Իմ էջը խորագրի արխիվներ

Դու գնում ես, հոգի՜ս…

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում։

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ`

Ուրիշ մեկի տեսության համար։

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու ես` շարքային բառասպանս, սովորականի պես «մենք»-ը բաժանում եմ երկուսի,

Որովհետև արդար չէ,

Որովհետև հրաժեշտից առաջ ու հրաժեշտից հետո բառը կիսատվում է,

Իսկ մարդն ավելի շատ…

Դու գնում ես, հոգի՛ս, ու այս անտանելի դատարկությունը մոմի պես հալվում է մտքերիս,

Ու ծավալուն վերջաբանները նախաբաններից շուտ են գրվում։

Շուտ է անցնում հրաժեշտն ու կիրակի է դառնում։

Ես քայլում եմ խցկված քաղաքում

Անթաղելի Չհրաժեշտի համար գերեզման փնտրելով։

Հրմշտոց է։

Ինչ-որ մեկն ամբոխից դուրս է գալիս առանց հրաժեշտի։

Ու ես` շարքային բառասպանս, գրում եմ.

«Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում,

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ

Ուրիշ մեկի տեսության համար»

#բառսափիդմեջ

Նրանք չեն մոռանում

Մենք կարող ենք մոռանալ մեր երազանքները, բայց երազանքները չեն մոռանում մեզ: 2020 թվականին, երբ դեռ դպրոցում էի սովորում ու պատրաստվում էի միասնական քննություններին, նոթատետրումս մի գրառում արեցի, որը երեք տարի անց տեսնելով՝  շատ զարմացա: Համացանցում տեսել էի ՀՊՄՀ «Լավագույն ուսանող» մրցույթից հատված ու դրանից ոգևորված գրել էի նոթատետրիս` «Երազանքներ, որոնք կիրականանան համալսարան ընդունվելուց հետո» բաժնում. «Ուզում եմ մասնակցել ու հաղթել այդ մրցույթում»: Ցավոք, այնպիսի իրադարձություններ եղան մեր հայրենիքում, որ ես երբևէ չէի էլ հիշի այդ երազանքի մասին, եթե մի գեղեցիկ օր Ուսանողական խորհրդի հայտարարությունը չտեսնեի: Բանասիրական ֆակուլտետում ինձ համար շատ հարազատ դարձած մարդիկ խորհուրդ տվեցին մասնակցել մրցույթին:

2024 թվականի հունվարի 13: ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթում Բանասիրական ֆակուլտետի «Լավագույն ուսանող» է ճանաչվում Թագուհի Աղասյանը: Լսվում են ծափահարություններ: Ես սեղմում եմ բուհի ռեկտորի՝ տիկին Գևորգյանի ձեռքը: Նա շնորհավորում է ինձ, հետո մյուսներն են միանում շնորհավորանքներին: Ես շնորհակալությունս եմ հայտնում բոլորին:

Ընտանիք է դարձել Մանկավարժականը: Ինը լավագույնների կողքին կանգնած ես հիշում եմ նոթատետրս: Հիշում եմ ու ժպտում զարմացած: Եվ միայն այդ պահին ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԵԶ…

Sabina Davtyan

Հիմա ուղղակի գիշեր է…

Գիշեր, ինչքան խորհրդավորություն կա քո մեջ, ուղղակի հիանում եմ: Գիտես, չէ՞, այսօր ինչ-որ մեկին զարմացնելը այդքան էլ հեշտ չէ: Դե, դրսում 21-րդ դար է, նորարարություններ ու նմանատիպ բաներ: Դրսում է 21-րդ դար, բայց ես հոգով ու սրտով միջնադարում եմ մնացել, հույս ունեմ, որ կներես ու կհասկանաս, բայց արի արագ վերադառնանք իրականություն. երազանքներով ապրելը հիմա այդքան էլ տեղին չէ:

Ինչ հետաքրքիր է, չէ՞, որ մեկի համար գիշերը օրվա ավարտ է, իսկ մյուսի համար սկիզբ: Գիշերն այնքան բան կարող ես անել. պարապել վաղվա քննության համար, գիրք կարդալ, ֆիլմ դիտել, զբոսնել, խոսել, ծիծաղել, արտասվել, ատել, սիրել, սպասել, խմել, կոտրել, կոտրվել, բղավել, լռել, ապրել, ապրեցնել, մի խոսքով, հազար ու մի բան, իսկ ի՞նչ եմ անում ես:

Երբ տանը բոլորը քնած են, ես կամաց բացում եմ ննջասենյակի դուռը ու ոտնաթաթերիս վրա փոքր ու զգույշ քայլեր անելով իջնում եմ խոհանոց, որ պատրաստեմ իմ սիրած կանաչ թեյն ու սկսեմ գրել: Թեյնիկը  միացնում եմ ու ընկնում մտքերի գիրկը կամ ծուղակը…

