Իմ էջը խորագրի արխիվներ

anna  andreasyan

Եսերի պատմությունը

Երբևէ ունեցե՞լ ես այն զգացողությունը, երբ բազմաթիվ բաների մասին ես մտածում, բոլորն էլ արժանի, որ իրենց մասին խոսվի, բայց դրանք այնքան միախառնված ու միաձուլված են իրար, որ չես կարողանում հստակ սահմանազատել միմյանցից ու թեմաներից մեկը կամ մյուսը՝ առանց իրենց սահմաններից շեղելու, ներկայացնել: Դրա պատճառը այն չէ, որ թեմաները իրենց բովանդակությամբ իրար նման են կամ ինչ-որ ուրիշ առնչություն ունեն: Ուղղակի երբ ինչ-որ միտք ես ունենում, պետք է հենց այդ պահին արտահայտել, որ հետո բազմաթիվ այլ մտքերի կուտակումից ու չարտահայտելուց չստեղծվի այն շիլաշփոթը, որ հիմա իմ գլխում է:

Դե, արտահայտան միջոցները շատ են, նայած դու որն ես նախընտրում, որն է ավելի լավ ստացվում: Օրինակ ես, ինչպես տեսնում ես, գրում եմ, մեկ ուրիշը նկարում է (միշտ ցանկացել եմ լինել այդ մեկ ուրիշը, այս հարցում չեմ հանձնվում, միշտ փորձում եմ), մի երրորդը երգում է, շատերն էլ ուղղակի իրենք իրենց բարձրաձայն (ի միջի այլոց, բարձրաձայնը պարտադիր պայման չէ, մտքում էլ կլինի) խոսում են: Ի՞նչ կա որ, ինքդ քեզ հետ խոսելուց ավելի հանգստացնող ու լիցքաթափող բան տեսե՞լ ես: Երբ սկզբում դու մենակ ես, ու քեզ հակաճառող չկա, քեզանից գոհ փիլիսոփայում ես, մեկ էլ չգիտես որտեղից, հայտնվում է քո երկրորդ եսը, որը միշտ հակառակվում է քո առաջին եսին: Ասես երկու ծայրահեղություններ լինեն: Բայց, հո բանը այս երկու եսերի կռվով չի՞ վերջանում, հարցեր կան, որոնց պետք է մի քանի տարբեր անկյուններից նայել, և այստեղ է, որ հայտնվում են հաջորդաբար երրորդ, չորրորդ և այսպես շարունակ, եսերը, կախված  հարցի բովանդակ լինելու աստիճանից: Այս երրորդ եսը, օրինակ, առաջին երկու կողմերին ո՛չ ժխտում է, ո՛չ հաստատում, այլ փորձում է հավասարակշռել երկու հակադարձ կարծիքները: Յուրաքանչյուրից վերցնում է այն, ինչ իր կարծիքով ճիշտ է, ու միացնում է իրար՝ ստեղծելով իր նոր՝ երրորդ կողմը: Ահա այստեղ հայտնվում է չորրորդ կողմը՝ մի նոր կարծիք առաջ բերելով, ու առաջին երեք եսերը զարմացած իրար են նայում՝ մտածելով, թե այս չորրորդ օտարականը որտեղի՞ց հայտնվեց: Չնայած իրենք համակարծիք չեն, բայց գոնե իրար արդեն լավ են ճանաչում: Մինչև սկսում են մեր չորրորդի հետ մտերմանալ, համենայն դեպս այնքան, ինչքան ծայրահեղ հակառակ կարծիքի տեր մարդիկ կարող են մտերմանալ, հայտնվում է հինգերորդ եսը: Այստեղ արդեն նախորդ չորսով են իրար հետ փոխանակում այն խորհրդավոր հայացքը, որի իմաստը և ասելիքը արդեն բացատրեցի:

Հինգերորդի հայտնվելու նպատակը հավասարակշռելն է այս մեր չորրորդին մյուս երեքի հետ, հատկապես առաջինի և երկրորդի: Դե երրորդը ինքը մի տեսակ հաշտեցնող կողմ է, բայց միայնակ, երկուսից ավելի այդքան ծայրահեղական եսերի չի կարող հաշտեցնել: Այս է պատճառը, որ հինգերորդը հայտնվում է:

Այսպես խոսում են, բանավիճում ու իրար հետ լեզու չեն գտնում, մանավանդ որոշումներ կայացնելիս: Պետք է համբերատար հետևես այս բոլոր եսերի բանավեճին ու տեսնես` վերջում մի ընդհանուր եզրահանգման կգա՞ն, թե՞ չէ: Եթե չգան էլ, ինչը շատ հաճախ է տեղի ունենում, դու ինքդ՝ որպես արտոնյալ և վերջին խոսքը ասող, ընտրում ես եսերից մեկի առաջարկած տարբերակը՝ ուշադրություն չդարձնելով այն հայացքներին, որ ընտրյալ եսին են ուղղվում մյուս եսերի կողմից: Բայց դե նրանք երկար նեղված չեն մնում, հո այս մեկ անգամը չի՞, դեռ այնքան է լինելու: Հաջորդին, գուցե, մեկ ուրիշը հաղթի: Հետո էլ եթե հանկարծ ես սխալված լինեմ ու սխալ եսի առաջարկը ընդունած լինեմ, մյուս բոլոր եսերը որ մասնակից էին այդ որոշման ընդունմանը և որոնց առաջարկները մերժվել էին, ինձանից էլ, ընտրյալ եսից էլ մի լավ վրեժ կլուծեն՝ անընդհատ հիշեցնելով սխալ որոշման մասին: Իսկ եթե որոշումից գոհ եմ վերջում, ես եմ գոհ ու հաղթական հայացքով նայում նրանց ու մի շնորհակալական հայացք էլ ընտրյալ եսին եմ շնորհում:

Դե որ այսքան բան արդեն պատմեցի իմ ու իմ եսերի ներքին գործերից, սա էլ ասեմ: Իմ եսերից ամեն մեկը ունենալով տարբեր ես-ային հատկանիշներից ինչ-որ չափով, միաժամանակ ունի մի հատկանիշ, որ գերակշռում է: Մեկի մոտ, օրինակ, ներքին զգացողությունն է շատ լավ զարգացած՝ նույն ինքը ինտուիցիան, մեկի մոտ ավելի լավ է ստացվում տրամաբանական վերլուծություններ անելը, մյուսի մոտ մի այլ բան, որի անունը նույնիսկ չգիտեմ, և այսպես շարունակ:

Տես է, հենց նոր առաջին եսս ասաց, որ բավական է, ինչքան իրենց մասին պատմեցի, ու քանի մյուս եսերս էլ չեն հավաքվել ու պատերազմ չի սկսվել, նյութս ավարտեմ:

Երեք օր Բյուրականի աստղադիտարանում

-Ալո, բարև ձեզ,Աննայի հետ ե՞մ խոսում:

-Այո, ես եմ, լսում եմ…

-Դուք «Իմ տիեզերքը» շարադրությունների մրցույթում հաղթել եք, 3 օր անցկացնելու եք Բյուրականի աստղադիտարանում:

Տիկին Գայանեն էր, իր մի զանգով երազանքս վերածեց իրականության: Ուրախությանս չափ չկար: Իրականում չէի էլ պատկերացնում, թե կհաղթեմ, բայց, ինչպես տեսաք, բախտն ինձ ստիպեց հավատալ երազանքների իրականացմանը: Սկսեցի պատրաստվել. պայուսակում մի կերպ տեղավորեցի իրերս ու մի փոքր քաղցրավենիք: Ընթացքում մտածում էի. «Տեսնես ընկերներս լավը կլինե՞ն»: Թերևս Բյուրականի ամենամեծ ձեռքբերումս եղան նրանք:
Հենց առաջին օրն էլ հիշարժան անցավ: Այնտեղ հասնելուց հետո Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հետաքրքիր դասախոսություն ունեցավ: Մնացած ժամանակը տրամադրեցին մեզ: Կեսգիշերն անց էր, բայց մենք շարունակում էինք անվե՜րջ զրուցել…
Հաջորդ օրվա տպավորություններն ավելի վառ էին: Այցելեցինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, այնքա՜ն հետաքրքիր էր, ամենուր զգացվում էր նրա շունչը: Այդ օրը բոլորս սպասում էինք մի կարևոր իրադարձության. երեկոյան աստղադիտում էր լինելու: «Տեսնես ի՞նչ տեսք ունեն աստղերը, մոլորակները, երբ նայում ես աստղադիտակով: Գուցե ավելի խոշո՞ր են, միգուցե ավելի պայծա՞ռ…»: Այս հարցերը խեղդելով մեր մեջ՝սրտատրոփ սպասում էինք 23:00-ին: Իսկ ժամերն էլ այնքա՜ն դանդաղ էին սահում: Միշտ էլ այդպես է, չէ՞, սպասելը հավասարազոր է լինում մահվան, ու ինչքան մոտենում էր ժամը, այնքան րոպեներն էին դանդաղում: Կարծես մեկը կանգնեցրել էր ժամանակը՝ զուտ մեր մեջ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար: Վերջիվերջո եկավ պահը. իրար հերթ չտալով՝ մոտենում էինք աստղադիտակին ու բերաններս զարմանքից լայն բաց արած հեռանում դրանից: Աննկարագրելի գեղեցիկ էր:
Վերջին օրը պակաս հետաքրքիր չանցավ: Տառերի պուրակ, Ամբերդ ամրոց, Սաղմոսավանք… Ճիշտ է, չկարողացա մինչև վերջ բարձրանալ 2300 մետր բարձրության վրա գտնվող Ամբերդ ամրոցը, բայց այն, որ այնտեղ եմ եղել, արդեն իսկ հպարտանալու տեղիք է տալիս:
Պի՛նդ պահեք ձեր երազանքները, դրանք իրականանալու սովորություն ունեն:

Alla Virabyan

Ջուր չկա

Մի օր դասերից տուն վերադառնալիս լսեցի, թե ինչպես էր մեկը բարձրաձայն ծիծաղում: Այդ ծիծաղը, չգիտես ինչու, գրավեց ուշադրությունս, մոտեցա, որպեսզի տեսնեմ: Մի երեխա  նստել էր գետնին ու ցեխերով խաղում էր, այնքան երջանիկ էր: Ամբողջ դեմքը, մարմինը  ցեխի մեջ կորած էր: Ջուրը լցնում էր ցեխերի մեջ ու լավ խառնում, ասես ինչ որ լուրջ բան էր ստանալու: Ես էլ  երկար կանգնեցի ու սկսեցի հետևել: Ես էլ ցանկացա  ցեխերով խաղալ, ծիծաղում էի  նրա հետ:

Հանկարծ տանից դուրս եկավ երեխայի մայրը և սկսեց բղավել ու սաստել նրան:

-Ես ըռվետվանից Մեծ աղբյուրից խմիլի  ջյուր պիրեմ, վեր գոնե խմիլին հերիք անի, տյու վեր ունես լրիվ ցեխ սարքե՞ս: Բա հիմա ինչո՞վ ես լողանալու, շորերդ ինչո՞վ դեմ լվանալ,- ասաց երեխայի մայրը և նրա ձեռքից բռնած տարավ տուն: Երեխան սառած նայում էր մորը, հետո կամաց-կամաց  սկսեց լացել: Այն երեխան, ով մի քանի վայրկյան առաջ բարձր ծիծաղում էր, հիմա այնքան ուժգին էր լացում:

Նրա ճիչը լսելով մի տեսակ ինձ վատ զգացի: Ինձ թվաց, որ պետք է ինչ որ բան անեի նրա համար, բայց անզոր էի: Շուտ հեռացա  կամ էլ ուղղակի փախա: Մտքերս սկսեցին խառնվել, սկսեցի ինձ հարցեր տալ: Սկսեցի մեղադրել այն կնոջը, ով երեխայից խլեց  ծիծաղը: Ախր, փոքր է, չէ՞: Հետո ամեն օր տեսնում էի, թե այդ կինը ինչպես է հոգնած և տխուր դեմքով հեռու աղբյուրից  դույլերով ջուր տանում: Իսկ այդ կնոջ ժպիտը ո՞վ էր խլել: Ես դրան երբեք ուշադրություն չէի դարձրել: Նա  հոգնում էր, դույլերը ցած դնում, հետո երևի ինչ որ բան էր հիշում, դույլերը նորից վերցնում և շտապում էր տուն, որը այնքան հեռու էր աղբյուրից:  Երեխան տանը սպասում էր:

Ամենուր տեսնում եմ, թե ինչպես են գյուղացիները բողոքում ջրի պակասից: Որոշները շաբաթներով չեն լողանում, և դա ոչ թե պետք է որպես փնթիություն ընդունվի, այլ մի մեծ բաց, որը պետք է լրացնել:

Շատ եմ տեսել մարդկանց անտարբերությունը, ոչ միայն ջրի, այլ նաև բնության այլ բարիքների հանդեպ: Որոշները այնքան ունեն, որ չգիտեն ինչ անել, որոշներն էլ քիչ բան ունեն, բայց դե գոնե գնահատել գիտեն:

Ջուր չկար, հիմա էլ չկա, հա դե ոչինչ, ի՞նչ անենք: Մենք էլ չենք լողանա շաբաթներով, այգիները չենք ջրի, թող չորանան, էլի: Լավ, դե ոչինչ, երեխան էլ չի խաղա, ախր, կկեղտոտվի,   ՋՈՒՐ ՉԿԱ…

anna khachatryan

Ես հասա

2018թ. սեպտեմբերի 29-ն էր, իմ պարապմունքի առաջին օրը: Սպասվածից է՛լ ավելի ջերմ ընդունեց ինձ ուսուցչուհիս: Ծանոթացանք. նա հստակ էր խոսում, իսկ ես այնքան էի լարված, որ հազիվ էի բառերն արտաբերում: Երբ պատմեցի նպատակներիս մասին, անվերջանալի փորձությունների միջով անցած այդ կինն ինձ ասաց.

