janna sargsyan lori

Հասարակության մի մասը

Դու պիտի ապրես հասարակության կարծիքը հաշվի առնելով։

Դու հասարակության մի մասն ես ու դու ավտոմատ դառնում ես իրենցից մեկը, էս հասարակությունը կխառնվի քո կյանքին, քո անձնականին, քո գործերին, քո կյանքը կդասավորի, դեռ փոքր տարիքից կորոշի, թե դու ով ես դառնալու, ինչ գործով ես զբաղվելու, կքննարկի քո կյանքը ու իր «ստացված» կյանքից քեզ լիքը խորհուրդներ կտա։

Բա ինչի՞ չես ամուսնանում։

Ընկեր չունե՞ս, հավանած տղա չունե՞ս, որ ասում էի՝ էդքան գիրք մի կարդա, լրիվ գիրք կրծող ես դարձել։

Շպարվիր, մազերդ սարքիր, եղունգներդ երկարացրու, շատ նկարվիր, նկարներդ խմբագրիր, տեղադրիր ֆեյսբուքում ու ինստագրամում։

Ընկեր ունե՞ս, ո՞վ ա, ի՞նչ ա աշխատում, համաստեղությամբ ի՞նչ ա, վա՜յ, ձեր նշանները իրար չեն բռնում:

Նշանվեցի՞ր, բա ե՞րբ եք ամուսնանում, նայի՝ շատ չերկարացնես, կսառեք իրար հանդեպ։

Ամուսնացա՞ք, բա ե՞րբ եք երեխա ունենալու, կարո՞ղ ա՝ խնդիրներ ունես։ Ինչքան հնարավոր ա շուտ երեխա ունեցեք, երեխան ավելի շատ կկապի ձեզ։

Առաջնեկին ունե՞ք, մտածեք երկրորդն ունենալու մասին։
Բա ինչի՞ երկրորդը չեք ունենում։ Երեխան պիտի քուր-ախպեր ունենա։

Երկու երեխա ունե՞ս, սոցիալական խնդիրներ ունե՞ս։ Քեզ ո՞վ էր ասում էդքան շատ ունենայիր։

Ընտանեկան խնդիրնե՞ր ունես։ Ոչինչ, կանցնի, չբողոքես, չգոռաս՝ ամոթ ա, ի՞նչ կմտածեն հարևանները։

Չի թողնո՞ւմ աշխատես, ոչինչ, կնոջ գործը ճաշ եփելն ա։

Խփում ա, ոչինչ, հաստատ շատ սիրելուց ա, դիմացիր, կուլ տուր ամեն ինչ, ուշադրության պակասից մի բողոքիր, կարևորը՝ մարտի 8-ին ծաղիկներ նվիրում ա։

Ապրիր կյանքդ կործանելով, ապրիր բոլորի կյանքով, անտեսելով քո ես-ը։

Էսպես լինելու է միշտ, էսպիսի մտածելակերպով դաստիարակվելու են իրենց երեխաները, երեխաների երեխաները։ Դու դո՛ւրս արի էս հասարակությունից, մնա մենակ, բայց դո՛ւրս արի սահմանված կարգից, ապրիր քո կյանքով, սխալվիր, հետո՝ ուղղիր սխալդ, դժվար օրեր ապրիր, բայց մի փորձիր նմանվել նրանց ու մի դարձիր էս հասարակության մի մասը։

 

mariam tonoyan

Մի փունջ մանկության հուշեր. Մարիամից Մարիամին

Փոքրիկ, նիհար, մեծ ու արտահայտիչ կանաչ աչքերով, կարճ մազերով, մեղավորի նման հոնքերը վեր բարձրացրած, անմեղ, մանկական հայացքով… Այս տեսքն ուներ իմ վաղ մանկության հետաքրքրությունը՝ մի սիրունիկ, ամաչկոտ աղջիկ՝ Մարիամը։

Ես չեմ հիշում մեր առաջին հանդիպումը, ինձ թվում է, որ դա ինչ-որ անհիշելի, նախապատմական ժամանակներում է կատարվել։ Բայց իմ միամիտ ընկերուհին պնդում է, որ ես հազիվ մի քանի օրական կլինեի, երբ իր մայրիկի հետ, որպես ամենակրտսեր հարևան, եկել է ինձ՝ նորածնիս տեսնելու։ Երևի այդ օրվանից Մարիամը դարձավ իմ ուղեկիցը, ով անգամ եթե իր ճանապարհը շեղեր, ինձ միշտ դեպի շիտակ ճամփան էր հրելու։ Մարիամը դարձավ այն մարդկանցից մեկը, ով կկարողանար հիշեցնել ինձ իմ ապրած որևէ դրվագ, որը չափազանց փոքր լինելուս պատճառով չէի մտապահի։ Նա եղավ իմ այն խորհրդատուն, ով միշտ իմանալով, թե մայրիկս ինչ խորհուրդ կտար տվյալ իրավիճակում, նույն բանն էր ասում, նույնիսկ երբ ինքը բնավ էլ այդ կարծիքին չէր։ Դարձավ այն մեկը, ով, այնուամենայնիվ, պատրաստ էր լսել բողոքներս նույնիսկ գիշերվա կեսին՝ իր ծանրաբեռնված օրվանից հետո քուն երազելով։ Նա, ով ինձ համար ժպտալ, ծիծաղել ու ուրախանալ կարողացավ։