Արագության մեծ սիրահար լինելով մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպիսի արագությամբ են իրադարձությունները փոխվում: Օրինակ՝ ով երեկ ամենասիրելին  էր, այսօր  նրա հանդեպ բացի դատարկությունից, ոչինչ չես զգում, երեկվա ամենահարազատ մարդը այսօր այլևս չկա. մահացավ ցավոք: Երեկվա գիրք գրելու երազանքդ այսօր հօդս ցնդեց, քանի որ գրքի գլխավոր հերոսին հորինել էիր, ու իրականին անգամ հերոս կոչելը ծիծաղելի կլինի:

Կամ հասարակ բաները` այդ գրողի տարած կանաչ թեյը, որը երեկ սրտխառնոց էր առաջացնում, իսկ այսօր առանց այն խմելու չես կարողանա քնել, որովհետև քեզ կիսատ կզգաս:

Իսկ տեսնես` կիսատ լինելը նո՞ւյնն է, ինչ միայնակ լինելը, թե՞ դրանք տարբեր բաներ են…

Իսկ տեսնես` կիսատ լինե՞լն է ավելի լավ, քան միայնակ, իսկ միգուցե ոչ նա և ոչ էլ նա…

Գրողը տանի, ես կրկին խառնաշփոթի մեջ հայտնվեցի ինչպես միշտ, բայց մի բան հաստատ գիտեմ միայնությունը վախեցնում է շատերին, իսկ ոմանք սարսափում են նույնիսկ դրա մասին մտածելուց, ոմանց համար էլ միայնությունն իրականությունից փախչելու անհաջող միջոց է, բայց ոչ իմ: Ես ուղղակի հաճույք եմ ստանում միայնակ լինելուց, որովհետև միայնակ լինելը ավելի լավ է, քան շրջապատված լինել մարդկանցով, սակայն նրանցից չլինի գեթ մեկը, այն միակն ու սիրելին, ում իրապես կկարողանաս վստահել ու հավատալ:

Իսկ միգուցե իմ նմանները դատապարտված են հավերժ միայնակ մնալու, իսկ ովքե՞ր են իմ նմանները:

Իմ նմանները մարդիկ են, ովքեր հագնում են այն, ինչ ուզում են, անում են այն, ինչ ուզում են, ունեն դաջվածքներ, մազերի փոփոխական գույներ ու սանրվածքներ: Նրանք միշտ լսում են` մի արա, միայնակ կմնաս, քեզ չեն սիրի, չեն ընդունի: «Մի արա, չանես, հանկարծ չանես, ոչ մի դեպքում չանես», բայց այս խոսքերը ընդամենը անլրջություն է, հիմարություն, անմտություն, որովհետև մեր «նմաններին» դժվար, բայց սիրում են, դժվարներն են դժվարներին սիրում և ուժեղներն են, որ յուրահատուկներին են սիրում, իսկ ուժեղները, ցավոք, քիչ են:

Գիտեմ, որ ես բարդ չեմ, ուղղակի մարդիկ են թույլ…

Գիտեմ, որ «մի արա, քեզ չեն սիրի»-ն սպառնալիք չի արդեն, չի ցավեցնում հակառակը, հասկանում եմ, որ ամեն մեկը չի, որ կկարողանա ինձ սիրել, ինչպես կամ։

Հիմա հասկանում եմ, որ ոչ թե դատապարտված եմ հավերժական աքսորի ու միայնության, այլ պարզապես կսպասեմ ուժեղին ու էլ չեմ գնա անիմաստ զոհողությունների` թույլերի համար…

Sabina Davtyan

Նախաամանորյա քրոնիկոն կամ տարեվերջյան ամփոփում

Ժամանակի հետ հավասար շարժվելը աննկարագրելի դժվար է կամ ուղղակի անհավանական: Օրերը այնքան արագ են անցնում, ասես ինչ-որ տեղ են շտապում: Տեսնես` ո՞ւր: Գրողը տանի, ինչքան ցրված ու խառն եմ ես, ո՞նց էր կարելի մոռանալ, որ շուտով Ամանոր է, իսկ դա նշանակում է, որ վե՛րջ, սկսում ենք նոր կյանք` նոր մտքերով: Որտեղ Ամանորը, այնտեղ էլ անակնկալներ, իսկ անակնկալները երևի լավ ու վատի չեն բաժանվում: 2023-ը ինձ շատ մեծ անակնալ էր պատրաստել, որի մասին կասկածներ չուներ ոչ քո, այդ թվում նաև ես: Մի մեծ տոպրակ, որը լի էր հիասթափությամբ, հուսահատությամբ, օդում կախված հույսերով, չիրականացած նպատակներով, երազանքներով ու խոստումներով: Անկախ նրանից, որ կրկին հնարավորություն կա կյանքը սկսել նոր ճերմակ էջից ու մի մատ խորքից, մեկ է, հիասթափությունը այդ էջերում իր տեղը միշտ ունենալու է անկասկած: Միտք չկա հանձնվելու, չէ որ միշտ պետք է առաջ շարժվել ու ուշադրություն չդարձնել, թե ովքեր են ուզում կոտրել քեզ, ովքեր են լքել քեզ, չվախենալ միայնակ մնալուց և անգամ չհուսահատվել այն ժամանակ, երբ խլում են սեփական հողդ, խաղաղությունդ, ներդաշնակությունդ…