-Դժվար է լինելու, բայց ես վստահում եմ քեզ:

Իսկապես դժվար եղավ: Քնում էի ընդամենը 3-4 ժամ, առավոտյան տեսքս սարսափելի էր լինում՝ուռած ու կարմրած աչքեր, չսանրված մազեր, վերցնում էի պայուսակս ու վազելով դպրոց հասնում: Իսկ ձմռանը, երբ բոլորը շա՜տ հանգիստ վայելում էին ճերմակ ձյունն ու գիշերն էլ քնում, ես անդադար կարդում ու գրում էի: Իմ անբաժան ընկերն էր դարձել սուրճը, որը պիտի ոչ թե քնից տանջվելով, այլ սիրելի մարդու ընկերակցությամբ խմես: Ուղիղ մեկ տարի ես սուրճ էի խմում Ժյուլ Վեռնի, Ալեքսանդր Դյումայի, Մայն Ռիդի, Մուրացանի, Րաֆֆու գրքերի հերոսների հետ: Վառարանս էլ ագահաբար կլանում էր փայտն ու չստացված շարադրություններիս թղթերի կույտերը: Երբեմն լինում էին հուսահատություններ, փոշմանում էի ընտրածս մասնագիտության համար, օրերով գրքերին ատելությամբ էի նայում, նույնիսկ չէի ուզում գրիչ վերցնել ձեռքս: Բայց հետո հիշում էի Նրան, հավաքում ինձ, կռիվ տալիս իմ ներքին ես-ի հետ այդքան թույլ գտնվելու համար ու շարունակում էի է՛լ ավելի մեծ թափով աշխատել:

Այսօր հպարտությամբ եմ ասում՝ես հասա իմ նպատակին, այդքան անհասանելի թվացող իմ մեծ, շա՜տ մեծ նպատակին, հասա իմ անկոտրում կամքի, իմ կողքին գտնվող մարդկանց շնորհիվ: Ես,առաջին հերթին, շնորհակալ եմ իմ ուսուցչին, ով բացի ուսուցիչ լինելուց դարձավ իմ ավագ ընկերը, ուղեցույցը, խորհրդատուն, հաջողությանս բանալին, նա՛ լուսավորեց իմ ճանապարհը, նա՛ տվեց այն գիտելիքները, որոնց կարիքը շատ ունեի, այդ նա՛ էր, նա՛՝ իմ «վարդապետը»…

Mary Yengoyan

Համամարդկային կարծրատիպեր

Դեռևս մանկության տարիներից ինձ աշխարհի բոլոր պետություններից ամենաշատը հետաքրքրել է Գերմանիան։ Իմ սերը նրա հանդեպ գնալով ավելի ու ավելի մեծացավ։ Սկսեցի հետաքրքրվել գերմանական մշակույթով:  Երաժշտական դպրոցում ծանոթացա գերմանացի կոմպոզիտորներին, ընթերցեցի գերմանացի գրողների ստեղծագործություններ։Ինչպես նաև հետևելով Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին, դարձա նրանց երկրպագուն, սկսեցի ուսումնասիրել գերմաներենն ու վերջնականապես իմ առաջ նպատակ դրեցի սովորել ու աշխատել Գերմանիայում։

Բայց որքան ես մեծանում էի, այնքան մեծանում էր գիտակցությունը, որ գուցե շրջապատի մեծերի մեջ ամուր նստած է հայրենական պատերազմից մնացած կարծրատիպերը.  «Գերմանացիները աշխարհի ամենադաժան ազգերից մեկն են», կամ` «Էդ նեմեցներից ի՞նչ պիտի սովորես, որ»…

Գերմանացիներին չեն սիրում իհարկե ԽՍՀՄ-ը պաշտող ու անցյալով ապրող մարդիկ, ու նրանց պատճառով ես էլ որոշ ժամանակ մտածում էի, որ մեծերը մի բան գիտեն: Թյուր կարծիքս հօդս ցնդեց այն ժամանակ, երբ ես համացանցի միջոցով ծանոթացա մի քանի գերմանուհիների հետ, ովքեր դարձան իմ մտերիմ ընկերները։ Նրանք շատ բարի, կարեկցող ու կենսուրախ աղջիկներ են, ովքեր պատմում են իրենց քաղաքների ու հայրենակիցների մասին։Ի տարբերություն մեզ, չեն խոսում միայն իրենց տաղանդաշատ արվեստագետներից ու հանճարեղ գիտնականներից (որոնց ի դեպ մարդկությանն ամենաշատը հենց Գերմանիան է տվել), երկրի գեղեցիկ ու տեսարժան վայրերից, փառահեղ հաղթանակներից ու նվաճումներից։Նրանք առանց թաքցնելու պատմում են նաև իրենց նախնիների գործած հանցանքների մասին ու ասում, որ իրենք ընդունում են իրենց ապուպապերի մեղքերը ու ցանկանում են, որ մարդիկ դրա պատճառով իրենց չատեն, որովհետև իրենք ու իրենց հայրենակիցները ոչ ոքի հանդեպ ատելությամբ լցված չեն։

Մեկ այլ սոցցանցում էլ տեսա, թե ինչպես էր մի գերմանուհի պատմում, որ ինքը ծաղրանքի էր արժանանում ու ստորացվում էր դպրոցական տարիներին ԱՄՆ-ում, միայն նրա համար, որ գերմանացի էր։

Ինչո՞ւ են ազգերը դատում միմյանց իրենց ապուպապերի հարյուրավոր տարիներ առաջ գործված մեղքերի համար, որոնք վաղուց անցյալում են, կամ ինչո՞ւ մարդիկ ուղղակի չեն կարող միմյանց մասին կարծիք կազմել ըստ վերաբերմունքի, արարքների, բնավորության: Չէ՞ որ ամեն ազգության մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ, և ազգային պատկանելությունն այստեղ ոչ մի դեր չի խաղում:

Susanna khotsanyan

Մի ֆիզիկոսի պատմություն

-Ընկեր Սուսաննա, կլինի՞ մեր մյուս դասերին էլ դուք գաք, էնքան լավ կբացատրեք,- ժպիտով ասաց 13 տարեկան Կարլենը։

Հենց աշակերտի այդ բառերը ստիպեցին ինձ գնահատել այն, ինչ ինքս կարողանում եմ շատ լավ անել։ Ահա, ինչպես եղավ ամեն ինչ…

Երբ դեռ դիմորդ էի, չէի կողմնորոշվում՝ ի՞նչ բաժին ընտրել, որտե՞ղ սովորել, ի՞նչ մասնագիտություն ընտրել, և իհարկե, դրանց համար ի՞նչ առարկաներ են անհրաժեշտ ավելի խորը ուսումնասիրել (պարապել): Կարծում եմ՝ նման խնդրի առաջ շատերն են կանգնում: Ինչևէ, ինձ հարմար տարբերակներ շատ կային, բայց մի բան հաստատ էր՝ ես չէի ուզում երբեք մանկավարժ դառնալ, չէի ուզում, իսկ հիմա…

Այնպես ստացվեց, որ ընտրեցի մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները միասնական քննությունների համար, և սկսելով ֆիզիկա պարապել՝ բացահայտեցի, որ ֆիզիկան ուզում եմ դպրոցական մակարդակից ավելի խորը ուսումնասիրել։ Շատ սիրեցի իմ դասախոսին, ով այնքան էր սիրում ֆիզիկան ու այնքան խելացի էր, այնքան լավ էր բացատրում մեզ անհրաժեշտը, որ վերջնական որոշեցի դիմել ֆիզիկայի բաժին ու հենց այն բուհում, որտեղ դասախոսում էր նա՝ ՇՊՀ (այն ժամանակ դեռ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ էր կոչվում): Միակ բացասական մասն այս ամենի այն էր, որ բուհը մանկավարժական էր, իսկ ես, ինչպես հիշում եք, չէի ուզում դառնալ մանկավարժ։

Իմ սիրելի ուսուցչի շնորհիվ ես պարապել սկսելու առաջին օրվա փորձնական թեստից 18 միավոր էի ստացել, ու դասախոսս կատակում էր․ «Սուսաննա ջան, դու պարապելու կարիք չունես, ելի գնա»։ Եվ այդքան ընդհանուր դաժան աշխատանքի (որի մասին պատկերացում ունի դիմորդների մեծամասնությունը) արդյունքում ես հավաքեցի ոչ թե լավ, այլ գերազանց միավոր՝ 20։ Այն եղավ իմ առաջին ու ամենահզոր մոտիվացիան ֆիզիկան հետաքրքրությամբ ուսումնասիրելու և բուհում հավեսով սովորելու համար։ 20 միավոր, ապահովել էի իմ ընդունվելը և հետագայում մաթեմատիկայի շնորհիվ նաև անվճար համակարգում սովորելը։

Առաջին տարին սպասվածից արագ անցավ, երկրորդ տարում սովորելու էի նաև մանկավարժություն, որին այնքան էլ չէի տրամադրվում։ Բայց ՇՊՀ-ն իր 85-ամյա պատմության մեջ այնքան սերունդներ է կրթել, որ որպես մանկավարժներ պատրաստող բուհ տարբերվում է ՀՀ-ում։ Այս միտքն առաջացավ, երբ առաջին անգամ մանկավարժություն առարկայի դասախոսը սկսեց ներկայացնել գիտությունը։ Եվ 2-3-րդ կուրսերի պրակտիկաների ու մանկավարժության դասերի շնորհիվ հիմա այնքան եմ սիրում այդ մասնագիտությունը, որ համոզված եմ՝ աշխատելու եմ հենց այդ մասնագիտությամբ։

Սիրում եմ մանկավարժությունը, սիրում եմ ֆիզիկան ու սիրում եմ այն բոլոր աշակերտներին, ում արդեն հասցրել եմ դասավանդել, ինչպես նաև նրանց, ում նոր եմ դասավանդելու։

anush davtyan

Թե ոնց գնացինք ու թե ոնց եկանք, թե ինչ լսեցինք ու ինչ իմացանք

Պատմություն երթուղայինում միշտ տեղ պահելու ու խոսակցություններին ականջ դնելու մասին 

Դատարկ էր Իջևանը Վարդավառին։ «Հուլիսի 20-ին ամենամոտ եղած կիրակի օրը Տավուշի մարզում միշտ մեծ շուքով նշում են Վարդավառը»,- պատմում էր մորաքույրս։ Բայց ոչ այս անգամ։

Ես խորացել էի հեռախոսիս մեջ, որ բաց չթողնեմ մեր ընկերական խմբում գրվող ոչ մի հումոր, մենակ աչքի պոչով նայում էի Սևանի լազուրին։ Ասում են, թե էս գույնն էլ նորմալ չի, բայց ես կյանքիս 20 տարիներին ամեն ամառ Սևանը հենց այս գույների մեջ եմ տեսել։ Մի քիչ շատ կամ մի քիչ քիչ, բայց միշտ էլ լազուր էր մեր ծովը։

Ուշքի եկա, երբ մեկը ախ ու վախ էր անում։ Երևի պիկ ժամի էինք գնում, չգիտեմ, բայց գազելում տեղ չկար, ու վարորդը աթոռ էր դրել նստարանների արանքում, որ մի հոգի էլ ավել տանի հետը։ Ու հենց այդ լրացուցիչ տեղի տեր կինն էլ փայտե աթոռի ոտքով ելել էր հետևում նստած կնոջ ոտքին։ Կներեք-ների երկար շարքից հետո աթոռի տերը որոշեց շարժման ուղղությանը հակառակ նստել, որ էլ վնաս չտա ոչ մեկին։ Նրա արդեն աջ կողմում իր ամուսինն էր, իսկ արդեն ձախում՝ տղան։ Կինը գլուխը դրել էր ամուսնու ուսին, ամուսինն էլ նուրբ գրկել էր բոլոր կողմերից, ու իրար փարված սիրուն գնում էին։ Կողքից մեկն ասաց, որ շատ ռոմանտիկն են, կինն էլ ամաչեց ու սկսեց արդարանալ․

-Սաղ գիշերը չեմ քնել, ոտքի վրա էի սաղ գիշերը, գործի էի։

Նայում էի մեկ իրենց, մեկ՝ ծովին։ Մորքուրը կողքից հարցեց․

-Как ты думаешь, сколько ей лет?