Ես այդպես էլ չսովորեցի նրա տարիքը, որովհետև երբեք չեմ զգացել, որ նա ինձնից մեծ է։ Մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր…

Ամեն քայլափոխիս ես ինչ-որ բան եմ սովորել նրանից։ Բայց դա միայն հիմա եմ հասկանում։

Մայրս պատմում է, որ փոքր տարիքում շատ աշխույժ երեխա եմ եղել, թմբլիկ՝ Գնդլիկ-բոքոնիկի պես, անընդհատ հարցեր տվող ու չափազանց շատախոս։ Բոլորին առաջարկել եմ լսել, թե ինչպես եմ արտասանում, երգում՝ գլուխս ինքնագոհ վերուվար անելով. «Վար-դա-գույն վա՜ր-դեր…», կամ թե ինչպես եմ հաշվում ու մի քանի բան ասում՝ անգլերեն, ռուսերեն…

Ի տարբերություն ինձ՝ Մարիամը միշտ լռակյաց էր։ Չէ, իմ հետ՝ երբեք։ Նրա դատող ու վերլուծող աչուկները շատ բան էին քաղում աշխարհից, բայց ոչ բոլորին էր հաղորդակից դարձնում իր աշխարհին։ Միայն, երբ մեր սիրած վայրերից մեկում՝ սեղանի տակ կամ իրենց հացատանը լավաշ կռթկռթացնելիս էինք լինում, նա պատմում էր ինձ իր վերլուծությունների, բացահայտումների ու մտադրությունների մասին։

-Մարիամիկ, մամադ տա՞նն է,- նրան հարցնում էր մայրս։

Մարիամն իր մեծ աչքերը էլ ավելի լայն բացած ու առանց ծպտուն հանելու բացասական տարուբերում էր գլուխը։ Մայրս ստիպված էր անվերջ հարցեր տալ՝ իր հարցի պատասխանը գլխի մի շարժումից գուշակելու համար։ Իսկ եթե դա էլ չստացվեր, ականջիս փսփսացող, ամաչկոտ Մարիամի միակ թարգմանիչը ես էի (երևի դեռևս այդ ժամանակվանից եմ հասկացել, որ արժի թարգմանչուհի դառնալ):

Ժամանակի ընթացքում դերերով փոխվեցինք՝ նա դարձավ մեր միջի ճարպիկն ու թիթիզը, ես՝ լռակյացն ու հանգիստը։ Մանկական իր վարքագծով անգիտակցաբար նա ինձ սովորեցրեց լռել։ Սովորեցրեց, որ պետք չէ աղաղակել ու ցույց տալ ամենն, ինչ ունես, անգամ երբ երգել ու հաշվել գիտես։ Պետք էր լռել, լսել, դիտարկել, հասկանալ և արտահայտվել միայն այն ժամանակ, երբ քե՛զ են լսել ուզում։

Մեր հորինած յուրաքանչյուր խաղի մեջ խրատ կար, որ խաղով միայն երեխան կարող էր արտահայտել։ Գնդակը դնում էինք ճանապարհի մեջտեղում, իսկ մենք թաքնվում դարպասի հետևում՝ դռան արանքից ժամերով լուռ ու ուշադիր հետևելով ճանապարհին։ Մարդկանց ազնվությունն էինք ստուգում։ Եթե մեկը գար, վերցներ գնդակը, որ իրեն չէր պատկանում ու գնար, մենք դուրս կգայինք թաքստոցից ու մի լավ ամոթանք ու քարոզ կկարդայինք նրա գլխին։ Բայց գյուղը բնավ էլ մարդաշատ չէր ու անցուդարձն այնքան քիչ էր, որ մի քանի ժամ իզուր անցկացնելուց հետո լսում էինք Մարիամի մայրիկի ձայնը, որ հուշում էր, թե տուն գնալու ժամանակն է։

Մի անգամ «Տունտունիկ» խաղի ժամանակ, երբ ըստ մեր նախօրոք մտածած սցենարի՝ չար տանտիկնոջ դեր խաղալով՝ ընկերուհիս պետք է հրեր ինձ, նա իր դերն այնպես հմտորեն խաղաց, որ հաջորդ ակնթարթին ես գետնից ուրախ-ուրախ վեր ելա, ձեռքս տարա գլխիս ու, մատներիս վրա արյուն նկատելով, ամբողջ կոկորդով սկսեցի գոռալ, չնայած բնավ էլ չէր ցավում։ Մինչ տնեցիք վախեցած կհասնեին, սառը թրջոց կդնեին, Մարիամն արդեն ծլկել էր։

Գլխիս վրա մի բրնձաչափ սպի ինձ հիշեցնում է այդ օրվա մասին, ու երբ մտահոգ ինչ-որ բան մտածելիս ձեռքս գլխիս եմ տանում, ու մատներս ակամա սպիին են հանդիպում, հիշում եմ այդ օրն ու տրամադրությունս տեղն է ընկնում։