Անկեղծ ասած՝ դժվարանում եմ ասել ստացված տարի՞ էր, թե՞ ոչ, չնայած որոշ նպատակներ իրականացան, իսկ որոշ նպատակներ էլ շատ խնամքով ծալեցի ու թաքցրեցի դարակի խորքերում, որտեղ երբեք ձեռքս չի հասնի, քանի որ այնտեղ այն հիշողություններն են, որոնց երբեք չեմ դիպչի, որովհետև այնքան նուրբ են, դիպչելու դեպքում միանգամից կկոտրվեն… Հիշողությունների տեղը դարակն է, իսկ ամփոփումը ոչ ոք չի հետաձգել, մի խոսքով…

Այս մեկ տարվա ընթացքում օրեր եղան, որ երազել եմ գոյություն չունենալ, բայց հետո հասկացել, որ ցանկացած պահի ապրելը կարող է երազանք դառնալ: Հասկացել եմ, որ օրերը սովորական չեն, այլ ամեն օրը մի կյանքի դաս է: Դասեր, որոնք սովորեցնում են գնահատել այն ամենը, ինչը տրվում է կարճ ժամանակով կամ անժամկետ, շնորհակալ լինել անգամ այն փորձություններին ու մարդկանց, ովքեր ցավեցրել են մեզ կամ պարզապես օտարացել, բայց ինչ-որ մեծ ու կարևոր բանի կամ դասի համար էին ուղղված, ինչ-որ յուրահատուկ իմաստության, որը հասկանալով է հնարավոր սովորական կյանքին յուրահատկություն տալ ու այլ հետաքրքիր կետից շարունակել առաջ շարժվել, այս անգամ այլ տեսքով, այլ դիմագծերով, այլ մարդկանցով կամ պարզապես մենակ ու այլ՝ բոլորին անծանոթ անծանոթի հայացքով….

Օրեր եղան նաև, որ կորցրեցի բանականությունս: Կորցրեցի ինքս ինձ սեփական կյանքումս ու վերագտնելը դարձավ մեծ խնդիր: Ինձ գտնում էի ամենուր, բացի գլխավոր տեղից՝ իմ կյանքից: Կյանքս և ուղեղս գիտակից մակարդակից դուրս էր եկել և անջատվել: Ու գիտե՞ք ինչ հասկացա, որ դա նույնպես անհրաժեշտ է, քանի որ առանց այդ պահերի չէի հասկանա` ինչ եմ ուզում սեփական կյանքիցս ու սեփական եսիցս: Մի սիրուն օր արթնացա ու հասկացա, որ ազատվել եմ գլխիս հիմար ու կպչուն մտքերից, մարդկանցից ու գրողի տարած խոստումներից, սենտիմենտալ պահերից: Ծիծաղելի էին դարձել երեկվա մտքերս, անգամ մարդիկ, ովքեր թվում էին ուժեղ ու ապահով:

Այս տարի վերջապես մեծացա: Հա, գիտեմ, որ բավական ծիծաղելի ստացվեց, քանի որ ո՞նց է կարելի լինել հասուն 22 տարեկան մարդ ու 23-ի շեմին նոր մեծանալ: Գիտակցեցի այդ ամենը, երբ հարցրեցին` ինչպե՞ս զգացիր, որ մեծացել ես, ու այդ պահին խորը շունչ քաշեցի ու ասացի.