-Հիսուներեք երևի,- ասացի ես։ Էս հարցերի դեպքում միշտ մամայիս եմ հիշում, իր տարիքը, հիշում եմ, որ ավելի ջահել է երևում, քան կա, ու գցում-բռնում եմ մնացածի տարիքները։

-Վայշ, сорок один максимум, просто жизнь тяжёлая была, չէի՞ր լսում՝ ինչ էր ասում։

-Չէ, ի՞նչ։

-Дочь в 16 замуж вышла, в 17 родила, сейчас в супермаркете работает. А так она, наверное, очень красивой была в молодости.

Ես էլ էի մտածում, որ շատ սիրուն է եղել, միանշանակ։ Հետո մորքուրը պատմում էր, թե Եղիշիկանց բակում ինչքան էր խաղում փոքր ժամանակ, ու ես արդեն ուրիշ բաներ էի մտածում։ Օրինակ, որ Ռուսաստանում երկար ապրելուց «Եղիշիկենք» դառնում են «Եղիշիկանք»։ Ու էդ ինձ համար էնքան շարունակեց խորթ հնչել, մինչև գազելի մեջ մյուս կանայք էլ չսկսեցին -անք ասել, ու արդեն լսեցի Իջևանի բարբառի լրիվ քաղցրությունը էդ «անքի» մեջ։

Մտանք Իջևան․ դա հասկացա էն բանից, որ բոլորը զանգում էին իրենց բարեկամներին, որ գան ու տուն տանեն։ Քաղաք մտնելիս նկատեցի մի 10-15 երթուղային ավտոբուս, ոնց Երևանի փողոցներով են անցնում։ Որ ավելի ուշադիր նայեցի, ավտոբուսների մեջ ոստիկանների էլ տեսա։ Փոքր քոթեջատիպ մի բանի բակում ավտոբուսներ էին շարված, ոստիկանների մի մասը խոտերին էր պառկած, մի մասը քոթեջում էին, մնացածն էլ ավտոբուսների մեջ՝ թևերը դուրս հանած։

Իջանք կայարանում, հայացքով ծանոթ տեղեր էի փնտրում։ Բան չգտա, որովհետև մենակ մեքենայով անցել-գնացել եմ քաղաքի միջով։ Հրապարակը անսպասելիորեն մոտ էր քաղաքի եզրին։ Էնտեղ էլ մի 5-6 ավտոբուս կար ոստիկաններով։ Տեսա ինձ դասի տանող 3-րդ համարը։ Մտածեցի, որ եթե Երևանում լինեի, հաստատ կկատաղեի էն մտքից, որ իմ ամենօրյա երթուղուց թեկուզ ու մի 3 հանել են։ Մի ավտոբուսի չափով ավելի քիչ մարդու տեղ կա, ու հաստատ ավելի ուշ-ուշ կգան մնացած 3-ները։

Մեքենա մոտեցավ հրապարակին, պատուհանն իջավ, ու փողոցով անցնող ոստիկաններին 2 պաղպաղակ մեկնեց ձեռքը։ Հրաժարվում էին։

-Ախպե՛ր, սաղին էլ տալիս ենք, որ չվերցնեք, կնեղանանք։

Համոզեցին։

Ման էինք գալիս Իջևանով, մորքուրը հերթով գնում էր իր մանկության տեղերով․ երաժշտական դպրոց, շուկա, դպրոց, տուն, թաղ։ Այսինքն՝ տունը էլ չկար, դրա տեղում հիմա ինչ-որ մեկի նոր տունն էր։ Ոնց որ ասում են՝ տուն չէր, տներ էր։ Մարմնագույն բարձր պարսպի հետևից ես մենակ մի հարկ տեսա, երևի երկրորդն էր։ Քաղաքի ընդհանուր ֆոնին էս տունն էլ էր մեռած թվում, բայց երբ դեպի մյուս կողմը քայլեցինք, պարզվեց, որ ներսում մարդիկ կան, զրուցում են բակում։

Շուկան էլ փակ էր։ Մորքուրը շատ զարմացած էր ու անընդհատ կրկնում էր․ «Иджеван уже не тот, как-то всё тут не так»։ Չգիտեմ՝ սովորաբար ոնց է լինում, բայց էդ օրը ինձ էլ շատ դատարկ թվաց քաղաքը։

Փողոցում մարդ չկար, մենակ մի երկու երեխա, որ Վարդավառն էին նշում։ Գտանք երևի միակ փուռը, որ աշխատում էր։ Տաք պուրի առանք ու տեղում կերանք դրա կեսը։ Լավն էր։

Մի քիչ էլ քայլեցինք ու վերադարձանք հրապարակ, որտեղ մորքուրը վայֆայի էր միացել։ Նստած էինք հովին, հայացքս դիմացի պուլպուլակին էր, մտածում էի՝ որ պահին մոտենամ, ջուր խմեմ։ Մի աղջիկ մոտեցավ, հեռախոս խնդրեց, որ զանգի․ լիցքաթափված էր իր հեռախոսը։ Համարը հավաքեցի ու տվեցի։

-Գայա՛ն, ո՞ւր ես։ Ես էստեղ… որովհետև դու ես մեղավոր։ Ես էստեղ եմ վեշերով, արա՛գ արի։

Մի քիչ էլ նստեցինք ու գնացինք կայարան։ Գազելի շարժվելուն դեռ կես ժամ կար, բայց բոլոր տեղերը զբաղեցրել էին արդեն։ Մարդիկ չէ, իրենց իրերը։ Մորքուրը հարցրեց, թե ոնց են պայմանավորվել, ասացի, որ երևի համարն ունեն վարորդի։ Դե, երևի էլի։ Գազելն աստիճանաբար լցվեց, եկավ նաև հրապարակի աղջիկը ու, ամենայն հավանականությամբ, Գայանը։ Նստեցին իմ կողքին, իրար նայեցինք, ժպտացինք։

Դատարկ էր Իջևանը, լիքն էին մենակ Իջևանից դուրս եկող գազելները։

Հետ գալու ամբողջ ճանապարհին Գայանն ու Ռիման պատմում էին իրենց ճամբարից։ «Ասպարեզը» ամեն տարի մարզերի երեխեքի համար ճամբար է կազմակերպում, էս քույրիկներն էլ երկրորդ տարին էին գնում արդեն։ Էս անգամ ուշքի եկա էս խոսքերի վրա․

-Ասեցին՝ Քյավա՛ռ գնա դու, հրաժարվեցի։ Ես Քյավառ չեմ գնա, վախում եմ։ Ասին՝ ձեզ բան չեն ասի, տուրիստի տեղ կդնեն,- ծիծաղս եկավ, արդեն ուշադիր էի լսում։