Առհասարակ, Մարիամի լավագույն ընկերուհի լինելը հեշտ չէր տրված։ Ստիպված էի թաղում հանդուրժել շատ երեխաների, ովքեր խաղում էին նրա հետ՝ առանց մտքերով իսկ անցկացնելու, որ իմ միշտ դժգոհ (մունաթ) դեմքի պատճառը, խաղերին չմասնակցելու ու կամակորություններիս պատճառը իմ վախն է, որ ընկերուհիս հանկարծ նրանց ինձնից շատ կսիրի։ Բայց երբ բակային խաղերն ավարտվում էին ու բոլորի տուն գնալուց հետո Մարիամը ինձ իրենց տուն էր կանչում օրվա մնացած մասն էլ միասին անցկացնելու, ես մեղքիս թաքուն գիտակցումով էլի հասկանում էի ու սովորում, որ եթե նա ընկերս է, ուրեմն ընկերս է ոչ թե մեկ-երկու օրով, այլ այնքան ժամանակ, քանի դեռ մեր մտքերը մանկական, պարզ ու անդավաճան են միմյանց, քանի դեռ Նոր տարվա նախօրեին կհանդգնեինք միասին կտրտել ու փչացնել ամանորյա թխվածքը՝ մեր ուզած զարդարանքը տալով, քանի դեռ դու ինձ չնեղացնելու համար կհամաձայնեիր համտեսել իմ պատրաստած ավազե տորթը, քանի դեռ մի շիշ ջուրը օղի պատկերացնելով կուլ կտայինք ու հարբած կերգերինք. «Հայաստանի անո՜ւշ արաղը …», քանի դեռ մեռ հեռախոսակապը ժամեր շարունակ զբաղված կլիներ, մինչև կավարտեինք մեր տարօրինակ խաղերից մեկը, քանի դեռ հարցնողին կխաբեինք, թե հարազատ քույրեր ենք, քանի դեռ անգամ տասնյակ կիլոմետրեր հեռու ապրիլմեկյան դաժան կատակով կնյարդայնացնեինք իրար, քանի դեռ մեզ իրար հետ կապում են հիշողությունները…

Հ.Գ. Մարիա՜մ, կարոտել եմ քեզ, այ անջիգյար…

margarita ghazaryan

Թեթև տար

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է, և կանգնած ենք անդունդի եզրին: Եվ իրականում շատ հաճախ դա միայն թվում է մեզ: Անցնում է ժամանակ, և հետ նայելով հասկանում ես՝ դա այնքան փոքր խնդիր է եղել, որ անգամ անիմաստ և ծիծաղելի է թվում այն ժամանակը, որը կորցրել ես անհիմն մտորումների, կասկածների և վախերի վրա: Շատ հաճախ հենց մենք ենք մեր խնդիրները, հոգսերն ու վախերը բարդացնում և վերածում կատարյալ քաոսի: Բայց ինչո՞ւ: Երևի թե պատճառը այն է, որ հաճախ բախվելով որևէ խոչընդոտի՝ մոռանում ենք խնդիրները ռեալ դատելու և վերլուծելու մեր կարողության մասին, սակայն դա հենց այն է, ինչը մեզ պետք է ցանկացած պարագայում: Մենք սովոր ենք ինքներս բարդացնել մեր խնդիրները (իհարկե, ոչ բոլոր) և հետո դժգոհել ամեն ինչից՝ կյանքից, ճակատագրից, մարդկանցից, հանգամանքներից: Ըստ իս՝ ավելի հեշտ և ճիշտ ապրելու համար մենք պետք է հասնենք գիտակցության այն մակարդակին, երբ մեր կյանքում կատարվող բոլոր իրադարձությունները կհամարենք բնական և կմտածենք, որ հենց այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ այսօրվա շատ խնդիրներ մեզ կօգնեն վաղվա խնդիրները ավելի հեշտ հաղթահարել: Կարելի է ասել, որ իմունիտետ ենք ձեռք բերում և սկսում այլ կերպ մոտենալ մեր խնդիրներին:

Եթե չենք կարողանում փոխել իրավիճակը, ապա պետք է փոխենք իրավիճակի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը: Կյանքն իրականում այնպիսին է, ինչպիսին մենք ենք ընդունում այն: Այդպիսին են նաև մեր խնդիրները: Եթե կարողանանք ինքներս մեզ պարտադրել, որ այդ խնդիրը պետք է բաց թողնենք և պարզապես ազատվենք դրանից, ապա այդ խնդիրը կդադարի մեզ անհանգստացնել: Իհարկե, կան այնպիսի դեպքեր, երբ իսկապես հայտնվում ենք անելանելի դրության մեջ և հետդարձի ճանապարհ չկա: Պետք է սովորենք միշտ առաջ քայլել, ժպիտով հաղթարել բոլոր խոչընդոտները և գլուխը միշտ բարձր պահել: Մենք երկու տարբերակ ունենք. կա՛մ թույլ տալ, որ կյանքը մեզ փոխի, կա՛մ ինքներս փոխել մեր կյանքը: Ընտրությունը մերն է:

Mariam Yavrumyan

Քո մասին

Ու ես անգիր գիտեմ բոլոր այն տողերը, որոնք քո մասին եմ գրել։ Գիտե՞ս՝ շատ եմ գրում, ու նորմալ է, որ գրածս ցանկացած բառը չհիշեմ, բայց երբ խոսքը քո մասին է, բառերը առանց իրար հերթ տալու են շարվում, էնպես եմ հիշում ցանկացած տառ, որ քո մասին է, ասես ծնվել եմ` արդեն սովորած դրանք։

Քո մասին գրելիս գրիչս շատախոսում է, չեմ կարողանում լռեցնել։ Ուզում է, որ իմանամ, որ ամեն ինչից հետո էլ, միևնույնն է, Տերյանի բոլոր բանաստեղծություններն էլի ու էլի քեզ եմ նվիրելու ու կարդալիս միայն քո մասին եմ մտածելու:

Բայց դու բան չես հասկանում: Կամ ձևացնում ես, թե չես հասկանում։ Եղանակից ենք խոսում, բարեկամի երեխաներից, բայց երբեք ոչ սիրուց ու ծաղկից: Դու երբեք չես հարցնում, թե ինչպես անցավ օրս, որ ես ոգևորված պատմեմ ամեն դետալ: Պատմեմ, թե ոնց սերիալի գլխավոր հերոսը սերիական մարդասպան դուրս եկավ, թե ոնց սուրճն էլի թափեցի, ու թե ոնց էի էդ ամենի ընթացքում էլի ու էլի քո մասին մտածում: Չնայած՝ մենք գիտենք, որ վերջին մասը հաստատ չեմ ասելու: Դա մեր սցենարում հաստատ չկա:

Հետո դու փոշմանելու ես մեր վատ գրված սցենարի համար։ Իսկ ես էդպես էլ չեմ ասելու իմ զգացմունքների մասին, իսկ դու երբեք էլ չես սովորելու դրանք կարդալ աչքերից:

dayana amirkhanyan

Այս օրերի մարտիկները

Այս գործընթացը եղել է միշտ, բայց այս օրերին այն առավել քան նշանակալից է։

Եթե բժիշկները կատարում եմ առաքինի, անձնվեր և անգնահատելի աշխատանք` բուժելով քաղաքացիներին և նրանց  կողքին լինելով, չխնայելով իրենց հանգիստն ու կյանքը, որը մեր հայրենիքի ապահովության և կայունության երաշխիքն է, ապա ուսուցիչները կատարում են մի աշխատանք, որն ինչ-որ չափով անտեսանելի է, սակայն անձնվեր է։ Այս դժվարին պահին հեռավար կրթությունը Հայաստանի դպրոցների համար մի մեծ ու կարևոր մարտահրավեր է, որը կարծես թե պատվով գնում է դեպի հաղթանակ:

Այլևս դպրոցական չեմ, բայց մեծ հաճույքով հետևում եմ քրոջս հեռավար դասերին: Սովորականի պես անում են ամեն դաս:  Երբեմն եղել են խոչընդոտներ՝ հաքերների տեսքով, որոնք մուտք էին գործում ZOOM ծրագիր և խանգարում դասը (միգուցե սա շատերի համար ինչ-որ չափով նաև հոգեբանական ճնշում էր` վախի տեսքով): Դասերը սկսվ

ում են ոչ թե 09:00-ին, այլ 10:30-ին: Զարմանալին այն է, որ դասերի ծավալն այժմ ավելին է, քան երբևէ: Նկատել եմ նաև, որ քույրս և հուսով եմ նաև բոլոր աշակերտները ազնիվ են և դասը պատասխանելիս չեն կարդում և չեն օգտվում համակարգչից կամ այլ օգնող միջոցներից: Սա ևս լավ հնարավորություն է բացահայտելու մեզ, առաջին հերթին՝ ինքներս մեր հանդեպ ունցած ազնվությունը:

Չնայած իմ դասերը, ինչպես և առաջ, վաղ առավոտյան չեն սկսվում, սակայն արթնանալն ավելի դժվար է, քան այն դեպքում, երբ ավելի շուտ էի արթնանում, որպեսզի հասցնեմ ամեն բան մինչ տնից դուրս գալը, և նաև հաշվի առնեմ խցանումները: Երբևէ չեմ վախեցնել խոսելուց, պատասխանելուց, կարծիք արտահայտելուց, իսկ այժմ… Աննկարագրելի վախ կա: Մտածում եմ՝ միգուցե ձայնս լավ չի լսվի, միգուցե այսպես հասկանալի չեմ բացատրի, միգուցե կապը կընդհատվի (մտածում էի գոնե դասերի վերջին շաբաթը կլինեմ համալսարանում և ավելի հանգիստ ու սիրով կգնամ դասի, բայց 2-րդ արտակարգ դրությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի ես առաջին համալսարանական տարին ավարտեմ առցանց տարբերակով):