-Մեծացա այն ժամանակ, երբ բաց թողնելը դարձավ սովորություն, քանի որ պետք է բաց թողնել այն մարդուն, ում սիրում ես, որովհետև գիտակցում ես, որ դուք ուղղակի իրար համար չեք ստեղծված: Բաց թողնել պարզապես ու բաց թողնել հեշտ, քանի որ եթե սիրում ես, փորձում ես պայքարել, իսկ ես մտածել եմ, որ սերը պարտադիր ցավ է պատճառում, պարտադիր ստիպում է տառապել, բայց արի ու տես հակառակը՝ հիվանդությունը ցավ է պատճառում, տանջում ու հյուծում, իսկ սերը ապաքինում: Հա, մոռացա ասել սերը դիմանալու մեջ չէ, զիջելու մեջ չէ, այլ ընդունելու, որովհետև ոգևորելը «ուժեղ եղիր»-ի մեջ չէ, այլ «ես քեզ հետ կլինեմ»-ի մեջ: Երևի այս իրավիճակներից հետո մեծացա ու իրավիճակները դադարեցի իդեալականացնել, կամ արգելեցի կառավարել ինձ: Ու վերջիվերջո հասկացա, որ ավելորդ մարդիկ հեռանում են, մնում են նրանք, ովքեր պետք է լինեն: Այնպես որ, չարժե ժամանակ վատնել բացասական իրադարձությունների, ձախողումների, չստացված սերերի, անկումների, ու իհարկե, մարդկանց վրա: Պետք է վայելել կյանքիդ ամեն մի րոպեն, ասես այն վերջինն է: Վայելիր երիտասարդությունդ, քանզի այն կորցնելու դեպքում ետվերադարձի հնարավորություն չես ունենալու: Ունե՞ս երազանքներ` վազիր նրանց ետևից, երազում ես այցելել Հռո՞մ` ճամպրուկդ հավաքիր ու մեկնիր: Ուզում ե՞ս փողոցում բարձր ծիծաղել՝ ծիծաղիր, ուզում ես բղավե՞լ՝ բղավիր, արա այն, ինչ ուզում ես, միայն երջանիկ եղիր: Ո՞վ գիտի, թե ինչ կլինի վաղը: Փորձիր, ընդունիր, հասիր: Արա` քանի դեռ ուշ չէ: Զգացմունքներիս այնքան տեղ տվեցի, որ քիչ էր մնում կարևորի մասին մոռանայի: Բա ո՞վ է խոսելու կրթական հաջողություններից, մոռացկոտս: Այս տարի առանձնահատուկ ձեռքբերումներ եմ ունեցել: Հասցրել եմ մասնակցել հանրապետական գիտաժողովի, քաղաքական ու առաջնորդական դպրոցների, անգամ կանանց հզորացման ակադեմիայի: Երկու անգամ էլ ներկայացրել եմ Հայաստանը միջազգային ծրագրերում: Չեմ կարծում կարիք կա նշելու, թե ինչ մեծ պատասխանատվություն է հայրենիքդ ներկայացնել շուրջ 42 տարբեր երկրների ներկայացուցիչների մոտ: Հասկանում ես, որ պատվով պետք է ներկայացնես երկիրդ, եթե անգամ ծրագրի առաջին իսկ օրվանից հիասթափվել ես ու գիտակցում ես, որ առանց զոհաբերելու ոչնչի չես հասնելու, ու պետք է սեփական սկզբունքներիդ վրայով անցնես, դե, երևի հենց դրա մեջ էլ կայանում է հայրենասիրության իմաստը:

Դե ինչ, սիրելիներս, հույս ունեմ իմ տարվա ամփոփումը ձեզ համար օգտակար կլինի… Կհանդիպենք մյուս տարի նոր մտքերով ու ծրագրերով:

 

Sabina Davtyan

Եվ, ընդհանրապես, մենք չենք սիրել

Մենք սիրում էինք իրար, երևի, կամ միգուցե ես էի այդպես կարծում, քանզի մեր միջև չի եղել ոչինչ, իսկ եթե անգամ եղել է, եղել է մեր մեջ: Հիվանդագին ու տարօրինակ զգացմունք, որը այդպես էլ չհասկացանք ինչ տվեց մեզ բացի խլելուց: Քայքայում ու կործանում էինք իրար ու հաճույք ստանում մեկս մյուսի տանջանքներից:

Մենք չենք սիրել, մենք պարզապես հիվանդ ենք եղել իրարով: Մենք ոչ թե սիրահարված խելագարներ ենք եղել, այլ ուղղակի խելագարներ, ում արգելված էր սիրել, կամ ովքեր պարզապես սիրել չգիտեին…

Մենք չար էինք, շատ չար: Մենք ահավոր ատում էինք իրար: Սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք: Մենք չէինք խմում, այլ հարբում էինք… Մտածում եմ՝ հարբած մարդիկ ամենաանկեղծն ե՞ն, թե՞ ամենաերջանիկը, երևի ամենահիմարներն են կամ էինք… Մենք խմում էինք խաղաղության կենացն ու նույն պահին պատերազմում իրար դեմ, խմում էինք բոլոր անիմաստ կենացները` մոռանալով կամ մտածված չհիշելով այն: Մենք ծիծաղում էինք, որ շատ տարբեր ենք միասին լինելու համար, չնայած դա ճիշտ էր, քանի որ միակ նմանությունը դա ցինիկությունն էր…

Մենք միասին երբեք խնդիրներ չէինք լուծում, այլ միայն ստեղծում մեր ձեռքերով: Ինչպես ուզում եք, նայեք, ուզում եք փիլիսոփայաբար, պատմականորեն, հոգեբանորեն. մարդու պրոբլեմները միշտ իր մեջ է:

Մենք երազում էինք ապագայի մասին, բայց կյանքին լուրջ չէինք վերաբերում, ինչպես իրար, մենք ուզում էինք միասին հաղթած դուրս գալ, բայց պարտվեցինք մեկս մյուսին կամ էլ թանկ շշերին ու էժանագին ծխախոտին…

Թվում է, թե ի՞նչն էր մեզ կապում:

Ոչինչ:

Մի քանի ընդհանուր հիշողություն, բայց հիշողությունները չեն մահանում…

Mariam Harutyunyan new

ՉՍԵՐ

Երբ շոշափելի իրականությունը մխրճվում է բանականության պատերից ներս, սկսում ես ինչ-որ անիմաստ տառերի կույտով հանդերձավորել զգացածդ։ Դու կանգնած ես քո՝ երբևէ չբարձրաձայնած խոսքերի առջև այնպես, ինչպես մեղադրյալը կկանգներ սեփական դատավճիռը լսելու։

«Չհանդուրժե՛ս, չպայքարե՛ս, չխոսե՛ս….»

