Ես քայլում էի փողոցով ու մտածում կիսամյակային գրավոր աշխատանքներիս մասին։ Հասա դպրոց ու դեռ դասարան չէի մտել, ընկերս կանչեց թենիս խաղալու։ 

Մեկ էլ մեր ֆիզկուլտուրաի ուսուցիչը եկավ ու ասաց, որ Բերդավանում ֆուտբոլի մրցումներ են կազմակերպում, կուզե՞նք մասնակցել, թե ոչ։ Դե մենք բնականաբար համաձայնվեցինք։

Մի երկու օր հետո ուրախ տրամադրությամբ շարժվում ենք դեպի Բերդավանի ֆուտբոլի խաղադաշտ։ Առաջին խաղը մեզ համար բարդ էր։

Անսովոր խաղադաշտ, անսովոր թիմ, մի խոսքով պարտվեցինք։ Երկրորդ խաղը մեը օգտին դասավորվեց. հաղթանակ տոնեցինք Նոյեմբերյանի հետ խաղում:

Երրորդ խաղը ընթացավ հավասարը հավասարի հետ. ոչ ոքի խաղացինք մեր հարևան Ոսկեվանի հետ։

Չորրորդ խաղից առաջ մենք գիտեինք, որ պարտվելու ենք, քանի որ խաղալու էինք բարձր խաղամակարդակ ունեցող Բերդավանի հետ։

Այդպես էլ եղավ: Մենք պարտվեցինք խոշոր հաշվով։ Բայց մեկ է, մենք ուրախ էինք։

  Դավիթ Ալեքսանյան 15 տ., Տավուշի մարզ, գ Բաղանիս