Իրապես, ուսուցիչներն ու դասախոսները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի դասը նմանվի իրական դասարանում կամ լսարանում անցկացված դասի: Սա շատ դժվարին պայքար է, և այդ պայքարի մեջ են ոչ միայն ուսուցիչները, այլ նաև աշակերտները: Երբևէ այս ֆորմատին ծանոթ չեղած, բայց այսօր արդեն դրա հետ հարմարված և լեզու գտած դպրոցական հասարակությունը կրթվելու և զարգանալու շարժիչ ուժը ձեռքից չի դնում և չի թուլանում:

Մի կողմից, այո, իրավիճակը վատ է, հազարավոր մարդիկ են հիվանդանում, նրանցից ոմանք չեն դիմանում` մահանում են։ Գրեթե 0-ի է հավասարվել մարդկային շփումը, բոլորս կարոտում ենք մայթերի ու փողոցների աղմուկը, միգուցե նաև խցանումները։ Այսպես ասած` մենք կարոտել ենք այն, ինչ եղել ենք:

Մյուս կողմից, սա հիանալի մարտահրավեր է կրթության ոլորտին։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ դպրոցը պետք է ունենա «մարտական» այնպիսի պատրաստվածություն, որ դիմակայի ամենադժվար հարվածներին, որոնք կա՛մ ցույց կտան ոլորտի ուժեղ կողմերը` մասնագետների և աշակերտների ճկուն լինելը, կա՛մ էլ հակառակը՝ վեր կհանեն այն խնդիրը կամ խնդիրները, որ դեռևս Հայաստանում մենք չունենք ճկուն և աշխատանքային գրաֆիկն ու ձևը արագ փոփոխող հասարակություն:

Իհարկե, արդյունքերը ավելի պարզ կլինեն մոտ ապագայում, բայց այս պահին կարելի է ասել, որ մեր կրթական ոլորտի վիճակը վատ չէ:

Այստեղ կան ևս մի քանի վատ կողմեր։ Օրինակ՝ բազմաթիվ երեխաներ առանց այն էլ դժվարությամբ կարողանում էին ձեռք բերել գրենական պարագաներ, իսկ հիմա ստիպված պետք է լինեն հեռավար կերպով դաս անել: Արդյոք դպրոցները գտել են ճիշտ լուծում այս հարցին: Կան բարերարներ, հաստատություններ, անհատներ, նաև համալսարաններ, որոնք պատրաստակամ եղան համակարգիչներ նվիրել նմանատիպ երեխաներին: Իհարկե, քայլը գովելի է, բայց խնդիրը ամբողջությամբ լուծված չէ: Ներառական կրթությունը նույնպես իր հերթին դժվարությունների առջև է կանգնած: Իմ կարծիքով՝ նման երեխաները ավելի շատ ունեն շփման կարիք, ավելի շատ ներգրավման կարիք, բայց այսօր, նրանց համար կրկնակի դժվար է:

Սակայն եկեք նորից հայացք սևեռենք դրական կողմերին: Երեխաները այժմ ավելի շատ ժամանակ ունեն ընթերցանության համար, ավելի շատ ժամանակ` մտածելու համար, թե ինչ են ուզում անել ապագայում և ինչպես: Նորից անձնական օրինակ․ քույրս իսկապես հետաքրքիր երեխա է, նրա գաղափարները, հեռանկարները միևնույն ժամանակ և՛ պարզ ու հասկանալի են, և՛ աբստրակտ ու հետաքրքիր: Մենք վերջապես միմյանց ավելի լավ ճանաչեցինք: Նա այնպիսի գրքեր և ֆիլմեր է սիրում, կարդում և նայում, որոնք ինձ մոտ հետաքրքրություն են առաջացրել ավելի մեծ տարիքում, քան հիմա նա է: Նաև բացահայտեցի, որ քույրս, հայոց և համաշխարհային պատմությունները անբաժանելի են:

Եվ առհասարակ, խոսելով հեռավար կրթության դրական և բացսական կողմերի, ճկունության, դժվարությունների մասին, որոնք նաև կրում են տեխնիկական բնույթ, չի կարելի մոռանալ այն կրթությունը, որ ամբողջ աշխարհը հիմա ստանում է: Կրթություն, որ կարծում եմ՝ ավելին է, քան ցանկացած միջազգային բուհի կրթություն, կրթություն, որը ոչ թե գրքային է, այլ պրակտիկ: Սա այն է, ինչի կարիքը ունի ցանկացած անձ:

Գնահատել կյանքը, բնությունը և հասկանալ, թե ինչն է ավելի կարևոր և ինչը՝ երկրորդային։ Ահա այն կարևոր գիտելիքը, որ մենք, միգուցե ունեինք, բայց օգտագործում էինք քիչ, կամ առհասարակ չէինք օգտաործում:

Հույսով եմ՝ հետայսու առողջապահական, բնապահպանական և կրթական ոլորտները ավելի քան ուշադրության կենտրոնում կլինեն: Հույսով եմ՝ զենքերի ու պատերազմների, վրեժխնդիր լինելու, բնությունը աղտոտելու, ռազմական գործողությունների համար ծախսվելու և ներդրվելու է ավելի քիչ գումար և ուշադրություն, քան մինչ այս պահը։

Մնանք առողջ, մնանք տանը, լինենք լավատես, և հատկապես ամենակարևորը այս օրերի համար մեդիագրագետ լինելն է:

Շնորհակալություն այս օրերի մարտիկներին՝ բժիշկներին և կարծում եմ՝ ինձ հետ կհամաձայնեն շատերը, որ շնորհակալություն պետք է ասել նաև ուսուցիչներին: Նրանք չեն դադարում սիրել աշակերտին և իրենց աշխատանքը: Շնորհակալություն նաև այն լրագրողներին, ովքեր չեն զբաղվում մանիպուլացիայով, կեղծ և շինծու նյութեր տարածելով, ովքեր ամեն բան անում են հավաստի տեղեկություն տարածելու և իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար:

Առհասարակ, աշխատանքը տեսանելի է։ Շնորհակալություն բոլորին:

janna sargsyan lori

Բողոքե՞լ, թե՞ օգտվել ստեղծված իրավիճակից

Մեկ ամսով արտակարգ իրավիճակի երկարեցում։ Ամենուր դժգոգություններ՝ տանը, դրսում և որ ամենակարևորն է, սոցիալական ցանցերում։ Աշխատողները, որ բողոքում էին հանգիստ չունենալուց ու անընդհատ աշխատելուց, հիմա բողոքում են, որ չեն կարողանում աշխատել։ Չաշխատողները, որ նախքան այս, անգամ մի փորձ չէին անում գործ գտնելու, հիմա բողոքում են, որ արտակարգ իրավիճակի պատճառով բոլոր աշխատատեղերը փակվել են, և իրենց ամենամեծ առաքելությունն էլի մնում է պառկելն ու բողոքելը․ «Էս երկիր չի, գործ չկա, փող չկա»։ Երեխաները բողոքում են դպրոց չգնալուց, բայց մեկ ամիս առաջ օրերն էին հաշվում, թե երբ է արձակուրդ լինելու, փոքրիկները բողոքում են բակ դուրս չգալուց ու չխաղալուց, մի խոսքով՝ եթե այս ընթացքում մեկ մարդուց բողոք չլսեք, երևի դա ես կլինեմ։

Իհարկե, ստեղծված իրավիճակն իմ սրտով չէ, բայց ի տարբերություն մնացածի, չեմ բողոքում և դրա մասին ամեն օր ֆեյսբուքում ստատուս չեմ գրում, այլ այս վատ իրավիճակից դրականն եմ վերցնում։ Ինձ ճանաչողները գիտեն, թե ոչ ֆորմալ կրթությունը ինչքան կարևոր է ինձ համար և ինչքան ակտիվ եմ  այդ ոլորտում՝ դասընթացներ, սեմինարներ, դրանց մի մասին միայն չեմ մասնակցում, որովհետև անցկացվում է Երևանում, իսկ գյուղից Երևան հասնելը մի քիչ դժվար է։ Իսկ ի՞նչը կօգներ ինձ բոլոր սեմինարներին, դասընթացներին մասնակցելու, եթե ոչ արտակարգ դրությունը։

Արտակարգ դրությունից ընդամենը օրեր անց առաջին վեբինարը եղավ, որին մեծ սիրով մասնակցեցի, հետո  դա օրինակ եղավ մյուսների համար ու սկսեցին մեկը մյուսի հետևից վեբինարներ կազմակերպել, արդեն մեկ ամսում մի շարք վեբինարների մասնակից եմ եղել, տարբեր թեմաների ու ոլորտների փորձագետների եմ լսել։

Մի քանի օր առաջ հետաքրքիր գրքի սյուժե կարդացի ու փորձեցի օնլայն գտնել, կարդալ։ Չգտա, միայն գրախանութում կար, դե էս օրերին քաղաք գնալն էլ մեծ ճոխություն է։ Երեկ էլ պարզվեց, որ հեղինակի թույլատվությամբ գիրքը օնլայն կլինի և կկարողանանք կարդալ,  պատկերացրեք ոգևորությունս։

Էս օրերին նաև մաֆիա խաղալ սովորեցի՝ էլի օնլայն։

Ասածս ի՞նչ է՝ քիչ բողոքիր, քեզ համար հետաքրքրություն ստեղծիր, ինքնակրթվիր և այս «արձակուրդը» օգտագործիր ի շահ քեզ։

Lilit Hovsepyan Erevan

Լռությունը բառերով չես կոտրի

Քաղաքի տեղատարափ աղմուկի մեջ մենք լուռ էինք: Լռում էինք, որովհետև մեր սրտերն էլ ավելի շատ ասելիք ունեին իրար, քան մարդկային շուրթերը կարող են երբևէ արտաբերել: Նայում էի քեզ ու այդպես էլ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ներսումս: Իսկ դու ի պատասխան ժպտում էիր՝ ցանկանալով թաքցնել ներսումդ կատարվող խառնաշփոթը: Գուցե ես չգիտեի, թե ինչ է սերը, չգիտեի ինչպես սիրել, բայց սիրտս ինձ պես չէր, այն արդեն քեզ ուներ․ սիրտս պարզապես սիրել գիտեր․․․