Ու դատարկվեց, հետո նորից լցվեց ու ծանրությունից պայթեց. ցավոտ էր, բայց ոչ անտանելի, անտանելին հավատալն ու գիտակցելն էր։

Գորշագույնը դարձավ երանգոտ այն ժամանակ, երբ սերը հորինվեց։ Դա մեկն էր այն հորինված արժեքներից, որ ծնվում ու մեռնում են միաժամանակ։

Լռությունը աղմկում էր, նա լսելի չէր, նրան միայն ես էի լսում։ Խամաճիկները դուրս եկան պայքարի, նրանք տեր ունեին, բայց անտեր էին, խոսում էին, բայց լեզու չունեին, հեկեկում էին, բայց հոգի չունեին, սիրում էին, բայց…. Չկար։

Երանգոտը նորից դարձավ գորշագույն, երբ չսերը խոսեց։ Քեզ հարազատ այն խաչմերուկը հիմա ուրվատեսիլներով է լցված, նրանք սնվում են քո վախերով ու հիասթափություններով. նրանք շատ են… Շա՜տ-շատ։ Հոգի չունեն, սիրտ չունեն, դատարկ են, բայց խամաճիկների պես դժբախտ չեն։ Խամաճիկները փորձեցին սիրել, բայց չսերը խոսեց։ Ու կյանքի ներկապնակից հեռացավ կապույտը, հետո՝ դեղինը, հետո՝ կարմիրը… Մնաց միայն գորշագույնը, որ չսերը երգի։ Քո սիրելի մեղեդու նոտաները հիմա գորշ ակորդներ են, որ դու կլսես, երբ պոկվեն մաշված կիթառիդ վերջին լարերը։

Գնացքի վերջին ուղևորը միշտ ամենատխուրն է լինում։ Նա անհանգիստ է, մռայլ է, որովհետև ուշանում է։ Գնացքը մեծ թափով առաջ է սլանում՝ հետևում թողնելով հսկա տարածության մառախլապատ տեսարանը։ Մառախուղի միջից երկու ձեռքեր գրկում են գնացքը՝ փորձելով պատուհանից ներս սողոսկել։ Դու նրանց չնայե՛ս. քո հետևից են եկել։ Կիսախավար, կիսակեղտոտ միջանցքում լսում ես քո շնչառության ձայնը, որը խառնվելով հեռվում լսվող  ոտնաձայներին, ստիպում է քեզ ափերովդ պինդ փակել բերանդ և… Եվ լսել։ Լռիր, որովհետև լռելը գեղեցիկ է, արժանապատիվ է ու արդար է։

Երբ անձրևի, պատուհանից չնայես. դու սենտիմենտալ չես։ Կլռես։

Գորշագույնը դարձավ անգույն, երբ դավաճանված ազնվությունը բախվեց ուղիղ դիմացդ ու չարախինդ հեգնանքով հիշեցրեց քո անհասկանալի հավատարմությունը։

Չհիասթափվե՛ս, որովհետև չսերը կա։

Գտիր նրան, բայց արագ կորցրու….

հատված գոյություն չունեցող գրքի 25-րդ էջից

nare barsexyan

Թափթփված մտքեր

Թափթփված մտքեր, շփոթված հայացք,

Կիսամութ ժպիտ, խավարոտ նայվածք։

Հետո պատուհան, վրան` կաթիլներ,

Հետո ձյուն եկավ, դարձան փաթիլներ։

 

Աշունը անցավ, ձմեռն էլ իր հետ,

Փաթիլը տարավ ու կորավ անհետ։

Փաթիլը դու էիր, իսկ կաթիլը՝ ես,

Չքացար դու, չքացա և ես։

 

Փոթորկի մեջ մեկ կաթիլ, մեկ ձյուն,

Մութ աշխարհի մեջ իրար չէին գտնում։

Հետո չքացան անգույն օդի մեջ,

Ոչ ոք չտեսավ նրանց լույսի մեջ։

 

Sabina Davtyan

Նամակ նրան, ով երբեք չի կարդա այն

Նամակ գրել երբեք չեմ սիրել, որովհետև երկար ժամանակ էր միշտ խլում թղթին հանձնել իմ խառնված մտքերը, կորցրած ժամանակս ու զգացմունքներս… Երբ վերջացնում էի գրել նամակներս արդեն շատ ուշ էր լինում, բայց ոչ ժամի առումով, այլ ժամանակի… Կյանքումս ուշացել եմ երեք անգամ, բայց սիրել եմ նաև երեք անգամ… Առաջինը պապիկս էր, ում բարի աչքերը մինչև հիմա դաջվել են հիշողությանս մեջ, ով միշտ ուշադիր էր իմ հանդեպ ու հետս հավասար մուլտֆիլմեր էր նայում… Նրան նամակ չգրեցի, քանի որ այդ ժամանակ տառերը նոր էի սովորում ու փոքրիկ ես-իս անծանոթ էր մահ բառը: Միգուցե գրել գիտեի, բայց իմաստը` ոչ…