-Առաջին խումբը քյավառեցիների գողական խումբն էր։ Հետներիս աղջկան ասեցին՝ գնա տփի՛։ Դե, ինքն էլ կառատեի ա գնացել, սև գոտի, ո՞նց կտա։ Երեք անգամ ոտով։

-Լևոնի դասին էլ ժամի ռազմավարությունն էինք անցնում։ Ի՜նչ ապուշություն ա ժամի ռազմավարությունը։ Ուրեմն սրտիկներ ա նկարել, գրել ա Ռիմա և Գոհար, Ռիման ես եմ (ի դեպ, անունը էսպես իմացա), երկու տղա կանչել ա, ասում ա՝ օգնե՛ք, ժամը դզեն աղջիկները,- սրանից հետո շատ ուժեղ ծիծաղում էին։ Ես մի պահ անջատվեցի, խոսակցությունը նորից սկսեցի լսել Քյավառի պահից․

-Մկա նշանակում է հիմա։ «Ըդո՞ր ես, ըդո՞ր ես»,- ասում էր, ասում եմ՝ հը՞։ Ասում ա՝ որտեղ ես, ասում եմ՝ ըտեղ եմ, ըտեղ։

Իրականում, ըդոր չէ բառը, այլ ուղղակի դոր, բայց չուղղեցի։ Հա, ու մենք ամեն դեպքում քյավառցի ենք, ոչ թե քյավառեցի։ Երբ իմացան, որ Քյավառից եմ, իրար հետ վո՜ւյ արեցին ու ներողություն խնդրեցին, որ էդպես վատ բաներ էին պատմում։ Հետո մատով ցույց տալով իմ կարճ կիսաշրջազգեստն ու բոթասները՝ ասացին, որ եթե ես սենց հագած լինեի, ինձ կսպանեին։ Այ էդտեղ արդեն ես էի բարձրաձայն ծիծաղում։

Շատ կարճ ստացվեց մեր ճանապարհորդությունը, իսկ պատմելու բաները՝ շատ։ Մորքուրը նեղվեց մի տեսակ։ Ինձ հուշ մնացին մենակ նոթերս ու մեկ քառորդ պուրին, որ հիմա չորանում է հացամանում։

mariam tonoyan

Բժշկի սերը կամ սիրային եռանկյունի

«Գիտե՞ս ինչեր կան իմ մատների տակ

Երբ քո մարմինն է մարմինս գրկում

Կա ածխածին ու կալիում

Կա լուսածին ու նատրիում

Ցինկ կա, երկաթ, ջրածին

Կա յոդ, պղինձ ու բրոմ

Կա մարգանեց, կրածին

Բորակածին, թթվածին

Մարմինը ջուր է կիսով

Եվ հարուստ է աղերով

Օրգանական նյութերով

Միս կա, նաև ոսկորներ

Իսկ մաշկի տակ մկաններ

Դա է տառապանքը, իմ սեր»։

Շառլ Ազնավուր

25 տարեկան է, ապագա բժիշկ։ Շատ արագ է խոսում՝ արտիստիկ ժեստերով ու միմիկաներով, հաճախ դժվար է լինում արագության հոսքի մեջ նրա արտասանած բառերն իրարից զատել ու ըմբռնել։ Տոնայնությունը մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում, աշխուժորեն անցնում է մի թեմայից մյուսին՝ արվեստ, օտար լեզուներ, գրականություն, ֆիզիկա, ու ինչ տրամադրություն էլ ունենա, ձայնի հնչերանգից միշտ թվում է, թե ուրախ է։ Զարմանալի մարդ է Դավիթը (անունը փոխված է)։

Այս անգամ էլ, ինչպես մեր հերթական զրույցների ժամանակ, ապշեցնում էր իր հակասական, բայց միևնույն ժամանակ երկկողմանի ճշմարիտ փաստարկներով ու կարծիքներով.

-Ի՞նչ ես կարծում, եթե Ռոդենը չէր սիրում իր կնոջը՝ Ռոզային, այլ սիրում էր իր աշակերտուհի, օգնական, ապա սիրուհի Կամիլա Կլոդելին, ինչո՞ւ կյանքի վերջին ամիսներին օրինականացրեց իր և Ռոզայի ամուսնությունը,- հարցրեց նա իմ սիրելի քանդակագործի կյանքի մասին։

-Որովհետև նա սիրում էր Ռոզային, բայց սիրահարված էր Կամիլային։ Չե՞ս կարծում, որ սիրահարությունն ավելի կարճատև սեր է,- փորձում եմ պատասխանել ես։

-Ես կասեի՝ ընդամենը սիրային եռանկյունի։ Հիշո՞ւմ ես, որ Ռոզայի միակ ցանկությունն էր օրինական ամուսնությունը։ Ի վերջո նա քանդակագործի կինն էր, նույնիսկ երեխա ունեին, բայց դեռ կինը չէր ճանաչվել։ Կամիլան գիտեր, որ Ռոդենը չի բաժանվի իր երեխայի մորից, նա ամեն անգամ նույն պատասխանն էր ստանում. «Ես դեռ չեմ կարող լքել Ռոզային»։ Ռոդենի ու Ռոզայի ամուսնությունից հետո քիչ անց մահացավ Ռոզան, իսկ Կամիլան խելագարվեց, որովհետև ոչ թե սիրահարված էր, այլ սիրում էր Ռոդենին։ Մի՞թե Կամիլային ևս մինչև կյանքի վերջ չի սիրել Ռոդենը։ Երեքն էլ սիրել են, պարզապես մեկը ավելորդ է եղել։

-Ի՞նչ նկատի ունես։

-Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, սերոտոնին, ադրենալին, էնդորֆին, որոնցից մեկը սրտխփոցի համար է պատասխանատու, մեկը կյանքի հանդեպ վառ գույներով տրամադրվելու, աշխարհին սեր տարածելու ցանկության, մեկը զրուցասիրության, խենթությունների, անքնության, տագնապի, սիրելիի կողքին ապահովության զգացումի։ Բայց այս բոլորը 2-6 ամսում անցնում են, տեղը զիջում սիրուն կամ դատարկությանը,-աշխուժորեն ու լայն ժպիտով բացատրում էր Դավիթը,- նրանց սիրային եռանկյունին տարիներ է ձգվել։

Նրա ժպտացող դեմքի վրայով մի ակնթարթ միայն աննկատ անցավ ափսոսանքի մի թույլ ալիք՝ խորքերի փոթորիկներից դուրս պրծած, որին հետո ես նշանակություն տվեցի։

-Ընդհանուր առմամբ սերը տխմարություն է,- շարունակեց նույն տոնով,- ի դեպ, ամուսնացավ…

«Ռոդենի՞ն նկատի ունի»,- նախ կարծեցի ես, բայց նկատելով, որ խուսափում է աչքերիս նայել, որ շփոթմունքը չնկատեմ, հասկացա, որ իր սիրած աղջիկն է ամուսնացել։

Ոչ մի բառով չդժգոհեց, ոչ մեկին չմեղադրեց, թույլ չտվեց, որ ներսում կատարվող իրարանցման որևէ դրվագ երևա իր աչքերի հայելուց, միայն մի նախադասությամբ մատնեց իրեն.