Գիտես՝ երբեմն փորձում եմ պատճառներ փնտրել, թե ինչու եմ քեզ ընդունում այդքան հարազատ, բայց ամեն անգամ հասկանում եմ, որ փնտրտունքներն ուղղակի անիմաստ են, չէ՞ որ սերն ազատ է, և դրա ձայնը կախված չէ ո՛չ մեր կամքից, ո՛չ մեր ջանքերից։ Թվում է, թե աշխարհը կառուցված է մեր սիրո վրա, իսկ ես նույնիսկ չգիտեմ՝ ոնց մտար կյանքս ու ոնց ստիպեցիր ինձ մինչ այժմ անհնար թվացող ուժով կապվել քեզ: Ամեն անգամ, երբ խոսում ես զգացմունքներիդ մասին, ներսս տակնուվրա է լինում, հույզերս դառնում են անկառավարելի, շուրջս ոչինչ չեմ նկատում, միայն կարողանում եմ լսել սրտիս ուժգին զարկերը, ուրիշ՝ ոչինչ: Ասում են՝ սերը նման է լույսի, որը լուսավորում է նրանց, ովքեր անկեղծորեն սիրել և սիրվել գիտեն: Մեր սերն էլ է լույս, այն լցնում է մեզ լույսով, իսկ մեր հոգիներին ստիպում է մոռանալ ներսի քաոսը:

Իսկ հիմա նայում ես աչքերիս, որոնք այնքան բան ունեն քեզ ասելու, նայում ես ու ցանկանում ինքդ էլ մի բան ասել, սակայն այդքան ժամանակ տևած լռությունը կոտրելը հեշտ չէ, աչքերդ գիտեին, որ այդ լռությունը բառերով չես կոտրի։

Arman Mkrtchyan

Կոտրված լամպը

Խոհանոցում մի լամպ ունեին, որ անհույս կախված խոնավությունից նեխող առաստաղից՝ ամբողջ տարին լուսավորում էր նրանց ճղճիմ գոյությունը։ Երևի լամպը այդ տան միակ մասնիկն էր, որ գոնե ինչ-որ էներգիա էր անջատում․ պատերը վաղուց էին գունաթափվել, դե, իսկ ապրողները․․․ նրանք էլ էին հետևել պատերի օրինակին։ Խոհանոցը մարդաշատ սենյակ էր դառնում ցուրտ, բայց աղոտ լույսով լցված ու սրտխառնոց առաջացնող գիշերների ընթացքում։ Թեև նրանք սնվելուց ու քայքավելուն նպաստելուց զատ ոչնչով զբաղված չէին, այդ կիսախավարի մեջ վերածվում էին իրական․․․ չէ, հրեշների չէ, այլ ինչ-որ արարածի՝ մարդու և անմարդկայինի միջև։ Ու անտանելին այն էր, որ սրանք սիրել գիտեին, հա, սիրում էին իրենց մեռած զգացմունքներով։ Ափսոս, որ այդ քնքշությունը տածում էին իրենց մեծամտության նկատմամբ։ Ինքնասիրահարված լինելուց բացի նրանք ինչ-որ հաջողությամբ հասցնում էին ատել միմյանց, բայց սա չէր ամենաանհեթեթը։

Խոհանոցը՝ որպես ապաստարան, լույսի միակ աղբյուրը՝ որպես լռություն ցրող լավագույն տարբերակ․ սա լոկ նրանց առօրյան չէր, այլ մի ամբողջ ապրելակերպ։ Եթե էլի խորանանք՝ նողկալի արվեստ, որը վաղուց էր մենաշնորհի վերածվել յուրաքանչյուրի համար։ Չէ, սա էլ չի ամենաանհեթեթը։

Նրանց տունը մի մեծ ներքին խոհանոց էր, որը վաղուց ինքնասպան էր եղել, բայց ամբողջ խնդիրն այն էր, որ ոչ մեկը չէր էլ մտածել այն թաղելու մասին․․․ Ինչու՞ թաղել մի բան, որի առկայության անհրաժեշտությունը երբեք էլ չէր եղել։

Սրանց կյանքի գերագույն արժեքն աղմուկն էր, որ մեջ սուզվել էին ու չէին պատրասվում դուրս գալ։ Նրանցից ոչ մեկը պատրաստ չէր մնալ մենակ սեփական ես-ի հետ։

Ու ահա՝ լամպը վերջապես խիզախեց թողնել իր դիրքն ու վերադառնալ սկզբին՝ կոտրվելով ու կոտրելով այդքան կատարյալ թվացող աղմուկը։

Երրորդ ժամն էր լրանում, երրորդ անհնարին լուռ ժամը։ Այդ մարդկանց խումբը կյանքում երկրոդ անգամ ոչինչ չլսեց։ Լամպին փոխարինող չկար, որովհետև տարված եսասիրությամբ՝ լրիվ մոռացել էին իրենց ավելի մեծ թշնամու մասին, որն արդեն ծամում էր առաստաղն ու պատրաստվում պարուրել իրենց անիմաստ գոյությունը։

Աղմուկը լքել էր նրանց արդեն մեկ օր, իսկ նրանք դեռ չէին կարողանում ընդունել այդ փաստը որպես իրականություն։ Չէին կարողանում գիտակցել, որ լռությունը չպիտի լիներ թշնամանքի, իսկ խնդրից փախչելը՝ լավագույն լուծում։

Նրանք գիտեին, որ կգա այս պահը, որ մի օր լույսի բացակայությունը կկոտրի իրենց տարիների հորինած անդորրը։ Նրանք գիտեին, որ չեն կարողանա նայել իրար ու ասել՝ ինչ կար մտքներին։ Որոշել էին, որ ճիշտը փախուստն էր, փախուստը դեպի աղմկոտ մտքեր, որտեղ ոչ մի կպչուն գաղափար չի լինի, որտեղ կարիք չի լինի ինքդ քեզ հասկանալու և ընդունելու։ Ու հազիվ հասցրին դիմել տանջանքից խուսափելու համար այդքան երկար ծրագրած գործողություններին, երբ լռությունը ջարդվեց նրանց ներսում՝ թողնելով մենակություն, դրա ամենասարսափելի տեսակը՝ մենակություն սեփական ես-ի հետ։ Մնացին միայնակ՝ ստիված լինելով մտածել այն ամենի մասին, ինչից այսքան հաջող փախչում էին։ Միայն հիմա նրանք սկսեցին հասկանալ, թե ինչքան էր նողկալի այն ճահիճը, որ դարձրել էին փրկություն։

Բայց լամպը չէր իրենց հույսը, որովհետև հույսը վերջում էր մեռնում՝ անգամ այդ խոհանոցում։ Հույսը կոտրված լամպի անդառանալիությունն էր։ Վերջապես նրանք կարող էին ամեն ինչ սկսել նորից։ Այս պահին սպասել էին մի ամբողջ կյանք՝ չհամարձակվելով ինքնուրույն սպանել արյունարբու այդ աղմուկը։

jenya abgaryan

«Ամենա» հարաբերություններ

Արդեն քանի տասնամյակ է, ինչ ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ ամեն ինչ գնահատվում է ինչ-որ անհասկանալի սանդղակներով։ Դեռ փոքր տարիքում, երբ ընթանում է հասունացման պրոցեսը, հաճախում ենք դպրոց և ստանում կրթություն։ Այդ ստացված կրթությունն ընկալածի չափ փոխադրելով՝ ստանում ենք ինչ-որ անհասկանալի, սահմանափակված գնահատականներ, որը նշանակում է մեր պես կրթություն ստացած, ուղղակի մի փոքր շատ լիազորություններ ունեցող մի անձ։ Տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է այլ հարաբերություններում։ Մենք սիրահարվում ենք այն մեկին, որը մեր կարծիքով ամենագեղեցիկն է, մինչ այդ գեղեցիկի սանդղակն ինքներս ենք ստեղծում։ Խանութում գնում ենք ամենագեղեցիկ հագուստը, ամենալավ սնունդը, ամենաէժան կամ ամենաթանկ սրճարանն ենք հաճախում, ամենալավ համբավը ունեցող համալսարանը ընդունվում ու էլի «ամենա»-ներ։ Կարևոր չէ, թե այդ «ամենա»-ն լավն է, թե վատը, ախր «ամենա»-ն է։

Երբ դպրոցը շարունակելով համալսարան ես ընդունվում, հասկանում ես, որ էստեղ շղթան ավելի բազմատեսակ ու ընդլայնված է։ Ընտրում ես հոգուդ ամենահարազատ մասնագիտությունը, ու թվում է, թե հիմա կստանաս համապատասխան կրթությունդ ու կանցնես ամենալավ աշխատավարձով աշխատանքին, սակայն դրա մասին խոսելը, անգամ մտածելը դեռ շատ վաղ էր։ Անդրադառնալով համալսարանում սովորելու անվճար տեղերին՝ պետք է նշեմ, որ քանի որ չենք կարող ունենալ այնպիսի համակարգ, որը թույլ կտա ստանալ համալսարանական անվճար կրթություն, կամ առնվազն շատացնել տեղերը, կարծում եմ, որ այստեղ ինչ-որ լուծում է անհրաժեշտ։ Երբեք չե՞ք մտածել, ինչպես կարող են փչանալ ընկերների միջև եղած հարաբերությունները այդ մրցավազքի համար՝ սահմանափակ տեղերի առկայությամբ։ Բայց սա էլ դեռ ամենը չէր։ Յուրաքանչյուր կիսամյակ պետք է հանձնես միջանկյալ ստուգումներ, քննություններ, որոնք էլ իրենց հերթին են «բարդացնում կյանքը»։ Հասկանո՞ւմ եք՝ որքան բարդ է նայել ընկերոջդ աչքերին, երբ դու ընդամենը 1 բալ ավել ես ստացել, սակայն ոչ քո, ոչ էլ նրա գիտելիքը ոչ ոք չի կարող խլել։ Հաճախ կատակելով ասում են, որ արտագրողները միշտ ավելի բարձր են ստանում։ Ի՞նչ կասեք այս դեպքում։ Պետք է ուղղակի հասկանալ, լուծումներ գտնել, քանի որ մենք ոչ թե ուզում ենք հարաբերություններ, հոգեբանական լարվածություն ունենալ, այլ միայն ստանալ կրթություն։