Երկրորդը, ում համար կամ պատճառով սիրում էի բժշկության հետ կապված ամեն ինչ՝ խալաթից մինչև հիվանդանոցի սպիտակ պատերը, իսկ երբ նա էլ չկար, այդ օրվանից ատում եմ սպիտակ խալաթը, հիվանդանոցի հոտն ու ճնշող պատերը… Տատ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց, անգամ հրաժեշտ չհասցրեցի ու չկարողացա տալ… Տատ, ախր այդ սպիտակ խալաթը միայն քեզ էր սազում… Կներես, որ քեզ էլ նամակ չգրեցի, իսկ հիմա նամակներս լիքն են, իսկ երկինք ուղարկել ցավոք չեմ կարող…

Երրորդը ու վերջինը, նա էր, ում առաջ անգամ մահն էր անզոր, բայց ոչ հիմար մարդիկ ու կարծրատիպերը: Ծիծաղելի է, չէ՞, որ սկսում ես մեղադրել ինքդ քեզ՝ բոլորին նման չլինելու մեջ, բայց չես կարողանում մեղադրել մի մարդու, ով չկարողացավ սիրել իսկական եսդ, որը հագուստիդ ու դաջվածքներիդ հետ ընդհանրապես նման չէ, բայց կարողացավ թողնել քեզ, այնքան հեշտ, ինչքան իր սիրելի ծխախոտի գլանակ վառելը, որն ընդամենը խլում է վայրկյաններ… Հ.Գ.Գրում եմ այս նամակը, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան լիքն է սիրով, մեծ սիրով… Կարդան ու հավատան, որ կան կամ եղել են մարդիկ, ովքեր գիտեն սիրել, մինչև վերջ սիրել…

«Բարև, սիրելիս, ինչպե՞ս ես: Գրում եմ քեզ՝ շատ լավ իմանալով, որ երբեք էլ չես կարդա նամակս: Երկար ժամանակ է անցել, ինչ մենք հեռու ենք իրարից, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, բայց այսօր դու վերադարձել ես Հայրենիք, բայց ոչ ինձ մոտ: Ապրում ենք այսքան իրար մոտ, բայց լինելով իրարից շատ հեռու… Ամիսները գլորվում են, իսկ ես ամեն մանրուք դեռ հիշում եմ: Վստահ եմ՝ դու նույնպես: Հիշու՞մ ես, թե ինչպես ծանոթացանք, բայց, երևի, դա էլ կարևոր չի: Էլ երևի ոչինչ կարևոր չի: Հիշում եմ, երբ առաջին անգամ քեզ տեսա, հասկացա, որ մենք ոչ մի ընդհանուր բան չունենք ու երբեք էլ չենք ունենա, բայց ինչպես ասում են. «Երբեք մի ասա «երբեք»… Իսկ հետո, երբ սկսեցինք մտերմանալ, ապշեցինք, որ այդքան նմանություններ ունենք: Գիտեմ՝ սկսեցիր ինձ մեջ քեզ տեսնել. դա քեզ համար նորություն էր, երբ մեկ այլ ուրիշի մեջ տեսար այդքան նմանություններ քեզ հետ՝ բնավորության գծեր, մտածելակերպ, նույն գաղափարները, նույն համոզմունքները ու սառը դատելու կարողությունը: Հիշու՞մ ես, թե ինչպես էիր ինձ առաջին անգամ համոզում, որ քո սիրած ավտոմեքենայից այն կողմ ուրիշ ավտոմեքենաներ աչքիդ չեն երևում, ու հետագայում ես էլ քո նման սկսեցի միայն այդ ավտոմեքենաները նկատել, տեսնել ու սիրել: Ընկերներս վախենում էին իմ նոր ես-ից, քանի որ էլ ավելի գնալով նմանվում էի քեզ: Լսում էի այն երգերը, որոնք դու էիր սիրում, անգամ սկսել էի ֆուտբոլ նայել ու սիրել նույն թիմերը, որոնք դու: Մենք կոտրել էինք սահմանները, անցել դրանց վրայով, կոտրել էինք կարծրատիպերը, որոնք փաթաթված էին մեր վզին: Հիշում եմ, երբ սկսեցինք էլ ավելի մտերմանալ, սկսեցիր պատերազմից խոսել, ապրումներիցդ, պայքարիցդ հենց այդ պահին հասկացա, որ կյանքումս առաջին անգամ ինձանից էլ ավելի կամքով ուժեղ մարդու եմ հանդիպել, ով 44 օր պայքարեց Հայրենիքի համար ու գրեթե երեք ամիս սիրո: Հիշում եմ, երբ առաջին անգամ ինձ ծաղիկներ նվիրեցիր, այնքան ծիծաղելի էիր, որովհետև կյանքում ոչ ոքի ծաղիկ չէիր նվիրել, ու անսովոր էր քեզ համար: Չգիտեիր, թե ինչը ոնց անել, ինչ խոսել, ինչպես շարժվել… Այսօրվա նման հիշում եմ, թե ինչպես էիր վարդերը պահել մեջքիդ ետևում, իսկ երբ մոտեցա քեզ, միանգամից շփոթված, կողքերդ նայելով, ծաղիկները տվեցիր ձեռքս:

Հիշու՞մ ես, երբ հեռանում էիր, խոստացար, որ երբ օդանավդ րոպե շուտ իջնի, վազելով կգաս ինձ մոտ, որ անգամ մի րոպե չկորցնես ու րոպե շուտ գրկես ինձ… Մենք խոստացել էինք, որ հանդիպելու ենք կրկին: Հանդիպելու էինք, որ քննարկեինք մեր ապագան, ծրագրերը, նպատակները, ապրումները, հույզերը, իսկ ես հիմա այս ամենը հանձնելու եմ ընթերցողների դատին… Հա, շատ բան էինք խոստացել, որոնք ուղղակի մնացին մեր կոկորդին ու օր օրի էլ ավելի են խեղդում, բայց դա ոչ քեզ է հուզում ու ոչ էլ ինձ: Մարդկանց շնորհիվ կամ մեր բախտի, մենք չկարողացանք սիրել իրար առանց քմահաճույքների, առանց խարդախությունների, նախանձի, ստի… Չսիրեցինք իրար ամենամարդկային, ամենամեծ սիրով, վշտացրեցինք իրար, բայց չվշտացանք երկուսով ու չփարատեցինք մեկս մյուսի վիշտը, փոխարենը ընտրեցինք միմյանց տանջել, տխրեցնել, կասկածների մեջ գցելը: Չկարողացանք խելացի լինել մեր սիրո մեջ և մի կողմ չթողեցինք գոռոզությունը, ինքնասիրությունը, սկզբունքները, խարդախությունները, միջադեպերը, վշտերը, տխրությունը, որոնք ոչ թե անզոր էիր մեր սիրո դիմաց, այլ սերն էր անզոր այդ ամենի դիմաց:

Ներիր ինձ, իմ լա՜ վ, իմ թա՜ նկ, իմ չգիտեմ` ինչքա՜ ն լավ: Ներիր, որ հավատացել եմ քեզ, մեզ…

Lali Manukyan

Պայքարել, հավատալ, հասնել

Ես հայ եմ, ծնվել և մեծացել եմ Վրաստանում, Ջավախքում։ Չնայած այն բանին, որ ապրում եմ այստեղ՝ Հայաստան աշխարհը միշտ իմ սրտի մի անկյունում եղել է, կա ու կմնա։

Այս աշխարհում ես իմ տեղը գտել եմ արվեստում։ Առավելագույնը նվիրվել եմ արվեստին, սիրում և զբաղվում եմ նկարչությանբ։

Ունեմ երազանք, որին արդեն հասել եմ կիսով չափ, իսկ մնացածը ժամանակի հարց է։ Փոքր հասակից նկարել եմ մինչև այսօր, ու հպարտ եմ, որ Աստված շնորհել է նման տաղանդ, որի համար ամբողջ կյանքս պետք է երախտապարտ լինեմ։ Ես չեմ սիրում մեծամտանալ ու ինձ բարձր դասել մյուսներից, չեմ սիրում խոսքով ապացուցել,  որովհետև ամեն անգամ այնպես է ստացվում, որ գործով եմ ապացուցում իմ ամեն քայլը, ու զգում եմ, որ կյանքը ինձ ամեն անգամ ստիպում է հավատալ, պայքարել ու հասնել անհնարինին։ Նկարում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ու այն, ինչ ինձ դուր է գալիս, սիրում եմ իմը ստեղծել, հորինել, առանձնապես ակտիվ եմ նման գործերում։

«Արվեստը զգում եմ, ոչ թե հասկանում»

Աշխա՜րհ անցի՝ր,

Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա,

Ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Մոտ մեկ ամիս առաջ ընդունվեցի Հայաստանի պետական Մանկավարժական համալսարան, որի համար շատ պայքարեցի, ուզում եմ գեղարվեստական կրթություն ստանալ, և ուզում եմ, որ մեր նոր սերունդը չանտեսի արվեստը, ես չեմ ուզում ինչ-որ բան հստակեցնել, բայց ես սովորել եմ մի հաստատությունում, որտեղ արվեստը բացարձակապես անտեսված է եղել։ Ես այսքան տարի սովորելու հետ մեկտեղ մի բան եմ թաքցրել մտքումս, որ պետք է ապագայում անեմ այն, ինչ ես չեմ տեսել, ուզում եմ այն գեղարվեստական կրթությունը, որը ես չեմ ստացել, փոխանցել ապագայում նոր սերնդին։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ընդունվեցի Վրաստանի՝ Իլիայի պետական համալսարան, սակայն չեմ ցանկանում ուսումս այստեղ շարունակել, դա իմ իրավունքն է, պարզապես ծնողներիս խնդրանքով ընդունվեցի, ու շրջապատիս էլ ապացուցեցի, որ ես կարող եմ։

Այսօր ինքս հասել եմ ամենակարևորին, ճիշտ է, մի փոքր դժվարությամբ, բայց հասել եմ, իսկ հիմա շարժվում եմ դեպի երազանքս։ Ուզում եմ խորհուրդ տալ հասակակիցներիս, արեք այն, ինչը ձեզ հոգեհարազատ է, արեք այնպես, ինչպես ձեր սիրտն է ձեզ թելադրում, միշտ լսեք բոլորի կարծիքները, բայց ուղղորդվեք ձեր կարծիքով։ Դժվարությունները կգան ու կգնան, պարզապես պետք է պայքարել, դա ես իմ փորձից եմ ասում։ Ինձ համար երեք ուղղություն կա այս կյանքում

1. Պայքարել,

2. Հավատալ,

3. Հասնել:

Ես իմ երազանքն եմ համարում կայանալը որպես մարդ, կրթվելը` որպես որակյալ մասնագետ:

Խոստացել եմ դառնալ լավ մասնագետ ու նոր սերնդին փոխանցել արվեստը, որը ինձ այդպես էլ ոչ ոք չփոխանցեց։

Lilia Gevorgyan

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՔՇՈՒՄ, ՏԱՆՈՒՄ ԵՆ

Բոլոր ժամանակներում ճանապարհները մեզ քշում, տանում են։ Կամ քշում են ու սիրուն տեղավորում մի քարի տակ, կամ էլ էնպես են շպրտում, որ կորացած մեջքով թույլ փռվելու տեղ էլ չենք գտնում։ Ես սիրում եմ այդ քշել, տանելու ընթացքը։ Մի տեսակ ապրածովդ թոթափվելու շանս են տալիս, որ քերծվես, բայց քամին արյունդ չմաքրի, որ մաքրվես, բայց առանց ջրոտ իրականությունների, որ ապրես ու շա՜տ ուղղակի։

Ճանապարհները մեզ թալանում են ամենամեծ անխղճությամբ ու մեկուսի թողնում։ Մի լավ թափ են տալիս, կրծում են, հետո իբրև կշտանում։ Կշտանալուց հետո նախկին ախորժանքդ չեն նշանավորում կարմիր գրիչով։ Առաջինը լեզուդ են կտրում, հետո եսդ, որ չգա մի պահ, ու մտածես, թե դու ինչ-որ պահի երկրավոր ես եղել։ Միայն կրծելու ժամանակ մենք անլեզու ենք լինում ու նման դեպքերում ներսային ամենատաք ուժերով օժտված չենք լինում, որ ասենք, իրենց կրծած հատվածը դառնահամ է ու անկորիզ։ Ճանապարհները մեզ չեն տեսնում այնպիսին, ինչպիսին մենք ենք սրտի ու հոգու խառնության մեջ, ու դա երևի նրանց ամենավատ սովորույթն է։

Բոլոր տարիներին ու բոլոր քաղաքների կապման հարսանիքներում, ճանապարհները հիշելու նուրբ հակում ունեն։ Իրենք գիտեն առանձնացնել ըստ արժեքների ու աղյուսակ կազմել՝ առաջնայինից մինչև ծպտյալ անկարևորներ։ Իրենք չեն հիշում մեքենաների համարները, կամ թե ինչ մակնիշով են ծնվել ժամանակին։ Իրենք հիշում են գույնը՝ մարդկանց, աչքերի, պահերի։ Իրենք լռում ու սիրահարվում են, ու իրենց մեջ ազգային հավելումներ չկան։ Իրենք սիրահարվում են րոպեում տասն անգամ ու չեն թքում իրենց երեսին։ Բոլոր դեպքերում ատում եմ դրանց ազդեցությունն ու խղճում դրանց կրողներին։ Իրենք հիշում են և ուզում են, որ մի պտղունցի չափով իրենք էլ հիշվող լինեն։

Մեկ է, եթե սուտ չլինեմ ու սուտ չհամարեմ աշխարհին, ուրեմն ամենից շատ իսկապես սիրում եմ այն քշել, տանելու ընթացքը։ Տանում են ու առանց հարցերի, առանց կամքիդ մակերեսը հասկանալու։ Տանում են, ու կարևորը, սրտով։ Ոչ հարցնում են` ոտքերդ ցավում են ու ոչ էլ հարցնում, թե սովդ ինչքան կպահես։ Շաղ են տալիս իրենց շալակներին ու փողոցի փոշին որպես ընթրիք հրամցնում շրթաճաքիդ։

Օրեր առաջ ճանապարհները քշել ու ջրախում ալիքների մեջ էին տաքացրել մարմինս։ Ես գոհ էի, սիրտս էլ էր գոհ, ներսս էլ։ Հովացա ու պինդ արյունով կրծվեցի։ Փոշին կերել էի, ջուրն էլ խմեցի։ Կարևորը, որ դառնահամ ես չզգացի։

Մեկ-մեկ անլեզու լինելդ պիտի մոռանաս ու շարժումներով հասկացնես, որ ծարավ ես, ու մի բռաչափ փոշին էլ քեզ բավարար է։

Ամեն դեպքում, ճանապարհները քշում, տանում են, ու միայն բախտդ գիտի, թե ուր։