-Հիմա իմ փոխարեն մեկ ուրիշն է հիշելու, որ թեյն առանց շաքարի է խմում,- թափ տվեց ձեռքը ու մտածկոտ տարուբերեց գլուխը։

Վաղուց էր տարված նրանով, բայց ոչինչ չէր ասել նրան։ Ասում էր՝ դրա ժամանակն էլ կգա։

Հարցեր, հարցեր, հարցեր… Այնքա՜ն հարցեր էր տվել նրան, որպեսզի ավելի լավ ճանաչի, ամենի՛ց լավ ճանաչի։ Քանի՜ ոլորտների մեջ էր խորացել, որպեսզի ավելի հետաքրքիր զրուցակից դառնա այդ աղջկա համար, կարողանա չնչին բանով օգտակար լինել։ Գիտեր նրա ամեն նախասիրություն, օրվա գրաֆիկը, նախընտրելի գույնը՝ կանաչի համապատասխան երանգը, զգում էր՝ երբ է տրամադրությունը վատ, նրա մասին նոր տվյալները, նրա խոսքերը անհասկանալի ձեռագրով նշում էր իր փնթի նոթատետրում, անգիր էր անում ու ինձ հետ զրուցելիս նույնիսկ հաճախ մեջբերում էր՝ հմտորեն թաքցնելով սենտիմենտալությունը։

Ամենուր նա էր՝ իր գլխում, աչքերի առաջ, հեռախոսի մեջ, նույնիսկ ենթագիտակցական ու անգիտակցական մակարդակում։ Երբ ձանձրույթից ենթագիտակցաբար խզբզում էր թղթի վրա, դժվար չէր թղթի անկյուններում աղջկա անվան սկզբնատառը գտնել կամ ամբողջական անունը՝ ամենաաննկատ մասում…

Ինչո՞ւ հանկարծ Ռոդենից սկսեց խոսել։ Ինչո՞ւ Ռոդենը ամուսնացավ Ռոզայի և ոչ Կամիլայի հետ։ Ո՞վ էր սիրային եռանկյունում ավելորդը։ Կամիլան խելագարվե՞ց, ի՞նչ է դա նշանակում։ Չգիտեմ… Միգուցե, ընդհանուր առմամբ սերը տխմարությո՞ւն է։

juli abrahamyan

Խոստումներս

Զգացե՞լ եք, որ մենք միշտ ինքներս մեզ խոստումներ ենք տալիս:

Օրինակ` ամռանը կսկսեմ մարզվել, լեզուներ պարապել, գրքեր կարդալ, շատ մարդկանց հետ շփվել։

Ձեր մասին չգիտեմ, բայց ինձ հետ այդպես է: Փաստորեն` ես վատ եմ խոստումներ պահելուց, կամ էլ շփվող մարդ չեմ: Չնայած` դա գիտեի: Ինձ միշտ ասում են.

-Ինչ շփվող ես, կուզենայի քո նման հեշտ լեզու գտնել մարդկանց հետ:

Դե արի ու բացատրի, որ տասը րոպե խոսելուց հետո ես մտքումս Երևանի հատակագծի չափով պլան եմ մշակում, թե ինչպես դուրս գամ սենյակից ու էլ չվերադառնամ: Կորչեմ գրողի ծոցը: Հենց այդպես:

Ուղղակի, երևի ես ներքուստ պահպանողական եմ: Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա: Չի կարելի շատ փոփոխություններ կրել: Այ, օրինակ` համակարգիչը չի կարելի տարին մեկ անգամից ավել ֆորմատ անել` կփչանա: Նույնն էլ մարդը: Ինչո՞վ է տարբերվում համակարգչից:

Երկու տարի առաջ որոշեցի, որ կարելի է օրական մեկ բաժակ սուրճ խմել, որովհետև ավելի առույգ կլինեմ ու ավելի շատ բաներ կհասցնեմ անել, իսկ հիմա ինձ սուրճը չի էլ օգնում ու խմում եմ ոչ թե օրը մեկ բաժակ, այլ օրը` յոթ: Դե, «յոթ որդով սեղան նստեք» արտահայտությունից եմ ոգեշնչվել: Չնայած, որ կապ չուներ:

Հենց նոր էլ ընկերուհուցս հաղորդագրություն ստացա, որ չի կարելի այդքան շատ սուրճ խմել` օրգանիզմից երկաթը հանում է: «Քաշվանք»,- մտածեցի ես՝ սուրճս խմելով:
Այ, տեսնում եք, հենց սա էլ նկատի ունեմ: Ես դավաճանել եմ երկու տարի առաջ ապրող «ես»-ին: Նույն կերպ կդավաճանեմ ներկայիս ընկերներին, եթե շատ շփվեմ:

Եվ եթե դուք չեք հասկանում, թե ինչի մասին եմ խոսում` փակեք այս պատուհանը, թող գնա գրողի ծոցը, իսկ եթե չեք հասկանում, բայց ուզում եք հասկանալ, ապա գիշերն ուղիղ ժամը երեքին գրեք ինձ՝ մարդ ես՝ արթուն եղա, ու իրար հասկացանք:

Դժվար հասկանանք: Ես նոր մարդկանց դժվար եմ հասկանում: Հենց սա էլ պատճառներից մեկն է, որ չեմ սիրում նորեկներին, նորերին, նոր ընկերներին: Ի՞նչ իմաստ ունի, եթե մենք իրար չենք հասկանալու: Ես նույնիսկ ինքս ինձ չեմ հասկանում ու խոստումներս չեմ պահում, ուր մնաց՝ ձեզ: Միգուցե դուք ամռանը շոգից, իսկ ձմռանը` ցրտից բողոքող մարդկանց տեսակին եք պատկանում, կամ «քառասունից հետո նոր-նոր կյանքը սկսվում ա» մարդկանց տեսակին: Ես չեմ հասկանում` ձեզ ինչ-որ մեկը չի՞ ասել, որ կյանքը սկսվում է ձեր ծննդյան օրվանից: Իհարկե, սկզբի տասնութ տարին հազիվ-հազիվ սկսում եք շնչել, իսկ մնացած տարիները վատնում եք աշխատանքի վրա ու ընդհանուր առմամբ՝ չեք էլ ապրում, բայց կա այն, ինչ կա: Համակերպվել է պետք:

Չնայած` կա մի բան, որը ես անում եմ միշտ` առանց ինչ-որ բան խախտելու: Դա իմ ծեսն է: Ամեն նյութից հետո ես մտովի շնորհակալություն կհայտնեմ ու համբերություն կմաղթեմ Մարիամին, ու տեքստից մի բառ վերնագիր ընտրելով, որը, ըստ ավանդույթի, չի համապատասխանի նյութին՝ կփակեմ պատուհանը:

Հուսամ` այս անգամ կհասկանանք իրար:

davit gorgoyan

Դրամա

Մետրոն ուշացավ, ու ես չունեցա ռոմանտիկ նյութ՝ գրելու համար: Գրեմ նրա մասին, որ ալիքները փոխանցումներով ձգտում են ափին ու խեղդվում դրան չհասած: Չէ, Սարյանն արդեն գրել է ալիքների մասին:

Արձագանքը արթնացրեց, ու ներս մտա, ինչպես սովորաբար են անում: Արթուն աչքեր չկային, կամ մեռած, կամ հանգած:

-Նստե՛ք:

-Չէ լավ ա, ես կկանգնեմ:

Նստեց:

Ուշադրությունս հատկապես գրավեց մի զույգ: Ձկնատիպ շրթունքներով ու երկնագույն սավանով մի աղջիկ, որը, ինչպես հասկացա, դուրս էր նայում՝ ոչ թե կողքին կանգնած ընկերոջից նեղացած լինելու, այլ զուտ շրթներկը ուղղելու, կամ լղոզելու համար: Իսկ վերջինս, որ առանձնապես հարիֆ էր, իբր սիրո կամ հաշտության դրսևորում սահեցնում էր ձեռքերը էդ լպրծունի մարմնի տարբեր մասերով, հետո սևեռվում դեմքի միմիկաների վրա՝ հասկանալու արածի արձագանքը: Սա էլ մտքում ֆշշցնում ու նորից լպստում էր շրթներկը: Մի խոսքով, զազրելի տեսարան: Դասատուս ճիշտ էր, երբ ասում էր.

-Այ տղա, ե՞րբ ես հասկանալու, որ իրենք են ձեզ գտնում, ոչ թե դուք եք իրենց «կպցնում»:

Բայց և այնպես չկարողացա չմտածել մի աղջկա մասին, ու եթե ասեմ, որ չեմ հիշում անունը նրա, հավատացեք ինձ այնպես, ինչպես յուրաքանչյուրդ է հավատում աշխարհի տարբեր լրագրերի… Չէ, սա էլ Սևակն էր ասել: Ես հիշում եմ, հիշում ու նեղվում այն մտքից, որ քաղաքում իր գեղեցկությամբ երկրորդն աչքի ընկնող աղջնակը, որ ներսից ավելի փչացած էր, քան դրսից գեղեցիկ, սկսել էր ինձ էլ դուր գալ:

Արձագանքն արթնացրեք, ու իջա, ինչպես սովորաբար են անում: Զգում էի հոգնածություն Սևանում անցկացրած օրվա պատճառով ու միաժամանակ նկատում, որ կայարանը մխում է ձանձրույթից, շոգը դառնում տանելի, տոթը՝անտանելի, Ավոն շուտով կնկատի ինձ, իսկ իմ ավտոբուսը չկա: Ուզում եմ սարսափել Երևանում գիշերելու մտքից. չի ստացվում: Լուծումներ միշտ գտնվում են:

Դեռ մի ժամ ժամանակ ունեի ոչինչ չանելու համար: Այնուամենայնիվ չէի կարող ականջ չդնել կողքիս նստածի հեռախոսազրույցին, ով ընկերուհուն բավականին գունագեղ տեսարաններով ու չնաշխարհիկ բառերով բացատրում էր այն, որ մենք՝ տղամարդիկս, բութ ու ստոր արարածներ ենք, ու խոսում էր այնպես, ասես կյանքի՝ ինչպես հասկացա երեսուն տարիները, անցկացրել էր աշխարհի բոլոր տղամարդկանց ճանաչելու, կամ ավելի ճիշտ թեթև աչք կպցնելու վրա:

«Բայց հալալ ա քեզ, ծյոծ: Երեսուն տարի ոնց էլ ձգել ես քո ձեռը: Ես քո փոխարեն արդեն հավեսից ընգած կլինեի»:

Լույսը խամրեց, պայծառացավ, խամրեց, ու առողջ բանականությունը ծխելով լքեց տրանսպորտը:

«Տնաշենը գոնե մի քիչ սիրուն լիներ»:

Ավոն սովորության համաձայն անհոգ ծիծաղում էր ոչնչի վրա ու ցրում ավտոբուսի կանգնած օդը. պիտի տանեին մի քանի օրից: Կողքիս նստածին հաստատ դուր էի գալիս: Ինքն էլ գիտեր: Իրեն դուր գալով իջա ավտոբուսից ու թույլ տվեցի EMINEM-ին գոռալ ականջներումս, խլացնել մտքերս: Երեք տարվա ծանր պարապմունքները, ստիպված զբաղմունքները, սենյակիս չորս պատերն ու գրությունները դրանց վրա, որ կտրեցին շրջապատից ու շփումից, քննությունները, էս աժիոտաժը, ծանր տապը, աղջիկը, ում անունը հաստատ հիշում եմ, մետրոն, որ ժամ-պատարագ չի ճանաչում… Թեթևանալու կարիք ունեմ: Գյուղ, միանշանակ…

-Այ տղա, էլի բո՞ւն ես դրել՝ գնում ես գյուղ,- ոնց որ միշտ նույն կատակը, որ իննսուն տոկոսանոց լուրջ ենթատեքստով են մատուցում:

Բացատրե՞մ, որ էնտեղ թոքերս ազատություն են շնչում, միտքս՝ դատարկություն, թրիքն՝ անպակաս, օդը՝ այլանդակ մաքուր, հայհոյելուց չեմ քաշվում, բա պապուս հետ գարեջուր չխմե՞մ: Ոչ ոք չի գոռում կամ շտապում, կոմպս մոտս է, ու մատերիս կարող եմ լիցենզավորել գրկելու երանելի ստեղնաշարը, իսկ ծրագրավորման լեզուները դեռ վաղուց «կոնյակ-բոնբոներկայով»-ով դռան դիմացն ինձ են սպասում:

Ծը: Չարժե. նոր ճառեր ինտրովերտության բացասական լինելու ու ամեն մեկի հետ ազատորեն շփվելու կարողության բացակայության մասին չեմ ուզում: Անգիր գիտեմ: